Զարեհ Որբունի․ 20-րդ դարավերջի արևմտահայ գրականության ըմբոստը

Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Թարգմանչական և խմբագրական պրակտիկա» ծրագրի շրջանակում:

Զարեհ Որբունին միայնակ թափառական էր։ Ժանրն ու դարաշրջանը ընդգրկող ստեղծագործական հավաքածուում նա այնպես մարմնավորեց արևմտահայ գրականության մեջ նոր, փորձարարական և օրինազանց գեղարվեստականությունը, որպես քիչ գրողներ կարող էին կամ էլ ցանկություն ունեին մրցելու նրա հետ։ Բեղմնավոր գործունեություն ծավալելով 1960-70-ականներին, երբ ընթերցողների թիվը և գրականության նկատմամբ հետաքրքրությունը անկումային էին, Որբունու մշակութային ապոթեոզը հայկական սփյուռքի աչքերում տեղի չունեցավ վերջինիս կենդանության օրոք. այդժամ նրան ընթերցում ու նրանով հիանում էին միայն փոքրաթիվ հայազգի մտավորականներ՝ 1922-ից 1980 թվականը՝ մինչև վերջինիս մահը, հիմնականում կենտրոնացած նրա համար տուն հանդիսացած Ֆրանսիայում: 

Որբունին 1967 թվականին (Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան)

Սակայն Որբունու անհայտ լինելը պատճառաբանված չէ, հատկապես այն ժամանակահատվածում, երբ հայկական սփյուռքի մշակույթի փորձաքարերը գնալով մաշվում են, և շատերն են որոնում թարմությունն ու մտավոր զորությունը, որ Որբունին մարմնավորում էր։ 

Որբունու աշխատանքը մտքի ու արտահայտչության արդիության արտացոլումն է, որ համաքայլ է ժամանակակից աշխարհին. աշխարհ, որը արևմտահայ գրականության մեջ շատ հաճախ ստորադասվում է պատմականին։ Նրա ստեղծականությունը մարտահրավեր է նետում այն գաղափարին, որ հայ գրականությունը պատկանում է այլ ժամանակաշրջանի, այլ աշխարհի և այլ սերնդի, որ այն հոգս ու ձանձրույթ է, որը պետք է ընթերցել պարտավորությունից դրդված և ոչ հաճույքի համար, և որ այն չի կարող ընթերցողի մեջ խոսել մարդկային վիճակի մասին՝ նախքան նրա կամ նէ «հայկական վիճակի» միջով անցելը։ Այս ամենից անդին Որբունու գործունեությունն ապացուցում է, որ 20-րդ դարի վերջին արևմտահայ գրականությունը ամբողջապես չէր կորցրել իր զորությունը, որ այն, փաստացի, մեծ փոխակերպման գործընթացի մեջ էր։ 

Որբունու գործը փորփրելու առաջին մեծ փորձերը, և դրանով այս բևեռացված գործչին առաջին պլան բերելը գալիս է իր «Թեկնածուն» վեպի անգլերեն թարգմանության շնորհիվ, որը լույս է տեսել այս ամիս Սիրակուզի համալսարանի հրատարակչությունում։ Հաջորդելով 1920-ական թթ․ Փարիզում երկու հայ փախստականների փորձություններին ու տանջանքներին՝ այս հատորը՝ Իշխան Ջինբաշյանի և Ջեննիֆեր Մանուկեանի թարգմանությամբ, Մարկ Նշանեանի հետգրությամբ, իր հիմքում ունի մեկնություն առ հայ-թուրքական հաշտեցման (ան)հնարինություն, զոհաբերության տուրք, տրավմաների ու սիրո ցնցումներ, որոնք երբեմն-երբեմն արտացոլում են դրա հեղինակի թափառումները, ներհայաց և անուղղափառ կյանքը։ 

 ***

Չնայած՝ վերջինիս կյանքն ու գրականությունը անքակտելիորեն կապված են Ֆրանսիայի հետ, այնուամենայնիվ, Զարեհ Որբունին (ի ծնե Էոքսյուզյան) ծնվել է Օսմանյան Օրդու քաղաքում՝ Սև ծովի ափին, 1902 թվականի մայիսի 24-ին։ Նրա սովորական մանկությունը՝ նման իր սերնդի այլ գրողների մանկությանը, ընդհատվեց 1915-ին, երբ ջարդերի մասին լուրերը հեղաշրջեցին այն։ Ջանալով փրկել սեփական կյանքերը՝ Էոքսյուզյան ընտանիքն իսլամ ընդունեց։ Որբունին գրում է, որ իր հայրն ամեն oր գնում էր տեղի մզկիթ, որպեսզի հավաստիություն հաղորդի իր ընտանիքի դավանափոխությանը, բայց երկու ամիս անց Օսմայան իշխանությունները որոշում են, որ նորադարձները ևս կարտաքսվեն մնացյալ հայ բնակչության հետ։ Որբունին և իր քույրերն ու եղբայրները փրկվեցին արտաքսումից թուրք ընկերների շնորհիվ, որոնք ընդունեցին նրանց և խոստացան հոգ տանել, մինչև ծնողների վերադարձը։ Սակայն, վերադառնալու էր միայն Որբունու մայրը։ Արտաքսման ճանապարհից շեղվելուց հետո, Որբունու ծնողներն ուղևորվեցին Թոքաթ, որտեղ ճանաչում էին քաղաքապետին և նրա ընտանիքին։ Նախքան դեպի հետ՝ Օրդու վերադարձի համար ջորեվար վարձելը, Որբունու հայրը թողնում է կնոջը նրանց մոտ, սակայն ջորեվարը, տուն չհասած, սպանում է նրան։ «Անգամ երբ մայրս վերադարձավ փախուստի դիմած այլ հայազգի արտաքսյալների հետ, մենք տարիներով չէինք կարողանում գիշերը քնել՝ ականջներս դռանը սեղմած՝ սպասելով դռան հանկարծակի զանգին և շեմին հորս հայտնվելուն»,- Գուրգեն Մահարուն ավելի ուշ կգրի Որբունին[1]։ Մեկ տարի շարունակ Որբունին թափառում է քաղաքից քաղաք մոր՝ չորս երեխաներին պահելու համար գործած փեշդեմալները (սրբիչները) վաճառելով, հընթացս հույս փայփայելով տեղափոխել նրանց ավելի ապահով վայր Ռուսաստանում։ 1918 թվականին նավապետին դիմելուց և կաշառելուց հետո, նրան հաջողվում է անցնել Սև ծովն իր զավակների հետ և ժամանել Սևաստոպոլ, Ղրիմ։ Գերմանական ուժերը նոր էին սկսել լքել քաղաքը և դաշնակից տերություններն ու հակաբոլշևիկյան սպիտակ բանակը զբաղեցնում էին իրենց տեղերը։ 16-ամյա Որբունին շուտով աշակերտում է հայազգի կոշկակարի մոտ, որ Շապին–Գարահիսարից էր, և հետագայում՝ որպես դժվար ճանապարհ անցած գրող, վերհիշում է այս ժամանակարջանը՝ փափագելով ապահով կյանքը, որն այդ արհեստում վարպետանալու արդյունքում կգար։

1919 թվականին, երբ բոլշևիկները մտան քաղաք, Որբունու մայրը նորից տեղափոխվեց իր ընտանիքի հետ և այս անգամ արդեն Կոստանդնուպոլիս, որպեսզի զավակները ստանան այն հայկական կրթությունը, որ ինքն ու ամուսինն էին նախատեսել նրանց համար։ Կորցնելով ֆորմալ կրթության հինգ տարին՝ Որբունին նույն թվականին սկսում է հաճախել Սկյուտարի հեղինակավոր Պերպերյան վարժարան։ 19-րդ դարի վերջից սկսած՝ Պերպերյան վարժարանը Կեդրոնական վարժարանի հետ եղել են հայ մտավորականության ուսուցման հարթակները և ձևավորելու են ազգային վերածննդի վերջին խումբը Օսմանյան կայսրության անկման և Թուրքական Հանրապետության հիմնադրման միջակայքում։ Այս շրջանավարտներն են, ներառյալ Որբունին, որ 20-րդ դարի կեսերին կսնուցեն մտավոր կյանքը հայկական սփյուռքի հեռավոր անկյուններում։

Լինելով ուսանող զինադադարի ժամանակաշրջանի Կոստանդնուպոլսում՝ Որբունին ծաղկող հայ գրական կյանքի կենտրոնում էր, ինչն առերեսում էր նրան որոշ գրական դեմքերի հետ, որ ուղղորդելու էին նրան դեպի գրականություն՝ իր ցկյանս ուրախությունն ու տանջանքը։ Այս նոր ուղղվածության հետ եկավ և նոր անուն, որը տրվել էր նրան Պերպերյան վարժարանում գտնվելու առաջին իսկ օրը։ Հենց այդ օրը թուրքական ծագմամբ Էոքսյուզյանը հայացվեց Որբունու՝ նշանավորելով անցյալի հետ կապի խզումը, որում Որբունին մեծ կարևորություն էր տեսնում․ «Միգուցե այստեղ տեսանելի է ֆրոյդյան մի մեկնություն՝ Էդիպի բարդույթը։ Սպանիր հորդ՝ նրանից քեզ ազատագրելու համար։ Այսկերպ ես սպանեցի հորս՝ փոխելով անունս․ և գտա իմ ազատությունը»,- ասում է Որբունին իր՝ 1978 թվականի հարցազրույցում [2]։ 

Իր ազատությունը եկավ առավելապես գրելու միջոցով։ Որբունու անհագ ընթերցումը ուսանողական տարիներին օգնեց նրան ձևավորել գրական հոտառություն, որը թույլ տվեց նրան նման հստակ ոճով գրել առավել ուշ շրջանում։ Հայկական ու ֆրանսիական պոեզիան նրա ամենամտերիմ ուղեկիցներից էին Կոստանդնուպոլսում, որ վերջիվերջո դրդեցին նրան գրելու իր առաջին պատառիկները: «Մի օր, Կոստանդնուպոլսի Librairie Mondiale-ում վերցրի Վեռլենի պոեզիայի հավաքածուն։ Ինձ ծանոթ էր նրա անունը, բայց երբ սկսեցի կարդալ առաջին բանաստեղծությունը. «Հիշողությո՛ւն, ինչ ես ուզում ինձանից․․․,» ինքս ինձ ասացի, որ պիտի հենց այսպես գրեմ՝ ազատագրելու ինքս ինձ։ Գրեցի այսկերպ՝ ազատագրելու համար ինքս ինձ» [3]։

Սակայն, ի տարբերություն ֆրանսիացի գրողների, որոնց ճանաչում էր միայն տպագրով, իր համար մեծարելի հայ գրողների հետ նա ծանոթացավ իրական կյանքում։ Մատթէոս Զարիֆեանը՝ զինադադարի ժամանակաշրջանի գրական ասպարեզի նոր լուսատուներից մեկը, ոչ միայն ուսուցիչ էր Որբունու դպրոցում, այլև երբեմն ժամանակ էր անցկացնում այն տանը, որտեղ Որբունին սենյակ էր վարձակալել։ Որբունին ապրում էր Զարիֆեանի fiancée-ի (ֆրանսերենից հարսնացու, նշանած)՝ Նոյեմիի ընտանիքի հետ, և Զարիֆեանի հաճախակի այցերը թույլ տվեցին սկսնակ գրողին զգալ, որ գրելն իր կարողության սահմաններում է․ «Շատ անգամներ Զարիֆեանը թուղթ չէր ունենում։ Ես կամացուկ հանում էի գրպանիցս թղթի կտորներ՝ իր պոեմների համար»,- Որբունին հպարտորեն ավելացնում է,- «Ես Զարիֆեանի պոեզիայի համար շատ էջեր եմ հատկացրել» [4]։

Երբ Որբունին գրեց իր առաջին բանաստեղծությունը՝ «Գառնուկս», որ սիրատոչոր ներբող էր Սյուզաննա անունով մի աղջկա, 1922 թվականի հուլիսին Վահան Թեքեյանն էր, որ այն հրատարակեց «Ժողովրդի ձայնը» թերթի առաջին էջում։ Այդ շրջանի գրական տաղանդների իսկական հետահան Թեքեյանը մտադրված փնտրում ու հրատարակում էր խոստումնալից գրողներին՝ որպես միջոց կանխելու հայ գրականության լճացումն ու անկումը։ «Ես տպագրեցի քո պոեմը, որովհետև պոետ ես»,- գրում է Թեքեյանը [5]։ Թեև հակիրճ՝ այս խոսքերը լեգիտիմացրին Որբունու հետաքրքրությունը գրականության հանդեպ և քաջալերեցին նրան շարունակել։

Երբ Որբունին գրեց իր առաջին բանաստեղծությունը՝ «Գառնուկս», որ սիրատոչոր ներբող էր Սյուզաննա անունով մի աղջկա, 1922 թվականի հուլիսին Վահան Թեքեյանն էր, որ այն հրատարակեց «Ժողովրդի ձայնը» թերթի առաջին էջում։

Սակայն Որբունին Կոստանդնուպոլսում թողեց իր բանաստեղծական արվեստն ու իր նոր կյանքը սկսեց արձակում։ Մամուլում նրա բանաստեղծության հայտնվելու հաջորդ իսկ օրը, նա 1922 թվականի վերջին ամիսներին առաջխաղացող քեմալական ուժերից փախչող հայերի հոսանքի հետ մեկտեղ նստեց դեպի Ֆրանսիա ուղևորվող նավը՝ երկիր, որը տասնամյակների ընթացքում տեսնելու էր նրա ստեղծագործության զարգացումը, շրջադարձը, ընդհատումը և վերջիվերջո հասունացումը։

Մարսելը դեպի արձակ և քաղաքական, գրական և մտավոր հակումների մշակում Որբունու առաջին գրոհումների վայրն էր, որը կապելու էր նրան իր ժամանակակիցներին և միաժամանակ զատեր նրանցից։ Նրա գրվածքներն ու գաղափարները նախ իրենց արտահայտությունը գտան այդ շրջանում ավելացող հայկական գրական հանդեսներում։ Նա և ընկերը՝ Պետրոս Զարոյանը համալրեցին հրատարակումների այս տարափը իրենց կարճաշունչ «Նոր հաւատք» գրական հանդեսով։ Հիմնադրված լինելով Մարսելում 1924 թվականին, «Նոր Հաւատք» հանդես էր նոր սերնդի համար, որ ապրում էր նոր երկրում, նոր պայմաններում։ Իր նպատակներում վեհ՝ այն ձեռնամուխ եղավ հակազդելու ցեղասպանությամբ և ցիրուցան լինելուց հրահրված մտավոր հյուծմանը՝ գրականության շուրջ համախմբելով նոր սերնդի ներկայացուցիչներին, խնդրելով նրանց «արտահայտել իրենց իղձերը, ոգեշնչումները, սպասումները և տեսակետները, մի խոսքով, իրենց նոր հավատքը» [6]։

Թեև «Նոր հաւատք» իր առաջին թողարկումից այն կողմ չշարունակվեց, հաջորդող տարիների ընթացքում էլ Որբունին իր արձակագրության և տարբեր գրական հանդեսներում աշխատանքի միջոցով ջանում էր կանխել այդ մտավոր հյուծումը։ 1924 թվականին տեղափոխվելով Փարիզ՝ քաղաք, որը 1920-1930-ականներին դառնալու էր արևմտահայ գրականության կենտրոնը, մեծացան իր հետ համաբան այլ երիտասարդ գրողների հետ համագործակցելու հնարավորությունները՝ վերափոխելով նրանց անհատական աշխատանքը միասնական շարժման՝ «Մենք»-ի: 

«Մենք»-ը գրական խումբ էր բաղկացած 15 երիտասարդ հայ գրողներից՝ ներառյալ այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Նիկողոս Սարաֆեանը, Շահան Շահնուրը և Վազգեն Շուշանեանը, որոնք նույնանուն գրական հանդես ստեղծեցին։ Հրատարակվելով 1932-33 թվականներին՝ այս հանդեսը համերաշխության աղբյուր էր գրականությամբ առանձնապես չհետաքրքրված համայնքում ապրող հայ գրողների համար։ «Մենք ձգտում ենք դառնալ այն շաղախը, որ կապում է աշխարհի չորս անկյուններում ցրված հայ գրողներին և այսկերպ նպաստել նոր հայ գրականության ազատ զարգացմանն ու հարստացմանը»,- գրել են հիմնադիրները իրենց առաջին թողարկումը ներկայացնող հռչակագրում [7]։ Չնայած՝ հռչակագիրը ստորագրելուն և հանդեսում հրատարակված երեք գործերին [8]՝ Որբունին իրեն խմբի մաս չէր զգում․ «Ես պատկանում էի այս սերնդին, բայց երբևէ ինձ այդ սերնդի մաս չզգացի։ Ես երբեք չեմ զգացել ինձ նույնքան հասուն, որքան մյուսները»,- գրում է նա[9]։ Այնուամենայնիվ, Որբունին համաշունչ էր անցյալի գրականության հետ կապը խզելու և դրա հիմքի վրա ինչ-որ նոր բան ստեղծելու խմբի մղումի հետ։ «Մենք պետք է հակադրվեինք մեզ նախորդողներին… Մենք ուզում էինք նրանց ջարդը տալ։ Դա ընդվզում էր ամենքիս սրտում և հենց այս ընդվզումն էր, որ հիմք դրեց մեր գրականությանն ընդդեմ այս հոնչոուների*» [10]:

Որբունի, չթվագրված (Աղբյուրը՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան)

Այդ հոնչոուները օսմանյան հայ գրականության վերապրող հին գվարդիան էին, (Հակոբ Օշական, Կոստան Զարեան, Վահան Թեքեյան և ուրիշներ) որ տիրապետող էին գրական շրջանակում մինչև 1915-ը, սակայն «Մենք»-ի աչքերում հարմար չէին նոր սփյուռքյան դժվար կացությունը հասցեագրելու համար։ Որբունու համար բացառություններից մեկը Զապել Եսայանն էր, որ 1920-ականներին հաստատվեց Ֆրանսիայում, հարեց սոցիալիզմին և սկսեց խմբագրել խորհրդայնամետ «Երևան» հանդեսի գրական էջերը։ 1924-1937 թթ. ընթացքում լինելով կոմունիստական կուսակցության անդամ՝ Որբունին միաբան էր Եսայանին գաղափարաբանական տեսակետներում և տպագրում է իր կարճ պատմվածքները այդ հանդեսում։ 1920-ականներին արևմտահայ գեղարվեստական գրականության դոյեն** և այս խոստումնալից գրողը սկսեցին հաճախակի նամակագրական կապ պահել։ 1927 թվականի մայիսին թվագրվող նամակում Եսայանը հորդորում է Որբունուն ժամանակ հատկացնել գրելուն՝ նշելով, որ ինքը մեկ տարի առաջ Սովետական Հայաստան կատարած այցի ժամանակ դասախոսել է Որբունու ստեղծագործությունների մասին․ «Գրում եմ այս ամենը, քանի որ հավատում եմ քեզ։ Թերևս ամենաշատն եմ քեզ հավատում․․․ համոզված եմ, որ քեզ առջևում մեծ ճամփորդություն է սպասվում, բայց կարևորն այդ ճանապարհից չշեղվելն է» [11]։

Եվ ճանապարհորդությունից այդ նա չշեղվեց։ 1929 թվականին՝ 27 տարեկանում, Որբունին տպագրում է «Փորձը»՝ առաջինը յոթ վեպերի շարքից, որը գրելու համար մի ամբողջ կյանք էր պահանջվելու և միևնույն է՝ մնար անավարտ։ «Հալածուածները» շարքը մտածված էր որպես միջոց՝ պատմելու 1920-ականների Ֆրանսիայում հայ փախստականների պատմությունը ռեալիստական արձակի միջոցով՝ քաղաքական ենթատեքստով․ ««Հալածվածները» շարքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ճիչ ընդդեմ հայ ժողովրդի հանդեպ գործված անարդարության։ Ուզում եմ՝ մեծագույն ջանքերս ուղղվեն հանուն արդարության։ Հենց դրա համար եմ գրում պատմություններս» [12]։

Բայց ի տարբերություն մյուս հայ գրողների, որոնք օգտագործում էին իրենց ձեռագրերը իբրև արդարության փնտրտուքի միջոց, Որբունին չէր կարծում որ իր ձեռագրերը տեղավորվում են նույն տիրույթում։ Այս տիրույթը, որը նա անվանում է «հայկական գետտո» բնորոշվում էր ծխականությամբ, որը հրաժարվում է հայացքը դուրս՝ ավելի լայն աշխարհին դարձնել։ Նրան դուր չէին գալիս «ախ, վայ, Արարատ» գրողները՝ կենտրոնացած միայն կորստի ու հայրենաբաղձության վրա, և ձգտում էր ստեղծել այնպիսի գրականություն, որը կհամապատասխաներ նույն մտավոր խստապահանջությանն ու գրական տրամաչափին, որը նա կարդում էր հայկական գետտոյից դուրս [13]։

Որբունու պատմվածքները նպատակ ունեին ձեռնոց նետելու այս «փոքր ժողովրդի հոգեբանությանը»՝ խարխլելով այն իր այլընտրանքով [14]։ Իր գրվածքներով նա քննադատում է «հայկական գետտոյի» տաղտկությունն ու միջակությունը և ընթացքում փորձում բարձրացնել արևմտահայ գեղարվեստական գրականության ստանդարտը։ Նա նաև դիտարկում էր գետտոյից դուրս գրելը որպես անձնական ու ազգային կատարսիսի ձև. էական գրական կերպարանափոխությունների համար, որին նա ձգտում էր․ «Մինչ գրելը, մենք մի վիճակում ենք, ուր այնքան հիշողություններ ունենք, ասես ապրել ենք հազար տարի և ուզում ենք թոթափել դրանք։ Հնդկական փիլիսոփայությունը ենթադրում է, որ պիտի դատարկենք մեր միտքը և դատարկենք մշտապես, որպեսզի այն լցվի նոր բաներով։ Հակառակ դեպքում, նույն բաները մշտապես ներսում թողնելը, կհանգեցնի վերջիններիս փտեցման։ Նույնն է գրողի ու գետտոյի դեպքում։ Միևնույն մտքերը սկսում են փտել կամ էլ սկսում են վխտալ թրթուրներով։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կտրվենք այդ տիրույթից, դուրս գանք դրանից, որպեսզի մաքուր օդը ներս հոսի» [15]։

Որբունու կարծիքով` հայկական գետտոյի գրականության մարմնավորումը Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպն էր՝ հրատարակված նույն տարում, ինչ «Փորձը», որը սակայն ստացավ շատ ավելի մեծ ճանաչում։ Չնայած՝ երկու վեպն էլ կենտրոնացած են Ֆրանսիայում մի երիտասարդ հայ փախստականի փորձությունների շուրջ, (Շահնուրի դեպքում Պետրոս/Պիէռը Փարիզում, իսկ Որբունու դեպքում՝ Մինասը Մարսելում), «Նահանջ առանց երգի»-ն դիմում էր հայկական համայնքին համակած պարտվողականության ու ֆատալիզմի զգացումին։ «Քառասուն տարի հետո, քո այդ գրքի մասին են խոսելու, և ոչ թե իր,- գրում է Եսայանը Որբունուն, մխիթարելով նրան «Նահանջ առանց երգի» վեպի հաջողությունից հետո: «Դա այն պատճառով, որ քոնում է, որ կան իրական հարցադրումներ, իսկ իր գործում չկա գեթ մեկը» [16]։

Եսայանը ճիշտ էր, և ոչ միայն «Փորձ»-ի հարցում։ Որբունու բոլոր վեպերը միաժամանակ բացահայտում ու վեր են հանում հարցեր այնպիսի հարակայուն թեմաների շուրջ, ինչպիսիք են ռոմանտիկ և պլատոնական սերը, կապիտալիզմը և սոցիալիզմը, գենդերն ու սեքսուալությունը, մարդկային վիշտը, մենությունն ու գոյության տհաճությունը։ Իր հարցադրումների հարատևությունը դարձնում է վերջինիս ստեղծագործությունները՝ ներառյալ «Թեկնածուն», (տպագրված մոտ կես դար առաջ և մեկ դար առաջ ընթացող) ցնցող իրենց թվացյալ հարակայուն խոհեմությամբ։

«Թեկնածուն»՝ երկրորդը «Հալածվածները» շարքում, սկսվում է Փարիզում, 1927 թվականին, նրանով, որ Մինաս անունով երիտասարդ բանաստեղծը գտնում է իր ընկերոջ՝ Վահագնի մարմինը իրենց համատեղ բնակարանի հատակին։ Հատված առ հատված Մինասը պատմում է լատինական թաղամասի սրճարաններում Վահագնի հետ ունեցած իր հանդիպման մասին, նրանց միավորող ընկերության, Փարիզում թուրք ուսանող Զիայի հետ իրենց խոսակցությունների, Վահագնի՝ Զիային սպանելու և Վահագնի ինքնասպանության մասին։

Վեպի հիմքում նամակն է, որ Վահագնը թողնում է Մինասին՝ բացատրելու Զիայի սպանության հանելուկը և իր սեփական ինքնասպանությունը։ Նամակը պատմում է Վահագնի ու նրա մոր՝ Օսմանյան կայսրությունում գտնվող իրենց գյուղից արտաքսման, անապատով նրանց երթի, մոր մահվան և մի թուրք կնոջ՝ Ֆատմայի կողմից Վահագնի որդեգրման մասին, որը բռնաբարում ու շահագործում է նրան, Ֆրանսիայում նրա օտարման ու ինքնաօտարման զգացողությունների, Զիայով նրա մոլուցքի և տրավմայից հետո կյանքին հարմարվելու իր անկարողության մասին։

Որբունու գործերը փորփրելու առաջին մեծ փորձերը և դրանով այս բևեռացված գործչին առաջին պլան բերելը գալիս է իր «Թեկնածուն» վեպի անգլերեն թարգմանության շնորհիվ, որը լույս է տեսել այս ամիս՝ Սիրակուզի համալսարանի հրատարակչությունում։

1967 թվականին՝ առաջին հրատարակման ժամանակ, «Թեկնածուն» քիչ ուշադրություն գրավեց՝ մեծապես հիասթափեցնելով հեղինակին։ «Ես ռեալիստ եմ»,- կյանքի վերջում տրտնջում էր Որբունին։ «Ես ուզում եմ ցույց տալ կյանքն ինչպես որ է, այդ դեպքում ինչո՞ւ է նրանց դուր գալիս Գրիգոր Զոհրապի «Կյանքն ինչպես որ է»-ն, և չեն հավանում իմը [17]։ Որբունին անցկացրեց իր կյանքը՝ փորձելով թոթափել այս անտարբերությունը և ազատվել դրա պատճառած դժբախտությունից։ Նա մեկն էր, ով կյանքն առավել խորն ապրեց գրելու միջոցով, ով զոհաբերեց նյութական հարմարություններն ի նպաստ իր գրվածքների, և ով հավատաց, որ իր ստեղծագործությունները կարող են ազատագրել հայերին իրենց պահպանողականությունից և մշակութային կղզիացումից։ Սակայն, նրան լավագույն դեպքում անտարբերությամբ էին դիմավորում․ «[Հայերը] ընթերցողներ չդառան։ Մեծն Դանիել Վարուժանի «Հեթանոս երգերի» 1000 կամ 2000 օրինակը, որ տպագրվել էին [1912-ին] և 1930-ին, ես դեռ տեսնում էի Մարսելի գրախանութներում։ Դրանք չէին վաճառվում։ Նույնիսկ մեծն Վարուժանի գիրքը չէր վաճառվում։ Հայ ժողովուրդը չունի գրականության կարիք։ Նրանք հետաքրքրված չեն դրանով» [18]։

Բայց ի տարբերություն Շահնուրի [19] և իր սերնդակից այլ գրողների՝ Որբունին չի թողնում հայերենը հօգուտ ֆրանսերենի։ Նա շարունակեց գրել լեզվով, որն ավելի ու ավելի քիչ մարդիկ կարող էին կարդալ և մարդկանց համար, որ ավելի ու ավելի քիչ էին մտածում գրականության մասին։ Նա գրեց՝ չնայած պոռնոգրաֆիայի մեջ մեղադրվելուն, չնայած իր գրական ավանգարդիզմի նկատմամբ ծաղրին և չնայած իր կյանքի գործի նկատմամբ ընդհանուր արհամարհանքին։ Անկախ այս ամենից՝ նա շարունակում էր գրել հայերեն՝ խթանելու հույսով այն մշակութային շարժը, որն այդպես էլ տեղի չունեցավ։ «Մարդիկ բանտարկել են իրենց։ Նրանք նետել են իրենց զնդանը։ Դուք լույս եք բերում և նրանք հանկարծակի գոռում են. «Անջատե՛ք լույսը», որովհետև վարժվել են խավարին» [20]։

Հիմա՝ հայկական սփյուռքի համար մշակութային անհանգիստ ու հարցադրումային շրջանում, Որբունու աշխատանքները կարող են ավելի ուժեղ արձագանք ստանալ, քան կես դար առաջ էր։ Այժմ, նա կարող է ունենալ լսարան, որը պատրաստ է իր արմատական, տարակարծիք գրականությանը, որ մղում է ընթերցողին վերանայել, թե ինչպիսին կարող է լինել արևմտահայ գրականությունը։ Թարգմանության մեջ, այս ըմբոստն այժմ կարող է երկրորդ շանսն ունենալ՝ գնահատվելու կյանքի օրոք անտեսանելի մնացած ստեղծագործականության և ինքնատիպության համար։

Հղումներ

[1] Avagian, L. (Ավագյան, Լ.) (ed.). (2016). Որբունի. «Կենսագրական շաղակրատութիւն Մահարիի հետ». Retrieved from http://inknagir.org/?p=6644.

[2] Pchakchian, M (Պչաքճեան, Մ.) (1980). Միաձայն զրոյց Զարեհ Որբունիի հետ. Բագին 19(10), 50-64: 58. Though published in 1980, the interview was conducted in Paris in 1978.

[3] Ibid., 56.

[4] Avagian (Ավագյան), «Կենսագրական».

[5] Ibid.

[6] Cited in Beledian, K. (2001). Cinquante ans de littérature arménienne en France: du même à l’autre. Paris: Centre national de la recherche scientifique: 36.

[7] Menk 1 (Մենք 1) (1931): 3.

[8] These pieces were notes on life and art in Որբունի, Զ. (1931). «Գրպանի տետրակ» Մենք 1(1), 34-36 and Որբունի, Զ. (1931). «Գրպանի տետրակ» Մենք 2(1), 73-75; as well as a short story Որբունի, Զ. (1932). «Գինովը» Մենք 4-5(1), 225-230.

[9] Beledian, K. et Kurkjian, H. (1978). “Avec ‘un habitant de la diaspora’: Zareh Vorpouni, écrivain,” Hayasdan Monthly 388(1), 8-14: 12.

[10] Ibid., 13.

[11] Avetisian, A. (Ավետիսյան, Ա.) (Ed.). (1977). Զապել Եսայան. Նամակներ. Երեվան: Երեվանի համալարանի հրատարակչություն: 266.

[12] Pchakchian (Պչաքճեան), 58.

[13] Ibid.

[14] Ibid., 55.

[15] Ibid., 56.

[16] Avetisian (Ավետիսյան), 266.

[17] Pchakchian (Պչաքճեան), 53.

[18] Ibid., 59.

[19] Սկսած 1939 թվականից՝ Շահան Շահնուրը նոր կեղծանուն է վերցնում՝ Արմեն Լյուբեն, և սկսում կարճ պատմվածքներ ու բանաստեղծություններ գրել ֆրանսերենով: Այս անվան տակ նա վեց գիրք է լույս ընծայում և ֆրանսիական գրական շրջանակներում իր համար նշանակալի ավանգարդ բանաստեղծի համբավ վաստակում:

[20] Pchakchian (Պչաքճեան), 50.

Ծանոթագրություն

* [Խմբագրի կողմից] honcho՝ Հյուսիսամերիկյան մշակույթին հատուկ բառ է, որը ոչ պաշտոնական խոսելաոճում օգտագործվում է առաջնորդ, ղեկավար, պատասխանատու իմաստով: Գալով բառի արմատներին հարկ է նշել, որ այն սերում է 1940-ականների ճապոնական hanchō կամ «խմբի ղեկավար»-ից և Միացյալ Նահանգներ է թափանցել Երկրորդ աշխարհամարտից հետո՝ Ճապոնիայի օկուպացման ընթացքում այնտեղ ծառայող զինվորականների շնորհիվ:

** [Խմբագրի կողմից] doyenne 19-րդ դարից եկող ֆրանսերեն բառ է, որով բնորոշում են որոշակի ոլորտում մեծ համբավ ու հեղինակություն ունեցող կնոջն իբրև ամենաազդեցիկն իր ասպարեզում:

Բնօրինակի հեղինակ՝ Jennifer Manoukian, The Armenian Weekly


Թարգմանիչ՝ Դիանա Հովհաննիսյան (Diana Hovhannisyan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: