Զանգվածային լրատվամեքենայի 5 ֆիլտրերը

Ցանկանո՞ւմ եք ավելի լավ հասկանալ մեդիան

Այժմ, առավել քան երբևէ, մենք չենք կարող անվերապահորեն հավատալ լուրերին․ մեզ հարկարվոր են գործիքներ, որպեսզի քննադատորեն կարդանք լրատվությունը, ռազմավարություն, որ տարբերակենք՝ ինչպես է տեղեկատվությունն աշխատում։ Հենց սա է ոգեշնչել The Listening Post-ի նոր նախագծի՝ Media Theorised-ի ստեղծումը։

Մենք վերցրել ենք աշխարհի հինգ մտավորականների գլխավոր աշխատությունները։ Նրանք տեսաբաններն են, ովքեր գտնվում են կոսմոպոլիտ կենտրոնի և «գլոբալ հարավի» մեջտեղում․ Ռոլան Բարտը՝ ֆրանսիացի փիլիսոփա, Նոամ Չոմսկին՝ ամերիկացի լեզվաբան և քաղաքական ակտիվիստ, Ստյուարտ Հոլը՝ ջամայկացի-բրիտանացի մշակույթի պատմաբան, Մարշալ ՄքԼուհանը՝ կանադացի ակադեմիկոս, Էդուարդ Սայիդը՝ պաղեստինցի-ամերիկացի գրական պատմաբան։

Ինչպես կասեր Ռոլանդ Բարտը․

Սրանք այն գրողներն են, ովքեր մեզ սովորեցրել են կարդալիս ըմբռնել տեքստի՝ ուշադրությանից վրիպող հատվածները։

Աշխատելով Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի լրագրողների, արվեստագետների և քաղաքական ակտիվիստների հետ՝ մենք պատրաստել ենք էսսեներով լրացված հինգ տեսանյութ՝ ձեզ ներկայացնելու այս մեդիա տեսաբաններին և օգնելու մեդիայի հետ ամենօրյա առնչություն ունենալիս կիրառել նրանց քննադատական գործիքներից որոշները։

Նոամ Չոմսկի

Ամերիկացի լեզվաբան և քաղաքական ակտիվիստ

Համաձայնության գործարանը․ Զազնգվածային լրատվամեքենան

Տասնամյակներ ի վեր, երբ հարցը վերաբերել է ԱՄՆ-ի հիմնական լրատվամիջոցների քննադատությանը, Նոամ Չոմսկին հանդես է եկել որպես սադրիչ-գործակալ։ Նա «Համաձայնության արտադրություն» (”Manufacturing Consent: The Political Economy of the Mass Media Paperback”, 2002) գրքի համահեղինակն է, որը պատմում է զանգվածային լրատվամիջոցների և իշխանության վրա դրանց ունեցած ազդեցության մասին։

Հասկանալի է, որ այս տեսանյութը պետք է պատմեր Էմի Գուդմանը՝ «Ժողովրդավարությունը հիմա» (Democracy Now!) լրատվականի հեղինակը։ Ամերիկյան լրատվական այս թողարկումը հեռուստադիտողին այլընտրանքային լրատվություն է առաջարկում, որը հասանելի է համացանցով և աշխարհի 1400 ռադիո և հեռուստաալիքներով։

Պրոպագանդա. շատերն օգտագործում են այս բառը, երբ խոսում են այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Ղազախստանը, Իրանը: Երկրներ, որոնք արևմտյան մեդիայի տեսանկյունից համարվում են ավտորիտար: «Մեդիայի ազատություն», «մտքի ազատություն». մարդիկ օգտագործում են այս արտահայտությունները, երբ խոսում են «Ժողովրդավարությունների»` Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ավստրալիայի մասին: 

1988-ին Նոամ Չոմսկին Էդուարդ Հերմանի հետ  համահեղինակեց «Համաձայնության արտադրություն» գիրքը: Այն կոտրեց կարծրատիպը, թե մեդիան հանդես է գալիս որպես քաղաքական ուժի վերահսկիչ, տեղեկացված է պահում հասարակությանը, ծառայում է հասարակությանը, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ մասնակցել քաղաքական գործընթացներին: Իրականում, մեդիան արտադրում է մեր համաձայնությունը: Նրանք ներկայացնում են այն, ինչ իշխանավորներին է անհրաժեշտ, որ մեզ ասվի, որպեսզի մենք հոսանքին համընթաց շարժվենք:  Ժողովրդավարությունը բեմադրված է մեդիայի օգնությամբ, որը հանդես է գալիս որպես քարոզչամեքենա: 

Մեդիան գործում է հինգ ֆիլտրի միջոցով: Առաջինը կապված է սեփականության հետ: ԶԼՄ կազմակերպությունները մեծ կորպորացիաներ են: Հաճախ դրանք էլ ավելի մեծ կոնգլոմերատների մաս են կազմում։ Դրանց վերջնանպատա՞կը․ Եկամուտ: Այսպիսով՝ նրանց շահերից է բխում այդ եկամուտը ապահովելը: Կորպորացիայի հետաքրքրությունների և կարիքների շարքում քննադատական լրագրությունը  երկրորդ տեղն է գրավում:
Երկրորդ ֆիլտրը բացահայտում է գովազդի իրական դերը: Մեդիան շատ ավելին արժե, քան սպառողները երբևէ պատրաստ կլինեն վճարել։ Այսպիսով` ի՞նչն է լրացնում բացը. գովազդատուները: Իսկ ինչի՞ համար են վճարում գովազդատուները. լսարանի: Ասպիսով` բանն այն չէ, որ մեդիան ձեզ է վաճառում իր պրոդուկտը, իր արտադրանքը: Նա նաև գովազդատուներին է պրոդուկտ վաճառում՝ ՁԵԶ։ 

Ինչպե՞ս է իշխող շրջանակը կառավարում մեդիան: Դա երրորդ ֆիլտրն է:  Լրագրությունը չի կարող իշխանության վերահսկիչ լինել, քանի որ համակարգն ինքն է հանցակցություն խրախուսում։ Կառավարությունները, կորպորացիաները, մեծ ինստիտուտները գիտեն, թե ինչպես «խաղալ» մեդիայի խաղը: Նրանք գիտեն` ինչպես ազդել նորությունների վրա: Նրանք սնուցում են մեդինան սենսացիաներով, պաշտոնական հաշիվներով, «փորձագետների» հետ հարցազրույցներով։ Նրանք իրենց առանցքային են դարձնում լրագրական գործունեությունում: Այսպիսով` և՛ իշխանավորները, և՛ նրանց մասին գրողները նույն թիմից են հանդես գալիս։ Եթե ցանկանաք մարտահրվեր նետել իշխանություններին,  կկանգնեք սահմանափակումների առաջ: Ձեր անունը չի լսվի, դուք ոչ մի տեղ մուտք գործելու հնարավորություն չեք ունենա, դուք կպարտվեք կռվում։ Երբ մեդիան՝ լրագրողները, հանցագործության մասին ազդարարողները, աղբյուրատուները, մի կողմ են քաշվում կոնսեսուսի ձևավորումից, նրանք քննադատության են արժանանում: 

Սա չորրորդ ֆիլտրն է: Երբ պատմությունը անընդունելի է իշխանությունների համար, դուք կտեսնեք` ինչպես է աշխատում քննադատության մեքենան. այն  վարկաբեկում է աղբյուրները, աղավաղում պատմությունները, խոտորում խոսակցությունները:  Համաձայնություն արտադրելու համար թշնամու՝ թիրախի կարիք կա: 

Այդ ընդհանուր թշնամին հինգերորդ ֆիլտրն է: Կոմունիզմ, ահաբեկիչներ, ներգաղթյալներ: Ընդհանուր թշնամի՝ բուգիմեն, որից բոլորն են վախենում, և որը օգնում է հասարակության ընդհանուր կարծիքի ձևավորմանը: 

Հինգ ֆիլտր: Մեկ մեծ մեդիա տեսություն: Համաձայնությունն արտադրվում է քո շուրջը, ամբողջ ընթացքում:


Թարգմանիչ՝ Լիանա Սարգսյան
Խմբագիր՝ Էդիտա Շադոյան
Վիդեոխմբագիր և ենթագրող՝ Թամարա Նազարյան

© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ 


#AlJazeeraEnglish  #Noam Chomsky  #MediaTheorised