Ներկայացնում ենք Շառլ Ազնավուրի երգացանկից երկու գեղեցկագույն ստեղծագործության թարգմանություն ֆրանսերենից հայերեն՝ մեծն շանսոնյեյի 100-ամյակի շրջանակում:
Ինքնահոսի (Tu t’laisses aller)
Ի՜նչ ծիծաղելի ես, ի՜նչ ծիծաղելի տեսք ունես,
Ահա այստեղ ես, սպասում ես, նեղացած ես,
Իսկ ես կատակելու հավես ունեմ,
Ալկոհոլն է գլուխս առնում,
Ողջ ալկոհոլը, որ խմել եմ երեկոյան,
Որ քաջություն ունենամ
Խոստովանելու քեզ, որ զզվել եմ
Քեզնից ու քո բամբասանքներից,
Քո մարմնից, որ ինձ խելոք է թողնում
Ու ողջ հույսս է ինձնից խլում։
Զզվել եմ, պետք է, այո՛, որ քեզ ասեմ,
Դու նյարդայնացնում ես, ինձ բռնանում,
Քո անտանելի բնավորությունն եմ տանում
Չհամարձակվելով ասել, որ չափազանցնում ես,
Այո՛, չափազանցնում ես, հիմա իմացար։
Երբեմն ուզում եմ քեզ խեղդել,
Աստվա՜ծ իմ, ինչքան ես փոխվել հինգ տարում՝
Անխնամ, ինքնահոսի,
Ի՜նչ գեղեցիկ ես այդպես
Գուլպաներդ կախված կոշիկներիդ վրա,
Եվ կիսաբաց հին պենյուարդ,
Եվ բիգուդիներդ, ի՜նչ տեսք։
Ամեն օր ինքս ինձ հարցնում եմ
Ինչպես է եղել, որ ինձ դուր ես եկել,
Ինչպես է եղել, որ սիրահետել եմ քեզ,
Եվ քեզ հետ կորցրել ողջ կյանքս,
Այսպես դու մորդ ես նման,
Որ սեր ներշնչող ոչինչ չունի։
Ընկերներիս առաջ, ի՜նչ աղետ՝
Ինձ հակաճառում ես, դիտողություն անում,
Քո թույնով ու մաղձով
Սարեր շուռ կտայիր,
Օ՜, խոշոր շահում ձեռք գցեցի
Այն օրը, երբ քեզ հանդիպեցի,
Գոնե լռեիր, չէ՜, չափազանց լավ կլիներ,
Անխնամ, ինքնահոսի
Բռի ես ու բռնակալ,
Ո՛չ սիրտ ունես, ո՛չ էլ հոգի,
Թեև հաճախ մտածում եմ
Որ ինչևէ, դու իմ կինն ես,
Եթե մի քիչ ջանք թափեիր
Ամեն ինչ գուցե տեղն ընկներ,
Նիհարելու համար սպորտով զբաղվիր,
Հայելու առաջ քեզ կարգի բեր,
Ժպիտ կախիր դեմքիցդ,
Շպարիր սիրտդ ու մարմինդ
Փոխանակ մտածելու, որ ատում եմ քեզ,
Եվ ինձնից փախչելու, ինչպես ժանտախտից
Փորձիր բարեհամբույր երևալ,
Նորից դարձիր աղջնակը
Որ ինձ այդքան երջանկացրեց,
Եվ երբեմն, ինչպես անցյալում,
Կուզեի, որ հենց կրծքիս
Ինքնահոսի մատնվեիր, ինքնահոսի՜։
____
Շառլ Ազնավուր
Ինչպես նրանք ասում են (Comme ils disent)
Ապրում եմ մենակ մայրիկիս հետ
Բնակարանում մի շատ հին
Սառազատ փողոցի վրա
Ունեմ ինձ ընկերակցող մի կրիա,
Երկու դեղձանիկ
Ու մի կատու,
Որպեսզի մայրիկիս թողնեմ հանգստանա
Շատ հաճախ գնումներն եմ անում,
Կերակուր եփում,
Դասավորում եմ, լվանում, սրբում,
Առիթ լինելիս նաև կարում եմ
Մեքենայով,
Աշխատանքն ինձ չի վախեցնում
Ես մի քիչ գեղազարդիչ եմ,
Մի քիչ ոճաբան,
Բայց իմ իսկական մասնագիտությունը
Գիշերն է,
Որ անում եմ զգեստափոխված,
Ես դերասան եմ․
Շատ յուրահատուկ մի համար ունեմ,
Որ ավարտվում է ամբողջապես մերկ
Ստրիպտիզից հետո,
Եվ սրահում ես տեսնում եմ, որ
Արուներն աչքներին չեն հավատում
Տղամարդ եմ, Օ՜,
Ինչպես նրանք ասում են
Գիշերը երեքին մոտ
Ընկերներով ամեն սեռի
Գնում ենք ուտելու՝
Որևէ բար-կրպակում
Եվ այնտեղ ուզածին պես վայելում ենք,
Եվ առանց բարդույթի
Ճշմարտություններ ենք բանում
Մարդկանց մասին,
Որոնց տանել չենք կարողանում,
Քարկոծում ենք նրանց
Բայց՝ հումորով,
Պարուրված բառախաղերով,
Թաթախված թթու խոսքերով,
Հանդիպում են հետամնացներ,
Որոնք սեղանակիցներին զարմացնելու համար
Քայլում ու ծածանվում են,
Կապկելով այն, ինչ կարծում են՝ մենք ենք
Եվ ծիծաղելի վիճակում են հայտնվում
Խեղճ խենթերը,
Ձեռածում են, բարձր խոսում
Դիվա, տենոր են խաղում,
Հիմարությո՜ւն,
Իսկ ես անտարբեր եմ
Ծաղր ու ծանակին,
Քանի որ ճիշտ է
Ես տղամարդ եմ, Օ՜
Ինչպես նրանք ասում են
Այն ժամին, երբ նոր օրն է ծագում
Վերադառնում եմ տուն՝ վերագտնելու
Միայնությունս,
Հանում եմ թարթիչներս ու մազերս
Ինչպես մի խեղճ, դժբախտ ծաղրածու,
Հոգնությունից
Պառկում եմ, բայց չեմ քնում,
Մտածում եմ իմ անուրախ սերերի մասին՝
Այնքան ծիծաղաշարժ
Այն աստվածի պես գեղեցիկ տղայի մասին,
Որն առանց որևէ բան անելու կրակ վառեց
Հիշողությանս մեջ,
Շուրթերս երբեք չեն համարձակվի
Խոստովանել նրան իմ նուրբ գաղտնիքը,
Իմ քնքուշ դրաման,
Քանզի բոլոր տառապանքներիս առարկան
Իր ժամանակի մեծ մասն անցկացնում է
Կանանց անկողիններում․
Ոչ ոք իրավունք չունի իրականում
Ինձ պարսավելու, ինձ դատելու,
Եվ հստակ ասում եմ
Հենց բնությունն է, որ
Միակ պատասխանատուն է
Որ ես հոմո եմ
Ինչպես նրանք ասում են։
____
Շառլ Ազնավուր
Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։