Ցանկանո՞ւմ եք ավելի լավ հասկանալ մեդիան
Այժմ, առավել քան երբևէ, մենք չենք կարող անվերապահորեն հավատալ լուրերին․ մեզ հարկարվոր են գործիքներ, որպեսզի քննադատորեն կարդանք լրատվությունը, ռազմավարություն, որ տարբերակենք՝ ինչպես է տեղեկատվությունն աշխատում։ Հենց սա է ոգեշնչել The Listening Post-ի նոր նախագծի՝ Media Theorised-ի ստեղծումը։
Մենք վերցրել ենք աշխարհի հինգ մտավորականների գլխավոր աշխատությունները։ Նրանք տեսաբաններն են, ովքեր գտնվում են կոսմոպոլիտ կենտրոնի և «գլոբալ հարավի» մեջտեղում․ Ռոլան Բարտը՝ ֆրանսիացի փիլիսոփա, Նոամ Չոմսկին՝ ամերիկացի լեզվաբան և քաղաքական ակտիվիստ, Ստյուարտ Հոլը՝ ջամայկացի-բրիտանացի մշակույթի պատմաբան, Մարշալ ՄքԼուհանը՝ կանադացի ակադեմիկոս, Էդուարդ Սայիդը՝ պաղեստինցի-ամերիկացի գրական պատմաբան։
Ինչպես կասեր Ռոլանդ Բարտը․
Սրանք այն գրողներն են, ովքեր մեզ սովորեցրել են կարդալիս ըմբռնել տեքստի՝ ուշադրությանից վրիպող հատվածները։
Աշխատելով Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի լրագրողների, արվեստագետների և քաղաքական ակտիվիստների հետ՝ մենք պատրաստել ենք էսսեներով լրացված հինգ տեսանյութ՝ ձեզ ներկայացնելու այս մեդիա տեսաբաններին և օգնելու մեդիայի հետ ամենօրյա առնչություն ունենալիս կիրառել նրանց քննադատական գործիքներից որոշները։
Էդուարդ Սայիդ
Պաղեստինցի-ամերիկացի գրական պատմաբան
Շրջանակված․ Կարծրատիպերի քաղաքականությունը նորություններում
Պաղեստինցի ակադեմիկոս Էդուարդ Սայիդի (1935-2003) «Օրիենտալիզմ» գիրքը ցույց է տալիս՝ ինչպես Արևմուտքը լիազորվեց ներկայացնել գաղութային «մյուսներին»՝ միևնույն ժամանակ նրանց ձայնազուրկ թողնելով։
Տեսանյութի ձայնը Սորիուս Սամուրաինն է, ով ստեղծում է լրատվություն, որը անում է հենց այն, ինչ չէին անում օրենտալիստական պատումները․ իր “Cry Freedom” և “Exodus from Africa” փաստագրական ֆիլմերում նա ներկայացնում է Աֆրիկան ներսից՝ խոսելով աֆրիկյան ձայների և հեռանկարների մասին։
Արևելքի մասին արևմտյան շահարկումների սկզբից ի վեր միակ բանը, որ Արևելքը չկարողացավ անել, ինքն իրեն ներկայացնելն էր: Արևելքի մասին վկայությունները հավաստի էին միայն արևելագետի աշխատանքի զտիչ կրակի միջով անցնելուց հետո:
Էդուարդ Սայիդ․ պաղեստինցի մտավորական, գրականության տեսաբան, գաղութային ժամանակագրության պատմաբան: Սայիդը բացատրեց, թե ինչպես է գործում գաղութատիրությունը: Ոչ միայն բանակների, այլև գրականության միջոցով: Ոչ միայն նվաճումների, այլև մարդաբանության միջոցով: Ոչ միայն ճնշումների, այլև հիմնավորված պատմաբանության միջոցով: Նա ցույց տվեց, թե ինչպես է Արևմուտքը նկարել «Արևելքի» պատկերը․ օձահմաներ, պորտապարուհիներ, ավազակներ: Էկզոտիկ, զգայական, խեղված: Սայիդը դա տեսավ 19-րդ դարի արևմտյան գրականության մեջ, իսկ դուք կարող եք տեսնել ժամանակակից մշակույթի միջոցով:
Միացրեք նորությունները, կարդացեք թերթեր, նայեք նկարներին։ Ի՞նչ պատմություններ են ձեզ հրամցվում։ Մենք ընդդեմ նրանց։ Ռացիոնալն ընդդեմ իռացիոնալի։ Քաղաքակրթությունն ընդդեմ բարբարոսության: Աֆրիկացիները՝ կոռումպացված բռնակալներ, սովամահության զոհեր: Լատինամերիկացիները՝ թմրանյութերի տիրակալներ, ֆուտբոլիստներ, բռնապետներ: Արաբները՝ ահաբեկիչներ, կնատյացներ: Ասիացիները՝ ծրագրային ապահովման ինժեներներ, կրոնական մոլեռանդներ: Ինչպիսի՞ն է լինել ֆիքսված, գերված, շրջանակված: «Օրիենտալիզմը» ընկալեք որպես ոսպնյակ: Օգտագործե՛ք այն, երբ կարդում եք լրատվամիջոցներ: Որոշարկե՛ք կարծրատիպը: Վերծանե՛ք հերյուրանքը: Բացահայտե՛ք առասպելը:
Թարգմանիչ՝ Սոնա Սիմոնյան
Խմբագիր՝ Էդիտա Շադոյան
Վիդեոխմբագիր և ենթագրող՝ Թամարա Նազարյան
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ