Ա. Արագո. Ռուսաստանը եւ հայկական ցեղասպանություն
1915-23 թվերի հայկական ցեղասպանությանը վերաբերող գործերում բացահայտվել է, այն էլ՝ ոչ անհրաժեշտ մակարդակով եւ խորությամբ, միայն Թուրքիայի եւ մասամբ էլ՝ Գերմանիայի ոճրագործությունը։ Այդ ցեղասպանությունը չորս տերությունների՝ Անգլիայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Թուրքիայի ոճիրն է։ Սակայն առ այսօր բոլորովին չի լուսաբանված Անգլիայի եւ Ռուսաստանի ոճրապարտությունը հայասպանդի մեջ։ Դա հետեւանք է ճիշտ նույն օրինաչափության, որը գործում է մաֆիայի բացահայտման ժամանակ․ նախ բռնվում է մաֆիայի կատարածու անդամը (տվյալ դեպքում՝ Թուրքիան), դրանից հետո՝ նրա անմիջական գործակիցը (տվյալ դեպքում՝ Գերմանիան), այնուհետեւ՝ ոճրագործությունը իրականացնելու հնարավորությունը նախապատրաստողը (տվյալ դեպքում՝ Ռուսաստանը) եւ վերջում մաֆիայի գլխավորը (տվյալ դեպքում՝ Անգլիան)։ Բացի մատնանշված օրինաչափությունից, ցեղասպան տերությունների ոհմակի առ այսօր ոչ լրիվ բացահայտւմը պայմանավորված է եղել նաեւ Անգլիայի նկատմամբ հայ մտաշխարհի ունեցած հոգեբանական պատնեշով, իսկ Ռուսաստանի ոճրապարտության հարցում՝ նաեւ քաղաքական եւ պետական-ահաբեկչական արգելքներով։
* * *
Ռուսաստանը ոչ միայն Թուրքիայի ցամաքային ու ծովային անմիջական ու ահարկու հարեւանն է, որից Թուրքիան հիմնավորապես վախենում էր ու զգուշանում, այլեւ Հայաստանի արեւելյան մասի տիրակալն էր։ Ուստի՝ նրանից վճռականորեն ու մեծապես կախված էր Հայաստանի ոչ միայն քաղաքական բախտի լուծումը, այլեւ՝ առանց նրա համաձայնության ու համագործակցության, Թուրքիայի համար բացարձակապես անհնար էր հայ ժողովրդի նկատմամբ որեւէ բռնության կատարում։ Երեսուն հազար բուլղարների կոտորածը Ռուսաստանը Թուրքիային հատուցել էր տվել Բալկանյան թերակղզու կորստով։ Նույնը Ռուսաստանը միշտ էլ եւ ամեն քայլափոխի ի վիճակի էր անել Հայաստանի համար։ Բայց Ռուսաստանը Արեւելյան Հայաստան էր մտել դեռեւս 1807 թվից՝ Կովկասը ռուսաբնակ գաղութ դարձնելու պատրաստի ծրագրող։ 1813-33 թվերին Ռուսաստանը պատրաստում է Արեւելյան Հայաստանը ռուսաբնակ գաղթավայր դարձնելու առաջին մեծ ծրագիրը։ Հարյուր տասը տարում՝ 1807-1917 թվերին Ռուսաստանը անընդմեջ վարել է այդ ծրագրի իրականացման հետեւողական քաղաքականություն։ 1842 թվից սկսում է ռազմական բնակավայրեր հիմնել Կովկասում եւ Արեւելյան Հայաստանում։ Ռուսաստանը կիրառում էր գաղութացման նաեւ մաքոքային քաղաքականություն՝ կայսրության ազգային մի երկրից հպատակ ժողովրդին բռնահանելով եւ վերաբնակեցնելով մի այլ ազգային երկրում, առաջ բերելու համար ճնշված ժողովուրդների միջեւ արհեստական թշնամություն, ամբողջ ժամանակ նրանց նկատմամբ գործելով «բաժանիր եւ տիրիր» սկզբունքով, իսկ տեղահանվածների հողերի վրա ռուսներ բնակեցնելով։ Այդպես Կովկասում հայտնվում են մոլդավացիների, լիտվացիներ, էստերի եւ այլ ժողովուրդների գաղութներ։
1840 թվից վարչաքաղաքական նոր բաժանման պատրվակով Ռուսաստանը վերացնում է հայ ժողովրդի նույնիսկ անունը ռուսական պաշտոնական լեզվից՝ «Հայկական մարզի» փոխարեն վարչաքաղաքական նոր միավորները կոչելով նահանգային կենտրոնների անուններով։ Ընդ որում, վարչական նոր բաժանումը Ռուսաստանը միտումնավոր անում է այնպես, որ Կովկասի բոլոր նահանգներն էլ լինեն ազգայնապես խառը, որով մանրատում-տրոհում է արեւելահայերի հավաքականությունը։ Ռուսաստանը դա անում է հայակործան հատուկ նպատակով՝ խաթարելու Արեւելյան Հայաստանում հայկական պետության առաջացման քաղաքական հնարավորությունը։ Հենց այդ ժամանակ էլ Ռուսաստանը բռնապոկում է Արցախը Հայկական մարզից եւ խցկում այսպես կոչված Ելիզավետպոլի նահանգի մեջ, իսկ Լոռին եւ նրանից հյուսիս գտնվող հայկական շրջանները՝ Թիֆլիսի նահանգի մեջ։ Նույն ժամանակից Ռուսաստանը արգելում է հայերի ազգանունների հայկական ձեւը գործածել․ դա հայ ազգի ձուլման առաջին աստիճանն էր։ Ռուսաստանը ձեռնարկում է հայ ժողովրդի անարյուն կամ սպիտակ ցեղասպանություն։
1860-ական թվերի սկզբից սկսված հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության ընդհանուր զարթոնքը եւ ազատագրական շարժումը Ռուսաստանը դիմավորում է խորին թշնամությամբ, քանի որ վերջնականապես համոզվում է, որ իր անթվակիր պատմության ընթացքում ոչ մի ազգի հետ ձուլվելու ցանկություն չունեցած հայ ազգը ցանկություն չունի եւ կտրականապես դեմ է նաեւ ռուսանալու։ Այնինչ ռուսական հայեցակետով՝ այն բանի դիմաց, որ Արեւելյան Հայաստանում պարսկական բարբարոսական լուծը Ռուսաստանը փոխարինել էր վելիկոռուսական կիսաբարբարոսական լծով՝ հայ ազգը պարտավոր էր ռուսանալ։
Բայց մինչեւ 1877-78 թվերի ռուս-թուրքական պատերազմը, քանի որ Ռուսաստանի համար մշուշապատ էր ամբողջ Հայաստանի նվաճման կարելիությունը՝ մշուշապատ էր նաեւ այդ երկրի անդրեածին տիրոջ՝ հայ ազգի նկատմամբ ամբողջապես բռնելիք դիրքի հարցը։
Իսկ երբ 1877-78 թվերի պատերազմով ակնհայտ է դառնում Ռուսաստանի համար, որ այդուհետեւ նվաճելու հերթը անմիջաբար հասել է Արեւմտյան Հայաստանին՝ ծագում է նաեւ ամբողջապես հայ ազգի նկատմամբ բռնելիք դիրքի հարցը։ Եվ մինչ հայ ազգը փափագում էր Ռուսաստանի օգնությամբ թուրքական լծի տապալումը սկիզբ դարձնել Հայաստանի քաղաքական անկախության, Ռուսաստանը ձգտում էր Հայաստանը վերածել ռուսական պրովինցիայի, ըստ «նվաճել Արեւելքը» ծրագրային քաղաքականության։ Այդ հայակործան քաղաքականությունը հայելացել է արդեն 1853 թվի փետրվարի 22-ի՝ Նիկոլայ 1-ի հայտարարության մեջ․ «Ես երբեք թույլ չեմ տա Թուրքիայի տրոհումը մանր հանրապետությունների․․․ Քան թե հաշտվել այդպիսի հնարավորություններից մեկի հետ՝ ես ավելի վաղ պատերազմ կսկսեմ եւ կվարեմ այն, քանի դեռ կունենամ գոնե մեկ զինվոր․․․»։
Հայկական եւ ռուսական նպատակներն, այդպիսով, տրամագծորեն հակամետ էին եւ հակընդդեմ։ Հայ ժողովուրդը թուրքական ռասայական լծի թոթափման մեջ դնում էր արմատական իմաստ, այն է՝ ազգային-ազատագրության խնդրի վերջնական լուծում, այնինչ Ռուսաստանը հետապնդում էր միայն թուրքական վայրագ լուծը Հայաստանում վելիկոռուսական «քաղաքակիրթ» լծով փոխարինելու նպատակ, որպեսզի՝ 1. Հայաստանը դարձնի ռուսաբնակ-կազակային երկրամաս եւ այդպիսով՝ 2. Հայաստանը դարձնի ցատկահարթակ դեպի Միջագետք, Արաբիա, Պարսկաստան եւ Հնդկաստան ոստնելու համար։ Ռուսաստանը ձգտում էր Հայաստանում հիմնել Արարատյան եւ Եփրատյան կազակություններ, որոնք պետք է ոչ միայն Հայաստանը ընդմիշտ բռնակցված պահեին Ռուսաստանին, այն է՝ Հայաստանի վրա հիմնեին ռուսական մարզեր, այլեւ՝ Ասիայում հետագա նվաճումների հիմք լինեին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին նման հիմք էին եղել նվաճումների համար Դոնի, Կուբանի եւ ուրալյան կազակությունները։ Հայ ազգը իր մեծ պատմությամբ եւ անձուլելի ինքնությամբ սեպ էր Ռուսաստանի այդ աշխարհակալ ձգտումի իրագործման դեմ։ Այդպիսի ժողովուրդ ունեցող երկրի նվաճումը ռուսական տեսանկյունով հեռանկարային չէր կարող լինել։ Դա լրացվում է Բեռլինի վեհաժողովի շրջանում (1878թ․) Անգլիայի ներշնչումով, թե՝ քանի դեռ Ռուսաստանը համակողմանի չի յուրացրել Կովկասը՝ չպետք է ամբողջ Հայաստանը նվաճելու մասին մտածի։ Եվ Կովկասը յուրացնելու համար Ռուսաստանը ձեռնարկում է ամենից առաջ արեւելահայության ազգային գոյությունը բացառող քաղաքականություն, ինչը լիովին համապատասխանում է նաեւ Թուրքիայի շահերին։ Այդպիսով, իրենց արանքում գտնվող Հայաստանի դեմ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը համընկնում էին։ Հայ ժողովրդի դեմ Ռուսաստանը ստանձնում է Թուրքիայի պահապանի պաշտոնը եւ հանդես գալիս ազգային-ազատագրական հայկական շարժումները խեղդողի դերում։ Չբավարարվելով արեւմտահայության ազատագրական պայքարի դահճապետությամբ, Ռուսաստանն ինքն էլ հակահայ արշավ է սկսում իր կայսրության մեջ։ Արդեն 1883 թվին Ռուսաստանը գործողության է դնում «Հայաստանը՝ առանց հայերի» ծրագրի առաջին տարբերակը։ Արգելվում են հայկական դպրոցները եւ նույնիսկ «Հայաստան» անունը։ Միաժամանակ Ռուսաստանի հետ դաշնակցած եւ համաձայնեցված կերպով նույնը կատարում է Թուրքիան իր սահմաններում։ Երկու հարեւան կայսրությունները միաժամանակ եւ համատեղ սկսում են ոչնչացման չհայտարարված պատերազմ իրենց լծի տակ տառապող հայ ազգի դեմ։ Ռուսաստանում բոլոր հայերը վարչական կարգով վտարվում են ծառայությունից եւ պետական հիմնարկներից, իսկ հայկական մարզերում որեւէ ասպարեզում ոչ մի հայ չպիտի պաշտոնավարեր։ Ծայր է առնում Արեւելյան Հայաստանը եւ ռուսաստանյան բոլոր հայկական գաղութները միմիայն այլազգի եւ հատկապես հայատյաց պաշտոնյաներով հեղեղելու քաղաքականությունը։ Արգելվում է մեծ եւ գեղեցիկ տներ, պալատներ եւ արդյունաբերական ձեռնարկություններ հիմնել Երեւանում եւ բոլոր հայկական կենտրոններում ու մարզերում։ Դրամատեր եւ ընդհանրապես բոլոր կարող հայերը նշանավոր կառույցներ պիտի կատարեին առաջին հերթին Կովկասի փոխարքայության կենտրոն Թիֆլիսում, իսկ այնուհետեւ՝ այլ ոչ հայկական քաղաքներում։ Նշանավոր հայերը, որոնք մտակարողությամբ կարող էին արգելք լինել ռուսական հայակործան ծրագրի իրագործմանը՝ ոչնչացվում են։ Ռուսաստանի հակահայ գիծը մշտապես քաջալերում է Թուրքիային, որը հայ ժողովրդի կյանքը միաժամանակ դժոխք է դարձնում Արեւմտյան Հայաստանում՝ Ռուսաստանի նվաճած լեռնային Կովկասից տեղահանված մահմեդական ցեղերով։ Ռուսաստանի ծավալման գոհ այդ ցեղերը 1853-56 թվերի Արեւելյան պատերազմի շրջանից Թուրքիայի ձեռքին դառնում են կամակատար գործիք իրենց բախտակից հայ ժողովրդի դեմ։ Նրանց զանգվածային արտաքսումը Կովկասից դառնում է ելակետ եւ ակունք հայ ժողովրդի նոր ողբերգության Արեւմտյան Հայաստանում, որտեղ Թուրքիան նրանց օգտագործում է հայ ժողովրդին հակակշիռ մահմեդական տարր ստեղծելու եւ նրանով հայերին իրենց պատմական հայրենիքից դուրս մղելու եւ ոչնչացնելու համար։ Ամենից առաջ հենց այդ նպատակին էր ծառայում բնակչության «փոխանակման» ռուս-թուրքական համաձայնությունը՝ սկսած 1860-ական թվերի առաջին կեսից։ Երկու գիշատիչ հարեւան տերությունները հիանալի համագործակցում էին իրենց հպատակ ժողովուրդներին միմյանց դեմ թշնամացնելու եւ օգտագործելու ասպարեզում։ 1894 թվին այդ տերությունների փոխըմբռնումը հասնում է այնտեղ, որ թուրքական բռնապետը ռուսական դեսպանից է խորհուրդ հարցնում հայկական ազատագրական պայքարը ճնշելու մասին, եւ վերջինը քաջալերում ու խորհուրդ է տալիս սուլթանին՝ կոտորել ու դարձյալ կոտորել հայերին։ 19-րդ դարի ամբողջ ընթացքում Թուրքիան մշտական դիվանագիտական եւ քաղաքական օգնություն էր ստանում հայ ժողովրդի դեմ, բայց սա առաջին դեպքն է, երբ նրանցից մեկը, ընդ որում Թուրքիայի ամենաուժեղ անմիջական հարեւանը առանց դիվանագիտական որեւէ դարձվածքաբանության ուղղակի եւ շիտակ կոչ էր անում Թուրքիային՝ առանց վախի կոտորել հայ ժողովրդին։ Այդպիսով, Թուրքիայի համար վերջնականապես պարզ է դառնում, որ հայասպանության համար իրենից ոչ միայն որեւիցե հաշիվ Ռուսաստանը չի պահանջի, այլեւ՝ նրա իրենից հենց հայ ժողովրդի ոչնչացումն է պահանջում։ Իրար թշնամի երկու տերությունների հակամարտ շահերը համընկնում են Հայաստանի նկատմամբ․ մեկն ուզում էր Հայաստանի վրա թուրքական ցեղային տարածք ստեղծել, մյուսը՝ ռուսական։ Երկուսի դեմ էլ խոչընդոտը հայ ժողովուրդն էր, որպես Հայաստանի նախաբնիկ տեր։ Ուստի երկուսն էլ, թեկուզ հակոտնյա եւ նույնիսկ հակամարտ դիրքերից դրսեւորվող շահին համապատասխանում էր միեւնույնը՝ հայ ժողովրդի ոչնչացումը։ Ուստի սուլթանն իր կարգին ու ցարն իր կարգին՝ երկուսն էլ դավանում էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լոբանով-Ռոստովսկու ճիվաղամիտ «Հայաստանը՝ առանց հայերի» գաղափարը։ Թուրքիան ձգտում էր դրան, որպեսզի Հայաստանի ազատագրումն արգելի եւ այն յուրացնի, Ռուսաստանը ձգտում էր նույնին՝ Արեւելյան Հայաստանի ազատագրումն արգելելու եւ այն հաշվարկից ելնելով, որ իրենից ավելի թույլ Թուրքիայից առանց հայերի օգնության անհրաժեշտության էլ ինքը անպայման կնվաճի Հայաստանը։ Ուստի նա ձգտում էր հասնելու հայ ժողովրդի ոչնչացման արդեն նախքան Հայաստանի նվաճումը կամ առնվազն գոնե այդ նվաճման հետ զուգահեռ, որպեսզի Հայաստանը գրավելով՝ անարգել սեփականացնի այն, իբրեւ տեր չունեցող դատարկ տարածք։ Հենց այդ հիմքի վրա Ռուսաստանը դաշն էր կապել Թուրքիայի հետ։ Դա ոչ թե թղթի, այլ սրտի դաշինք էր․ երկու կայսրությունների հայակործան ստրակցությունը այնքան կատարյալ էր, որ հակահայկական դաշինքին գրավոր պարտականության ձեւակերպում տալու կարիքը նույնիսկ ավելորդ էր, քանի որ առանց դրան էլ նրանց սրտերը մեկ էին։
Այդպիսով՝ հայ ազգի մեծագույն դժբախտությունն այն էր, որ նա պատմության ընթացքում խորին անհեռատեսությամբ թույլ էր տվել իրեն ընկնելու թուրքական Սցիլլա վիշապի եւ ռուսական Քարիբդա հրեշի արանքը։ Նրանց հայակործան հոգեդաշինքի ձեւավորման ժամանակից էլ սկիզբ է առնում արմենոցիդի ժամանակաշրջանը չորս մոլագար էտապներով՝ 1895-97, 1905-07 եւ 1915-23 թթ․։ Թուրքիան Աբդուլ Համիդի տապալման եւ Ռուսաստանը Բոսնիայի ճգնաժամի ու իրենց համար այլանպաստ ժամանակահատվածներում կարիք են զգացել հայերի նկատմամբ խաղարկելու հանդուրժողականություն, առանց սակայն Հայաստանի հարցում իրենց նպատակների ստրատեգիական փոփոխության։ Բալկանյան պատերազմի շրջանի Թուրքիան վերստին առօրյա գործնական խնդիր է դարձնում հայ ժողովրդի ոչնչացումը։ Միաժամանակ մյուս կողմից ռուսական ցարը գերմանական կանցլերի հետ խորհրդակցում է, որ Կովկասում նույնպես հայերը, շատ չարչարանք են պատճառում Ռուսաստանին, դրա համար պետք է վերջ տալ հայկական հարցին։ Դա արյունարբու ցարի բերանում նշանակում էր նաեւ արեւելահայերի ոչնչացում, ըստ այն դատողության, որ հայկական հարցին վերջ տալու համար պետք էր վերջ տալ նրա կրողին՝ հայ ժողովրդին։ Թուրքիային ներշնչելով եւ մղելով արմենոցիդի՝ Ռուսաստանը ուշադիր հետեւում էր դրա նախապատրաստման ընթացքին։ Հայաստանի տարբեր վայրերից 1913 թվից ռուսական գործակալները հաղորդում էին Պետերբուրգ՝ հայության դեմ սպանդի նախապատրաստման մասին։ 1914 թվի հունվարին ռուսական դեսպանորդը տեղեկացնում է, որ հայության սպանդը միայն հետաձգվել է։ Ակնարկելով արեւմտահայության սպանդով հայկական պետականության վերականգնման մասին հայերի սպասելիքների խորտակումը, ակադեմիկոս Վոլգինը 1916 թվին նշել էր, որ իրականությունը արդեն հայերին բերել է դառը հիասթափություն, բայց ապագան, հավանաբար, նրանց խոստանում է ավելի մեծ հիասթափություն։ Արեւմտահայության սպանդի դեռեւս բառացիորեն թաց արյան ֆոնի վրա ապագայի բերելիք հիասթափությունը ուրիշ ոչնչով չէր կարող ավելի ծանր լինել, քան միայն նաեւ արեւելահայերի ցեղասպանությամբ։ Այդ ակնարկը, իրոք, ամենալուրջ հիմքեր ուներ։ Պահպանվել են փաստաթղթեր, որ կամավորական գնդեր կազմելուց հրաժարվելու դեպքում Ռուսաստանը ոչնչացնելու էր արեւելահայությանը։ Բայց համաձայնելով կամավորության՝ արեւելահայերը միայն կարողացել էին հետաձգել դրա կիրառումը։ 1915-16 թվերը լի են ռուսական բարձրագույն պաշտոնյաների սպառնական պահանջներով, որ կովկասահայերը ռուսանան, այլապես նրանց մատնացույց էր արվում արեւմտահայերի ճակատագիրը։ Այդ սպառնալիքների նույնությունը երիտթուրքերի սպառնալիքների հետ՝ նրանց հաջորդելիք ոճիրների նույնության հաստատումն ու նշանն է։
Ցարիզմի տապալումից հետո արեւելահայ ժողովրդի ոչնչացման իրագործումը եւս փոխանցվում է Գերմանիային եւ Թուրքիային։ Դրա վերաբերյալ բոլշեւիկյան Ռուսաստանի դիրքի եւ քաղաքականության սպառիչ բնութագիրը տվել է Լենինը․ «Մենք գերմանական իմպերիալիզմի գերության մեջ ենք»։ Այդ հայտարարությունը հստակ լույս է սփռում հայ ժողովրդի դեմ խորհրդային Ռուսաստանի ստանձնած կործանարար դերի վրա այն իրողության ներքո, որ գերմանական իմպերիալիզմի գերագույն նպատակը Մերձավոր Արեւելքում հայ ազգի արմատական ոչնչացումն էր։
Ցավոք, չկարողացանք պարզել հեղինակի ինքնությունը: Եթե մեր ընթերցողներից որեւէ մեկը կարող է մեզ օգնել այդ հարցում, շնորհակալ կլինենք: [նախկին հambardzum.am կայքի խմբագրությունից]
ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N 13, 6 մայիսի 1990
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ