Հարկավոր է ավելի շատ թարգմանել հայ գրականություն

Փոքրամասնությունների լեզուներով գրված գրքերը միշտ չէ, որ թարգմանության են արժանանում, բայց հենց այդ պատճառով էլ մենք ունենք դրանց կարիքը։

2019 թ. դեկտեմբերի 7-ին կյանքից հեռացավ Արա Բալիոզյանը։ Գրեթե ոչ ոքի կողմից դա ուշադրության չարժանացավ։ Վիքիպեդիայում դեռ նշվում է, թե նա ողջ է, քանի որ Բալիոզյանի մահվան միակ ապացույցը՝ սոցմեդիայում արված հայերեն մի գրառում, հավաստի աղբյուր չի համարվում։ Ես պրպտել եմ նրա հայրենի քաղաք Քիչընըրի (Օնտարիո) լրագրային արխիվները հավելյալ ապացույցներ գտնելու համար, սակայն իզուր. փաստաթղթեր ձեռք բերելու համար Ֆեյսբուքի միջոցով ես կապ հաստատեցի նրա ընկերների հետ, սակայն դրանցից ոչ մեկը չկա օնլայն հարթակում։ Հայ գրականության երդվյալ ջատագով Արա Բալիոզյանը շուրջ երկու տասնյակ չափածո ու արձակ գրքերի հեղինակ է. որպես գեղարվեստական գրականության բեղուն թարգմանիչ՝ նա անհայտության փոշիներից դուրս բերեց տարբեր ժամանակների ու աշխարհի զանազան երկրներով մեկ սփռված հայ գրողների գործերը՝ հորդորելով ինչպես ընթերցողներին, այնպես էլ գրողներին իրենց ուշադրությունը սևեռել մեր անցյալի վրա և ազատել մեզ մեր կրած վերքերից՝ նման մի վիրաբույժի, որ հեռացնում է հիվանդի ուռուցքը։

Շատ բան կա, որ կարող էի ասել Բալիոզյանի կյանքի մասին, սակայն սա մահախոսական չէ. դրա ժամանակն անցել է։ Սա գործողություն ձեռնարկելու կոչ է։

Ես բախտ եմ ունեցել մեծանալու մի այնպիսի տան մեջ, որտեղ մինչև առաստաղ հասնող մի շարք գրադարակներ կային։ Ինչքան որ հիմա հիշում եմ, դրանք մեծ մասամբ դեկորատիվ բնույթ էին կրում, բայց ես չէի հավատում, թե գրքերը չէին կարդացվում. ծնողներս անպիտան իրեր հավաքողներ չէին։ Մի անգամ էլ, երբ դեռ նոր էի քոլեջն ավարտել, տանն էի մնացել ու ոչ մի զբաղմունք չունեի, առաջին անգամ ես իսկապես սկսեցի նայել գրքերը։ Վավերագրական բեսթսելլերները, ինչպես «I’m OK – You’re OK»-ը (բռց.՝ «Ես OK եմ՝ դու OK ես»), դրված էին հայկական ամեն օջախում առկա հուշագրությունների կողքին, ինչպիսին էր, օրինակ, «Ճակատագրի սև շունը»։ Այդպիսի գրքերի արանքում ես պատահաբար հանդիպեցի Կոստան Զարյանի «Անցորդը եւ իր ճամբան» վեպին՝ հրատարակված Հայաստանում 1926 թ. և թարգմանված Արա Բալիոզյանի կողմից 1981 թ.։

Գիրքը, իրոք, շատ խղճուկ կազմ ուներ՝ հասարակ բեժ ֆոնի վրա գորշ կանաչ թանաք, և ես հետ կդնեի այն, եթե չկարդայի Բալիոզյանի առաջաբանը։

Հաջորդիվ մենք կգտնենք [Զարյանին] Ստամբուլում, որն այն ժամանակ հայկական սփյուռքի ամենակարևոր մշակութային կենտրոնն էր, որտեղ 1914-ին Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և մի շարք այլ գրողների հետ միասին նա հիմնադրեց «Մեհյան» գրական-գեղարվեստական հանդեսը։ Երիտասարդ խռովարարների այս համաստեղությունը հայտնի դարձավ որպես «մեհենականներ», և իրենց եվրոպացի ժամանակակիցների՝ ֆրանսիացի սյուրռեալիստնրի, իտալացի ֆուտուրիստների և գերմանացի էքսպրեսիոնիստների նման նրանք ընդդիմացան իշխող գրական հայացքներին՝ պայքարելով քարացած ավանդույթների դեմ ու ճանապարհ հարթելով նորերի համար։

«Բալիոզյանը հայկական սփյուռքին ցույց տվեց, որ մենք ունեցել ենք մեր սեփական ձայնը, պոեզիան, մեր հիշարժան պատմությունները»։

Մինչ այդ պահը երբեք մտքովս չէր անցել, որ գոյություն է ունեցել հայկական գրական ավադույթ։ Գրականություն սովորող ուսանողները գրեթե ամբողջությամբ մտապահել են տարբեր գրողների ու արվեստագետների միջև եղած ազդեցության բազմազան կապերը, բայց ով չի հասել բավարար ճանաչման, առաջին հայացքից շարունակում է մնալ այն ուրիշը։ Ես շատ ոգևորվեցի այն մտքից, որ Զարյանի գրական աշխատանքները համահունչ են 20-րդ դարի գրական մյուս չափանիշներին։ Ավելին, նա սովորել էր՝ ինչպես իրեն ենթարկել այն լեզուն, որ մոռացել էր 25 տարեկանում՝ Եվրոպայում բնակվելիս։ Ես ձեռքերումս էի պահում մի անհերքելի ապացույց, որ մարդու՝ սփյուռքաբնակ լինելու խոչընդոտը հաղթահարելի է։ Երբ հարցրի հորս, թե ինչու է պահել այս գիրքը, նա նշեց, որ դպրոցում է բնօրինակը կարդացել, բայց չի համակրել Զարյանին որպես գրող՝ համարելով, թե նրան դժվար է հասկանալը։ Ճիշտ գնահատական էր, որը սակայն,  այդպես էլ չբացատրեց, թե ինչպես էր այդ թարգմանությունն ի վերջո հայտնվել նրա գրադարակում։

«Անցորդը եւ իր ճամբան» վեպն ընթերցելուց հետո ես ձեռք բերեցի Բալիոզյանի բոլոր թարգմանությունները. սպառելով այդ գրացանկը՝ ես ինքս դարձա գեղարվեստական գրականության թարգմանիչ։ Ինձ և գրականությամբ հետաքրքրվող շատ հայերի համար Բալիոզյանը բացահայտեց, որ մեր սեփական ժառանգությունը հարուստ է այնպիսի հեղինակներով, որ հավասարարժեք են նրանց, ում ուսումնասիրել և ումով հիացել ենք դպրոցական տարիներին, և որ  մեզ համար նույնիսկ ավելի մեծ արժեք են ներկայացնում, քանի որ նրանք ի սկզբանե գրել են մեր մայրենի լեզվով։ Հայաստանը գտնվում է Արևմտյան Եվրոպայի ու Ռուսաստանի հենց խաչմերուկում. նրա գրողները ստեղծել են գործեր՝ ներշնչված միևնույն թեմաներից ու միտումներից, որ ծագել են այդ տարածաշրջաններում։ Բալիոզյանը հայկական սփյուռքին ցույց տվեց, որ մենք Կաֆկայից ու Քամյուից, Հոմերոսից ու Միլտոնից, Շեքսպիրից ու Իբսենից անդին ունենք ընտրության այլ հնարավորություններ։ Մենք ունեցել ենք մեր սեփական ձայնը, պոեզիան, մեր հիշարժան պատմությունները։

Հայ գրականության բացակայությունը համաշխարհային անթոլոգիաներում պատահականություն չէ։ 1915 թ. Օսմանյան Թուրքիան կանոնավոր կերպով ձերբակալում ու սպանում է հայ համայնքի հազարավոր առաջադեմ ներկայացուցիչների՝ իրենց իսկ քաղաքացիներին՝ հուսահատորեն փորձելով լռեցնել մոտ չորս դար տևած բռնի տիրապետության ու անարգանքից հետո անկախության նրանց կոչերը։ Սա բռնության մի սրում էր, որ սկսվել էր դեռևս 19-րդ դարի վերջին, սակայն այս անգամ փաշաները հատուկ թիրախավորել էին արվեստագետներին ու մտավորականներին՝ վերացնելու հայոց մշակույթի ու պատմության բոլոր հետքերը։ Այս ցեղասպանությունը ոչ միայն բնաջնջում է 1.5 միլիոն հայերի՝ բնակչության համարյա կեսին,  այլև արտաքսում ողջ մնացածներին։ Հայերը, իրենց հայրենիքից վտարված, ցրվում են ամբողջ աշխարհով մեկ ու ստիպված լինում հարմարվել իրենց նոր բնակավայրերի լեզվին ու սովորույթներին։

Ցեղասպանության հետևանքով ծնված սփյուռքը նաև սրեց լեզվի նախագո պառակտումը։ Հայաստանի Հանրապետությունում բանավոր ու գրավոր լեզուն կոչվում է արևելահայերեն՝ գրական լեզվի այն ճյուղը, որն առաջացել է, երբ հայերը կողք կողքի ապրում էին իրենց հարևանների՝ գլխավորապես ռուսների հետ երկրի արևելյան սահմանում։ Իսկ արևմտահայերենը գրական հայերենի մյուս ճյուղն է, որն ազդեցություն է կրել Կոստանդնուպոլսում շրջանառվող անթիվ լեզուներից։ 1922 թ.՝ Օսմանյան կայսրության անկումից հետո, այն, ինչ մնացել էր Հայաստանից, ամբողջովին Խորհրդային Միությանը բաժինը հասավ, իսկ արևելահայերենը դարձավ փաստացի գրական լեզուն։

Հայ գրականության բացակայությունը համաշխարհային անթոլոգիաներում պատահականություն չէ։

Այն հայերը, որոնց բախտ վիճակվեց փախչելու ցեղասպանությունից ու արտագաղթելու, հին արևմտահայերենը բերեցին իրենց նոր բնակավայրեր։ Թեև վերոնշյալ երկու ճյուղերը մեծ մասամբ փոխըմբռնելի են, սակայն քերականական և ուղղագրական տարբերությունների թիվը բավարար է, որպեսզի դրանք իրարից տարբեր համարվեն։ Այս հարկադրված երկճյուղության հետևանքով լեզվի մի ճյուղը ծաղկում է, մինչդեռ մյուսը թառամում է. արևելահայերենը շարունակում է բարգավաճել՝ զարգանալով շնորհիվ շարունակական գործածման, քանի որ իր լեզվակիրներն ապրում են Հայաստանում։ Այնինչ հայկական սփռյուռքի մեծամասնությունը հաղորդակցվում է հնավանդ ու փքուն արևմտահայերենով, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես վտանգված ու ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող լեզու։ Ժանամակը նրա համար կանգ է առել. կպչանների պես  այն աճում է միայն իր մեծ տերերի հաշվին՝ փոխ առնելով բառեր անգլիական, ֆրանսիական ու արաբական համայնքներից, որտեղ հայերը հիմնել են իրենց նոր տները։ Այն, ինչ արևմտահայերենն ընդունում է իբրև ավանդական ձև, արևելահայերենում դիտվում է իբրև հնացած. այն, ինչ արևելահայերենը համարում է ակնհայտ, արևմտահայերենի համար անծանոթ ու անհայտ է։

Անշուշտ, հայերը աշխարհով մեկ սփռված միակ ժողովուրդը չեն, որ ամեն կերպ ջանք են թափում իրար միանալու համար։ Գաղթօջախներում լեզուները պահելու մարտահրավերները խորացնում են նրանց սկզբնական բաժանումը, քանի որ սփյուռքաբնակների երկրորդ և երրորդ սերունդների՝ իրենց մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորությունը ավելի ու ավելի է նվազում ազգաձուլման պատճառով (սա նաև ինձ է վերաբերում. ես հայերեն եմ ֆորմալ կրթությունս ստացել մինչև 10 տարեկան դառնալս, բայց կյանքիս մեծ մասը անցել եմ անգլերենով։ Քսանհինգ տարի հետո ես դեռ աչքի եմ անցկացնում լեզվի գունազարդ դասագրքերը, որոնցով երեխաներին տարրական քերականություն են սովորեցնում)։ Այս բազմակենտրոն լեզուները կարծես երկու մտերիմ քույրեր լինեն, որ հանկարծ տարբեր որբանոցներում են հայտնվել։ Նրանք կարող են հիշել համատեղ անցյալը, բայց ի վերջո յուրաքանչյուրն իր ճանապարհն է ունենալու կյանքում։

Սփյուռքի ու հայրենիքի միջև ընկած հեռավորությունը տարածությամբ չի չափվում, այլ ժամանակով։ Ինչքան երկար ենք հեռու գնում մեր մայրենի արմատներից, այնքան հրատապ է դառնում մինչ պառակտումը եղածը պահելու խնդիրը։

Բալիոզյանը գլխավորապես թարգմանել է այն հեղինակներին, որոնք մարտահրավեր են նետել ստատուս քվոյին՝ հայտնվելով ամեն գրողի համար շատ վտանգավոր իրավիճակում՝ անկախ ժամանակաշրջանից կամ լեզվից և ինքնաբավության աստիճանից։ Նա թարգմանել է երկու գրական լեզուներով գրող հեղինակներին, ավելի ճիշտ՝ մտածում էր, որ կարիք չկա դրանց բաժանելու. լավ գրականությունը մնում է լավ գրականություն՝ անկախ լեզվից։ Մի կողմում 19-րդ դարի արևմտահայ գրողներն են, որոնք ձաղկում էին Օսմանյան կայսրությունում իրենց ստորաքարշ կարգավիճակը, իսկ մյուս կողմում 20-րդ դարի արևելահայ գրողներն են, որոնք հազիվ քողարկված հանդիմանություն էին արտահայտում ավտորիտարիզմի ու գրաքննության դեմ։ 1880-1960 թթ. ընկած ժամանակահատվածում աշխարհն արդիականացվում էր, և հեղինակությունները վերափոխվում էին. ի պատասխան այս փոփոխություններին էլ Եվրոպայով ու Ամերիկայով մեկ գրականությունը զարգացում ապրեց։ Պոն գրեթե հայտնագործել էր կարճ պատմվածքների ժանրը։ Բալզակն ու Չեխովը ցույց էին տալիս իրական կյանքի դաժան պայմանները։ Վուլֆը և Բրոնտե քույրերը ազդարարում էին ֆեմինիստական խոշոր շարժումները։ Հայ գրողները ևս որդեգրեցին բոլոր այս զարգացումները. Գրիգոր Զոհրապն իր գործում այնպիսի վարպետության է հասնում, որ կնքվում է «նորավեպի իշխան» պատվանունով, Հակոբ Օշականը ճառում է մարդկության անկատար իղձերի մասին։ Զապել Եսայանը աշխատում է կանանց ազատագրման ուղղությամբ։ Իսկ Արա Բալիոզյանը թարգմանում է նրանց բոլորին։

«Հայերի համար, որոնք փոքրամասնություն են փոքրամասնության մեջ, Բալիոզյանի գործերին ծանոթանալը ևս մի հավաստիացում է այն մասին, որ հայկական ինքնությունն ավելին է, քան անճաշակ աստղերն ու պարզամիտ  կատակները»։

Բալիոզյանը հաճախ էր դժգոհում, թե չի կարողանում գտնել հրատարակիչերի, որոնք կտպագրեին իր գրքերը։ Նրա աշխատանքները ցիրուցան են եղած համացանցի խորքերում, ինչպես չճարվող գանձեր. դրանք հրապարակվել են հեղինակի կողմից կամ պահպանվել առավել փոքր անկախ հրատարակչությունների ու գրախանութների հերոսական ջանքերի շնորհիվ։ Տարիներ շարունակ նա իր բլոգում հատվածներ էր հրապարակում սեփական թարգմանություններից ու գրական վերլուծություններից՝ ինքն իրեն առանց ընդհատումների բարոյախոսելու ազատության շնորհելով։ Նա գտնում էր՝ այդ միջոցով կարելի էր գոնե համոզված լինել, որ իր փայփայած բառերը, եթե չկարդացվեին էլ, առնվազն պիտակված, արխիվացված ու մշտապես հասանելի կլինեին։ Հայերի համար, որոնք փոքրամասնություն են փոքրամասնության մեջ, Բալիոզյանի գործերին ծանոթանալը ևս մի սփոփանք, հիշեցում և հավաստիացում է այն մասին, որ ձեր հույզերն ու պատմությունն արդարացի են, որ հայկական ինքնությունն ավելին է, քան անճաշակ աստղերն ու պարզամիտ կատակները։

Ամենից շատ Արա Բալիոզյանի նվիրումը բորբոքվում էր մի ճշմարտության հետ կապված վրդովմունքից՝ այն, որ հայ գրականությունն համամարդկային բնույթ ունի, որը ոչ ոք չի ընդունում։ Դժվար թե նա չհամաձայներ  «Անցորդը եւ իր ճամբան» վեպի առաջին էջի այս տողերին. «Ամէն մի խորհող հայ, մրրկահար այս դարու ալիքների կատարին, նմանում է յուսահատ ռադիոկայանին, որ անյայտ տարածութիւններին պատգամներ է ղրկում, բայց ոչ մի պատասխան չի ստանում»։ Բալիոզյանը երբեք չկորցրեց հայ գրականության արժևորմանն ուղղված հույսերը։ Նա ձգտում էր վսեմացնել հայ գրողներին, սակայն միայն արհամարհանքի արժանացավ թե՛ իշխող գրական շրջանակների, թե՛ ընթերցասեր հասարակության կողմից, ինչպես իր ողջ կյանքի ընթացքում, այնպես էլ մահից հետո։ Նրա ճգնանքի միակ հանրային ապացույցը հայկական սոցմեդիայի «անվստահելի» մի հրապարակում է, և իհարկե, նրա թարգմանությունները։

«Հարյուրավոր տարիների հայ գրականությունը շարունակում է մնալ չթարգմանված»։

Հարյուրավոր տարիների հայ գրականությունը շարունակում է մնալ չթարգմանված։ 2018 թ. Անդրեա Սքրիդոնը՝ «Asymptote»-ի  խմբագրի օգնականը, այսպես է գրել. «Զարմանալի բան է, որ մի երկիր, ունենալով դեռ Ք. ա. 400 թվականից եկող գրական հնագույն ավադույթներ, իր գրական ֆոնդից ավելի շատ թարգմանություններ չունի»։ Թարգմանված գործերի պակասը, վստահաբար, աղբյուր տեքստերի սակավության արդյունքն է։ Յուրաքանչյուրի համար, ով սեր, հետաքրքրություն կամ հակում ունի, թարգմանության հնարավորություն կա, նույնիսկ եթե դա միայն հաճույքի համար է արվում։ Եթե իմ (խոստովանում եմ) կանխակալ կարծիքը ձեզ չի համոզում, որ հայերենից թարգմանություններ անելը արժանի նախաձեռնություն է, ապա գուցե Բայրոնին դա հաջողվի։ Վերջինս մի քանի ամիս հայերեն է սովորել՝ աշխատելով իր սեփական թարգմանությունների վրա, և նշել, որ այն «ճոխ լեզու» է, և որ «առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն»։

Անգլիացի մեծագույն բանաստեղծներից մեկի հավաստումից հետո հավելելու ոչինչ պետք է, որ չլինի։ Բայց կա մի խնդիր. նույնիսկ 50 տարի որպես թարգմանիչ աշխատելուց հետո  Բալիոզյանը չհասավ հայ գրականության իր երազած զարթոնքին։ Նրա մահից ամիսներ անց ես սկսեցի հարցականի տակ դնել անգլիալեզու ընթերցողի համար արևմտահայ գրականություն թարգմանելու իմ սեփական ջանքերը։ Ի՞նչ օգուտ, եթե ոչ ոք դրանք չէր տպագրելու, առավել ևս` կարդալու։

Այս խորհրդածումը սկիզբ առավ Բալիոզյանի մահից շատ չանցած, և ես պետք է անելիքս ավարտած լինեի 2020-ին։ Գուցե և շատ ուշ ավարտին հասցրի, սակայն իրավիճակը երբեք ավելի պատեհ չէր եղել։ Մինչ աշխարհը վաղուց հրաժեշտ էր տվել իր պատմական անցյալին, Հայաստանը վերապրեց իր պատմության ամենադաժան ժամանակները։ Անցած հուլիսին Թուրքան ու Ադրբեջանը հերթական պատերազմը սկսեցին Հայաստանի դեմ՝ մի տարածքի համար, որը Հայաստանի մասն է եղել դեռևս մ. թ. ա. 5-րդ դարից ի վեր։ Սոցմեդիայի բոլոր հարթակներով մեկ ադրբեջանցի օգտատերերը պարսավում էին Հայասատանին ու մեր մշակույթը։ Նրանք հրապարակում էին գլխատումների ու ռմբակոծված եկեղեցիների սահմռկեցուցիչ լուսանկարներ՝ երդվելով արմատախիլ անել մեր ազգը մինչև վերջին հայը։ Հնարավոր չէ զուգահեռներ չտանել այդ օրերի ու 1915-ի միջև, քանի որ մինչ մյուս երկրներն ապրում են իրենց խնդիրներով՝ ուշադրությունը շեղած այս անգամ ոչ թե պատերազմի, այլ Քովիդ-19-ի վրա,  ցեղասպանական նոր զտումներ են մոլեգնում։

«Թարգմանաբանության մեջ մենք հաճախ ենք հարցնում ինչպես մոտենալ թարգմանությանը։ Բայց հազվադեպ ենք հարցնում, թե ինչու ենք դա անում ընդհանրապես»։

Թարգմանաբանության մեջ մենք հաճախ ենք հարցնում ինչպես մոտենալ թարգմանությանը. ի՞նչ մեթոդաբանությամբ պիտի վերցնենք մի լեզվի մտապատկերներն ու ոճական հմայքը և փոխադրենք դրանք այլ լեզու։ Բայց մենք հազվադեպ ենք հարցնում, թե ինչու ենք դա անում ընդհանրապես։ Հեշտ (զվարճալի) պատասխանն այն է, որ թարգմանիչներն ընթերցողներ են, իսկ բոլոր ընթերցողները պատկանում են նույն խանդավառ ակումբին։ Քանի որ այլ (շեղող) թվային ժամանցի պատճառով արձակն ու պոեզիան մղվել են հետնաբեմ, մենք փորձում ենք երկրպագուներին հրապուրել դեպի գրքերը՝ անվերջ պաշտպան կանգնելով մեր բացահայտած պատմություններին. շատ քչերն են երբևէ մեղադրվել ընթերցանության մարաթոնի մեջ։ Ի սեր մեզ՝ ավելի քան այլ բանի, մենք թարգմանում ենք այնպես, որ լինի մեկը, ում կկարողանանք պատմել մեր պատմությունները։

Բարդ պատասխանը շատ ավելի երկար է։

Մեծամասնությունների ու փոքրամասնությունների լեզուների գրականության տպագիր թարգմանությունների մեջ որոշակի դիսբալանս կա։ Հրատարակությունների մեծ մասը գալիս են եվրոպական լեզուներից. իսպաներենից, ֆրանսերենից և գերմաներենից, թերևս նաև ռուսերենից, ճապոներենից ու կորեերենից, եթե հրատարակիչը դրանց տպագրությունը «բազմազան» է համարում։ Ընդհանուր առմամբ, ես հասկանում եմ լեզվական շարքերը սահմանափակելու այս որոշումը. հրատարակչական գործը նուրբ բիզնես է, ու տարբերվող ստեղծագործություններ տպագրելը անխուսափելի ռիսկեր է պարունակում, լինեն դրանք թե՛ սկսնակ գրողների, և թե՛ անհայտ թարգմանիչների կամ «չփորձարկված» լեզուների գործեր։ Այս անհանգստության հետևանքը գրականությունն ինչ-որ աննշանակալից բանի համահարթելն է։ Հիշենք, օրինակ, Վալերիա Լուսելիի զայրույթը առ այն, որ լատինամերիկյան յուրաքանչյուր գրող այժմ պիտի ընդօրինակի Բոլանյոյին, հակառակ դեպքում չի տպագրվի (ինչպես արտահայտվել է «Faces in the Crowd»-ում (բռց.՝ «Դեմքեր ամբոխի մեջ», անգլերենի թարգմանիչ՝ Քրիստինա ՄաքՍուինի)։ Այս խնդիրները, թարգմանվելիք լեզուների մշակման հետ մեկտեղ, արդեն լայնորեն տարածված են մշակության տիրապետության դինամիկայի բոլոր ասպարեզներում. ո՞վ է որոշում՝ ինչն է արժանի տպագրման, և արդյոք նրանք արժևորո՞ւմ, թե՞ հարմարեցնում են ստեղծագործությունները։ Քանի որ ընթերցողները ողջունում են համաշխարհային գրականության թարգմանությունների ավելի մեծ քանակը, մենք պետք է հարց տանք, թե որտեղից են այդ պատմությունները գալիս, արդյոք դրանք իսկապես այն մշակույթներն են ներկայացնում, որոնցից թարգմանվում են, և արդյոք այս պատմությունները ավելին են, քան մեծամասնությունների լեզվում արդեն իսկ գոյություն ունեցող պատումների ու լայնորեն տարածված կարծիքների վերահաստատումը։

Բացի ընթերցողի սեփականից տարբերվող մշակույթների ու գաղափարների վրա ուշադրություն հրավիրելուց՝ թարգմանությունը նաև ընթերցողներին իրենց գրական ծննդաբանության մասին ուսուցանելու ներուժ ունի։ Մայրենի լեզվի հետ կապը կտրած սփյուռքի բնակիչների համար, լինի դա լեզվի ճնշման, թե ստորադասման ճանապարհով, մեծամասնության լեզվով արված թարգմանությունները երբեմն միակ ուղին են, որով սեփական պատմությունը հասանելի է դառնում։ Պատմություններ պատմելն ավելին է, քան պարզապես ժամանցի մի տեսակ. այն նաև չընդհատվող հիշողություն է։

«Պատմություններ պատմելը/պատմվածքները ավելին է, քան պարզապես ժամանցի մի տեսակ. այն նաև չընդհատվող հիշողություն է»։

Մենք՝ փոքրամասնության լեզվով խոսողներս, պիտի մեր ձեռքը վերցնենք թարգմանություն անելու կարևոր պատասխանատվությունը։ Ընթերցողներին ոչ միայն անհրաժեշտ է ավելի շատ հայ գրականության, նրանց անհրաժեշտ են ավելի շատ պատմություններ Եվրոպայից դուրս, ավելի շատ պատմություններ հետգաղութային երկրներից ու դրանց մասին, ավելի շատ պատմություններ, որոնք գրված են անհետացող լեզուներով։ Միայն այդպես մենք համոզված կլինենք, որ ճշմարտացիորեն ենք ներկայացվում։ Մեր թարգմանությունների շնորհիվ մենք կարեկցանքն ենք փոխանցում մեծամասնության լեզվով ընթերցողներին. մեր ջանքերը նրանց հրաշալի պատումներ է պարգևում, որոնք այլապես նրանց համար անհաս կմնային։ Բալիոզյանը քաջ գիտակցում էր սա՝ խրախուսելով ընթերղներին գնահատել հեղինակի աշխատանքը «որպես մարդ արարածներ, և ոչ  որպես հայեր»։

Գրականություն թարգմանելը, անկախ լեզվից, անվերջանալի մի աշխատանք է։ Եվ մեզ պետք է ավելի շատ թարգմանություններ անել փոքրամասնությունների լեզուներից ոչ այն պատճառով, որ մենք ձգտում ենք ներգրավվել համաշխարհային չափանիշների ու անթոլոգիաների մեջ։ Մեզ դա անհրաժեշտ է մեր իսկ գոյությունը հաստատելու համար։ Սա չի վերաբերում միայն հայ գրականության՝ անուշադրության մատնված լինելուն։ Խոսքը աշխարհի բոլոր բնիկ ժողովուրդների վերացումը կանգնեցնելու մասին է։ Մեծամասնությունների լեզուները կարիք չունեն մտածելու, թե իրենց պատմությունները գրվում են ցնդող թանաքով, իսկ մենք ունենք։ Ինչքան շատ թարգմանություններ են կատարվում փոքրամասնությունների լեզուներից, այնքան արժանահավատ են դառնում բոլոր այն լեզուները, որոնք անհամաչափորեն շատ են ներկայացված այսպես կոչված համաշխարհային գրականության մեջ։ Մենք՝ տեղահանվածների ժառանգներս, պետք է ձեռնարկենք ոգեկոչման ու պահպանության այս քայլերը ոչ միայն մեր մայրերին ու հայրերին, վերապրածների անկոտրում սերունդներին հարգանքի տուրք մատուցելու համար։ Մենք այդպես պիտի վարվենք ոգեշնչելու համար մեր եղբայրներին ու քույրերին, որոնց պատմությունները թաղվել են նվաճողական խարդավանքներում։ Մենք ոչ միայն ինքներս մեզ ենք պատմություններ պատմում, որ ապրենք. մենք մեր պատմություններն ուրիշներին ենք պատմում, որ վերապրենք։

Լուսանկարիչ՝ Ռաֆայել Իշխանյան

Հեղինակի մասին

Կարեն Թորիկյանը արձակագիր է, էսսեագիր և արևմտահայերենից դեպի անգլերեն թարգմանիչ։ Արևելյան Անգլիայի համալսարանի գեղարվեստական գրականության թարգմանություն ծրագրի նորընծա մագիստրոսն այժմ Կոլումբիայի համալսարանում գեղարվեստի մագիստրոս է արձակի բաժնում։ Նրա նախագիծը՝ «Mo(a)t»-ը, ժամանակակից արաբական գրականության հավաքածու է, որը լույս կտեսնի այս տարի Արևելյան Անգլիայի համալսարանի հրատարակչական ծրագրի շրջանակներում։ Հետևե՛ք նրան @gjtorikian հասցեով։

Բնօրինակի հեղինակ՝ Garen Torikian, Electric Literature


Թարգմանիչ՝ Մարիամ Անտիկյան (Mariam Antikian), խմբագիր՝ Մերի Պետրոսյան (Meri Petrosyan):  © Բոլոր իրավունքները պաշտպանված են։