Լեյբլների քաղաքականությունը
Ի՞նչ արժե այսօր ձայնագրել և թողարկել ալբոմ։ Ոչի՛նչ։ Դրա համար ի՞նչ է պետք՝ ընդամենը լավ համակարգիչ։ Հատկապես, դա իհարկե, վերաբերում է ժամանակակից երաժշտությանը։ Երաժշտություն ձայնագրում և թողարկում են բոլոր նրանք, ովքեր չեն ալարում։ Այլ հարց է, թե ով դա կլսի և կգնի։ Որպեսզի երաժշտին ճանաչեն, լսեն և դուրս բերեն բեմ, իսկ ավելի ցանկալի է միջազգային ասպարեզ, նրան պետք է ներկայացնի հայտնի ֆիրմա՝ առաջատար լեյբլ։ Իսկ այդպիսի լեյբլը չի զբաղվի երաժշտի հետ, եթե չտեսնի նրա մեծ պոտենցիալը, եթե նրա մեջ չտեսնի տաղանդ, եթե նրանից, վերջ ի վերջո փողի հոտ չառնի, որ կարելի է վաստակել իր երաժշտության վրա։ Եվ հակապես հաճելի է, երբ հենց այդ առաջատար միջազգային Universal Music ընկերությունը, գերմանական ECM֊ը կամ բելգիական MuziekPublique֊ը դիմում են հայ կատարողներին կամ հայկական երաժշտությանը։ Նշանակում է այն ինչ֊որ գին ունի միջազգային շուկայում։ Ճիշտ է, դժվար է բացատրել Արևմուտքի երաժիշտների և պրոդյուսերների հայկական երաժշտության հանդեպ առաջացած հակումը։ Կա՛մ նրանք «փորձել են» դա վերջապես, կա՛մ ինչ֊որ քաղաքական միտումներ են դեր կատարում, և արդյունքում, ինչպես մի ժամանակ Խորհրդային Միությունը, Հայաստանը և այն ամենը, ինչ կապված է նրա հետ, հայտնի են դարձել։ Բարդ է ասել, բայց փաստն ակներև է, հայկական երաժշտության, ջազային և էթնիկական և դրանց կատարողների մասին հիշատակումները սկսեցին ավելի ու ավելի հաճախ հանդիպել համաշխարհային մեդիաներում։ Ներկա գարնանային օրերն, այս իմաստով դարձան բավականին բեղմնավոր հայկական երաժշտության համար, քանի որ կրկին հայկական երաժշտությանը դիմեցին համաշխարհային երաժիշտները։ Խոսքը տարբեր ոճերի երաժշտության մասին է՝ Արենի Աղբաբյանին, Սամվել Գասպարյանի, Ստեֆան Միկուսի, new age, ֆոլկ, ջազ, ավանգարդ ֆոլկը, Վարդան Հովհաննիսյանի և Էմրե Գյուլտեկինի դուետը։
Համասյանից հետո դեպի մենակատարում
Ջազի սիրահարներին պետք է շատ լավ ծանոթ լինի Արենի Աղբաբյանի անունը։ Նրա դյութիչ ձայնը և երգելու հատուկ յուրաձևությունը կարելի էր լսել Տիգրան Համասյանի 2008 թվականի «Red heil» ալբոմում: Եվ ահա իր «Bloom» սոլո ալբոմը թողարկվում է ապրիլի 26֊ին հեղինակավոր ECM լեյբլում։ Ալբոմում 17 երաժշտական երկեր են, որոնք իրենցից ներկայացնում են հայ երաժշտական մշակույթի հարուստ ժառանգության օրինակներ՝ Կոմիտաս, եկեղեցական խմբերգեր, հեղինակային ստեղծագործություններ։ Ձայնագրությանը մասնակցել եմ միայն երկուսը՝ հենց ինքն՝ Արենին, ով երգում և դաշնամուր է նվագում, և հարվածային գործիքների երաժիշտ Նիկոլաս Սթոկերը։ Այստեղից էլ երգերի մշակման և ձայնագրության ընդհանուր սաունդը մինիմալիստական լուծումը։ «The Guardian» թերթը երգչուհու ձայնը համեմատել է զանգակի հետ, իսկ «The Los Angeles Times» հրատարակչության քննադատը այն անվանել է «հյութեղ»։ Եթե փորձենք ալբոմում հնչող երգերը բառերով նկարագրել, ապա հավանաբար պետք է օգտագործել «հանգստություն», «մելանխոլիա», «թափանցիկություն», «անխռովություն» սահմանումները։ Արենին երգում է անգլերեն, բայց դրանք հիմնականում վոկալիզացիաներ են։ Գործընկերներից յուրաքանչյուրն ունի նաև սոլո գորրծիքային համարներ։ Ստեղծագործություններում լսելի են Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի, Մորտոն Ֆելդմանի, Ջորջ Կրամբի ազդեցության արձագանքը, նունիսկ կարել է ինչ֊որ բան նշմարել Քեյթ Բուշից։
Արենին ծնվել և մեծացել է ԱՄՆ֊ում, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել հայ դաշնակահարի հետ աշխատելուց հետո։ Սեփական ալբոմը ձայնագրելու միտքը նրա մոտ առաջացավ ECM լեյբլի հիմնադիր և տնօրեն Մանֆրեդ Այխերի հետ ծանոթանալուց հետո։ Նա լսել էր Արենիի նախորդ սոլո «Kissy» գործը և առաջարկել ձայնագրվել իր ստուդիայում։
Դուդուկի և սազի դուետը
«Karin» ալբոմը նույնպես ձայնագրվել էր դուետի կողմից՝ հայկական ժողովրդական հոգևոր գործիքների կատարող Վարդան Հովհաննիսյանի և թուրք երաժիշտ Էմրե Գյուլթեքինի կողմից, ով նվագում է սազ և ուրիշ արևելյան լարային գործիքներ։ Որոշ գործերում նրանց միանում են հյուրեր՝ կոնտրաբասիստ, երգչուհի, թավջութակահար, հարվածային գործիքահար։ Ալբոմում տասներկու ստեղծագործություն կա, որոնցից 7֊ը հայկական ազգային են, մնացածը՝ թուրքական։ Ստեղծագործությունները, ինչպես գործիքային են, այնպես էլ վոկալային, որոնք երգում են ինչպես հայերեն, այնպես էլ թուրքերեն։ Նվագում են շատ գեղեցիկ, սահուն և նուրբ։ Երաժշտությունն ուղղակի կախարդում և հանգստացնում է։ Ուշագրավ է, որ ալբոմը դուր եկավ ինչպես ֆոլկի սիրահարներին, այնպես էլ երաժշտական այլ ուղղությունների համախոհներին։ Դե, իրականում, այլ կերպ չէր կարող լինել․ լավ երաժշտությունը բոլորին էլ հասնում է։ Չէ որ, ինչպես ասում էր մեծ կոմպոզիտոր և բենդ֊լիդեր Դյուկ Էլինգթոնը. «Երաժշտությունը լինում է միայն երկու տեսակի՝ լավ և վատ»։ Եվ ահա սա լավն է։ Բացի այդ, այս հայտարարությունը այս տողերի հեղինակի կարծիքը չէ։ Հունվարին և փետրվարին ներկայացվող ալբոմը գտնվում էր ժողովրդական երաժշտության հիթ֊շքերթի առաջին տեղում, որն անց էր կացվում մեծ միջազգային ասոցիացիայի կողմից՝ միավորելով քննադատներին, լրագրողներին, ռադիոհաղորդավարներին, ովքեր մասնագիտացված են Transglobal World Music Chart ֆոլկլորում։ Հաջորդ ամիսներին ալբոմը, կրկին տեղ էր գրավում առաջին տասնյակում։ Մի խոսքով, ալբոմ, որն արժանի է նման երաժշտություն սիրողների ուշադրությանը։
Միջազգային առավոտ Երևանում
Հաջորդ ալբոմը ձայնագրվել էր ջազային երաժիշտների կողմից։ Եվ թեպետ այն կոչվում է «Morning in Yerevan» պետք է հստակեցնել, որ Երևանի լուսաբացը կվարտետի մասնակիցներից միայն մեկն է տեսել։ Իսկ ավելի կոնկրետ, կվարտետի հիմնադիր և առաջնորդ դաշնակահար և կոմպոզիտոր Սամվել Գասպարյանը։ Մյուս երեքը երբեք Հայաստանում չեն եղել և մինչև Սամվելին հանդիպելը, ամենայն հավանականությամբ, ոչինչ չեն իմացել Հայաստանի մասին։ Բանն այն է, որ սակսոֆոնահար Կորի Ռայկերը ամերիկացի է, բասիստ Էնտոնի Մատհարաջան ծնունդով Շրի֊Լանկայից, իսկ հարվածային գործիքահար Սատյա Դարսին Իռլանդիայից։ Բոլորը միասին արդեն քանի տարի է կատարում են Սամվել Գասպարյանի երաժշտությունը։ Իհարկե, չի կարելի ասել, որ լսելով ստեղծագործությունների առաջին նոտաները կարելի է միանգամից որոշել դրանց հեղինակի ազգային պատկանելիությունը։ Բայց դրանք ամբողջությամբ թաքցնելն անհնար է։ Եվ ժամանակ առ ժամանակ ստեղծագործություններում սղոսկում են «հայկական» նոտաներ։ Սխալվել հնարավոր չէ։ Կարելի է ասել՝ այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա։ Սամվելը ծնունդով Երևանից է և 16 տարեկանից նվագել է Հայաստանի Պետական ջազ֊նվագախմբում, նվագել է քաղաքի գրեթե բոլոր խմբերի հետ։ Մի քանի տարի աշխատել է ԱՄՆ֊ում, տեղափոխվել է Մերձավոր Արևելք և այնտեղ ստեղծել է իր միջազգային կոլեկտիվը, հաճախ և շատ ելույթ է ունենում նրանց հետ։ Եվ ահա անցյալ տարվա վերջին ալբոմ է ձայնագրել և թողարկել է այն աշխարհի մեծ լեյբլում՝ Universal Music-ում։ Ըստ եղած տեղեկությունների, նա առաջին հայ երաժիշտն է, ով կարողացել է ճանաչման և ուշադրության արժանանալ այդ առաջատարի կողմից։ Ալբոմը կարճ է, ընդամենը EP է, բայց թվում է, նա կլանել ժ է բոլոր այն մտքերը, որոնք հավաքվել էին հեղինակի գլխում վերջին մի քանի տարիներին։ Ալբոմի ոճը, ընդհանուր առմամբ, որոշելը հեշտ չէ։ Գրեթե բոլոր ստեղծագործությունները ոճային առումով «լողում են», բառի լավ իմաստով։ Նրանք հիմնվում են մեյնստրիմի, նեո֊ֆյուժնի, ֆանկի և contemporary-ի շփման եզրերին: Այն, միանշանակ, խորհրդանշական աշխատանք է ժամանակակից հայկական ջազում։
Երաժշտական ճանապարհորդություն դեպի Հայաստան
Իր ոճով և գործիքավորմամբ շատ հետաքրքիր է Ստեֆան Միկուսի «White Nights»-ը։ Ալբոմում ձայնագրված երաժշտության հեղինակն ու միակ կատարողը՝ Միկուսը աշխարում հայտնի է որպես երաժշտական ճանապարհորդ։ Նա արդեն շատ տարիներ է ճանապարհորդում աշխարհով, հավաքելով ժողովրդական երաժշտություն, զարմանալի գործիքներ, ուսումնասիրում է տարբեր ազգերի երաժշտական մշակույթը։ Իսկ հետո համադրելով իր բոլոր տպավորությունները և կուտակած գիտելիքները, ստեղծում է իր սեփական երաժշտական աշխարհը։ Ի դեպ, սա նրա քսաներեքերորդ սոլո ալբոմն է, որը ձայնագրվել է ECM-ում։ Եվ բոլոր ալբոմներում նա հեղինակ֊մենակատար է։ Այս անգամ օտարականի ճանապարհը և ուսունասիրությունները նրան սկզբում բերեցին Աֆրիկա, իսկ հետո Հայաստան։ Որպես հիմանական աֆրիկյան գործիք նա ընտրեց կալիմբան, այսպես կոչված «աֆրիկյան ձեռքի դաշնամուր», դե, իսկ հայկականը, բնականաբար, դուդուկն էր, իսկ որոշ ստեղծագործություններում հնչում էր նաև դրա ուրիշ տեսակը՝ բաս֊դուդուկը։ Բացի այդ Միկուսը նվագում է նաև տասներկուլարանի կիթառ, հնդկական շվի և աֆրիկյան հարվածային գործիքների վրա։ Նաև երգում է աֆրիկյան ինչ֊որ բարբառով։ Պետք է խոստովանել, որ նա բավականին լավ է նվագում դուդուկ։ Ընդ որում մի քանի ստեղծագործություններում, նա մենակատար է։ Եվ նրա մեջ ճանաչել հայկան արմատներ չունեցող դուդուկահարի՝ դժվար է․ երևի թե, միայն այս գործիքի մեծ գիտակը կարողանա գտնել ոչ հայկական «ակցենտ»։ Ալբոմի ցանկը բացող «The Estern Gate» ստեղծագործությունը միանգամից ստեղծում է համապատասխան տրամադրություն։ Ունկնդրողը զգում է, որ հայտնվել է ինչ֊որ երևակայական արևելյան երկրում և դա պատահական չէ։ Իհարկե մեղեդին շատ քիչ նմանություն ունի հայկական մելոսի հետ, բայց սաունդը շատ հայկական է։ Միկուսը երկու անգամ եղել է Հայաստանում՝ պատրաստվելով այս ալբոմի ձայնագրությանը։ Առաջին անգամ դուդուկ նվագել է սովորել Ջիվան Գասպարյանի մոտ, իսկ երկրորդ այցելության ժամանակ կատարելագործեց իր հմտություններըԳևորգ Դաբաղյանի աջակցությամբ։ Եվ, իմիջիայլոց, Միկուսը իր նախորդ երկու «Towards the Wind» (2002) և «Snow» (2008) ալբոմներում արդեն օգտագործել է դուդուկը։ Ալբոմը լսելը բավականին գրավիչ և մի փոքր հետաքրքիր է։ Տարօրինակ ձայներ, անծանոթ հնչողություն, աֆրիկյան և հնդկական մեղեդիները ամբողջությամբ ստեղծում են ինչ֊որ ընդհանրապես անսովոր տրամադրություն։ Կարծես հայտնվում ես կախարդված անտառում, որտեղ երգում են վայրի թռչունները, կարծես խոխոջում է բյուրեղյա աղբյուրը, իսկ ֆանտաստիկ էակները հանգիստ քայլում են վառ անծանոթ ծաղիկների կողքով։ Իր երաժշտությամբ Ստեֆան Միկուսը հրավիրում է իր հետ միասին ճանապարհորդել տարբեր էկզոտիկ երկրներով։ Այս անգամ ճանապարհը անցնում է նաև Հայաստանով։
Հեղինակ՝ Արմեն Մանուկյան (Armen Manukyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan)․