Դեյվիդ Գրեբերի «Անիմաստ Աշխատանքներ․ Տեսություն» աշխատության ակնարկ
Ձեր աշխատանքն աշխարհն ավելի լավն է դարձնու՞մ: Եթե ոչ, ապա, հավանաբար, դա անհեթեթություն է, մի համակարգի մաս, որը մեզ հսկողության տակ է պահում։
Կար ժամանակ, երբ ես զբաղվում էի անիմաստ աշխատանքով: Այն ենթադրում էր պատասխանել մի կարևոր մարդու հասցեին եկող հեռախոսազանգերի, չնայած որ հեռախոսը ժամեր շարունակ չէր զանգում, ես էլ ժամանակը դիտմամբ օգտագործում էի իմ PhD-ն գրքի վերածելու համար։ Ես նաև ունեցել եմ մի շարք աշխատանքներ, որոնք անիմաստ չէին, սակայն հետևողականորեն իմաստազրկվում էին, օրինակ, հետաքրքրական աշխատանքներ մեդիա և ակադեմիական ոլորտներում, որոնք շարունակաբար առնչվում էին համապատասխանության գնահատման ձևանմուշների լրացմամանը և ժամանակի բաշխման հարցումներին: Ես նաև ունեցել եմ որոշ չափով քիչ անիմաստ աշխատանքներ, բայց դա այլ հարց է: Այնուամենայնիվ, զբաղվել անիմաստ աշխատանքով՝ նշանակում է իմանալ, որ եթե վաղն այն անհետանա, դա աշխարհի համար ոչ մի նշանակություն չի ունենա. իրականում դա կարող է աշխարհն ավելի լավը դարձնել։
Երբ ես կարդացի Դեյվիդ Գրեբերի «Անիմաստ աշխատանքների ֆենոմենը» էսսեն Strike! ամսագրում 2013թ.-ին, ինձ ինչ-որ կերպ արդարացված զգացի: Ես հաճախ էի ուրբաթ երեկոներն անց կացնում փաբում և գործընկերներիս դժգոհում տվյալների մուտքագրումից և անարդյունավետ հանդիպումներից։ Սակայն իր անսովոր մարդաբանական հայեցակերպով՝ Գրեբերին հաջողվեց ձևակերպել իմ դրությունն այնպես, որ մեծ անհեթեթության մաս զգացի։
Ես մենակ չէի: Էսսեն շատ արագ տարածվեց՝ հավաքելով ավելի քան մեկ միլիոն դիտում և թարգմանվեց տասնյակ լեզուներով: «Պարտիզանական» ակտիվիստները նույնիսկ Լոնդոնի մետրոյի վագոններում հարյուրավոր գովազդներ փոխարինեցին էսսեի մեջբերումներով, ենթադրաբար, որպեսզի դրդեն ուղևորներին դուրս գալ իրենց ապատիկ անզգա վիճակից: Այնուհետև, ինչպես հատուկ է ոչ գեղարվեստական հրատարակչությանը, տպագրվեց գիրքը:
Ե՛վ էսսեի, և՛ գրքի փաստարկը հետևյալն է. 1930 թ.-ին Ջոն Մեյնարդ Քեյնսը կանխատեսեց, որ տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ մենք կաշխատենք շաբաթական 15 ժամ: Այնուամենայնիվ, մենք կարծես հիմա ավելի զբաղված ենք, քան նախկինում: Աշխատողները, որոնք փաստացի կատարում են այն, ինչ իրենցից պահանջվում է, անընդհատ աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, մինչդեռ ձևական աշխատակիցների (box-tickers) և բծախնդիր հաշվապահների (bean-counters) թիվը գնալով աճում է:
Դարաշրջանում, երբ կապիտալիստական արդյունավետությունը մեծապես արժևորվում է, աննպատակ աշխատատեղերի ավելացումը հանելուկ է թվում: Ինչո՞ւ են պետական և մասնավոր սեկտորի գործատուները վարվում այնպես, ինչպես Խորհրդային Միության բյուրոկրատները՝ չափից շատ վարձատրելով այն աշխատողներին, որոնց կարիքը չկա։ Գրեբերի պնդմամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ անիմաստ աշխատանքները չունեն էական տնտեսական արժեք, դրանց գործառույթը պետք է լինի քաղաքական: Անիմաստ աշխատանքով զբաղված բնակչությունը քիչ հավանական է, որ կապստամբի:
Սակայն, ինչպես նա է նշում, մարդիկ իրենց էությամբ ծույլ չեն. մենք աշխատում ենք ոչ միայն հարկերը վճարելու համար, այլ նաև այն պատճառով, որ ցանկանում ենք հասարակության համար հատկանշական ինչ-որ բան անել։ Եվ հոգեբանական այն էֆեկտը, որն առաջանում է մեր օրերը այնպիսի հանձնարարականների վրա վատնելու հետևանքով, որոնք, ըստ մեզ, պետք չէ կատարել, չափազանց կործանարար է, այն «սպի է մեր հավաքական հոգու վրա»։
Անձնական անհաջողությունը փաստելով՝ այս գիրքը պատկերում է նաև այն հասարակությունը, որը մոռացել է իր ինքնությունը: Մեր տնտեսությունները դարձել են «անհեթեթություն արտադրելու հսկայական շարժիչներ»: Ուտոպիական իդեալները արհամարհվել են բոլոր կողմերից՝ փոխարինվելով «աշխատասեր ընտանիքների» գովեստներով: Աջաթևյան «աշխատա՛նք գտեք»-ի հրահանգը արտացոլված է ձախաթևյան «ավելի՛ շատ աշխատատեղեր» պահանջում:
Մեր վրդովմունքը դեպի համակարգն ուղղելու փոխարեն, մենք թողնում ենք, որ այն վերածվի զայրույթի ավելի քիչ անիմաստ հանձնարարականներ իրականացնող աշխատողների նկատմամբ: Այսպիսով, ատելի «ազատական էլիտա» են համարվում նրանք, ովքեր վարձատրվում են պահանջված և հետաքրքրաշարժ գործերով զբաղվելու համար, որոնք շատերը հանձն կառնեին կատարել անվճար։ Այդուհանդերձ, այդ դասակարգի պակասող անդամներն էլ պարտաճանաչորեն ավելի ու ավելի շատ փաստաթղթային գործեր են ստանձնում՝ իրենց վարչարարական գործընկերների հետ շինծու համերաշխություն պահելու նպատակով: Անիմաստ աշխատանքների հարցը անմիջականորեն կապված է բյուրոկրատիայի խնդրի հետ, որը Գրեբերի նախորդ՝ «Օրենքների ուտոպիան» գրքի թեման է:
«Անիմաստ աշխատանքներ» գրքի խնդիրն այն է, որ դրա երկու երրորդ մասը, ըստ էության, հեղինակի առաջին՝ հանճարեղ ելույթի մշակված տարբերակն է: Գրեբերը որպես հումք է օգտագործում իր էսսեին ի պատասխան ստացած հարյուրավոր հաղորդագրությունները՝ մեջբերելով մանրակրկիտ վկայություններ. սա հանգեցնում է սխալ դասակարգման, և բավական ձանձրալի է թվում: Ես ցանկանում էի հասկանալ այս երևույթի կապն իր սկզբնաղբյուրի հետ: Նա նշում է մեկ անհերքելի փաստ․ Բարաք Օբամայի հստակ հիմնավորումը՝ հավատարիմ մնալ ԱՄՆ-ի առողջության ապահովագրության համակարգին, հակառակ դեպքում, միլիոնավոր ձևաթղթային լրացման աշխատանքներ պարզապես կչքանան։ Ավելի համակարգված վերլուծությունը, հետևելով իր շրջադարձային «Պարտք։ Առաջին 5000 Տարիները» գրքի օրնակին, կօգնի վերածել այս «Անիմաստ աշխատանքներ» գիրքը՝ իր նախանշած «մեր քաղաքակրթության սրտին ուղղված նետի» կոչմանը:
Փաստերը կրկին հավաքագրվում են վերջին գլուխներում՝ ներմուծելով օգտակար և հետաքրքրաշարժ դասեր պատմությունից։ Գրեբերը ուրվագծում է աշխատանքի նկատմամբ մեր մոլուցքի էվոլյուցիան որպես ինքնանպատակ՝ սկսած բողոքական աշխատանքային էթիկայի ի հայտ գալուց, ի պատասխան միջնադարյան գիլդիաների փլուզմանը, մինչև Թոմաս Քարլայլի «Աշխատանքի ավետարան»-ը: Այն, ինչ թվում է բնական կամ անխուսափելի մեր աշխարհում, համեմատաբար նոր է և փոփոխման ենթակա:
Արդյո՞ք ռոբոտները վերջ կդնեն անիմաստ աշխատանքներին։ Հավանաբար՝ ոչ, քանի որ համակարգիչներին անհրաժեշտ է, որ մարդիկ բարդ առաջադրանքները բաժանեն միավորների, որոնք բավարար կլինեն առաջադրանքը յուրացնելու համար: Որոշ հաստատուն ձախակողմյաններ անընդհատ խոսում են «լիովին ավտոմատացված շքեղ կոմունիզմի» գաղափարի մասին, սակայն Գրեբերի համար սա հիմնվում է այն համոզմանը , որ աշխատանքները հիմնականում ենթադրում են անիմաստ հանձնարարականների կատարում: Շատ աշխատանքներ, նույնիսկ նրանք, որոնք պաշտոնապես «հոգատար մասնագիտությունների» շարքին չեն դասվում, կապված են այլ մարդկանց կարիքները բավարարելու հետ, իսկ ռոբոտները դրան այդքան էլ լավ չեն տիրապետում:
Ներկայիս շատ մեկնաբանների նման, Գրեբերը շեշտում է համընդհանուր բազային եկամուտը՝ որպես հնարավոր լուծում: Սակայն նա կասկածանքով է վերաբերվում լուծում առաջ քաշելու բուն մարտահրավերին. «Դե, ինչպե՞ս կվարվեիք դրա հետ» հարցը հաճախ օգտագործվում է ստատուս քվոյի քննադատությունը լռեցնելու համար: Այն դարաշրջանում, երբ կապիտալիստական արդյունավետության միֆը օրինականացնում է կորպորատիվ մենեջերականությունը, անհեթեթությունը մատնանշելը ինքնին աշխատանք է համարվում:
Ընթերցեք նաև փոքրիկ հատված Դեյվիդ Գրեբերի «Անիմաստ Աշխատանքներ» (Bullshit Jobs: A Theory, 2018) աշխատությունից այստեղ։
Թարգմանիչ՝ Մարիամ Սահակյան (Mariam Sahakyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: