Ի՞նչ է պահանջարկի և առաջարկի հավասարակշռությունը
Հավասարակշռությունը բնութագրվում է որպես հանգստի վիճակ՝ կետ, որում բացակայում են այդ վիճակի վրա ազդեցություն ունեցող և փոփոխող ուժերը: Տնտեսագետներն առաջարկն ու պահանջարկն անվանում են շուկայական ուժեր: Ցանկացած շուկայում առաջարկի ու պահանջարկի փոխազդեցությունն ազդեցություն ունի գնի վրա:
Եթե առաջարկը մեծ է պահանջարկից կամ հակառակը, ապա այդ վիճակը ճնշում է գործադրում գնի վրա և վերջինս փոփոխվում է: Սակայն նկատենք, որ գոյություն ունի առաջարկի և պահանջարկի կորերի հատման ընդամենը մեկ կետ, որն էլ անվանում են շուկայական հավասարակշռություն: Հատման կետի գինը կոչվում է հավասարակշռված գին, իսկ հատման կետում ապրանքի քանակը՝ հավասարակշռված քանակ:
Հավասարակշռված գնի դեպքում ապրանքի քանակը, որը գնորդները ցանկանում և հնարավորություն ունեն գնել, նույնկերպ համապատասխանում է ապրանքի այն քանակին, որը վաճառողները ցանկանում և հնարավորություն ունեն վաճառել:
Հավասարակշռված գինը շատ հաճախ անվանում են «շուկան մաքրող», քանի որ այն բավարարում է շուկայի բոլոր մասնակիցների պահանջները. գնորդները գնում են այն, ինչ ցանկանում են, վաճառողները վաճառում են այն, ինչ ցանկանում են: Վաճառողների և գնորդների գործողություններն ինքնաբերաբար հանգեցնում են առաջարկի և պահանջարկի հավասարակշռմանը:
Ենթադրենք, որ շուկայական գինը գերազանցում է հավասարակշռված գինը․
Գծապատկեր 1. Շուկան հավասարակշռության վիճակում
Մատակարարները հաճախ ունակ չեն ընթացիկ գնով վաճառել այն, ինչ ցանկանում են։ Այդպիսի իրավիճակը շատ հաճախ անվանում են «ավելցուկային առաջարկ», արդյունքում գներն իջեցվում են այնքան, մինչև շուկան գալիս է հավասարակշռված վիճակի:
Եթե գինը ցածր է հավասարակշռված գնից, ապա պահանջարկի մեծությունը գերազանցում է առաջարկի մեծությանը: Շուկայում ստեղծվում է ապրանքի պակասուրդի (դեֆիցիտ) իրավիճակ։ Այսպիսի իրավիճակը կոչվում է «ավելցուկային պահանջարկ»: Արդյունքում վաճառողները բարձրացնում են ապրանքի գինը, որի հետ մեկտեղ պահանջարկի մեծությունը փոքրանում է, իսկ առաջարկը՝ մեծանում, և այդ դեպքում շուկան շարժվում է դեպի հավասարակշռություն:
Ազատ շուկաների մեծամասնությունում ավելցուկի և դեֆիցիտի իրավիճակը ժամանակավոր երևույթ է, քանի որ գները ձգտում են հավասարակշռված մակարդակի: Վերջինս կոչվում է առաջարկի և պահանջարկի օրենք. ցանկացած ապրանքի գին ձգտում է հասնել այնպիսի մակարդակի, երբ ապրանքի առաջարկն ու պահանջարկը հավասարակշռվում են:
Շուկայական իրավիճակի վրա ազդեցություն ունեցող իրադարձությունների վերլուծությունն իր մեջ ներառում է երեք փուլ:
Առաջին հերթին պետք է որոշել՝ արդյոք դիտարկվող իրադարձությունը բերում է առաջարկի, պահանջարկի, թե երկու կորերի տեղաշարժման:
Երկրորդ. որոշում են կորերի տեղաշարժման ուղղությունը։
Վերջին՝ երրորդ, փուլում սկզբնական և նոր հավասարակռությունը համեմատելու համար մենք կիրառում ենք առաջարկի և պահանջարկի կորերը, որոնք արտացոլում են հավասարակշռված գնի և ապրանքի քանակության վրա տեղաշարժի ազդեցությունը:
Պետք է հիշել, որ հավասարակշռության փոփոխությունը միանգամից տեղի չի ունենում, և դրա շտկումը շատ շուկաներում կարող է ավելի երկար տևել:
Պահանջարկի փոփոխություն
Նկատենք, որ երբ շոգ եղանակն առաջացնում է պաղպաղակի գնի բարձրացում, մեծանում է ապրանքի քանակությունը, սակայն առաջարկի կորը չի փոփոխվում: Այս դեպքում տնտեսագետներն ասում են, որ տեղի է ունենում «առաջարկի մեծության» աճ, սակայն ոչ «առաջարկի» փոփոխություն:
«Առաջարկ» ասելով հասկանում ենք առաջարկի կորի դիրք այն դեպքում, երբ «առաջարկի մեծությունն» ապրանքի այն քանակությունն է, որն առաջարկվում է մատակարարների կողմից: Այս օրինակում մենք ենթադրում ենք, որ առաջարկը չի փոփոխվում: Պահանջարկի մեծացումը բերում է հավասարակշռված գնի աճին և հետևաբար առաջարկի մեծության աճին. այսինքն՝ արտահայտվում է որպես առաջարկի կորի երկայնքով տեղաշարժ:
Այսպիսով՝ առաջարկի կորի տեղաշարժը կոչվում է առաջարկի փոփոխություն, իսկ պահանջարկի կորինը՝ պահանջարկի փոփոխություն: Առաջարկի ֆիքսված կորի երկայնքով տեղաշարժը կոչվում է առաջարկի մեծության փոփոխություն, իսկ պահանջարկի ֆիքսված կորի երկայնքով փոփոխությունը՝ պահանջարկի մեծության փոփոխություն:
Առաջարկի փոփոխություն
Ենթադրենք եղանակային վատ պայմանների պատճառով վնասվել է շաքարի ճակնդեղի բերքը, և ամռանը բարձրացել է շաքարավազի գինը: Արդյունքում արտադրության ծախսերը կավելանան, որը կբերի արտադրության և յուրաքանչյուր հնարավոր գնով ընկերությունների կողմից առաջարկվող պաղպաղակի ծավալների փոքրացման, որն իր հերթին ճնշում կգործադրի գնի վրա դեպի դրա բարձրացում այնքան ժամանակ, քանի դեռ գնորդները պատրաստ են այն վճարել պաղպաղակ ձեռք բերելու համար:
Արդյունքում շաքարավազի գների բարձրացման հետևանքով բարձրանում են պաղպաղակի գները, իսկ դրա վաճառքի ծավալները փոքրանում են:
Ինչ իրադարձություն էլ ազդի կորերից յուրաքանչյուրի կամ երկուսի էլ տեղաշարժման վրա, կարող ենք մեզ ծանոթ գործիքները կիրառել՝ կանխագուշակելու, թե ինչպես տվյալ իրադարձությունը կազդի հավասարակշռության կետում վաճառքների ծավալի և վաճառվող ապրանքի գնի վրա:
Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտոն ՀԿ