Ոսկեղենիկ #12

Ոսկեղենիկ նախաձեռնության 2021 թ. հուլիսի հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:

Պանդորայի արկղ

Մարդկային ռեսուրսների անարդյունավետ կառավարումը իսկական պանդորայի արկղ դարձավ մեր ընկերության համար:

«Պանդորայի արկղ» արտահայտությունը այլաբանորեն նշանակում է փորձանքների, դժբախտությունների աղբյուր:

Ըստ ավանդության` Զևսը, որոշելով վրեժխնդիր լինել Պրոմեթևսից, ով գողացել էր Օլիմպոսից կրակը և նվիրել մարդկանց, նրա մոտ է ուղարկում վերերկրային գեղեցկություն ունեցող Պանդորային:

Զևսը Պանդորային նախապես փոխանցել էր մի խորհրդավոր արկղ` պատվիրելով չբացել այն. արկղը բացելիս  նրա միջից դուրս կգային բյուրավոր չարիքներ ու աղետներ` անհայտ մարդկությանն ու բնությանը: Այնուամենայնիվ, Զևսը համոզված էր, որ Պանդորան չէր անսա իր պատգամին և տուրք տալով իր հետաքրքրասիրությանը` կբացեր արկղը:

Պրոմեթևսի եղբայրը, սիրահարվելով Պանդորային, ամուսնանում է նրա հետ, իսկ Պանդորան, ինչպես և կանխատեսել էր Զևսը, չդիմանալով գայթակղությանը, բացում է արկղը` մարդկանց «պարգևելով» չարիք, կործանարար հիվանդություններ, տանտալոսյան տանջանքներ (շատ մոտ գտնվող նպատակին չհասնելուց առաջացած տանջանքներ)` արկղում թողնելով միայն հույսը` որպես փարատանք:

 Չէ՞ որ քանի դեռ մարդկությունը պահպանում է իր գոյը, չպետք է կորցնի հույսը:

 Աղբյուրը`

  1. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ

Ութսուն/ութանասուն

Ոմանք շփոթում են ութսուն թվականը և սխալ ասում ու գրում՝  ութանասուն։

Ձեր ութսուն տարիների մասին մտածելիս մտաբերում ենք «բյուրականյան նկարաշարքի» թափն ու ավյունը։

Ութսուն` ութ տասնյակ. թվականակերտ «սուն» բաղադրիչը նշանակում է «տասը». 80-ի դեպքում՝ ութ+սուն, ըստ այդմ ճիշտ տարբերակն է՝ ութսուն։

Ութսուն թվականը յոթանասունի համաբանությամբ հաճախ արտասանում  են ութանասուն։ Պետք է իմանալ, որ յոթանասունի դեպքում –սուն ածանցն ավելանում է յոթ թվականի գրաբարյան հոլովաձին՝ յոթան (յոթան+ա+սուն), իսկ ութսունի դեպքում նման «պատճառահետևանքային» կապ չկա (ութ-ի դեպքում չունենք «նախորդող բաղաձայն+Ն» կաղապար ու սեռականի՝ նման ձևից կազմություն)։

Հ․Գ․ ութանասուն ձևն էլ «առաջացել է» նախորդող յոթանասուն-ի նմանողությամբ (համաբանությամբ)։

Ըստ այդմ`

Բազմաթիվ միջազգային պարգեւների մրցանակակիրը #ութսունականների վերջին այցելել է Երեւան եւ սթրիթ-լուսանկարների շարք արել, որն էլ հետագայում դարձել է հայտնի:

Աղբյուրը`

  1. Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան

Ոսկյա միջին

Եվ վերջապես, սևի ու սպիտակի միջև կոմպրոմիս մտցնելով` ծնունդ առավ մոխրագույնը` այն ոսկե միջինը, որ վերջապես իր հետ բերելու էր սոլիդար ժամանակներ:

Ոսկե միջին արտահայտությունը նշանակում է ծայրահեղությունների փոխզիջում, չեզոք դիրք:

Միջին ասվածը երկու կամ ավելի հակադիր կողմերի, ընդդիմադիր ուժերի հավասարակշռման կետն է, որտեղ ծայրահեղ լուծումներից ու տեսակետներից որևէ մեկը դոմինանտ չէ մյուսի նկատմամբ: Իսկ ոսկին ազնիվ մետաղ է` բավականին հազվագյուտ ու թանկարժեք:

Այս երկու բառիմաստների համադրմամբ` կարելի է արձանագրել, որ ոսկե միջինը ներհակ ու ծայրահեղական դիրքորոշումների միջև պայքարի  նեյտրալ, արժեքավոր ու ցանկալի հանգուցալուծումն է:

Ծագել է Հորացիոսի մի ներբողից. «Ամեն ոք, ով բարձր է դասում ոսկյա միջինը»:

Աղբյուրը`

  1. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ
  2. Ս. Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան

Ոչ մեկը/ոչ մեկ

Բանավոր խոսքում շատ հաճախ «ոչ մեկը» դերանունը սխալմամբ գործածվում է «ոչ մեկ» ձևով։ Օրինակ՝ «Ներկաներից ոչ մեկ չխոսեց», «Հրավիրվածներից ոչ մեկ չեկավ» և այլն։ Մինչդեռ պետք է հիշել, որ ճիշտ ձևն է «ոչ մեկը»։ Ուստի պետք է լինի՝ «Ներկաներից ոչ մեկը չխոսեց», «Հրավիրվածներից ոչ մեկը չեկավ»։

Աղբյուրը՝ Լեզվի կոմիտե

Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ

Այդ «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» գործելաոճդ շատ արագ կգլորի քեզ անհաջողությունների անդունդը:

«Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»  արտահայտությունը հաճախ օգտագործում են այն ժամանակ, երբ ձեռնարկած գործը ավելի շատ ետ է գնում, քան առաջ կամ էլ այն իրավիճակում, երբ ցանկալի վերջնարդյունքին հասնելու համար անհրաժեշտ է գրաված դիրքից նահանջել:

Հեգնականորեն ասվում է նաև անվճռական մարդկանց գործելակերպը բնութագրելիս:

Ծագել է Վլադիմիր Լենինի համանուն հոդվածից:

Աղբյուրը՝

  1. Վ.Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ

#Ոսկեղենիկ #թևավորարտահայտություն #Մայրենի