Հետաղետային գոտում գտնվող քաղաքների վերակառուցման ժամանակակից մոտեցումը․ Բեյրութի աղետը

2020 թ. օգոստոսի 4-ին պատմության մեջ երբևիցե եղած ամենամեծ ոչ միջուկային պայթյուններից մեկը ցնցեց Բեյրութ քաղաքը: Ավերակների վերածելով մայրաքաղաքի հյուսիսային կողմը՝ պայթյունը վնասեց շուրջ 40․000 շինություն։ Տեղի՝ համաշխարհային հռչակ ունեցող ճարտարապետների կողմից վերջերս կառուցված նոր ժամանակակից շինություններն այժմ կանգնած են վերակառուցման երկընտրանքի առջև` փաստացի տեղ տալով որոշակի կենսական հարցերի, ինչպիսիք են՝ «ինչպե՞ս պետք է ընթանան «վերջերս» վնասված շենքերի վերակառուցման աշխատանքները կամ արդյո՞ք ճարտարապետները պետք է վերակառուցեն դրանք այնպես, ինչպես պայթյունից առաջ էին՝ ջնջելով կատարվածի հետքերը, թե՞ պետք է պահպանեն այդ «սպիներն» ու մարմնավորեն նոր իրողություններ»։

Այդ գաղափարներն ուսումնասիրելու և տարբեր հեռանկարներ ընդգծելու նպատակով ArchDaily-ն հնավորություն է ունեցել զրուցելու երեք ճարտարապետների հետ, որոնց նախագծած շինությունները վնասներ են կրել պայթյունի հետևանքով։ Բեռնար Խուրին, Փոլ Գալուստյանը և Լինա Ղոթմեն իրենց ծրագրերի և Բեյրութի վերակառուցման սեփական տեսլականի մասին խոսեցին ArchDaily-ի գործադիր խմբագրի՝ Քրիսթել Հարուքի, ինչպես նաև ճարտարապետային լուսանկարիչ Լորիան Ղինիթոյուի հետ, որը ներկայացված ֆոտոշարքում փաստագրել է ավերածությունների ծավալը։

Բեռնար Խուրի․ Ներկայի որոնումներում

Պայթյունի ժամանակ հարվածային ալիքներից անմիջականորեն վնասվել էին Բեռնար Խուրիի երեք կառույցները՝ վերջերս նախագծված Saifi #450 աշտարակը, #1063 (R2) և #1072 նախագծերը, որոնք պայթյունին ամենամոտը գտնվող բնակելի շենքերն էին: Տարօրինակն այն է, որ այդ շինություններից մեկի տանիքում երկու հրանոթ է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, իրենց նախագծերի համարներով անվանակոչված այս նորակառույց հսկաների երեսպատումը, ապակիները, փայտը, մետաղը և ալյումինե տարրերը մեծապես տուժել են` որոշ այլ կառուցվածքային վնասների հետ մեկտեղ: ArchDaily-ին հանդիպեց Խուրիի հետ Բեյրութում գտնվող իր գրասենյակում և զրուցեց լիբանանյան պատմության նրա ընկալման ու վերակառուցման աշխատանքների մասին: 

AD–Ձեր նախագծերից երեքը վնասվեցին պայթյունի հետևանքով։ Ո՞րն էր նշված կառույցների դերը քաղաքի ճարտարապետական տեսքի մեջ, և ինչպե՞ս էին դրանք առնչվում պատմությանը:

Բ․ Խ․Այս երեք շինությունները՝ #450, #1063(R2) և #1072 նախագծերը, տարբեր առումներով շատ համատեքստային կառույցներ էին՝ հաշվի առնելով դրանց աշխարհագրությունն ու համահունչ նավահանգստի գունային լուծումները և նպատակ ունենալով դառնալ գոյություն ունեցող քաղաքի բնական շարունակությունը։ Հեռանալով Բեյրութի վտանգավոր և պարզունակ պատկերումից՝ այս կառույցները մեկ այլ երանգավորում են ստացել՝ տարբերվելով այն տեսքից, որը ոմանք փորձում էին հաղորդել քաղաքին։ Բեյրութը «բեժ» չէ։ Այս միագույն բեժ պատկերի նկատմամբ իմ քննադատական հայացքը վաղուց է ի հայտ եկել։ Սա սկսվում է Սոլիդերի նախագծի՝ 90-ականներին քաղաքի կենտրոնի հետպատերազմյան վերակառուցման և ինչ-ինչ պատճառներով ֆրանսիական մանդատի վրա կանգ առած պատմության հետ դրա առնչության վերաբերյալ իմ նախնական արձագանքներից: Ոչ մի անդրադարձ չկա այն պատմությանը, որն այդքան մոտ էր ինձ, պետությանը և ժամանակակից ազգին: Դժբախտաբար, պատմության հանդեպ այս վերաբերմունքը դեռևս գերակշռում է, երբ խոսքը վերաբերում է ժառանգությանը և այս քաղաքի պատմությանը: Երբ խոսում են վնասված ճարտարապետական ժառանգության մասին, բոլորը անմիջապես մատնացույց են անում Գեմմայզե թաղամասը` իր օսմանյան և գաղութային տներով, բայց ոչ ոք երբևէ չի նշում 1950-ական թվականներից հետո կառուցված որևէ այլ շենք: Միշտ խոսում են կա՛մ անցյալից, կա՛մ ապագայից: Անհնար է ապրել ներկայում, և ներկայի իմ սահմանումը կհասնի մինչև Անկախության առաջին օրեր:

Վերադառնալով նախագծերիս՝ այն, ինչ առանձնապես հետաքրքրական էր Saifi #450-ի վերաբերյալ, դրա տեղակայումն էր «Սոլիդեր»-ի եզրին, որում արտացոլվում են ոմանց համար ամոթալի իրադարձություններ, որոնք մենք պարզապես չենք ուզում ներառել մեր մեղրածոր, միագույն ու սպառնալիորեն պարզունակ պատմության մեջ։

«Իմ կարծիքով այս իրողությունները ցանկացած տեսակի համաձայնեցված, տեղին ու արդիական պատմություն ձևակերպելու հնարավորություն են ընձեռում, որը նախորդում է վերակառուցման ցանկացած նախաձեռնության: Այս գործընթացն ի վերջո կարող է հանգեցնել մի այնպիսի նախագծի, որը թույլ կտա ապրել ներկայում: Եթե դուք դա չեք կիրառում, ապա ձախողվում եք քաղաքականապես, ձախողվում եք մշակույթի ու պատմության ասպարեզներում»:

#450-ը կառուցված է որպես ամրոց վերամբարձ կռունկների օգնությամբ՝ ի տարբերություն այն նախագծերի, որոնց վրա ես աշխատում էի միևնույն ժամանակ ավելի կայուն տարածքներում: Փաստորեն, ես ասում էի մի բան և միևնույն ժամանակ հակասում դրան: #450-ի սկզբնական նկարագրական տեքստում նավահանգիստը նշված է հենց առաջին նախադասության մեջ: «Բեյրութը նավահանգստային քաղաք է»: Շինությունը ուղիղ կապ ունի նավահանգստի և հենց այս առանձնահատուկ թաղամասի դառը անցյալի հետ։ Սա թանգարան, հուշահամալիր կամ նախագիծ չէ, որ կարող է իրեն թույլ տալ ցանկացած տեսակի քաղաքական դիրքորոշում: Սա բնակելի կառուցապատում է մասնավոր կառուցապատողի համար, իսկ այս ծրագրի միջոցով դուք կարող եք կայացնել շատ արմատական որոշումներ, որոնք այլապես չէիք կարողանա հանձն առնել: 

«Ոչ ոք չի պատրաստվում ձեզ պատասխանատվության ենթարկել ձեր ասածի համար, ուստի կարող եք ասել այն, ինչ ուզում եք: Բեյրութն ինձ ստիպեց օգտագործել ճարտարապետությունը որպես քաղաքական ակտ»։

Իմ ճարտարապետությունը շատ առումներով համապատասխանում էր այս ուղղությանը, սկսած 1991 թ.-ի՝ վնասված կառույցները վերականգնելու ծրագրից մինչև իմ նախագծած առաջին շենքերը՝ B018-ը (1998 թ.), որին հաջորդեցին Centrale-ը (1999 թ.) և Yabani-ն (2000 թ.-ի սկիզբ): Չնայած դրանք հետպատերազմյան շենքեր էին համարվում, սակայն ինձ համար պատերազմը դեռ չի ավարտվել:

AD–Ինչպե՞ս եք պատկերացնում Բեյրութում վերակառուցման աշխատանքների ընթացքը:

Բ․ Խ․Ես կվերլուծեմ դա քայլ առ քայլ: Երբ խոսքը վերաբերում է Mar Mkhayel-ին և այս հատվածներին, ես կարծում եմ, որ վերակառուցումը համակարգված կլինի: Ի վերջո, դա մի լքված գոտի չէ, այլ Solidere-ի ծրագրի՝ բոլորովին տարբերվող մի նոր նախագիծ է: Հակված եմ նաև այն մտքին, որ սա շատ ավելի արագ կլինի, քան կարծում ենք:

AD–Ինչպե՞ս եք համակարգելու ձեր նախագծերը: Եվ արդյո՞ք բանակցում եք այլ կառուցապատողների հետ լուծումներ գտնելու համար:

Բ․ Խ․Մի քիչ անսովոր է աշխատել սեփական «երեխայի» վրա: Եկեք պարզաբանեմ։ Նախկինում ես աշխատել եմ հին շենքերի վրա, որոնք իմը չեն եղել, բայց հիմա սրանք իմ սեփական «երեխաներն» են և նրանք դեռ բավականին փոքր են: Ես սա համարում եմ վիրաբուժական միջամտություն. միանշանակ շատ հետաքրքիր է ուսումնասիրել, թե որքանով է ձեր հիվանդը պատրաստ լիովին ազատվել որոշ սպիներից կամ ընդունել դրանք: Ես արդեն զրուցել եմ 3 կառույցներից առավել վնասված շենքի՝ #1072-ի կառուցապատողների հետ և մենք եկել ենք հետևյալ եզրահանգման. դա չի լինելու ճիշտ այնպես, ինչպես կար: Կարծում եմ, որ դա կարևոր հայտարարություն է: Միգուցե կարծում եք, որ այս վնասվածքից հետո շատերը կցանկանան ամբողջովին մոռանալ կատարվածի հետևանքները, բայց սա այդ դեպքը չէ:

Դեռ 2009 թ.-ին՝ ավելի քան 10 տարի առաջ, երբ մենք սկսեցինք աշխատել այս նախագծի վրա, բաժնետեր կառուցապատողները առաջադրում էին իրենց միջոցները, համարները (որոնց դուք պետք է հարմարվեիք), ինչպես նաև շինարարության հատուկ մեթոդներն ու նյութերը: Այդ ժամանակ արժեքի մեծ մասը արտարժույթով էր: Մենք գործ ունեինք ֆինանսական պղպջակի (ակտիվների փուչիկ) հետ, արդյունաբերությունը կազմում էր դրա մի մասը, իսկ կառուցապատողները ձգտում էին աշխատել որոշակի չափանիշներով: Օրինակ՝ նրանք նախընտրում էին հսկայական գումարներ վճարել Չինաստանից ներմուծված երեսպատման նյութի համար, քան ռիսկի դիմել ու մշակել տեղականը, որը թեև ավելի էժան է, բայց որի ապահովությունը չի կարող գնահատվել կանոնագրքերով կամ ճշգրտվել փաստաթղթերում։

Այժմ արտաքին շերտը արդեն չկա, իսկ մեր նախկին գործելաոճով առաջնորդվելը ֆինանսապես կործանարար կլինի: Ես առաջարկում եմ վնասված հատվածները փոխարինել տեղական վերամշակված արտադրանքներով: Ներկայումս մենք հաշվարկում ենք վերականգման ենթակա մակերեսների և ավերված վիճակում գտնվող շերտերի տոկոսային չափը, ինչի հիման վրա էլ կկազմենք ավելի հստակ գաղափարներ: Չնայած մենք քննարկումը սկսեցինք զուտ ֆինանսատնտեսական տեսանկյունից, բայց այն կարելի էր համարել նաև խիստ քաղաքական: 

«Կարծում եմ՝ տեղական արհեստների և տեղի արհեստավորների հետ աշխատանքը քաղաքական ակտ է, ինչը միշտ անմասն է եղել նաև իմ անցյալ օրերից: Իմ առաջին շենքերը, ինչպես օրինակ Centrale-ը, ամբողջությամբ կառուցապատվել են վերամշակված շինանյութերից, և ամեն ինչ ստեղծվել է տեղում»:

Փոլ ԳալուստյանՓոփոխվող իրականություններ

Հաշվի առնելով այն փաստը, որ պայթյունի ուժգնության համեմատ իր նախագծերի վնասները չնչին էին, Փոլ Գալուստյանը գիտակցում էր, որ իր կարիերան մեծապես ազդվել է և այլևս նույնը չի լինի: Աղետալի վիճակում գտնվող իր նախագծերը տեսնելը, ինչպիսին հայտնի Ballroom Blitz գիշերային ակումբն է, իսկապես մեծ ցավ պատճառեց: ArchDaily-ին հանդիպեց Փոլի հետ Գեմմայզե թաղամասում գտնվող, իր գլխավորությամբ վերանորոգված կառույցներից մեկում՝ խոսելու նրա ճարտարապետական տեսլականի մասին:

 

AD–Ձեր կարծիքով ի՞նչ ազդեցություն կունենա այս պայթյունը ճարտարապետության ասպարեզի վրա:

Փ. Գ.Կարծում եմ, որ նախորդ տարվա երեք գլխավոր իրադարձությունները՝ տնտեսական կոլապսը, կորոնավիրուսը և պայթյունը, լիբանանյան նախագծող կազմակերպություններին կամ ապագայով մտահոգված մարդկանց ժամանակ տվեցին մի պահ հետքայլ անել, իրականությանը հեռվից նայել և հետո անդրադարձ կատարել մեր իրականությանը: Իրականում, ես կարծում եմ, որ մենք հիմա ապրում ենք իրականությունից դուրս գտնվող մի լիմբոսի մեջ, որտեղ իրականությունը մեր անցած ախտավոր ու անազնիվ անցյալ կյանքն է: Բայց մենք՝ նախագծողներս, գտել ենք այս քաոսում աշխատելու ճանապարհը։

Ֆրանսիացի փիլիսոփա Ալեն Բադիուն առաջ է քաշել դիպվածի տեսությունը: Դիպված ասելով՝ նա իրականում նկատի ուներ իրականությունների (ռեալիա) հաջորդափոփոխությունը. փոփոխություն, որը ամեն բան տարանջատում է, և առանց որի ոչ մի վերափոխում հնարավոր չէր լինի: Միգուցե մենք պետք է ընդունենք այս պայթյունը որպես մի դիպված, որն ունի իր «առաջ»-ն ու «հետո»-ն։ Մարդիկ սովորաբար անմիջապես են արձագանքում, հատկապես մեր մշակույթում, և նորոգում են այն, ինչ կոտրվել էր։ Նրանք վերակառուցում են, կամ այլ կերպ ասած՝ վերադառնում են անցյալ: Անձամբ ես առաջարկում եմ որոշակի ժամանակ տրամադրել նոր հնարավորությունների, նոր աշխարհի մասին մտածելու համար, և սա դիտարկել որպես մի դիպված, այլ ոչ թե զբաղվել վերակառուցման աշխատանքներով՝ առանց ժամանակ ունենալու ինչ-որ նոր բան նախագծելու համար: Ես չեմ պնդում, որ պատրաստվում եմ հեղափոխություն անել ու վերափոխել ողջ համակարգը, բայց գոնե պետք է փոխենք մեր մտածելակերպը: Չգիտեմ՝ ինչպես, բայց, համենայն դեպս, անհրաժեշտ է դուրս գալ այս տիրող քաոսից և սկսել արարել այս իրականությունից դուրս։

«Վերահարցադրել ամեն ինչ վերստեղծելու նպատակով, այլ ոչ թե շարունակել խրված մնալ Ալբեր Քամյուի «Սիզիփոսի առասպելի» մեր սեփական վարկածի մեջ, որտեղ մենք արարում ենք նվաճումների, բավարարվածության, երջանկության ու, այսպես կոչված, դիմացկունության կեղծ զգացումների հիման վրա։ Այս դիմացկունությունը, որի մասին խոսում են լիբանանցիները, ըստ իս անտեղի է, և ես չեմ դադարում հարցնել՝ արդյոք մենք ռոբոտ ենք, տկարամիտներ, թե՞ սուպերհերոսներ»:

Պետք է մի փոքր այլ տեսանկյունից դիտարկել և ստեղծել ինչ-որ նոր, տարբերվող բան: Վերափոխենք մեր ճարտարապետությունն այնպես, որ սկսենք ավելի հաճախ մտածել բնության, ներթափանցելիության, արտաքին կապերի և այլնի մասին՝ զերծ մնալով ցուցամոլությունից: Մենք պետք է պահպանենք մեր մարդկային տեսակը: Մեր միակ շանսը մի քայլ հետ գնալն է։ Այս պահին ես այդ քայլն անելու շեմին եմ, այն յուրահատուկ բան չէ, բայց եթե սա մեծ համատարած բնույթ ունենա, ապա կծնվի փոփոխության հասնելու որևէ շարժիչ ուժ։ Հեղափոխությունը պետք է գաղափարներում իրականցվի։

AD–Ինչպե՞ս եք պատկերացնում վերակառուցումը: Ի՞նչը պետք է վերակառուցվի ամբողջովին նույն կերպ, և ինչը՝ ոչ: Ինչպե՞ս կարող եք պահպանել քաղաքի ճարտարապետական տեսքն ու կոլեկտիվ հիշողությունը։

Փ․ Գ․Ցումթորը ընկալում է պատմությունը որպես շարժման մեջ գտնվող ինչ-որ բան: Եթե նա ավերակներ էր ունենում, նոր շերտերը կառուցում էր դրանց հիման վրա: Սա բավականին համարձակ, բայց, միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր քայլ է մեզ համար: Այս բանաձևը վերականգնման տեսանկյունից հեշտ է թվում, բայց երբ խոսքը վերաբերում է քաղաքի շինարարությանը, շատ ավելի բարդ է, հատկապես, որ այն արդեն ռիսկային գոտում էր: Կարծում եմ, որ մենք չենք կարող լուծում տալ այս հարցին որպես ճարտարապետներ, պետք է հատուկ կարգավորումներ և քաղաքականություն սահմանվեն։

Մյուս կողմից, շինությունները չեն կարող վերակառուցվել ճիշտ այնպես, ինչպես պայթյունից առաջ են եղել: Նույնիսկ այցեքարտը համարվող կառույցները: Ի վերջո ինչ-որ բան պետք է ապացուցի, որ սա այլ դարաշրջան է: Օրինակ՝ Լեբիուս Վուդսը առաջադրել է առկա շենքերին միացված նոր կառույցներ: Շարժվելով այս նույն տրամաբանությամբ՝ ի՞նչ կասեք, եթե մենք էլ նմանատիպ մի բան պատկերացնենք մեր պարագայում. նոր կառույցներ ավելացնենք մեր մասնավոր բնակելի շենքերում՝ ստեղծելով կիսահանրային տարածքներ և դրանք քաղաքին հասանելի դարձնելով: Սա ցույց է տալիս պոզիտիվիզմ՝ մասնավոր սեկտորներ ներմուծելով հանրային վայրեր, բնության տարրեր և այլն, այսինքն՝ այն, ինչ մենք՝ ճարտարապետներս, կարևոր ենք համարում այս պարագայում։ Ամենակարևորը՝ պետք է խուսափել կիտչից (անճաշակությունից), սիմվոլիզմից ու էժանագին ռոմանտիկ մոտեցումներից: 

AD–Ձեր կարծիքով՝ այս իրադարձությունը ինչպե՞ս կփոխի Ձեր հետագա հայեցակարգային մոտեցումը և ճարտարապետության նկատմամբ Ձեր վերաբերմունքը:

Փ․ Գ․Նախքան պայթյունը ես արդեն իսկ հետաքրքրված էի ճարտարապետության որոշակի նոր տեսակով, և գործում էի նոր ձևերի ու տարածության միջոցով: Տեսլականի առումով ես ճիշտ ուղու վրա էի, բայց կարծում եմ, որ պիտի ավելի խորը ուսումնասիրեմ այս գաղափարները:

Առաջին հերթին, մենք պետք է հասկանանք մեր տեղն ու դերը համամոլորակային ու տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ: Ես ավելի շատ հակված եմ մարդկային էությանը վերադառնալուն՝ լուսավորման նոր տարբերակներ ներմուծելով, նոր գաղափարներ առաջ քաշելով, մասշտաբների հետ փորձարկումներ անելով և մշտապես հարցնելով՝ ինչո՞ւ ոչ, և ինչպե՞ս դա իրականացնել այլ կերպ: Հիմնականում դա նպատակաուղղված է նրան, որ մարդիկ վերագնահատեն աշխարհի հմայքը: Իմ համոզմամբ՝ դոգմաներն ու ուղղությունները այլևս տեղ չունեն մեր կյանքում, յուրաքանչյուր ճարտարապետ ազատ է հետապնդելու իր ուրույն ոճին և շարժվելու իր ընտրած ուղղությամբ: 

«Չկա գաղափարախոսություն, ամեն բան հնարավոր է։ Մարդ արարածի ուժը նրա ներըմբռնման, ստեղծարարության, ընկալումների և այլ անբացատրելի կարողությունների մեջ է։ Ես կարծում եմ՝ մենք պետք է փորձենք ավելի շատ օգուտ քաղել սրանից»։

Լինա Ղոթմե. Իրադարձության հուշերը

Լինա Ղոթմեի ՛՛Stone Garden՛՛(Քարե պարտեզ) նախագիծը արդեն իր ավարտական փուլում էր, երբ պայթյունը տեղի ունեցավ: Պայթյունի էպիկենտրոնից հազիվ մեկ մղոն հեռավորության վրա գտնվող քանդակված կառույցը դիմակայեց ցնցմանը, բայց դրա ապակե ու մետաղյա բոլոր տարրերն ամբողջովին ավերվեցին: ArchDaily-ին քննարկում է ունեցել ճարտարապետի հետ իր նախագծի վրա աղետի ազդեցության, ինչպես նաև Բեյրութում ժամանակակից ճարտարապետության վերակառուցման իր ներդրումի վերաբերյալ:

AD-Ձեր ո՞ր նախագծերն են տուժել պայթյունից: Որքա՞ն է կազմում վնասի չափը:

Լ․ Ղ․–Ես վերջերս եմ ավարտել Stone Garden-ի՝ նավահանգստի մոտ և պայթյունի էպիկենտրոնից հազիվ մեկ մղոն հեռավորության վրա գտնվող աշտարակի նախագիծը: Այս շինությունը նախատեսված է որպես բնակելի շենք և Մերձավոր Արևելքի պատկերմանն ու շինարարությանը նվիրված արվեստի պատկերասրահ (Mina Image Center): Նախագիծն ուներ ինչպես ճարտարապետական, այնպես էլ սոցիալական մեծ նշանակություն: Ճարտարապետության տեսանկյունից ես նախագծել էի այս աշտարակը որպես Բեյրութ քաղաքի, նրա շենքառատ համալիրի ու պատմության արտացոլում: Դա հմուտ արհեստավորների կողմից քանդակված, ամուր հիմքով, ձեռակերտ աշտարակ է. այն դրական ազդեցություն ունեցավ Բեյրութի բարձունքներում բնության բարիքներ մշակող քաղաքաբնակների համար: Բոլոր հարկերի պատշգամբներին կից ներկառուցվել էին այգիներ: Սա մի տեսակ հուսադրող Վերածնունդ է: Շինությունն ուներ նաև սոցիալական նշանակություն. պատկերասրահը վերակենդանացրեց միջինարևելյան լուսանկարչությունը և պատկերումների ստեղծումը՝ իր բովանդակությամբ լինելով բեյրության քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկում: Բոլոր բնակարանները լիովին տարբեր են և անհատապես ոճավորված։ Այստեղ շատ հեշտ կարելի է խուսափել տիպիկ և նախատիպային ստանդարտ բնակարանային նախագծերից, որոնք շարունակաբար թելադրում էին քաղաքաբնակ ընտանիքի սոցիալական կառուցվածքը:

Պայթյունը իսկապես խոչընդոտեց ինձ իմ նախագծերը վերջնական տեսքի բերելու և դրանք հանձնելու գործում: Շինությունը՝ իր համաչափ ապակե ֆասադով, ծառայեց որպես բունկեր։ Նրա մեծամասշտաբ հիմնային հատվածը չէր վնասվել: Երիտասարդ ծառերը կանգուն էին մնացել իրենց բարձր դիրքում։ Այնուհանդերձ, բոլոր պատուհաններն ու մետաղական շերտը ամբողջովին ավիրվել էին, իսկ վերելակները՝ շարքից դուրս եկել: Բնակարանների մեջ քաոս էր տիրում…

Կառուցապատողներն արդեն 3D սքանավորման միջոցով գնահատում են բոլոր շենքերի վնասների չափերը: Այսօր ամենամեծ դժվարությունը ֆինանսավորումն է, որն անհրաժեշտ է վերականգնողական աշխատանքներ ծավալելու համար։ Շատ դժվար է, քանի որ այս պահին բոլորը սնանկացման ու միջոցների սպառման եզրին են գտնվում… 

ADԻնչպե՞ս եք պատկերացնում Բեյրութում ներկայիս վնասված ճարտարապետության վերակառուցումը:

Լ․ Ղ․Մենք նախ պետք է մտածենք, թե ինչպես ենք ցանկանում իրականացնել վերակառուցումը։ Ի՞նչ կարող ենք ներդնել քաղաքում: Ինչպե՞ս վերակառուցել այս իրադարձության թողած հետևանքների հիման վրա: Եվ ի՞նչ պիտի նշանավորեն այդ հետքերը, եթե պահպանվեն: 

«Միգուցե պետք է ստեղծել մի ընդհանուր կապ, կառուցվածքային նշան, որը մենք կկիրառենք բոլոր վնասված շինությունների պարագայում: Հիշեցում կառավարության սոցիալական պատասխանատվության մասին։ Սերունդների՝ ստատուս քվոն չընդունելու և դրան չենթարկվելու պատասխանատվության մասին»:

Նոր իրականությունն առկա է, և մենք պետք է շաղկապենք այն մեր վերակառուցման աշխատանքների հետ: Հոգուս խորքում ես հնագետ եմ: Ես սիրում եմ փորփրել, հետաքննել, թողնել անցյալի հուշերը և վերաիմաստավորել: Կարծում եմ, որ մենք պետք է ստեղծենք այս պատմությունների պալիմպսեստը («բազմաշերտ մագաղաթ»), և ինչ-որ կերպ նյութականացնենք այս հիշողությունը: Սա վերաբերում է ոչ թե այս վշտալի դիպվածը հավերժացնելուն, այլ անցյալից դասեր քաղելուն, իսկ ճարտարապետությունը դրան հասնելու մեր գործիքներից մեկն է։

AD-Կարո՞ղ եք մանրամասնել այս հարցի վերաբերյալ ձեր հայացքների մասին և պատմել, թե ինչպես պետք է իրականացվեն «նոր» շինությունների վերակառուցման աշխատանքները:

Լ․ Ղ․Մենք պետք է ծանրութեթև անենք շինությունների հանրային դերը. պայթյունը, որքան էլ որ ուժգին լիներ, ապացուցեց, որ այս բոլոր կառույցները փոխկապակցված են, բոլորն էլ այս կամ այն չափով վնասվել էին: Այժմ խնդիրն այն է, թե ինչ նոր կապեր կարող ենք ստեղծել և ինտեգրել հանրային տարածքի հետ: 

«Ես մտածում եմ ավերածությունների և վերակառուցման աշխատանքների միջև ընկած ժամանակահատվածի մասին: Ինչպե՞ս կարող ենք շահագործել այս փլատակները»:

Մի փոքրիկ հնարավորություն կա վերափոխելու շինությունների այս միջակա վիճակը: Ի՞նչ կասեք, եթե մինչ լիովին վերակառուցվելը այդ կառույցները դարձնենք հանրային լաբորատորիաներ կամ «կանաչ օրգանիզմների» համար հատկացված ապաստարաններ։ Ես նաև կարծում եմ, որ կարող ենք պոետիկ տեսք հաղորդել բնակարանների ինտերիերին. ապակիների փշրվելը ինձ վրա խոր հետք է թողել։ Ես անընդհատ մտածում եմ ապակու բեկորներով պատված ինտերիերների շուրջ: 

Բնօրինակի հեղինակ՝ Christele Harrouk, ArchDaily


Թարգմանիչներ՝ Արմինե Թաթոյան (Armine Tatoyan), Մարիամ Անտիկյան (Mariam Antikian) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: