Տրանսմեդիա

Քրոսմեդիա, Մուլտիմեդիա և Տրանսմեդիա

Մեդիա ուսումնասիրությունների գիտնական Ռենիրա Ռամպացո Գամբարատոն տրանսմեդիա պատմությունների երեք տարբեր տեսակների, «Մատրիցա» (The Matrix) ֆիլմի և այն մասին, թե ինչու են մեզ հարկավոր տրանսմեդիա պատմությունները։

 

Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Թարգմանչական և խմբագրական պրակտիկա» ծրագրի շրջանակում:

Տրանսմեդիա պատումը նոր եզր է, նոր հղացք, բայց որպես երևույթ այն բավականին հին է: Մենք կարող ենք այնպիսի պատմությունների մասին խոսել, ինչպիսիք են, օրինակ, «Ալիսը հրաշքների աշխարհում» կամ «Օզի կախարդը», «Տարզանը», որոնք ստեղծվել են 100 տարի առաջ և համարվում են տրանսմեդիա պատումին վերաբերող պատմությունների ամենաառաջին տեսակները։ Սակայն տրանսմեդիա պատումի եզրը, հղացքը ստեղծել է ամերիկացի պրոֆեսոր Հենրի Ջենքինսը 2003 թ.-ին, ուստի, այս առումով, այն բավականին նոր է: Գուցեև դրա պատճառով է, որ այն առայժմ լայնորեն բաց է, հետևաբար, այն ավելի շուտ տրանսմեդիա պատումի թռուցիկ հղացք է, քան դրա վերջնական գաղափարը կամ սահմանումը: Այնուամենայնիվ, մենք դեռևս կարող ենք նկատել տրանսմեդիա պատումի՝ այն առաջինը գաղափարականացնող Հենրի Ջենքինսի կողմից նկարագրված որոշ հիմնական առանձնահատկություններ:

Այսպիսով, կարող ենք դիտարկել տրանսմեդիա պատումի զարգացման ընթացքը: Նախևառաջ, խոսքը բազմաթիվ մեդիա հարթակների մասին է, ուստի այն չի սահմանափակվում մեկ միջոցով։ Այն միայն գիրք, կինո ու տեսախաղ չէ, այլ պատմություն, որը սփռված է մի քանի մեդիա հարթակներում. օրինակ՝ սերիալ, գիրք, կոմիքս, տեսախաղ և այլն: Երկրորդ ասպեկտը խիստ կարևոր է. խոսքը բովանդակության ընդլայնման մասին է, ինչը նշանակում է, որ պատմությունը տարածվում է տարբեր մեդիա հարթակներում, ուր այն ոչ թե կրկնվում, այլ ընդլայնվում է, պատմությունն աճում է, պարունակում նոր տարրեր, նոր տեղեկություն և նոր բովանդակություն: Սա շատ կարևոր է տրանսմեդիա պատումը հասկանալու համար. այսպիսով, տրանսմեդիա պատումը ոչ թե բովանդակության կրկնությունն է, այլ դրա ընդլայնումն այնպես, որ նոր և համապատասխանող բովանդակություն ներկայացվի տարբեր մեդիա հարթակներում: Երրորդ տարրը, որն էական է տրանսմեդիա պատումի համար, լսարանի ներգրավվածությունն է: Ներգրավվածությունն այսօր մոդայիկ բառ է դարձել, և առկա են դրա մի քանի տարբեր ընկալումներ, բայց մեզ համար այս պահին կարևոր են առնվազն երկու հիմնական ասպեկտ՝ շփումն ու մասնակցությունը, որպեսզի լսարանն ինչ-որ կերպ ներգրավվի պատմության մեջ։

Այս երեք տարրերը մեզ թույլ են տալիս տրանսմեդիա պատումն ընկալել իբրև ինտեգրված փորձառություն, այսինքն՝ այս բոլոր տարրերը ոչ թե անկանոն ձևով ցուցադրվում, այլ լսարանի համագործակցությամբ կազմակերպված, ինտեգրված կերպով տարածվում են տարբեր հարթակներում: Սա տրանսմեդիա պատումի հիմնական գաղափարն է: Ուշագրավ է նշել նաև, որ այն վերաբերում է ինչպես գեղարվեստական պատմություններին, այնպես էլ՝ ոչ գեղարվեստական համատեքստերին: Օրինակ՝ այսօր մենք ունենք ոչ միայն զվարճանքին, այլ նաև ակտիվիստներին, քաղաքականությանը, լրագրությանը, շուկայավարմանը, բրենդինգին վերաբերող տրանսմեդիա պատումներ։ Սա հետաքրքիր է ընդգծել:

Մենք կարող ենք խոսել նաև տարբեր տիպի տրանսմեդիա պատմությունների կամ տրանսմեդիա նախագծերի մասին: Ռոբերտ Պրաթենը առաջարկում է տրանսմեդիա պատմությունների երեք տարբեր տեսակ: Առաջինը՝ թերևս ամենատարածվածը, կոչվում է տրանսմեդիա ֆրենչայզ (transmedia franchise): Ի՞նչ է դա նշանակում։ Տրանսմեդիա ֆրենչայզը, հավանաբար, այն է, ինչ բոլորը մտածում են տրանսմեդիայի մասին. ամենահայտնի օրինակը, գուցե, «Մատրիցա» ֆիլմն է, 1999 թ.-ի նախագիծը` երեք ֆիլմերի եռապատմամբ, բայց նաև «Մատրիցա»-ի պատմաշխարհին վերաբերող մի շարք այլ ընդարձակումներով։ Այսպես, ունենք ֆիլմերը, սակայն կան նաև անիմացիոն ֆիլմեր, կան կոմիքսներ, ապա նաև՝ տեսախաղեր և այլն:

Այսպիսով, ո՞րն է ֆրենչայզի հիմնական առանձնահատկությունը: Ֆրենչայզում պատմության բոլոր այս տարրերը տարածվում են տարբեր մեդիա հարթակներում, սակայն դրանք մի տեսակ անկախ են, ինչը նշանակում է, որ ցանկության դեպքում կարող եք պարզապես դիտել «Մատրիցա»-ի ֆիլմերից մեկը, վայելել այն, լավ ժամանակ անցկացնել և բավարարվել դրանով։ Գուցե դուք կցանկանաք երեք ֆիլմերն էլ դիտել, որպեսզի ավելի խորը հասկանաք պատմությունը, և այդ ժամանակ կվայելեք այն, կամ գուցեև  երբեք չեք դիտի ֆիլմերը, սակայն կխաղաք խաղը, և սա նորմալ է: Այսպիսով, գաղափարն այն է, որ այս տարբեր տարրերը կարող են հանդես գալ իբրև մեկնակետ, միջոց, որը թույլ կտա մարդկանց կապի մեջ լինել, սկսել շփվել տվյալ պատմաշխարհի հետ, և, երբ նրանք արդեն մուտք գործեն այնտեղ, կարող են որոշել, թե արդյոք ուզում են ճանապարհվել և անցնել դրա մյուս բոլոր առաջարկվող ընդարձակումներով: Սա է տրանսմեդիա ֆրենչայզի գաղափարը:

Երկրորդը կոչվում է պորտմանտո տրանսմեդիա (portmanteau transmedia): Պորտմանտոն ֆրանսերեն բառ է, որը նշանակում է «կրել» (port) և «բաճկոն» (manteau), այսինքն ճամպրուկի տեսակ է, որի մեջ կարող եք իրեր դնել: Այսպիսով, պորտմանտոյի գաղափարը, թերևս, ցույց է տալիս, որ տարբեր մեդիա հարթակներում ունենք տարբեր տարրեր, որոնք, սակայն, ինչ-որ առումով փոխկախված են, որպեսզի լսարանն իրապես հասկանա, թե ինչ է կատարվում, որպեսզի այն իսկապես լավ փորձառություն ունենա: Պորտմանտո տրանսմեդիայի դասական օրինակն է այլընտրանքային իրականության խաղը, որը ներկայումս արդեն քաջ հայտնի է։ Այս խաղի կարգախոսն է «Սա խաղ չէ», այսինքն՝ այն հանելուկների լուծման կամ գանձերի որոնման փորձառության տեսակ է. մարդիկ պետք է հետևեն հուշումներին և կայքից գնան, օրինակ, հեռախոսազանգ ստանալու, այնուհետև միանան կենդանի իրադարձության կամ վերադառնան առցանց բլոգ: Այսպիսով, այլընտրանքային իրականության խաղերը սովորաբար ներառում են առցանց և անցանց փորձառություններ: Եվ, որպեսզի լսարանը հասկանա պատմությունը, պետք է անցնի բոլոր տարրերով: Սա է պորտմանտո տրանսմեդիայի գաղափարը:

Երրորդը կոչվում է համապարփակ տրանսմեդիա փորձառություն (complex transmedia experience)։ Այն, ըստ էության, վերը նշված երկու տեսակների համադրությունն է, ուստի երբ ունենք պատմության մասեր, որոնք ֆրենչայզ են, այսինքն՝ կարող են ինքնուրույն փորձառվել, հնարավոր է նաև տվյալ պատմաշխարհում ներգրավված այլընտրանքային իրականության խաղ ունենալ: Սրա լավ օրինակ է «Կորուսյալները» (Lost) հեռուստասերիալը: Այն ստեղծվել է իբրև տրանսմեդիա պատմություն, և, սերիալից բացի, ունի մի քանի այլ տարրեր. այսպիսով, կան խաղեր, մի քանի կայքեր, ինչպես նաև այլընտրանքային իրականության խաղ, որը կոչվում է «Կորսված փորձառություն» (The Lost Experience)։ Ֆրենչայզի համադրությունը այլընտրանքային իրականության խաղի հետ մեզ տալիս է այն, ինչը կոչվում է համապարփակ տրանսմեդիա փորձառություն:

Թերևս հիմա, եզրափակելու համար, կարող ենք անդրադառնալ տրանսմեդիա պատումին վերաբերող գլխավոր հարցերից մեկին՝ ինչի՞ համար է այն, ինչու՞ են մեզ հարկավոր տրանսմեդիա պատմությունները, կամ մենք իսկապե՞ս նման արտադրության կարիք ունենք, արդյո՞ք այս ամենի նպատակը միայն դրանից ստացվող շահույթն է: Նման հարցերը կարևոր են, որպեսզի մենք կանգ առնենք և փորձենք հասկանալ այս տիպի փորձառության արժեքը: Կարելի է ասել, որ այստեղ առաջնայինն, իհարկե, փող աշխատելու միտումն է, հատկապես, օրինակ, երբ խոսում ենք բոլոր այն հոլիվուդյան բլոքբաստերների մասին, որոնք վերաբերում են տրանսմեդիային, ինչպիսինն է, ասենք, «Ավատար»-ը (Avatar)։ Անշուշտ, այստեղ դեր է խաղում ֆինանսական ասպեկտը, շահույթը, դրանից գումար վաստակելու մտադրությունը:

Բայց մենք հավատում ենք, որ այս փորձառության նպատակը միայն սա չէ,  այն ավելին է, քան սոսկ փող աշխատելը: Ինչո՞ւ։ Որովհետև կան մի շարք այլ նախագծեր, որոնք ամենևին ուղղված չեն շահույթ ստանալուն կամ բոլորովին չունեն մեծ բյուջե ունենալու նպատակ։ Ուստի շատ հետաքրքիր է նաև գիտակցել, որ տրանսմեդիա նախագիծ արտադրելու համար պրտադիր չէ, որ ունենանք բոլոր այն ռեսուրսները, որոնց տիրապետում է, օրինակ, Հոլիվուդը: Այս առումով, որպես օրինակ կարող են ծառայել ամբողջ աշխարհում ստեղծվող ակտիվիզմի բոլոր նախագծերը, որոնք, սովորաբար, բացարձակապես շահույթ չեն հետապնդում և դրանցից գումար վաստակելու որևէ մտադրություն չունեն, սակայն, որպես կանոն, միտված են մարդկանց որոշակի հարցերի շուրջ իրազեկելուն:

Այսպիսով, կարող ենք ասել, որ տրանսմեդիա պատումի նպատակը լսարանին ավելի իմաստալից փորձառություն առաջարկելն է, հարստացնող փորձառություն մատուցելը. այսինքն՝ մարդիկ, որոնք հետաքրքրված են որոշակի պատմաշխարհով և որոշակի խնդրով, կարող են հնարավորություն ունենալ ավելի խորանալ և ավելի շատ տեղեկություն ձեռք բերել,  խորանալ ու ավելին իմանալ այն պատմաշխարհի մասին, որը նրանց դուր է գալիս, որի հետ նրանք կապված են և որն ինչ-որ կերպ նշանակալի է նրանց համար:

Ռենիրա Ռամպացո Գամբարատո. Տնտեսագիտական ​​բարձրագույն դպրոցի, Մեդիայի դպրոցի կապի, մեդիայի և դիզայնի ֆակուլտետի դոցենտ

Բնօրինակի հեղինակ՝ Renira Rampazzo Gambarato, Serious Science


Թարգմանիչ՝ Մերի Պետրոսյան (Meri Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։