Զարգացող երկրներ vs Հայաստան. մաս 2-րդ

Բնական աճ

Զարգացող երկրներին բնորոշ է բնական բարձր աճը, որը միջինում կազմում է 2% (բացառությամբ Չինաստանի): Դա խնդիրներ է ստեղծում կառավարության համար, որն էլ միջոցառումներ է ձեռնարկում բնական աճը նվազեցնելու համար: Բարձր բնական աճը բերում է ժողովրդագրական խնդիրների, որոնք անմիջապես ազդում են երկրի տնտեսական զարգացման վրա։ Բնակչության աճը նախ լարվածություն է առաջացնում զանգվածային սպառման բոլոր օղակներում՝ ավելացնելով սպառողական պահանջարկը, ավելանում են նաև աշխատանքային ռեսուրսները։ Այս խնդիրները լուծելու նպատակով պետությունը պետք է ստեղծի նոր աշխատատեղեր, որոնք էլ պահանջում են լրացուցիչ ներդրումներ։ Այս և շատ ուրիշ պատճառներով զարգացող երկրներին բնական աճի բարձր ցուցանիշը ձեռնտու չէ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա բնական աճի ցուցանիշով մենք նման ենք զարգացած երկրներին։ Ի տարբերություն շատ զարգացող երկրների՝ մեր կառավարությունը խրախուսում է 2-ից ավել երեխաների ծնունդը բնական դրական աճը ապահովելու համար: Սակայն Հայաստանում բնական աճի ցուցանիշը տատանվում է 0,4-1%-ի միջև: Ինչպես փաստում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, մեր երկրում բնական աճը սկսել է զրոյանալ, և շուտով այն կդառնա բացասական, ինչպես եղավ Վրաստանում (-1,2)։ ՄԱԿ-ի կատարած հետազոտության համաձայն՝ մեր երկիրն իր բնական աճի 0,2% ցուցանիշով 195 երկրների շարքում զբաղեցնում է 172-րդ հորիզոնականը։ Բնակչության բնական աճի նման ցուցանիշը բացատրվում է արտագաղթի մեծ թվով, ծնելիության անկմամբ, որն էլ պայմանավորված է երկրի ցածր կենսամակարդակով։ Տնտեսության մեջ տիրող ներկայիս բարձր գները և ցածր աշխատավարձերը պատճառ են, որ քաղաքացիների մեծ մասը չի ցանկանում ունենալ 2-ից ավել երեխա։ Բնական աճի ցածր ցուցանիշի պատճառ են նաև երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, ինչի դեմ պետությունը պայքարում է։

Արտաքին պարտք

Զարգացող երկրների համար (և ոչ միայն) խիստ կարևոր տնտեսական ցուցանիշ է համարվում արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը։ Յուրաքանչյուր երկիր պետք է հետևի իր արտաքին պարտքի մեծությանը, քանի որ, եթե արտաքին պարտքի չափը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 60%-ի և, որ ավելի վատ է՝ հատել է այն, ապա երկիրը դասվում է առավել ծանր պարտք ունեցող երկրների շարքին։ Զարգացող երկրներից Չինաստանում արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 14,9%, Թուրքիայում՝ 36,3%, Չեխիայում՝ 45,5%, Բրազիլիայում՝ 57,3%, Մարոկկոյում՝ 57,8%, Հվ․Կորեայում՝ 27,8%: Հայաստանի արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 49.4% է։ Ճիշտ է, սա դեռևս ծայրահեղ ցուցանիշ չէ, սակայն մտահոգվելու տեղիք է տալիս, մանավանդ, որ կառավարությունը չի դադարում վարկավորվելու համար նոր աղբյուրներ փնտրել։ Վարկավորման հիմնական աղբյուրները միջազգային ֆինանսական ընկերություններն են (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ), որոնք այդ գումարը տրամադրում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի առողջացման համար, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, վարկավորումը սովորաբար ունենում է հակառակ էֆեկտը (բնական է, որ սա պայմանավորված է միջոցների ոչ նպատակային օգտագործմամբ):

Գնաճ

Հաջորդ ցուցանիշը, որը, կարելի է ասել, խեղդում է զարգացող երկրների տնտեսությունները, գնաճն է, որը տպավորիչ թվերի է հասնում հենց զարգացող երկրներում։ Աֆրիկա մայրցամաքի երկրներից ամենաբարձր գնաճը եղել է Նիգերիայում՝ 10%։ Թեպետ պետք է նշել, որ վերջին տարիներին զարգացող երկրներից շատերում գրանցվել է գնաճի չափավոր մակարդակ։ Օրինակ՝ Չինաստանում 2015 թվականին գրանցվել է 1,19% գնաճ, Բրազիլիայում՝ 4,7%, որը զգալի բարելավում է, քանի որ այս երկիրը 2010 թվականին հայտարարել էր 5,9% գնաճի մասին, Ինդոնեզիայում՝ 4,6%, որը ևս բարելավում է, քանի որ նույն 2010 թվականին Ինդոնեզիայում գնաճը կազմեց 7%, այսինքն՝ անցել էր նպատակային գնաճի սահմանները՝ 4-6%- ը։ Մեր երկրում, պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարի արձանագրված գնաճը կազմում է 3%։ Սա նորմայի սահմաններում է, քանի որ ԿԲ-ն գնաճի նպատակային մակարդակ է սահմանել 4%±1,5% գնաճը։ Հայաստանի ԱՎԾ–ի տվյալներով` 2016 թվականի հունվարից մարտ ամիսներին գրանցվել է 1,4 տոկոսանոց գնանկում։ Միաժամանակ Հայաստանում սպառողական գները 2016 թվականի մարտին, 2015 թվականի մարտի համեմատ, նվազել են 2%-ով։ Պարենային ապրանքների գնաճը զարգացող երկրների համար, ուր մարդկանց եկամուտները հազիվ են բավականացնում առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, կարող է ունենալ կատաստրոֆիկ նշանակություն: Այդ պատճառով պետությունը խստագույնս հետևում է գների աճի միտումներին։ Հայաստանում ևս գների աճի վերահսկումը առաջնային բնույթ ունի, որի վկայություն է գնաճի զսպմանն ուղղված՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարած քաղաքականությունը։

Գործազրկություն և արտագաղթ

Ինչպես նշվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տարածած զեկույցի մեջ 2015 թվականին աշխարհում գործազուրկ է եղել 191,7 մլն մարդ, 2016 թվականին այդ ցուցանիշը կավելանա ևս 2,3 մլն-ով։ ԱՄԿ-ի հետազոտությունների բաժնի ղեկավարի խոսքերով՝ զարգացող երկրների անկայուն տնտեսական վիճակը պայմանավորված է ֆինանսական շուկաների անկայունությամբ, էներգակիրների գների կտրուկ նվազմամբ, որը հատկապես ազդում է դրանք արտահանող զարգացող երկրների վրա, համաշխարհային պահանջարկի նվազմամբ, որոնք անմիջականորեն ազդում են ձեռնարկությունների գործունեության վրա․ վերջիններս էլ չեն շտապում ստեղծել նոր աշխատատեղեր, դեռ ավելին՝ կրճատում են։ Բացի այս ամենը մեծ ուշադրություն է պետք դարձնել զարգացող երկրներում մեծ չափերի հասած թաքնված զբաղվածության վրա։ Այս երկրներում շատ մարդիկ ստիպված են լինում չնչին աշխատավարձի դիմաց կատարել ծանրագույն աշխատանք։ Զեկույցի մեջ նշվում է, որ զարգացող երկրների համար առաջնային խնդիրներից է նաև զբաղվածության ոլորտի կանոնակարգումը, գործազրկության մակարդակի կրճատումը, թաքնված զբաղվածության վերացումը։ ԱՄԿ-ի փորձագետները փաստում են, որ աշխարհի զբաղվածների ընդհանուր թվի 46%-ը կազմում են ոչ պաշտպանված զբաղվածները (աշխատանքային վատ պայմաններ, նվազագույնից ցածր աշխատավարձ, հավելյալ աշխատաժամեր, շահագործում), որոնք հիմնականում զարգացող երկրներից են, ուր անպաշտպան զբաղվածների ընդհանուր թվաքանակը կազմում է այդ երկրների աշխատողների ¾-ը։ Այս ցուցանիշը հասել է իր բարձրակետին Հվ․ Ասիայի (74%) և Աֆրիկայի (70%) երկրներում։ ՀՀ-ը գործազրկության իր ցուցանիշներով հետ չի մնում զարգացող երկրներից: ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2015 թվականին գործազրկությունը մեր երկրում կազմել է 18,5%: ՀՀ-ում գործազրկության նման ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ մեծ է թաքնված զբաղվածների և գործազուրկների թիվը, իսկ նվազագույն (55.000 դրամ) և միջին (180.000 դրամ) աշխատավարձը չի կարող նորմալ կենսամակարդակ ապահովել: Բացի այդ Հայաստանում արմատացած է «գործազուրկ» հասկացության սխալ ընկալում, ըստ որի՝ գործազուրկ է նա, ով չունի աշխատանք։ Սակայն, ըստ ընդունված ստանդարտների, գործազուրկ է համարվում այն անձը, ով չունի, սակայն ակտիվ կերպով փնտրում է աշխատանք, գտնելուն պես պատրաստ է անմիջապես անցնել գործի և գրանցված է զբաղվածության կենտրոնում։ Մինչդեռ մեր երկրի քաղաքացիներն անգամ չգիտեն զբաղվածության կենտրոնի տեղը։ Զարմանալի չէ, որ այս ամենը, իհարկե, կազդի վիճակագրական ցուցանիշների վրա։ Գործազրկությունից էլ զարգացող երկրների առջև ծառանում է մյուս հիմնահարցը՝ արտագաղթը: ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2013 թվականի դրությամբ աշխարհում գաղթականների թիվը 232 մլն է, որը կազմում է Երկիր մոլորակի բնակչության 3,2%-ը։ Տվյալները ցույց են տալիս, որ զարգացող երկրներից մարդիկ արտագաղթում են ոչ միայն զարգացած, այլև ուրիշ զարգացող երկրներ, մասնավորապես 2013 թվականին զարգացող երկրում ծնված և այլ զարգացող երկիր արտագաղթած մարդկանց թիվը 82,3 մլն է, մինչդեռ զարգացած երկիր արտագաղթածներինը՝ 81,9 մլն։ Ասիայից արտագաղթած 19 մլն մարդ բնակվում է Եվրոպայում, 16 մլն մարդ՝ Հս․ Ամերիկայում։ Արտագաղթյալների թվով հաջորդ երկրներն են Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները, որտեղից գաղթած մարդկանց մեծ մասը (26 մլն) բնակվում է Հս. Ամերիկայում։ Հվ. Ասիայից արտագաղթած 36 մլն մարդուց 13,5 մլն-ը գաղթել են Արևմտյան Ասիայի նավթարդյունահանող երկրներ։ Սիրիայում տեղի ունեցող դեպքերի հետ կապված մեծացել է Մերձավոր Արևելքից Եվրոպա գաղթածների թիվը։ Հատկապես զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ մեծ է «ուղեղների արտահոսքը»: ՀՀ-ը ևս բացառություն չէ: Մեր երկրում առաջին զանգվածային արտագաղթը տեղի ունեցավ 1988 թվականի երկրաշարժի պատճառով: Երկիրը լքեց մոտ 220.000 մարդ: Այնուհետև 1991-92 թթ. սոցիալ-տնտեսական ճգնաժամը պատճառ հանդիսացավ զանգվածային արտագաղթի նոր հոսքի առաջացմանը, երբ մարդիկ գնում էին արտասահման՝ աշխատանք գտնելու և իրենց ընտանիքին ապրուստ ուղարկելու: Սա աշխատանքային բնույթի ճգնաժամ էր: Արտագաղթողների վերաբերյալ ստույգ վիճակագրական տվյալները բացակայում են, սակայն պաշտոնական տվյալներ ամեն դեպքում կան։ Ըստ այդ տվյալների՝ մեր երկրից վերջին 17 տարիների ընթացքում արտագաղթել է 366,195 մարդ։ Բնական է, որ այս թիվն արտագաղթողների իրական թվի կեսն էլ չի կազմում։ Մասնավոր հետազոտությունները փաստում են, որ մեր երկիրը լքել է 1 մլն-ից ավել մարդ: Սա բերում է ազգի արհեստական ծերացման (60 և բարձր տարեկան անձինք կազմում են բնակչության 14.4%-ը): Ըստ մասնագետների՝ ՀՀ-ում ներկայումս սկսվել է արտագաղթի նոր ալիք, որը կրում է սոցիալ-հոգեբանական բնույթ:

Զարգացող երկրներին բնորոշ է նաև մեծ կախվածություն՝ գյուղատնտեսական արտադրությունից և տնտեսական՝ զարգացած երկրներից։ Սովորաբար զարգացող երկրներում գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում մեծ է, քանի որ այս երկրների տնտեսությունները սովորաբար դեռևս գտնվում են ագրարային փուլում։ Մեր երկրում գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում ևս մեծ է՝ 19,3%։ Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, այս ցուցանիշը հասնում է 0,7%-ի և 1,7%-ի։ Տնտեսական կախվածությունը զարգացած երկրներից ինքնին հասկանալի է․ զարգացած երկրները վարկավորում են զարգացողներին, ներդրումներ են կատարում նրանց տնտեսություններում, համարվում են արտագաղթի հիմնական ուղղություններ և այլն։ Զարգացող երկրներին անհրաժեշտ է օգնություն իրենց տնտեսությունները ծանր վիճակից հանելու համար, իսկ այդ օգնությունները կարող են տրամադրել զարգացած երկրները։ Հայաստանի տնտեսական կախվածության մակարդակը զարգացած երկրներից իհարկե մեծ է, սակայն Հայաստանի դեպքում առանձնահատուկն այն է, որ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես ավելի շատ կախված ենք ոչ թե զարգացած, այլ զարգացող երկրից՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից։

Կանխատեսումներ

Համաշխարհային բանկը մեր երկրի համար կանխատեսել է ՀՆԱ-ի 2.2% աճ 2016 թվականին։ Վարկանիշային Moody’s գործակալությունը ևս կանխատեսել է նույնչափ աճ։ Գործակալության վերլուծաբանները գտնում են, որ Հայաստանի տնտեսությունում առկա է ներքին պահանջարկի ցածր մակարդակ, բացի այդ Ռուսաստանում տիրող տնտեսական իրադրությունն իր անմիջական ազդեցությունն է թողնում մեր երկրի տնտեսության վրա։ Մասնավորապես ռուսաստանյան տնտեսական իրավիճակի վատացմամբ կրճատում են այդ երկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները։ Նշենք, որ տրանսֆերտները կազմում են մեր երկրի ՀՆԱ-ի 15%-ը, և սրանցից 80%-ը ուղարկվում է Ռուսաստանից։ Վարկանիշային մեկ այլ գործակալություն՝ Fitch Ratings-ը, կանխատեսում է հայաստանյան տնտեսության 2%-ի հասնող աճ, որը պայմանավորված է հումքի գների նվազմամբ և, իհարկե, Ռուսաստանի տնտեսության վիճակով։ Նշենք նաև, որ ըստ ԱՎԾ տվյալների՝ Հայաստանում տնտեսական աճը 2015 թվականին կազմել է 3%: Նմանատիպ ցուցանիշները փաստում են մեր երկրի բարձր խոցելիությունը արտաքին ազդակների նկատմամբ։ Վարկանիշային ընկերությունների և Համաշխարհային բանկի փորձագետները մի շարք լուծումներ են առաջարկում Հայաստանի համար, սակայն որքան էլ դրանք լավը լինեն, անհրաժեշտ է բարելավումները սկսել խորքային շերտերից և հայ փորձագետների մասնակցությամբ, քանի որ մեզնից լավ մեր խնդիրներին ոչ ոք ծանոթ չէ։ Պետք է նշել, որ զարգացող երկրներից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները, որ այսօր բավականին գոհացուցիչ տնտեսական ցուցանիշներ ունեն, ոչ հեռու անցյալում՝ 1980-ական թթ., ևս կանգնած են եղել նույն սոցիալ-տնտեսական խնդիրների առջև, որպիսիք Հայաստանում են․ 3-4%-անոց գնաճի մակարդակ, գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում էր ՀՆԱ-ի ավելի քան 21%-ը, գործազրկությունը կրում էր թաքնված բնույթ։ Բնական է, որ այս ամենի վրա ազդեցին նաև տարածաշրջանում տեղի ունեցող պատմական անցքերը․ Չեխոսլովակիայի բաժանումը, ԽՍՀՄ-ի անկումը և այլն։ Սակայն արդեն 90-ականների կեսերից այս երկրների տնտեսություններում նկատվեց տնտեսությունների աշխուժացում, մի շարք սոցիալ-տնտեսական ցուցանիշների բարելավում։ Այս ամենը պայմանավորված էր այս երկրների կողմից որդեգրած վերափոխումների մոդելով, որը ներառում էր հետևյալ տարրերը՝ հակամենաշնորհային քաղաքականություն, գների ազատականացում, սեփականաշնորհման գործընթաց, հակակոռուպցիոն պայքար, բանկային համակարգի ռեֆորմ, տնտեսությունում պետության դերի վերանայում և այլն։ Այս գործիքների կիրառման շնորհիվ գրանցվեցին տնտեսական, ՀՆԱ-ի աճի ցուցանիշներ, ՀՆԱ-ի մասնաբաժնում ավելի քան 7 անգամ կրճատվեց գյուղատնտեսության մասնաբաժինը, փոխարենը ավելացավ արդյունաբերության մասնաբաժինը (Չեխիա՝ 49%, Հունգարիա 35%), կրճատվեց նաև ինֆլյացիայի տեմպը։ Այս երկրներում սկսեցին մեծ ուշադրություն դարձնել ծառայությունների ոլորտին, մասնավորապես ֆինանսական և տուրիստական։ Այսպիսով՝ այս երկրները դարձել են հետարդյունաբերական երկրներ և իրենց փորձով ապացուցում են, որ ճիշտ քաղաքականության դեպքում կարելի է հասնել տնտեսական մի շարք բարելավումների։ Բացի այդ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսությունների վրա մեծապես ազդել են նաև Եվրամիության հետ ունեցած կապերը։ Ակնհայտ է, թե որքան ընդհանրություններ ունեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների նախկին և Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակները։ Այս ամենից ելնելով՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունը։

Եզրակացություն

Զարգացող երկրների և Հայաստանի վերը դիտարկված սոցիալ-տնտեսական տվյալները ցույց են տալիս, որ մեր երկիրը զարգացող երկրների շարքում զբաղեցնում է միջինացված հորիզոնականներ ։ Պետք է փաստենք, որ Հայաստանն ունակ է գրանցելու ավելի լավ արդյունքներ։ Մասնավորապես, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների փորձը փաստում է այն մասին, որ հնարավոր է Հայաստանի տնտեսությունը դուրս բերել ներկա իրավիճակից։ Տնտեսության բարելավման վրա մեծապես կարող է ազդել Իրանի՝ միջազգային ասպարեզ դուրս գալը։ Հայաստանը, լինելով ԵՏՄ կառույցին անդամակցող երկիր, կարող է կապող օղակ հանդիսանալ Իրանի և ԵՏՄ-ին անդամակցող մյուս երկրների շուկաների միջև։ Բացի այս՝ մեր երկրում, ինչպես աշխարհի շատ զարգացող երկրներում, հասկացել են ՏՏ ոլորտի կարևորության աստիճանը, նրա դրական ազդեցությունը թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով։ Պետությունը գործադրում է լծակներ այս ոլորտի զարգացման համար` ՏՏ ոլորտի ձեռնարկություններին տալով հարկային արտոնություններ, կազմակերպելով ցուցահանդեսներ, որտեղ ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքը (օր․՝ ամենամյա Digitec Expo-ն), աշխատանքներ են տարվում Հայաստանում զբոսաշրջության աշխուժացման համար, վերջինս, ի դեպ, կառավարության կողմից դիտարկվում է որպես գերակա ուղղություն։ Իրականում ցանկացած երկիր ունի զարգանալու բազում հնարավորություններ, հարցն այն է, թե երկիրն ինչպես է օգտագործում այդ հնարավորությունները։



Հեղինակ՝ Աննա Մինասարյան (Anna Minasaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև

  1. Զարգացող երկրներ vs Հայաստան. մաս 1֊ին