Մայիս 68. զրույց Էդգար Մորենի հետ

Հարցազրույց Էդգար Մորենի հետ․ «Մայիս 68-ը առավել ինքնուրույնություն, առավել ազատություն, առավել միաբանություն էր»

Ներկայացնում ենք FMSH (Մարդու մասին գիտությունների տուն-հաստատություն)-ի մասնագետ Միշել Վիևիորկայի հարցազրույցը մեր ժամանակների ֆրանսիացի ամենահայտնի սոցիոլոգ և փիլիսոփա Էդգար Մորենի հետ՝ Մայիս 68-ի հիսնամյակի թեմայով։

Դանի Կոն-Բենդիտը Սորբոնի բակում, 3 մայիսի, 1968

Միշել Վիևիորկա — Այսօր՝ 2018-ին, խոսել Մայիս 68-ից, նշանակում է վերհիշել հեռավոր ժամանակները։ Ձեզ համար առավել կենդանի մնացածը ի՞նչ բնույթի է․ միգուցե շարժման երևակայակա՞ն, մշակութայի՞ն կողմն է, շարժման սուբյեկտիվությու՞նը։

Էդգար Մորեն — Այն, ինչ կենդանի է մնացել, նախևառաջ, շատ վառ հիշողություններն են։ Ներկայություններն են՝ այդ գրավված, փոխակերպված Սորբոնում։ Մայիս 68-ի առաջին շաբաթն ինձ հիացմունք էր պատճառում։ Պետության տետանացումը [1] նպաստել էր այն բանին, որ բոլորն իրար հետ խոսում էին փողոցում։ Հոգեվերլուծաբանների աշխատասենյակները ակնթարթորեն դատարկվում էին, բոլոր նրանք, ովքեր ստամոքսի ցավեր ունեին առողջանում էին,, և այլն։ Երբ ամեն ինչ նորից նորմալ դարձավ, այդ ամենը վերսկսվեց։

Այդ առաջին շաբաթն ասես իմ պատանեկության ժամանակը լիներ՝ 1936-ի հունիսին, երբ բոլորն իրար հետ խոսում էին։ Ես հրաշալի հիշողություններ ունեմ այդ տոնական Սորբոնից՝ անկարելի իրադարձության կենսագործումից։ Հիշողություններ՝ այդ առանց մահվան ելքի քաղաքացիական պատերազմից, բացի Ֆլենի դեպքը (Ռենո գործարանի գործադուլավորներին աջակցության եկած ուսանողների մի ցույց, որի ժամանակ 17 տարեկան մի պատանի խեղդվեց), այդ լուրջ խաղից, երբ հեղափոխություն էինք խաղում, առանց կյանքեր վտանգելու՝ չնայած բախումների ուժգնությանը։ Այսինքն՝ ո՛չ դառնություն [․․․]

Մ․ Վ․ — Սկզբում շարժումն ուսանողական է, երիտասարդության շարժում է, այլ ոչ բանվորական։ Եվ միայն հետո, թերևս դժկամորեն, այն դառնում է արհմիութենական համախմբում։ Քննարկումներ ունենու՞մ էիք պրոլետարիատի, բանվորական դասի, բանվորական շարժման մասին։

Է․ Մ․ — Իմ հոդվածներում ցույց եմ տվել, որ, ի տարբերություն մյուս երկրների, որտեղ շարժումը մնաց խիստ ուսանողական, այն տարածվեց բանվորական և լիցեյական երիտասարդության մի մասի վրա։ Հատկապես շարժման տևողությունն ու ինտենսիվությունն էին, որ ի վերջո գործի գցեցին արհմիությունները, որ սկզբում ավելի անվճռական էին, բայց ի վերջո նետվեցին այդ ճեղքվածքի մեջ՝ կառավարությունից հիմնարար զիջումներ կորզելու համար։ Հենց որ այդ զիջումները ձեռք բերեցին, մեղմացրին իրավիճակը։ Ինձ նաև ապշեցրեց զիջումներ կատարելով և բանակցելով իրավիճակը հանդարտեցնելու Ժորժ Պոմպիդուի կամքը։

Ազդեցիկ երթեր տեղի ունեցան, որոնցից մեկին ես մասնակցել եմ Բոբուր փողոցում Պոլ Թորեզի՝ Թորեզների կրտսեր որդու հետ։ Այս շարժումը վերջնականորեն մատնում էր ունայնությունը այն քաղաքակրթության, որը հաղթողի հավակնություն ուներ, որը կարծում էր, թե գնում էր դեպի ներդաշնակություն։ Այդ ժամանակվա Ռեյմոն Արոնը՝ նա, ով սխալվեց, արդյունաբերական հասարակության մեջ տեսնում էր մեծ խնդիրների հիմնարար մեղմացումը, մինչդեռ 1973-ի տնտեսական ճգնաժամից առաջ Մայիս 68-ը վեր հանեց երիտասարդության խոր հոգևոր ճգնաժամը։

Այդ պատանեկության խորին նկրտումները չափահաս աշխարհի հարաբերությամբ առավել ինքնուրույնությունը, առավել ազատությունը, առավել միաբանությունն էին։ Տրոցկիականներն ու մաոիստները ասում էին․ «Մենք կարող ենք իրականացնել այդ ձգտումները»։ Հավատի փոխադրում (transfert) տեղի ունեցավ․ սկզբում ընդվզումն էր, ազատապաշտական կոմունիզմը, այնուհետև շարժումը որսացին տրոցկիզմն ու մաոիզմը՝ հեղափոխության միջոցով երիտասարդական նկրտումներն իրականացնելու խոստումով [․․․]

Մ․ Վ․ — Ի՞սկ հետո։

Է․ Մ․ — Նոր-ազատապաշտական (néo-libertaire) միտումների մի ողջ շարք է բխում 68-ից։ Մայիս 68-ին ֆեմինիզմ չկար, բայց այն այնտեղից է սերում, ինչպես նաև նույնասեռականների շարժումը։ 68-ից առաջ Ռոլան Բարտը ամոթահար նույնասեռական էր, դրանից հետո դարձավ ինքնաբավ նույնասեռական։ Բարքերի փոփոխություններ տեղի ունեցան, թեև ոչինչ չփոխվեց հասարակության մեջ։ Նիկոլ Լապիեռի և այլոց հետ ես մի հետազոտոթյուն եմ կատարել՝ հրապարակված մի գրքում, որը պարզամտորեն կոչվում էր «Նշանավոր Կինը․ նոր կանացիություն, նոր ֆեմինիզմ»։ Ուսումնասիրությունը հետաքրքիր էր։ Մայիս 68-ից առաջ կանացի մամուլն ասում էր․ «Համեղ ուտելիք պատրաստեք ձեր ամուսնու համար։ Գեղեցիկ եղե՛ք» և այլն։ Այդ ժամանակից սկսած՝ էյֆորիզացիային փոխարինում է խնդրականացումը։ Մամուլը սկսում է խոսել կյանքի դժվարություններից․ ծերացում, սիրուհի ունեցող ամուսին, հեռացող երեխաներ։ Այդ խնդրականացումը սկսում է գրավել հասարակության բազմաթիվ ոլորտներ [․․․]

Մ․ Վ․ — Ի վերջո, Դուք առաջարկում եք  շարժման մի նկարագիր, որն ունեցել է կարճատև նախապատմություն՝ Բերկլին։ Հետևում է 68-ը, հիմնադրող պահի շունչը, որ դեռ վերագտնում ենք 1978-ին, և հետո այս ամենն անհետանում է կամ հայտնվում այլուր։

Է․ Մ․ — Դրան հետևեցին մեծ գործադուլներ, ինչպես 1995-ին՝ ուսանողական ընվզումներ, մասնավորապես Դըվաքեի օրինագծի դեմ (1986-ին)։ Սակայն դրանցից ոչ մեկը Մայիս 68-ի խորհրդանշական և առասպելական բնույթը չունեցավ։ Գոյություն ունի ուսանողական ընդվզումների սովորույթ, բայց երբեք 68-ին համեմատելի բան չի եղել։

Իմ կարծիքով՝ իրադարձությունը նեղացավ 1988-ին, երբ կոմունիզմի վերջն էր, և երբ սառը պատերազմն ավարտվում էր։ Ֆրանսիական Մայիս 68-ն ինձ համար քաղաքակրթական ճգնաժամի խորհրդանշական պահ է, որտեղ բխել էին խորին, գրեթե մարդաբանական նկրտումներ (առավել ինքնուրույնություն, առավել միաբանություն), որոնք անկում ապրեցին, բայց կվերածնվեն այլ դրսևորումներով։

Ես պնդում եմ, որ շատ բաներ փոխվեցին, սակայն ոչինչ չփոխվեց։ Հատկապես բարքերի, զգացմունքների, գաղափարների մակարդակում։ Եվ հիշեցնում եմ, որ պատանեկան դասը կազմավորվել էր արդեն մինչև Մայիս 68-ը և հնարավոր դարձրեց վերջինիս մղումը [․․․]

Մ․ Վ․ — 2018-ին հիշատակում ենք հիսնամյակը 68-ի վերաբերյալ անհամար հրապարակումներով։ Կարիք կա՞ նշանավորել 68-ը, խոսել 68-ի մասին որպես զուտ պատմական պահի մասին։ Պետք չէ՞ վերաիմաստավորել այդ կրակը։

Է․ Մ․ — 68-ը մարմնավորել է շատ խորին ձգտումներ, որոնցով համակված էր հատկապես ուսանող երիտասարդությունը։ Ձգտումներ, որ զգում են երիտասարդները, և որ նրանք մոռանում են, երբ ընտելանում են կյանքին, որը նրանց դեպի աշխարհ է ներքաշում։ Առավել ազատության, ինքնուրույնության և եղբայրության, միաբանության ձգտումներ։

Ամբողջովին ազատապաշտական, բայց մշտապես եղբայրության ամենագո գաղափարով։ Նրանք միավորել են այդ կրկնակի մարդաբանական ձգտումը, որն ի հայտ է եկել մարդկային պատմության տարբեր պահերի։ Կարծում եմ, որ Մայիս 68-ի պատմական կարևորությունը մեծ է, քանի որ այն բացահայտել է այդ ձգտումը, և տեսանք, թե ինչպիսի հեշտությամբ այդ ձգտումը տնայնացվեց։

Նույն բանը տեղի ունեցավ նաև կոմունիզմի հետ։ Մայիս 68-ը մարդկային այդ ձգտման նորացման բնույթն ունի, որը ժամանակ առ ժամանակ վերադառնում է և դեռ կվերադառնա այլ դրսևորումներով։

Ծանոթագրություն

[1] Տետանացում՝ հունարեն տետանոս (τέτανος) բառից, որ նշանակում է պրկանք, նաև պրկախտ։ Այստեղ կիրառվել է անշարժացման, գերպրկվելու իմաստով։

Բնօրինակի հեղինակ՝ Michel Wieviorka, The Conversation


Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) ©  Բոլոր իրավունքները պաշտպանված են։