Ամբոխ էինք, այսօր ժողովուրդ դարձանք

Ռաֆայել Ղազարյան. Ամբոխ էինք, այսօր ժողովուրդ դարձանք

Նախկին hambardzum.am կայքի խմբագրությունից: Կարեւոր է հիշել, որ 1988-ին նախորդել են զանգվածային, հրապարակային այլ շարժումներ Երեւանում, որոնք թեեւ իրենց ծավալով եւ արդյունքով համեմատելի չեն Ղարաբաղյան շարժման հետ, սակայն ժառանգական յուրահատուկ շղթա են ստեղծում 20-րդ դարի հայոց քաղաքական պատմության մեջ: 88-ի Շարժման մասնակիցներից շատերը մինչ այդ մասնակցել են 1965 թ.-ի երեւանյան ցույցին, 1965-66 թթ.-ի շարժման ազդակով ձեւավորվեց նաեւ ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ), որի ծրագրում ամրագրվեց Հայաստանի անկախության պահանջը: Այս հրապարակմամբ սկսում ենք անդրադարձը 1960-ականների, նաեւ դրան նախորդած (1918-ի) երեւանյան զանգվածային շարժումներին եւ այդ շարժումների միջավայր թամանյանական Երեւանին: Կանդրադառնանք նաեւ Սովետական Հայաստանում այլախոհական դրսեւորումներին: Այս ուղղությունը սկսում ենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանի հուշերից մի հատվածով, որով ավելի է շեշտվում կապը երկու՝ 1965-ի եւ 1988-ի միջեւ:

Եվ այսպես մոտենում էր 1965-ը: Նորահայտ ընկերներիս շարքում, շնորհիվ նկարիչ Սարգիս Մուրադյանի, որի հետ մտերմացել էի դեռ Մոսկվայում եղածս տարիներին, արժանացա ճակատագրիս չվաստակած պարգևին՝ ծանոթացա և մտերմացա Պարույր Սևակի հետ:

Մարտի վերջն էր կամ ապրիլի սկիզբը: Նոր էի վերադարձել հերթական գործուղումից: Ներխուժեց հուզված Սարգիսը և շանթեց անակնկալով. Մոսկվան թույլ է տվել եղեռնի 50-ամյակի նշումը: Պարզվում է՝ դեռ 64-ին Վարագ Առաքելյանի նախաձեռնությամբ և Պարույրի ու Սարգսի մասնակցությամբ նամակ է ուղարկվել Մոսկվա, կենտկոմ, համապատասխան խնդրանքի հիմնավորմամբ: Նամակը ստորագրել էին 13 անվանի մտավորականներ. վերջերս, երբ վերհիշում էինք այն օրերի դեպքերը, Սարգիսը դժվարանում էր անվանել բոլորին. համոզված նշեց Գոհար Գասպարյանի անունը: Նրանց հրավիրեց կենտկոմի առաջին քարտուղար մեծ հայրենասեր Յակով Զարոբյանը: Զրույցի ավարտին խոստացավ ամեն ինչ անել թույլտվությունը կորզելու համար և խնդրեց օգնել իրեն: Մոսկվա սլացավ 2-րդ նամակը, այս անգամ 50-ի ստորագրություններով: Զարոբյանը հրավիրվեց Մոսկվա: Պատմում է, որ Բրեժնևը և պոլիտբյուրոյի մյուս անդամները պատկերացում չունեին եղեռնի մասին: Ապշած էին ներկայացված փաստերից. թույլտվությունը ստացվեց:

24-ի նախօրեին համալսարանի մի քանի առավել ակտիվներիս հետ հանդիպեցին Վիկտոր Համբարձումյանը, ռեկտոր Նագուշ Հարությունյանը, պարտկոմը. խնդրեցին չհորդորել ուսանողությանը մասնակցելու նախապատրաստվող քայլարշավին: Մի փոքր տաքացա` «ե՞րբ, վերջապես, հնարավորություն կունենանք մեր արդար պահանջը հնչեցնելու…»: Հավաքվածների մեջ միակ անպարտիականը ես էի, մյուսները ենթարկվեցին պարտ. կարգապահությանը:

Պայմանավորվել էինք Պարույրի խմբով անպայման մասնակցել երթին` հնարավոր անհամությունը կանխելու նպատակով, քանզի Յակով Զարոբյանը, վտանգելով իր անձը, համոզել էր Մոսկվային զորքերը երթին միջամտելուց զերծ պահել՝ իր պատասխանատվությամբ երաշխավորելով խաղաղ երթ: Կազմակերպչական նման զրույցներ տարվել էին մտավորականների և երիտասարդական խմբերի ջանքերով: Մի քանիսին այցելել էին Պարույրը և Սարգիսը: Լուրջ նախապատրաստական ջանքեր ներդրեցին քաղաքապետ Հասրաթյանը և այլոք:

Ապրիլի 24-ի «Պրավդան» լույս տեսավ երկու տարբերակով. Հայաստանի համար՝ Մկրտիչ Ներսիսյանի՝ եղեռնին նվիրված հոդվածով և ամբողջ միության համար՝ առանց դրա: Կենտրոնական մյուս թերթերում ոչ մի ծպտուն. հանկարծ մեր հարևան ոխերիմ բարեկամը չնեղանա:

Երբ քայլարշավի մի թևը մոտեցավ համալսարանին (Աբովյան փողոցի սև շենքին) հոսքային դասախոսությունս էի կարդում մեծ լսարանում: Դիմեցի ուսանողներին` «Այսօր յուրաքանչյուրը պետք է վարվի համաձայն իր խղճի և սկզբունքների, իսկ այժմ ստիպված եմ ընդհատել դասախոսությունս» ու դուրս եկա: Համարյա բոլորը միացան շարասյանը: Մինչև Կոմիտասի այգին շարժվում էր մի քանի տասնյակ հազարանոց շարասյուն՝ Միությունում աննախադեպ հրաշք: Սակայն եղավ դրանից ավելի աներևակայելին. մասնակիցների 100%-ը հայեր… ու ո՛չ մի անհամություն, ո՛չ մի կարգազանցություն: Անզեն զինվորները մնացին նստած մեծ մեքենաների բաց թափքերում, ոչ մի անգամ չմիջամտեցին. «Քո անուանդ սաղմոս պիտի երգեմ, ով Բարձրեալ» (Սաղմոս Դաւթի): Ժողովրդի սիրելին՝ Հովհաննես Բադալյանը, և նրան շրջապատած մի խումբ երիտասարդներ ամբողջ ճանապարհին երգում էին հայրենասիրական երգեր:

Երեկոյան հավաքվել էինք Սարգսի տանը: Բոլորիս անասելի խանդավառ հոգեվիճակը «վերծանեց» Պարույրը` «Ամբոխ էինք, այսօր ժողովուրդ դարձանք»:Հանկարծ զանգ. օպերայի շենքի մոտ (ներսում հանդիսավոր նիստն էր) անկարգություններ են: Լցվեցինք միակ (Սարգսի) մեքենան. ջրցան մեքենաներով միլիցիայի հետապնդումից փախչող տղաներին հանդիպեցինք կենտկոմի շենքի մոտակայքում: Պարզվում է՝ փորձել են ներխուժել օպերա, մերժում են ստացել, քարկոծել են պատուհանները: Տրամադրություններս բավականին պղտորվել էր: Եվ նորից պետք է նշել ղեկավարության խոհեմ վարվելակերպը. առանց ընթացք տալու մարեցրին դեպքը:

Ապրիլի 24-ից հետո ոգևորված Զարոբյանը կանչում է տղաներին ու հայտնում Ղարաբաղի համար պայքարը սկսելու իր վճռականության մասին:

Պարույրը, Սարգիսը շտապ մեկնում են Ղարաբաղ, որից հետո սկսվում է ստորագրություններով համապատասխան դիմումների հոսքը արդեն մեր կազմավորված խմբի հասցեով: Բացի մեզանից ու Վարագից խմբի մեջ էին մի քանի մտավորականներ: Ավելի ուշ մեր խմբին միացավ թուրքերի հետապնդումների հետևանքով Ղարաբաղից ճողոպրած Բագրատ Ուլուբաբյանը:

Այդ օրերին էր՝ Վլադիմիր Գրիգորյանը առաջ քաշեց Նախիջևանի ավտոնոմիայի ստեղծման «մայրաքաղաքային» սկզբունքը: Քանի որ այն բնակեցնող 2 էթնոսների՝ հայերի ու ադրբեջանցիների հանրապետություններն արդեն կային, ապա Թուրքիայի պահանջը (Ադրբեջանի հետ սահման ստեղծելու խնդիրը) բավարարելու համար կիրառվեց միության մեջ եզակի «մայրաքաղաքային» սկզբունքը՝ ավտոնոմիան անվանվեց մայրաքաղաքի անունով:

Ցավոք Զարոբյանին, ըստ երևույթին, չներեցին նրա հայրենասիրական համարձակ քայլը, նրան փոխարինեց Քոչինյանը: Ազատվելուց քիչ առաջ Զարոբյանը այցելեց մեր ինտիտուտը, մասնավորապես իմ ղեկավարած բաժինը: Խոսում էր սահուն հայերեն. մինչդեռ գիտեինք, որ Հայաստան փոխադրվելու պահին հայերենին չէր տիրապետում: Ելույթներից խուսափեց մոտ կես տարի մինչև որ տիրապետեց հայերենին: Խարազանող օրինակ նրանց համար, ովքեր տասնամյակներ ապրելով Հայաստանում՝ մայրենին սովորելու փոխարեն չեն դադարեցնում այն մեկ այլ լեզվով փոխարինելու ջանքերը: Քոչինյանը տրամադրվել էր հաղթական վախճանի հասցնել Ղարաբաղյան էպոպեան: Մոսկվայից վերադառնալով՝ կանչել է տղաներին (Պարույրը, Վարագը, Սարգիսը դրանց մեջ էին) ու ներկայացրել «հայի բախտի» հերթական տխուր դրսևերումը: Երբ Բրեժնևը ծանոթանում է տարաբախտ տարածքների գջլումի հետ կապված մանրամասներին, բացականչում է՝ “так это же несправедливо…” : Ախունդովին (այն օրերին Ադրբեջանի առաջին քարտուղարը) առաջարկում է հայտարարել ԼՂԻՄ-ի վերադարձը Հայաստանին: Վերջինս դնում է սեղանին իր քարտուղարական տոմսը, թե «հրաժարվում եմ, քանզի չեմ կարող դա բացատրել իմ ժողովրդին»: Մեջ է ընկնում Սուսլովը («գորշ կարդինալը») և հասկացնում Լյոնյային, թե ինչ կատաղած ջին է բաց թողնում շշից, որից հետո Քոչինյանին կարգադրվեց այլևս չբարձրացնել այդ խնդիրը և արգելել այդ կապակցությամբ ամեն տեսակի ակտիվություն: Մենք դա զգացինք անմիջապես. խմբի նկատմամբ «վերևի» վերաբերմունքը փոխվեց: Մյուս խմբերի նկատմամբ ավելի խիստ վարվեցին. «Սամիզդատի» առաջին ու վերջին համարի կազմակերպիչը կալանավորեց ու 2 օրից հանկարծամահ եղավ բանտում, իբր, սրտի նոպայից: Երկրի վրա իջավ ռեակցիայի ամպը:


Հատված Ռաֆայել Ղազարյանի «Հաշվետու եմ» գրքից (Երևան, 2003)


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ