Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում | Մաս 2

Նիկողայոս Ադոնց. Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում | Մաս 2

Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում | Մաս 1

 II

Խոսրով, հայրենի գահը նստելով, իր բարերար Մավրիկիոսի հետ բարեկամության դաշն կնքեց 591 թվին եւ ի տրիտուր զիջավ նրան Հայաստանի մեծագույն մասը, թողնելով իրեն Դվին, Սյունիք եւ Վասպուրական։

Հակառակորդ պետությունների հաշտությունն իսկ աղետաբեր եղավ մեզ համար ոչ նվազ քան նրանց թշնամությունը։ Ինչպես այժմ, այնպես էլ հնում ե՛ւ կռվում, ե՛ւ համբուրվում էին զորեղները մեր դիակների վրա։

Քրիստոնյա կայսրը բարեմիտ էր դեպի հայերը, երբ Հայաստանը պարսից ձեռքին էր։ Հենց որ գրավեց հայ հողերը, փոխեց իր գույնը։

Մավրիկիոս կայսեր վերագրում էին հայերը մի քստմնելի ամբաստանագիր, ուղղված Խոսրովին․ «Ազգ մի խոտոր եւ անհնազանդ, ասէ, կան ի միջի մերում եւ պղտորեն։ Բայց ե՛կ, ասէ, եւ զիմս ժողովեմ եւ ի Թրակիա գումարեմ եւ դու զքոյդ ժողովէ եւ հրամայէ յարեւելս տանել, զի եթէ մեռանին, թշնամի մեռանին, եւ եթէ սպանանեն, զթշնամիս սպանանեն եւ մեք կեցցուք խաղաղութեամբ։ Զի եթէ դոք յերկրի իւրեանց լինիցին, մեզ հանգչել ոչ լինի»։

Դժվար թե կայսրի բարոյական սնանկությունն այնքան առաջացած լիներ, որ այսպիսի թուղթ գրեր։ Զազրելի ծրագրերը չեն սիրում լույս եւ ծնում ու հասնունանում են մթության մեջ։ Հայ զրույցը, սակայն, արտացոլում է ստուգիվ իրական դրություն։

Պարսիկները գումարել էին հայ այրուձին եւ փակել Սպահանում, իսկ իշխաններին տարել Տիզբոն։ Հույներն եւս իրենց բաժնի հայ ուժերը տեղափոխել էին Թրակիա, կռվելու ընդդեմ թշնամիների։

Այսպիսի պայմաններում հայ ղեկավար ուժերը հարկադրված էին մաքառել եւ պարսիկների եւ հույների դեմ։

[…]

Մամիկոնյան տրամադրությանց արտահայտիչն էր Համազասպ Մամիկոնյանը, որ Հունաց Հերակլ զորավարի հետ էր եւ ընդդեմ ապստամբական ցույցերին։ Այս ժամանակներից սկսած հետզհետե զորանում է Մամիկոնյան հոսանքի թեքումը դեպի Արեւմուտք, իսկ Բագրատունյացը դեպի Արեւելք։

[…]

Արաբները նվաճեցին Իրանը եւ նրա հետ եւ Հայաստանի մի մասը։ Բագրատունիք առժամանակյա ճոճումներից հետո կանգ առան նույն քաղաքական գծի վրա, ինչ-որ ընտրել էին պարսից օրով։ Արաբները եւս, անծանոթ նախարարական բարքերին, սկզբում փորձեցին բռնի ուժով վերջ տալ վտանգավոր տոհմերին, բայց շուտով ստիպվեցին ավելի հաշտ ուղի գտնել։ Բագրատունի իշխանների խոհեմությունն ու զգուշությունը սանձեց արաբական բրտությունը, եւ Աշոտ Վասակյան նշանակվեց իշխան իշխանաց 732 թվին։

Մամիկոնյանների հեղինակությունը նսեմանում էր։ Աշոտի բարձրացումը ոչ միայն նշան էր հակառակ հոսանքի պարտության, այլեւ հարված Մամիկոնյան տան անվան։ Այրուձին, որի ժառանգական սպարապետներն էին Մամիկոնյան իշխանները, անցնում էր Բագրատունյաց ձեռքը։

Տոհմական ինքնասիրությունը վիրավորված տեսնելով, երկու եղբայր՝ Գրիգոր եւ Դավիթ Մամիկոնյանք՝ փորձեցին խլել Աշոտից առաջնության պատիվը։ Աշոտն ուներ սակայն զորեղ հովանավոր հանձին երկրի պետի՝ Մրվանի, խալիֆայության գահի՝ թեկնածուին։ Հազիվ իշխանության գլուխ անցած Գրիգոր, պետք է տեղի տար Աշոտին Մրվանի հրամանով։

Մամիկոնյանների փորձը ծանր նստեց, հետեւանք ունենալով Դավիթի կորուստը։

Օմմայան հարստությունը վերջացավ ութերորդ դարի կեսին Մրվանի մահով, զիջանելով իշխանությունը Աբբասյան տան։ Խառնակ դրությունից ուզեցին օգտվել Մամիկոնյաններն եւ ազատվել արաբներից։ Շարժման ոգին Գրիգոր Մամիկոնյանն էր։

Առանց Աշոտի համաձայնության, որ երկրի պատասխանատու տերն էր, գործը դատապարտված էր անհաջողության։ Ուստի աշխատում են համոզել Աշոտին։ Երկու հոսանքները վերստին բախվում են, եւ հայ պատմության ամենեն դրամատիկ էջերն են, որ ծավալվում են մեր առջեւ, որ հավետ կանաչ պիտի մնան մեր հիշողության եւ գիտակցության մեջ։

Պարտք եւ պետք եմ համարում բերել Աշոտի խրատը ըմբոստացողներին։ «Ով եղբարք, ― ասում է Աշոտ, ― ոչ տեսանեմ խոհական մտաց զգործ անզգայութեանդ, այլ անուղղայ խորհուրդ եւ բանս տարապարտս։ Քանզի ահա նուազունք են զօրքս մեր ի մէջ բռնութեանն Իսմայէլի եւ ոչ կարեմք զդէմ ունել զօրաց նոցա եւ ոչ զերկիր մեր հանել ի բերանոյ վիշապացն։ Եւ միայն աշխատութիւն եւ վտանգ հասուցանեմք ի մտածումս մեր։ Այլ եթէ կամիջիք ընդունել զխրատ իմ, ոչ արասցուք զբանդ զայդ եւ հարկեսցուք նոցա որպէս ցարդ եւս եւ կալցուք զստացուածս մեր, զայգիս, զանտառս եւ զանդաստանս մեր»։

Ահա մի պարզ եւ պայծառ խորհուրդ։ Սակայն, Գրիգոր Մամիկոնյանի համախոհները, որ հակառակ հոսանքին էին պատկանում, չեն համաձայնում ընդունել իմաստության խրատը, այլ սպառնում են․ «Եթէ ոչ միաբանեսցիս ի խորհուրդս մեր, ոչ մնասցէ առ քեզ եւ ոչ մի ոք ի զօրաց քոց։ Չկարեմք ժուժկալել տագնապիս, յորում կայ երկիրս Հայոց»։

Այս հուսահատական ճիչը չէր, որ բռնադատեց Աշոտին միանալ խռովարարներին։ Մամիկոնյան իշխանը, Գրիգորը, կենտրոնացրեց իր ուժերը իր սեփական կալվածում, Տայքում, ոչ միայն նրա դիրքն ու ամրությունը նկատի առնելով, այլ գլխավորապես այն հաշվով, որ օգնության խոստում էր ստացել կայսերական զորքերի կողմից, որ նստած էին Պոնտոսում․ «Քանզի էր ի մէջ նոցա ուխտ խաղաղութեան հրամանաւ կայսերն Կոստանդնի»։

Դարձյալ օտարի ստահոդ խոստումներն էին, որ հույս էին ներշնչում ապստամբության նախաձեռնողներին։ Թվում է, որ այս հանգամանքն էր, որը ստիպել էր Աշոտին տալ իր ակամա հավանությունը։

Արդարեւ, Կոստանդին Կոպրոնիմոս կայսրը արշավեց եւ առավ Կարին եւ Մելիտինե քաղաքները, բայց հեռու էր հայերին դարման հասցնելու մտքից։ Ապստամբության ծրագիրը վտանգվեց եւ օդ ցնդեց։ Իշխանների միաբանությունը քանդվեց։ Աշոտը հեռացավ, որ գնա Բագրեւանդ եւ ներկայանա արաբական հրամանատարին։

Ծրագրի վիժման պատճառը, անշուշտ, Աշոտն էր։ Մամիկոնյան Գրիգորը ոխացավ եւ, գիշերը հարձակվելով Աշոտի վրա, բռնեց եւ տվեց իր սպանված եղբոր Դավթի ծառաներին՝ «բառնալ զլոյս աչաց նորա»։

Երկրի մտավոր աչքը կորցրեց իր տեսությունը, Աշոտը կուրացավ եւ աչքի լույսի գնով փրկեց Հայաստանը նոր փորձանքից։

Պետք կա՞ նկատելու, որ Աշոտն իր վարմունքով նվազ ուխտանենգ չէր Գրիգորի նկատմամբ, քան Վասակ Սյունին Վարդանի։ Բայց տես, որ պատմիչը «որդիք յանցանաց» է անվանում Գրիգորի կուսակից ուխտապահներին եւ ինքը Գրիգորը «սատակէր պերճութեան եւ փառք ազգիս Հայց»։

Աշոտին հաջորդեց իր հորեղբոր Բագրատի որդի Սահակը, «գեղաղէշ երեսօք, երեւելի հասակաւ եւ ազնուական բնութեամբ»։

Հավանորեն Խորենացու հովանավոր Սահակ իշխանն է, որ անմահ հիշատակ թողեց իբր նախաձեռնող «Հայոց պատմութեան»(3):

Ձախողված ընդվզումի դառնությունը մնաց Մամիկոնյանների սրտում որպես հանգած կրակի ծուխ եւ մի օր պիտի պայթեր։ Հենց որ անցավ քսանամյա օրհասական ժամանակը, երկիրը ծածկվեց խռովքի նոր ամպերով։ Մարտական ուժերը ոգի առած ասպարեզ ելան մի անգամ եւս փորձելու ազատվել ատելի անուրից, «լաւ համարեալ ցմահ քաջութեամբ, քան զկեանս վտանգաւորս», ― ասում է ականտես պատմիչը։

Ապստամբության դրոշակը ծածանում էր կրկին եւ կրկին անգամ միեւնույն ձեռքերում։ Արտավազդ Մամիկոնյանը Դվին քաղաքում զենքի պատրաստություն տեսնելուց հետո, քաշվեց Շիրակ եւ զարկեց արաբական հարկահանին Կումայրի անվանում (որ է արդի Ալեքսանդրապոլ, վերակնքված վերջերս Լենինական, փոխանակ վերականգնելու հին անունը, որ պահել է ցարդ ժողովուրդը՝ Գյումրի)։

Նշանը տրված էր։ Մուշեղ Մամիկոնյանի սրից ընկավ մի ուրիշ հարկահան եւ ինքն ամրացավ Արտագերս հինավուրց բերդում։ Լուրը հասավ Դվին մայրաքաղաքը։ Չորս հազարանոց բերդապահ գունդը եկավ Մուշեղի վրա, բայց ջարդ կերավ եւ նահանջեց։

Ամբոխն արդեն խուժել էր փողոցները, կանայք ողբով եւ վայով ընդառաջում էին սիրելիներին։ Հանկարծ որտեղից ուր հայտնվեցին շրջիկ քարոզիչներ, որ գրգռում էին ժողովուրդին եւ քաջալերում հաղթության հույսով․ «Մերձեալ է ահա ժամանակ փրկութեան ձերոյ, ― գոչում էր մի կրոնավոր, ― զի այժմ ընդհուպ դարձցի գաւազան թագաւորութեանն միւս անգամ ի տուն Թորգոմայ առնուլ ձեօք զվրէժ յազգէն Իսմայէլի։ Եւ դուք մի զանգիտէք յերեսաց նոցա թե նուազունք իցէք, զի մի այր ի ձէնջ հալածեսցէ զհազարսն եւ երկուքն զբիւրսն»։

Սակայն, այս բոլորը լոկ ինքնախաբեություն էր կամ, ինչպես պատմիչն է որակում․ «տեսիլ սուտ եւ բաղձալի սրտի»։ Ապստամբները հաջողեցին իրենց կողմը քաշել Սմբատ սպարապետին, կուրացած Աշոտի որդուն։ Նա Մամիկոնյանների փեսան էր եւ ստիպված էր զիջանել։ Երկրի պետը, իշխանաց իշխանը Աշոտն էր, հիշյալ Սահակի որդին, «այր խոհական հանճարով», որ բացեիբաց ընդդիմացավ ապստամբության, խրատեց չանսալ մոլեկան մոնոզոնի (կրոնավորի) քարոզին եւ հետ կենալ վնասակար ձեռնարկից։

Կուսակցական հայեցակետների ընդհարման սուր վայրկյան էր։ Աշոտի դիրքը փափուկ էր։ Քսան տարի առաջ նույն վիճակի մեջ էր մյուս Աշոտը, այս Աշոտի պապի եղբայրը։ Նրա նման եւ հետեւությամբ Աշոտը պատասխանատվության ծանր բեռը ուսերին չհապաղեց, չվեհերեց արտասանել այս վճիտ խոհուն խոսքերը։

[…]

Հեռատես իշխանի իմաստուն խրատը, որ մինչիսկ մեզ համար քաղաքական գործունեության հիմ կարող էր համարվել մոտիկ անցյալում, մնաց ձայն բարբառո հանապատի։ Ապստամբները արդեն պաշարել էին Կարինը։ Դվինը սարսափի մեջ էր։ Հանկարծ մի տխուր լուր ցնցեց երկիրը․ արաբական բանակը, բաղկացած 30 հազար վարձկան թուրքերից ոմն Ամրի հրամանատարությամբ եկել հասել էր Խլաթ քաղաքը։ Աշոտն այս պահին նույն քաղաքումն էր եւ տեսնելով ահավոր վտանգը, պատվեր ղրկեց իբրեւ թե ամենուրեք միանալ եւ հավաք ուժերով դեմ դնել թշնամուն։ Թվում է, թե պատմագրի կողմից արդարացման տկար փորձ է։ Աշոտը հավանորեն գնացել էր թշնամու բանակը հաշտության առաքելությամբ։

Ապստամբները հավատ չընծայեցին Աշոտի պատվերին, կարծելով, որ նա ուզում է նենգորեն ազատել Կարինը պաշարումից եւ հաճոյանալ արաբներին։

Մի գունդ ապստամբներ անցան Արճեշ քաղաքը, բայց անհաջողության դիպեցան շնորհիվ քաղաքացիների մատնության։ Արաբները առաջացան Բագրեւանդ եւ բանակ զարկեցին Արձնի գյուղի մոտ։

Արճեշի գույժը Կարին հասած, հայերը լքեցին պաշարումը եւ խոյացան դեպի թշնամին։ Պատմիչն անգամ զարմանում է, որ փոխանակ փախչելու հունական սահմանը եւ ազատելու իրենց կյանքը, ճակատեցին թշնամու դեմ, «լաւ համարեցան ընտրել զմահ անձանց, քան տեսանել զկորուստ աշխարհիս եւ զանպատւութիւն եկեղեցւոյ Քրիստոսի»։

Հազիվ հինգ հազար էին, իշխանազունք եւ շինական ժողովուրդ։ Սկզբում քաջությամբ հետ մղեցին թշնամու գրոհը, բայց հետո ընկճվեցին բազմության առաջ, մանավանդ որ ռամիկ ուժերը շուտով լքեցին իրենց դիրքերը եւ ցրվեցին։ Մնաց միայն իշխանական որեարը, որ իրար քաջալերելով նետվեցին գիտակցաբար մահվան գիրկը․ «Քաջութեամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր եւ ի վերայ ազգիս մեր եւ մի տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զսրբարանս մեր»։

Այս սրբազան մրմունջը շրթունքին ընկան երեք հազարի չափ նահատակներ եւ նրանց թվում Մուշեղ Մամիկոնյան եւ Սմբատ Բագրատունի։ Հայրենիքի զոհերը մնացին անթաղ, անձրեւի եւ արեւի տակ․ «ոչ լալ եւ ոչ հաց սգոյ բեկանել ի տունս իւրեանց եւ ոչ տալ գերեզմանի, այլ բացընկեցիկ օթագացեալ ի վայրի յարեւու եւ ի փոշւոջ եւ յանձրեւի եւ ի մրրիկս հողմոց»։

Երկիրը հառաչեց եւ ողբաց ինքնուրաց քաջերի մահը, առանց նրանց «մնացին թափուր յօգնականութենէ նոցա եւ մատնեցան ի ձեռս գազանաբարոյ թշնամւոյն»։

Արճեշի կռիվը տեղի ունեցավ հրոտից 4-ին՝ շաբաթ օր, իսկ Արձնի՝ նույն ամի՝ 13 = 775 ապրիլի 15 եւ 23-ին։ Արյունալից ամպերն անցան հայ հորիզոնից, երկիրը խաղաղեց եւ նորեն լծվեց շինարար աշխատանքի։ Ապստամբ Սմբատի որդին՝ Աշոտ Մսակերը խոհեմ քաղաքականությամբ հիմը դրեց Բագրատունիների իսկական զորության։ Կամսարականներից գնեց Արշարունիքը եւ Բագարան տեղափոխեց իր նիստը։ Որդին՝ Բագրատը հաստատվեց Տարոնում, մյուսը՝ Սմբատը, հաջորդեց հորը։

IX դարը հայության համար նշանավոր էր առանձնակի։ Ոչ միայն իրենց հայրենիքում էին առաջանում հայերը, այլեւ Բյուզանդական պետության մեջ ամուր դիրքեր էին գրավում, որ մի օր տիրանան Կոստանդին Մեծի գահին։ Իսկ արաբական պետությունը նշաններ էր ցույց տալիս քայքայման։ Խալիֆները փառքի վերելքը կատարած սկսել էին իջնել, որ մոտ ապագայում խաղալիք դառնան վարձկան թյուրք զինվորների ձեռքին։ Բաբեկի շարժումը, որ ոչ միայն քաղաքական գույն ուներ այլեւ ընկերային, մեծապես հարվածեց պետության վարկը։ Ծայրագավառների ամիրաները գլուխ բարձրացրին եւ ձգտում էին անջատվելու։

Այս բոլորը գաղտնիք չէր նաեւ հայերից։ Անարդար կլիներ հանդիմանել, որ երբեւիցե հայերը բավականին շրջանկատ չեն եղել քաղաքական մեծ գալիքների հանդեպ։ Հեռուն տեսնել, շատ հեռուն թափանցել, անհնարին չէ եղել մեզ համար։ Մեր ազգային թերությունն է, որ անկարող ենք ընթանալ իրերի հետ ոտն առ ոտն, շտապում ենք կանխել դեպքերը, առջեւն ընկած վազում ենք, փոխանակ ետեւից գնալու, գնալու համաքայլ։

Մսակերի որդին, Բագրատը, ինչպես եւ Արծրունյաց իշխանը, զգալով արաբների տնկարությունը, վճռեցին չվճարել սովորական հարկը։ Պետք եղավ, ճնշումի, որ արքունի տուրքը գանձվի։ Մի օր էլ պետական հարկահանները սպանվեցան Տարոնում։ Քաղաքային բնույթի մահափորձերը դառնացրին արաբներին։ Մուտավաքիլի օրով մի կատաղի փոթորիկ անցավ Հայաստանի վրայից եւ այն վերջինն էր եւ լավագույն ապացույց պետության թուլության։ Որքան հզոր է պետությունը, նույնչափ վեհանձն է դեպի հպատակ ժողովրդի ըմբոստացումը, եւ որքան թույլ, այնքան դաժան։

Ապիկար եւ մեղկ խալիֆայի կողմից իններորդ դարի կեսին եկավ մի թյուրք Բուղա անունով, որ թեեւ 80 տարեկան էր, բայց բնածին անգթությունը չէր մեղմացել նույնիսկ զառամ տարիների ծանրության տակ, եկավ ողողելու Հայաստանը արյունով։ Արյունռուշտ էր Բուղան, ի բնե եւ խարդախ, զի խարդախությունը անգթության կարապետն է։ Նենգորեն եւ ողոքիչ լեզվով իր մոտ կանչեց գրեթե բոլոր ազդեցիկ իշխաններին Տարոնի, Վասպուրականի, Սյունիքի, Գարդմանի, մինչեւ իսկ Խլաթի եւ Թիֆլիսի կասկածելի մուսուլման ամիրաներին, բոլորին կալանավորեց եւ տարավ Բաղդադ։

Շատերը մահացան օտարության մեջ։ Նահատակվեց եւ Սմբատ իշխանը, որի արաբական անունն էր Աբլաբաս։ Բայց նրա որդին Աշոտ լուծեց հոր եւ մյուս մարտիրոսների արյան վրեժը իր հաղթանակով։ Արաբական լուծն ընկավ Հայաստանում ճիշտ այն միջոցին, երբ հայի մյուս զավակը՝ Վասիլ բարձրանում էր Բյուզանդիայի գահը։

Աշոտի հաղթությունը Բագրատունյան հոսանքի հաղթանակի օրն էր եւ Մամիկոնյանների՝ պարտություն։ Աշոտ իզուր չէր, որ Մամիկոնյան Կուրդիկ իշխանի գլուխը կտրած ղրկեց Սամառա խալիֆին (4):

Կուրդիկ իշխանի արյունոտ գլխի հետ ընկավ ընդմիշտ եւ այն կարմիր դրոշը, որ ծածանվում էր այնպես պերճորեն չորս հիշածս դարերի պատմության վրա։ Կարմիր դրոշը տանում էր դեպի քաղաքական ազատություն արյան ուղիներով։ Բռնության դեմ բռնություն, ուժի դեմ ուժ, արյան փոխարեն արյուն՝ ահա դրոշի նշանաբանը։ Նախնիք զարդարել են Վարդանին՝ Ավարայրի հերոսին, Կարմիր կոչումով։ Նրա քաջարի սերունդը, որ նույն վեհությամբ փայլեց հետագայում, իրավունք ունի նույն կոչման իր այնքան պանծալի եւ հառաջամարտիկ անուններով։

Դժվար է գտնել որեւէ պատմության մեջ մի իշխանական տուն, որ դարերի ընթացքում մնար այնպես հավատարիմ իր տոհմական մտայնության եւ ավանդներին։ Ութերորդ դարի Մուշեղը հար եւ նման է չորրորդ դարի Մուշեղին։ Արյան հետ ժառանգում էին ընտանիքի հերոսական ուղին։ Անուններն անգամ, որ անցնում էին սերունդե սերունդ հուշարարներ էին իրենց անցյալի։ Մամիկոնյան տունը՝ հայ զինվորական կորովի մարմնացումն է, հայ ասպետական կարողության կենդանի պատկերը։

«Սրի երկյուղը անծանոթ է մեր տոհմին, ― ասում է Վարդանը, ― եւ մեզնից եւ ոչ մեկը եւ ոչ մի ժամանակ չէ քաշվել սրի ահից։ Եվ թե ինչպես ավելի բարի ընկերի մասին ենք հոգացել, քան մեր անձի, բոլորին հայտնի է»։

Ճշմարիտ նկարագիրը Մամիկոնյան տան, որ տալիս է պատմիչը Վարդանի բերանով։

Հայ երկրի ու ժողովրդի արժանապատվության ուխտված զինվորներն էին, որ անհավասար կռիվների մեջ ուժասպառ եղան, հերոսներ, որ այրվեցին անձնվիրության հրդեհում։ Ի՞նչ է հերոսությունը, եթե ոչ արհամարհանք մահվան հանուն մերձավորի։

Մամիկոնյան կտիճներն իրոք մի մի հերոսներ էին, աննման ծաղիկներ, սփռված մեր անցյալի ապառաժոտում, եւ պատվաբեր ամեն մի պատմություն։ Այդ չքնաղ ծաղիկները արեւակեզ ընկան։

Իրավ է նույն Վարդանի տրտունջը, ուղղված նախարարներին․

«Ցանկ ձեր մղեալ է զմեզ ի նեղ եւ զձեզ անձինս ի բաց ունելով՝ մեր միայն ազգս պատահեալ է վշտաց մեծաց եւ մահուց»։

Վշտերն ու մահերը սաստկացան մանավանդ Վարդանից հետո, ինչպես տեսանք, եւ Մամիկոնյան որեարը արյունաքամ իջավ պատմական դաշտից այն ժամանակ, երբ նորա երջանիկ մրցակիցը Բագրատունյաց տունը բարձրանում էր աջողության սանդուխով դեպի արքայական ապարանքը։

Այլ էր Բագրատունիների նկարագիրը, նրանց խառնվածքը եւ ընտրած ուղին։ Ոչ պակաս քաջ եւ հայրենասեր, Բագրատունի իշխանը միեւնույն ժամանակ շրջանկատ է եւ գործնական։ Չկարենալ զսպել կրքեր, զայրույթը, պահել իր ամանի մեջ, թուլություն է։ Բռնության դարեր էին երբ կոպիտ ուժի հանդեպ հասարակական շահը հաճախ պահանջում էր լռել, քան խոսել եւ տոկալ, քան հուզվել։ Անհատական խիզախությունը, հարկավ, պատրիչ է, բայց շատ անգամ աղետաբեր ընդհանրության։ Պատասխանատու գործիչը ստիպված է հաճախ հրաժարիլ շահատակություններից, եւ կյանքի դառնությունները պահել իր ներսը, համբերության երկանաքարի տակ մանրել ոչնչացնել ծանր ապրումները առանց որեւէ արտաքին պայթոցի։

Սկզբում Բագրատունի Սմբատները Մամիկոնյանների նման սովոր էին ձեռքը պահել դաշույնի վրա, իսկ հետագայում Աշոտները ստիպված էին ձեռքը դնել ճակատին։ Ծանրախոհ եւ խորաթափանց՝ Բագրատունիք համակիր չէին ցնցումների, ընդունակ էին անգամ չարիք գործելու, ավելի մեծ չարիքի առաջն առնելու համար։

Եթե Մամիկոնյանները հայ խաչելության եւ սրի շողշողուն քարերն են, Բագրատունիք հայ խոհականության քարե սյուներն են։ Գագիկ թագավորի արձանը, որ երեւան եկավ Անիում, ներկայացնում է մեր ասպետների թագակիր զավակին ոչ նժույգը սանձած, նիզակը ճոճելիս, սաղավարտը գլխին, այլ որպես ալեփառ ծերունի, նման ավելի վանահոր, քան զինվորականի՝ երկար վերարկու, մեջքը պնդած գոտիով, մանրածալ փաթեթը գլխին, եւ պարզած բազուկների վրա կանգուն հայրենի սրբարանը։

Աշոտի համար, ասում է ժամանակակից պատմիչը․ «Ոչ ի հակառակութիւնս ինչ կամ ի կռիւս ընդ թշնամիսն մաքառեալ, քան թէ բարեզգեաց բանիւք եւ բարի օճանաւ ածեալ զնոսա յուղղութիւն եւ ի կամս իւր»։

Այս ողոք եւ հաշտ քաղաքականությունը, որին աշխատում էին հետեւել Բագրատունիներն ընդհանրապես, այնքան էլ դյուրին չէր։ Համակերպման ուղին խեծբեկ է եւ ծանր բարոյապես։ Կորանալ մինչեւ ստորություն բռնավորի առջեւ, ուխտանենգ լինել, եղբայրասպանությամբ, ուրացությամբ խղճի ձայնը խեղդել՝ ահա փշերն ու տատասկներն այն կածանների վրա, որ տանում էին դեպի Բագրատունյաց թագն ու գահը։

Սմբատի սերունդները, այն Սմբատի, որ գազաններից ահ չուներ, հարկադրված էին իջնել մինչեւ հլության ստորիքը, որպեսզի հոգեկան կսկծոտ գալարումների գնով ապահովեն հայրենիքի բարորությունը։ Աշոտ թագավորի հայրը Սմբատ կոչվում է Խոստովանող։ Նույն կոչումին արժանի է [վերջինս] թագակիր որդին, այն, որ բարձրացավ գահ Կուրդիկ Մամիկոնյանի արենաթաթախ դիակի վրայից․․․

* * *

Մրցակից հոսանքների մեկի հաջողությունը հաճախ մոռանալ է տալիս մյուսի արժեքը։ Միակողմանի վերաբերումն է, եւ գալիս է այն դատավորներից, որոնք դասված են կուսակցական շարքերում։

Առաջին շրջանում մինչեւ Սասանյան հարստության անկումը զորեղ էին եւ ազդեցիկ Մամիկոնյան տրամադրությունները։ Նախարարական կարգը տակավին ատոք վիճակ մեջ էր։ Տենչանքները կապված էին զենքի եւ զրահի շաչյունին եւ բոլորում էին տոհմական սպարապետների անվան շուրջը։ Ընդհանուր համակրությունը նրանց կողմն էր։ Հայ մտավորականության եւ գրի ներկայացուցիչները՝ Փավստոս, Եղիշե, Ղազար, Հովհան Մամիկոնյան, բոլորն էլ Մամիկոնյան տան փառաբանիչներն են եւ նրանց ուղղության կողմնակից։ Յոթերորդ դարը հույսերի եւ համակրությանց ճոճման ժամանակ էր, եւ այդ դարի պատմագիր Սեբեոսը աշխատում է բարեխիղճ լինել եւ անաչառ՝ մրցող ուժերի հանդեպ։

Արաբների հաստատվելուց հետո զգալապես հառաջանում են Բագրատունիք եւ հետզհետե գրավում են երկրի համակրությունը։ Մամիկոնյան արծիվները, ճիշտ է, դեռ շարունակում են խոյանալ մարտի դաշտերում, բայց երգիչներ չունին։ Պատմագիրները՝ Ղեւոնդ, Հովհաննես Կաթողիկոս, Շապուհ Բագրատունի, Ասողիկ գովաբանում են բացառապես Բագրատունի իշխաններին, նրանց ջատագովներն են։

Այս պատիչների թվում է հռչակավոր Պատմահայր Մովսես Խորենացին։ Բագրատունիների գուսանն է նա եւ Մամիկոնյանների նզովիչը։ Իր Բագրատունի մեկենասին հաճոյանալու համար չէ, որ գովում է նրա տոհմը։ Պատմահոր անձը եւ կոչումը կասկածի իրավունք չեն տալիս բնավին։ Խորենացին գաղափարական հակառակորդ է Մամիկոնյան քաղաքականության եւ սիրող հասարակական անդորրության։

Պատմահայրը մեծ հայրենասեր էր․ նրա հայացքը պարտավորիչ կլիներ, եթե վերաբերեր իր ժամանակվան կացության։ Բայց ցավն այն է, որ նոր կշռով մոտենում է հին պատմության եւ այնտեղից է ուզում հանել Մամիկոնյան փայլուն անունները, ջնջել նրանց հիշատակը։ Արտավազդ, Մուշեղ, Վասակ, Մանուել չորրորդ դարի այս չնաշխարհիկ հերոսները, որոնց այնքա՜ն հուզիչ նկարագիրը Փավստոսի լավագույն էջերն են կազմում, չգո են համարվում Խորենացու մոտ, բայց հիշվում է Վահան Ուրացողը՝ Մեհրուժանի ընկերը, հարկավ, առանց Սամուելի, որ սպանելով դավաճան հորը, սրբեց Մամիկոնյան անբիծ անունը այդ միակ արատավոր ստվերից։

Փավստոսի հերոսների քաջագործությունները Խորենացին վերագրում է ուրիշներին՝ Առավանյան, Ամատունի կամ Բագրատունի տներից։ Հայ մտքի խոշոր մեծությունը՝ Խորենացին այսքան աչաղկոտ [նախանձկոտ] է եւ նեղսիրտ, այսքան կուսակցական։ Թվում է, որ շատ դառնացած է եղել իրեն ժամանակվան Մամիկոնյան աղմուկներից։

Դժվար է ուրանալ Մամիկոնյանների կարմիր հետքը մեր պատմության մեջ։ Եթե ներելի է համեմատել հասարակական մարմինը անհատի հետ, Մամիկոնյան տոհմը Խորենացուց առաջ եւ հետո էր եւ մնաց հայ ազգի բաբախուն սիրտը։

Խորհուն գլուխը, իմացականությունը, եթե անգամ շոյենք հակառակ հոսանքը նրան վերապահելով այդ կարողությունը, անհուսալի ուժ է առանց սրտի ներշնչումների։ Գործնական ասպարեզում զգացական զեղումներ են մտքի իսկական թեւն ու թափը։ Մամիկոնյան հոսանքն էր պատրաստել այն սերմերը, որից բուսավ Բագրատունիների հունձը։ Ազատասիրությունը եւս պետք ունի հոգածու ձեռքերի։ Խիզախումները եւ բողոքի որոտումները որքան եւ անհետեւանք, այն նշանակությունն ունին, որ չեն թողնում, որ ժողովրդի խոնարհությունն ու հլությունը հավասարվի ստրկության։

Պետք զգալ եւ պարտ պաշտպանելու քաղաքական իրավունքները անգամ մահվան գնով, ահա այն հողը, որի վրա կանգնեց Բագարանի արքունիքը եւ որի պատրաստության են ծառայած եւ նախորդ զինական շարժումները։

Սխալ կլիներ կարծել սակայն, որ երկու խոշոր հոսանքները, որ ակոսում են մեր անցյալի չորս դարը, երկու իշխանական ընտանեկան տրամադրությանց սոսկական ծնունդն են, կամ նրանց տոհմային ընդունակությանց արտահայտությունը։ Մամիկոնյան եւ Բագրատունի տները երկու ուղղությանց առաջնորդներն են, ղեկավար ուժերը եւ ոչ նրանց ստեղծագործողները։ Եթե այդ իշխանական տոհմերը բնաջինջ չլինեին կամ եղած լինեին շատ առաջ, հոսանքները պիտի շարունակվեին։ Գուցե կկորցնեին որոշ երանգը, որ պայմանավորված է երկու տների անհատական հատկությամբ, բայց իրենց էությունը ոչինչ չէր տուժի։

Գծածս քաղաքական հոսանքներն ավելի խոր արմատներ ունին եւ հանգչում են պատմական կյանքի զարգացման տարբեր տնտեսական-հասարակական երեւումների վրա։ Դրանք են հին նախարարական կարգը եւ նորածին քաղքենիությունը։

Սկզբում տիրական էր Հայաստանում, ինչպես եւ ամբողջ Իրանում ֆեոդալականությունը։ Սասանյանների անկումով պիտի թուլանար եւ չքանար արեւելյան այդ հինավուրց իրավակարգը։  Արաբները նպաստեցին նրա քայքայման։ Չորս դարվան անընդհատ կռիվներում նախարարական հիսունի չափ տոհմերը ջնջվել էին եւ մնացել միայն մի տասնյակ։ Արդ՝ Մամիկոնյան հոսանքը հայ ֆեոդալականության, հայ զինված անզնվականության ասպետական շունչն էր։ Ազնվականության տկարացման եւ անկումի հետ պիտի վերանար հրապարակից եւ նրա գաղափարական հայտարար Մամիկոնյան տունը։ Արաբները չէին, որ պիտի հովանավորեին Մամիկոնյաններին։

Անցնող ազնվականության դիրքերը հետզհետե գրավում էր նոր բյուրգերական դասը, քաղքենի հասարակությունը։ Իշխանական ամրոցները մամռոտում էին եւ քաղաքները շենանում։ Ահա այդ նոր հասարակական ուժին է, որ հենվում են Բագրատունիները, նոսրացած ազնվականության պետերը։

Նախարարական Հայաստանի յուրաքանչյուր անկյուն կյանքի փոքր, բայց անկախ հնոց էր, ինքնամփոփ եւ ինքնաբավ տնտեսական եւ հասարակական մի միություն։ Ինքն իր պիտույքներն է հայթայթում, պարապելով հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Ուրիշ դասակարգ չկար, բացի աշխատավոր շինականությունից։ Սա պետք ուներ իր իշխանին, որ պահպաներ սահմանները արտաքին թշնամիներից, օտար հարձակումներից եւ առ ու կողոպուտից։

Քաղաքային բնակչության հաշիվներն այլ են։ Սրա զբաղմունքն է գլխավորապես վաճառաշահություն եւ արհեստներ։ Երկուսն էլ պահանջում են գործունեության լայն եւ մեծ շրջան եւ ճանապարհների ապահովություն։ Միահեծան իշխանությունը գերադասելի է, քան մանր տերերի ցանցը, որ իրապես թակարդ է ապրանք տանող եւ բերող կարավանների համար։ Նկատելու է նաեւ, որ քաղաքների բնակչությունը բաղկացած էր մեծ մասամբ օտարներից․ ավելի արաբ, հրեա, ասորի եւ պարսիկ կային, քան հայ, որ տակավին ընտել չէր առեւտրի։

Խաղաղ քաղաքականությունն ավելի էր համապատասխանում քաղաքներին, քան ազատագրական իրարանցումները։

[…]

Մանուկ, բայց արդեն պերճացած դասակարգի համար ցանկալի էր եւ նպաստավոր Աշոտների քաղաքականությունը՝ կամաց-կամաց հավաքել երկիրը, ընդլայնել իշխանության սահմանները եւ երկարել հաղորդակցության ուղիներն առանց խզելու կապերը հարեւան մեծ պետությանց հետ։ Նորաստեղծ դրության փայլուն արտահայտությունը, նրա սկզբունքը դառնալու էր շուտով արքայական Անին, խոշոր վաճառաշահ կենտրոն արեւելյան առեւտրի։ Նույն Անին էր դառնալու այն հնոցը, ուր պիտի ձուլվեին հայ ազնվականության զենքերը, որպեսզի նոր պայմաններին համակերպվելով փայլե հայ նոր հանճարը առեւտրական եւ արդյունաբերական աշխարհում։

Մինչ Անիում մարում էին ֆեոդալականության վերջին ճառագայթները,  Արեւմուտքը նոր էր ողջունում նրա արշալույսը։ Հասարակագիտական տեսակետից Արեւելքին էր պատկանում առաջնությունը, եւ նա էր կարապետը նոր բուրժուական իրավակարգի։

Այսպիսով՝ մի թագից դեպի մյուս թագը տանող չորս դար ժամանակամիջոցը ընթացել էր զարգացման հետեւողական շավղով։ Որքան էլ բեկված, խզված լինի առաջադիմության թելը արտաքին արհավիրքներից, բայց եւ այնպես կյանքը սահել է նրանց վրայից։ Պսակավոր Բագրատունիների հովանու տակ հայ աշխատանքը կարողացել է պարփակվել իր ազգային սահմանների մեջ եւ իր նպաստը բերել համամարդկային քաղաքակրթության շտեմարանին։


Հատված Նիկողայոս Ադոնցի Երկերի հատոր Ա-ից (Երևան, 2006)

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ