Հողը որպես արտադրության գործոն
Ցանկացած հասարակությունում արտադրությունն ու տնտեսական գործունեությունը կապված են հողի հետ։ Հողն արտադրության անմիջական գործոն է կամ էլ դիտարկվում է որպես տարածք արտադրական, վարչական, բնակելի և այլ շենքերի, տրանսպորտային և այլ հաղորդակցության միջոցների տեղադրման համար և այլն։
Հողը և նրա ընդերքը, լինելով արտադրության գործոն, բերում են եկամուտ, որը կոչվում է ռենտա։ Հողը՝ որպես արտադրության գործոն, ունի որոշակի առանձնահատկություններ։ Ի տարբերություն մյուս գործոնների, որոնք ազատ վերարտադրելի են, կարող են մեծանալ ի պատասխան աճող պահանջարկի, հողն արտադրության ազատ վերարտադրվող գործոն չէ։
Ժամանակակից աշխարհում արտադրության չվերարտադրվող գործոնը դառնում է ավելի նշանակալի ու ազդեցիկ։ Այժմ այդպիսի գործոն է ամբողջ բնական միջավայրը, ինչը, ամբողջությամբ վերցրած, համաշխարհային տնտեսության վերարտադրության կարևոր պայմանն է։ Ընդ որում՝ բնական միջավայրն իր շատ դրսևորումներով դեռ նոր է սկսում լայնորեն ներառվել ինչպես առանձին, այնպես էլ ամբողջ հասարակական կապիտալի մեջ։
Հարկ է նշել, որ գյուղատնտեսության մեջ գնագոյացման առանձնահատկությունները մեծապես պայմանավորված են հողի սահմանափակությամբ և բացարձակ ոչ ճկուն առաջարկով։ Իհարկե երկարաժամկետում հողի առաջարկը որոշակիորեն կարող է մեծանալ։ Հողային ռեսուրսների մյուս առանձնահատկությունը դրանց անշարժ բնույթն է։ Հողատերը չի կարող հողակտորը տեղափոխել գյուղատնտեսական արտադրանքի իրացման շուկային՝ քաղաքին կամ մայրաքաղաքին մոտ, որպեսզի քիչ տրանսպորտային ծախսումներով ստանա շատ եկամուտ։
Ինչ է ռենտան
Շուկայական տնտեսական հարաբերությունների գլխավոր առանձնահատկությունը գյուղատնտեսության մեջ հողային ռենտայի գոյությունն է։ Հողասեփականատերերը հողը վարձակալության են տալիս վարձակալ ձեռնարկատերերին և դրա դիմաց ստանում որոշակի վարձ, որը կոչվում է ռենտա։
Այսպես՝ եթե հողի սեփականատերը հողը հանձնում է վարձավճարով, ապա վարձակալը նրան վճարում է վարձակալական վճար, որն ընդգրկում է հողային ռենտան և հողի վրա գտնվող շինություններից օգտվելու վճարը, իսկ վարձակալը ստանում է միջին շահույթ այն կապիտալից, որը ներդրել է տնտեսության մեջ։
Հողային ռենտան՝ որպես գործոնային եկամուտ, կարող է դիտարկվել սահմանային արդյունքի հայեցակարգի հիման վրա։ Վերջինս նորդասական ուղղության մոտեցումն է։ Նրանց պատկերացումները բխում են սահմանային ծախքերի գաղափարից։ Ըստ նորդասական ուղղության՝ ռենտայի չափը որոշվում է մնացորդային եղանակով՝ նոր ստեղծված արդյունքի ընդհանուր արժեքից հանելով աշխատավարձի մեծությունը։ Մասնավոր սեփականության իրավունքից ելնելով՝ ռենտան ստանում է հողի սեփականատերը։
Նորդասականների մոտեցումները
Նորդասականները ելնում են այն դրույթից, որ յուրաքանչյուր արտադրության գործոնի գինը սահմանվում է առաջարկի և պահանջարկի հավասարակշռության կետում։ Եթե վարձավճարը բարձր լինի հավասարակշռության կետից, ապա հողի առաջարկը կգերազանցի պահանջարկը, հողասեփականատերերի համար դժվար կլինի հողը վարձով տալը, ինչի արդյունքում նրանք կիջեցնեն վարձավճարը։ Եթե վարձավճարի մակարդակը նվազի, ապա հողի պահանջարկը կգերազանցի առաջարկը։ Այս դեպքում ռենտան կբարձրանա։
Ի տարբերություն Մարքսի՝ նորդասականներին հետաքրքրում է ոչ թե այն, թե ով է ստեղծում ռենտան, այլ այն, թե ինչպես է որոշվում դրա մակարդակը։
Նրանք այդ հարցի ուսումնասիրման արդյունքում կատարել են 2 հետևություն՝
- ռենտայի մակարդակն ուղղակի կախվածության մեջ է հողի առաջարկի ոչ ճկուն լինելուց,
- ռենտայի մակարդակը կախված է վերջնական արտադրանքի պահանջարկից։ Եթե, օրինակ, ցորենի գինը նվազի, կնվազի նաև այն հողի պահանջարկը, որտեղ աճեցվում է ցորենը, հետևաբար կնվազի նաև վարձակալական վճարի դրույքը։ Գործնականում հնարավոր է նաև հակառակ երևույթը։
Ինչ է դիֆերենցիալ ռենտան
Տնտեսագիտության մեջ առանձնացվում է դիֆերենցիալ ռենտայի գաղափարը, որն ուսումնասիրվել է տնտեսագիտական տարբեր դպրոցների կողմից։ Չնայած հայեցակարգային մոտեցումների տարբերությանը՝ նրանք ընդգծում են հողերի բնական որակի տարբերությունը, ինչը նշանակում է, որ հողի վրա կատարված միևնույն աշխատանքի արտադրողականությունը տարբեր է՝ կախված հողի բերրիությունից և աշխարհագրական տեղադիրքից։ Ըստ բնական բերրիության աստիճանի՝ հողերը լինում են բարձր, միջին և ցածր բերրիությամբ օժտված հողեր։
Հողի այնպիսի հատկություններ, ինչպիսիք են բնական բերրիությունը և որոշակի աշխարհագրական տեղադիրքը, կապիտալի իշխանությանը ենթակա չեն։ Հողի շատ պարամետրեր, ինչպես նաև տեղանքի կլիմայական և բնական պայմանները, դարերի ընթացքում համեմատաբար անփոփոխ են մնում։ Միաժամանակ գյուղատնտեսական մթերքի նկատմամբ պահանջարկը մշտապես աճում է բնակչության ավելացմանը զուգընթաց։
Ուստի անհնար է գյուղատնտեսական արտադրությունը կենտրոնացնել միայն միջին և լավագույն հողակտորների վրա։ Եվ եթե արտադրված արտադրանքն ապահովված է վճարունակ պահանջարկով, ապա նշանակում է, որ ըստ բերրիության կամ տեղադրության` վատագույն հողերի պայմանները հանդես են գալիս որպես գյուղատնտեսական մթերքի արտադրության գների ձևավորումը կարգավորող հասարակական նորմալ պայմաններ։
Պետք է նշել, որ հողամասերի տարբերակումը, ըստ տնտեսական բերրիության հատկանիշների, առանձնանում է ըստ բնական բերրիության տարբերակումից, քանի որ կապիտալի լրացուցիչ ներդրումներն ըստ բնական բերրիության միատեսակ հողակտորում կարող են աշխատանքի տարբեր արտադրողականություն ունենալ, հետևաբար նաև տարբեր արդյունք, այստեղից էլ այդ հողամասերի օգտագործումից ստացվող հասույթի և շահույթի չափերի միջև տարբերությունը։ Լրացուցիչ շահույթը, որն առաջանում է կապիտալի նոր ներդրումների հետևանքով և վարձակալ ձեռնարկատերերի կողմից փոխանցվում է հողի սեփականատերերին, կազմավորում է դիֆերենցիալ ռենտա II-ը։
Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն