Ոսկեղենիկ #10

Ոսկեղենիկ նախաձեռնության 2021 թ. մայիսի հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:

Ավագանի/ավագանու անդամ

«Ավագանի» բառը հաճախ սխալմամբ գործածվում է «ավագանու անդամ» արտահայտության փոխարեն։ Օրինակ՝ Որոշել եմ այս տարի ավագանի դառնալ։

«Ավագանի» բառը ի սկզբանե ունեցել է «ավագների խումբ՝ դասակարգ», «բարձր ազնվականների դասակարգ», «թագավորի խորհրդի անդամներ» իմաստները։ Բնականաբար, այն մեր օրերում նման իմաստներով չի գործածվում։ Փոխարենը ձեռք է բերել նոր նշանակություն. այդպես են անվանում համայնքի տեղական ինքնակառավարումը իրականացնող, քվեարկությամբ որոշակի ժամկետով ընտրված անձանց ամբողջությունը։

Թե՛ նախկին, թե՛ ներկա նշանակությամբ «ավագանի» բառը հավաքական գոյական է։ Հավաքական գոյականները ցույց են տալիս մարդկանց, առարկաների կամ երևույթների բազմություն որպես մի միասնական ամբողջություն։ Հետևաբար, մեկ մարդը չի կարող լինել ավագանի։ Առանձին մարդիկ ավագանու անդամներն են, որոնք ձևավորում են համայնքի ավագանին։

Այսպես՝

  • Այսօր տեղի ունեցավ համայնքի ավագանու նիստը։
  • Որոշել եմ այս տարի ավագանու անդամ դառնալ։

Աղբյուրը՝

  1. Հ. Պետրոսյան, Ս. Գալստյան, Թ. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան
  2. Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան
Կարապի երգ

Քո կարապի երգը դեռ միլիոնավոր սրտեր է հուզելու, սիրելի՜ կոմպոզիտոր։

«Կարապի երգը» արտահայտությունը օգտագործվում է արվեստի և գրականության որևէ գործչի վերջին նշանավոր ստեղծագործությունը բնութագրելու համար` իբրև տաղանդի վերջին փայլատակում:

Այն հին ծագում ունի. առաջին անգամ օգտագործել է Եզոպոսը իր առակներից մեկում («Ասում են` կարապը երգում է մահից առաջ»):

Հնուց ի վեր այն պատկերացումն է տարածված եղել, որ իբր կարապները երգում են միայն մեկ անգամ, այն էլ` մահից առաջ և շատ սրտաշարժ: Իսկ իրականում կարապը ընդհանրապես չի երգում, բայց մահից առաջ մի ձայն է արձակում, որը հաճելի երգի է նման:

Աղբյուրը`

  1. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ
  2. Ս. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան
Հոգեպահուստ

Քո հոգին շա՜տ խորն է. դու հաստատ հոգեպահուստ կունենաս:

Հին ժամանակներում մարդիկ կարծել են, թե մարդու հոգին տեղադրված է անրակների միջև գտնվող փոսում` պարանոցի մոտ առաջացած փոսիկի մեջ: Կրծքավանդակի այդ նույն հատվածում նրանք գումար են պահել (հիմա էլ շատ մեծահասակ կանայք մոտավորապես նույն տեղում են պահում դրամ-հոգեպահուստը): Ահա թե ինչու ենք մարդկանց` նեղ օրվա, ծայրահեղ, անակնկալ կարիքի համար կամ առհասարակ խնայողաբար պահած ռեսուրսները կոչում «հոգեպահուստ»:

  • Հիվանդը շա՜տ նեղված է. հոգեպահուստ չայ շաքար չունի՞ք, մի չայ խմցնենք: Տանը փող չկայ:
  • Դէ´, մայրի´կ, ազիզ հյուրեր են եկել. հոգեպահուստներդ հանի´ր,  առա´ջ բեր:

Աղբյուրը՝

  1. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ
  2. Ս. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան
Եվ այլոք/և այլք

Բանավոր ու գրավոր խոսքում շատ հաճախ է գործածվում «և այլոք» սխալ ձևը «և այլք»-ի փոխարեն։ Օրինակ՝ Միջոցառմանը ներկա էին քաղաքապետը, մարզպետը և այլոք։

Այն հավանաբար առաջացել է «և այլոց»-ի համաբանության արդյունքում։ Վերջինս ճիշտ կիրառություն է։ Քանի որ այն սեռականի ձևն է (նշանակում է «և ուրիշների»), տպավորություն է ստեղծվում, թե դրա ուղղականի ձևը պետք է լինի «և այլոք»-ը, մինչդեռ ճիշտ ձևն է «և այլք»-ը։ Հասկանալու համար, թե ինչու է դա այդպես, պետք է հիշենք, թե ինչպես էր հոլովվում «այլ» անորոշ դերանունը գրաբարում։ Այն հոլովվում էր ո հոլովիչով՝ ուղղ.-այլ, սեռ.-այլոյ, հոգնակի ուղղ.-այլք, հոգնակի սեռ.-այլոց։ «Այլոց» սեռականի ձևը կազմվել է ուղղական «այլք»-ից, ոչ թե «այլոք»-ից։ Այսպիսով՝

Միջոցառմանը ներկա էին մարզպետը, քաղաքապետը և այլք։

Վարչապետը լսեց մարզպետի, քաղաքապետի և այլոց կարծիքները։

Աղբյուրը՝

  1. Հ. Ավետիսյան, Ռ. Ղազարյան, Գրաբարի ձեռնարկ

#Ոսկեղենիկ #Փոխառություն #Մայրենի #Սխալններիուղղում