«Նոր կանաչ կուրս»-ն (The Green New Deal) այնքան ջանք չի պահանջի, որքան Երկրորդ համաշխարհային պատերազմը,- ասում է լեզվաբանն իր նոր գրքում:
Այս ամառ գրանցվեցին պատմության վատագույն անտառային հրդեհները։ Միայն Կալիֆոռնիայում այրվել է 3․7 միլիոն ակր տարածք՝ հիմք տալով որ UCLA-ի մի կլիմայագետ հայտարարի․ «Մենք գերազանցել ենք գրեթե բոլոր հնարավոր ռեկորդները»։ Տարվա այս շրջանում՝ մինչև այս պահը, քսաներեք անուն փոթորիկ է ծնունդ առել՝ ամռան վերջին գրանցված առավելագույն ցուցանիշը: Արդեն չորս ամիս է Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում ծայրահեղ երաշտ է նկատվում: Իսկ սառցե շերտերը, որոնք կարող են հանգեցնել ծովի մակարդակի աղետալի բարձրացման, տագնապալի տեմպերով քայքայվում են: Կլիմայական աղետները մոտ են:
Հայտնի լեզվաբան և հանրային մտածող Նոամ Չոմսկին իր վերջալույսի տարիները նվիրել է այն մտքին, թե ինչ կարող է պատահել, եթե աշխարհը չհակազդի կլիմայի փոփոխությանը: Այժմ նա թողարկել է մի գիրք՝ քաղաքական տնտեսագետ Ռոբերտ Փոլլինի համահեղինակությամբ, որը լուծում է առաջարկում։
Չոմսկին և Փոլլինը «Կլիմայի ճգնաժամ և համաշխարհային նոր կանաչ կուրս»-ում նկարագրում են չզսպվող կլիմայի փոփոխությունների աղետալի հետևանքները և առաջարկում դրա դեմ պայքարի համաշխարհային ջանքերի նախագիծ՝ հիմնված Արևածագի շարժման «Նոր կանաչ կուրս»-ի վրա: Նոր հանրապետության (The New Republic) հետ զրույցում Չոմսկին քննության առավ, թե ինչ կարող է սովորեցնել մեզ Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ կլիմայի ճգնաժամին հակազդելու մեր կարողությունների մասին։
Գրքի ողջ ընթացքում դուք շատ զուգահեռներ եք անցկացնում Երկրորդ համաշխարհային պատերազմի և կլիմայի ճգնաժամի միջև։ Ինչո՞ւ սևեռվել պատմության հենց այս շրջանի վրա։
Բոբ Փոլլինը մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարել այս իրապես գոյութենական ճգնաժամի հաղթահարման հարցում ծախսերի և այլ գործողությունների առումով ազգային պարտավորությունների անհրաժեշտ չափի և մակարդակի վերաբերյալ և այն համեմատել Երկրորդ համաշխարհային պատերազմի մոբիլիզացիայի հետ: Նրա, ինչպես նաև Ջեֆրի Սաքսի և այլ տնտեսագետների հաշվարկները, բավական համոզիչ ցույց են տալիս, որ Երկրորդ համաշխարհային պատերազմին ուղղված ՀՆԱ-ի մի փոքր մասն ունենալով՝ կարող ենք հաղթահարել ներկայիս ճգնաժամը: Մենք կարող ենք բավարարել այն պայմանները, որոնք Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը սահմանել է մինչև 2030 թվականը արտանետումների զգալի կրճատման և մինչև 2050 թվականը՝ զրոյական մակարդակի հասնելու համար: Սաքսը և Փոլլինը հաշվարկել են, որ դրա համար կպահանջվեր ՀՆԱ-ի 2-3 տոկոսը, ինչը զգալի պակաս է Երկրորդ աշխարհամարտի, և շատ ավելի նվազ՝ մարդկային մոբիլիզացիայի տեսանկյունից: Ես բավականաչափ մեծ եմ Երկրորդ աշխարհամարտը շատ լավ հիշելու համար, երբ ամբողջ հասարակությունը լծված էր ռազմական արտադրությանը:
Ինչի՞ էր նման գրքում ձեր իսկ բնորոշմամբ «զանգվածային կամավորական մոբիլիացիա»-ն Երկրորդ աշխարհամարտի ժամանակ
Գործնականում ողջ հասարակությունն աշխատում էր: Աշխատավարձերի և գների վերահսկողություն կար: Հայրս օգտագործված մեքենա ուներ, բայց մենք չէինք կարող 30 մղոն/ժամ-ից արագ վարել և ոչ էլ շատ հեռու գնալ, քանի որ գազը չափակարգված էր, սնունդը չափակարգված էր։ Նկատի ունեմ, որ այս պարագայում հեռակա կարգով նման որևէ բան անհրաժեշտ չէ։ Իրականում «Նոր կանաչ կուրսը» հակառակն է անում․ ապահովում է ավելի լավ ու ավելի շատ աշխատատեղեր, ավելի բարեկարգ ապրելակերպ ավելի քիչ ջանքերով՝ Երկրորդ աշխարհամարտի ավելի ծանր ճգնաժամի ժամանակահատվածի համեմատ:
Ունենք մի քանի տասնամյակ, միգուցե 20, 30 տարի` որոշումներ կայացնելու համար, որոնք բառացիորեն որոշիչ կլինեն՝ Երկրի վրա կազմակերպված մարդկային կյանքի գոյապահպանման առումով: Դա արդեն վեր է Երկրորդ համաշխարհային պատերազմից: Իսկ ծախսերի մի մասնաբաժին ունենալու դեպքում՝ գիտենք ինչպես հակազդել դրան։ Փաստացի, Բոբ Փոլլինի հաշվարկները ցույց են տալիս, որ Covid-19-ի ճգնաժամից հետո տնտեսության պահպանման ուղղությամբ Ֆինանսների դեպարտամենտի ներդրած գումարի մի մասի միջոցով մենք կարող էինք հասնել այդ նպատակներին:
ԱՄՆ-ում որտե՞ղ եք տեսնում՝ կլիմայի փոփոխության դեմ զանգվածային շարժման ներուժ
Եթե հղում տանք Գրետա Թյունբերգի խոսքերին՝ երիտասարդներն ու նրանց երեխաները նրանք են, ում դավաճանում ենք մենք՝ մեծահասակներս։ Սակայն նրանք պայքարի առաջնագծում են ԱՄՆ-ում՝ «Ապստամբություն ընդդեմ բնաջնջման» (Extinction Rebellion), «Գլոբալ գործադուլի» և «Արևածագի շարժման» միջոցով, ինչը շատ արդյունավետ է «նոր կանաչ կուրսը» ծայրակետից օրենսդիրի ուշադրության կենտրոն բերելու հարցում։ Սա մեծ նվաճում է: Շարունակաբար ճնշումը Բայդենի արշավը տեղափոխել է դեպի ավելի առաջադեմ ու գոհացնող կլիմայական ծրագիր։ Դեմոկրատական կուսակցության ներսում պայքար կա. ակնհայտ է, որ Դեմոկրատական ազգային հանձնաժողովը փորձում է կրճատել իրենց իսկ թեկնածուի առաջարկները: Այնուամենայնիվ, երիտասարդներն ամեն ինչ տարել են ճիշտ ուղղությամբ: Ժամանակն է, որ մեծահասակները քայլ անեն և խաղան իրենց դերը։
Քանի որ կլիմայական ճգնաժամն աշխարհը գնալով դարձնում է անբնակելի, ինչպե՞ս դա կազդի զանգվածային արտագաղթի վրա:
Նախևառաջ, փախստականների ճգնաժամ չկա: Սա Արևմուտքի բարոյական ճգնաժամն է, ճիշտ ինչպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է ասել: Մենք անվանում ենք «փախստականների ճգնաժամ» այն, ինչը մեր բարոյական ճգնաժամն է: Սակայն մի կողմ թողնելու դեպքում՝ շրջակա միջավայրի տաքացման արդյունքում այն սկսելու է ծավալ ստանալ: Ինչին և արդեն ականատեսն ենք: Համընդհանուր տաքացման հետևանքներից մեկը եղանակային շատ ավելի խիստ պատահմունքներն են: Վերջերս Բանգլադեշում՝ արևելյան Բենգալում, աննախադեպ մեծության ցիկլոն եղավ։ Բանգլադեշի մի ստվար հատված ջրի տակ հայտնվեց։ Եվ սա շարունակական է լինելու: Այս ամենը գլխավորապես հարված է հասցնում ամենաաղքատներին, ամենախոցելիներին և նրանց, ովքեր պատասխանատու չեն կատարվածի համար: Եվ ո՞րը կլինի ձեր ընտրությունը, եթե ձեր երկիրը ողողվի ջրով: Ի՞նչ եք անելու։ Փախչելու եք։
Հարավային Ասիան բախվում է արագորեն բարձրացող ջերմաստիճանի և ջրի ահռելի սղության ճգնաժամի: Հարյուր միլիոնավոր մարդիկ, հարյուր միլիոնավորները Հնդկաստանում, խմելու ջրին հասանելիություն չունեն: Խնդիրն ավելի է սաստկանալու։ Նույնը հարևան Պակիստանում: Երկուսն էլ միջուկային զենք ունեն: Ի՞նչ տեղի կունենաւ, երբ նրանք բախվեն հաղագս սպառվող ջրի պաշարների։ Արդյո՞ք նրանք պարզապես կասեն. «Լավ, դու վերցրու, ես չեմ ուզում»: Այդպես չեմ կարծում: Եթե նրանք անցնեն միջուկային պատերազմի, միայն Հարավային Ասիան չէ, որ կոչնչանա: Բոլորս ենք դառնորեն տառապում։ Մենք շարժվում ենք դեպի նման աշխարհ։
Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ կլիմայի փոփոխության դեմ ջանքերում երկու կուսակցություններին ոգեշնչելու համար:
Պետք է լայն նայենք կայացած իրականությանը։ Մենք ապրում ենք շատ տարօրինակ ժամանակաշրջանում, շատ տարօրինակ երկրում: Միացյալ Նահանգները համաշխարհային հանցագործ է այս հարցում։ Գրեթե յուրաքանչյուր մեծ երկիր փորձում է ինչ-որ բան անել այս մոտալուտ սպառնալիքը հաղթահարելու համար. երբեմն՝ բավականին լավ, երբեմն` ոչ այնքան, սակայն ինչ-որ բան անում է: Միացյալ Նահանգները ոչ միայն հրաժարվում է ինչ-որ բան անել. անգամ միջազգային պայմանագրերից է դուրս գալիս, այլև ունի նախագահ, որը ոտքը դրել է արագացուցիչին՝ համոզվելու համար, որ հնարավորինս շուտ կհասնենք և կհատենք զառիթափը:
Հանրապետական կուսակցությունը հստակ գիտի, թե ինչ է անում, համենայն դեպս, եթե կարդում են սեփական հրապարակումները: Մոտ մեկ կամ երկու տարի առաջ Տրանսպորտի դեպարտամենտը հանդես եկավ շրջակա միջավայրի ճգնաժամի երկար և մանրամասն վերլուծությամբ, և եզրակացրեց, որ եթե նույն ուղղությամբ շարունակենք, ապա այս դարի վերջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակի համեմատ կբարձրանա յոթ աստիճան ըստ Ֆարենհայթի: Դա մոտավորապես երեք անգամ բարձր է, քան Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը և կլիմայագետները՝ խորհուրդ են տալիս պատշաճ գոյատևման համար։ Սա այն է, ինչ յուրաքանչյուր գիտնական համարում է հեղակործան:
Այսպիսով սա է նրանց եզրակացությունը․ գնում ենք դեպի համընդհանուր աղետ: Եվ հետո նրանք խորհուրդ տվեցին հանել մեքենաների և բեռնատարների արտանետումների վերահսկումը: Եթե համաշխարհային պատմության մեջ այդպիսի փաստաթուղթ կա, ես կցանկանայի տեսնել այն: Պատմության ամենահզոր երկրի կառավարությունը դուրս է գալիս և ասում. «Մենք գնում ենք դեպի համընդհանուր աղետ, ուրեմն եկեք ավելի արագ գնանք»:
Կարող եք մտաբերել՝ երբ Ջոն Մըքեյնը 2008թ-ին առաջադրվեց նախագահ, իր ծրագրում ուներ չափավոր կլիմայի առաջարկ: Կոնգրեսում հանրապետականները սկսում էին մտածել չափավորության ծրագրերի մասին, ինչպիսիք են օրինակ` ածխածնային հարկը կամ նմանատիպ մի բան: Հիմա ունենք ծայրահեղ մոլագար Թրամփ, որն ասում է. «Եկեք հասնենք սահմանագծին», և նրա գրպանային կուսակցությունը, որ հազիվ թե մի ամբողջականություն լինի և սարսափած է այն ժողովրդական ուժերից, որ նա մոբիլիզացրել է, ասում է․ «Լավ, եկեք գնանք դեպի աղետ»։ Եվ դա իր ազդեցությունն ունի հանրապետական ընտրազանգվածի վրա: Կարող ենք փոփոխություն մտցնել նոյեմբերի 3-ին, սակայն շատ անկանխատեսելի է:
Թարգմանիչ՝ Մարիետա Ստեփանյան (Marieta Stepanyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են։