Հայ հեղափոխականի հուշերից | Մաս 2

Ռուբեն Խան-Ազատ. Հայ հեղափոխականի հուշերից | Մաս 2

Հայ հեղափոխականի հուշերից | Մաս 1

Բ․ Գլուխ

Երեւանի կազմակերպութիւնը

Բերլինի դաշնագրութեան հրատարակումից հազիւ մի-երկու տարի անցած, Երեւանում գաղտնի մի հայկական ընկերութիւն է կազմակերպւում, որն իրան նպատակ է դնում ապստամբական շարժումներ առաջացնել Թիւրքահայաստանում։

Չի կարելի ասել, որ դա առաջին ընկերութիւնն էր, հայ իրականութեան մէջ, այդ նպատակին նուիրուած։ Դրանից դեռ մի 8-9 տարի առաջ Վանում, իսկ աւելի ուշ Էրզրումում էլ հայկական գաղտնի ընկերութիւններ էին կազմուել, որոնց մասնակցողները մեծ մասամբ արհեստաւորներ ու մանր վաճառականներ էին։ Բայց այդ ընկերութիւնները, որչափ ինձ յայտնի է, ինքնակրութեան բնաւորութիւն էին կրում․ նրանք աշխատում էին կառավարութիւնից արգիլուած գրականութիւն ձեռք բերել, ընթերցանութեամբ պարապել եւ ինչպէս իրանք էին արտայայտում, «մտքեր պատրաստել» ապագայ ապստամբութեան համար։

Երեւանի կազմակերպութիւնը նշանաւոր էր այն տեսակէտից, որ նրա հիմնադիրներն ու ղեկավարները, շատ աննշան բացառութեամբ, բոլորն էլ համալսարանական եւ բարձր դիրք ունեցող անձնաւորութիւններ էին։ Դրանք էին՝ բժ․ Լեւոն Տիգրանեան, առաջնակարգ փաստաբաններ՝ Վասիլ Եղիազարեան, Ռուբէն Ջալալեան, Տրդատ Վարդանեան եւ ապա «Նադեժդա» անունով, ապրանքներ տեղափոխող ընկերութեան Երեւանի գրասենյակի կառավարիչ Թովմաս Մհերեան, որը թէեւ համալսարանական չէր, բայց Երեւանի աչքի ընկնող զարգացած եւ եռանդուն հասարակական գործիչներից էր։

Չգիտեմ, թէ ունէ՞ր արդեօք այդ ընկերութիւնը մի որեւէ յատուկ անուն, կամ մշակուած ծրագիր․ գիտեմ միայն, որ այդ ընկերութիւնը իրան նպատակ էր դրել՝ դրամ հաւաքել, զէնք գնել եւ Թիւրքահայաստան ուղարկել։ Իսկ մինչ այդ, ընկերութիւնը երկու մարդ էր ուղարկել Թիւրքիայի հայկական նահանգները շրջելու, ժողովրդի տրամադրութիւնն իմանալու եւ մի քանի այլ պայմաններ ուսումնասիրելու։

Ուղարկուած անձնաւորութիւններն էին՝ Թաւաքալեան վարդապետը եւ Դարալագեազցի Տէր Գրիգորը, որը իր քաջութեան եւ ըմբոստ բնաւորութեան համար յայտնի էր Գիժ Տէր Գրիգոր անունով։ Ընկերութեան մէջ աշխատելու էր հրաւիրուած նաեւ Աշտարակցի յայտնի Սամսոնը, որին Րաֆֆին հերոսացրել էր իր «Խենթ» վէպի մէջ հէնց «Խենթ» կամ Վարդան անունով։

Թիւրքիա ուղարկուած երկու կրօնաւորները գնացել, շրջագայել էին Ալաշկերտի դաշտը եւ՝ մոռանալով իրենց իսկական առաքելութիւնը՝ սկսել ապստամբական քարոզներ խօսել եկեղեցիներում։ Մի գիւղում էլ, երբ քարոզի ժամանակ, գիւղացիների տրամադրութիւնը խիստ բարձրացած է լինում, պատարագիչ Տէր Գրիգորը յանկարծ յետ է բարձրացնում սուրջարը եւ ֆարաջայի տակի ատրճանակը հանելով, դնում է խաչի ու աւետարանի կողքին եւ հրաւիրում ժողովրդին՝ երդուել, թէ նշան տրուած ժամին պիտի բարձրացնեն ապստամբութեան դրօշը։

Ժողովուրդը երդւում է, թէ չէ, չգիտեմ, բայց այդ դէպքը հէնց նոյն օրը յայտնի է դառնում կառավարութեանը եւ սա խիստ հսկողութիւն է նշանակում անզգոյշ կրօնաւորների վրայ։ Սրանք կռահում են, թէ բանն ինչումն է եւ «կծիկը դնում են»։

Փախստականները եկել էին Երեւան եւ պահւում էին Խաչատուր Մելիքեանենց տանը։ Սա Երեւանի այն հին քաջերից էր, որոնք երիտասարդ հասակում, թէ՛ աւազակութեամբ եւ թէ՛ մաքսանենգութեամբ էին պարապում Տաճկաստանի եւ Պարսկաստանի սահմանների վրայ։ Խաչատուր Մելիքեանը, որը Երեւանում յայտնի էր Եղնակենց Խեչո անունով, պատմութեանս ժամանակ արդէն տարիքն առած մի շատ բարեպաշտ մարդ էր, քաջածանօթ իր ջերմ ազգասիրութեամբ։

Ասացի փախստականները պահւում էին Մելիքեանենց տանը, որովհետեւ թիւրք կառավարութիւնը, տեղեկանալով վտանգաւոր յեղափոխականների փախուստի մասին, լուր էր տուել ռուսաց կառավարութեանը, եւ Երեւանի ոստիկանութիւնը խստիւ փնտռում էր կրօնաւոր յեղափոխականներին։

Յիշում եմ, թէ ինչպէս մի օր Խաչատուր Բիձէն (այդպէս էինք մենք՝ փոքրերս՝ կոչում Մելիքեանին) շատ խորհրդաւոր կերպով մեր տունն եկաւ եւ երկու ձեռք սիվիլ հագուստներ տարաւ փախստական կրօնաւորներին հագցնելու համար։ Սրանց ես տեսայ հէնց այդ հագուստներով։

Յիշում եմ նաեւ, որ ինձ վրայ շատ աւելի խորը տպաւորութիւն թողեց Թաւաքալեանը։ Սա մի առանձին խորհրդաւոր տեսք ունէր, ինչպէս եւ խօսելու խորհրդաւոր ձեւեր։ Նրա խորհրդաւորութիւնը ուժեղանում էր նամանաւանդ նրանով, որ հագուստի տակից, անմիջապէս մարմնի վրայ հագած ունէր այծի մազից գործած շալից մի կոշտ շապիկ, որով երեւի նա ուզում էր Րաֆֆու «Կայծեր»-ում նկարագրուած Կարօի նման, իր մարմինը կոպտացնել եւ դիմացկուն դարձնել։

Այդ ժամանակ ես աւարտելու վրայ էի Երեւանի Կլասիքական պրոգիմնազիան եւ պիտի գնայի Թիֆլիս, ուսումս շարունակելու։ Սակայն, տատանւում էի՝ շարունակել արդեօք ուսումս կլասիքական գիմնազիայում, թէ՞ րէալական դպրոցում։

Այդ մասին խորհուրդ հարցրի Թաւաքալեանից եւ նա ինձ խորհուրդ տուեց րէալական դպրոց մտնել, բացատրելով, որ րէալական դպրոցում բնական գիտութիւններ են անցնում, որոնք շատ աւելի հետաքրքրական են, քան բթացնող լատիներէնն ու յունարէնը։

Ես լսեցի Թաւաքալեանի խորհուրդին եւ չզղջացի։

Մէկ-երկու շաբաթ ծպտուած Երեւանում մնալուց յետոյ, Թաւաքալեանն ու Տէր Գրիգորը գնացին՝ չգիտեմ՝ ուր։

* * *

Երեւանի այդ անդրանիկ յեղափոխական ընկերութիւնը երկար չտեւեց։

Գիմնազիայի խիստ հայատեաց դիրեկտորը՝ Բրաժնիկովը, բարկացած ժամանակ, «արմեաշկա» էր անուանել վերոնշեալ Թովմաս Մհերեանի աշակերտ եղբօրը՝ Բագրատին։ Սա գնացել եւ գանգատուել էր եղբօրը, որն առանց երկար մտածելու, Երեւանի փոքրիկ բուլվարում բռնել էր դիրեկտորին ու մի լաւ ապտակել։

Գիմնազիայի դիրեկտորին ապտակելը մի հայի կողմից, եւ այլն էլ «արմեաշկա» բառի համար, մի մեծ քաղաքական յանցանք էր նկատուել նահանգական վարչութեան կողմից․ եւ Թովմաս Մհերեանին ձերբակալեցին։ Նրա բնակարանը խուզարկելու ժամանակ, թղթերի միջից ծայր էր տուել յիշեալ յեղափոխական ընկերութիւնը։ Եւ հետզհետէ ձերբակալուեցին նրա բոլոր ականաւոր անդամները։

Յիշատակութեան արժանի է, որ մի-երկու ոստիկանական հայ պաշտօնեաներ՝ Արշակ (Տաչո) Խաչատրեան եւ Ղազար Ղազարեան բազմաթիւ մատնութիւններ էին կատարել, որն իբրեւ մի նորութիւն, մի կատարեալ սոսկում էր առաջացրել ամբողջ քաղաքում։

Ձերբակալուածներին, երկար ժամանակ բանտում պահելուց յետոյ, աքսորեցին, անորոշ ժամանակով, Կովկասի սահմաններից դուրս։ Թ․ Մհերեանը իր համար աքսորավայր էր ընտրել Հաշտրախանը, Վասիլ Եղիազարյանը՝ Օդեսան, Տրդատ Վարդանեանը՝ Քիշնեւ, իսկ միւսները՝ Ռուսաստանի զանազան այլ քաղաքներ։

Դրանց աքսորում մնալը տասը տարուց աւելի տեւեց։

1891 թուականին, անցագրի խնդրով մի քանի օր կանգ առնելով Օդեսայում եւ ապա Քիշնեւում, ես տեսնուեցի թէ՛ Վ․ Եղիազարեանի եւ թէ՛ Տ․ Վարդանեանի հետ։ Առաջինը ոչ մի գործով չէր պարապում, իբրեւ իրաւաբանի նրան թոյլ չէին տուել ոչ փաստաբանութեամբ եւ ոչ էլ մի այլ գործով պարապելու։ Երեւանի մօտ ունեցած իր կալուածների հասոյթովն էր նա ապրում։ Իսկ Տ․ Վարդանեանը մեծ դժւարութեամբ յաջողել էր նոտարի մօր գրագրի պաշտօն ունենալ եւ այնտեղից ստացուող մի քանի ռուբլի ռոճիկով եօլա գնալ։

Թովմաս Մհերեանին պատահեցի շատ աւելի ուշ՝ 1898 թուակնին, երբ այս անգամ ինքս էի աքսորուած, Տագանրոգ քաղաքում։

Մհերեանը աքսորից վերադառնալիս, Ռոստովում իմացել էր իմ տեղը եւ եկել էր տեսութեան։ Մի քանի օր մեզ մօտ մնաց։ Պատմեց, որ Հաշտրախանում էլ իրան հանգիստ չէին թողել, աքսորել էին Ռուսաստանի աւելի խորքերը, ուր մինչեւ այդ ժամանակ ապրելով, այժմ ազատուել է ամբողջ ընտանիքով ― կինը, որդին եւ աղջիկները ― տեղափոխուել Հաշխտրախան, ուր գործ ունենալու աւելի մեծ յոյսեր ունէր։

Յետագային լսեցի, որ շատ դժբախտ վախճան էր ունեցել նա Հաշտրախանում։ Որդին խելագարուել էր եւ ինքն էլ երկար ժամանակ ծանր հիւանդութիւն էր քաշել ու մեռել, համարեա թէ որդու հետ միաժամանակ, թողնելով ընտանիքը ծայրայեղ թշուառութեան մէջ։

Երեւանից՝ միւս աքսորուածներին երբեք չհանդիպեցի եւ ոչինչ չեմ յիշում նրանց մասին։

Գ․ Գլուխ

«Արմենիան» եւ Մ․ Փորթուգալեանը

Ռուսաց կառավարութեան հալածանքը, Թիւրքիայում ազատ Հայաստան ստեղծել ցանկացողների դէմ, առաջին անգամից մեծ իրարանցում առաջացրեց հայ հասարակութեան շրջաններում։ Մարդիկ չէին կարողանում հասկանալ, թէ ի՞նչպէս կարող է «Հայկական հարցի» հեղինակ կառավարութիւնը հակառակ լինել այժմ այդ հարցին։

Սակայն, շատ ժամանակ չանցած, ռուս կառավարութեան հալածանքները աւելի հեռուն գնացին։ 1884 թուին Կովկասի բոլոր հայ ծխական դպրոցները փակուեցին։

Այս բռնի ակտը, կարծես, սթափեցրեց հայերին։ Սրանց մէջ սաստիկ թուլացաւ նախկին այն հաւատը, թէ ռուս կառավարութիւնը բարեացակամ է ազատ Հայաստան ստեղծելու գաղափարի հանդէպ։ Կովկասահայ երիտասարդութեան մէջ նացիոնալիզմը, եթէ չասեմ՝ շովինիզմը, գնալով աւելի ու աւելի ուժեղացաւ։ Այն սակաւաթիւ ուսանողներն ու դպրոցական աշակերտները, որոնք մինչ այդ  ժամանակ ռուս յեղափոխականների հետ միացած մի ընդհանուր ասպարէզում էին աշխատում, հետզհետէ առանձնացան եւ զուտ հայկական գաղտնի ընկերութիւններ կազմեցին, իրանց նպատակ ունենալով, հայկական նացիոնալիզմը ուժեղացնել։

Թիֆլիսի աշակերտական ընկերութիւնները, ծխական դպրոցների փակումի առիթով, սկսեցին մինչեւ իսկ մի քանի թերթեր լոյս ընծայել։ Թերթերից մէկը կոչւում էր «Մունետիկ» տպագիր, իսկ միւսը՝ «Հայրենասէրի Ձայն», խմորատիպ։

Առաջինը կոչ էր անում հայերին, զէնքով դիմադրութիւն ցոյց տալ ռուսաց բռնապետութեանը․ իսկ երկրորդը՝ պասիւ դիմադրութեան էր հրաւիրում հայերին, այն է՝ աւելի ոյժ տալ մայրենի լեզուին, թէ՛ ընտանիքներում եւ թէ՛ դրսում։

«Մունետիկը» հրատարակողը ռեալական դպրոցում սովորող աշակերտների միութիւնն էր, որի ղեկավարներն էին՝ Սիմէոն Զաւարեանը, յետագայում Հ․ Յ․ Դաշնակցութեան ամենաականաւոր հիմադիր-ղեկավարներից մէկը, Գրիգոր Աղաբաբեան, յետագայում յայտնի հանքաբան եւ հեռու յեղափոխական որեւէ գործունէութիւնից, եւ Շիրվանզատէն, որն աշակերտ չէր, այլ նորածիլ գրականագէտ եւ որին հրաւիրել էին թերթի խմբագրութեան մէջ, որպէս հայերէն լաւ իմացողի։

«Հայասէրների Ձայն» հրատարակողը գիմնազիայում սովորող հայ աշակերտների միութիւնն էր, որի ղեկավարներն էին՝ Էջմիածնեցի երկուորեակ եղբայրներ Սիմէոն եւ Սրապիոն Տէր Գրիգորեանները։ Սրանցից վերջինը, համալսարանն աւարտելուց յետոյ, հայրենիք վերադառնալով, սիրահարական հողի վրայ կեանքից յուսահատ, անձնասպան եղաւ, Էջմիածնի աւազանի մէջ նետուելով․ իսկ առաջինը՝ Սիմէոնը, շատ անհասկանալի կերպով գնաց ոստիկանական ասպարէզում ծառայելու։

Թերթերն ուղարկւում էին ծրարներով, ներփակ մի տոմսակով, հետեւեալ բովանդակութեամբ ― «Պարոն Աւանակ, այս խոտը կեր եւ ուրիշներին էլ բաժին հանիր»։

Այդ թերթերն ուղարկում էին ինձ Վլադիկաւկազ, ուր Երեւանի պրոգիմնազիան վերջացնելուց յետոյ ես գնացել էի ուսումս շարունակելու, որովհետեւ Թիֆլիսի ռէալական դպրոցի համապատասխան դասարանում տեղ չէի գտել։

Հայ հասարակութեան ու նամանաւանդ երիտասարդութեան ազգայնական-յեղափոխական այդ զարթումի շրջանումն էր, որ Վանեցի ուսուցիչ եւ հասարակական գործիչ Մկրտիչ Փորթուգալեանը, 1885 թուին փախչելով թիւրք կառավարութեան հալածանքներից, ապաստանեց Ֆրանսա եւ սկսեց Մարսէյլում «Արմենիա» անունով թերթ հրատարակել։

Դժուար չէ երեւակայել  յեղափոխականօրէն տրամադրուած երիտասարդութեան ոգեւորգութիւնը, երբ առաջին անգամ լրագրներում լոյս տեսաւ, ազատ հողի վրայ հրատարակուելիք թերթի լուրը։ Շատ ժամանակ չանցած, առանձին թերթիկով լոյս տեսաւ եւ հէնց իր Փորթուգալեանի յայտարարութիւնը իր հրատարակելիք թերթի մասին։

Բոլորվին դժվար չէ հասկանալ նաեւ երիտասարդութեան հիասթափութիւնը, երբ Փորթուգալեանի այդ յայտարարութեան մէջ կարդացին․ ―

«Արմենիայիս նպատակը լինելու է՝ սերտ կապ ստեղծել եւրոպական քաղաքներում ― Մարսէյլ, Փարիզ, Լոնտոն, Մանչեստր եւ այլն ― ապրող եւ Պոլսի, Իզմիրի, Թիֆլիսի ու այլ տեղերի հայ վաճառականների միջեւ ու մեծ զարկ տալ հայ վաճառականութեանը»։

Կը նշանակէ «Արմենիա»-ն լինելու էր, ոչ թէ մի յեղափոխական թերթ, ինչպէս բոլորն ակնկալում էին, այլ պարզապէս, մի թէեւ ազատամիտ, բայց լիգալ առեւտրական թերթ։

Իսկապէս ուրիշ կերպ էլ չէր կարող լինել․ նախ՝ նրա համար, որ Փորթուգալեանը իր խառնուածքով ու պատրաստութեամբ յեղափոխական մարդ չէր, այլ մի շատ սովորական ազատամիտ-լիբերալ մարդ, որը Թիւրքիայի խաւար մթնոլորտում կարմիր յեղափոխականի համբաւ էր վաստակել։ Բացի դրանից՝ նիւթապէս իբրեւ ոչ ապահով մարդ, նա մտածում էր իր թերթի հասոյթով ապրել, հետեւապէս պիտի աշխատէր այնպէս անել իր թերթը, որ սա մեծ քանակութեամբ տարածուէր եւ ազատ մուտք ունենար թէ՛ Թիւրքիայում եւ թէ՛ Ռուսաստանում։

Այնուամենայնիւ, չնայելով Փորթուգալեանի յայտարարութեան․ «Արմենիա»-ի ընթերցողների մեծագոյն մասը երիտասարդութիւնն էր, այլ ոչ թէ վաճառականները։ Ազգասիրական ոգով լցուած երիտասարդւթիւնը հազիւ հազ՝ գրաքննական կապանքներից ազատ՝ մի հայ թերթ էր գտել եւ ամէն կերպ փայփայում էր նրան։ Ոչ միայն կարդում եւ բաժանորդ էին գրւում թերթին, այլ եւ ռմբակոծում էին նրա խմբագրին բազմաթիւ հայրենասիրական ու յեղափոխական յօդուածներով։ Փորթուգալեանը, ստիպուած, հետզհետէ տեղի էր տալիս երիտասարդութեան պահանջներին, նամանաւանդ, որ կամաց-կամաց հիասթափւում էր վաճառականներից։

«Արմենիա»-ն քանի գնաց, աւելի ու աւելի կարմրեց եւ յեղափոխական գոյն ստացաւ։ Դրա հետեւանքն այն եղաւ, որ թերթի մուտքն արգիլուեց նախ՝ Թիւրքիա եւ ապա՝ Ռուսաստան։ Այդ հանգամանքն ստիպեց Եւրոպայի հայ ուսանողութեանն աւելի սերտ փարել «Արմենիա»ին եւ կրկնապատկել ու քառապատկել նրա բաժանորդների թիւը, որպէսզի խմբագիրը նիւթապէս չտուժի։ Թիւրքիայում եւ Ռուսաստանում էլ արգլուած պտուղ դառնալով, «Արմենիա»-ն սկսեց ստացուել ծրարների մէջ, պոստով եւ գուցէ աւելի մեծ քանակութեամբ քան առաջ։

* * *

«Արմենիա»-ի յեղափոխականացած այդ շրջանը ամենափայլունը պէտք է համարել։ Այդ ժամանակ է, որ սկսեց յեղափոխական կազմակերպութիւն հիմնելու միտքը արծարծուել։

― Անհրաժեշտ է, վերջապէս, խօսքից գործի անցնել, ― ասում էին ամէն կողմից, ― պէտք է մի այնպիսի յեղափոխական ընկերութիւն հիմնել, որի անդամները անպայման Թիւրքիա գնան ու այնտեղ յեղափոխական կազմակերպութիւններ ստեղծեն։

Այս խնդրի շուրջը մի քանի յօդուածներ լոյս տեսնելուց յետոյ, առաջարկութիւն եղաւ, մի ընդհանուր ժողով գումարել եւրոպական քաղաքներից մէկում եւ մի ընդհանուր համաձայնութեան գալով՝ ընկերութեան հիմքը դնել։ Այդ առաջարկութիւնը շատ ջերմ կերպով պաշտպանւում էր մանաւանդ Փարիզի, Մոնպելիէյի եւ Ժընէվի ուսանողների կողմից։

Պէտք է ասել, որ այս վերջինում ընդամէնը չորս կովկասահայ ուսանողներ կայինք՝ Գաբրիէլ Կաֆեանը ու ես, որ նորեկներ էինք, եւ Մկրտիչ Մանուչարեանն ու Նիկոլայ Մատինեանը, որ հներ էին։ Ճիշդ է, մի քանի Պոլսեցի հայ ուսանողներ էլ կային, բայց սրանք մեզ հետ բոլորովին չէին խառնւում, տիպիկ կարիերիստներ էին։

Փարիզի եւ Մոնպելիէյի հայ ուսանողների թիւը շատ աւելի մեծ էր։  Եւ «Արմենիա»-ում լոյս տեսնող ամենաուժեղ յեղափոխական յօդուածները այդ երկու քաղաքներից էին գնում։ Փարիզից գրողը՝ Լեռենցն էր՝ Թաւրիզեցի Աւետիս Նազարբէկեան, իսկ Մոնպելիէյից՝ Կօրանը՝ Աշտարակցի Մաթէոս Շահազիզեանը։

Յեղափոխականօրէն մտածողների համագումար հրաւիրելու գաղափարը արծարծուելու շրջանումն էր, որ Փարիզից Ժընեվ եկան ― 1886թ․ ամառը ― Աւետիս Նազարբէկեանն ու իր նշանածը՝ օր․ Մարիամ Վարդանեանը։

Այս զոյգը հէնց առաջին րոպէից շատ ուժեղ տպաւորութիւն թողեց ժընեվցիներիս վրայ։ Նազարբէկեանը իր արտաքին գեղեցկութեամբ ու բանաստեղծական տեսքով, իսկ օրիորդը իր խիստ վառվռուն ու կրակոտ բնաւորութեամբ ու շարժումներով։

Պէտք է ասել, որ այս վերջինը, իր պատմածի համաձայն, մի փոքրիկ հեղափոխական անցեալի տէր էր։ Թիֆլիսում գիմնազիան աւարտելուց յետոյ, նա նախ գնացել էր Պետերբուրգ իր ուսումը շարունակելու։ Բայց այնտեղ ոգուորուել էր յեղափոխական գործունէութեամբ, մտել էր ռուս յեղափոխական խմբերի մէջ, ու շուտով, նկատելով որ ինքը վտանգուած է, թողել գնացել էր Փարիզ։ Այստեղ հրապուրուելով Նազարբէկեանի գեղեցկութեամբ, յաջողել էր գրաւել նրա սէրը։

Այսպէս, սիրահարուած զոյգը եկել էր Ժընէվ՝ Շուէյցարիայում, ամառուան ամիսներին, մի պտոյտ կատարելու նպատակով։

Այնքա՜ն ոգեւորուած էինք նշանուած զոյգի Ժընէվ գալով, որ թախանձագին խնդրում էինք այլեւս չվերադառնալ Փարիզ, այլ մնալ Ժընէվի համալսարանում ուսանելու։ Մանաւանդ, որ ճիշդ այդ թուին հասարակական գիտութիւնների ֆակուլտետ էր բացւում Ժընէվում, որ զոյգի ցանկացած ֆակուլտետն էր։ Ես ու Կաֆեանն էլ, որ մտադիր էինք հէնց այդ աշնանը Մոնպելիէ գնալ գիւղատնտեսական դպրոց մտնելու, խոստանում էինք նոյնպէս Ժընէվում մնալ։

Մինչ Ժընէվ մնալ կամ չմնալու մասին վերջնական որոշում կայացնելը, մենք ամէնքս, առաւօտից մինչեւ ուշ գիշեր, շարունակ միասին էինք անցկացնում։ Կաֆեանը, որ մինչեւ զոյգի գալը, հայ եւ ռուս ուսանողական շրջաններից հեռացած, քաղաքի մի հեռաւոր ծայրի պանսիոնում էր ապրում, որպէսզի շուտ ֆրանսերէն սովորի, ամէն օր թողնում էր իր պանսիոնը եւ գալիս մեզ հետ էր անցկացնում ամբողջ ժամանակը։ Միայն Ն․ Մատինեանն էր մեզ պակասում, որը նիւթական միջոցների սղութեան պատճառով ստիպուած էր Թիֆլիս վերադառնալ, զոյգի Ժընէվ եկած հէնց առաջին օրերին։

Մեր խօսակցութիւնների ու վէճերի առարկան շարունակ Հայաստանի ազատութեան հարցն էր ու դրան յարակից զանազան յեղափոխական խնդիրներ։

Հարկ է ասել, որ թէ՛ օր․ Վարդանեանը եւ թէ՛ Ա․ Նազարբէկեանը միւսներիցս շատ աւելի ընդարձակ ծանօթութիւն ունէին ռուս եւ ֆրանսական յեղափոխական մամուլի մասին եւ առհասարակ աւելի շատ էին կարդացած։ Բացի դրանից՝ Նազարբէկեանը շատ տաղանդաւոր ճառող եւ վիճող էր, այնքան տաղանդաւոր, որ յաճախ իրան անծանօթ նիւթի մասին վիճելիս էլ՝ կարողանում էր իր ասածն ապացուցանել։

Մի 15 օր մեզ հետ Ժընէվում անցկացնելուց յետոյ, սիրահարուած զոյգը գնաց Շուէյցարիայում պտոյտ կատարելու, որը տեւեց մօտ երկու ամիս։ Վերադարձին նրանք որոշել էին Ժընէվում մնալ։ Համալսարանում պարապմունքները դեռ չէին սկսուել։ Մենք վերսկսեցինք մեզ հաճելի խորհրդածութիւններն ու վիճաբանութիւնները։

Մտածում էինք շարունակ, թէ ինչպէս անենք, որ ցանկացած համագումարը օր առաջ տեղի ունենայ, որպէսզի յեղափոխական կազմակերպութեանը ձեռնարկենք։

Այդ խորհրդակցական օրերից մէկում, անսպասելի կերպով Կաֆեանը ոտքի կանգնեց, յայտարարելով, թէ ինքը հէնց յաջորդ օրը գնում է Մոնպելիէ, տեսնելու համար, թէ ո՞վքեր կան այնտեղ եւ ի՞նչ են մտածում շօշափուած խնդիրների մասին։ Եւ յիրաւի, նա գնաց եւ հազիւ մի շաբաթ անցած, վերադարձաւ հետը մի խումբ ուսանողներ բերելով։

― Մի վագոն տղերք եմ բերել, ― յայտարարեց նա խրոխտաբար, աւելացնելով, թէ ինքը «փռնացրել էր» Մոնպելիէն Ժընէվի հետ եւ գտել էր, որ այս վերջինը շատ աւելի մեծ առաւելութիւններ ունի, թէ՛ ապրելու եւ թէ՛ ուսանելու համար։

Մոնպելիէից եկած հայ ուսանողներն էին՝ Գէորգ Ղարաջեանը, Քրիստափոր Օհանեանը,  Պօղոս Աֆրիկեանը եւ վերոյիշեալ Մատթէոս Շահազիզեանը։

Առաջին երկուսին ես բոլորովին չէի ճանաչում, բայց յետագայում իմացայ, որ Ք․ Օհանեանը այն երկու պատանիներից մէկն էր, որոնց դեռ իմ Երեւանում եղած ժամանակ, չգիտեմ ո՞ւմ խօսքերի ազդեցութեան տակ, Շուշուց փախել էին, որ գնան «Հայաստան ազատելու»։ Ծնողների հեռագրների հիման վրայ նրանց ոստիկանութիւնը բռնել էր Երեւանում եւ յետ ուղարկել։

Մոնպելիէյից եկած վերջին երկու երիտասարդները իմ հայրենակիցներն էին։ Պ․ Աֆրիկեանին ճանաչել էի շատ փոքր հասակում միայն, որովհետեւ ուղարկել էին Թիֆլիս ռէալական դպրոցում սովորելու․ իսկ Մ․ Շահազիզեանի հետ մինչեւ իսկ դասընկեր էի եղել պրոգիմնազիայի II-րդ, թէ՞ III-րդ դասարանում։

Ամբողջ պրոգիմնազիայում Մ․ Շահազիզեան յայտնի էր իբրեւ մի շատ անընդունակ աշակերտ։  Իւրաքանչիւր դասարանում անպայման երկու տարի էր նստում, հենց դրա համար էլ ես, որ նրանից փոքր էի տարիքով եւ դասարանով էլ յետ, եկել հասել էի նրան ու անցել։ Այժմ նա բոլորովին փոխուած էր երեւում, մի շատ կարդացած եւ զարգացած երիտասարդի տպաւորութիւն էր թողնում։

Ինչպէս վերեւում ասացի, «Արմենիա»-ում ամենաուժեղ յօդուածներ գրողներից մէկը սա էր Մոնպելիէյից, Կօրան ստորագրութեամբ։ Այժմ էլ խօսում ու վիճում էր շատ մեծ ինքնավստահութեամբ ու բազմաթիւ հեղինակաւոր փիլիսոփաների եւ այլ գրողների անուններ էր տալիս։ Մի խօսքով՝ մարդը կերպարանափոխուել էր եւ կարծես նոյն Մատթէոսը չէր, որին ես ճանաչել էի Երեւանում։

Իր պատմածներից տեղեկացայ, որ նա իմ Երեւանից հեռանալուց յետոյ, նոյնպէս հեռացել էր ու գնացել Թիֆլիս, որպէսզի լաւ պատրաստուի ու նորից գիմնազիա մտնի, մի-երկու դասարան բարձր։ Թիֆլիսում ընկել էր վերեւում յիշածս Երեւանցի Սիմէօն եւ Սրապիոն Տէր Գրիգորեան եղբայրների ու Գ․ Աղաբաբեանի գաղտնի խմբակցութեանց մէջ ու նրանց ղեկավարութեամբ սկսել էր շատ մեծ թափով ընթերցանութեամբ պարապել։ Բայց ցաւը նրանումն է, որ այդտեղ էլ նրա բնածին անընդունակութիւնը չափազանց մեծ դեր էր կատարել․ նա չէր կարողացել իր կարդացածն ըմբռնել, խորանալ, մարսել, այլ միայն թութակի նման անգիր էր սովորել եւ հենց դրա համար էլ վիճաբանութեան ժամանակ, յաճախ տեսնում էիր այնպիսի հեղինակներից էր մէջբերումներ անում, որոնք միմեանց սաստիկ հակասական էին եւ ժխտում էին իրար։

Մոնպելիէյից այդ չորս ուսանողների Ժընէվ գալուց յետոյ, մեր սովորական վիճաբանութիւնները աւելի տաքացան։ Շուտով պարզւեց, որ Շահազիզեանի հետ անհնարին էր համաձայնութեան գալ, որովհետեւ դժուար էր լինում հասկանալ, թէ ի՞նչ է նա ցանկանում։ Հազիւ մի երկու ամիս անցած նա կտրեց իր յարաբերութիւնները մեր խմբի հետ։ Նրան հետեւեցին՝ Պ․ Աֆրիկեանը եւ Մ․ Մանուչարեանը։

Միջանկեալ ասեմ, որ հազիւ մի տարի անցած Շահազիզեանը անձնասպան եղաւ․ նա իր կոկորդը կտրել էր ածելիով։

«Արմենիա»-ում շարունակւում էր արծարծուել հայ յեղափոխական մի ընկերութիւն հիմնել ցանկացողներից մի ընդհանուր ժողով գումարելու միտքը։ Սակայն, խնդիրը չափազանց ձգձգւում էր։

Սպասում էինք, թէ Փորթուգալեանը գործի նախաձեռնութիւնը իր ձեռքը վերցնի եւ ինքը նշանակի ժողովի տեղն ու ժամանակը։ Բայց նա լռում էր եւ ոչ մի քայլ չէր անում այդ ուղղութեամբ։

Տեսնելով, որ խնդիրը շատ է ձգձգւում, Լեռենցը մի առաջարկութիւն ուղարկեց «Արմենիա»-ին այն իմաստով, թէ քանի որ յեղափոխական ընկերութիւն հիմնելն ուշանում է, թող գոնէ, այդ ընկերութեան համար գումարներ հաւաքուին օր առաջ։ Նա առաջարկում էր Փորթուգալեանին ժամանակաւոր գանձապահի պաշտօն ստանձնել եւ սկսել այդ նպատակով գումարներ ստանալ ու հրատարակել թերթում։

Մ․ Փորթուգալեանը տպագրեց Լեռենցի առաջարկը եւ թերթի հէնց միեւնոյն համարում ծանօթութիւն գրեց յայտնելով․ ― թէ ինքը չէ ցանկանում եւ չէ կարող հիմնուելիք յեղափոխական ընկերութեան մէջ մտնել, ուստի եւ հրաժարւում է այդ ընկերութեան ժամանակաւոր գանձապահի պաշտօնն ստանձնել ու դրամ ընդունել, մանաւանդ որ ինքը մի ուրիշ ընկերութիւն է արդէն հիմնել, որի կանոնադրութիւնը շուտով լոյս կը տեսնի։

Փորթուգալեանի այս յայտարարութիւնը ձմեռ ժամանակուան որոտի տպաւորութիւն գործեց, մինչ այդ ժամանակ նրա վրայ մեծ ակնկալութիւններ ունեցող ոգեւորգուած երիտասարդութեան վրայ։ Մի այնպիսի զայրոյթ ու դժգոյութիւն առաջացաւ, որ դժուար է հիմա նկարագրել։ Եւրոպայի ամէն ծայրերից բողոքներ տեղացին փոփոխամիտ խմբագրի գլխին, կտրուկ կերպով յայատարարելով նրան, թէ այլեւս չեն ցանկանում, մինչ այդ ժամանակ այնքան փայփայուած «Արմենիա»-ն ստանալ։

Ամենից շատ զայրացած ու հիասթափուած էր հէնց մեր՝ Ժընէվի խումբը։ Ի պատասխան Փորթուգալեանի յայտարարութեան՝ Լեռենցը, որ մեր բոլորիցս աւելի ընդունակ եւ տաղանդաւոր գրողն էր, մի ընդարձակ յօդուած գրեց «Հայակեր Քամելիոն» խորագրով, որի մէջ Փորթուգալեանի փոփոխամտութիւնն էր ձաղկւում։ Մենք փող հայթայթելով «Տաշեգրաֆ» անունով գործիքն առանք ու մեծ դժվարութիւններով տպագրեցինք յօդուածը եւ ցրեցինք ամէն կողմ։

«Հայակեր Քամելիոն»-ով մեր խմբակի յարաբերութիւնը ընդմիշտ խզուեց Մ․ Փորթուգալեանի հետ։ Այժմ մենք սկսել էին մտածել մեր սեփական տպարանն ու թերթը ունենալու մասին, որպէսզի հնարաւորութիւն ունենայինք թէ՛ փոփոխամիտ «Արմենիա»-ի դէմ մաքառելու եւ թէ՛ մեր ցանկացած  յեղափոխական ընկերութիւնը հիմնելու։

Մինչ մեր սեփական մամուլ ունենալը, Մ․ Փորթուգալեանը հրատարակեց իր հիմնած ընկերութեան կանոնագիրը։ Ընկերութիւնը, եթէ յիշողութիւնս ինձ չէ դաւաճանում, կոչւում էր «Հայրենասիրաց Միութիւն», որի նպատակն էր՝ Հայաստանից պատանիներ բերել Եւրոպա, կրթել, ուսում տալ նրանց, որպէսզի նրանք, հայրենիք վերադառնալով, բարեկարգեն երկիրը։

Ինչպէս տեսնում էք, Փորթուգալեանի այդ ընկերութիւնը, ոչ մի կապ եւ առնչութիւն չունէր յեղափոխական գործունէութեան հետ։

Իր հիմնած ընկերութեան կանոնադրութիւնը հրատարակելու հետ միասն, Փորթուգալեանը հրատարակել էր նոյնպէս, թէ այդ ընկերութիւնը իր մէկ սանն էլ ունի Մարսէյլում, որն ուսանում էր, չեմ յիշում, թէ ինչ դպրոցում։

Մի քանի տարի յետոյ ես տեսայ այդ երիտասարդին Մարսէյլում։ Նա Վանեցի էր, շատ յաջողութեամբ աւարտել էր «Հայրենասիրաց Միութիւն»-ի հաշուով եւ ամուսնանալով մի ֆրանսուհու հետ, այլեւս չէր ցանկացել վերադառնալ հայրենիք։

Տարօրինակն այն է, որ հակառակ «Արմենիա»-ի ու իր խմբագրի չափազանց զգուշաւոր ու հակայեղափոխական դիրքին, Վանում չափաւոր յեղափոխականների մի կազմակերպութիւն էր ստեղծուել «Արմենիա»-ի մօտիկ աշխատակից Աւետիսեանի ջանքերով։ Այդ կազմակերպութեան անդամները կոչւում էին «Արմենականներ» եւ նրանց մասին ոչ ոք տեղեկութիւն չունէր մինչեւ 1895 թուականը, երբ նրանք՝ զէնքը ձեռքներին՝ միանալով տեղական Հնչակեան եւ Դաշնակցական մարտիկների հետ, կռուի դուրս եկան թիւրք զօրքերի դէմ եւ բոլորն էլ կոտորուեցին Վանից Պարսկաստան տանող ճանապարհի վրայ։

Այդ կռուի ղեկավարներն էին՝ Հնչակեան Մարտիկ Սարուխանյանը (Շուշեցի), Դաշնակցական Պետօն՝ Ալեքսանդր Պետրոսեանը (Ալեքսանդրապոլցի) եւ Արմենակ Ավետիսեանը (Վանեցի), որոնք ամիսներ, գուցէ եւ տարիներ իրարու դէմ մաքառած լինելով հանդերձ, ընդհանուր վտանգի առաջ միանալով, մարտնչեցին կողք-կողքի եւ ընկան միասին։ 


«Հայրենիք» ամսագիր, #8, 1927 

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ