Այս օրերին լրանում է 1918 թվականի մայիսյան հաղթանակների եւ Հայաստանի անկախության հռչակման հերթական տարեդարձը: Հրապարակում ենք թեմային առնչվող մի քանի նյութ՝ վերցված 1918-ի մայիսի մամուլից, որոնք պետք է օգնեն ավելի լավ զգալու այդ օրերի կենդանի մթնոլորտը: Առաջին նյութը գեներալ Նազարբեկյանի կոչն է հայ ժողովրդին Սարդարապատի ճակատամարտից հետո: Թեմայի շուրջ կարող եք նայել մեր նախորդ հրապարակումները՝ Հաղթանակի հավատքով, Ա-Դո. Ժողովրդական շարժումը Երեւանում: Տես նաեւ՝ Երեվանի կոմենդանտ Շահխաթունիի հրամանը (1918 մայիսի 31)։
* * *
ԿՈՉ
Մայիսի 25-ի N5436 հեռագրի պատճէնը, ստացուած Գեներալ Սիլիկեանի անունով։
ՀԱՅԵՐ,
Ծանր փորձութիւններ է ապրում մեր ժողովուրդը։ Տաճկական բազմադարեան ստրկութիւնից յետոյ մեր ժողովուրդը հասկացաւ, որ այդպէս շարունակւել այլեւս չի կարող եւ վճռեց՝ կամ զէնքը ձեռքին նւաճել իր ազատութիւնն ու ստեղծել իրան համար երջանիկ ապագայ եւ կամ պատւով մեռնել։ Մեծ զոհողութիւններով ու ջանքերով ստեղծւած մեր զօրքը՝ շնորհիւ շատ անգիտակից տարրերի, շուտով կորցրեց իր ոգեւորութիւնը եւ դրա հետեւանքն եղան մեր պատերազմական անյաջողութիւնները՝ մէկը միւսից ծանր։
Տաճիկները ամենաբարբարոս կերպով խախտեցին հաշտութեան բանակցութիւններն ու կնքւած զինադադարը․ նրանք օգտւելով զինադադարից առանց նախազգուշացնելու, անսպասելի կերպով յարձակւեցին ու գրաւեցին Ալեքսանդրապոլը։ Այս բանը վերջնականապէս քայքայեց մեր զորքը, եւ զինւորները ձգելով իրանց շարքերը՝ անկանոն խմբերով փախան իրանց տները, թողնելով բաղդի բերմունքին բոլոր մեր պահեստներն ու ամբողջ ռազմամթերքը։ Թւում էր, թէ ամէն ինչ կորած է եւ մեր նենգ թշնամուն մնում է միայն շարունակել իր յաղթական ընթացքը դէպի երկրի ներսը, ստիպելով դրանով հայ ազգաբնակչութեանը գաղթել իրանց բնակավայրերից եւ կորցնել իր ամբողջ ունեցւածքը։ Բայց մեծ է Աստուծոյ ողորմութիւնը։ Երեւանի քաջարի զորամասը, որի դէմ նոյնպէս թշնամին շարժւել էր ― չտատանւեց, ընդհակառակը դիմադրելով նրա հարւածներին, ինքը յարձակման դիմեց եւ երկու օրւան կռւից յետոյ, յետ մղեց թշնամուն եւ այժմ հետապնդում է նրան։ Երեւանի զորամասի յաղթութիւնը ոգեւորեց Ալեքսանդրապոլի զորամասի զինւորներին․ սկսւեցին կազմւել վաշտեր, գումարտակներ եւ գնդեր, որոնք արագութեամբ դարձան դէպի թշնամին՝ ոգեւորւած մի ցանկութեամբ եւ մի կամքով ― յաղթել կամ մեռնել։ Բայց մինչ այդ, մենք արդէն դժբաղդաբար կորցրել էինք մեր ամբողջ պաշարն ու ռազմամթերքը, այդ պաշարից մեծ քանակութեամբ զէնք ու փամփուշտ ընկաւ ազգաբնակութեան ձեռքը, մթերքների պահեստները թալանւեցին գաղթող ժողովրդի ձեռքով, զինւորներից շատերը փախան իրանց տները։ Հայ ժողովուրդ, այն զորքը, որ վճռել է կեանքի եւ մահու կռիւ մղել թշնամու դէմ՝ պէտք է լինի կուշտ եւ հագնւած։
Եթէ դուք ցանկանում էք ազատել ձեր ընտանիքներն ու ունեցւածքը, եթէ դուք չէք ցանկանում ապրել աւելի վատթար ստրկութեան մէջ, քան այն, որ դարերի ընթացքում կրել են մեր եղբայրները տաճիկ կառավարութեան լծի տակ, եթէ չէք ուզում որ ամբողջ հայութիւնը կորչի ― եկէք բոլորդ, ով զէնք կրելու ընդունակ է, եկէք ձեր զէնքով ու փամփուշտներով, վերցրէք ձեզ հետ հինք օրւայ ուտեստեղէնի պաշար, մինչեւ որ կարելի կը լինի զորքի կանոնաւոր պարենաւորումը կազմակերպել։ Նւիրեցէք զորքի համար հաց, գետնախնձոր եւ ուրիշ մթերքներ, լաւ յիշեցէք, որ ամէն դանդաղում ներկայ վճռական րոպէին կործանիչ է, լաւ գիտեցէք, որ եթէ այժմ զէնքով չկարողանանք պաշտպանել մեր ազատութիւնն ու ունեցւածքը, ապա մենք արժանի չենք գոյութիւն ունենալու որպէս ինքնուրոյն ժողովուրդ եւ այն ժամանակվայ մեզ ու մեր յետնորդներին։ Մեր որդիներն ու թոռները միմիայն անէծքներով կը յիշեն մեզ։ Մենք յոյս պէտք է դնենք միմիայն մեր սեփական ոյժերի վրայ եւ եթէ այժմ առանց ժամանակ կորցնելու չօգնենք մեր զորքին, չլրացնենք նրա շարքերը զինւորներով եւ չմատակարարենք նրան անհրաժեշտ մթերքներ ― մենք կորած ենք։ Լաւ իմացէք, եթէ այժմ զէնքով չնւաճենք մեր ազատութիւնն ու չստեղծենք մեզ համար երջանիկ ապագայ ― այլեւս երբէք չի յաջողւի այդ բանը ոչ մեզ եւ ոչ մեր սերունդներին։
Նւիրաբերութիւններ ուղղեցէք մոտակայ Ինտենդանտային եւ Արտիլլերական մթերանոցները եւ տեղական հասարակական հաստատութիւնները, յայտնելով այդ մասին Հայկական Կորպուսի Շտաբին։
Հայկական Կորպուսի հրամանատար՝
Գեներալ Նազարբեգեան
«Աշխատանք», # 3 (203), մայիս 29 (16), (Երևան, 1918)
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ