Շարունակում ենք ներկայացնել Ղարաբաղյան շարժմանը նախորդող հայկական քաղաքական շարժումների պատմությանը վերաբերող նյութեր: Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 1918-ի մայիսի 29-ին՝ Սարդարապատի, Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերին անմիջապես հաջորդող օրերին Երեւանում հրապարակվող «Աշխատանք» թերթի խմբագրականը: Մի քանի խոսք թերթի մասին:
«Աշխատանք» թերթը եզակի դեր է կատարել մեր նոր պատմության մեջ: Կաղապարային որակումները, սակայն, կարեւոր, եզակի եւ այլն, կամ չոր տվյալները՝ Վանում, ապա Երեւանում 1911-1919 (ընդմիջումներով) հրապարակվող ՀՅԴ պաշտոնաթերթ, շատ քիչ բան են ասում տվյալ դեպքում: «Աշխատանքը» եղել է առաջին գծում կարեւորագույն իրադարձությունների օրերին՝ Վանի 1915-ի ինքնապաշտպանություն, Սարդարապատի ճակատամարտ… «Աշխատանքը» ոչ միայն լուսաբանել, ներկայացրել կամ մեկնաբանել է, այլեւ առաջնորդել եւ ձեւավորել է: Կարելի է առանց չափազանցության ասել, որ 1918-ի դիմադրության անհրաժեշտությունը թուրքական ներխուժմանը, որի գագաթնակետը եղավ Սարդարապատը, ձեւակերպվել է նախ «Աշխատանք»-ում: Եվ դա հեշտ չի եղել՝ թերթը հետեւողականորեն, կրքոտ պայքարի մեջ հիմնավորել է դիմադրության անհրաժեշտությունը, կռիվ է տվել թիֆլիսակենտրոն ազգային քաղաքականության դեմ, նաեւ՝ հուսալքության եւ դասալքության դեմ, ապացուցել է դիմադրության հնարավորությունն ա՛յն պայմաններում, երբ շարունակ նահանջն ու խուճապը դարձել էին նորմա, իսկ կռվով թուրքերին հաղթելու հույսն՝ անիրական:
Ավելացնենք նաեւ, որ այս թերթում են սկսել իրենց գրական ուղին շատերը, որոնց թվում Վահան Թոթովենցն ու Լեռ Կամսարը: Իսկ թերթի խմբագիրներ տարբեր ժամանակներում եղել են Իշխանը (Պողոսյան Նիկոլ), Արամ Մանուկյանը, Բարունակ Կապուտիկյանը (Սիլվա Կապուտիկյանի հայրը):
***
«Կացինն այս անգամ քարին առաւ»:
Թուրք վայրագ կառավարութիւնը, որ չուզեց ճանչնալ ոչ մէկ դաշն ու պայման, որ մեր ըրած զիջումներու պարագային վայրենի քմծիծաղով շարունակեց ալ աւելի առաջանալ, այսօր հանդիպեցաւ ամուր պատնէշի մը եւ առաջին խորտակումն ունեցաւ:
Այլեւս դանակը ոսկորին էր հասած. Մեր ժողովրդի առողջ եւ անսխալական բնազդը զգաց մօտալուտ սարսափելի աղէտը, ան այլեւս բաւ համարեց Բաթում եւ Թիֆլիս նստողներու խաղի խայտառակութիւնները ու ծառացավ իր թշնամիի դէմ այն րոպէին, երբ անիկա յարմար առիթը համարած էր հայութեան մահացու հարւած տալու, զայն իր սրտէն զարնելու: Ան որ կուզէր կտրել Երեւանի հայութիւնը ամէն կողմէ ու զայն պաշարելով բնաջինջ ընել, այժմ շշմած է անսպասելի ուժգին հարուածներէն, ինկած է սուրի միջեւ եւ հետզհետէ կօղակուի. թէ Սարդարապատի ուղղութեամբ եւ թէ Մեծ-Ղարաքիլիսէի կողմէ մեր զինուորներն անվեհեր ու խիտ զորքերով կը յառաջանան եւ արագ ու հատու հարուածներ կուտան թշնամիին ու կը հալածեն զայն:
Եւ սակայն, մեր այս առաջին յաղթանակները թող չգինովցնեն մեզի, եւ ոչ ալ մեր կրելիք պարտութիւններն ու տուած զոհերը ընկճեն մեր դիմադրական ոգին, այլ՝ ըմբռնելով որ թշնամին շատ քիչ ուժով եւ միայն մեր տեղի տալու պատճառով կրցաւ կարճ ժամանակուայ ընթացքին Երզնկայէն մինչեւ Ալէքսանդրապոլ հասնիլ, ալ աւելի կրկնապատկենք ու լարենք մեր ուժերը ու պատրաստուինք նոր կռիւներու եւ նոր յաղթանակներու: Եթէ թշնամին այսօր մեր առաջին եւ փոքր հարուածի առաջ պարտուցաւ ու փախուստի մատնուեցաւ, բայց վաղը անիկա պիտի աշխատի նոր ուժեր համախմբել, յարձակումներու ձեռնարկել՝ իր ծրագիրը իրագործելու, մեզի կոտորելու եւ Կովկասը տիրապետելու համար:
Հիմա, երբ ընկճուած է թշնամին ու շշմած, երբ քիչ են իր ուժերը, իսկ մենք յաղթական ենք ու ոգեւորուած եւ հետզհետէ կըստուարանան մեր մարտիկներու ցանցառ շարքերը, պէտք է շարունակենք կռիւը նոր թափով ու յամառօրէն, այսուհետեւ մեր տալիք հարուածները պէտք է ըլլան շեշտակի եւ մահաբեր, որպէսզի ամբողջապէս ջլատուի թշնամին եւ ընկրկման աստիճանին հասնի: Յիշենք մեր կորպուսի հրամանատար Գեն. Նազարբէկեանի խօսքերը. «Լավ իմացէք, եթէ այժմ զէնքով չնուաճենք մեր ազատութիւնը եւ չստեղծենք մեզ համար երջանիկ ապագայ, այլեւս երբէք չը պիտի յաջողուի ատիկա ոչ մեզի եւ ոչ ալ մեր սերունդներուն», եւ թող մեր ինկած ռազմիկներու ոգին ոգեւորէ, առաջնորդէ ու թագաւորէ մեզի եւ մեր զինուորները, թող վերջին տարիներու հերոսամարտերը օրինակ ծառայեն մեզի մղելու համար մեր օրհասական պայքարը, մեր դիմադրական սուրբ կռիւը:
Մենք պէտք է դառնանք հսկայ ժայռ մը, ուրկէ թշնամին քանի մը փշրանքներ միայն կարողանայ փրցնել՝ առանց զայն ամբողջապէս ջարդելու կամ տեղահան ընելու: Մեր բոլորի ուշն ու ուրուշը, միտքն ու երեւակայութիւնը պէտք է կեդրոնանան եւ ուղղուին դէպի ճակատ, ուր մեր կեանք կամ մահը պիտի վճռուի. միմիայն դէպի ճակատ, եւ ամէն ոք, ամէն ինչ ճակատի համար: Եւ թող Երեւանը փրկէ իր պատիւը, վճռական հարուած մը տայ թշնամիին, եւ հասկցնէ աշխարհին ու մեր խելոքներուն, որ այդքան լեցուցած բաժակը պիտի թափէր եւ այսքան զիջումներէ, պարտութիւններէ ու ստրկացումներէ ետք, ժողովրդական զայրոյթն ու ցասումը պիտի պայթէր օր մը:
Մոռնանք անցեալի մեր սխալները եւ տուած կորուստները ու նոր եռանդով, գօտեպինդ եւ վրէժալի խոյանանք դէպի թշնամին, միայն այն հաւատքով, թէ եթէ կռուինք չենք պարտուիր, չենք մեռնիր, այլ կը յաղթենք ու կը փրկուինք: Ուժեղ գրոհ մըն ալ եւ թշնամին դուրս պիտի շպրտուի մեր սահմաններէն:
Կեցցե՛ն մեր օրհասական ու հերոսական պայքարը եւ մեր առաջին յաղթանակները:
Կեցցե՛ն թշնամիին վրայ արշաւող մեր զինուորները:
«Աշխատանք», # 3 (203), մայիս 29 (16), Երեւան, 1918
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ