ՄԱՍ ԱՌԱՋԻՆ 

Ի՞նչ գիտենք մենք 

Ամեն օր հազարավոր վերնագրեր ցույց են տալիս կորոնավիրուսի վերջին տվյալները: Թվերն աճում են այնպիսի գլխապտույտ տեմպերով, որ ընթերցողների մեծամասնության համար կարող են ճնշող լինել։

Հիմա այն ժամանակն է, երբ մեզ պետք են հստակ և հուսալի տվյալներ։

Այն, թե ինչպես են անհատներն ու կառավարություններն արձագանքում այդ տվյալներին, ոչ միայն կօգնի մեզ ապահով մնալ, այլև ի վերջո անհրաժեշտ կլինի կորոնավիրուսային համաշխարհային համավարակը կասեցնելու համար:

Անորոշությունը շատ է

Ինչ մենք չգիտենք… Ինչ մենք գիտենք

Եթե դուք դեռ չգիտեիք, ապա նշենք, որ կորոնավիրուսի հաղորդվող տվյալները փաստեր չեն, բայց դրանք լավագույնն են, ինչ մենք ստացել ենք:

Ոչ մի տվյալների բազա հստակ չի ներկայացնում իրականությունը: Ամեն օր առողջապահական հազարավոր աշխատողներ, պետական մարմիններ և հետազոտողներ հավաքագրում, մշակում և կիսվում են վիրուսի մասին իրենց գիտելիքով: Նպատակը ամենահուսալի տվյալների հավաքագրումն է, որոնք կարող են օգնել մարդկանց հասկանալ վարակի բռնկումը դրա տարածմանը զուգընթաց:

Որքան շատ երկրներ հավաքեն և կիսվեն իրենց փորձով, այնքան մենք ավելի կմոտենանք իրականությանը:

Ալ-Ջազիրան, ինչպես շատ այլ լրատվական ցանցեր, հիմնականում օգտագործում է Ջոնս Հոփքինսի համալսարանի կորոնավիրուսային տվյալների շտեմարանը, որը միավորում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (Centers for Disease Control and Prevention), Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (European Centre for Disease Prevention and Control), ինչպես նաև տեղական լրատվամիջոցների և կառավարական աղբյուրների տվյալները։

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ 

Ի՞նչ են նշանակում այս տվյալները

Առավել լայնորեն հաղորդվում են հետևյալ դեպքերը․ մահեր, առողջացումներ, հաստատված և ակտիվ դեպքեր: Ստորև մենք պարզաբանում ենք, թե ինչ են նշանակում այս եզրույթները:

Հաստատած դեպքեր
Դեպքերի անհայտ թիվը շատ ավելի բարձր է․․․
Հաստատված դեպքերը վիրուսի առկայության դրական արդյունք գրանցած մարդկանց քանակն է։

Կորոնավիրուսի ծածուկ բնութագրիչներից է դրա քիչ կամ ընդհանրապես առանց ախտանիշների տարածումը։ Սա նշանակում է, որ աշխարհում իրականում վարակված մարդկանց թիվը հավանաբար շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքերի թիվը:

 Եթե ստուգված չեք, ձեզ չեն հաշվում:

Վիրուսները, ներառյալ COVID-19-ը, հակված են արագ տեմպերով տարածման, ինչը նշանակում է, որ դրանք շատ արագ են բազմանում։ 2020 թվականի մարտի 6-ին աշխարհում գրանցվեց 100,000 հաստատված դեպք, մեկ ամիս անց՝ մեկ միլիոն, և եթե վիրուսը շարունակի աճել այս տեմպերով, մինչև մայիս այս թիվը կարող է հասնել 10 միլիոնի:

Դա է պատճառը, որ աշխարհի տարբեր անկյուններում կառավարությունները համապետական սահմանափակումներ են մտցրել վարակի տեմպը դանդաղեցնելու կամ «կորը հարթելու» համար:

Մահեր
Մահվան դեպքերի անհայտ թիվն ավելի բարձր է․․․

Մահվան դեպքերի մասին հաղորդելը զգայուն գործընթաց է:

Յուրաքանչյուր երկիր ունի հաղորդման իր մեթոդները, որոնք ներառում են հիվանդի բժշկական գրառումների վերանայումն ու ընտանիքի անդամներին տեղեկացնելը նախքան որևէ թիվ հրապարակելը:

Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությունների առաջատար մասնագետներն արդեն նախազգուշացրել են, որ չնայած ֆիզիկական հեռավորության պահպանման համար կիրառվող խիստ միջոցներին՝ աշխարհը դեռ կարող է բախվել հարյուրհազարավոր մահերի, եթե ոչ միլիոնների:

Այնպես ինչպես հաստատված դեպքերը, մահվան ելքերի փաստացի թիվը գրեթե անկասկած ավելին է, քան հաղորդվում է:

Հայտնի են նաև մի շարք զեկույցներ թերահաշվարկի վերաբերյալ: Դրանք ներառում են բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ մահանում են տանը՝ չնայած COVID-19-ի ակնհայտ ախտանիշների դրսևորմանը։

Ժամանակավոր արդյունքներ

Այն, ինչ մենք դիտարկում ենք այսօր, մի քանի շաբաթ առաջ ձեռնարկված գործողությունների արդյունք է: Վարակման նվազումն այսօր շաբաթների ընթացքում պետք է հանգեցնի ավելի քիչ մահվան ելքերի։

Սցենար 1-5
Որքանո՞վ է վարակը վտանգավոր 

Եթե ինչ-որ մեկը վարակվում է COVID-19-ով, ապա որքանո՞վ է այդ անձի մահը հավանական։

Համաճարակի բռնկման սկզբում մեծ ուշադրություն է դարձվել այլ հայտնի հիվանդություններից և COVID-19-ից մահացության մակարդակների համեմատությանը: Չնայած այս թիվը չափազանց կարևոր է հասկանալու համար, թե որքանով պետք է բոլորս մտահոգված լինենք, այն հեշտությամբ սխալ է հաշվարկվում:

Համաճարակաբանները, ովքեր ուսումնասիրում են առողջությունն ու հիվանդությունները, մահվան ռիսկը հաշվարկելու համար ունեն երկու չափում` վարակի գրանցված դեպքերի մահացության մակարդակ (case-fatality-rate-CFR) և վարակից մահացության ընդհանուր մակարդակ (infection-fatality-rate-IFR):

Վարակի գրանցված դեպքերի մահացության մակարդակ՝ հաճախակի հաղորդված ցուցանիշը
Վարակի գրանցված դեպքերի մահացության մակարդակը (CFR) մահվան ելքով դեպքերն են թեստավորման դրական արդյունք ունեցող անձանց ընդհանուր թվում։

Եթե 100 մարդու մոտ դրական արդյունք է գրանցվում, իսկ նրանցից 10 մարդ մահանում է, ապա վարակից մահացության ընդհանուր մակարդակը կազմում է 10%: Այս թվի գլխավոր խնդիրն այն է, որ, ի տարբերություն ավարտված շատ այլ հիվանդությունների, COVID-19-ի նոր դեպքերի և մահվան ելքերի վերաբերյալ ցուցանիշները հաղորդվում են ամեն օր։

Սա COVID-19-ից մահացության ընդհանուր մակարդակը որոշելը դարձնում է անորսալի թիրախ։

Ամեն երկիր ունի վարակից մահացության սեփական մակարդակը։ Իտալիայում կորոնավիրուսի գրանցված դեպքերի մահացության մակարդակը մոտավորապես 12% է, մինչդեռ Գերմանիայում այն 1% է։ Իտալիայում վիրուսը որպես այդպիսին այդքան մեծ ազդեցություն չունի, իսկ այս տարբերությունները թերևս կարող են բացատրվել նրանով, թե ինչքան հետևողականորեն են երկրները թեստեր անցկացնում և հաշվարկում վարակի ու մահվան դեպքերը։ Հետևաբար երկրի տարիքային, ժողովրդագրական ու առողջապահական ենթակառուցվածքները, իրենց դերն ունեն այդ թվի որոշման մեջ։

Վարակից մահացության ընդհանուր մակարդակ` այն, ինչն իսկապես մեզ օգնում է պարզելու, «եթե ինչ-որ մեկը վարակվում է COVID-19-ով, ինչքան է նրա մահանալու հավանականությունը»
Վարակից մահացության ընդհանուր մակարդակը (IFR) վարակված մարդկանց թվում մահվան ելքով դեպքերի մասնաբաժինն է։

Եթե 1000 մարդ վարակվել է COVID-19-ով, բայց նրանցից միայն 100-ն են թեստավորվել և գրանցել դրական արդյունք, և եթե նրանցից 10-ը մահանան, ապա վարակից մահացության ընդհանուր մակարդակը կլինի 1%, այսինքն՝ շատ ավելի քիչ, քան վարակի գրանցված դեպքերի մահացության մակարդակը (CFR), բայց, այնուամենայնիվ, ավելի բարձր, քան սեզոնային գրիպինը։

Վարակից մահացության ընդհանուր մակարդակը հենց այն ցուցանիշն է, որ շատերս փորձում ենք գտնել։

Մի շարք զեկուցումներ ենթադրում են, որ COVID-19-ից մահացության ընդհանուր մակարդակը հավանաբար ավելի ցածր է, քան սկզբնապես գնահատվում էր հիմնականում այն պատճառով, որ վարակման շատ դեպքեր այդպես էլ չեն ախտորոշվում։

Առողջացման հաստատված դեպքեր․ առողջացման անհայտ դեպքերի թիվը շատ ավելի բարձր է․․․

COVID-19-ով վարակվածերի ճնշող մեծամասնությունը առողջանում է։ ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ վիրուսը սովորաբար տևում է մոտ երկու շաբաթ մեղմ ախտանշաններով դեպքերի, և վեց շաբաթ՝ ծանր դեպքերի ժամանակ։

Հարկավոր է հիշել, որ կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը թեթև է ընթանում։

Առողջացման ընթացքին հետևելը կարող է նպաստել համատարած խուճապից խուսափելուն և օգնել, որ անհատները ճիշտ գնահատեն իրենց ու իրենց համայնքին սպառնացող ռիսկերը։

Այս թիվը հաշվարկելիս շատ անճշտությունների կարելի է բախվել, այնքան շատ, որ Ջոնս Հոփքինսի անվան համալսարանը ժամանակավորապես դադարեցրել էր առողջացման դեպքերի վերաբերյալ իր զեկուցումները՝ պատճառաբանելով, որ «շատ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, առողջացման դեպքերի վերաբերյալ վստահելի տվյալներ չկան», թեև մի քանի օր անց վերսկսեց իր հաշվարկները։

Փաստացի բուժման դեպքեր․ Հաստատված դեպքեր – (առողջացման հաստատված դեպքեր + մահվան հաստատված դեպքեր)

Եթե ուզում եք իմանալ, թե այժմ վարակվածների թիվը քանիսն է, ապա դուք պետք է իմանաք հաստատված դեպքերի քանակը և դրանից հանեք այն մարդկանց թիվը, որոնք առողջացել են կամ մահացել վիրուսից։

Նույնիսկ եթե երկրում հաստատված քիչ դեպքեր կան այս պահին, հարկավոր է հիշել, որ հիվանդության տարածման հատկանիշները մեծ մասամբ բոլոր երկրներում միանման են։ Սկզբում թվերը կարող են փոքր թվալ, սակայն վիրուսի՝ արագ տարածվող բնույթի պատճառով այդ թվերը շատ արագ մեծանում են։

Իդեալական աշխարհում համավարակի առաջին օջախներից, այդ թվում՝ Չինաստանից, Հարավային Կորեայից և Իտալիայից եկող ենթադրյալ օրինաչափությունները կօգնեին մյուս երկրներին ստեղծել համապատասխան ռազմավարություն։ Խնդիրն այն է, որ հատկապես Չինաստանի պարագայում, մեղադրանքներ են հնչում, թե պետական մարմինները թաքցնում են դեպքերի իրական թվերը։

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ 

Ի՞նչ են նշանակում բոլոր այս քարտեզներն ու գծագրերը

Քարտեզի կամ գծագրի նպատակն է հավաքել ամբողջ տեղեկատվությունն ու այն դյուրընկալելի դարձնել ընթերցողի համար։ Տարբեր աղյուսակներ տարբեր նշանակություն ունեն։ Միայն մի գծագրով չի կարող հաղորդվել այն ամենը, ինչ վերաբերում է COVID-19-ին։ Նույնիսկ x և y առանցքի ամեն ընտրություն տվյալների մասին ամբողջովին տարբեր պատկերացումներ է տալիս ընթերցողին։

Ընդհանուր առմամբ քարտեզները կարող են Ձեզ պատմել, թե ինչ է կատարվում աշխարհում հենց այս պահին, մինչդեռ գծագրերը ցույց են տալիս, թե ինչ է կատարվել ժամանակի ընթացքում։

Ստորև ներկայացված է քարտեզների ու գծագրերի մի ամբողջ շարք OurWorldInData.org-ից. այն մի համապարփակ ռեսուրս է, որը միջազգային տարբեր աղբյուրներից տվյալներ է հավաքագրում։ Ձեր երկիրն ընտրելու համար օգտագործե՛ք ներկառուցված ֆիլտրերն ու ներդիրները։

COVID-19-ի հաստատված նոր դեպքերի ամենօրյա վիճակագրությունը

Հարցեր, որոնց պատասխանները ԿԳՏՆԵՔ այս գծագրում

Հարց. որքանո՞վ է տարածված վիրուսը։

Պատասխան. սեղմե՛ք քարտեզի MAP ներդիրին, որպեսզի տեսնեք ամեն օր արձանագրվող դեպքերի թիվը։ Հիշե՛ք, որ այն ավելի ցածր է, քան վարակված մարդկանց իրական թիվը։

Հարց. ո՞ր օրն են գրանցվել ամենաշատ նոր դեպքերը։

Պատասխան. տեխնիկապես դա y-ների առանցքի ամենաբարձր արժեքն է, սակայն պետք չէ շատ խորանալ դրա մեջ։ Ընդհանուր միտումներն ավելի նշանակալի են։

Հարցեր, որոնց պատասխաններն արտացոլված ՉԵՆ այս գծագրում։

Հարց. քանի՞ մարդ է վարակվել այսօր։

Պատասխան. այս գծագիրը ցույց է տալիս միայն այն մարդկանց թիվը, որոնց թեստավորումն այսօր դրական արդյունք է տվել։ Այն դուրս է թողնում բոլոր նրանց, ովքեր կարող են վարակված լինել կամ ունենալ ախտանշաններ, բայց չեն թեստավորվել։

Հարց. արդյո՞ք քիչ դեպքեր ունեցող երկրները լավ դրության մեջ են։

Պատասխան. դա միանշանակ չէ։ Եթե այդ երկրները բավարար չափով թեստեր չեն իրականացնում կամ չեն հաղորդում իրենց տվյալները, ապա նրանք կարող են չախտորոշված շատ ավելի դեպքեր ունենալ։ Թեստերի արդյունքներն ամփոփող գծագիրը տեսե՛ք ներքևում։

COVID-19-ի հաստատված նոր դեպքերի ամենօրյա վիճակագրությունը

Հարցեր, որոնց պատասխանները ԿԳՏՆԵՔ այս գծագրում

Հարց. մահացությունների ցուցանիշն աճու՞մ է, թե՞ նվազում:

Պատասխան. սրա պատասխանը գտնելու համար հարկավոր է դիտարկել ընդհանուր միտումները: Եթե գրադիենտի ուղղությունը դեպի վեր է, ապա մահացությունների ցուցանիշն աճում է, եթե դեպի ներքև, ապա նվազում է: Մի արեք դատողություններ միայն ամենօրյա փոփոխությունների վրա հիմնվելով. դրանք կարող են տարբերվել՝ ելնելով նախորդ օրվա տվյալների հավաքագրումից:

Հարցեր, որոնց պատասխաններն արտացոլված ՉԵՆ այս գծագրում

Հարց. ընդհանուր առմամբ քանի՞ մահ է գրանցվել ամբողջ աշխարհում:

Պատասխան. սրան ավելի լավ պատասխանելու համար հարկավոր է դիտել ամփոփ աղյուսակը:

Հարց. ինչո՞ւ են որոշ երկրներ ավելի շատ մահացության դեպքեր գրանցում:

Պատասխան. գծապատկերները այնքան էլ լավ չեն արտացոլում «ինչու» հարցի պատասխանը:

COVID-19 թեստերի ընդհանուր թիվը յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով

Հարցեր, որոնց պատասխանները ԿԳՏՆԵՔ այս գծագրում

Հարց. ո՞ր երկրներն են ամենից շատ թեստավորում իրականացնում:

Պատասխան. ցուցակի վերևում նշված երկրները թեստավորում են ավելի շատ մարդկանց իրենց բնակչության թվի համեմատ: Յուրաքանչյուր 1000 մարդու հաշվարկով տվյալների կարգավորումը ավելի իմաստալից է, քան բացարձակ թվեր նշելը:

Հարցեր, որոնց պատասխաններն արտացոլված ՉԵՆ այս գծագրում

Հարց. թեստերի ցուցանիշը աճու՞մ է ամբողջ աշխարհում:

Պատասխան. թեստավորման համար չկա ստանդարտացված համաշխարհային հաշվարկում: Թեստերի տեսակները տարբեր երկրներում զգալիորեն տարբերվում են, ուստի զգույշ եղեք տվյալների համեմատության ժամանակ:

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ

Որքա՞ն արագ տեղի ունեցավ վիրուսի տարածումը աշխարհով մեկ

Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Չինաստանի Հուբեյ նահանգի 55-ամյա մի բնակչի մոտ 2019-ի նոյեմբերի 17-ին:

Վիրուսն արագորեն տարածվել է տարածաշրջանում, այնուհետև՝ ողջ աշխարհում: Մարտի 26-ին ԱՄՆ-ը գերազանցել է Չինաստանին և ներկայումս աչքի է ընկնում աշխարհում հաստատված դեպքերի ամենաբարձր ցուցանիշով:

Ստորև ներկայացված անիմացիան ցույց է տալիս, թե ինչպես է վիրուսը տարածվել աշխարհում:

Ինչպես COVID-19-ը տարածվեց ամբողջ աշխարհում

ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Մենք հաղթու՞մ ենք, թե՞ պարտվում այս պայքարում

Այս պահին մարդկանց մեծ մասը մտածում է մի հարցի շուրջ. ինչպե՞ս կարող ենք պարզել՝ ամեն օր իրավիճակը բարելավվու՞մ է, թե՞ ավելի վատանում:

Միջոցներից մեկը շաբաթական փոփոխվող միջինը համեմատելն է:

Սա հնարավորություն կտա՝ հասկանալու՝ արդյոք այս շաբաթ վարակման նոր դեպքերի ցուցանիշը ավելի բա՞րձր էր, թե՞ ցածր նախորդ շաբաթվա համեմատ:

COVID-19-ով ամենօրյա նոր հաստատված մահվան դեպքեր

Հարցեր, որոնց պատասխանները ԿԳՏՆԵՔ այս գծագրում

Հարց. իմ երկրում իրավիճակը բարելավվու՞մ է, թե՞ ավելի վատանում:

Պատասխան. ձախ անկյունի վերևի ընտրացանկից ընտրեք ձեր երկիրը: Եթե գծապատկերն ունի ուղղություն դեպի ներքև, ապա մահացությունների ցուցանիշը նվազում է: Եթե գծապատկերը դեպի վեր է ուղղված, ապա այն մեծանում է:

Հարց. ինչու՞ իմ երկիրը ներառված չէ:

Պատատասխան. այս գծապատկերը ընդգրկում է միայն այն երկրները, որոնք առնվազն մահվան 5 դեպք են արձանագրել:

Հարցեր, որոնց պատասխաններն արտացոլված ՉԵՆ այս գծագրում

Հարց. որքա՞ն կտևի կարանտինը:

Պատասխան. գրաֆիկները ցույց են տալիս յոթօրյա շարժի միջին ցուցանիշները: Այս ցուցանիշները ամեն օր փոփոխում են կորի թեքությունը և համապատասխանեցվում հաստատված այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են սոցիալական հեռավորությունը և կարանտինը:

Զգույշ եղեք, որ այսօր անզգուշորեն չարտարկեք (էքստրապոլացնել) ցուցանիշները նրան, թե ինչ կլինի ապագայում:

Բնօրինակի հեղինակ՝ Al Jazeera Media Network


Թարգմանիչներ՝ Մարիամ Սահակյան (Mariam Sahakyan), Մարիամ Անտիկյան (Mariam Antikian), Արմինե Թաթոյան (Armine Tatoyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են։