1968: Խռովությունների տարին
Դեռևս 2008 թվականին The Guardian պարբերականը հրապարակել էր 1968 թվականի մարտին Գրոսվենոր հրապարակում տեղի ունեցած հակապատերազմական ցույցի այս նկարը և հարցրել ընթերցողներին, թե արդյոք վերջիններս կարող են իրենց ճանաչել նկարում։ Ջոն Հենլին շարադրում է այդպիսի չորս մարդու պատմություն, քանի դեռ մյուսները հիշում են իրենց մասնակցությունն աշխարհը ցնցած այդ ցույցերին։
1968 թ. մարտի 17-ին Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում մի մեծ հանրահավաք տեղի ունեցավ ընդդեմ Վիետնամի դեմ պատերազմի։ Այնուհետև հիմնականում երիտասարդներից կազմված ցուցարարների 8000-անոց խումբը ընթացավ դեպի Գրոսվենոր հրապարակ, որտեղ Վանեսա Ռեդգրեյվը Ամերիկայի դեսպանատանը հանձնեց ցուցարարների բողոք-նամակը։ Ամբոխը, սակայն, հրաժարվեց ցրվել, և դրան հետևեց ցուցարարների ու ոստիկանության միջև կատաղի պայքարը։ Ցուցարաները ցեխ, քարեր, պայթուցիկներ ու ծխային ռումբեր էին շպրտում. հեծյալ ոստիկանությունը պատասխանեց գրոհով։ Մեյֆեյրի փխրուն սրտում տեղի ունեցած պայքարի դաժանությունը ցնցեց բոլորին։ Արդեն կեսօրի ավարտին ավելի քան 200 մարդ էր ձերբակալվել։
Թերևս այնքան էլ զարմանալի չէ այն փաստը, որ ձեզանից ոմանք կարող են մասնակցած լինել դրան կամ նմանատիպ ցույցերի, որոնք տեղի են ունեցել նույն տարում Փարիզից մինչև Պրահա ու Չիկագոյից մինչև Մեխիկո։ Այդուհանդերձ, ուշագրավն այն է, որ G2-ի («Guardian»-ի հատուկ բաժիններից մեկը) ընթերցողներից ոչ պակաս, քան չորսը, պետք է ճանաչեին իրենց Գրոսվենոր հրապարակի խռովության սև ու սպիտակ հատիկավոր լուսանկարում, որը մենք հրապարակել էինք անցած ամիս։ Փաստացի, աշխարհի տարբեր կողմերից 58 հոգի արձագանքեցին մեր՝ 68-ի մայիսի հիշողությունները պատմելու խնդրանքին։ Եվ, ընդհանուր առմամբ, թվում է, թե 40 տարի առաջվա մոլեգին կրքերը բնավ չեն մարել։
«Ես ուղիղ կենտրոնում եմ, ակնոցն աչքերիս», — ասում է Ժոաու Մոնժարդինը, ում արգելվեց շարունակել իր բժշկական կարիերան հայրենի Պորտուգալիայում Սալազարի ռեժիմին ընդդիմանալու պատճառով, և 1961 թվականին նա հաստատվեց Լոնդոնում` քաղցկեղի վերաբերյալ հետազոտություններ անելու նպատակով։ «Լավ եմ հիշում այդ օրը։ Հիշում եմ ցուցարարների հույզերի ուժը և ոստիկանության գործողության ուժը, թեև ավելի տեղին կլինի գործածել դաժանություն բառը»։ Արդյոք նա մինչ օրս իրեն մարտնչո՞ղ է համարում։ «Այսօր ես նույնքան վճռական հակառակորդն եմ Իրաքի պատերազմի, որքան այն ժամանակ Վիետնամի պատերազմինն էի», — գրում է նա։ «Համենայն դեպս այն ժամանակ Բրիտանիան ամաչում էր միայն ԱՄՆ-ի հետ իր կապից, բայց բավականաչափ խելամիտ էր նրանց ի աջակցություն զորքեր չուղարկելու համար։ Ոչ այս անգամ, ցավոք»։
Այնքան էլ պարզ չէ, թե ով է իրականում դրոշի ձախ կողմում կանգնած մորուքով, մի փոքր թափթփված մազերով ու ակնոցով երիտասարդը, քանի որ և՛ Դոնալդ Ֆրեյզերը, և՛ Ջոն Մոսլին հավատացած են, թե այդ երիտասարդն իրենք են։ Ֆրեյզերը, որն այն ժամանակ ասպիրանտ էր Նոր Զելանդիայից, իսկ այժմ՝ Սթրաթքլայդի համալսարանում անգլերենի թոշակառու դասախոս, համոզված է, որ ինքն է։ Նա հիշում է. «ինչ-որ կերպ բավականին մոտ եմ գտնվել ճակատային հատվածին ու զարմացած էի՝ ամբոխի մեջ տեսնելով մի շարք մարդկանց, որոնք մեզ հորդորում էին առաջ նետվել ու գրոհել դեսպանատան աստիճանները։ Ասում էին, թե ԱՄՆ-ի ծովայինները, զինված գնդացիրներով, դռան մյուս կողմում էին ու կարող էին մարտական փամփուշտներով կրակ բացել, ուստի ես շատ էի վարանում։
Նաև հիշում եմ, որ շատ էի ցավում ոստիկանական ձիերի համար, քանի որ խոսք էր գնում նրանց սմբակների տակ գնդային առանցքակալներ նետելու մասին»։
Գուցե և Ֆրեյզերը մի փոքր անվճռական խռովարար է եղել, բայց նա հաստատապես հավատում է, որ 1968-ի մայիսյան իրադարձությունները և հետոն «օգնեցին ԱՄՆ-ին դուրս բերել Վիետնամից։ Դրանք իսկապես ինչ-որ նշանակություն ունեցան՝ ես համոզված եմ։ Ես նրանցից չեմ, որ ծաղրում են 60-ականները։ Ավյունալիր ակտիվիստ չեմ ու ոչ էլ այն ժամանակ էի. ես չէի կարող ինձ ստիպել վանկարկել «Հո, Հո, Հո Շի Մին» կամ «Հաղթանակ Վիետկոնգին»։ Բայց 1968-ը չափազանց նշանակալից պահ էր։ Նույնիսկ այս դասակարգային երկրում սոցիալական, մշակութային, քաղաքական կյանքը ուղղակի բացվեց»։
Մոսլին ևս կարծում է, որ կենտրոնում կանգնած ակնոցով տղամարդը կարող է ինքը լինել։ «Իմ հետևում Ֆիլ Էվանսն է՝ գրեթե ամբողջությամբ դեմքը տեսախցիկին ուղղած։ Թե ինչու է նա ինձանից այդքան բարձր կանգնած, պետք է որ պայմանավորված լինի ամբոխի հրմշտոցով, որն ինձ ցած էր քաշում, մինչդեռ նա իրեն վեր էր հրում։ Մենք երկուսս էլ Լիդսում Տրոցկիստական սոցիալիստական միջազգային խմբի անդամներ էինք։ Ֆիլը արվեստի բաժնի ուսանող էր, իսկ ես մի ինժեներական գործարանի արտադրամասում էի աշխատում․ Լիդսի խմբի սակավաթիվ «բանվորներից» մեկն էի»։
Գորդոն Քոքսոնը միանգամայն վստահ է, թե որ մեկն է ինքը։ «Ձեր նկարի ձախ կողմի՝ տափակ գլխարկով, մի փոքր վախվորած տղան, ապշած եմ եզրակացնելու, ես եմ 17 տարեկանում», — գրում է նա։ «Իսկ ձախ թևիցս կառչած ձեռքն իմ այն ժամանակվա ընկերուհունն է՝ Հեթիինը»։ Քոքսոնի համար, որն այն ժամանակ դեռ դպրոցական էր. «Սա պիտի որ առաջին մեծ ցույցը լինի, որին մասնակցել եմ։ Հիշում եմ՝ երթով իջանք Օքսֆորդի փողոցն ի վար՝ մեքենաների ու խանութների ցուցափեղկերի վրա հակապատերազմական պիտակներ ամրացնելով։ Անշուշտ, ամեն ինչ սկսվել էր այն պահին, երբ մենք հասանք հրապարակ։ Բավական սարսափեցնող էր հրմշտոցի մեջ հայտնվելը։ Ես իրականում ուշաթափվեցի»։
68-ի մայիսը «մեծ ազդեցություն ունեցավ իմ սերնդակիցներից շատերի աշխարհայացքի և այն քաղաքական մշակույթի վրա, որում ապրում ենք», — կարծում է նա։ Բայց հետո զարմանում է. «Ի՞նչ իմանամ։ Ես իմ ուղին հարթեցի իմ Մարկուզեի միջոցով, նրանցից լավագույնների հետ, [սակայն] շատ չանցած ես ապրում էի Լոնդոնի հարավային կոմունայում՝ մեծ քանակությամբ թմրանյութ օգտագործելով ու ռոք խմբում հարվածային գործիքներ նվագելով։ Հետո սկսվեցին զգայապատրանքները, և աշխարհն իսկապես փոխվեց»։
Շատերը չգտան իրենց լուսանկարում, սակայն պակաս վառ չեն հիշում այդ օրը։ «Ես այնտեղ՝ մի տեղ էի», — գրում է Բրոնվին Դեյվիսը։ «Ես 17 տարեկան էի, դեռ դպրոցական ու վրդովված էի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը բրիտանական աջակցությունից։ Ես բավականին երիտասարդ էի ցնցված լինելու համար ցուցարարների հանդեպ ոստիկանության բռնությունից, ու հիշում եմ, թե ինչպես էի արտասվելով փորձում պոկել ոստիկանին մի մարդուց, որին գետնին էին սեղմում։ Այդ դեպքը խորը տպավորություն թողեց ինձ վրա։ Այսօր էլ իմ քաղաքական համոզմունքները շատ չեն փոխվել։ Ես դեռ ինտերնացիոնալիստ ու սոցիալիստ եմ, բայց նաև ջերմեռանդ ֆեմինիստ, մի հղացք, որին դեռ ծանոթ չէի 1968-ին։ Սակայն արդեն երկար ժամանակ է, ինչ փողոցային ցույցերի չեմ մասնակցել»։
Դարհեմից Մայք Դեյվիսը, որ այն ժամանակ Հորնզիի գեղարվեստի քոլեջի ուսանող էր, գրում է. «Ես մասնակցել եմ ցույցին, չնայած որ չէի սիրում մարդաշատ վայրեր և չէի կարծում, թե ԱՄՆ-ի դեսպանատուն ներխուժելը շատ արդյունավետ կլիներ։ Հավաքից հետո Սյուն՝ իմ կուրսեցիներից մեկը, ասաց, որ Միք Ջագերը նրան դուրս է քաշել ոստիկանական ձիու ճանապարհից։ «Միքը փրկեց ինձ», — հառաչեց նա։ Ինձ համար 1960-ականները սկսվեցին 1964-ին, երբ ավարտեցի դպրոցը, ու ավարտվեցին 1968-ին։ Մի տարի, որ տեսավ Մարտին Լյութեր Քինգի ու Ռոբերտ Քենեդիի սպանությունները, որին հաջորդեց Ռիչարդ Նիքսոնի ընտրությունը, անկասկած, ինչ-որ բանի վերջն էր թվում»։
Ռիչարդ Ֆոլին, որն այժմ 61 տարեկան է, ապրում էր Մևագիսիում, Քորնուոլ և համալսարանից հետո նոր էր սկսել իր առաջին աշխատանքը՝ որպես քիմիկոս։ «Ես շատ էի ցանկանում իմ ձայնն ավելացնել ընդդեմ Վիետնամի պատերազմի ընթացող ցույցին, — գրում է նա, — և լսել էի Սբ. Օսթելից Լոնդոն գնացող մի միկրոավտոբուսի մասին, որ քորնուոլցի անարխիստների ձեռքի գործն էր։ Պարզվեց, որ ավտոբուսը մի հին, առանց պատուհանների ֆուրգոն էր, որով էլ մենք ամբողջ գիշեր ճանապարհ անցանք. հոտը սարսափելի էր․ ասես ինչ-որ մեկը հիվանդ էր։ Թվում էր, թե ամբողջ աշխարհն էր եկել [ցույցին]։ Ես կանգնած էի հեռու մի տեղ, բայց տեսա, որ բռնություն է հասունանում, ու որոշեցի հեռանալ։ Այսօր իմ քաղաքական համոզմունքները մի փոքր փոխվել են։ Ես մինչ օրս մասնակցում եմ ցույցերի, եթե հարմար եմ գտնում»։
Ջիմ Թոմլինսոնը՝ այժմ Դանդիի համալսարանի Բոնարի անվան ամբիոնում ժամանակակից պատմության դասախոսը «ձերբակալվել էր ցույցի ժամանակ որպես քերականական դպրոցի 16-ամյա աշակերտ»։ Նա այժմ ընդունում է, որ 1968-ին արվածի ու ասվածի մեծ մասը «միամիտ էր ու պարզամիտ»։ «Բայց պատերազմի հարցում մինչ այժմ կարծում եմ, որ ճիշտ էինք»։ Անաբել Հարլին, որ «կարող էր լինել Գրոսվենոր հրապարակի մաքգոուենական ոճի սանրվածքով բազմաթիվ երիտասարդ կանանցից մեկը», 1968-ի մայիսին 17-ամյա ցուցարար վետերան էր, «բայց ես առաջին անգամ էի մոտենում ոստիկանական ձիերին, և մինչ օրս կարծում եմ, որ ամբոխը կառավարելու համար նրանց ընտրելը սարսափազդու և անխոհեմ էր։ Ես ակտիվիստ եմ մնացել, և իմ քաղաքական հայացքները չեն փոխվել։ Իմ տատիկը պայքարել է ընտրության իրավունքի համար, և ես ուրախ եմ, որ ընտանիքս իմ մեջ սերմանել է ժողովրդավարական գործընթացների հանդեպ հարգանք և ոտքի կանգնելու ու կարևոր գործոն դառնալու պատրաստակամություն»։
Եվ վերջում Ջեֆ Վոլֆը համարում է, որ կարող էր մի քանի հազար բառ գրել այդ օրվա, 1968-ի և իր կյանքի ու քաղաքական համոզմունքերի վրա դրա ունեցած ազդեցության մասին։ Նա գործողության վայրից հավանաբար 20-ից 30 ոտնաչափ հեռավորության վրա էր ընկերուհու հետ, որը նախկինում ցույցի չէր մասնակցել ու անհանգիստ էր ձիերի պատճառով։ Քրիս Մորիսը Գրոսվենոր հրապարակի խռովությունը լուսանկարել էր իտալական լրատվական ամսագրի համար։ Այսպիսով՝ 1968-ը հասա՞վ արդյոք ինչ-որ բանի։ «Դա մի տարի էր, — եզրակացնում է Մորիսը, — որ «ցույց տվեց, թե ինչն է հնարավոր: Քառասուն տարի անց ես դեռ վրդովված եմ, որ կառավարությունները խաբում են ընտրողներին ու արհամարհում նրանց զգացմունքները։ Հեռու լինելով տարիքի հետ ավելի պահպանողական դառնալուց՝ ինչքան շատ եմ նրանց հովանու տակ, այնքան ավելի ձախաթևյան եմ ինձ զգում»։ Վոլֆի համար «կապիտալիզմը լավ է բողոքի ցույցերը կլանելու հարցում»։ «Ցուցարարների մեծ մասը, ինչպես և ես, գնացել էր լավ սպիտակ օձիքավոր աշխատանք ձեռք բերելու»։ Հեշտ է հուշերի գիրկն ընկնելը, ինչպես կարծում է նա, սակայն «յուրաքանչյուր սերունդ պիտի գտնի իր սեփական 1968-ը»։
Ընթերցողների հուշերը՝ աշխարհի տարբեր կողմերում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին
Փարիզ, մայիսի 14։ Ուսանողները գրավել են Սորբոնի համալսարանը
Ընթերցող Դիք Փիթն այնտեղ էր։
«Ես 22 տարեկան էի, նոր ամուսնացած ու ապրում էի Փարիզի Լատինական թաղամասում։ Ես վախենում էի միջուկային զենքերի տարածումից։ Ատում էի ամերիկյան թունոտ պատերազմն աղքատ երկրի դեմ, պատերազմ, որ Բրիտանիայի լեյբորիստական կառավարությունը ստրկորեն սատարում էր։ Երկուշաբթի՝ մայիսի 6-ին, երբ արցունքաբեր գազը մեզ դուրս մղեց մետրոյից, մենք ընտրության առաջ կանգնեցինք: Մի կողմում Դարթ Վեյդերի նմանվողներն էին, իսկ մյուս կողմում՝ ինձ նման հագնված երիտասարդներ։ Որոշում կայացնելը բարդ չէր։ Ես խաղաղարար էի մինչ այն պահը, երբ ոստիկանությունը մեր դեմ արցունքաբեր գազ կիրառեց։
Մենք հետ նվաճեցինք Սորբոնը։ Վերցրինք Օդեոնը։ Աշխատողները հարյուրավոր աշխատավայրեր էին գրավել։ Միլիոնավոր մարդիկ գործադուլ հայտարարեցին։ Կարճ ժամանակով մենք ոտիկանությանը վտարեցինք Լատինական թաղամասից. բոլորս աներևակայելիորեն ոգևորված էինք։ Ամեն բան հնարավոր էր թվում։ Կարգախոսներից շատերը մինչ օրս ուժեղ հույզեր են արթնացնում։ Վերջերս այս մեկը կարդացի. «Չորեքշաբթի օրը դագաղագործները գործադուլի են ելել։ Այսօր լավ ժամանակ չէ մեռնելու համար»։
Տրամադրությունն անխուսափելիորեն փոխվեց, ու շատերը հաշտվեցին գործող իշխանությունների հետ։ Այնուամենայնիվ, մենք տեսանք, որ զորեղ, ամբարտավան, հարուստ ու ինքնավստահ վերնախավն էլ կարող է անզոր դառնալ սովորական մարդկանց գործողությունների արդյունքում»։
Պրահայի գարունը։ Չեխոսլովակիան թոհուբոհում, հունվար-օգոստոս
Ընթերցող Դեյվիդ Ֆրայը, որը լուսանկարվել է գրավված տանկի վրա, այնտեղ էր.
«Ես 19 էի այդ ժամանակ ու գնացել էի ուսանողական «աշխատանքային ճամբար», ինչպես որ անում էի ամեն ամառ՝ 14 տարեկանից սկսած. հիմնականում դա այլ երկրներ՝ գլխավորապես Արևելյան Եվրոպա ճանապարհորդելու հեշտ միջոց էր։ Ես շատ լավ ժամանակ անցկացրի՝ տարբեր ազգությունների երիտասարդների հետ Պրահայից դուրս գտնվող մի փոքրիկ գյուղի շինհրապարակի վրա աշխատելով։ Պրահայում անցկացրածս մոտավորապես երրորդ գիշերը քնիցս արթնացա մեր երիտասարդական հանրակացարանում ոչ թե երաժշտության, այլ գնդացրի կրակոցների ու պայթյունների ձայնից. ռուսները ազդարարում էին իրենց գալուստը։ Սկզբում շոկի ու թերահավատության զգացում կար։ Մենք դուրս եկանք ու սկսեցինք թափառել փողոցներով, և, իրոք, ամենուր տանկեր ու ռազմական մեքենաներ էին։ Դրանք, չգիտես որտեղից, հանկարծ հայտնվեցին։
Հաջորդ օրը տրամադրությունը վերածվել էր բողոքի։ Մենք չեխերի հետ փողոց դուրս եկանք, պատրաստեցինք պաստառներ, դրոշներ ու կրծքանշաններ։ Ընդհատակյա թերթեր ու թռուցիկներ էին տպագրվում և դուրս նետվում բեռնատարներից։ Սկզբում մենք շրջապատեցինք տանկերը, որպեսզի խոսենք սովետական զորքերի հետ, որոնք նստած էին իրենց մեքենաների վրա։ Այնուամենայնիվ, թռուցիկ բաժանելը շատ չանցած վերածվեց քարկոծության։
Հենց որ բողոքի ցույցերն ավելի կատաղի դարձան, ռուսները մնացին իրենց տանկերի ներսում։ Այսպես սկսվեց առօրյան՝ փողոցներում ցույց անելով, ձեռքի տակ եղածը նետելով, վազելով ու թաքնվելով, իսկ երեկոները անցկացնում էինք բարերում ու սրճարաններում, որտեղ թեժ քննարկումներ և զրույցներ էին ընթանում։
Հիշում եմ՝ մի անգամ ինձ գրեթե կես ժամով բռնել էին ազգային թանգարանի դիմացի ճաղաշարքի հետևում՝ Վացլավի հրապարակի վերևում, մինչդեռ ներքևի փողոցից մի տանկ գնդացրով կրակ էր արձակում թանգարանի առաջնամասին՝ ջարդելով բոլոր պատուհաններն ու բեկորները որմածքից դուրս գցելով։
Մեկ այլ փողոցային պատահարի ժամանակ էլ որոշ տղաներ փողոցի ցուցանակից ձող ստացան, ճեղքեցին տանկի հետնամասից վառելիքի բաքն ու կրակի տվեցին։ Տանկը բռնկվեց, իսկ անձնակազմը կատաղած դուրս ցատկեց ու դիմեց փախուստի։
Երբ կրակը մարեց, բոլորս նստեցինք տանկի վրա ու լուսանկարվեցինք։ Մենք տանկ էինք գրավել ու շատ հպարտ էինք մեզնով»։
Մեխիկո, սեպտեմբեր։ Ուսանողների հակակառավարական երթը
Ընթերցող Դիանա Մաք-Միքինգն այնտեղ էր։
«1968-ի սեպտեմբերի կեսին ես նոր էի հասել Մեխիկո, որպեսզի սկսեի գիտաշխատողի օգնականի աշխատանքս։ Սեպտեմբերի 13-15-ի հանգստյան օրերին ավտոբուսով Պաչուկայից գնացի Մեխիկո՝ հանդիպելու հետազոտական թիմի երկու այլ անդամների, որոնք ինձ ներքաշեցին անցած շաբաթներին տեղի ունեցած ցույցերի մեջ։ Մինչ նրանք ինձ քաղաքն էին ցույց տալիս, տանկերի ներկայությունը փողոցներում նախանշում էր հաջորդիվ տեղի ունենալիքը։
Սեպտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, ավելի շատ էին ուսանողական ցույցերը, որոնց ընթացքում ավելի քան 80 հոգի ձերբակալվեց։
Հաջորդ առավոտ, հասնելով Մարդաբանական թանգարանին հարակից ուսանողական ավտոկայանատեղի, տեսանք, որ ոստիկանները (կամ զինվորականները) կոտրել էին ավելի քան 200 ավտոմեքենայի դիմապակիներ ու ծակել անվադողերը։ Անգլիա ուղարկած մի նամակում ես գրեցի. «Շաբաթ առավոտ, երբ հասանք ավտոկայանատեղի, չէինք կարողանում հավատալ մեր աչքերին. ամենուր ապակի էր։ Իհարկե, ուսանողները ոչինչ չեն կարող անել այստեղ, սակայն քաղաքում նրանց հույզերն այս պահին եռում են, և չէի զարմանա, որ եթե մի քանի ամիս անց դրությունը չլավանա, մեկ այլ հեղափոխություն կլինի։ Եվ սա կատակ չէ»։
Չանցած մեկ ամիս՝ ուսանողական ցույցերը կործանարար ձևով ճնշվեցին, որի մի մասն էր ամենաքիչը 300 հոգու ջարդը Տլատելոլկոյում, հոկտեմբերի 2-ին»։
Չիկագո, օգոստոսի 24։ Ցուցարարները հավաքվում են Լինքոլնի այգում ոստիկանության հետ փողոցային մարտերի շաբաթի նախօրեին
Ընթերցող Մարկ Ռոթն այնտեղ էր։
«Ես 19 տարեկան էի, մեծացել էի Ֆիլադելֆիայում և մասնակից էի Նյու Յորքի ու Վաշինգտոնի միջև արևելյան ափին տեղի ունեցած բոլոր ցույցերին։ Ամռանը առաջին կինս ու ես մեղրամսի փոխարեն գնացինք Չիկոգայի ցույցերին մասնակցելու։ Իրականում, այն խումբը, որ ամեն ինչ անում էր ցույցերը Չիկագո բերելու համար, Ռադիկալ կազմակերպչական կոմիտեն էր (ՌԿԿ*), ու նրանց շտաբն ընկած էր մեզանից մի քանի թաղամաս հեռավորության վրա գտնվող մի բնակարանում, ուստի մենք մի քանի օր օգնեցինք նրանց այնտեղ։ Հետո Նյու Յորքն էր, որտեղից մեկնում էին ավտոբուսները, և ես հայտնվեցի ավտոբուսի մարշալի դերում։
Մենք շատ էինք, նույնիսկ ավազակախմբեր կային մեզ հետ։ Դրանից հետո ՌԿԿ-ի մասին լուրերը շատ չէին, բայց ես լսել էի, որ դեռևս տարվա վերջում, ՌԿԿ-ի կոճակ կամ թևկապ ունենալու դեպքում ասես ինքնակամ խնդրեիք ոստիկաններին հարվածել ձեզ։ Չիկագոյում մենք տարբերակում էինք սովորական ոստիկաններին ու ցույցերին մասնակցող խոզերին իրենց երկնագույն շորերով։ Դրանք այն մարդիկ էին, որոնք, ինչպես դաշնային հանձնաժողովն էր պարզել, ուղարկված էին սադրելու նախկին քաղաքապետ Դեյլիի ու ոստիկանության պետի կողմից, որոնք ոչ մեկ անգամ են Սուրբ Քրիսպինի օրվա խոսքով դիմել նրանց, որ գան ու բռնեն մեզ»։
Իսկ Դուք այնտե՞ղ էիք։ Պատմե՛ք Ձեր հիշողությունները այստեղ՝ guardian.co.uk/1968
* Թարգմանչի կողմից՝ Radical Organizing Committee (ROC): ** Թարգմանչի կողմից՝ «Սուրբ Քրիսպինի օրվա խոսքը» արտահայտությունը վերցված է Ուիլյամ Շեքսպիրի «Հենրի V» պիեսից և խորհրդանշում է Հենրի V-ի մարտակոչն իր բանակին և վերոնշյալ կոնտեքստում նշանակում է ռազմաշունչ ուղերձներով հանդես գալ:Ծանոթագրություն
Թարգմանիչ՝ Մարիամ Անտիկյան (Mariam Antikian) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։