Ոսկեղենիկ նախաձեռնության 2021 թ. առաջին հրապարակումները
Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:
Սեկեսուր/սկեսրայր
Սկեսուրը ամուսնու մայրն է, սկեսրայրը՝ ամուսնու հայրը։
Երկու բառերն էլ բնիկ հայերեն բառեր են։ Նախալեզուն այս երկու բառերի համար ունեցել է տարբերակիչ հիմքեր՝ *sųeķrû- կեսուր, *sųékuro-կեսրար։
Հետաքրքիր է, որ այլ լեզուներում այս բառերն արտահայտվում են բառակապակցությամբ, ինչպես գերմաներենում՝ Schwieger-mutter (սկեսուր), Schwieger-vater (սկեսրայր), ֆրանսերենում՝ beau-père (սկեսրայր) belle-mère (սկեսուր) և այլն։
Սակայն պետք է նշել մի հանգամանք, որ «սկեսրայր» բառն առաջացել է «սկեսուր» բառի նմանողությամբ (սկեսուր֊ սկեսրոջ այր֊ սկեսրայր)։ Սա նշվում է այն հանգամանքով, որ հարսի համար ավելի կարևոր էր ամուսնու մայրը, քան հայրը։
© Աղբյուրը՝
Հրաչյա Աճառյան, Հայերեն արմատական բառարան
Պանիկա
Երբ որևէ արտակարգ բան է պատահում, հաճախ լսում ենք պանիկայի մեջ չընկնելու հորդորներ։ «Պանիկա» բառը հունական ծագում ունի: Նրա հիմքում հունական դիցաբանության մեջ Դրիոպե հավերժահարսի և Հերմեսի որդու՝ Պան աստծո անունն է: Երբ Դրիոպեն Պանին աշխարհ բերեց, սարսափեց որդու ոչ մարդկային կերպարանքից և զարհուրած փախավ. Պանը ծնվել էր այծի ոտքերով ու եղջյուրներով, երկար մորուքով: Նա ապրում էր անտառներում ու լեռներում, հովվություն էր անում ու սրինգ նվագում: Սակայն Պանը նաև պոռթկացող խառնվածք ուներ: Ցասման մեջ նա ունակ էր ծանր ու տանջալից երազներ ուղարկել: Կեսօրվա շոգին հանգստանում էր անտառի թավուտներում, և երբ համարձակվում էին նրա հանգիստը խաթարել, անսպասելի հայտնվելով՝ նա այնպիսի՜ սոսկում էր առաջացնում, որ ճամփորդները գլխապատառ փախուստի էին դիմում:
Ահա թե ինչու վախեցած կամ խուճապահար մարդու վարքը բնութագրել են նրա անունով:
© Աղբյուրը՝
- Գ. Գալստյան, Դիցաբանական անունների և դարձվածքների համառոտ բացատրական բառարան
- Ն. Կուն, Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները
Կռվախնձոր
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են վեճի կամ երկպառակության առիթ դարձած որևէ բանն անվանում կռվախնձոր:
Դրա հիմքում ընկած է մի առասպել, որից ծագեց Տրոյական պատերազմը:
«Մեղավորը» հունական դիցաբանության մեջ քաոսի և երկպառակության աստվածուհի Էրիսն է: Պելևսի ու Թետիսի հարսանիքին չհրավիրված Էրիսը վրեժխնդիր լինելու նպատակով որոշում է երկպառակություն ստեղծել ներկաների մեջ: Նա բոլորից աննկատ խնջույքի սեղանին է գցում մի ոսկե խնձոր՝ «ամենագեղեցիկին» մակագրությամբ: Խնձորին տիրանալու համար վեճի են բռնվում Զևսի կինը՝ Հերան, ռազմատենչ Աթենասը և սիրո աստվածուհի Ափրոդիտեն: Աստվածուհիները խնդրում են Զևսին լուծել վեճը: Զևսը հրաժարվում է դատավոր լինելուց: Նա խնձորը տալիս է Հերմեսին և պատվիրում դիցուհիներին տանել Իդա լեռան լանջերը, որտեղ Տրոյայի արքա Պրիամոսի որդին՝ Պարիսը, պիտի վճռեր, թե ո՜ւմ է պատկանում խնձորը, և ո՜վ է ամենագեղեցիկը: Հերմեսը խնձորը տալիս է Պարիսին և պատվիրում այն տալ երեք աստվածուհիներից ամենագեղեցիկին: Աստվածուհիներից ամեն մեկը սկսում է համոզել պատանուն, որ իրեն տա խնձորը՝ նրան մեծ պարգևներ խոստանալով: Հերան խոստանում է ողջ Ասիայի իշխանությունը, Աթենասը՝ ռազմի փառք և հաղթանակներ, իսկ Ափրոդիտեն խոստանում է կնության տալ մահկանացու կանանցից ամենաչքնաղին՝ Զևսի և Լեդայի դստերը՝ Հեղինեին: Լսելով Ափրոդիտեի խոստումը՝ Պարիսը չի երկմտում և խնձորը տալիս է նրան: Աստվածուհիների մեջ ամենագեղեցիկը ճանաչվում է Ափրոդիտեն, իսկ Պարիսը դառնում է Ափրոդիտեի սիրելին: Մինչդեռ Հերան ու Աթենասը ատում են Պարիսին, ատում են նաև Տրոյան ու տրոյացիներին և վճռում կործանել քաղաքն ու ողջ ժողովուրդը…
Ահա այսպես, այս միջադեպից ծագեց Տրոյական պատերազմը, իսկ մեր բառապաշարում հայտնվեց «կռվախնձոր» բառը՝ «կռվի պատճառ դարձող բան, կռիվ գցող՝ առաջացնող բան» իմաստով:
© Աղբյուրը՝
- Ն. Կուն, Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները
- Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան
Հիգիենա
Թե ինչ է հիգիենան, գիտեն բոլորը. այդպես են անվանում առողջության պահպանությունը ապահովող միջացառումների ամբողջությունը: Բայց քչերը գիտեն, որ հայերենում փոխառյալ այս բառը ունի դիցաբանական ծագում: Այն առաջացել է Հիգիասի/Հիգիյայի անունից, որը հունական դիցաբանության մեջ առողջապահության աստվածաուհին է, առասպելական բժիշկ Ասկլեպիոսի դուստրը: Նա դիցաբանության մեջ պատկերված է երիտասարդ կնոջ կերպարանքով՝ հագին սպիտակ պարեգոտ, ապարոշ, օձի հետ, որին կերակրում է պնակից: Ահա թե ինչու մեր օրերում օձի հետ բաժակը դարձել է բժշկության խորհրդանիշը: Այս պատկերին կարելի է հանդիպել բոլոր բուժական հաստատություններում:
Ի դեպ, երբեմն հանդիպում ենք այս բառի սխալ գործածությունների, ինչպես՝ հիգենիա, հիգենյա: Հիշե՛նք, որ ճիշտ ձևն է «հիգիենա»-ն:
© Աղբյուրը՝
- Գ. Գալստյան, Դիցաբանական անունների և դարձվածքների համառոտ բացատրական բառարան
- Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան