Շահամիր Շահամիրյան. Հայոց նախագահի երդումը
Հատված Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ից (1773), որտեղ ներկայացվում են ապագա անկախ Հայաստանի նախագահի իրավունքներն ու պարտականությունները:
«Տեսնելով քո արժանաւորութիւնը եւ Ս․ Հոգու շնորհն առ քեզ ― գրում են ազգ․ ժողովի անդամները ընտրուած նախագահին ― մենք, Հայաստանի տանուտէրերս եւ ամբողջ ազգի փոխանորդներս, հաստատեցինք եւ ընդունելի արինք, որ դու արժանի ես հայոց նախարարութեան պաշտօնին։ Մենք, միախորհուրդ եւ միակամ, իբրեւ մի անձն, տալիս ենք քեզ շնորհաց եւ նախարարութեան սոյն գրութիւնը երեք տարի ժամանակով, որ դու իշխես Հայաստան աշխարհի եւ նրա բնակիչների վրայ, համաձայն Հայաստանի օրէնքների, ազգային ժողովի հրամանների եւ իւրաքանչիւրի գործի»։
«Քեզ իշխանութիւն տուինք, որ դու լինիս տէր բոլոր հայոց եւ պատրաստ ծառայելու ամէնքին, լինելով հայ ժողովրդի ջատագովն ու պաշտպանը ընդդէմ հայոց օրէնքների եւ հայոց ազգի թշնամիների ու հակառակորդների։ Դու ունիս իշխանութիւն ամէն բարի գործելու, իսկ ընդդէմ հայոց օրէնքի գործելու ո՛չ։ Եւ քո թույլտուութեամբ ուրիշներն էլ չպիտի գործեն ընդդէմ հայոց օրէնքի եւ գործողների հանդէպ՝ ոչ մի ներում»։
«Դրինք հայոց օրէնքի լուծը քո վզին, որ քաղցր է եւ թեթեւ, եթէ օրէնքով ընթանաս դու։ Համբերող եւ երկայնամիտ եղի՛ր եւ սրտիդ խորքում պահի՛ր հայոց օրէնքի բոլոր յօդուածները, որովհետեւ քո կեանքը եւ քո պատիւը կախուած են օրէնքից։ Մի՛ ոտնահարիր օրէնքներից ամենափոքրն անգամ, ապա թէ ոչ՝ կը խորտակուիս դու եւ քո ոսկրները կը փշրուին»։
«Տուինք քեզ իշխանութիւն օգտակար լինելու հայոց ամբողջ ժողովրդին եւ չվնասելու ոչ ոքի։ Շղթայով կապեցինք քո ինքնակալ կամքը եւ ինքնակալ վարմունքները, որպէսզի հակառակ օրէնքի, չկարողանաս որեւէ մէկին ասել կաղ կամ մորոս (յիմար)»։
«Տուինք քեզ իշխանութիւն ամբողջ հայ ժողովրդի բերանը լինելու եւ ամուր փակեցինք քո բերանը, որպէսզի մի խօսք չարտասանես ընդդէմ հայոց օրէնքի»։
«Տուինք քեզ իշխանութիւն պատերազմ յայտարարելու թշնամիներին եւ խաղաղութիւն հաստատելու հայոց բարեկամների հետ, հայոց տան հրամանով»։
«Տուինք քեզ իշխանութիւն կեանք շնորհելու մահապարտներին, մէկ տարուայ մէջ միայն՝ եօթ մարդու, եթէ դա ընդդէմ չի լինի ազգ․ ժողովի կամքին։ Եւ դու չունես իշխանութիւն մէկն ու մէկի գլխից մի մազ քաշելու, հակառակ օրէնքի»։
«Տուինք քեզ վերին հսկողի, տիրապետութեան իշխանութիւն, որ ազդարարես հայոց տանը՝ թշնամիների յարձակման եւ հայոց ազգին ու աշխարհին պատահելիք վտանգների ու նախատինքների մասին։ Արթուն եւ պատրաստ կաց․ մի գուցէ թշնամին յանկարծ աւերի Հայաստան աշխարհը եւ նեղի հայ ժողովրդին․ նրանց բոլոր վնասները քեզնից կը պահանջուին»։
«Տուինք քեզ իշխանութիւն հրամայելու հայոց բոլոր զօրքերին ու զօրապետներին, համաձայն օրէնքի։ Նաեւ իրաւունք ունես խօսքով եւ երկաթով կապելու քո հրամանի դէմ մեղանչած զօրքն ու զօրականներին, քեզ վրայ վերցնելով քո կատարած բոլոր կալանաւորումների վնասները, եթէ կալանաւորը դատարանով անմեղ արձակուի»։
«Այսպէս, քո բոլոր քայլերը հայոց օրէնքին համեմատ լինելու պայմանով՝ մենք պատուեցինք քեզ, մեր տէրը, մեր նախարարը, մեր առաջին պաշտօնեան եւ մեր հաւատարիմ սպասաւորը։ Քեզ հետ միասին մենք եւս լինելու ենք հայոց սպասաւորը, որպէսզի դու մնաս եւ իշխես ըստ օրէնքի քո եւ մեր ամէնքի գործերին, ինչպէս նաեւ Հայաստան աշխարհի բոլոր ազգաբնակութեանն ու հիմնարկութիւններին, բացի հայոց բարձրագահ եւ բարեվարք տնից, որովհետեւ մարդկային ոչ մի ծնունդ իրաւունք չունի իշխելու հայոց տան վրայ»։
«Որոգայթ Փառաց» (1773 թ․)
«Հայրենիք» ամսագիր (#8, 1927)
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ