Ի՞նչ է ռեսուրսը
Ռեսուրսը արտադրական նշանակության նյութական և ոչ նյութական միջոց է, որն օգտագործվում է անհրաժեշտ սպառման բարիքներ արտադրելու համար: Այդպիսի բարիքներ են օրինակ՝ սնունդը, հագուստը, բնակարանը, ավտոմեքենան և այլն:
Տեսակները
Ռեսուրսները լինում են՝
- բնության կողմից տրված (օգտակար հանածոները, հողը և ընդերքի հարստությունները, ջրային պաշարները, կենդանական և բուսական աշխարհը),
- մարդու կողմից ստեղծված (գիտատեխնիկական նորությունը, կրթական մակարդակը, սարքավորումները, շենքերը, մշակութային արժեքները):
Ռեսուրսներն իրենց բնույթով կարող են լինել նյութական (մեքենաները, շենքերը, կառույցները) և ոչ նյութական (գիտելիքը, ավանդույթները, մշակութային արժեքները):
Պահանջմունքների բավարարման մակարդակը կախված է ռեսուրսային ապահովման աստիճանից: Նյութաիրային ռեսուրսների ապահովվածությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է համապատասխան զարգացում ապահովելու համար: Ժամանակակից պայմաններում մեծանում է ոչ նյութական ռեսուրսների դերը:
Ռեսուրսների դասակարգումը ըստ արտադրության գործոնների
Ռեսուրսների բովանդակության առումով կարևոր է արտադրության գործոնների բնույթի բացահայտումը: Բարիքների արտադրությունն իրականացվում է արտադրության գործոնների միջոցով: Նյութական և ոչ նյութական ռեսուրսները դասակարգվում են նաև ըստ արտադրության գործոնների: Այդ է պատճառը, որ շատ հաճախ արտադրության գործոնները և ռեսուրսները նույնացվում են:
Արտադրության գործոններն են՝
- աշխատանքը,
- կապիտալը,
- հողը,
- ձեռներեցությունը:
Արտադրությունը դրանց միացման գործընթացն է, որի շնորհիվ ստեղծվում է մարդու պահանջմունքների համար անհրաժեշտ այս կամ այն արդյունքը կամ ծառայությունը:
Աշխատանքը՝ իբրև արտադրության գործոն, մարդու նպատակասլաց գործունեությունն է, որի ընթացքում սպառվում է նրա աշխատուժը: Աշխատուժը մարդու ֆիզիկական և մտավոր ունակությունների ամբողջությունն է:
Կապիտալը՝ արտադրության համար անհրաժեշտ հումքն է, նյութերը, էլեկտրաէներգիան, սարքավորումները, մեքենաները, մեխանիզմները, շենքերը, կառույցները, գիտատեխնիկական նվաճումները: Դրանք անընդհատ կատարելագործվում են, որի շնորհիվ մեծանում է արտադրության արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին նպաստում է ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը:
Հողը բնության պարգևն է՝ չվերարտադրվող ռեսուրս և խիստ սահմանափակ: Այն հնարավոր չէ փոխարինել մեկ այլ ռեսուրսով: Այդ առումով հողը բացառիկ ռեսուրս է:
Ձեռներեցությունը՝ որպես արտադրության գործոն, մարդկանց՝ արտադրություն կազմակերպելու, ռիսկի գնալու, ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու ունակությունն է, որը տնտեսության զարգացման կարևոր պայմաններից է:
Եթե փորձենք պարզել արտադրության գործոնների բովանդակությունը, ապա կհամոզվենք, որ դրանք բնության կամ մարդու կողմից ստեղծված ռեսուրսներն են, որոնք օգտագործվում են այս կամ այն արդյունքը ստեղծելու նպատակով: Հետևապես ռեսուրսները կարելի է դասակարգել նաև ըստ արտադրության գործոնների:
Հեղինակ՝ Մարիամ Խաչատրյան (Mariam Khachatryan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն