Մարտի 21-ին Keerk & Co սրճարան-գրադարանում տեղի ունեցավ «Ինլայթ»-ի նորակազմ թարգմանիչների և խմբագիրների բաժնի առաջին և երկար սպասված դեմ առ դեմ աշխատանքային հանդիպումը։
Արդեն գրեթե մեկ ամիս իր գործունեությունը ծավալող բաժինը ձևավորվել է կազմակերպության թարգմանիչների և խմբագիրների բաժինների միավորումով։ Այս միավորումը նպատակադրված է թարգմանիչների և խմբագիրների գործունեությունը ավելի համախմբված, բազմաբովանդակ ու արդյունավետ դարձնելու և արժևորելու համատեղ աշխատանքների կարևորությունը։
Միջբաժնային համագործակցությունը խորացնելու նպատակով բացի թարգմանիչներից ու խմբագիրներից, հանդիպմանը ներկա էին նաև կազմակերպության այլ բաժինների անդամները, այդ թվում վերլուծաբանները, աշխատակազմի և մեդիա բաժնի անդամները:
Ներածական խոսքով հանդես եկավ կազմակերպության նախագահ Աննա Խաչյանը, ով ներկայացրեց հանդիպման նպատակը, կատարված փոփոխությունները և դրանց նպատակային հանգրվանը։ Այնուհետև խոսքը փոխանցեց թարգմանիչների և խմբագիրների բաժնի ղեկավար Մերի Բաբայանին։
Մերին հստակեցրեց հանդիպման օրակարգը՝ անդամների գործառույթների ներկայացում, բանախոսություն-քննարկում, GreEnlight-ի շրջանակներում նոր նախաձեռնության առաջարկ։
Խմբագիր, նորաստեղծ բաժնի ղեկավարի օգնական Մարիամ Մանուկյանը հակիրճ ներկայացրեց բաժնի անդամների գործառույթները։ Թարգմանիչների և խմբագիրների բաժինը ներկայացնում են բաժնի ղեկավարը, գլխավոր խմբագիրը, անգլերենի գլխավոր խմբագիրը, հայերենի գլխավոր խմբագիրը, թարգմանիչները, օտար լեզուների խմբագիրները և խմբագիր-սրբագիրները։ Առաջնակարգ նշանակություն ունեն բոլոր անդամների մասնակցությունն ու ներգրավվածությունը բաժնի և կազմակերպության ընթացիկ աշխատանքներում։ Քննարկվեցին նաև թարգմանիչների և խմբագիրների աշխատանքներին վերաբերող, դրանց արդյունավետությունն ապահովող ընթացակարգային հարցեր։
Հաջորդիվ գլխավոր խմբագիր Հեղինե Ալեքսանյանը հանդես եկավ «Աստվածաշնչյան մի հատվածի եբրայերեն, հայերեն, հունարեն, ռուսերեն հատվածների համեմատական վերլուծություն» թեմայով բանախոսություն-քննարկմամբ։
Թարգմանության անհրաժեշտությունը, ըստ Աստվածաշնչյան պատումի, ծնվում է Բաբելոնյան աշտարակի փլուզմամբ խորհրդանշվող լեզուների բաշխումից, և միաժամանակ ձգտում վերացնել ինքն իրեն՝ հասնելով ունիվերսալ լեզվի վերածնմանը: Այս խորագրի ներքո էր «Բաբելոնի աշտարակ»-ից մի հատվածի վերլուծություն-քննարկումը, որի ընթացքում համեմատության դրվեցին Աստվածաշնչի այդ պատառիկի եբրայերեն, հունարեն, հայերեն և ռուսերեն տարբերակները: Մասնակիցները բաժանվեցին 4 խմբի և վերլուծեցին ու դուրս բերեցին իմաստային փոփոխությունները՝ համապատասխանաբար եբրայերեն-հունարեն-հայերեն և եբրայերեն-հունարեն-ռուսերեն տարբերակների համար: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հատուկ անունների թարգմանությանը, իսկ զարդը հենց «Բաբելոն»-ի թարգմանությունն էր իբրև Խառնակություն:
Բանախոսության ընթացքում հարցադրումների համար հիմք ծառայեցին Ժակ Դերիդայի և Վոլտերի անդրադարձերը հատուկ անունների թարգմանությանը վերոնշյալ հատվածում: Փոքր պատմական ակնարկ կատարվեց նաև Աստվածաշնչի հունարեն և լատիներեն տարբերակներին և արևմտյան աշխարհում դրանց ունեցած առաջնային դիրքին, որը հունարենով թարգմանության (Septuagint) պարագայում վեր էր կանգնում անգամ սկզբնաղբյուրից և փոխարինում այն այլ լեզուներով Աստվածաշնչի թարգմանության դեպքում:
Տվյալ բանախոսությամբ Հեղինեն նպատակ էր հետապնդում ցույց տալ մասնակիցներին թարգմանչական աշխատանքի երբեմն սխալական մոտեցումները և խրախուսել գիտակցումն այն մասին, որ պետք է քննադատորեն մոտենալ թարգմանված նյութին, գնահատել, սակայն չվստահել մինչև վերջ թարգմանչին, թարգամնություն անելիս կամ կարդալիս նյութի վերաբերյալ սեփական հետազոտությունն անցկացնել։ Այս բանախոսությունների շարքը շարունակական բնույթ է կրում։
Հանդիման ընթացքում անդրադարձ եղավ նաև GreEnlight բնապահպանական ծրագրին: «Ինլայթ»-ի անդամ Վահե Սալահյանը GreEnlight-ի շրջանակում նոր նախաձեռնության առաջարկով հանդես եկավ։ Ծրագրի հետագա զարգացումն ապահովելու համար Վահեն մի քանի գաղափարներ առաջ քաշեց, որոնք իրագործվելու են առաջիկա վեց ամիսների ընթացքում։
- Առաջին՝ ստեղծել մարդու բնապահպանական ոտնահետքը չափող հաշվիչի հայկական տարբերակը։ Այս հաշվիչը մի քանի հարցերի միջոցով պարզում է մարդկանց (յուրաքանչյուր ոք, ով պատրաստ է պատասխանել իր ապրելակերպին վերաբերող այդ հարցերին) ապրելաոճը և, հաշվարկելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, ցույց է տալիս՝ տվյալ ապրելակերպի դեպքում քանի մոլորակ է անհրաժեշտ Երկրի ամբողջ բնակչության պահանջմունքները բավարարելու համար։
- Երկրորդ՝ տարբեր բնապահպանական կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունների թարգմանում ու ինֆոգրաֆիկացում։
- Երրորդ՝ համագործակցություն բնապահպանական ոլորտի որևէ կազմակերպության հետ և մասնակցության ապահովում ՀՀ-ում կազմակերպվող բնապահպանական աշխատանքներին։
Այս գաղափարների շուրջ տեղի ունեցավ մտքերի փոխանակում և ներկաները պատրաստակամություն հայտնեցին այս ծրագրերի իրականացման գործընթացներում իրենց ներդրումն ունենալ։
Բաժնի հանդիպմանը ներկա էին նաև «Ինլայթ»-ում համալսարանական արտադրական պրակտիկա անցնող՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի ուսանողները, որոնց պրակտիկան մեկնարկվել էր փետրվարի 8-ից: Վեցշաբաթյա պրակտիկայի ընթացքում պրակտիկանտները նախ ծանոթացել են կազմակերպության գործունեությանը և կառուցվածքին, թարգմանիչների և խմբագիրների աշխատանքային մեթոդաբանությանը և գործիքակազմին, մասնակցել են բանախոսություններին, ապա և կիրառել թարգմանիչների բաժնի աշխատանքային որոշ դրույթներն ու համալսարանից ստացած իրենց գիտելիքները՝ պրակտիկայի ծրագրով նախատեսված հանձնարարականներն իրականացնելիս։
Այս բազմաբովանդակ հանդիպումն ավարտվեց մասնակիցների համար կազմակերպված խաղ-քուիզով թարգմանչության, խմբագրության և լեզուների վերաբերյալ։
Պատրաստեց՝ Մարիամ Մանուկյանը
«Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժնին միանալու համար անցե՛ք հղմամբ: