Ի՞նչ է պահանջարկը
Պահանջարկը ապրանքների ու ծառայությունների այն քանակությունն է, որը սպառողները (գնորդները) ցանկանում են և ի վիճակի են գնել տվյալ պահին տվյալ գնով:
Շուկայական պահանջարկը տվյալ ապրանքատեսակի շուկայում պահանջվող ընդհանուր քանակությունն է:
Ո՞րն է պահանջարկի գինը
Սպառողը (գնորդը) բարիքը ընտրում է՝ ելնելով դրա օգտակարության աստիճանից: Օրինակ՝ մեկի համար օգտակար է ֆիլմ դիտելը, մյուսի համար՝ երաժշտություն լսելը: Սպառողը իր նախասիրություններից, ճաշակից և պահանջմունքներից ելնելով ձեռք է բերում անհրաժեշտ բարիքը: Միաժամանակ տվյալ բարիքի օգտակարության իր գնահատումից ելնելով առաջարկում է դրա գինը, որն էլ իրենից ներկայացնում է պահանջարկի գինը՝ գնի այն առավելագույն մակարդակը, որի դեպքում որոշակի քանակությամբ բարիքներ կարող են հրապուրել սպառողներին՝ դրանք ձեռք բերելու համար:
Պահանջարկի օրենքի բովանդակությունն այն է, որ այլ հավասար պայմաններում բարիքի գնի նվազման արդյունքում մեծանում է պահանջարկը և հակառակը: Այսինքն, այլ հավասար պայմաններում պահանջարկի և գնի միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, որն էլ իրենից ներկայացնում է պահանջարկի օրենքը։
Որո՞նք են դրա պատճառները.
- Այս օրենքն ամբողջությամբ հիմնված է սպառողի առողջ դատողության վրա, որտեղ հիմնական խոչընդոտող գործոնը գինն է, որն էլ ազդում է սպառողի գնում կատարելու ցանկության վրա: Սպառողները գների նվազման դեպքում կարող են ավելացնել սպառվող բարիքի քանակությունը և գնել սովորականից ավելի շատ, մինչդեռ բարձր գնի դեպքում կարող են նվազեցնել սպառվող բարիքի քանակությունը և գնել սովորականից ավելի քիչ: Այսպիսով, բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինը ուժեղացնում է գնում կատարելու սպառողի ցանկությունը:
- Բարիքի յուրաքանչյուր հաջորդական միավոր բերում է ավելի պակաս բավարարվածություն սպառողին, քան դրա նախորդը, քանի որ բարիքի յուրաքանչյուր հաջորդական միավորի միջոցով սպառողը բավարարում է իր պահանջմունքները որոշ չափով, և արդյունքում նվազում է յուրաքանչյուր հաջորդ բարիքի օգտակարության աստիճանը: Արդյունքում, սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինը իջնի։ Օրինակ՝ սպառողը պատրաստ է վճարել ավելի բարձր գին 1 բաժին սնունդ ուտելու համար, քան երկրորդի, քանի որ քաղցը որոշ չափով արդեն հագեցրել է: Սա իրենից ներկայացնում է սահմանային օգտակարության նվազման միտումը:
- Պահանջարկի օրենքն ունի եկամտի էֆեկտը, ըստ որի՝ գնի նվազումը հանգեցնում է սպառողի իրական եկամուտների աճի, որը հնարավորություն է տալիս սպառողին մեծացնելու տվյալ բարիքի սպառումը և ձեռք բերելու տվյալ բարիքի ավելի մեծ քանակություն կամ անհրաժեշտության դեպքում ձեռք բերելու նաև այլ բարիքներ՝ առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Այսպիսով, ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս բարիքների պահանջարկը։
- Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, ըստ որի՝ որևէ բարիքի գնի նվազումը խթանում է սպառողներին ավելի բարձր գին ունեցող ապրանքները փոխարինել տվյալ ժամանակաշրջանում համանման այն ապրանքներով, որոնք այդ ժամանակ համեմատաբար էժան են։
Սակայն, պահանջարկի օրենքը ոչ միշտ է գործում, և երբեմն այն չի համապատասխանում իրականությանը և հանդես է գալիս որպես ճիշտ համարվող նախադրյալներին հակասող եզրակացություն: Դրանք համարվում են պարադոքսներ.
- Գիֆենի էֆեկտ: Գիֆենյան ապրանքները չեն ենթարկվում «պահանջարկի օրենքին», հետևաբար այս դեպքում բարիքների գների բարձրացումը հանգեցնում է դրանց նկատմամբ պահանջարկի մեծացման: Սա հիմնականում դրսևորվում է ավելի աղքատ սոցիալական խավերի շրջանում: Գիֆենյան ապրանքները բնակչության աղքատ խավերի համար լայն սպառման ապրանքներն են: Գիֆենյան ապրանքներից են, օրինակ, կարտոֆիլը, հացը և այլ ապրանքներ: Օրինակ, կարտոֆիլի գնի բարձրացումը աղքատների շրջանում հանգեցնում է դրա նկատմամբ պահանջարկի մեծացման: Պատճառն այն է, որ կարտոֆիլի սպառման տեսակարար կշիռը մեծ է նրանց սպառողական զամբյուղում:
- Պերճանքի (սնոբի) էֆեկտ: Սա կապված է պրեստիժ պահանջարկի եզրի հետ և որոշակի սոցիալական խավերի քաղքենիական հոգեբանության հետ, համաձայն որի՝ որոշ մարդիկ՝ «սնոբ»-ները չեն ցանկանում գնել զանգվածային սպառման բարիքներ, այլ նախընտրում են լայն սպառողի մոտ չտարածված բարիքները: Երբ պերճանքի առարկաների գները նվազում են, սոցիալական որոշակի խավի պահանջարկը դրանց նկատմամբ նույնպես նվազում է և հակառակը: Սրա հիմնական պատճառն այն է, որ սոցիալական այդ խավը իր քաղքենիական մտածողությամբ հրաժարվում է այն բարիքների սպառումից, որոնք շատերի համար դարձել են մատչելի: Այսպիսով՝ նրանք կողմնորոշված են այն ապրանքների գնման վրա, որոնք ցույց են տալիս նրանց բարձր սոցիալական կարգավիճակը և մեծ ֆինանսական հնարավորությունները։
- Վեբլենի էֆեկտ: Այս դեպքում գնման շարժառիթը ոչ թե ապրանքի կամ ծառայության սպառման օբյեկտիվ պահանջն է, այլ ֆինանսական հնարավորությունները ցուցադրելու սպառողի սուբյեկտիվ ցանկությունը: Նրանց համար հեղինակության հարց է հազվագյուտ (բացառիկ) նշանակություն ունեցող բարիքների ձեռքբերումը և դրանց վատնումը: Այս պարագայում նման բարիքների գների բարձրացումը մեծացնում է դրանց նկատմամբ պահանջարկը և հակառակը:
Սակայն պարադոքսները այսքանով չեն սահմանափակվում, դրանք բազմազան են:
Հեղինակ՝ Մարիաննա Մանվելյան (Marianna Manvelyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտոն ՀԿ