Իշխան. Ինքնացուցադրում
«Հայաստանը աշխարհի ամենահին մշակույթ ունեցող երկրներից է», ― ասել է, օրինակ, Ռյազանի մարզից Իվան Վասիլեւիչ Գավրիլովը։
․․․ Եվ բոլորս հիանում ենք։ Կտրում եւ պահում ենք թերթի կտորները, անգիր անում, ամեն առիթով ասում, թե ինչ հայասեր է Գավրիլովը եւ ընդհանրապես ռուսները։ Նույնիսկ եթե իրար հետ վիճում ենք Հայաստանին վերաբերող որեւէ հարցի մասին, որպես հիմնավոր փաստարկ հաճախ բերում ենք ինչ-որ գավրիլովների ասածները։ Կարծես մենք չէ, որ պիտի գնահատենք մեր ազգին իր բոլոր արժանիքներով եւ թերություններով, այլ հայացքներս պարզած սպասենք այլազգիների գնահատականներին։ Եվ այս երեւույթը այնքան է մատուցվել զանազան հաղորդումներով, թերթերով, շքեղազարդ գրքերով, որ շատերի համար դարձել է, եթե չասենք միակ ընդունելի, գոնե շատ կարեւոր հանգամանք։ Եվ այստեղից հետեւում է մի այլ միտում՝ ավելի շատ մեզ ներկայացնենք, ասենք թե մենք ինչքան «լավն» ենք, ինչքան «հին», ինչքան ենք իրենց սիրում, ինչքան «մեղք» ենք, չէ՞, որ մեզ կոտորել են։ Եվ որպեսզի մեզ ավելի «լավ» հասկանան, «խղճան» եւ «արդարացի» լինեն մեր նկատմամբ, այս բոլորը մատուցվում է ռուսերեն։ Այս ամենը հատկապես շատ ցայտուն երեւացին ղարաբաղյան շարժման օրերին։ Ցույցերի մասնակիցները բերում էին բազմապիսի տրանսպարանտներ, պլակատներ, տարածվում էին տարբեր թռուցիկներ։ Չխորանալով սրանց իմաստի մեջ /սա այլ հոդվածի նյութ է/, ասենք միայն, որ մեծագույն մասը ռուսերեն էր։ Լենինգրադում, իմ ռուս բարեկամուհիներից մեկը նայելով երեւանյան ցույցերի լուսանկարները /ես էլ զերծ չեմ «բացատրելու» հիվանդությունից/ կեսկատակ հարցրեց․ «Բոլո՞ր պլակատներն էին ռուսերեն»։ Նաեւ գրվում էին /գուցե հիմա էլ գրվում են/ բազմապիսի նամակներ առանձին մարդկանց եւ հիմնարկությունների կողմից։ Եվ այս բոլոր նամակներում բացատրվում էր ու բացատրվում։ Ամբողջ ժողովուրդը դարձել էր Արթին պապեր, եւ ամեն օր սպասում էր պատասխանի, ինչպես բակունցյան հերոսը։ Այն հարցին, թե ինչո՞ւ, հետեւում էր նույն պատասխանը, որ ռուսները կարդան, հասկանան։ Հիշում եմ մարտի 9-ին կինոյի տանը կայացած «Ղարաբաղ» կոմիտեի հերթական նիստը։ Հայտարարվեց, որ նիստին ներկա են մոսկովյան երկու թղթակիցներ։ Եվ այդքանը բավական էր, որ ամբողջ ժողովն անցներ ռուսերեն։ Ելույթ ունեցողները լացակումած դիմում էին ռուս թղթակիցներին, պատմելով հայ ժողովրդի տառապանքներն ու կոտորածներ, ռուսասիրությունն ու սոցիալիզմին հավատարմությունը /Ռ․ Ղազարյանը շատ դիպուկ նկատեց, որ այդ օրը մենք պատմեցինք հայ ժողովրդի պատմությունը՝ Տիգրան Մեծից մինչեւ Դեմիրճյան Փոքր/։ Լացուկոծն իր գագաթնակետին հասավ, երբ որոշեցին դիմել թղթակիցներին, նրանց կարծիքն իմանալու։ Եվ ամբողջ դահլիճը շրջվեց դեպի թղթակիցները եւ աղիողորմ սկսեց վանկարկել․ «Պրո-սիմ, պրո-սիմ»։ Եվ նորից ելույթ ունեցողներն այն հարցին, թե ինչո՞ւ խոսեցին ռուսերեն, պատասխանում էին․ «Դե այդպես էր պետք, որ հասկանան, ճիշտ գրեն»։ Իհարկե այս բոլոր խնդրանքներն ու պրոսիմները անպատասխան չմնացին։ Մոսկովյան մամուլում իրար ետեւից տպվեցին հոդվածներ, օրինակ, «Պրավդայի» «էմոցիի ի ռազում» հոդվածը։ Հետաքրքրական է, որ ղարաբաղյան շարժման օրերին գրված, բազմացված ու տարածված բազմապիսի նամակներից ու թռուցիկներից մոսոկվյան մամուլում մեջ բերվեց հատված միայն մեկ թռուցիկից, կազմված հայերեն /«Արգումենտի ի ֆակտի»/։
Ցույցերի, միտինգների օրերին հաճախ կարելի էր տեսնել խմբված բազմություններ, կենտրոնում կանգնած որեւէ ռուս հարբեցող կամ պոռնկուհի, որոնց շուրջը խմբվածները «բացատրում» էին հայերի արդարացիությունն ու ադրբեջանցիների վայրենությունը․
― Դա վոտ վի զնաետե՞, վոտ էտի ազերբայջանցի կակիե, անի վաս տոժե նե լյուբյատ, անի վսե պանտուրկիստի, ա վոտ մի ցիվիլիզովաննի նարոդ, մի խրիստիանե։ Վոտ պաչեմո՞ւ վաշի գազետի պրավդու նե պիշուտ։ Ա վոտ վի զնաետե նաշա ռեսպուվլիկա եդինստվեննայա, զդես նիկակիխ անտիսովետսկիխ լոզունգով նե բիլի։
Եվ կենտրոնում կանգնած ռուսը կամ ռուսուհին դեմքին արհամարհական կամ կեղծ ցավակցողի արտահայտությամբ գլուխն է տմբտմբացնում։ Շուրջը կանգնածները գոհունակությամբ ճանապարհում են «մեծ եղբորը»՝ 140 միլիոնից մեկն էլ «հասկացավ»։
«Ամբողջ աշխարհը հիացած է մեր կիրթ ցույցերով»
«Այս ամենը պետք է գրել ռուսերեն եւ տարածել»
․․․ Ինչո՞ւ եք գրել ռուսերեն
― Որ ռուսները կարդան, հասկանան։
Եվ այսպես շարունակ։ Կարծես ոչ թե այս ամենն արվում է մեր ազգային շահերի համար, այլ աղերրսելու եւ ցուցադրվելու։ Վերջին միտինգներից մեկում, հռետորներից մեկն ասաց, որ այժմ արդեն ոչ միայն Արցախի խնդիրն է, այլեւ մեր ողջ ժողովրդի պատվի խնդիրը։ Համաձայն լինելով նրա հետ ասենք, որ նախքան ուրիշներից պահանջելու մեր պատիվը հարգել, նաեւ ինքներս ենք պարտավոր մեր առաջ պատվախնդիր լինելու, ազատվելու հովանավորյալ լինելու ստրկամիտ գաղափարից։ Պետք է խոսել, գրել եւ երեխաներին կրթել միայն մայրենի լեզվով, արհամարհել ցանկացած «դրական» կամ «բացասական» հրապարակումներ մեր մասին։ Սասունցի Դավթի խոսքով ասած, մեր հոր ոսկին միայն մենք պետք է չափենք։
Այդ դեպքում աշխարհում ոչ ոք չի կարող խաղալ մեր պատվի հետ։
Մաշտոց, 18 օգոստոսի 1988 թ․
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ