Ռուբեն Խան-Ազատ. Հայ հեղափոխականի հուշերից | Մաս 1
Շարունակելով կայքում ներկայացնել Ղարաբաղյան շարժմանը նախորդող հայկական քաղաքական հոսանքների պատմությունը՝ հրապարակում ենք Ռուբեն Խան Ազատի (1862-1929) «Հայ հեղափոխականի հուշերից» հոդվածաշարի առաջին մասը (չշփոթել Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ հեղափոխականի հուշեր»-ի հետ): Ռուբեն Խան-Ազատը մինչեւ 1905 թ.-ը եղել է Հնչակյան կուսակցության հիմնադիրներից եւ աչքի ընկնող գործիչներից: Հեղինակ է մի քանի բավականին ուշագրավ աշխատությունների՝ «Ի՞նչ է սահմանադրությունը», «Ինչպե՞ս կազմել սահմանադրություն», «Հայաստանի համառոտ պատմություն», «Իդեալիզմ եւ մատերիալիզմ» եւ այլն: Խան-Ազատի հուշերը հետաքրքիր են նրանով, որ մի կողմից՝ դեպքերի անմիջական մասնակցի եւ կարեւոր դերակատարներից մեկի, մյուս կողմից էլ՝ քննադատական մտածողության տեր անձնավորության գրվածք են: Տարիների հեռվից՝ հեղինակը ոչ միայն վերհիշում է, այլեւ վերլուծում:
Երկու խօսք
Նկատի ունենալով, որ մեր յեղափոխական շարժումների առաջին շրջանին պատկանող վեթարանների մեծագոյն մասը, դժբախտաբար, կնքել են իրենց մահկանացուն ու նրանց շարքերը աւելի ու աւելի նօսրանում են եւ շատ բնականօրէն հեռու չէ նաեւ այն օրը, երբ իմ սիրտն էլ կը դադարի գործելուց, որոշեցի ի մի հաւաքել իմ բոլոր յիշողութիւնները եւ լոյս ընծայել իբրեւ մի ամփոփ պատմութիւն մեր յեղափոխական շարժումների սկզբնական շրջանի մասին։
Իմ յիշողութիւնները, կարծում եմ, հետաքրքրական պիտի լինեն հէնց այս պատճառով, որ բախտի բերմամբ, մասնակցած լինելով մեր՝ ամենագլխաւոր երկու՝ «Հնչակեան» եւ «Հ․ Յ․ Դաշնակցութիւն» կուսակցութիւնների հիմնադրութեան գործին, չափազանց մօտ եմ եղել երկու կուսակցութիւններին մասնակցող թէ՛ անձնաւորութիւններին եւ թէ՛ նրանց գործունէութեանը։
Յիշողութիւններս, կարծում եմ, արժէք պիտի ունենան եւ այն տեսակէտից, որ 1905 թուականից հեռացած լինելով Հնչակեան կուսակցութիւնից, միաժամանակ հեռացել եմ եւ ամէն մի քաղաքական գործունէութիւնից ու եղել եմ շարունակ դիտողի դերում, հետեւապէս, իմ դատողութիւններն ու քննադատութիւնները լինելու են ըստ ամենայնի անաչառ եւ անկողմնապահ։ Բացի այդ՝ քննադատական խօսքս ուղղուած այս կամ այն կուսակցութեան կամ անհատի հասցէին, անպայման կերպով վերաբերում է ե՛ւ ինձ, որովհետեւ ես ինքս էլ եղել եմ այն շրջանի մարդ եւ այն գործիչներից մէկը։
Իմ քննադատական խօսքը, ո՛չ թէ սրան կամ նրան կշտամբելու եւ մի ուրիշին դուր գալու համար է։ Բոլորովին ո՛չ։ Ես այն կարծիքի եմ, որ պատմական դէպքերի ու երեւույթների քննադատութիւնը, ոչ թէ մեղադրեալներ գտնելու համար է, այլ միմիայն նրանց գործը բացատրելու եւ հասկանալու համար։
Շատ իրաւացի է Հեգելի այն միտքը, թէ պատմութեան ընթացքում տեղի ունեցած բոլոր երեւույթները իրանց raison d’etre-ն ունեն, այսինքն՝ ժամանակի պայմաններն այնպէս են եղել, որ երեւոյթը չէր կարող ուրիշ կերպ լինել, քան եղել է։
Պատմութիւնը միշտ պէտք է բացատրել, հասկանալ եւ ո՛չ քննադատել այն մտքով, թէ նա կարող էր ուրիշ ընթացք ունենալ, բայց չէ ունեցել գործիչների ապիկարութեան պատճառով։ Երբեք չպէտք է մոռանալ, որ պատմութեան մէջ, գործիչներից շատ աւելի մեծ գործօններ են հանդիսանում ժամանակի եւ տեղի տնտեսական պայմաններն ու ժողովրդի մտաւոր զարգացման աստիճանը։
Ա․ Գլուխ
Բերլինի դաշնագրի 61-րդ յօդուածը
Մեր նորագոյն պատմութիւնը, իմ կարծիքով, սկսւում է 1877 թուականի ռուս-թրքական պատերազմով, կամ շատ աւելի ճիշդ է ասել, այդ պատերազմի առիթով Բերլինում կայացած մեծ պետութիւնների վերհաժողովով։
Ինչպէս յայտնի է, միապետական Ռուսաստանը, կամենալով դերակշիռ ազդեցութիւն ձեռք բերել Բալկանեան սլաւոնների վրայ, եւ նրանց օգնութեամբ դէպի Միջերկրական ծովը դուրս գալ, պաշտպան դուրս եկաւ Թիւրքիայի դէմ ըմբոստացող բուլգարներին եւ պատերազմ յայտարարեց, «յանուն Թիւրքիայում տառապող քրիստոնեաների»։
Պատերազմը վերջացաւ ի նպաստ Ռուսաստանի․ ռուսաց յաղթական զօրքը քիչ մնաց Պոլիս պիտի մտնէր, եթէ եւրոպական մեծ պետութիւնները նրան թոյլ տային։ Պոլսից մի քանի վերստ հեռաւորութեան վրայ՝ Սան-Ստեֆանոյում ռուսական զօրքը կանգ առաւ, ու հէնց այնտեղ էլ պատերազմող կողմերի միջեւ հաշտութիւն կնքուեց։ Հաշտութեան այդ պայմանագրով Բուլգարիան անջատւում էր Թիւրքիայից եւ ինքնուրոյն պետութիւն կազմում, Ռուսաստանի հովանաւորութեան տակ։
Ախորժակը բաւականին գրգռուած՝ յաղթական Ռուսաստանը, կամենալով՝ մօտիկ ապագայում նոր նուաճումներ կատարել Թիւրքիայի հաշուին, այդ նոյն Սան-Ստեֆանոյի դաշնագրի մէջ՝ ի միջի այլոց մտցրել էր ե՛ւ մի յօդուած, որով պարտաւորութիւն էր դրւում Թիւրքիայի վրայ՝ «Տեղական պայմաններին համապատասխան բարենորոգումներ մտցնել հայկական վեց վիլայէթներում ու կատարուած բարենորոգումների մասին պարբերաբար հաշիւ տալ Ռուսաստանին»։
Այս յօդուածի յետին միտքը պարզապէս այն էր, որ Ռուսաստանը իր ուզած ժամանակ պատճառ պիտի ունենար միջամտելու Թիւրքիայի ներքին գործերին եւ առիթ բռնելով «համապատասխան բարենորոգումների» բացակայութիւնը հայկական վիլայէթներում, պիտի գրաւէր ուզած հողամասերը։
Թիւրքիայում խիստ հակամարտ շահեր ունեցող մեծ պետութիւնները թոյլ չտուին, սակայն, որ Ռուսաստանի ու Թիւրքիայի միջեւ տեղի ունեցած վէճը վերջանար հէնց իրենց միջեւ կնքուած դաշնագրով։ Նրանք ստիպեցին՝ վերաքննութեան ենթարկել Սան-Ստեֆանոյի դաշնագիրը մեծ պետութիւնների վեհաժողովում, որը գումարուեց Բերլինում։
Այստեղ, ի միջի այլ յօդուածների, շատ մեծ փոփոխութեան ենթարկուեց նաեւ հայկական վիլայէթներին նուիրուած վերոյիշեալ 16-րդ յօդուածը։ Կամենալով Ռուսաստանի յետագայ ոտնձգութիւնների առաջն առնել Թիւրքիայում եւ թոյլ չտալ, որ միմիայն Ռուսաստանը երեւայ թիւրքիաբնակ քրիստոնեաներին պաշտպանողի դերում, մեծ պետութիւնները, նամանաւանդ Անլգիան, վերոնշեալ յօդուածը ձեւափոխեցին հետեւեալ կերպով.
«Թիւրքիան պարտաւորւում է բարենորոգումներ մտցնել հայկական վիլայէթներում եւ այդ մասին պարբերաբար հաշիւ տալ եւրոպական բոլոր վեց պետութիւններին»։
Այլ խօսքով՝ Թիւրքիային ազատութիւն էր տրւում, մեծ պետութիւնների հակամարտ շահերից օգտուելով, ո՛չ մի բարենորոգում չի մտցնել Հայաստանում։
Ճիշդ է, Թիւրքիայի ստանձնած այդ պարտականութիւնը Հայաստանի վերաբերեալ մի աւելորդ զէնք էր դառնում եւրոպական իւրաքանչիւր պետութեան ձեռքում, ուզած ժամանակ վախեցնել Թիւրքիային Հայաստանի բարենորոգումների ուրուականով ու իր սեփական շահերն առաջ տանել։ Բայց դրանով հայերի դրութիւնը Թիւրքիայում մազաչափ անգամ դէպի լաւը չէր փոխւում։
Այս վերջին հանգամանքը դժբախտաբար հայերը շատ եւ շատ ուշ հասկացան։ Մինչդեռ տասնեակ տարիների ընթացքում Բերլինի դաշնագրի այդ նենգամիտ 61-րդ յօդուածը մի զօրաւոր զէնք էր նկատւում ի նպաստ Հայաստանի անկախութեան։
Հարկաւոր է ապրած լինել այն ժամանակներում, որպէսզի մարդ կարող լինի գաղափար կազմել այն համազգային խանդավառութեան մասին, որով համակուած էին բոլոր հայերը, այդ յօդուածի հրատարակման օրերում։ Եւ զարմանալի էլ չէր այդ․ հարիւրաւոր տարիներ ստրկութեան ու հպատակութեան մէջ ապրած հայ ժողովուրդը յանկարծ լսում ու կարդում էր, թէ եւրոպական մեծ պետութիւնների վեհաժողովին՝ Բերլին մասնակցելու են գնացել նաեւ հայ պատգամաւորներ՝ Նարպէյ, եւ Խրիմեան եպիսկոպոսները եւ նրանց օգնական ու թարգման Ստ․ Փափազեան եւ Մինաս Չերազ։ Յետոյ հեռագիրը լուր բերեց, թէ վեհաժողովը մի յատուկ յօդուած է նուիրել հայկական հարցին, որով պահանջւում էր Թիւրքիայից՝ կարճ ժամանակի մէջ բարենորոգումներ մտցնել Հայաստանում։
Քաղաքական կեանքով չապրած ու քաղաքականութիւնից միանգամայն բոպիկ հայ մտաւորականը անընդունակ էր ո՛չ նենգամիտ յօդուածի յետին իմաստն ըմբռնել եւ ո՛չ էլ «տեղական պայմաններին համապատասխան բարենորոգումներ» առաձգական ու անբովանդակ բառերի ներսը խորանալ։
Այդ դեռ բաւական չէ․ Կովկասի հայութեան միտքը ղեկավարող Գրիգոր Արծրունուն անգամ Թիւրքիան Անգլիայի կամ Ռուսաստանի մի ստորադրեալ վասալն էր երեւում, որին ամէն րոպէ կարող էին հրամայել՝ Հայաստանին ազատութիւն տալ, եւ նա պիտի տար անպայման։
* * *
Երբեք չեմ մոռանում ես այն օրը, երբ հեռագիրը լուր բերեց 61-րդ յօդուածի մասին։
Դեռ 15 տարեկան պատանի էի եւ գտնւում էի Նոր-Բայազէտում, ուր ամառանոց էինք գնացել։ «Մշակ» թերթը ձեռքից ձեռք էր անցնում եւ մարդիկ միմեանց շնորհաւորում էին, ինչպէս պատմական տօներին։
Իսկ հեռագիրն ստացուելուց յաջորդող կիրակին բազմաթիւ ընտանիքներ դուրս գնացին «Խաչեր» կոչուած աղբիւրների մօտ, Հայաստանի «ազատութիւնը» տօնելու։ Մեր ընտանիքն էլ դուրս էր եկել տեղացի մի քանի ծանօթների հետ, որոնց թւում յիշում եմ միայն բժ․ Վահան Արծրունուն, որն այն ժամանակ դեռ ուսանող էր։ Յիշում եմ նոյնպէս, թէ ինչպէս Արծրունին եւ քրոջս ամուսինը՝ Յովհաննէս Տէր Յովհաննէսեանը, խիստ ոգեւորուած բաժակաճառեր էին ասում Հայաստանի ազատութեան առիթով եւ գուշակութիւններ անում այն մասին, թէ արդեօք ազատ Հայաստանը ի՞նչ վարչաձեւ պիտի ունենայ։ Երկար ենթադրութիւններից յետոյ, եկան այն համոզման, որ մարզպանութիւն պիտի լինի․ միայն թէ չէին կարողանում գուշակել՝ արդեօք մարզպանը հա՞յ, թէ՞ օտարազգի պիտի լինի։
Սակայն հայ հասարակութեան ոգեւորութիւնը երկար չտեւեց։ Հետզհետէ սկսեց տարածուել այն միտքը, թէ Բերլինի դաշնագրութեան 61-րդ յօդուածը դեռ եւս անզօր է ստիպելու թիւրք կառավարութեանը, բարենորոգումներ մտցնել Հայաստանում։ Անհրաժեշտ է, որ թիւրքահայերը եւս Բուլգարների օրինակով, ապստամբական շարժումներ առաջացնեն, որպէսզի մեծ պետութիւնները առիթ ունենան միջամտելու ի պաշտպանութիւն հայերի։
Այդ միտքն առաջին անգամ սկսել էր արծարծել Բերլին գնացած պատգամաւոր Խրիմեան Հայրիկը, որը Բերլինից վերադառնալուց յետոյ իր քարոզի մէջ ասել էր․
«Բերլինի վեհաժողովին ներկայացող բոլոր փոքր ազգերու ներկայացուցիչները երկաթէ շերեփներով եկած էին եւ լիուլի իրենց բաժինն ստացան, իսկ մենք թղթէ շերեփով ներկայացանք ու մեզի ոչինչ տուին»։
Ճիշդ այդ ժամանակներում էր, որ խիստ մեծ թափով ասպարէզ նետուեցին Գամառ-Քաթիպան իր ոգեշունչ ու գրգռիչ ոտանաւորներով եւ Րաֆֆին իր՝ յեղափոխութեան ծրագիրներ պարունակող վէպերով։
Ներկայումս կարդալով Գամառ-Քաթիպայի եւ մանաւանդ Րաֆֆու չափազանց մանկամիտ եւ ոչ մի քննադատութեան չդիմացող յեղափոխական ծրագիրները, մարդ զարմանում է, թէ ինչպէ՞ս կարող էին լուրջ, հասարակական ու գրական բարձր դիրք ունեցող մարդիկ ոգեւորուել ու տարուել այդ աշխատութիւններով։ Բայց ի՞նչ կ’անես, որ այն ժամանակներում, ամբողջ հայ ազգը, իր չափազանց յետամնաց ու նահապետական կեանքով, դեռ եւս գլխովին իր մանուկ հասակն էր ապրում։ Իսկ մանուկ հասակի ոգեւորգութիւնը, ինչպէս որ ներելի է անհատներին, պէտք է ներելի լինի եւ մի ամբողջ ազգին։
Շատ բնորոշ է այն հանգամանքը, որ Գամառ-Քաթիպայի ու Րաֆֆու աշխատութիւններով շատ աւելի յուզւում եւ ոգեւորւում էր Կովկասի մտաւորականութիւնը, քան Թիւրքիայինը։ Պատճառն այն էր, որ Թիւրքիայի բարձր զարգացում ունեցող եւ համալսարանական հայ մտաւորականները համախմբուած ու կենտրոնացած էին գլխաւորաբար Պոլսում եւ Զմիւռնիայում, որոնք շատ հեռու էին ընկած հայկական նահանգներից, հետեւապէս եւ շատ քիչ էին հետաքրքրւում այն ժողովրդի ցաւերով։
Պոլսում եւ Զմիւռնիայում ապրող հայ գրականագէտների, փաստաբանների, բժիշկների ու բոլոր այլ կարգի մտաւորական էֆէնդիների համար «Ազգային» կամ «Երեսփոխանական ժողով» անունը կրող խօսարանում տեղի ունեցած մանր-մունր դէպքերն ու անցքերը շատ աւելի մեծ կարեւորութիւն էին ներկայացնում, քան հայկական նահանգներում տեղի ունեցած ամենախոշոր դէպքերն անգամ։ Եւ այդ հասկանալի է, թէկուզ հէնց այն հիման վրայ, որ Պոլսի եւ Զմիւռնիայի հայ բնակչութիւնը միանգամայն զերծ էր այն բոլոր՝ այսպէս կոչուած զուլումներից, որոնց ամէն օր եւ ամէն ժամ ենթակայ էր հայկական նահանգների հայ ժողովուրդը։
Տեղն է այստեղ ասելու, որ «զուլում» ասելով չպէտք է միայն հասկանալ քրդական կողոպուտը, թալանն, առեւանգումներն ու այլ կարգի բռնություններն, որոնց մասին շաբլոն կերպով կրկնում էին գրեթէ ամէնքը եւ որոնցից միշտ էլ զերծ էին թէ՛ Պոլսի եւ թէ՛ Զմիւռնիայի հայերը։ Հայկական նահանգներում ապրող հայ բնակչութիւնը ենթակայ էր քրդականից շատ աւելի մեծ զուլումի, որը սակայն այն ժամանակներում, ոչ բանաստեղծութեան նիւթ էր ծառայում, ոչ վիպասանութեան։
Խօսքս Թիւրքիայի չափազանց յետամնացութիւնից եւ խիստ հոռի քաղաքականութիւնից բխող այն մի շարք չարիքների մասին է, որոնք օր օրի վրայ տնտեսապէս իսպառ քայքայում էին հայ ժողովուրդը եւ բոլորովին սնանկացնում նրան։
Օսմանեան պետութեան ամենամեծ դժբախտութիւններից մէկն էլ այն էր, որ նա չափազանց մօտ էր գտնւում եւրոպական զարգացած երկրներին։ Եւ այդ երկրներին մօտ գտնւելով, օսմանցիք ոչ միայն չէին աշխատում իւրացնել այդ երկրների եւ ազգերի քաղաքակրթութիւնը, այլ եւ ընդհակառակը, իրենց ցեղի ու կրօնի զօրութեամբ, նրանք միշտ էլ, ամէն կերպ աշխատում էին փակել իրենց երկրի դռները Եւրոպայի բոլոր քաղաքակիրթ հոսանքների առաջ եւ պահել երկիրը նահապետական վիճակի մէջ։
Սակայն, իրենց երկրի դռները փակելով, նրանք եւրոպական քաղաքակրթութեան բարիքների մուտնքն էին միայն արգիլում, իսկ չարիքներն այնուամենայնիւ ազատ մուտք էին գործում փակ դռներից էլ ու կատարում իրենց դերը։
Այդ չարիքներից մէկն այն է, որ Թիւրքիան եվրոպական ապրանքների մի ընդարձակ շուկայ էր դարձել․ իսկ նրա հետեւանքն այն էր, որ տեղական մանր արդիւնագործութիւնը մրցութեան չդիմանալով, օր օրի վրայ քայքայւում էր եւ բազմաթիւ արհեստաւորներ սնանկանում էին։ Նկատի առնելով, որ հայկական նահանգներում համարեա թէ բոլոր արհեստները հայերի ձեռքին էին, տուժողը գլխաւորապէս հայերն էին լինում։ Եւ որովհետեւ Թիւրքիայում զարգացող խոշոր արդիւնագործութիւն չկար, որպէսզի այդ սնանկացող արհեստաւորները գոնէ գործարաններում աշխատանք եւ վաստակ գտնէին, ինչպէս որ այդ տեղի է ունենում աւելի կամ նուազ քաղաքակիրթ երկրներում, ուստի նրանք կատարեալ թշուառութեան մատնուելով, ստիպւում էին հարիւրներով օտար երկրներ գնալ, իրենց օրապահիկը ճարելու համար։
Եւրոպական արդիւնագործութեան մրցումից սնանկանալուց բացի, Թիւրքիայի ժողովուրդը սնանկանում էր նաեւ հէնց իր կառավարութեան ֆինանսական յոռի սիստեմի շնորհիւ։ Իր սահմաններով անմիջապէս եւրոպական մեծ պետութիւններին կպած լինելով, Թիւրքիան միշտ աշխատում էր, գոնէ արտաքուստ, իր հարեւաններին նմանուել․ նա ստիպուած էր ունենալ կանոնաւոր զօրք, նաւատորմ եւ այն այլ բոլոր պետական հաստատութիւնները, որ ունէին մեծ պետութիւնները։ Իսկ այդ բոլորն ունենալու համար, ի հարկէ, առաջին հերթին անհրաժեշտ էր փող ունենալ։ Այդ փողը թիւրք կառավարութիւնը ճարում էր արտաքին խոշոր փոխառութիւններով, որոնց տոկոսները սնանկացած ժողովուրդի ջանից էին դուրս քաշւում։
Այդ դեռ բաւական չէ․ յետամնաց, նահապետական երկրում, ինչպիսին էր Թիւրքիան, դրամական տնտեսութիւն էին մտցրել, այսինքն՝ կառավարական բոլոր տուրքերը վերցնում էին, ոչ թէ ժողովրդի ունեցած բերքերից, այլ դրամով։ Իսկ ո՞րտեղից կարող էր ժողովուրդը ճարել դրամ մի երկրում, ուր ոչ խոշոր արդիւնաբերութիւն կար, ոչ վաճառականութիւն եւ ոչ էլ երկաթուղիներ, որոնց միջոցով կարելի լինէր, գոնէ երկրի հում նիւթն ու բերքը արտահանել։ Եւ ահա դրա հետեւանքով ժողովուրդը սնանկանում էր ոչ միայն քաղաքներում, այլ եւ գիւղերում։
Գիւղացին, անկարող լինելով իր բերքերն արտահանել, պետական հարկերը վճարելու պահանջից հարկադրուած, ստիպուած էր լինում ամենաչնչին գներով ծախել իր ապրանքը վաշխառու վաճառականներին։ Եւ որովհետեւ ամէն տարի բերքը կանոնաւոր չէր լինում, եւ յաճախ վաշխառուից ստացած գումարը չէր բաւականացնում գիւղացուն, թէ՛ պետական հարկերը ծածկելու, եւ թէ՝ իր ընտանիքի պէտքերը հոգալու, ուստի նա շատ անգամ ծախում էր նաեւ գալիք տարուան բերքը, որ դեռ ցանուած էլ չէր։ Այդպէս շարունակելով գիւացին վերջ ի վերջոյ, ստիպւում էր իր անասունները, հողն ու տունը չնչին գներով ծախել վաշխառուներին ու չուել օտար վայրեր՝ Պոլիս, Զմիւռնիա, Թիֆլիս, Ամերիկա եւ այլուր աշխատանք որոնելու։
Պոլսի ու Զմիւռնիոյ հայ մտաւորականութիւնը այդ զուլումից էլ անտեղեակ էր եւ կամ չէր հետաքրքրւում նրանով։ Նախ՝ նրա համար, որ այդ քաղաքների հայ բնակչութիւնը, լինելով գլխաւորաբար վաճառականներ, զերծ էր մնում այդ զուլումից, (արհեստաւորները սնանկանալով, վաճառականութեամբ էին զբաղւում)։ Եւ ապա՝ իր երկրի ներքին քաղաքականութեամբ զբաղուելու իրաւունքից զրկուած լինելով, հայ մտաւորականութեան ամբողջ հետաքրքրութիւնը Ֆրանսայի ներքին քաղաքականութեան վրայ էր կենտրոնացած։ Այն ժամանակուան Թիւրքահայ թերթերի ամենալուրջ առաջնորդող յօդուածները ֆրանսական պարմալենտում տեղի ունցեած անցուդարձերին էին նուիրուած։
Ճիշդ է, Ռուսաստանում էլ ցարական րեժիմից դժգոհներին արգիլուած էր երկրի քաղաքականութեամբ զբաղուելու, բայց այդտեղ այնուամենայնիւ գաղտնապէս այդ քաղաքականութեամբ զբաղուողների մի ահագին հոսանք կար։ Խօսքս այն ժամանակուան Նարօդովոլցի անունով ռուս յեղափոխականների մասին է, որոնց գործունէութիւնը 80-ական թուականների սկզբներին ամենաուժեղ արտայայտութեան էր հասել, այսինքն՝ ճիշդ այն ժամանակ, երբ Գամառ-Քաթիպան եւ Րաֆֆին էին հրապարակ իջել իրենց բոցավառ քարոզներով։
Համալսարանական հայ ուսանողութիւնը, մինչեւ իսկ դպրոցական հայ աշակերտութիւնը, իրենց ռուս ընկերներից ներշնչուելով ատելութեամբ դէպի ռուս բռնապետութինը եւ տոգորուած յեղափոխական ձգտումներով, այնուամենայնիւ, շատ սակաւ բացառութեամբ, չէին գնում նրանց հետ աշխատելու։ Բոլորի հայեացքն էլ դէպի Թիւրքահայաստան էր դառնում։
Ռուս յեղափոխականների հետ աշխատել չգնալու ամենագլխաւոր պատճառը, ինձ թւում է, հայերի բնածին ազգայնականութիւնն էր։ Բացի դրանից՝ ցարական բռնապետութիւնն այն ժամանակներում այնպիսի մի վիթխարի ու զօրաւոր բան էր երեւում, որ ոչ ոք հայերից չէր հաւատում, թէ հնարաւոր պիտի լինի մի քանի տասնեակ, կամ թէկուզ հաիրւրաւոր մտաւորականների աշխատանքով նրան տապալել, նամանաւանդ որ Ալեքսանդր երկրորդի թագաւորութեան օրօք ռէակցիան, քանի գնաց, աւելի ու աւելի ուժեղացաւ եւ ռուս յեղափոխականները (նարոդովոլյեցները) սկսել էին արդէն յուսախաբ լինել իրենց գործելակերպից։
Թիւրքիայում աշխատելու հեռանկարը, սակայն, բոլորովին տարբեր բան էր երեւում։
Ռուս-թիւրքական պատերազմից յետոյ, Թիւրքիան այնպէս ջախջախուած, այնպէս ոնչնչացած էր կարծւում, որ թւում էր, թէ առանց զէնքի, հասարակ բահերով ու մահակներով էլ կարելի պիտի լինի թիւրքերին դուրս քշել Հայաստանից։
Շատ լաւ յիշում եմ, որ դուրս էին եկել մարդիկ, նոյնիսկ զինուորականի աստիճանով, որոնք ամենայն լրջութեամբ ու վստահութեամբ խոստանում էին մի քանի հարիւր զինուորներով գնալ եւ մի քանի օրուան մէջ Վանը վերցնել։
Թիւրքիայում աշխատելու պայմանները ռուսահայերի երեւակայութեան մէջ նամանաւանդ հեշտանում էին այն խիստ տարածուած համոզումով, թէ մեծ պետութիւնները, եւս առաւել Անգլիան, առիւծի պէս կանգնած են հայերի թիկունքում եւ մի աննշան առիթի են սպասում, որպէսզի վրայ հասնին եւ թիւրքերին դուրս վռնտելով հայկական նահանգներից, ազատ Հայաստան ստեղծեն։ Մարդիկ այնքան տարուած էին Անգլիայի միջամտութեան վառ յոյսերով, որ ոչ մի ուշադրութիւն անգամ չէին դարձնում Անգլիայի ու Թիւրքիայի միջեւ կնքուած՝ «գաղտնի» դաշնագրութեան վրայ, որի համաձայն Անգլիան Կիպրոսի գնով պարտաւորութիւն էր յանձն առել՝ պաշտպանել Թիւրքիան Ռուսաստանի ոտնձգութիւնների դէմ։
Սան-Ստեֆանոյի դաշնագրութեան 16-րդ յօդուածի ոգուց շատ լաւ ըմբռնելով, թէ Ռուսիան մտադրութիւն ունի, մօտ ժամանակներում, Թիւրքիայի հայկական վեց նահանգները գրաւել, Անգլիան շտապել էր, ոչ միայն Բերլինի դաշնագրի 61-րդ յօդուածի ուժով Ռուսիայի առաջը կտրել, այլ եւ Կիպրոսը իւրացնելով, մի այլ առանձին դաշնագրութեամբ էլ Թիւրքիոյ անձեռնմխելիութիւնը ապահովել։
Սակայն, այդ բոլորը, շատ տարօրինակ կերպով, անիմանալի ու անտեսանելի էր մնում, Թիւրքիայում յեղափոխական գործունէութիւն սկսել քարոզողներին։ Ամէնքի ուղեղում էլ միայն մէկ միտք էր մեխի պէս ցցուած․ Բոլգարիան ազատուել էր Ռուսիայի միջամտութեամբ, ինչո՞ւ, ուրեմն Հայաստանն էլ չպիտի ազատուէր Անգլիայի միջամտութեամբ։ Չէ՞ որ Բերլինի դաշնագրի 61-րդ յօդուածը պաշտօնապէս արդէն վաւերացրել էր ազատ Հայաստան ստեղծելու հարցը Թիւրքիայի սահմաններում։ Հարկաւոր է միայն, որ այնտեղ ապստամբական շարժումներ սկսուին։
Այսպէս եւ այսչափ էր միայն հայ ղեկավար մտաւորականութեան դիւնագիտական ամբողջ ըմբռնումը մեր նորագոյն պատմութեան արշալոյսին։
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ