Հարկաբյուջետային քաղաքականությունը կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն են` կապված պետական ծախսերի, հարկային քաղաքականության և պետական բյուջեի դիրքի՝ պակասուրդի կամ հավելուրդի փոփոխության հետ, որոնք նպատակ են հետապնդում տնտեսությունում ապահովել լրիվ զբաղվածություն և ոչ գնաճային ՀՆԱ-ի աճ:
Հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսության վրա կարող է ազդել երկու հիմնական ուղություններով (գործիքներով)՝ եկամտային քաղաքականությամբ (եկամտային գործիք) և ծախսային քաղաքականությամբ (ծախսային գործիք): Հարկաբյուջետային քաղաքականությունը իրականացվում է երկրի երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ տնտեսական ծրագրերի հիման վրա: Հարկաբյուջետային քաղաքականության կարճաժամկետ ծրագրերը յուրաքանչյուր տարվա բյուջեի մասին օրենքներն են:
Տնտեսությունն ակտիվացնելու նպատակով կառավարությունն իրականացնում է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն՝ կրճատելով հարկերի դրույքաչափերը և ավելացնելով պետական ծախսերը:
Տնտեսության գերարագ աճի դեպքում կառավարությունն իրականացնում է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն՝ բարձրացնելով հարկերի դրույքաչափն ու կրճատելով պետական ծախսերը:
Այսպես, կառավարության կողմից պետական ծախսերի ավելացման արդյունքում ամբողջական պահանջարկի խթանումը տեղի է ունենում հետևյալ շղթայով՝
ծախսերի ավելացում ΔG չափով => ՀՆԱ աճ ΔG * b չափով => եկամուտների աճ նույն չափով => սպառման աճ (ΔG * b)* b* => ՀՆԱ աճ ΔG * b2=> եկամուտների աճ նույն չափով=> սպառման աճ (ΔG * b)* b2 և այլն:
Կառավարության կողմից հարկերի նվազման արդյունքում ամբողջական պահանջարկի բազմարկի խթանումը տեղի է ունենում հետևյալ շղթայով՝
Հարկերի նվազեցում ΔT-ով => տնօրինվող եկամուտները ավելանում են => սպառողական ծախսերը ավելանում են ΔT*b =>համախառն ծախսերը ավելանում են ΔT*b => համախառն եկամուտները աճում են ΔT*b=> սպառումը ավելանում է b*(ΔT*b) => համախառն ծախսերը ավելանում են b2*ΔT=> համախառն եկամուտները աճում են b2*ΔT => սպառումն աճում է b*(b2*ΔT):
Տարբերում ենք նաև դիսկրետ և ոչ դիսկերտ հարկաբյուջետային քաղաքականություններ:
Դիսկրետ հարկաբյուջետային քաղաքականությունը կառավարության կողմից զբաղվածության մակարդակի, արտադրության ծավալների և գնաճի մակարդակների փոփոխություններին ուղղված կառավարության որոշումների արդյունքում ձևավորվող պետական բյուջեի ծախսերի, եկամուտների, պակասուրդի նպատակաուղղված փոփոխություններն են:
Ոչ դիսկրետ հարկաբյուջետային քաղաքականությունը ՀՆԱ-ի ցիկլիկ տատանումների արդյունքում զբաղվածության մակարդակի, արտադրության ծավալների և սղաճի մակարդակների ավտոմատ փոփոխություններն են:
Հեղինակ՝ Մարինե Ավետիսյան (Marine Avetisyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Միլենա Առաքելյան (Milena Arakelyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն