Հայք 1 | Մեր փրկության ափը

Սամվել Գեւորգյան. Մեր փրկության ափը

Ազատության հրապարակը ինքնամաքրման ու մկրտության այն գետը եղավ, որ իր սկիզբն Արցախից առավ։ Յոթանասնամյա թմբիրից մենք այստեղ արթնացանք, եւ դա դեպի ազգային ինքնությանը մեր վերադարձի առաջին քայլն էր, որը դեմ առավ բռնության պատին։ Նրանք, ովքեր փրկության համար պայքարը տոնախմբություն ընկալեցին եւ ժողովրդական հզոր պոռթկումի ալիքների վրա լողալով, հեշտ հաղթանակ էին ակնկալում՝ առանց փոքր ու մեծ զոհաբերությունների, դառնորեն հիասթափվեցին։ Հորձանքը նրանց այս ու այն կողմ շպրտեց, եւ նրանք, սարսափած ընթացքի ուժգնությունից ու պատի չարագույժ ներկայությունից, դյուրությամբ մոռացան ազատության խենթացնող կարճատեւ պահը ու նորից ճահիճն ընկղմվեցին։ Եղան եւ նվիրյալներ, ովքեր շտապում են՝ օր առաջ ըմբոշխնելու ազատության պարգեւած երջանկությունը, ժողովրդին հրավիրելով…ճակատով փուլ տալու պատը։

Աճապարանքը թանկ արժեցավ հայ ժողովրդին դարասկզբին, երբ իր առաջնորդներն ապավինեցին օտարի հովանավորությանն ու փրկության հույսը կապեցին նրա հետ։ Կեղծ ու կործանարար է այն ճանապարհը, որ ոչ թե ինքդ ես գտնում տառապանքից ու երկարատեւ որոնումներից հետո, այլ ուրիշներն են մատնացույց անում՝ սեփական շահերին հետամուտ։ Եվ հավատավոր ու միամիտ, գնացինք դեպի զոհասեղան, մեզ համար պատրաստած ստի փայլը փրկության լույսի տեղ ընդունելով։ Նույնչափ կործանարար է ուշանալը․ այդ թվացյալ հզոր, բայց փլուզման դատապարտված բռնության պատի փլատակներում մնալու իրական վտանգը կա։ Պետք է ոչ միայն պատրաստ լինել, այլեւ պատրաստել փրկության ափը, նպաստել ազգի ինքնամաքրմանը, համախմբմանն ու հզորացմանը։

Երբ ազգին զրկում են ինքնուրույն ապրելու հնարավորությունից, նրա մեջ աստիճանաբար թուլանում է ինքնապահպանության բնազդը, դառնում է խոցելի ու կամազուրկ։ Սակայն, երբ ազգի մեջ չի մեռել ազատության ձգտումը, նա ուժ կգտնի իր մեջ ու, ամենափոքր ցնցումից իսկ նիրհից արթնանալով, կշտկի մեջքն ու դուրս կգա պայքարի՝ իր տրորված իրավունքների վերականգնման, իր ինքնահաստատման ու երջանկության համար։ Նպատակը արթնացնում է ազգի կենսական ուժերը, համախմբում նրան, մաքրում օտարածին ախտերից՝ ստրկամտությունից, օտարամոլությունից, ճակատագրով դատապարտված լինելու կործանարար մտայնությունից։

Հայ ժողովուրդը պատմության փորձով է ստուգել այս ճշմարտությունները։ Անշուշտ, ժողովրդավարությունը քաղաքակիրթ ազգի զարգացման պայմաններից մեկն է։ Սակայն, ստրկության մեջ ժողովրդավարությունն ու տնտեսության հզորացումն անիրագործելի են։ Ազգերի բռնակցման ու հոգեւոր համահարթեցման փորձի 70-ամյա պատմությունը դրա անժխտելի ապացույցն է։ Եվ մեր ժողովուրդը հաստատակամ գնում է դեպի իր փրկության ափը։

Հարցնում են՝ ինչի՞ ենք հասել։

Վերագտել ենք մեր ապրելու նպատակը, մեր արժանապատվությունը, տեսել ենք փրկության լույսը, որ միայն ու միայն մեր մեջ է։

Արցախն անդառնալիորեն ընտրել է ազատության իր ուղին։ Ազատության իր ճանապարհն է գտել հայ ժողովուրդը եւ նա էլ դեպի ստրկություն ետդարձի կամուրջներն այրել է։

Իսկ կորուստնե՞րը։ Ճշմարիտ է ասված՝ արդարությունը չեն մուրում, արդարությունը նվաճում են։ Իսկ երջանկության ու ազատության համար պայքարում միայն հաղթանակներ չեն լինում…


ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N 1, Նոյեմբեր, 1989 


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ