«Թավշյա հեղափոխության» նախադրյալների քաղաքատնտեսությունը. անհավասարություն և կոռուպցիայի ընկալում | Մաս 2
Առաջին մասն ընթերցեք այստեղ։
3.1․ Հարուստներն ավելի էին հարստանո՞ւմ, աղքատներն՝ աղքատանո՞ւմ: Անհավասարությունը նախահեղափոխական Հայաստանում
3.1.1․ Անհավասարություն. տրամաբերությունը (դիսկուրս) և խնդրականությունը
Անհավասարությունը զարգացող շատ հասարակությունների առանցքային խնդիրներից մեկն է: Զարգացող երկրների մեծ մասում ունեցվածքային անհավասարության, սպառման անհավասարության և եկամտի անհավասարության մակարդակը զգալիորեն բարձր է զարգացած երկրների ցուցանիշից: Վերջին տարիներին իրականացված հետազոտությունները վկայում են, որ ինչպես մեկ հասարակության ներսում [1], այնպես էլ համաշխարհային մակարդակում [2] եկամուտների անհավասարությունը հիմնված է, առաջին հերթին, ոչ թե ներդրած ջանքերի, այլ հնարավորությունների տարբերության վրա:
Պրոլետարիատի աղքատացման մասին Կառլ Մարքսի հղացքին առնչվող «Հարուստներն ավելի են հարստանում, աղքատները՝ աղքատանում» արտահայտությունը, հետխորհրդային տարածքում «երկրորդ կյանք» ստացավ շուկայական տնտեսության անցումից հետո: Այս արտահայտությունը ներկայացնում է հետխորհրդային շատ հասարակություններում, այդ թվում Հայաստանում, լայն տարածում գտած մի պատում: Երկարաժամկետ հեռանկարում այս պատումը չի արտացոլում չափելի իրականությունը [3]: Այն հակաինտուիտիվ է և նման է Աքիլլեսի և կրիայի տարախոհությանը (պարադոքսին). աղքատները չեն կարող անընդհատ աղքատանալ: Այնուամենայնիվ, որոշակի ժամանակահատվածում դա կարող է տեղի ունենալ այս կամ այն հասարակությունում և հիասթափեցնել այն խմբերին, որոնց եկամուտները տասնամյակներ շարունակ չեն աճել, եթե չասենք նվազել են:
Օրինակ՝ ԱՄՆ-ում այդ միտումներն արտահայտվում են 1980-ականների սկզբից՝ առաջացնելով անհավասարության աճ և՛ ըստ եկամտի [4], և՛ ըստ կարողության [5], և միջին աշխատավարձի նվազում իրական արտահայտությամբ[6]: 20-րդ դարի ընթացքում էլիտայի մասնաբաժինը (բնակչության 0,1%) եկամտի մեջ նման էր U-աձև կորի, որը նվազում էր մինչև 1970-ականները և ապա աճում: Այս միտումը հակասում է Կուզնեցի կորի ձևին [7], իսկ հետո Բրանկո Միլանովիչի ձեռքով նկարագրվում որպես «Կուզնեցի ալիքներ» [8]: Ըստ Կուզնեցի ալիքների գաղափարի՝ կան անհավասարության աճի երկարաժամկետ շրջաններ, որոնք ինչ-որ պահի շրջվում են դեպի անհավասարության երկարաժամկետ նվազում: Այս միտումները շրջապտույտով կարող են կրկնվել դարեր շարունակ:
3.1.2 Անհավասարության աճը հետխորհրդային Հայաստանում
Աշխարհի շատ երկրներում վերջին տասնամյակների ընթացքում՝ կոմունիզմի անկումից հետո [9], նկատելի է անհավասարության աճ՝ հատկապես հետսոցիալիստական երկրներում: Այլ խոշոր երկրների և տարածաշրջանների համեմատ, Ռուսաստանը անհավասարության զգալի աճ ունեցավ 1990-ականների սկզբին: Ազգային եկամտում եկամտի ստորին 50%-ի մասնաբաժինը 1996 թվականին 1988 թ.-ի 31%-ից հասավ 10% -ից էլ պակաս շեմի, իսկ 2016 թվականին կազմեց 17 տոկոս [10]: Ռուսաստանում անհավասարության երկարաժամկետ միտումների վերաբերյալ հետազոտությունը պարզեց, որ այսօր անհավասարության մակարդակը համեմատելի է, և որոշ առումներով նույնիսկ ավելի բարձր է, քան Ռոմանովների միապետության վերջին տասնամյակների ընթացքում [11]: Դիտարկենք ըստ դեցիլային խմբերի եկամտի բաշխումը մի շարք զարգացած և զարգացող երկրներում:
Նկ. 8. Ըստ դեցիլային խմբերի եկամտի բաշխումը Հայաստանում և այլ երկրներում (ընդհանուր եկամտի %)
Ինչպես տեսնում ենք, նշված երկրների մեջ անհավասարության ամենաբարձր մակարդակը նկատվում է Ռուսաստանում և Հայաստանում, մինչդեռ Շվեդիայում այն նկատելիորեն ցածր է: Հաշվի առնելով, որ Հայաստանում և Ռուսաստանում անհավասարության մակարդակի թե՛ մեկնարկային, թե՛ ավարտական կետերը շատ մոտ են, կարելի է եզրակացնել, որ տարանցիկ ժամանակահատվածում միտումները նման են: Հայաստանում անհավասարությունը կտրուկ աճեց շուկայական տնտեսությանն անցնելու առաջին տարիներին: Լայնամասշտաբ սեփականաշնորհումը, որով փորձ արվեց կապիտալի նախնական կուտակում ապահովել, մտադրված չէր որպես հասարակության շերտավորման միջոց. բաժնետոմսեր (արժեթղթեր) տրվել են գործնականում ամբողջ բնակչությանը: Արդյունքում, սակայն, դա հանգեցրեց հարստության կենտրոնացմանը մի քանիսի ձեռքում և հիմք ստեղծեց անհավասարության աճի համար [12]: Վկայություններից մեկը կարելի է գտնել բանկային ոլորտի վիճակագրության մեջ:
Աղյուսակ 4. Տարանցման առաջին տասնամյակում բանկային համակարգում բնակչության ավանդների քանակի դինամիկան
1990 | 1995 | 1998 | 2001 | |
Ավանդների քանակը, հզր. * | 2,098 | 360 | 355 | 326 |
Ավանդի միջին չափը (ԱՄՆ դոլար) ** | 1,522 | 11 | 114 | 297 |
Աղբյուրը՝ Հայաստանի վիճակագրական կոմիտե [13]
Ինչպես երևում է աղյուսակ 4-ից, 1991-95 թթ. տեղի ունեցավ խորհրդային շրջանի ավարտին առկա ավանդների մեծ մասի զանգվածային արժեզրկում և լուծարք: Ավանդատուների 83%-ը կորցրեց ունեցած բոլոր խնայողությունները, իսկ մնացածի ավանդների միջին չափը նվազեց հարյուր անգամ: 1995 թվականից հետո ավանդատուների թիվը շարունակում էր նվազել, մինչդեռ ավանդի միջին չափն աճում է 27 անգամ: Հաշվի առնելով, որ 2001թ. մարդահամարի համաձայն, [14] առկա բնակչության թիվը կազմում էր 3,003 միլիոն, իսկ դրանում չափահասների թիվը՝ 2,072 միլիոն, բնակչության հասուն հատվածի միայն 15,7%-ը ավանդ ուներ ՀՀ բանկերում, իսկ ավանդի միջին չափը համապատասխանում էր մոտավորապես միջին ամսական աշխատավարձի իննապատիկին (չհաշված հարկերն ու սոցիալական վճարները):
Հարկ է նշել, որ ի հետևանս այս միտումը հետադարձվեց: 2002-2014 թվականների ընթացքում միջին ավանդի չափը գրեթե չփոխվեց, մինչդեռ նույն ժամանակահատվածում ավանդատուների թիվն աճեց 0,3-ից մինչև 2,2 միլիոն՝ պայմանավորված բանկային ոլորտում բնակչության աճող ներգրավվածությամբ, ինչը խոսում է անհավասարության մի փոքր նվազման մասին: Այնուամենայնիվ, գնահատել այդ փոփոխությունների չափը հնարավոր չէ, քանի որ վիճակագրական կոմիտեն չի տրամադրել ավանդների չափի վերաբերյալ տվյալներ, ինչը թույլ չի տալիս գնահատել կապիտալի անհավասարության դինամիկան:
Նկ. 9. Ավանդատուների թվի, ավանդների միջին չափի և բոլոր ավանդների ծավալի դինամիկան
Պետք է հաշվի առնել, որ ներկայացված տվյալները չեն մատնանշում տրված ավանդների քանակը (դրանց թիվը մոտ է 5 միլիոնի), քանի որ մեկ ֆիզիկական անձ կարող է մեկից ավելի ավանդ ունենալ, այլ ցուցիչն են ավանդատուների թվի: Այսպիսով, ներկա պահին բանկային համակարգն ընդգրկում է Հայաստանի ամբողջ չափահաս բնակչությունը, ինչը գերազանցում է ուշ խորհրդային ցուցանիշը: Այնուամենայնիվ, ներդրման չափը դեռ զիջում է 1990-ի ցուցանիշին, իսկ հաշվի առնելով անհավասարության մակարդակի բարձրացումը, մեծամասնության համար այդ տարբերությունը բազմապատիկ է: Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ ավանդների չափը ուշ խորհրդային շրջանում մեծ էր նաև այն պատճառով, որ առևտրում ապրանքների պակասի պատճառով փողը ծախսելու տեղ չկար:
Բացի անհավասարության դինամիկայի անուղղակի վկայություններից, կան նաև ուղղակի ապացույցներ: Որպես այդպիսին կարելի է օգտագործել Ջինիի գործակիցը, դեցիլային գործակիցները և այլ ցուցանիշներ: Տարանցման առաջին տարիներին եկամտի բաշխման համար Ջինիի գործակիցը կտրուկ աճեց Հայաստանում: Միակ հետխորհրդային երկիրը, որի տվյալները կարելի է բավարար համարել՝ հատուկ տնտեսական քաղաքականության շնորհիվ [15], սեփականության շերտավորման ցածր մակարդակը պահպանած Բելառուսն է, որը պահպանեց սոցիալիզմի շատ տարրեր, բայց դե ֆակտո հրաժարվեց բարեփոխումներից [16]:
Աղյուսակ 5. Ջինիի ինդեքսը (ըստ եկամտի) հետխորհրդային ընտրված տնտեսություններում
1981 | 1986 | 1990-1991 | 1996-1997 | 2001 | 2006 | 2011 | 2016 | |
Հայաստան | 0.269 | 0.296 | 0.602 | 0.535 | 0.369 | 0.371 | 0.375 | |
Էստոնիա | 0.251 | 0.267 | 0.240 | 0.361 | 0.385 | 0.338 | 0.327 | 0.327 |
Վրաստան | 0.248 | 0.267 | 0.291 | 0.533 | 0.458 | 0.432 | 0.433 | 0.403 |
ՌԴ | 0.251 | 0.261 | 0.299 | 0.461 | 0.397 | 0.415 | 0.417 | 0.412 |
Աղբյուրները. Povcalnet տվյալների բազա, [17] Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներ, WIID 3.4 տվյալների բազա [18], Համաշխարհային բանկի գնահատականներ
Կոմունիզմի փլուզման ֆոնին հասարակական կարծիքը հարեց աջերին. անհավասարության որոշակի աճը շատերի կողմից ընկալվեց որպես բնակչության տնտեսական գործունեության խթանման և մասնավոր նախաձեռնողականության անհրաժեշտ տարր: Միևնույն ժամանակ, դժվար թե որևէ մեկը, բացառությամբ, երևի, էլիտաների շերտավորման նման խիստ աճ սպասեր: Ավելին, ոչ ոք չէր սպասում, որ հենց նրանք կլինեն պարտվողների թվում: Սակայն, այնպես ստացվեց, որ սկզբնական փուլում շատ քչերը հաղթող դուրս եկան, մինչդեռ մեծամասնությունը պարտվողների թվում էր: 2001-ի դրությամբ բնակչության միայն 20%-ն է ավելացրել իր եկամուտները 1991-ի համեմատ, այն ժամանակ, երբ մյուսները կորցրել են եկամտում: Ստորին դեցիլը կորցրեց իր եկամտի ավելի քան 50%-ը, մինչդեռ վերին դեցիլը գրեթե կրկնապատկեց իր եկամուտը: Վերոնշյալն արտացոլված է ստորև բերված տվյալներում:
Նկ. 10. Եկամտի միջին տարեկան մակարդակի դինամիկան՝ ըստ դեցիլային խմբերի
Ինչպես երևում է նկար 10-ի գծապատկերից, անհավասարության աճը սկզբնական տարանցիկ ժամանակահատվածում շատ նշանակալի էր: Իր բարձրակետին Ջինիի ինդեքսը հասավ 1996 թ., որից հետո այն փոքր-ինչ անկում ապրեց մինչև 2001 թ., չնայած՝ շարունակում էր շատ բարձր մնալ: Որոշակի ուշացումով եկամտի անհավասարությունը նույնպես սկսեց նվազել, որի անուղղակի ցուցիչները բանկային ակտիվներն են (տե՛ս գծապատկեր 3): Հատկանշական է, որ ամենահարուստ 10%-ի բարեկեցության կտրուկ բարձրացումից հետո աճում են նաև 8-րդ և 9-րդ դեցիլները, ինչը վկայում է երկրում միջին խավի ձևավորման մասին:
Ու թեև աղքատները 2001-2016 թվականներին ավելացրին իրենց եկամուտները, սակայն այդ աճը մեծությամբ զիջում էր եկամտի միջնաթվի աճին: Հետևաբար, «հարուստներն ավելի են հարստացել, իսկ աղքատներն՝ աղքատացել» արտահայտությունը որոշ առումով կիրառելի է հետխորհրդային Հայաստանի համար: Միևնույն ժամանակ, այս աճը հիմնականում տեղի է ունեցել 2002-2008 թվականների ընթացքում: Հատկանշական է, որ ըստ եկամտի` Ջինիի ինդեքսը իր ցածրակետին (0,339) հասավ 2008-2009 թվականների ճգնաժամից անմիջապես առաջ, ինչից հետո աճեց: Սա նշանակում է, որ «Թավշյա հեղափոխությանը» նախորդող 10 տարիների ընթացքում սեփականության շերտավորումը կրկին սկսեց աճել, ինչը չէր կարող չանդրադառնալ եկամտի բաշխման արդարության հասարակական ընկալման վրա:
Նկ. 11. Իրական եկամուտների մակարդակի աճն՝ ըստ բյուր տոկոսային խմբերի, 2008-ից 2018 թվականների ընթացքում
3.1.3. Անհավասարության աճ. արտացոլումը հասարակական կարծիքում
Հաշվի առնելով, որ տարանցման ողջ ժամանակահատվածում վերին դեցիլն ամենից շատ ավելացրեց իր եկամուտները, զարմանալի չէ, որ հասարակության մեջ անարդարության զգացողությունն ուժեղացավ, քանի որ հասարակական ընկալման մեջ միայն իշխանությունների հետ կապեր ունեցողներն են օգուտ քաղում համակարգի պահպանումից: Այնուամենայնիվ, հասարակական կարծիքի փոփոխությունը շատ ավելի դանդաղ էր, քան անհավասարության դինամիկան: 1990-ականների երկրորդ կեսին, երբ եկամտի շերտավորումն արդեն տեղի էր ունեցել, «հավասարեցման» քաղաքականությունը Հայաստանում շատ սակավ աջակցությունը էր ստանում: 1997 թվականին Հայաստանում հարցվածների 17.5%-ը կարծում էր, որ եկամուտը պետք է ավելի հավասարաչափ բաշխվի [21]: 2011 թվականին անցկացված հարցման արդյունքում այս թիվն աճել էր մինչև 28.8% [22]: Համաձայն 2013-ի տարեվերջին անցկացված համապետական հարցման` բնակչության կեսից ավելին (56%) կարծում էր, որ պետական հատվածի մասնաբաժինը բիզնեսում պետք է ավելանա [23]: Չնայած այս հարցի վերաբերյալ նոր տվյալների բացակայությանը, կարելի է ենթադրել, որ «հավասարության» տրամադրվածությունները միայն ընդլայնվեցին: Դրա մասին անուղղակիորեն վկայում են արդեն իսկ վկայակոչված տվյալները` 2010-2016 թվականների ընթացքում շուկայական տնտեսության աջակցության մակարդակի կտրուկ անկման վերաբերյալ:
Դա կարելի է բացատրել բոլորի համար դեպի շուկայական տնտեսություն տարանցումից բավական երկար ակնկալվող շահի սպասումներով, սակայն վերջին տարիներին այդ սպասումները սկսեցին արագորեն նվազել: Հասարակական կարծիքի վերափոխումը կարելի է ներկայացնել որպես մրցակցություն երեք թեզերի միջև.
1) Հայաստանում առկա տնտեսական և քաղաքական կառուցվածքը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել տնային տնտեսության բարեկեցության բարձրացմանը։
2) Հայաստանում գործող համակարգը շուկայական տնտեսության արատավոր տեսակն է, որտեղ շերտավորման պատճառը վերնախավերի գերակայությունն է: Էլիտաների փոփոխությունը թույլ կտա շտկել իրավիճակը և հասնել կենսամակարդակի բարձրացման։
3) Շուկայական տնտեսությունը և քաղաքական համակարգը, որին անցել է Հայաստանը, ըստ էության, ի վիճակի չէ բարելավել բնակչության կենսամակարդակը, ուստի այն պետք է ամբողջությամբ ապամոնտաժվի:
Հենց «երրորդ» թեզի տարածման աճով (դեռևս ոչ գերիշխող)կարելի է բացատրել բողոքի տրամադրությունների արմատականացումը 2015-2017 թվականների ընթացքում: Անկախության ողջ ընթացքում Հայաստանում ընդդիմությունը որպես հիմնական ծրագիր առաջարկում էր թեզ №2: Անգամ 2016 թ. սեպտեմբերին նշանակված Կարեն Կարապետյանի կառավարությունն իր PR արշավում օգտագործեց այս թեզը, որի շնորհիվ աջակցության բարձր մակարդակ ստացավ: Առավել ակնառու և հրապարակավ դա արեց Նիկոլ Փաշինյանը: Բացի այն հայտարարությունից, որ կկարգավորի շուկայական մեխանիզմների աշխատանքը, նա խոսեց նաև համերաշխության և այն մասին, թե ինչ ասել է մեծամասնություն, և այդկերպ Հայաստանում ձևավորվում է «ուղղակի ժողովրդավարություն»՝ ի հակակշիռ նախկինում գոյություն ունեցող «օլիգարխիայի»:
Պետք չէ մոռանալ, որ հեղափոխության «ֆասադի» հետևում Հայաստանի տնտեսության վիճակը դեռ չի փոխվել: Անհավասարության բարձր մակարդակը նվազեցնում է հասարակության մեջ սոցիալական համերաշխությունը [24]: Իր հերթին, դա հեշտացնում է արմատական գաղափարների ու գործողությունների ընկալումը: Ուստի, հաշվի առնելով, որ արմատական տրամադրությունները ոչ մի տեղ չեն չքացել, նոր ապակայունացման մեծ ռիսկ կա, եթե առկա փորձն, ի վերջո, անհաջող համարվի:
3.2. Կոռուպցիա. տրամաբերության և իրական դինամիկայի միջև
Կոռուպցիան այն բացասական երևույթներից է, որն անխուսափելիորեն ուղեկցում է տնտեսական և քաղաքական գործունեությանը: Այնուամենայնիվ, կոռուպցիայի մակարդակը տարբերվում է ըստ երկրների: Տարբերվում են ինչպես կոռուպցիայի իրական մակարդակը, այնպես էլ դրա ընկալումը: Ընկալումը հիմնականում կախված է իրականում դիտարկելիի համեմատ հասարակության կողմից կոռուպցիայի հանդեպ հանդուրժողականությունից և հասարակությունում հուսալի տեղեկատվության առկայությունից: Բացի այդ, կոռուպցիայի ընկալվող մակարդակը միշտ հարաբերական է՝ նկատի առնելով այս կամ այն երկիրը որպես հաշվարկային կետ: Միևնույն ժամանակ, կոռուպցիայի իրական մակարդակը կարող է կախված լինել բազմաթիվ գործոններից՝ սկսած մշակութայինից մինչև տնտեսական և աշխարհագրական:
Կոռուպցիայի մասին տրամաբերությունը մաս է թերահավատ տրամաբերության, որը ձևավորվել է Հայաստանում` իր անկախության ողջ ընթացքում, հնարավոր է` դրա կենտրոնական մասում: Միևնույն ժամանակ, կոռուպցիայի մասին տրամաբերությունը շատ շերտեր է առաջ բերում՝ սկսած անարդարության զգացումից, բարոյական երկընտրանքից, մշակույթից մինչև պետական կառավարման համակարգ, արդյունավետ զարգանալու կարողություն և նույնիսկ Ադրբեջանի դեմ արդյունավետ պաշտպանություն կառուցելու ունակություն: Քանի որ կոռուպցիայի շուրջ տրամաբերությունը «Թավշյա հեղափոխության» բաղկացուցիչ մասն էր, բոլոր հիմքերը կան այն ավելի մանրամասն դիտարկելու:
3.2.1. Տրամաբերություն կոռուպցիայի և ստվերային տնտեսության շուրջ
Կոռուպցիայի մասին տրամաբերությունը մաս է կազմում ոչ ֆորմալության, ներառյալ հովանավոր-հաճախորդ հարաբերությունների, ստվերային տնտեսության, գանձագողության, կաշառակերության և այսօրինակ հասարակական-քաղաքական տրամաբերությունների «ընտանիքի»: Այս խնդիրները հաճախ են միահյուսվում. այսպես, մեկ քաղաքական ուժի գերակայությունը հանգեցրեց դրա հետ առնչվող խոշոր ֆինանսաարդյունաբերական և առևտրային խմբերի սեփականատերերի մի խմբի գերակայությանը, իսկ նրանց ձեռքում կապիտալի կենտրոնացումը, իր հերթին, պայմաններ է ստեղծում սեփականության անհավասարության աճի համար: Իր հերթին, տնտեսական և քաղաքական էլիտայի ներկայացուցիչներն ունեն իրենց հաճախորդները, ներառյալ իրենց հետ անձնական կապերով և փոխադարձ շահերով կապված մարդիկ՝ այդպիսով ձևավորելով փոքրամասնության իշխանություն, որն օգտագործում է կոռուպցիան ստատուս քվոն պահպանելու համար: Իրականում, այս տրամաբերությունը որոշ չափով արդարացված է, քանի որ վերը նշվածները առկա էին Հայաստանում: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գույքի շերտավորման ցածր մակարդակը հանգեցնում է ստվերային տնտեսության և կոռուպցիայի կրճատման, որի հետ այն բավականին սերտորեն կապված է [25]:
Google Որոնման (Google Search) արդյունքները կարող են օգտագործվել՝ գնահատելու համար, թե որչափ է Հայաստանում տարածված կոռուպցիայի վերաբերյալ տրամաբերությունը: Համեմատենք Հայաստանը համադրելի հետսոցիալիստական երկրների հետ (բոլոր ցուցանիշներն արտահայտված են հազարականով, տվյալները՝ 2018-ի հոկտեմբերի դրությամբ):
- Կոռուպցիա. Ալբանիա-6,510
- Կոռուպցիա. Հայաստան-11,300
- Կոռուպցիա. Ադրբեջան-7,900
- Կոռուպցիա. Բուլղարիա-12,200
- Կոռուպցիա. Ղրղըզստան-5,270
- Կոռուպցիա. Լատվիա-4,570
- Կոռուպցիա. Լիտվա-6,370
- Կոռուպցիա. Մակեդոնիա-5,620
- Կոռուպցիա. Մոլդովա-5,870
- Կոռուպցիա. Սլովակիա-5,810
- Կոռուպցիա. Տաջիկստան-6,110
Վրաստանը թվարկված երկրների շարքում չէ, քանի որ ԱՄՆ Ջորջիա նահանգի ընդգրկումը արդյունքների մեջ կաղավաղեր դրանք:
Ինչպես տեսնում ենք, թվարկված երկրների շարքում Հայաստանն ունի երկրորդ ամենաբարձր արդյունքը: Ընդ որում, Բուլղարիան զգալիորեն գերազանցում է Հայաստանին թե՛ բնակչության, թե՛ տարածքային բաղադրիչով: Այս պարագայում երկրի մեծությունը էական է. «Կոռուպցիա. Թուրքիա» (“Corruption Turkey”) հարցման համար Google-ը մոտ 40 միլիոն արդյունք է դուրս բերում, իսկ «Կոռուպցիա. Ռուսաստան»-ի համար՝ 85: Սրանից ելնելով՝ հարկ է ենթադրել, որ թվարկված երկրների շարքում կոռուպցիայի մասին տրամաբերությունն առավել տարածված է հենց Հայաստանում:
Այս հավաստող ևս մեկ վկայություն կա: EBRD-ի հարցման համաձայն՝ 2016 թ.-ին Հայաստանում առկա էր ընկալվող կոռուպցիայի մակարդակի և իրական կյանքում կոռուպցիոն փորձի միջև ամենամեծ խզվածքը [26]: Բնակչության 35%-ը կարծում էր, որ իրենց համաքաղաքացիները միշտ կամ պարբերաբար ստիպված են ոչ ֆորմալ վճարումներ կատարել պետական գերատեսչություններին դիմելիս, սակայն 12 ամսվա ընթացքում սեփական փորձից ելնելով նման բան ասել էր հարցվածների 11%-ից ոչ ավելին: Դիտարկենք տարբեր երկրներ:
Նկ. 12. Կոռուպցիայի ընկալման մակարդակը հետսոցիալիստական մի շարք երկրներում
Միայն երկու երկրում՝ Հայաստանում և Մոլդովայում է կոռուպցիայի ընկալվող մակարդակը գերազանցում կոռուպցիոն փորձի մակարդակը, ընդ որում Հայաստանում կա առավելագույն տարբերություն: Հարկ է նշել, որ Թուրքիայում և ԵՄ նոր անդամ երկրներում, ընդհակառակը, տարբերությունը նվազագույն է: Ամենայն հավանականությամբ, սա պայմանավորված է ԶԼՄ-ների ավելի լավ աշխատանքով և այս երկրներում կոռուպցիայի խնդրի պակաս քաղաքականացվածությամբ: Հայաստանում կոռուպցիայի փորձը տարածաշրջանում ամենացածրը չէ, և ըստ EBRD-ի, Ռումինիան ԵՄ անդամ միակ երկիրն էր, որն այս ցուցանիշով գերազանցում էր Հայաստանին: Միևնույն ժամանակ, Հայաստանում կոռուպցիոն փորձի մակարդակը զգալիորեն ավելի ցածր էր, քան հետխորհրդային մի շարք երկրներում, ներառյալ Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ արևմտյան հատվածի մի շարք երկրներ (Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա):
Հարկ է նկատել, որ կաշառակերության փորձը չի կարող նկարագրել կոռուպցիոն բոլոր երևույթները, ինչպիսիք են օրինակ` գանձագողությունը և կոռուպցիան ձեռնարկատիրության ոլորտում: Բացի այդ, կոռուպցիայի համար խստիվ քրեական հետապնդում նախատեսող կամ խոսքի ազատության զգալի սահմանափակմամբ երկրներում, մարդիկ կարող են թերագնահատել ինչպես ընկալվող կոռուպցիան, այնպես էլ (հազվադեպ) կոռուպցիոն փորձը: Վերջապես, իշխանության կողմից հավանության մակարդակը ազդում է նաև կոռուպցիայի ընկալվող մակարդակի վրա, չնայած սա հավանաբար, նվազագույն ազդեցություն ունի կոռուպցիոն փորձառության գնահատման հարցում:
Միևնույն ժամանակ, կոռուպցիոն գործողությունների չափելի տեսակները, ինչպիսիք են կաշառակերությունը և ստվերային տնտեսության տարածվածությունը, կարող են ծառայել իբրև անչափելի կոռուպցիայի անուղղակի ցուցիչ: Առանց հիմնավորող տվյալների գնահատման գանձագողության չափի ցանկացած գնահատական շահարկում է: Ուստի նախընտրելի է կենտրոնանալ գոնե որոշակի հավաստիությամբ չափելի մի բանի վրա:
3.2.2. Կոռուպցիան և ստվերային տնտեսությունը Հայաստանում. միջնաժամկետ և երկարաժամկետ միտումները
Հայաստանում թե՛ կոռուպցիա երևույթը, թե՛ այն ուղեկցող տրամաբերությունները հասկանալու համար, անհրաժեշտ է իրավիճակը դիտարկել որոշակիորեն ընդլայնված ժամանակային սահմաններում: ԽՍՀՄ-ն իրեն համարում էր մասնավոր շահերից ազատ հասարակություն, ինչից բխում է, որ նման հասարակությունում չի կարող նաև կոռուպցիա լինել: Այնուամենայնիվ, ապրանքային շուկայում առկա բազմաթիվ պակասություններով պայմանավորված, այդ երևույթները ոչ միայն գոյություն ունեին, այլ ավելի ու ավելի լայն տարածում էին ստանում: Խորհրդային շրջանի վերջնամասում ոչ պաշտոնական հարաբերություններն ու ընդհատակյա շուկան ակտիվորեն տարածվում էին, հատկապես Հարավային Կովկասում: Որոշակի առումով այս հարաբերությունները դիտարկվում էին որպես հիերարխիայից և ֆորմալիզմից [27] անցում հասարակության ավելի հորիզոնական կառուցվածքի և, այդ իսկ պատճառով բարոյական դիրքից արդարացվում էին [28]: 1980-ականներին մոտ, ըստ այդօրինակ ուսումնասիրություններից մեկի, Հայաստանում անձնական եկամտի միայն 36%-ն էր գալիս պետությունից ստացված աշխատավարձերից և կենսաթոշակներից [29]:
Այս ամենը դիտարկվում էր որպես շուկայական տնտեսության ձևավորման նախադրյալ, սակայն, մի շարք պատճառներով, նույնիսկ ստվերային տնտեսությունը մեծապես տուժեց հետխորհրդային տարանցման գործընթացում: Բացի այդ, կենսամակարդակի կտրուկ անկման, ինչպես նաև անկայունության աճի համատեքստում, ընդհատակյա տնտեսությունն ամենևին չէր ձգտում ֆորմալիզացման: 1994-ին Հայաստանում իրական միջին աշխատավարձը 1991-ի համեմատ նվազեց ութ անգամ [30]: Այս պայմաններում ստվերային տնտեսության մեջ ներգրավումը լայն տարածում ստացավ և դարձավ գոյատևման ռազմավարություններից մեկը [31], ընդ որում, ինչպես ամենաաղքատների, այնպես էլ էլիտայի համար: Կոռուպցիայի աճն ապաինստիտուցիոնալացման արդյունք էր, քանի որ խորհրդային փլուզվող ինստիտուտներն անհնար էր անմիջապես փոխարինել նոր՝ ավելի արդյունավետներով: Հարկ է նշել, որ տեղի էր ունենում ոչ միայն կոռուպցիայի, այլ նաև քրեական հանցագործությունների թվի աճ, որը 1987-1992 միջակայքի ցուցանիշների վեցապատիկն էր:
Կոռուպցիայի աճն ավելի շեշտակի էր, քան ընդունված է համարել, և նկատելի դարձավ 1980-ականների երկրորդ կեսին: Ստորև բերված տվյալները կարող են հանդես բերել այդ գործընթացը:
Աղյուսակ 6. Խորհրդային Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների թվաքանակի աճը [32]
1985 | 1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 | |
Պետական գույքի հափշտակման արձանագրված դեպքերի քանակը | 1253 | 1266 | 1210 | 1559 | 1612 | 3254 |
Այս հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը | 1427 | 1394 | 1127 | 622 | 767 | 545 |
Հարաբերակցությունը (դատապարտվածների թիվը՝ ըստ մեկ հանցագործության) | 1.14 | 1.10 | 0.93 | 0.40 | 0.48 | 0.17 |
Ավելի ուշ ժամանակահատվածի վերաբերյալ տվյալները հասանելի չեն, քանի որ «Պետական գույքի հափշտակություն» հոդվածը կապված էր սովետական քրեական օրենսգրքի հետ և դրանից հետո ընկալվեց որպես ոչ այժմեական: Նույնիսկ եթե այդպիսի տվյալներ հնարավոր է ձեռք բերել, ամենայն հավանականությամբ, 1991 թվականից ի վեր իջել է ոչ միայն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այլև գրանցման մակարդակը: Հետխորհրդային շրջանի առաջին մի քանի տարիների համար կոռուպցիայի դինամիկայի վերաբերյալ տվյալներ չկան, այնուամենայնիվ, անուղղակիորեն, կոռուպցիայի դինամիկան կարելի է գնահատել նաև ստվերային տնտեսության դինամիկայով: Ստվերային սեկտորը, 1985 թ. կազմելով ամբողջ տնտեսության 16.5%-ը, 1989-ին աճեց՝ հասնելով 21.1%-ի [33] և 55.4%-ի՝ 1995 թ.-ին [34]:
Այսպես, 1990-ականներին կոռուպցիայի աճի համար ստեղծվում են «կատարյալ պայմաններ»: Մինչդեռ կոռուպցիան պահպանում է իր կարևորությունը որպես մշակութային տարր (բնորոշ շատ ավանդական մշակույթների), այն ևս մեկ իմաստ է ստանում: Եթե ուշ սովետական շրջանում կոռուպցիան և ստվերային տնտեսությունը եկամտի ավելացման միջոց էին, ապա հետխորհրդային շրջանի համար՝ գոյատևման միջոց: Այս ամենը տարածվում էր խորհրդային վարչակառավարչական ինստիտուտների վրա, ինչը մեծապես հեշտացրեց կոռուպցիոն պրակտիկայի տարածումը:
Սակայն նոր ինստիտուտների կառուցման հետ մեկտեղ կոռուպցիայի մակարդակը նվազում էր: Դրա պայմանների շարքում կարելի է կարևորել գործարար միջավայրի բարելավումը, որի շնորհիվ Հայաստանը համեմատաբար հաջողությունների է հասել «Գործարարությամբ զբաղվելու հեշտության» [35] և «Տնտեսական ազատություն» [36] վարկանիշային ցուցակներում: Կարգավորումների որակի բարելավումն ազդել է նաև կոռուպցիայի տարածվածության վրա: Enterprise Survey-ի (Ձեռներեցության ուսումնասիրության) համաձայն՝ 2013 թ․ Հայաստանում բիզնես ոլորտի կոռուպցիան զգալիորեն ցածր էր Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային միջինից [37]:
Կոռուպցիոն փորձի վերաբերյալ վերը նշված տվյալներից բացի, կան time-series data (ժամանակագրական տվյալներ), որոնք նույնպես հիմնված են հարցումների արդյունքների վրա: Ընդգրկելով 15 տարի ժամանակահատված՝ այս տվյալներն ի վիճակի են առավել ճշգրիտ արտացոլել Հայաստանում կոռուպցիայի դինամիկան, ինչպես նաև համեմատել այն հարևանների հետ:
Նկ. 13. Կաշառքի հաճախականությունը Հարավային Կովկասում
Վերոնշյալը հավաստող մեծաքանակ վիճակագրական տվյալներ կան, այդուհանդերձ արդեն իսկ բերված թվերը բավարար են եզրակացնելու համար, որ կոռուպցիայի ընդլայնումը Հայաստանում սկսվել է դեռևս 1980-ականների երկրորդ կեսից, իսկ վերջին 15 տարիների ընթացքում կոռուպցիայի մակարդակը սահուն նվազում էր: 2002 թվականից ի վեր կաշառակերության դեպքերի հաճախականությունը նվազել է 4 անգամ, իսկ ստվերային տնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում ՝ 2 անգամ: [40]
Եզրակացություն. «Թավշյա հեղափոխության» պատճառները
Թավշյա հեղափոխության պատճառներն ու ընթացքը վերլուծելու համար, սոցիալական հեղափոխությունների համար մշակված տեսական գործիքակազմը միշտ չէ, որ կիրառելի է: Սոցիալական հեղափոխություններն առանձնանում են քաղաքական դրդապատճառներով բռնության բարձր աստիճանով և արտաքին (առաջին հերթին` միջազգային) ինստիտուտների նորմատիվային ցածր ազդեցությամբ, ինչպիսին է նոր կառավարության արտաքին լեգիտիմացման անհրաժեշտությունը: Ելնելով դրանից՝ սոցիալական հեղափոխություններն առավել հաճախ տեղի են ունենում ավելի ցածր միջազգային ինտեգրման և կախվածության (որպես արդյունք՝ հաճախ մեծ երկրներում), գրագիտության ցածր մակարդակի դեպքում, սակայն, միևնույն ժամանակ, դրանցում առճակատման աստիճանը, որպես կանոն, շատ ավելի բարձր է: Դրանք ավելի երկար են հասունանում, ինչը նշանակում է, որ խնդիրների անտեսման աստիճանն ավելի մեծ է:
Միևնույն ժամանակ, սոցիալական բնույթի հեղափոխությանը և թավշյա հեղափոխությանը նախորդող խնդիրների բնույթը չի տարբերվում: Բարձր դասի և միջին դասի վերին հատվածի միջև միշտ կա որոշակի լարվածություն և հակասություններ՝ պայմանավորված նրանով, որ միջին դասի վերին մասը նույնպես հաճախ հավակնում է իշխանության, և նրանց անարդար է թվում գործող էլիտայի ներկայությունը երկրի ու հասարակության ղեկին, մանավանդ, եթե առկա է էլիտայի ընկալումից տարբերվող մոտեցում իշխանության շարքերի համալրման սկզբունքների շուրջ:
Իշխող շերտն, իր հերթին, փորձելով պահպանել սեփական դիրքերը, սառեցնում է կադրային վերելակները և թույլ չի տալիս հավանական թեկնածուներին մտնել իշխանություն: Միևնույն ժամանակ, սահմանափակվում են այլ սոցիալական խմբերի հետ շփումները, և իշխող շերտի ընկալումը սկսում է պարզեցնել և խեղաթյուրել ներքին կյանքում տեղի ունեցող գործընթացները, հանգեցնելով հասարակությունից մեկուսացման և կառավարելիության նվազման, որը ինչպես հաճախ է լինում, ավարտվում է հեղափոխություններով:
Այս հակասությունների ձևավորումը, ըստ էության, ծրագրավորում է հեղափոխությունը, քանի որ կայուն է միայն այն սոցիալական կարգը, որն ընդունվում է ամբողջ հասարակության կողմից. իսկ եթե առկա է հասարակության բավականաչափ զգալի հատված, որը չի ընդունում այդ կարգը, ապա այդ հակադրությունը լուծելու միայն երեք եղանակ կա՝ ժողովրդավարական (այս խմբին իշխանության կազմում հավաքագրվելու հնարավորությունների ստեղծում կամ դրա ընտրությունն ամբողջական տեսքով), ռեպրեսիվ (իշխող խմբի կողմից մրցակիցների ճնշում իրավական կամ կեղծ-իրավական գործիքակազմով և բռնությունների միջոցով նրա նկրտումների զսպում) և հեղափոխական (այս խմբի հաղթանակը՝ զանգվածային մոբիլիզացիայի վրա հիմնված քաղաքական շարժման միջոցով):
Իշխանության հավակնող սոցիալական խավերի հակասությունները նկարագրելու համար կարելի է օգտագործել «էլիտաների վերարտադրություն» և «հարաբերական զրկանք» հասկացությունները, սակայն միայն մեկ շերտի դժգոհությունը բավարար չէ զանգվածային շարժում կազմակերպելու համար: Որպես կանոն, հեղափոխությանը նախորդում է քաղաքականության մեջ հակասությունների կուտակման երկարատև շրջան, սակայն շատ առումներով այս գործընթացի հիմքը տնտեսական միտումներն են՝ ներառյալ ձգձգված ճգնաժամը, ընկճվածությունը կամ լճացումը:
Հայաստանում վերը նշված բոլոր պայմաններն առկա էին և շատ վաղուց էին հասունանում: Տնտեսական ոլորտում ինչպես խմբային, այնպես էլ զանգվածային դժգոհության պայմանները ստեղծեցին անհավասարություն, հատկապես 2008 թվականից հետո անհավասարության նոր, թեկուզ աննշան աճ: Հարաբերական զրկանքի այլ պայմաններ ստեղծվեցին մի շարք ճգնաժամերով` 2008/9, 2014/5 և 2016 թվականներին, որի արդյունքում ամբողջ տասնամյակի ընթացքում տնտեսական աճի տեմպերը նվազագույն էին, իսկ բարեկեցությունն ընդհանրապես չէր աճում՝ տրանսֆերտների ներհոսքի անկման և հօգուտ տնտեսության և պետական ինստիտուտներում ներդրումների ուղղակի սպառման միջոցների վերաբաշխման պատճառով: Այսպես, 2017 թ․ պետական հատվածի վերջնական սպառումը 2012 թ․ համեմատ աճել էր 43%-ով, իսկ տնային տնտեսությունների վերջնական սպառումը` ընդամենը 1%-ով:
Միևնույն ժամանակ, կոռուպցիան և դրա հետ կապված ստվերային տնտեսությունը, չնայած հասարակական տրամաբերությունում զբաղեցրած զգալի տեղին, խիստ գերագնահատված էին և ծառայում էին միայն որպես դժգոհության դրսևորումներ, և ոչ թե որպես տվյալ երևույթների իրական ցուցիչ: Դրա վկայությունն է նաև հետագա պատմությունը. արդեն «Թավշյա հեղափոխությունից» երկու տարի անց կարելի է հստակ տեսնել այն, ինչ հեղինակի համար ակնհայտ էր դեռ այն ժամանակ. հույսն առ այն, որ ստվերային տնտեսության դեմ պայքարելով հնարավոր կլինի լուրջ միջոցներ ազատել պետական բյուջեի համար, անհիմն է, ինչպես և այն փաստը, որ «կոռուպցիան հաղթահարելը» ինքնին կհանգեցնի պետական կառավարման որակի բարելավման:
Հայաստանում հեղափոխության պայմանները ձևավորվել էին դեռևս 2010-ականների կեսին, և էլիտաները ավելի ու ավելի էին զգում ճնշումը «ներքևից»: Դրա փոխհատուցման համար անհրաժեշտ էր զիջումների գնալ տարբեր հարցերի շուրջ, ինչպես նաև բարձրացնել ընտրական գործընթացների մանիպուլացման աստիճանը: Հեղափոխությունը կանխելու միակ լուրջ հնարավորությունը ստեղծվեց 2016 թ․ կառավարության փոփոխությամբ և, համապատասխանաբար, համակարգի պահպանությունից արդիականացում օրակարգի փոփոխությամբ: Այնուամենայնիվ, կառավարության ղեկավար դառնալու Սարգսյանի փորձն արժեզրկեց համակարգն արդիականացնելու փորձը և համակարգի ընկալումն էլ ավելի արխայիկ դարձրեց, ինչն արդեն անտանելի դարձավ իշխանություններին և հաջողության հասածներին ընդդիմանալու շուրջ միավորված բողոքական խմբերի համար:
Միևնույն ժամանակ, օրենքի ոգու ոտնահարումը, (2014-18 թթ. Սահմանադրության փոփոխությամբ օրենքի տառը պահպանվել էր) արտահայտված Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնին անցումով, դժվար թե հեղափոխության կատալիզատոր հանդիսացավ: Այդպիսին չէր կարող հանդիսանալ նաև նրա խոստմնազանցությունը: Հայաստանում, ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ շատ առումներով դրանից հետո, վերաբերմունքը օրենքի պահպանման հարցում քաղաքացիների համար այդքան էլ կարևոր չէ, և քաղաքական գործիչների խոստմնազանցությանն էլ են բոլորը սովոր: Իսկ ահա ընկալվող հարացույցի փոփոխությունը՝ արդիացումից դեպի համակարգի պահպանում, շատ ավելի կարևոր գործոն է:
Ի լրումն վերոհիշյալ սոցիալ-տնտեսական միտումների՝, հեղափոխության պատճառ հանդիսացավ իշխող խմբի ներսում էլիտայի պառակտումը, ինչպես նաև արտաքին գործոնը: Սակայն, այս հանգամանքների ուսումնասիրությունը դուրս է սույն հոդվածի շրջանակից և պահանջում է հանրային դաշտում անտեսանելի գործընթացների խորը ուսումնասիրություն: Արտաքին գործոններից ամենաակնառուն Ադրբեջանի ռազմաքաղաքական ճնշումն է, որը ռեսուրսների անհամաչափությամբ և միջազգային հանրությունում հայկական դիրքորոշման կողմնակիցների բացակայությամբ, բերում էր պատերազմի հանդեպ ունեցած հոգնածության աճի և ուժասպառ անում երկիրը:
*Տարեվերջին ** Սովետական ռուբլու և դոլարի հարաբերակցությունը 1990 թ-ի նոյեմբերի դրությամբ վերցված է 1,8 դոլարի չափով՝ արտացոլելով գնահատականը շուկայական և պաշտոնական փոխարժեքի համադրության հետ մեկտեղ (հիմնվելով արտաքին առևտրի հաշվարկում վիճակագրության նախարարությանօգտագործած գնահատման վրա): 1995-2001 թթ. օգտագործվել է համապատասխան տարվա դեկտեմբերի միջին փոխարժեքը:Ծանոթագրություններ
[1] Kathryn M. Neckerman and Florencia Torche. 2007. “Inequality: Causes and Consequences.” Annual Review of Sociology, 33 (August): 335-357 [2] Branko Milanovic. 2015. Global Inequality of Opportunity: How Much of Our Income is Determined by Where We Live?” The Review of Economics and Statistics: 97(2): 452-460 [3] Sang-hŏn Yi. 1975. Communism, a New Critique and Counterproposal: Questions & Answers. Freedom Leadership Foundation. [4] Josh Bivens, Elise Gould, Lawrence Mishel, and Heidi Shierholz. 2014. “Raising America’s Pay. Why it’s Our Central Economic Policy Challenge.” Economic Policy Institute. 378. At https://www.epi.org/files/pdf/65287.pdf [5] Emmanuel Saez, Gabriel Zucman. 2014. “Wealth Inequality in the United States since 1913: Evidence from Capitalized Income Tax Data.” National Bureau of Economic Research. 20625. At http://www.nber.org/papers/w20625.pdf [6] Drew Desilver. “For most U.S. workers, real wages have barely budged in decades.” Pew Research Center Fact-Tank. August 7, 2018. At http://www.pewresearch.org/fact-tank/2018/08/07/for-most-us-workers-real-wages-have-barely-budged-for-decades/. [7] Simon Kuznets. 1955. Economic Growth and Income Inequality. American Economic Review 45: 1 (March), 1-28. [8] Branko Milanovic. “Introducing Kuznets waves: How income inequality waxes and wanes over the very long run.” VOX CEPR Policy Portal. February 24, 2016. At https://voxeu.org/article/introducing-kuznets-waves-income-inequality [9] Christoph Lakner and Branko Milanovic. 2013. “Global Income Distribution. From the Fall of the Berlin Wall to the Great Recession.” World Bank Policy Research Working Paper. 6719. At https://openknowledge.worldbank.org/bitstream/handle/10986/16935/WPS6719.pdf [10] Facundo Alvaredo, Lucas Chancel, Thomas Piketty, Emmanuel Saez and Gabriel Zucman. 2017. “The Elephant Curve of Global Inequality and Growth.” WID.world Working Paper Series. 2017/20: 8. At https://wid.world/document/elephant-curve-global-inequality-growth-wid-world-working-paper-2017-20/ [11] Filip Novokmet, Thomas Piketty and Gabriel Zucman. 2017. “From Soviets to Oligarchs: Inequality and Property in Russia 1905-2016.” National Bureau of Economic Research. 23712. At http://www.nber.org/papers/w23712.pdf [12] Keith Griffin et al. 2002. “Growth, Inequality and Poverty in Armenia.” UNDP Bureau for Development Policy, Poverty Group, 63-71 [13] National Statistical Service of RA. 1998. Statistical Yearbook of Armenia 1995-1996. Yerevan: Zangak-97, 55 National Statistical Service of RA. 2001. Statistical Yearbook of Armenia (1997-1998). Yerevan: NSS RA, 75. At http://www.armstat.am/file/doc/99452278.pdf National Statistical Service of RA. 2006. Statistical Yearbook of Armenia 2006. Yerevan: NSS RA, 88. [14] Результаты переписи населения Армении см.: https://www.armstat.am/ru/?nid=22 [15] Rumen Dobrinsky et al. 2016. “The Belarus Economy: The Challenges of Stalled Reforms.” The Vienna Institute for International Economic Studies. Research Paper 413 (November). At https://wiiw.ac.at/the-belarus-economy-the-challenges-of-stalled-reforms-dlp-4032.pdf [16] In 2018 Index of Economic Freedom, Belarus holds 108th place in the world (out of 180), while in Europe it is one of the worst – 42 out of 44. The Heritage Foundation. 2018. Index of Economic Freedom 2018, At https://www.heritage.org/index/ranking [17] World Bank. 2018. PovcalNet database, At http://iresearch.worldbank.org/PovcalNet/home.aspx [18] UNU-Wider. 2015. World Income Inequality Database ” WIID3.4, At https://www.wider.unu.edu/database/world-income-inequality-database-wiid34 [19] Հաշվարկի համար օգտագործվել են եկամտի բաշխման վերաբերյալ տվյալները՝ համաձայն PovCalNet համաշխարհային բանկի տվյալների բազայի և ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների: Հաշվի առնելով, որ մարդիկ մի շարք պատճառներով թերագնահատում են իրենց եկամտի չափը (ներառյալ ստվերային տնտեսությունը և մշակութային պատճառները), բնակչության համախառն եկամուտի դեպքում որպես տվյալներ են ընտրվել տնային տնտեսությունների վերջնական սպառման վերաբերյալ տվյալները՝ հաշվի առնելով նաև գնաճը (պաշտոնականը ամբողջ ժամանակաշրջանի համար, բացի 1991թվականից, որի դեպքում ճշգրտումներ են իրականացվել): [20] Бедность и социальная панорама Армении, 2019. Стр. 44. https://www.armstat.am/ru/?nid=82&id=2217 [21] Ներառված են նրանք, ովքեր 10 բալանոց սանդղակով գնահատել են 1-ից 3, որտեղ 1-ը մաքսիմալ ձգտումն է եկամտների հավասարեցմանը, իսկ 10-ը` անհավասարությունը: World Values Survey. 1997. World Values Survey wave 3 (1995-1998), At http://www.worldvaluessurvey.org/WVSOnline.jsp [22] World Values Survey. 2011. World Values Survey wave 6 (2010-2014), At http://www.worldvaluessurvey.org/WVSOnline.jsp [23] The Caucasus Research Resource Centers. 2013. Caucasus Barometer, At http://caucasusbarometer.org [24] Marii Pashkov and Caroline Dewilde. 2012. “Income inequality and solidarity in Europe.” Research in Social Stratification and Mobility: 30 (4): 415-432 [25] Roxana Gutierrez-Romero. 2010. “The Dynamics of the Informal Economy”. Oxford University. CSAE WPS/2010-07 At https://www.csae.ox.ac.uk/workingpapers/pdfs/2010-07text.pdf [26] European Bank for Reconstruction and Development. 2016. Life in Transition Survey III. A Decade of Measuring Transition: 27. London: Park Communications. At https://www.ebrd.com/documents/oce/pdf-life-in-transition-iii.pdf [27] Հարկ է նշել, որ սովետական հիերարխիզացումը և բյուրոկրատացումը մեծապես հակասում էին Մարքսի ուսմունքներին, իսկ ԽՍՀՄ-ում դրանք համարվում էին որպես ժամանակավոր միջոց կոմունիզմի կառուցման և «պետության վերացման» առջև: [28] Gerald Mars, Gerald and Yochanan Altman. 1983. “The Cultural Bases of Soviet Georgia’s Second Economy”, Soviet Studies, vol. XXXV (October): 4 [29] Gregory Grossman. 1987. “Roots of Gorbachev’s Problems: Private Income and Outlay in the Late 1970s”, in Joint Economic Committee, US Congress “Gorbachev’s Economic Plans”, vol. 1. Washington, pp. 213-229 [30] 1992 թվականին իրական աշխատավարձերը նվազել են 50.1%-ով, 1993-ին` 54.6%-ով, իսկ 1994-ին` 42.6%-ով: Էական կրճատում է գրանցվել նաև 1991-ին, սակայն դա հիմնականում պայմանավորված է սպառողական գների ինդեքսի սխալ հաշվառմամբ: National Statistical Service of Armenia. 2012. “Labor Market in the Republic of Armenia 2007-2011. Statistical Handbook”: 155-156. Yerevan: NSS RA. [31] Олимпиева, Ирина, Паченков, Олег. 2003. “Неформальная экономика как социальная и исследователь-ская проблема (вместо предисловия)” в Ред. Олимпиева, Паченков “Неформальная экономика в постсоветском пространстве: проблемы исследования и регулирования”. СПб.: ЦНСИ, стр. 4-14. http://ecsocman.hse.ru/data/446/651/1219/001Olimpieva.pdf [32] Государственное управление по статистике, государственному регистру и анализу Республики Арме-ния. 1991. Статистический ежегодник Армении – 1990: 355. Ереван [33] Kim, Y. B. and Shida, Y. 2014. “Shortages and the Informal Economy In the Soviet Repub-lics: 1965-1989”, The Institute of Economic Research, Hitotsubashi University, RRC Working Paper Series No. 43, 28 p [34] Elgin, Ceyhun and Oguz Oztunalı. 2012. “Shadow Economies around the World: Model Based Estimates”, Working Paper, Bogazici University Department of Economics, 2012/05. URL: http://www.econ.boun.edu.tr/public_html/RePEc/pdf/201205.pdf [35] http://www.doingbusiness.org/rankings?region=europe-and-central-asia [36] https://www.heritage.org/index/ [37] http://www.enterprisesurveys.org/data/exploretopics/corruption [38] https://www.ebrd.com/downloads/research/transition/TR05.pdf [39] http://caucasusbarometer.org/en/ [40] Теневая экономика в Армении, 194.Հղումներ
Թարգմանիչ՝ Ալինա Բարսեղյան (Alina Barseghyan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։