2021 թվականի մայիսի 10-ին «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնում իր աշխատանքները մեկնարկեց #2 թարգմանչական և խմբագրական 3-ամսյա պրակտիկան։ Պրակտիկան անվճար է և իրականացվում է գլխավորապես հեռահար հաղորդակցման եղանակների ու գործիքակազմի կիրառմամբ: Երեք ամիսների ընթացքում պրակտիկանտները կզարգացնեն թարգմանչական աշխատանքի իրականացման տեսական, մեթոդաբանական և պրակտիկ պատկերացումներ, կծանոթանան ու իրենց ներդրումը կունենան թարգմանիչների և խմբագիրների բաժնի աշխատանքներին՝ իրականացնելով հայերենից տվյալ լեզու (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն) և տվյալ լեզվից հայերեն գրավոր թարգմանություններ, խմբագրումներ։
Պրակտիկայի սկիզբ հանդիսացան մայիսի 10-ին և 13-ին կայացած ներածական հանդիպումները։ Մայիսի 10-ի հանդիպումը միտված էր միմյանց հետ ծանոթությանը, եռամսյա աշխատանքների քարտեզագրմանը, կիրառվող աշխատանքային գործիքակազմի ներկայացմանը, ինչպես նաև պրակտիկայի ակնկալիքների և նպատակների սահմանմանը։
Այսպիսով, առաջին ամիսը նվիրված է լինելու միմյանց, ինչպես նաև կազմակերպության հետ ծանոթությանը, ինլայթյան աշխատանքային մշակույթի ուսումնասիրմանը, պրակտիկանտների համար անցկացվելիք բանախոսություններին, փորձնական թարգմանություններին ու խմբագրություններին։ Երկրորդ ամսում պրակտիկանտները կիրականացնեն բազմաֆորմատ թարգմանություններ ու խմբագրություններ, կշարունակեն մասնակցել բանախոսություններին, իսկ երրորդ ամսում կկատարվեն նախագծային աշխատանքի սահմանում-իրականացում և պրակտիկայի ամփոփում։ Իրենց հերթին պրակտիկանտները պետք է դրսևորեն կազմակերպվածություն, պատասխանատվություն, հետադարձ կապի արժևորում։ Հանդիպման ընթացքում պրակտիկանտները սահմանեցին նաև իրենց ակնկալիքներն ու նպատակները՝ ձեռք բերել նոր, գործնական գիտելիքներ, հմտություններ, թարգմանության ոլորտում զարգացնել ունեցած գիտելիքներն ու կատարելագործվել։
Մայիսի 13-ին տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը, որտեղ ներկա էին ինչպես թարգմանչական և խմբագրական բաժնի որոշ անդամներ, այնպես էլ հյուրեր՝ այլ բաժիններից։ Այս հանդիպումը գլխավորապես նվիրված էր «Ինլայթ»-ի պատմության ու գործունեության պարզաբանմանը և ինլայթյան գաղափարների, սկզբունքների ու նախաձեռնությունների լուսաբանմանը։
Երկու հանդիպումներն էլ ավարտվեցին պրակտիկանտներին հուզող հարցերին պատասխանելով։
Պրակտիկան անցկացվելու է Թարգմանչական «գարուն» խորագրի ներքո:
3-ամսյա պրակտիկան հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր: Լավագույն պրակտիկանտները կազմակերպության թարգմանիչների բաժնի անդամակցման հնարավորություն կստանան, իսկ լավագույն թարգմանությունները կհրապարակվեն կազմակերպության կայքէջում:
Պատրաստեց Մարիամ Մանուկյանը
«Ինլայթ»-ի թարգմանիչների բաժինը համալրելու համար անցեք հետևյալ հղմամբ: