Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում | Մաս 1

Նիկողայոս Ադոնց. Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում | Մաս 1

Շարունակելով կայքում ներկայացնել Ղարաբաղյան շարժմանը նախորդող հայկական քաղաքական հոսանքների պատմությունը՝ որոշ կրճատումներով հրապարակում ենք մեր լավագույն պատմաբաններից Ն. Ադոնցի (1871-1942) «Քաղաքական հոսանքները հին Հայաստանում» դասական հոդվածը՝ առաջին անգամ հրապարակված 1927-ին Բոսթոնի «Հայրենիք» ամսագրում: Եթե մեր պատմագիտությունը, հատկապես Հայաստանում, ընթանար Ադոնցի նախանշած ուղով, ապա վաղուց կործանված պիտի լինեին մեր պատմության մասին ցայսօր տարածված բազմաթիվ կարծրատիպեր:

Ադոնցի այս հոդվածում հերքվում են միանգամից մի քանի այդպիսի կարծրատիպեր: Օրինակ.

-Հայերը պատմականորեն միշտ եղել են քաղաքական բնազդից եւ կազմակերպվածությունից զուրկ ազգ: Պատմական փաստերով Ադոնցը ցույց է տալիս, որ դա այդպես չէ:

-Ֆեոդալիզմը՝ նախարարական կարգը, պատմական չարիք է եղել Հայաստանի համար: Այս անհեթեթ պիոներական պատկերացումը նույնպես հերքվում է անվանի գիտնականի կողմից. ցույց է տրվում, որ հենց շնորհիվ ուժեղ ազնվականության՝ մեր երկիրը միշտ պահեց իր ներքին անկախությունը:

-Հայաստանը միշտ եղել է կախյալ երկիր: Ադոնցը ցույց է տալիս, որ մի բան է կախյալը, մեկ այլ բան՝ նվաճվածը: Քանի դեռ պահանվել է հայ ազնվականությունը, Հայաստանը երբեք հնարավոր չի եղել իրապես նվաճել:

-Հայ ազնվականությունը եղել է օտարամոլ, դավաճան եւ քաղաքականապես տգետ: Սա նույնպես հերքվում է. ցույց է տրվում, որ հայ ազնվականության մեջ եղել են երկու տարբեր քաղաքական հոսանքներ՝ յուրաքանչյուրն իր ծրագրով, եւ դրանց մրցակցության շուրջ է հյուսվել հայոց պատմությունը:

Անշուշտ, Ադոնցի այս հոդվածը միայն զուտ պատմագիտական նպատակ չունի: Հեղինակն ինքն էլ չի թաքցնում, թե իր նպատակը նոր շրջանի հետ զուգահեռներն են: Խոսելով միջնադարյան երկու՝ «հեղափոխական»՝ Մամիկոնյանց, եւ «իրատեսական»՝ Բագրատունյաց, հոսանքների մասին՝ Ադոնցը շեշտում է, որ երկուսն էլ իրենց տեղն ու դերն են ունեցել, ոչ թե մեկը եղել է հայրենասեր, իսկ մյուսը՝ դավաճան: Սակայն ակնհայտ է, որ Ադոնցի համակրանքը երկրորդ՝ Բագրատունյաց հոսանքի կողմն է: Նա թափանցիկ ակնարկում է, որ նոր շրջանի ազատագրական պայքարը, վերարտադրելով Մամիկոնյանց հարացույցը, սխալվել է: Այս հարցում, մեր հեղինակը, կարծես նույնիսկ որոշ չափազանցություն է թույլ տալիս, բայց տվյալ դեպքում սա դուրս է մեր քննարկման շրջանակից:

Կարեւոր է այն, որ Ադոնցը վերհանում է հատկապես Բագրատունյաց քաղաքականության հարացույցը՝ ցույց տալով, որ մեր պատմությունը հյուսված է ոչ միայն Մամիկոնյանների արյունոտ ապստամբությունների, այլեւ Բագրատունիների հեռատես, սառը եւ հաճախ մաքիավելիստական ռազմավարության շուրջ, եւ որ հենց երկրորդն է ի վերջո հանգեցրել Հայաստանի անկախության վերականգնմանը: Այդպիսով հայոց պատմությունը դադարում է լինել միայն հերոսական, բայց ձախողված ընդվզումների՝ «բարոյական հաղթանակների» մասին տափակ պատում: Ի դեպ, կարեւոր է նաեւ, որ Ադոնցը, ի տարբերություն մեր պատմաբանների մեծ մասի, չի ամաչում ի ցույց դնել, որ մեր հին ապստամբությունների մեծ մասի եւ հատկապես դրանցից ամենաձախորդների թիկունքում կանգնած են եղել բյուզանդացիները:

Պատահական չէ, իհարկե, նաեւ այն, որ Ադոնցի հոդվածը հրապարակվում է հենց «Հայրենիք» ամսագրում: 1920-30-ականներին «Հայրենիքը» եղել է Դաշնակցության հիմնական օրգաններից մեկը: Զարմանալի կարող է թվալ, որ Ադոնցի պահպանողական հայացքները կարող էին ինչ-որ չափով համահունչ լինել ՀՅԴ այն ժամանակվա գծին, բայց դա այդպես էր, եւ սա էլ այլ խոսակցության թեմա է:

Նախկին hambardzum.am կայքի խմբագրություն

*  *  *

Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում

I

Դարերից ի վեր սովորություն է դարձած վատաբանել հայ ազգությունն իր որպես թե հակահասարակական հատկության համար։ Ներքին խռովություններն ու ընդհարումները հասարակական կյանքի ասպարեզում որակվում են միշտ իբրեւ հետեւանք անմիաբան եւ հակառակիչ ոգու։ Անմիաբանության համբավը համարվում է ընդաբույս խորշում մեր ալեւոր ճակատին։ Նա ինքն է պատճառ կարծվում եւ մեր ճակատագրական դժբախտությանց։ Ցան եւ ցրիվ, մանավանդ ներհակ եւ հակառակ գործունեությունն է, որ տանում է մեզ դեպի վտանգների եւ դառնության նեղուցները։

Այսպես էին մտածում հները եւ նրանց հետեւելով՝ նորերը։

Հայ ազնվականությունը, երկրի ամենակարեւոր առանջնորդ ուժը, ներկայանում է մեզ հետնորդներիս հին մատենագիրների մոտ այնպիսի սեւ գծերով, որ միայն հառաչել կարելի է։ Երկպառակտություն, գժտություն, դավադրություն, փառամոլություն, քսություն, ամեն ստորին ձգտում, բայց ոչ հասարակական բարձր խոյացում, ― ահա ինչպես է նկարագրվում նախարարական միջավայրը։

Կողմնակալ գրիչներն ուզում են հավատացնել համառորեն, որ հայ իշխաններն այնքան տկարամիտ էին, որ գերադասում էին օտար կուսակալին սեփական թագավորից եւ կամ նրանց համար ավելի հարգի էին Չունակներն ու Բրքիշոները, քան Ներսես-Սահակները։

Չափազանցությունը երբեք առաքինություն չէ մանավանդ մատենագրի համար, որից պահանջվում է անաչառ եւ խոհուն կշռանք։ Մեր նախնիք հաճախ մեղանչած են արդարության դեմ, աղավաղելով ժամանակակից իրողությունները։ Շնորհիվ նրանց միակողմանի եւ թյուր լուսաբանության մեզ ներկայանում է անցյալը շատ անգամ որպես անհատական սանձարձակությանց ասպարեզ, զուրկ գաղափարական ղեկավար նշանաբաններից։

Հարկավ հներից չի կարելի սպասել երեւույթների վերլուծում, անցքերի գնահատում այնպես, որպես պահանջում է արդի քննիչ միտքը։ Ո՛չ մատենագիրների տեսակետը եւ ո՛չ նոցա հանձնարարականները չեն կարող պարտադիր համարվել մեզ համար։ Նրանց հայտարարություններն անգամ հարգի են լոկ իբրեւ կուսակցական ապրումների արդյունք։

Եթե պատմական ստույգ իրողությունների վրայից հանենք այդ պատրանքը, որ պատկանում է մատենագիրների անձնական տեսության, եւ հետեւենք անցքերի հաջորդական ելեւէջներին, կտեսնենք, որ նրանց  հիմը կազմում են երկու քաղաքական գործելակերպ, երկու ուղղություն, ձգված ամբողջ դարաշրջանի երկարությամբ։ Հայրենասերներ եւ դավաճաններ չէին եւ ոչ էլ բարեմիտ եւ չարագործ ուժեր, որ դեմ առ դեմ կանգնած պայքարում էին ընդգրկած ուղիների վրա։ Երկու խոշոր հոսանքներ էին, որ ձգտում էին միեւնույն նպատակին տարբեր միջոցներով, միեւնույն մարմնի հարազատ հատվածներ, բռնված նույն քաղաքական տենդով։

Ի՞նչ էր նրանց գաղափարական ինքնորոշումը։

Հարցս միայն տեսական շահ չունի։ Թվում է, որ հին դարերի քաղաքական հոսանքները մի տեսակ նախաշավիղներ են նոր ժամանակվա մեր կուսակցական խմորումների։

Ասել է, թե ազգային մտայնությունը քաղաքական մեծ հարցի հանդեպ մնացել է հավատարիմ հնության ավանդներին։ Հավատարմությունը բնավ գիտակցական չէ այս դեպքում, այսինքն՝ նա արդյունք չէ հին ուղիների ծանոթության։ Նման պարագաներն են, որ ծնել են նման հոգեբանություն եւ նման քաղաքական տրամադրություն ու ուղեգիծ, հին եւ նոր ժամանակները։

Անցյալում ունենք մի լայն շրջան, որ իր քաղաքական ոգորումներով նման է մեր տակավին թարմ ազատագրական շարժման եւ խրատական շատ նկատառումներով։

*  *  *

Իններորդ դարի կեսերին իրականացավ հայի քաղաքական երազը։ Հայաստանի մի մասը, փոքր, բայց կարեւոր բաժինը, ազատվում էր արաբական լծից։

Այն արյունը, որ թափեցին հայերը վերջին անգամ Արշակունի թագի պաշտպանության համար, ուղիղ չորս դարով անջատված երջանիկ օրից, երբ կորցրած թագը գալիս է զարդարելու Բագրատունի իշխանի գլուխը։

Աշոտը իրավունք ուներ տոնելու իր հաղթանակը տակավին 861 թվին։

Չորս դարը խաղաղության, անուշ քնի ոսկե ժամանակամիջոց չէր։ Գրեթե անընդհատ պատերազմների, խռովքի, անկումի եւ ամբարձի փոթորկալից շրջան էր։ Ի՞նչ գործոն եւ կամ ղեկավար ուժեր կային հրապարակի վրա եւ ինչպե՞ս էին դասավորված ձգտելի նպատակի հանդեպ։ Նրանք տարբեր էին քան այժմյան ուժերը, ինչպես եւ տարբեր է այն ժամանակվա եւ արդի հայ հասարակական կյանքի կառուցվածքը։

Հայտնի է, որ հին Հայաստանում տիրող իրավակարգն էր ֆեոդալականությունը կամ հայ բառով նախարարությունը։

Շատերը կարծում են, որ նախարարական կարգը մեծ չարիք էր մեր երկրի համար։ Արդարությունն ընդդեմ է այս կարծիքին։ Այսպես մտածել, նշանակում է բռնանալ պատմության վրա, մեղանչել իրականության դեմ եւ ոտնահարել պատմական հեռանկարները։ Ֆեոդալականությունն ընդունված էր ամբողջ իրանական քաղաքակրթության լայնատարած աշխարհում եւ նրա հասարակական եւ քաղաքական կազմակերպության հիմն էր։ Արդ ոչ միայն իրանական պետությանց, այլեւ Իրանի քաղաքակրության ստեղծող ուժը, ինչպես հեղինակավոր իրանագետներն են կարծում, հենց նույն ֆեոդալ իրավակարգն էր։ Նրա քայքայմամբ տապալվում, կործանվում է պարսկական այն բարձր քաղաքակրթությունը, որ ծաղկել եւ բարգավաճել էր Աքեմենյան, Արշակունյաց եւ Սասանյան հարստությանց ժամանակ։ Պարսից ազնվականությունն էր այդ քաղաքակրթության ստեղծողն ու պահպանողը եւ, երբ նա բնաջինջ եղավ արաբների ձեռքով, ընկավ եւ նրանց գործը։

Նույնանման դրության մեջ էր, եւ Հայաստանը։ Քանի որ շեն եւ կանգուն էին նախարարական տները, քաղաքական կյանք կար երկրում։ Նրանց անկումով մեր հայրենիքի դռները մնացին միշտ բաց աշխարհակալների եւ արկածախնդիր հրոսակների առաջ։ Արաբները հեշտությամբ տիրացան Հայաստանի այն մասերին, ուր ազնվականությունը գրեթե անհետացել էր, ծծվելով Բյուզանդական կայսրության մարմնի մեջ։

Այսօրվա գեղջուկ Հայաստանը, կար ժամանակ, որ աշխարհիս ամենից արիստոկրատ երկիրն էր։ Քանի՜ քանի տասնյակ մեծ ու փոքր իշխանական տոհմեր թառած էին Հայոց լեռների կրծքին։ Ամեն մեկն ուներ իր անառիկ ամրոցը եւ իր այրուձին, որ է հայտնի թվով հեծյալ մարտիկներ։ Այրուձին բաղկացած էր գրեթե բացառապես իշխանական ընտանիքների զավակներից եւ մերձավորներից։ Հայ ազատանի, որեար կամ մանկտի ասելով պատմագիրները հասկանում են ազատ դասի որդիներ։

[…]

Շնորհիվ մշտապես սպառազինված ազնվականության, Հայաստանը երբեք այն օրին չի հասել, որ դիաթավալ փռվի հաղթական թշնամու առջեւ, ինչպես տեսանք այդ նախարարության անկումից հետո։ Նրա օրով մեր երկիրը նվաճված չի եղել բառի բուն իմաստով։ Հռոմ, պարսիկ, արաբ եւ Բյուզանդիոն չեն կարող պարծենալ, որ նախարարական Հայաստանը պարտված դարձել է նրանց սովորական նահանգը։ Դարերի ընթացքում հայ ֆեոդալները կարողացան կռվել եւ պահել իրենց դիրքը եւ ազատությունը։ Նրանց թշնամի պետությունները ծանր փորձերից հետո ընտելացան մեղմելու իրենց հավակնությունը։ Տարեկան տուրք եւ զինվորական օգնություն, ահա այն երկու համեստ հանձնառությունները, որոնց նախարարությունը դնում էր իր եւ երկրի ազատությունը արտաքին թշնամուց։

Արշակունյաց անկումից հետո «ի նախարարսն Հայոց անկանէր թագաւորութիւնն»,― ասում է պատմիչը։

Թագավորի պարտականությունը պարսից վեհապետի հանդեպ կատարում են, ուրեմն, նախարարները։ «Գանձն յարքունիս Պարսից երթայր, ― շարունակում է պատմագիրը, ― սակայն, այրուձին Հայոց բովանդակ ի ձեռն նախարարաց առաջնորդէր ի պատերազմի»։

Նախարարները հոժար են արքունի գանձը, սովորական տուրքը վճարելու, բայց երբեք հանձնելու այրուձին օտարի ձեռքը։ Հրաժարվել այրուձիից, նշանակում է զինաթափ լինել, որ է ինքնասպանություն գործել։

Երբ արաբները խուժեցին Հայաստան VII դարում, հայ իշխանները արիաբար դիմադրեցին զենքով։

Թեոդորոս Ռշտունյաց իշխանը արտասովոր հեռատեսությամբ զգալով նոր աշխարհակալների անպարտելի հեղեղը, բարվոք համարեց հաշտություն կնքել այն պայմանով, որ երկրի ամենեն կարեւոր ավանդը, տեղական իրավակարգը չտուժե եւ անվրեպ պահպանվի։

[…]

Արաբների այս զիջող եւ մեղմ ոգին քաղաքական մեծ խորհուրդ ուներ։ Զինական ուժերով տակավին հարուստ Հայաստանի համակրությունը քանդել եւ նրա զորությունը լարել ընդդեմ Բյուզանդիայի, իրենց իսկական ախոյանին, խոհական մեծ քայլ էր արաբների կողմից։

Հայ նախարարությունն անգետ չէր իր խոշոր հարեւանների քաղաքական նկատումներին։ Հասկանում էր իր միջպետական դրության նշանակությունը եւ ձգտում էր ե՛ւ արժեցնել իր կարեւորությունը, ե՛ւ շահավետել ոսոխների թշնամությունը յուր համար։ Հայերը խուլ հանդիսատեսներ չեն եղել Արեւելքի եւ Արեւմուտքի մրցության եւ կամա թե բռնի խառնվել են նրանց ընդհարումներին։

Թե որքան կարեւոր էր համարվում հայի մասնակցությունը, վկա են պատմությունը եւ երեկվա տակավին թարմ հիշողությունները։

Հայ զենքի կշիռը ցոլում է մի սքանչելի պատմվածքում, հնությունից մեզ հասած։ Վասակ Մամիկոնյան, հայ այրուձիի սպարապետը, որ երկար տարիներ մեծ անախորժություններ էր պատճառել պարսից թագավորին, վերջապես գերի է ընկնում պարսից ձեռքը։ Շապուհ թագավորը դառնում է հայ զորականին հետեւյալ խոսքով․

«Աղուէս, դու էիր խանգարիչ որ այսչափ աշխատ արարեր զմեզ, դու ես այն, որ կոտորեցեր զԱրիս այսչափ ամս, եւ զի՞ գործես․ զմահ աղուեսու սպանից զքեզ»։

Քաջարի զորավարը, Վասակը, թեեւ գերի, պատասխանում է խրոխտաբար․ «Այժմ քո տեսեալ զիս անձամբս փոքրիկ, ոչ առեր զչափ մեծութեան իմոյ, զի ցայժմ ես քեզ առիւծ էի եւ արդ աղուէս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես սկայ էի․ մի ոտնս ի միոյ լերին կայր եւ միւս ոտնս ի միոյ լերին կայր։ Յորժամ յաջ ոտնս յենուի, զաջ լեառն ընդ գետին տանէի, յորժամ ի ձախ ոտնն յենուի, զձախ լեառն ընդ գետին տանէի»։

Գոռոզ արքան զարմացած, բացատրություն է խնդրում։ Հայ իշխանը մեկնում է աներկյուղ, որ երկու լեռները պարսիկ եւ Հոռոմ պետություններն են եւ նրանց բախտն է, որ կախված էր իրենից։

Անձամբ փոքր, բայց հսկա Վասակը մարմնացնում է հայ մարտական նախարարության։

Վիպական հոյակապ պատկերը ցույց է տալիս, որ հայ իշխանները գերազանցորեն գիտակցում էին իրենց դերը միջազգային բախումների ժամանակ։ Բայց ի՞նչ էր նրանց ուղեգիծը երկու սլաքների միջեւ, արդյո՞ք հետամուտ էին սեփական քաղաքականության, թե՝ զուրկ ազգային ձգտումներից, ճոճվում էին հարեւանների ինքնահաճ հովերից։

Պետք է խոստովանել, որ ֆեոդալ կարգերը վատ համբավ ունին գրեթե ամենուրեք։ Հայ նախարարությունը, որ նմանապես ֆեոդալականություն է, բնական է, որ մասնակից լինի եւ նրա թերիների, եւ վատ անվան։

Անշուշտ, հայ իշխանական մեծությանց մեջ կային այնպիսիները, որոնց մտքի հորիզոնը ավելի հեռու չէր գնում, քան աչքի տեսությունը եւ որոնց համար հայրենիքի սահմանները կանգ էին առնում այնտեղ, ուր վերջանում էր իրենց կալվածը։ Բայց ընդհանրությունն այդպես չէր։ Ինչպես դասակարգ, հայ ազնվականությունը ոչ միայն հայրենասիրություն եւ ազգային բարձր ձգտումներ ուներ, այլեւ անձնվիրություն եւ կորով հետապնդելու իր ձգտումների իրագործումը։

[…]

Անկաշկանդ բարգավաճելու ամենակարեւոր պայմանը քաղաքական անկախությունն է։ Ազատության համար մղված կռիվները եւ ջանքերը գրեթե կլանում են ազգերի պատմությունը։

Հայ նախարարությունը եւս ծարավի էր ինքնուրույնության։ Ոչ մի ժամանակ այնքան ճիգ ու արյուն չէ թափված օտար լուծը թեթեւացնելու եւ կամ իսպառ թոթափելու համար, որքան նախարարական շրջանում։

Երկու տրամադրություն էր տիրում առաջնորդող ուժերի մեջ համաձայն երկու ճանապարհի, որ տանում է դեպի քաղաքական տենչանք։ Ըմբոստության տարբեր միջոցներ են, տարբեր դրոշակներ։ Սրանց շուրջ էին դասավորված երկրի գործոն ուժերը, ղեկավար ունենալով երկու նշանավոր տներ։

Մի ուղղության դրոշակակիրներ էին Մամիկոնյան սխրագործ իշխանները, մյուսի՝ ծանրախոհ Բագրատունիները։

Տեսականորեն երկու հոսանքները միմյանց չեն բացասում, բայց գործնական գետնի վրա ծնում են բախումներ, աղետալի հետեւանքներով։ Այստեղից է եւ Մամիկոնյան եւ Բագրատունի տոհմերի ողբերգական թշնամությունը։

Նախարարական շրջանների պատմությունը էապես այս երկու տների պատմությունն է։

Բավական չէ նրանց նկարագիրը տալ։ Կուզեի աչքի անցնել թեթեւակի բոլոր նշանավոր քաղաքական անցքերը, որ տեղի են ունեցել Հայաստանում Արշակունյաց անկումից մինչեւ Բագրատունիների բարձրանալը։ Ամեն ոք ի վիճակի կլինի անձամբ համոզվելու, թե ի՞նչ դեր են կատարել երկու դրոշակակիր տները հայ անցյալում եւ ի՞նչ է նրանց ընտանեկան եւ քաղաքական դիմամարտության հիմը։

Հայերը դեռ սգի մեջ էին։

Հազիվ սթափված այն ընդարմացնող հարվածից, որ պարսիկները հասցրել էին Արշակունյաց գահին, պատասխանատու դասը հետամուտ եղավ վերկանգնելու կորցրած թագը։ Վարդանանց եւ Վահանանց կռիվները անդրանիկ փորձեր էին, որ անհաջող անցան։

Նրանց քաղաքական բնույթը տարակուսանքից դուրս է, թեեւ սքողված է եկեղեցական շքեղ շուրջառի տակ։ Այդ կեղծ ծածկոցը, որ այնքա՜ն խնամքով եւ ոգեւորությամբ փռել են ցայժմ մեզ համար սրբազան ձեռքեր, ինքն իրեն վերանում է Վասակի դատի ժամանակ, որպեսզի ցույց տա ամբաստանված մարդու վեհությունն իր անկման մեջ, վերանում է, որպեսզի մերկացնե, ազատե ճշմարտությունը սոսկալի կրքերի բռնությունից։

Պարսիկները առանձին փափկանկատությամբ գահազուրկ Հայոց մարզպանությունը հանձնել էին Սյունյաց իշխան Վասակին, նախարարների մեջ ամենակարող դեմքին։ Նրա շրջանում է ծագում ապստամբության միտքը։

Հետագայի պատմությունը իրավունք է տալիս կարծելու, որ գործին խառն էր եւ Բյուզանդական դուռը, թերեւս իսկական գրգռիչը։

Հազկերտի գահակալության առաջին տարիները պարսիկները ասպատակել էին հանիրավի կայսերական հողերը հակառակ 422 թվին կնքած դաշինքի։ Թեոդոսիոս կայսրի խաղաղասիրությունն էր պատճառը, որ ապօրինի արշավանքը ծանր հետեւանքներ չունեցավ։

Վասակի ծրագիրը կարող էր ներշնչված լինել Բյուզանդիայից որպես հակացույց կամ վրեժ պարսիկներից կրած վիրավորանքների համար։

Թեոդոսիոս կայսրը մասնակից էր շարժման եւ խոստացել էր օգնություն։ Վասակը նախապես ապահովելով թիկունքը հունաց կողմից, համաձայնության էր եկել նաեւ անմիջական դրացիների՝ Վրաց, Աղվանից եւ Աղձնյաց աշխարհների հետ, որպեսզի միահամուռ ուժերով նետեն պարսկական լուծը։

Սակայն Թեոդոսիոս կայսրը մեռնում է 450 թվին, 28 հունիսի։ Ծրագրիը մնում է կախված օդի մեջ, քանի որ նոր կայսրը, Մարկիանոսը, չի ուզում հայերի պատճառով վրդովել խաղաղությունը Արեւելքում, մանավանդ, որ քաղկեդոնական վեճերը արդեն սպառնում էին տակնուվրա անել ամբողջ պետությունը։

Այս պայմաններում այլ բան չէր մնում, եթե ոչ հրաժարվել կամ հետաձգել խռովության ծրագիրը։ Խոհեմությունն էր թելադրում այս նահանջը եւ խոհականությունը, որպեսզի սուրբ գործը չվիժե անխորհուրդ արկածախնդրությամբ։

Տարաբախտաբար ուշ էր։ Հուզված ամբոխը շատ էր հառաջացել եւ արդեն արյուն թափել։ Դյուրաբորբոք գլուխները ծանր վիրավորանք էին հասցրել պարսիկ կրոնավորներին եւ պետական մեծ ոճիր գործել, ավերելով ատրուշանները եւ ջուրը նետելով սրբազան հուրը։  Հրդեհը արդեն վառված էր։

Խռովարարների գլուխն է անցնում Մամիկոնյան կտրիճ տունը։ «Ամենայն իրք այսպիսի գործոց, ― ինչպէս վկայում է Մամիկոնյան պատմիչը, ― ի բնէ յոլով Մամիկոնէիցն ազգաւ եւ նոցա միաբանութեամբ ելեալ էին ի գլուխ» եւ «առանց առաջնորդութեան ազգին այնորիկ եւ ոչ մի ինչ իրք եւ գործք աշխարհիս Հայոց երթեալ էին ի գլուխ»։

Այսպիսով նախարարների ուխտը քակվում է։ Ապստամբները բաժանվում են երկու բանակի, մեկն ուզում է շարունակել գործը, մյուսը՝ տեսնելով ձախորդ հանգամանքները, նախադասում է հետ կենալ եւ ամեն ինչ մոռացության տալ։ Առաջնի ղեկավարներն էին Վարդան Մամիկոնյան եւ Ներշապուհ Արծրունի, երկրորդի՝ Վասակ Սյունի եւ Տիրոց Բագրատունի։

Ո՛չ ուրացության եւ ո՛չ դավաճանության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Երկու կողմն էլ հավասարապես հասարակական շահն ի նկատի ունեին։ Տարբեր էին նրանց տեսակետները, երկուսն էլ կասկածելի իրենց առավելությամբ։

Ապստամբության ծրագիրը հիմնված էր Արեւմուտքից ակնկալած օգնության վրա։ Ունայն հույս․ կայսրը ոչ պակաս փութով քան պարսիկները վերացրել էր Արշակունյաց թագը հունական բաժնում։ Թեթեւամտություն էր հուսալ, որ այդ կայսրը օգներ հայերին վերականգնելու կորցրած անկախությունը պարսկական բաժնում։

Ուխտապահների դիրքը ավելի նպաստավոր չէր։ Մի ժողովուրդ, որ այնպիսի անտարբերությամբ վերաբերվեց Արշակունիների վերջին հառաչանքին, անընդունակ էր կամ անկարող նորեն խոյանալու դեպի քաղաքական բարձունքը։ Հայի ուժերը չէին ներում խրոխտանալ մեծ պետության դեմ։

Ուխտանենգները սթափվելով երազներից փրկեցին երկիրը ահեղ փորձանքից, իսկ ուխտապահները մարտիրոսացան, գիտակցորեն մահը գրկեցին, որ անմահանան եւ օրինակ ծառայեն սերունդներին եւ խրատ բռնավորին, որ բռնությունն էլ իր սահմաններն ունի, եւ որ հայ ժողովուրդը չի ուզում գլորվել մինչեւ ստրկության հատակը։

Հայաստանի խռովյալ վիճակը տեւեց գրեթե տասը տարի՝ մինչեւ գերված նախարարների դարձը։

Քսան տարի չանցած վերստին աղմկում է երկիրը։ Առանձին պատճառ չկար, եթե ոչ հին վերքի մորմոքը։

Ժամանակակից պատմիչը գանգատվում է, որ «աւազակ, անպիտան, հացկատակ, վատատոհմիկ» որեարները առաջին էին քշվում, իսկ արժանավոր մարդիկ հետ մղվում։

Այսպիսի չարիք լուրջ շարժառիթ չէ կարող նկատվել քաղաքական ծանր քայլերի։ Թվում է, որ բանսարկուն դարձյալ արեւմտյան կեղծ բարյացակամն էր։

Հայ ավագանիները, սրտացավ իշխանները Գյուտ կաթողիկոսի մոտ հավաքված խորհրդակցում են իրերի դրության մասին եւ ուրիշ դարման չեն գտնում, եթե ոչ «ի խնդիր լինել օգնականութեան եւ ապստամբել։ Առաքէին գաղտ եւ պատգամաւորս միանգամ եւ երկիցս առ թագաւորն Յունաց Լեւոն, որոյ թէպէտեւ յանձն առեալ կամէր օգնել, յերկարէր ժամն եւ խափանէին խորհեալքն»։

Լեւնը Մարկիանոսի հաջորդն էր եւ թագավորեց 457-474 թիվը։ Եթե նոր ապստամբությունը, որ պայթեց 482 թվին, պատրաստվում էր դեռ Լեւոնի օրով, նշանակում է, որ նա նոր բան չէր իսկապես, այլ հին կրակը՝ վառված 451 թվին, որ շարունակում էր մխալ։

Հրապարակի վրա նույն հին կուսակցություններն են, հին երկփեղկ մտածողությունը։ Մեկի պարագլուխը դարձյալ Մամիկոնյան տունն է, շրջապատված նախկին համակիրներով՝ Արշակունյաց, Վահեւունի, Պալունի եւ այլ տոհմերով։ Հակառակ բանակում կանգնած են Գադիշո Մաղխազ Խորխոռունյաց իշխանը եւ Վասակի համախոհը, եւ Սյունյաց իշխան Գդիհոնը։ Վասակի նման Գադիշո Մաղխազն եւս, որ դատապարտվել է սեւ բախտի եւ ընկել սերունդների անեծքի տակ, միանգամայն անպարտ է։ Գադիշոն ապրել էր անձամբ նախորդ անցքերի դառնությունը, նրա հիշողության մեջ դեռ չէր ցամաքել թափված անմեղ արյունը։ Իրավամբ կարող էր խորշելի համարել նոր ցնցումներ եւ աղետաբեր՝ երկրի համար։

Պետք է խոստովանել, որ Վարդանանց կռվից հետո պարսիկները ամեն զիջումներ արին Հայոց։ Արքունի հրամանով Ատրորմիզդ մարզպանը հայտարարել էր կրոնական ազատություն, «ի կամս մարդոյն թողեալ ըստ իւրաքանչիւր մտաց որպէս զինչ եւ կամի պաշտել՝ պաշտեսցէ»։ Ներումն էր շնորհում բոլոր փախստականներին եւ քաղաքական հանցավորներին, բացի ձերբակալված անձերից, որոնց մեծ մասը ազատ թողնվեցին։ Այլեւ «թողուլ հրամայէր զհարկս աշխարհին եւ զայրուձին եւս զարքունի թեթեւացոյց առ ժամանակ մի»։

Այսքան ներողամիտ քաղաքականությունից հետո նոր աղմուկներ հարուցանել, խաղաղությունը վրդովել պիտի թվեր անիմաստ։

Շատերը կարծում էին, որ նոր ցույցերը ծնդունդ են Մամիկոնյան խռովասեր ոգու։ «Ոչ է հնար սմա (այսինքն՝ Վահանա) առանց ապստամբութեան կեալ ի հայս։ Յիշեցուցանէին Արեաց եւ զնախնեաց նորա զմիոյ թէ ո՞վ ի նոցանէ ոչ խռովեցոյց զԱրեաց աշխարհ եւ ոչ արար մեծամեծ վնասս եւ մահունս։ Արդ երբեւէ, ասեն, սա զնոյն խռովութիւն յարուցանելոց է ի վերայ ձեր»։

Վահանը Վարդանի եղբոր՝ Հմայակի որդին էր։ Հմայակն եւս ընկել էր խռովության տարին։ Հնարավոր է, որ Վահանին օտարոտի չէր եւ ընտանեկան վրեժխնդրության ոգին։ «Ի հարցն իմոց ես տղայ մնացի, ― ասում է Վահանը, ― ո՛չ զվաստակս նոցա, որ առ Արեաց աշխարհն լեալ է, գիտեմ եւ ո՛չ յանցման նոցա հաղորդ ինչ էի»։

Արդյո՞ք այս խոսքերով պատմագիրը չի ուզում արդարացնել իր հերոսին այն կասկածներից, որ նա իբրեւ թե մերձավորների մահվան վրեժը լուծելու աղագավ է, որ ըմբոստացել է։

Ճշմարիտ է, Վահանի զենքի շաչյունը այն ժողովրդականությունը չուներ, ինչ որ Վարդանինը, բայց նրա շարժառիթները նույնչափ ազնիվ էին եւ հեռու անձնականությունից։

Խնդիրն այն է, որ ինչ որ տանելի էր Գադիշոյի եւ նման իշխանների համար, անհանդուրժելի էր թվում Մամիկոնյան կտրիճների տեսակետից։

[…]

Ապստամբ բանակի շունչը Մամիկոնյաններն էին։ Տրամախոսությունը ուրիշ նպատակ չունի՝ պատմագրի գրչի տակ, եթե ոչ ընդգծել Մամիկոնյան իշխանի հեղափոխական խառնվածքը։ Վահանը ապստամբում է եւ երկու տարի շարունակ ճակատում է պարսկական հետապնդումներին ամենայն հաջողությամբ։ Պերոզ թագավորը սպանվում է հոնաց արշավանքում 484 թվին եւ նրա հաջորդ Վաղարշը հաշտության է կանչում ըմբոստներին, մեղքը գցելով իր նախորդի ամբարտավան ուսերին։

[…]

Վահանը հաղթող հանդիսացավ եւ ձեռք բերեց մարզպանությունն ինքը եւ իրենից հետո իր եղբայր Վարդը։

Հակառակ հոսանքը կարող էր զսպել հաղթականների հրճվանքը եւ արդարացնել իրենց վերապահ դիրքը, ցույց տալով, որ հաղթությունից հետո հայերը ավելի բան չստացան, քան ունեին ապստամբությունից առաջ։

*  *  *

Ավելորդ սնապարծություն կլիներ վերագրել Վահանի հաջողությունը միմիայն նրա զենքին։ Գահակալության վեճերը եւ մոտալուտ պատերազմի վտանգը Բյուզանդիայի հետ, հարկադրեցին Պարսից Դուռը օր առաջ խաղաղացնելու Հայաստանը։

Վաղարշի հաջորդ Կավատի օրով արդարեւ սկսվեց պատերազմը, որ տեւեց ամբողջ դար եւ եթե երբեմն դադարում էր՝ միայն նոր համար, որ վերսկսվի ավելի լայն ծավալով։ Այս շրջանը խրատական է նրանով, որ հայ գործիչներին բերում էր դառն հիասթափություն քրիստոնյա Արեւմուտքի նկատմամբ։ Հուսախաբությունն այնքան մեծ էր, որ ստիպված էին Մամիկոնյաններն եւ  Բագրատունիք միացած ուծերով դուրս գալ կայսերական ոտնձգությունների դեմ։

[…]


Հատված Նիկողայոս Ադոնցի Երկերի հատոր Ա-ից (Երևան, 2006)

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ


Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում | Մաս 2