«Հրեշը» (Monster) Նաոկի Ուրասավայի ամենահայտնի մանգա շարքերից մեկն է, որը լույս է տեսել 1994−2001 թվականների ընթացքում՝ Big Comic Original ամսագրում: Թե ինչ է մանգան, և որոնք են դրա հիմնական բնութագրիչները, արդեն իսկ անդրադարձել ենք նախորդ նյութում: Ընդհանուր առմամբ, մանգայի բնորոշումը բավական լավ ամփոփվում է Մեյձիի շրջանի վերափոխումների կարգախոսի տակ. «ճապոնական ոգի, արևմտյան տեխնոլոգիաներ» (wakon yo¯sai): Հենց այս բանաձևն է թերևս արտահայտում մանգայի որպես երևույթի յուրահատկությունը, չնայած՝ բացառություններ ևս լինում են: Այդպիսի բացառություն է Ուրասավայի «Հրեշը», որում ճապոնական սիմվոլիզմը սահմանափակվում է միայն գլխավոր հերոսի ճապոնական արմատներով: Իհարկե, այս պատմությունը ևս առանձնանում է տպավորիչ, և երբեմն վախեցնող մետամորֆոզներով, լայնամաշտաբ ավերածություններով, բռնության վառ պատկերներով, որոնք ընդհանուր առմամբ հատուկ են սեյնեն ժանրին, սակայն բովանդակային առումով պատմությունը շատ ավելի մոտ է թվում Դոստոևսկու՝ «մարդկայինի սահմանները» խորագրի մեջ մտնող աշխատանքներին: Հենց սա է պատճառը, որ Ուրասավայի այս գործը կփորձեմ վերլուծել ոչ այդքան որպես մանգա, որքան՝ գրական ստեղծագործություն՝ մի կողմ թողնելով դրա պատկերային տարրերը: Իմ գլխավոր խնդիրն է լինելու հասկանալ, թե հատկապես ի՞նչ զգացմունքներ, մտքեր է հեղինակը փոխանցում ընթերցողին, և ի՞նչ խորհրդանիշների միջոցով են այդ գաղափարներն արտահայտված:
«Հրեշը». Մեկնակետ
Եվ այսպես, սյուժեի առաջին պլանում ունենք հստակ հակադրություն՝ մի կողմում բժիշկ Տենման է, մյուսում՝ Յոհանը: Մեկը՝ հանճարեղ նյարդավիրաբույժ է, մյուսը՝ հրեշ և կատարելություն: Մեկը՝ բարի, ազնիվ հոգի է, որը տառապում է հրեշին կյանք վերադարձնելու համար պատասխանատվության զգացումից, մյուսը՝ մարդ առանց անունի, որը հասել է մարդկային փտած արգանդին և մեկ մարդու կյանք չէ, որ կործանել է:
Պատմությունը մեկնարկում է 1986 թվականին Դյուսելդորֆի էյզլերի հիշատակի հիվանդանոցում. այստեղ է աշխատում տաղանդավոր բժիշկ Կենզո Տենման, որը Ճապոնիայից տեղափոխվել է Գերմանիա բարձրակարգ բժիշկ դառնալու ցանկությամբ: Հաշվի առնելով նրա վարպետությունը և հուսալիությունը՝ Տենման հաճախ է, ըստ ղեկավարության հանձնարարականի, վիրահատում հայտնի մարդկանց կամ պաշտոնյաների: Մի օր, սակայն, վիրահատարանից դուրս գալիս, Տենման նկատում է ամուսնու մահը սգացող մի թուրք կնոջ: Կինը տեսնելով նրան՝ նետվում է բժշկի կողմը և հետ պահանջում իր ամուսնուն, որին վիրահատելու փոխարեն Տենման՝ իր ղեկավարի հանձնարարականով, վիրահատել էր մի հայտնի օպերային երգչի, չնայած՝ թուրք աշխատավորին ավելի շուտ էին բերել հիվանդանոց: Այս դրվագը շրջադարձային է Տենմայի համար, և իզուր չէ, որ Ուրասավան այն անընդհատ հիշատակում է կրկնողության միջոցով, այնքան մինչև Տենմայի հարսնացուն և հիվանդանոցի տնօրենի դուստրը՝ Եվա Հայնեմանը, լսելով Կենզոյի անհանգստությունը, բացահայտում է նրա համար տեղի ունեցածի էությունը.
Տենմա. «Դա իմ պատասխանատվությունը չէ: Ես ընդհամենը վիրահատել եմ օպերային երգչին, ինչպես հրամայել էր տնօրենը: Ի՞նչ կապ ունի տեղի ունեցածն ինձ հետ, այնպես չէ՞»
Եվա. «Իհարկե, ոչ բոլոր մարդկանց կյանքերն են հավասար»
Եվայի խոսքերը, կարծես, վերջին կաթիլն են, որ օգնում են Տենմային արթնանալ մոլորությունից, և հիմքն են դառնում նրա համար ճակատագրական ընտրության: Շատ ժամանակ չանցած հիվանդանոց են բերում գլխի հրազենային վնասվածք ստացած փոքրիկ տղայի՝ Յոհան Լիբերտին և շոկի մեջ հայտնված նրա զույգ քրոջը՝ Աննային: Այս անգամ ընտրությունը երեխայի և քաղաքապետի կյանքերի միջև էր (վերջինիս հիվանդանոց էին տեղափոխել ուղեղային թրոմբոզով): Այս անգամ Տենման «ճիշտ է վարվում»: Յոհանին փրկելով՝ նա «կապիտալիստի սպասավորից» [1] և «գիտական ստանդարտներով ապրող մարդուց» [2], որի ազնվությունը, աշխատանքը, տաղանդն ու պարկեշտությունը օգտագործում էին փողի և իշխանության համար, վերածվում է բժշկի, որի առաջնային խնդիրը կյանքեր փրկելն է: Իհարկե, այդ քայլը անհետևանք չի մնում, հատկապես, որ քաղաքապետի կյանքը փրկել չի հաջողվում: Տենման զրկվում է իր դիրքից, կարիերայի հեռանկարներից, կորցնում է հարսնացուին, բայց վստահ է, որ երեխայի կյանքի փրկությամբ վերջապես դուրս է եկել մոլորությունից: Այդ մասին են վկայում նրա խոսքերը դեռևս անգիտակից պառկած Յոհանի հիվանդասենյակում. «Շնորհակալություն: Դու բացեցիր իմ աչքերն իբրև բժիշկ: Կառչի՛ր կյանքից, ողջ մնա: Ես կորցրի ամեն ինչ քեզ վիրահատելու համար: Ես արեցի այդ ամենը քեզ կյանք վերադարձնելու համար»:
Յոհանին փրկելով, սակայն, Տենման նոր կյանք է տալիս հրեշի, որն անհետանում է հիվանդանոցից և սկսում սպանությունների երկար շղթան (սպանվածների թվում էր նաև հիվանդանոցի տնօրենը): Դրանցում կասկածում, ապա և մեղադրում են բժիշկ Տենմային, որը ստիպված է լինում փախուստի մեջ անցկացնել մի քանի տարի:
Հենց սկզբից պատմությունն այնպես է կառուցված, որպեսզի ընթերցողի մոտ համակրանք առաջանա Տենմայի հանդեպ, միաժամանակ այն կարծես զգուշացնում է ինչ-որ փխրունության, հակասականության մասին, որն առկա է հերոսի բնավորությունում, և որի հետ է կապված լինելու սյուժեի ամբողջ շարժը: Այս փխրուն կետը բացահայտվում է հիվանդանոցից անհետացումից հետո՝ ինը տարի անց՝ Յոհանի հետ առաջին հանդիպման ժամանակ.
Յոհան. «Դուք այժմ վիրահատական բաժնի ղեկավարն եք, այնպես չէ՞, բժի՛շկ: Ես շատ ուրախ եմ ձեր առաջադրման համար: Դուք հիմա այս դիրքն եք զբաղեցնում, քանի որ տնօրենը, պետն ու վիրահատական բաժնի ղեկավարը բոլորը մահացել են, այնպես չէ՞: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա Ձեզ փոխհատուցել: Դուք այդպես ցանկացաք, բժի՛շկ: Դա ձեր ցանկությունն էր: Երբ ես ուշքի եկա, դուք իմ կողքին նստած ասացիք, որ այնքան եք ատում նրանց, որ պատրաստ եք սպանել: Ես ընդամենն ի կատար եմ ածել այն, ինչ կցանկանայիք, որ լիներ»:
Տենման, վերհիշելով այդ դրվագը և տեսնելով, թե ինչի է հանգեցրել իր այդ արարքը, պատասխանատվություն է զգում Հրեշին՝ ի դեմս Յոհանի (որն ի դեպ այս հերոսի իրական անունը չէ) ծնելու և կյանք վերադարձնելու համար, և հետապնդելով նրան փորձում է վերջ դնել իր իսկ սկսած պատմությանը, որն ինչպես պարզվում է հետագայում շատ ավելի խոր արմատներ ունի:
Հենց այսպես էլ, աստիճանաբար բժիշկ Տենմայի «կյանքի սյուժեն» վերաճում է «իմաստային սյուժեի», «հարկադրելով» ընթերցողին հետևել ոչ միայն իրադարձությունների զարգացման տրամաբանական ընթացքին, այլև դիտարկել այն գաղափարական երկու մոտեցումների լույսի ներքո: Սկզբում՝ կյանքի և մահվան երկընտրանքի, (հակիրճ արտահայտված է երեք խորհրդանշական ձևակերպումով. Եվա. «Ոչ բոլոր մարդկանց կյանքերն են հավասար» − Տենմա. «Բոլոր մարդկանց կյանքերը հավասար են» − Յոհան. «Միակ բանը, ինչում մարդիկ հավասար են՝ մահն է») ապա և՝ չարի ու բարու երկակիության:
Ինքը՝ հեղինակը, հարցազրույցներից մեկում, Տենմայի կերպարի մասին խոսելիս, նշում է, որ ցանկանում էր ցույց տալ, որ նույնիսկ լավ մարդիկ, իրենց սրտում ունեն ոչ այդքան լավ մի անկյուն: Նման հակիրճ և ուղղակի պատասխանը, կարծում եմ, վկայում է հեղինակի կասկածների մասին, քանզի հետևելով սյուժեին, որն ըստ էության, նպատակուղղված է բացահայտելու կյանքի խճճված իրադարձությունների տակ թաքնված տրամաբանությունը, տեսնում ենք այն մտորումները, որն ունի Ուրասավան բարու և չարի, հասարակության և երբեմն մեկ մարդու մեջ դրանց ոչ խաղաղ գոյակցության մասին:
Պատմության համատեքստը
Իրականության հետ պատճառական կապերը բացահայտելու համար Ուրասավան պատմության մեջ ներմուծում է լայնամասշտաբ պատմական իրադարձություններ, որոնք թույլ են տալիս բացահայտել երկրում տիրող քաղաքական իրավիճակի խճճվածությունը և հստակ պատկերացում կազմել իրադարձությունների զարգացման համատեքստի ու ժամանակագրական կապի մասին:
Բուն պատմությունը սկսվում է 1986 թվականին՝ Դյուսելդորֆում, Արևմտյան Գերմանիա և ավարտվում 1999-ին՝ Բավարիայում: Սակայն իրադարձությունների արմատները շատ ավելի խորն են գնում, և ընթերցողների առաջ բացվում է 1960-ականներից սկսած հետպատերազմական Գերմանիայում (այդ թվում՝ Արևելյան ու Արևմտյան) և Չեխոսլովակիայում նացիստական և սոցիալիստական արմատականության ողջ չարաբաստիկ էությունը: Երևում են նրանց սպեկուլյատիվ նախագծերի գործնական կիրառման սարսափելի հետևանքները. փորձարկումներ, որոնք կոչված են երջանկացնելու հասարակությունն անհատի կյանքի հաշվին:
Այդուհանդերձ, անհարկի եմ համարում խորությամբ ուսումնասիրել պատմական այդ իրադարձությունները, ընտրված ժամանակագրությունը կամ տեղանքը, քանզի այդպես ռիսկի կդիմենք վերածել կենդանի պատկերներն անցյալի անորոշ փաստերի: Այնուամենայնիվ, հեղինակի մոտեցումը պատմության համատեքստի ձևավորման հարցում հասկանալու համար, բերեմ մեկ օրինակ: Ինչպես հետևում է նրա հարցազրույցից՝ նեոնացիստների կողմից Գերմանիայում թուրքական թաղամասը հրդեհելու դրվագը Ուրասավան պատահական չի ընտրել: Որոշ փաստագրական նյութեր ուսումնասիրելիս՝ նա դրանց թվում նկատել է մի շարք զեկույցներ 1990-ականներին թուրքերի տների վրա նեոնացիստների հարձակումների մասին, ինչն իր արտացոլումն է ունեցել նաև պատմությունում:
Ուրասավայի «իրականությունից չկտրված» այս մոտեցումն էլ ավելի ամբողջական է դարձնում պատմության զարգացման ուղին, հաշվի առնելով, որ հենց հանգամանքներն են այն կատալիզատորը, որը հստակեցնում է հերոսների միջև գաղափարական և բարոյական հակամարտությունը և ձևավորում ակտիվ բևեռները:
Հակադրությունները պատմության առանցքում
Ուրասավայի «Հրեշի» գլխավոր առանձնահատկություններից մեկը պատմության գլխավոր թեմաների և կերպարների վառ արտահայտված հակադրությունն է: Կոնտրաստային հնարքը տեսանելի է ամենուր: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
- Ծնողների բացակայությունն ի հակադրություն ծնողի և զավակի մոտիվի
Պատմության համար առանցքայիններից մեկը թերևս բացակայող ծնողների թեման է: Անգամ, եթե հերոսներն ունեն ծնողներ, իրենց կյանքում նրանք կարծես՝ բացակայում են, ինչպես, օրինակ, բժիշկ Տենմայի պարագայում, որի ծնողները ո՛չ նրա սպասվող հարսանիքին, ո՛չ իրենց որդու ձերբակալությանը որևէ կերպ չեն արձագանքում (այն հիմնավորմամբ, որ վերջիններս բնակվում են Ճապոնիայում և չափազանց զբաղված են իրենց հիվանդանոցի գործերով): Այսկերպ, կարծես՝ հեղինակը փորձում է դուրս թողնել հերոսների կյանքի վրա «կողմնակի» միջամտությունը, թույլ տալ, որպեսզի նրանք ինքնուրույն անցնեն բոլոր կերպափոխությունները: Առհասարակ, այս մոտեցումը բավական տարածված է մանգայում. շատ հաճախ պատմությունները սկսում են ակունքից, երբ հերոսները դեռ երեխա են, իսկ նրանց կյանքում ծնողների ազդեցությունը նվազագույնի է հասցված: Սա թույլ է տալիս առաջին պլան բերել հասունացման փուլում մարդու ապրած փոխակերպումները (Tokyo Ghoul, Naruto, Bleach, Attack on Titan): Դա, սակայն, թեմայի դրսևորման միակ օրինակը չէ: Իզուր չէ, որ պատմության մեջ բավական շատ են ծնողազուրկ երեխաները, և մի հսկայական սյուժետային բաղադրիչ է հանդիսանում 511 մանկատունը [3], (Kinderheim 511) որտեղից էին նաև պատմության մի շարք հիմնական դերակատարներ՝ Յոհանը, Ռոբերտոն, Գրիմերը, Քրիստոֆ Զիվերնիխը:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն, ընդհանուր առմամբ, շատ կարևոր դեր են խաղում պատմության ընթացքում՝ հանդես գալով իբրև միջնորդ գլխավոր հերոսների էթոսի դրսևորման համար: Այս առումով հարկ է առանձնացնել հատկապես երկուսին՝ Միլոշին [4] և Դիտերին: Միլոշի և Յոհանի, Տենմայի և Դիտերի հանդիպման ու երկխոսության միջոցով Ուրասավան թույլ է տալիս ընթերցողին հասկանալ, թե ինչպես են աշխարհը տեսնում երկու գլխավոր հերոսները՝ Յոհանը և Տենման:
Յոհան. Կարծեմ՝ ասացիր, որ մայրիկիդ ես փնտրում, այնպես չէ՞:
Միլոշ. Այո, սակայն չգիտեմ՝ արդյոք նա այստեղ է ապրում… Բայց ես կճանաչեմ նրան, երբ տեսնեմ, իսկապես կճանաչեմ, բացի այդ մայրիկս էլ ինձ կճանաչի, երբ տեսնի:
Յոհան. Իսկ, եթե նա քեզ ճանաչի, բայց ձևացնի, որ չի ճանաչում…Արդյո՞ք դու ծնվել ես, որովհետև ծնողներդ քեզ ցանկանում էին, ինչո՞ւ են քեզ դեն նետել, արդյո՞ք մայրդ քեզնից չի հրաժարվել, որովհետև ատում է քեզ.. Այդպես հազվադեպ չէ պատահում երեխաների հետ ծնվելիս: Այս աշխարհի մեծ մասը միևնույն է մահ է: Կյանքներն այստեղ պարզապես մի մասնիկ են երկրագնդի անկյունում՝ առկայծում և անցնում են: Մահը սովորական երևույթ է:
Ինչից հետո Յոհանը երեխային հասցնում է Գերմանիայի սահման՝ Կարմիր լապտերների թաղամաս, իր մորը գտնելու՝ դրդելով ինքնասպանության փորձ կատարել:
Մյուս կողմից հատկանշական է Տենմայի հանդիպումը Դիտերի հետ, որն էլ, իր հերթին, գտնվում էր 511 հատուկ մանկատան հետ կապ ունեցող մեկ այլ անձի՝ նախկին առողջապահության նախարար Հարտմանի «հոգածության» ներքո: Վերջինս հաճախ ծեծում էր երեխային՝ ձգտելով տղայի մեջ գտնել Յոհանին:
Դիտեր. Ես վախեցած եմ: Աշխարհն այսօր լի է վատ բաներով: Ահա թե ինչու ես պետք է ավելի ուժեղ դառնամ… Աշխարհն ամբողջությամբ խավար է: Վաղը ձյութի պես սև է:
Տենմա. Ամենևին այդպես չէ: Դա մեծագույն սուտն է, որ երբևէ լսել եմ…Վաղը հրաշալի օր է լինելու:
Մյուս կողմից, չնայած՝ «ծնողների բացակայությանը», պատմության մեջ անընդհատ տեսանելի է ծնողի և զավակի մոտիվը: Դա հատկապես նկատելի է Յոհանի՝ ծնողին փոխհատուցելու երեխային հատուկ պահվածքում՝ մի կողմից Գեներալ Վոլֆի հանդեպ, որը փրկել էր նրան և քրոջը Չեխոսլովակիայի և Գերմանիայի սահմանին, և տղային տվել Յոհան անունը, մյուս կողմից՝ բժիշկ Տենմայի, որը երկրորդ անգամ է նրան կյանք պարգևում, և ինչպես ինքը Յոհանն է ասում՝ հոր պես է իր համար: Հենց դրանով էին նաև պայմանավորված այն սպանությունները, որոնք Յոհանը գործում է «Տենմայի ցանկությամբ՝» նպաստելով նրա կարիերային առաջխաղացմանը: Հենց այդ նույն «երախտիքից դրդված» նա ցանկանում էր իր կյանքը փրկած մարդկանց՝ գեներալ Վոլֆին և բժիշկ Տենմային, ինչպես նաև իր ծագման մասին իմացողներին՝ Աննային/Նինային, Հանս Գեորգ Շուվալդին, ցույց տալ վերջը՝ անանունների աշխարհը:
- Հակադրություն ընտրված կերպարների զույգերում
Ուրասավայի «Հրեշն» ունի բավական շատ սյուժետային լուծումներ. այստեղ կարելի է առանձնացնել և՛ դետեկտիվ հետաքննության, և՛ հոգեբանական փորձարկումների, և՛ բանավեճի սյուժետային մոդելներ, որոնց բոլորին էլ հատուկ է վառ կոնտրաստային ֆոնը: Ուստի պատահական չէ նաև, որ օգտագործված պատկերների զուգակցվածությունը՝ անցումները Արևմտյան Գերմանիայից Արևելյան Գերմանիա, ինչպես նաև ընտրված կերպարների զույգերը՝ ծեր և երեխա, (Պետրով−Անտոնին, Միլոշ, Ֆրանց Բոնապարտա−Վիմ, բժիշկ Ռայխվայն−Դիտեր) բժիշկներ և մարդասպաններ, (Տենմա−Յոհան, Ռուդի Գիլեն−Պետեր Յուրգենս) հանցագործներ ու երեխաներ, (Օտտո Հեկկել−Դիտեր, Հյուգո Բերնհարդ−ասիացի աղջնակ Մյանմարից) ևս հակադրվում են:
Ինչպես արդեն նշել ենք՝ երեխաները Ուրասավայի պատմության մեջ առանցքային են և նրանց դերի շուրջ է կառուցված պատմության մեկ այլ կարևոր հակադրություն: Մի կողմից Ուրասավայի պատմության համար երեխաները հանդես են գալիս որպես անմարդկայինի մարմնավորում, ինչպես, օրինակ, Մարտինը՝ այն երեխաներից մեկը, որին Յոհանը սովորեցրել էր իր խաղը: Վերջինս պահանջում էր աչքերը փակ քայլել տանիքի եզրին՝ միմյանց հանդիպակաց և նա, ով վերջում ողջ կմնար՝ կհաղթեր և իբրև ընտրյալ կրկին հնարավորություն կունենար խաղալու (Մարտին. Աշխարհը ձանձրալի է… Եվ նա, ով ողջ է մնում, հնարավորություն է ստանում կրկին խաղալու,− պապիկին գետնին գցելուց և ձեռնափայտը սարսափած մարդու քունքին դնելով,− Նայի՛ր, նա վախեցած է… Ես չեմ ցանկանում մեռնել, փրկեք ինձ, այնպես չէ՞… լա՜վ, ես թույլ կտամ քեզ ապրել):
Մյուս կողմից երեխաները ստանձնում են այն փրկօղակի դերը, որը հետ է պահում հերոսներին կործանումից (Ռիխարդ Բրաուն, Միխայել Մյուլլեր): Դա առավել ակնառու երևում է Տենմայի օրինակով: Պատասխանատվություն զգալով այն բոլոր մահերի համար, որոնք տեղի էին ունեցել իր՝ Յոհանին կյանք վերադարձնելու պատճառով՝ Տենման փորձում էր սպանել Յոհանին և «ուղղել» իր սխալը: Դա էր ցանկանում նաև Յոհանը. մարդասպան և հրեշ դարձնել բժշկին, հարկադրել նրան կրակել, ինչպես երեխա հասակում դրդել էր քրոջը՝ Աննային/Նինային: Սակայն Դիտերի ներկայությունը Տենմայի կողքին թույլ չի տալիս նրան «սխալ ուղի բռնել»: Դա լավագույնս դրսևորվում է բժիշկ Շումանի խոսքերում. «Գնա՛, Դիտեր: Եթե դու Տենմայի հետ լինես, նա ճանապարհից չի շեղվի: Լավ նայիր նրան իմ փոխարեն: Գնա՛»: Եվ անկախ նրանից, թե ինչ բարդ ընտրության առաջ է կանգնում հերոսը, հարազատների մասին մտահոգությունը, նրանց նկատմամբ հոգատարության զգացումը թույլ չեն տալիս նրան կործանվել/հրեշ դառնալ:
Հենց այստեղ է ի հայտ գալիս պատմության համար ևս մեկ առանցքային թեմա՝ անհատի անկումը: Ինչի՞ վրա է հիմնվում մարդը, որն անցել է բոլոր սահմանները, ո՞րն է նրա գոյության գաղտնի աղբյուրը: Ըստ էության, այս հարցը «մարդկային սահմանների» մասին Դոստոևսկուն հատուկ թեմաներից է, որն Ուրասավան արտահայտում է ևս մեկ հակադրությամբ՝ անունները կարևոր չեն [5], և անունը գոյության միակ ապացույցն է:
Այն, թե ինչում է կայանում այս հակադրության էությունը, կարելի է հասկանալ կողք կողքի դնելով 511 մանկատան սաներից մեկի՝ Վոլֆգանգ Գրիմերի և գեներալ Վոլֆի բնորոշումները.
Գրիմեր. Ես ևս մտացածին մարդ եմ: Ես ոչ Նոյմայերն եմ, որը ստորագրեց այս հյուրանոցում գրանցվելիս, ոչ էլ այն մարդը, ում անունը Վոլֆգանգ Գրիմեր է: Ես ոչ մեկ եմ:
Գեներալ Վոլֆ. Յոհանը միակ կենդանի մարդն է, որը կարող է նամակ ուղարկել Վոլֆ անունով մարդուն… Ես ծնվել եմ զինվորական ընտանիքում: Ինձ ծնված օրվանից վիճակված էր անցնել որոշակի ուղի… իսկ հիմա միակ բանը, որ գիտեմ իմ մասին՝ այդ հրեշն է: Իմ անունը Հելմուտ Վոլֆ է, խնդրում եմ, ասե՛ք իմ անունը, բժի՛շկ Տենմա… Մարդիկ, որոնք գիտեին ինձ, իրապես ճանաչում էին ինձ իբրև Հելմուտ, այլևս կենդանի չեն: Ասե՛ք իմ անունը. դա է ապացույցը, որ ես ապրել եմ:
Հիմնականում պատմության հերոսներն այս հակադրության մեջ հստակ կարծիք ունեն և այդ առումով մոտ են կանգնած կա՛մ Գրիմերին, կա՛մ Վոլֆին: Եվ միակ մարդը, որն իր մեջ միավորում է այդ երկու բևեռներն էլ՝ Յոհանն է. նա միաժամանակ և՛ ոչ մեկ է, և՛ շարունակում է անուն ձեռք բերելու փորձերը: Այս առումով ուղենիշային են պատմության մեջ տեղ գտած հեքիաթները, ինչպես օրինակ, «Անանուն հրեշը» և «Խաղաղության Աստվածը», որոնք էլ հենց փորձում է վերարտադրել Յոհանը:
Այն, ինչ տեսանելի է միայն հեքիաթներում
Պատմության մեջ տեղ գտած հեքիաթներն առաջին հայացքից կարող են սեղմ և պարզունակ թվալ, բայց դրանք թույլ են տալիս շոշափել առավել խորքային ստեղծագործական հարցեր: Մասնավորապես, «Խաղաղության Աստվածը» կարծես հայելային արտացոլանքը լինի այն ամենի, ինչը Յոհանն ապրել է մանուկ հասակում, և ինչպես ջրի մեկ կաթիլն իր մեջ ամփոփում է օվկիանոսի համը, այնպես էլ այս հեքիաթը ամփոփում է Յոհանի վերադարձն ակունքներին և նրա մենախոսությունը մոր պատկերի առջև՝ «Կարմիր վարդերի առանձնատանը».
«Խաղաղության Աստվածը»- …Խաղաղության Աստվածը շատ զբաղված էր: Նա ժամանակ չուներ հայելու մեջ նայելու, փոխարենը՝ բոլորին անուններ էր տալիս: Քո անունը Օտտո է, քոնը՝ Հանս, քոնը՝ Թոմաս, քոնը՝ Յոհան: Յոհանը, որպես շնորհակալություն, Աստծուն է տալիս իր գլխարկը: Խաղաղության Աստվածը շատ երջանիկ էր: Նա ցանկացավ իրեն հայելու մեջ տեսնել իր նոր գլխարկով և այդպիսով առաջին անգամ հայելու մեջ նայեց: Այնտեղ, սակայն Աստված տեսավ Սատանային: Աստծո մեջ գտնվող Սատանան ասաց. Դու՝ ես եմ, և ես դու եմ: Խաղաղության Աստվածն ի պատասխան ասաց. Ես ի՞նչ պետք է անեմ: Այս Սատանայի հետ ոչ ոք չի կարող խաղաղ ապրել. Աստված շատ անհանգիստ էր:
Յոհան. Մենք վերջապես հանդիպեցինք: Այդ ես եմ, մայրի՛կ: Ես տանն եմ: Բարի վերադարձ: Դու հավանաբար չես կարող տարբերությունը տեսնել: Նինա, Աննա… անունները կարևոր չեն: Նա՝ ես եմ, իսկ ես՝ նա: Դու՝ ես եմ, իսկ ես՝ դու: Ես ամեն ինչ հասկանում եմ՝ որտեղից եմ եկել և ուր պետք է գնամ: Դրսում լավ եղանակ է, մայրիկ: Ամեն ինչ կրակի է մատնվելու [6]:
Ըստ էության, անհայտ ծնողին գտնելու հերոսի փնտրտուքը խորհրդանշում է սեփական ինքնության որոնումը:
Իսկ, ահա «Անանուն հրեշը»-ն, այն հեքիաթն է, որը տղան փորձում է կյանքի կոչել: Հենց այդ հեքիաթի հերոսի անունով էր գեներալ Վոլֆը նրան Յոհան անվանել և սկիզբ դրել իբրև հորինված կերպար նրա ճանապարհին: Իզուր չէ, որ տեսուչ Ռունգեն չէր հավատում Յոհանի գոյությանը և մինչև վերջ համոզված լինելով, որ նա մտացածին կերպար է, բոլոր հանցանքների մեջ կասկածում էր բժիշկ Տենմային՝ կարծելով, որ Յոհանը նրա երկրորդ ինքնությունն է:
Հեքիաթների դերը շատ կարևոր է, հատկապես Յոհանի և Աննայի համար: Հենց անանուն հրեշի մասին հեքիաթն ընթերցելուց հետո է Յոհանը ուշագնուց լինում: Այդ գիրքը, կարծես, այն փոքրիկ դետալն է, որը դիպչում է Յոհանի ներսում թաքնված փոքրիկ զսպանակին և ներս թողնում անգիտակցականի վտանգավոր հյուրերին: Վտանգավոր այն առումով, որ դրանք խաթարում են անվտանգության զգացումը, որի վրա կառուցված է մարդու և նրա հարազատների կյանքը: Այս հեքիաթը հստակ արտահայտում է, թե ինչպես է մեկ պատճառը ինքն իրեն բաժանում երկու մասի և առաջացնում երկակիություն՝ չարն ու բարին:
Հրեշը
Ինչպես արդեն նշել ենք չարի և բարու երկակիությունն այս պատմության գլխավոր թեմաներից մեկն է, եթե ոչ գլխավորը: Սակայն, որպեսզի հասկանանք չարի և բարու Ուրասավայի գծած սահմանները, նախ պետք է կարողանանք պատասխանել այն հարցին, թե ո՞վ է իրական հրեշը:
- Յոհանը
Թերևս, հրեշի մասին խոսելիս, առաջինն աչքի առաջ է գալիս Յոհանը. թե որքան մարդ է կյանքից զրկվել նրա կամայականությամբ, հնարավոր չէ հաշվել: Բայց մյուս կողմից, այս պատմության մեջ մարդասպաններ շատ կան, որոնց բացահայտում ենք մեծամասամբ մոլագարների և մարդասպանների հետ աշխատող հոգեբան-քրեագետ Ռուդի Գիլենի և տեսուչ Վեյսբախի շնորհիվ: Հանցագործները հաճույքով պատմում են իրենց բոլոր սպանությունների մասին, որոնք գործել են որևէ համոզմունքից կամ սկզբունքից դրդված, բացի մեկից. այդ մեկը, նրանց խոսքով. «Դառը նստվածք է թողել»: Այդուհանդերձ, նրանք ելք չունեին այդ չանելու, քանի որ իրենց բնորոշմամբ՝ այդպես էր խնդրել ընկերը, իրական վամպիրը, այլմոլորակայինը. նրանցից յուրաքանչյուրն այդ անձին սեփական բնորոշումն էր տալիս, սակայն բոլոր այդ կերպարների հետևում կարելի էր տեսնել Յոհանի ձեռագիրը:
Որպես օրինակ վերցնենք 42-ամյա Ռեյնհարտ Դինգերին, պրոֆեսիոնալ տաքսու վարորդի, որը ինչպես և մնացած բոլոր հարցվածները, չի կարողանում խոսել միայն մեկ սպանության մասին.
Տեսուչ. Ես ցանկանում եմ, որ դու գիտակցես, թե որքան հրաշալի էին այն բոլոր կյանքերը, որոնք դու կործանել ես, և ափսոսանք զգաս:
Ռեյնհարտ. Անգամ այն մեկի համար, որը թքե՞լ էր ինձ վրա: Այն մարդը, որին ես վերցրել էի Ադլերի փողոցում թքել էր ինձ վրա տեղ հասնելուն պես: Արդյո՞ք ուրիշի վրա թքելը ցածրագույն արարքը չէ, որ մարդը կարող է թույլ տալ… Այն մարմնավաճառը, որը փորձում էր իր մարմինն ինձ առաջարկելով վճարել, նրանք բոլորը տականքներ էին:
Բայց, ահա, Բիլկեր ներդրումային բանկի աշխատակցի սպանությունը նա չկարողացավ արդարացնել.
Ռեյնհարտ. Այդ մեկը դառը նստվածք է թողել:
Բոլոր հարցված սերիական մարդասպանները տասնյակ սպանություններ են կատարել, բայց նրանցից և ոչ մեկ անգամ մոտ չէ Յոհանին, քանզի նա սպանում էր ոչ թե քաղցից, անարդարությունից կամ նվաստացումներից դրդված, այլ հենց այնպես: Հենց դա էր այն դառը նստվածքը, որի մասին խոսում էին հանցագործները. սպանություն առանց մոտիվի/պատճառի, հենց այնպես:
Թերևս մարդու մեջ «հրեշն» արթնանում է, երբ դատարկ ստամոքսն ազատվում է բանականության կապանքներից՝ ինչպես Յոհանի պարագայում, սակայն, անգամ Յոհանի դեպքում Ուրասավան ակնարկում է ափսոսանքի փոքր նշույլի մասին: Բնականաբար, նման հանցանքների պարագայում արդարացումների մասին խոսել հնարավոր չէ, և հեղինակը չի փորձում արդարացնել դահճին (դա անգամ տեղին չէ): Այնուամենայնիվ, Յոհանի դեպքում ևս Ուրասավան տալիս է «օգնության կանչի» արտահայտման միջոցը: Խոսքը Յոհանի այն երկու հաղորդագրությունների մասին է, որոնք նա թողնում է Տենմային.
Գրություն պատին. Իմ թանկագին բժիշկ Տենմա, նայե՛ք ինձ, նայե՛ք ինձ: Հրեշն իմ ներսում արդեն այսչափ մեծացել է:
Գրություն. Օգնեցե՛ք, հրեշն իմ ներսում շուտով կպայթի:
Այս գրություններից առաջինը վերցված է «Անանուն հրեշը» հեքիաթից (այն ժամանակ Տենման դեռ գլխի չէր ընկնում հեքիաթների հետ Յոհանի կապի մասին): Եվ առաջին հայացքից կարող է թվալ, որ այս նամակներով Յոհանը ծաղրում է Տենմային, բայց մյուս կողմից, նա կարծես՝ փորձում էր հուշել, թե ինչ սցենարով է շարժվում. ներքին հույսով, որ վերջինս նրան կսպանի և կկանգնեցնի: Այս դետալները ևս օգնում են ընթերցողի միտքն ուղղել դեպի չբացահայտվածը, և ուշադրություն դարձնել նրան, ինչը տեսանելի է միայն աշխարհի հակառակ կողմում:
- Ֆրանց Բոնապարտան
Այս նյութում արդեն բավական շատ ենք խոսել հեքիաթներից, որոնք այդքան մեծ ազդեցություն են ունեցել գլխավոր հերոսների կյանքի վրա: Սակայն դեռևս չենք անդրադարձել դրանց հեղինակին՝ Ֆրանց Բոնապարտային, նույն ինքը Յակուբ Ֆարոբեկին, նույն ինքը Կլաուս Պոպպեին, նույն ինքը Էմիլ Շերբեին (բոլորը Ֆրանց Բոնապարտայի գրական անուններն են): Հենց նա էր «Կարմիր վարդերի առանձնատանը» տեղի ունեցած փորձարկումների, սպանությունների հետևում կանգնած հրեշը [7] (42-46 սպանված, որոնց անունները գողացվել են, և չի մնացել ոչ մեկ, որ կճանաչեր նրանց), որի հետազոտության արդյունքերի հիման վրա էր ձևավորվել նաև 511 մանկատունը: Եվ հենց նա է սկիզբը դրել պատմության հիմնական թեմատիկ խնդիրներից մեկին՝ անունների նշանակությանը՝ թույլ չտալով զույգի մորը անուն տալ իր երեխաներին:
Այդուհանդերձ, Ֆրանց Բոնապարտան ևս զղջում է գործած հանցանքների համար, և հենց նա է դառնում վերջին մարդը, որ սպանվում է այս պատմությունում [8]:
Ֆրանց Բոնապարտա. Ես սպասում էի, ես պարզապես այստեղ սպասում էի, որպեսզի Նա գա և կայացնի իմ դատավճիռը: Ես մեռնելուց չեմ վախենում, բայց ես չգիտեմ, թե ինչպես փոխհատուցել արածներիս համար: Այնպես, որ ես պարզապես կընդունեմ այն, ինչ այստեղ տեղի կունենա (նկատի ունի գյուղակի բնակիչների բնաջնջումը):
Նրա կերպարանափոխության մասին է հուշում նաև իր վերջին պատմությունը, որը լույս է տեսել 1989 թվականին, այս անգամ Հելմուտ Վոսս կեղծանվան տակ: «Խաղաղ տունը» մի գողի մասին է, որը ծածուկ ներթափանցում է գյուղ և նպատակ ունի հեռանալ լավ ավարով: Սակայն շփվելով գյուղի բնակիչների հետ՝ նա մոռանում է՝ ինչպես գողանալ և սկսում է խաղաղ ապրել գյուղաբնակների հետ: Այստեղ արդեն չկա նրա մնացած ստեղծագործություններին հատուկ դառը նստվածքն ու հրեշավորությունը:
- Մայրը
Վյերա Չեռնան կամ Աննան, (այս անունը նրան տվել էր Ֆրանց Բոնապարտան) որին գտնելու համար այդքան երկար ճանապարհ են անցնում պատմության հիմնական դերակատարները, և առաջին հերթին՝ Յոհանը, հայտնվում է միայն մանգայի վերջին երկու գլխում, երբ Տենման գտնում է նրան Արևելյան Ֆրանսիայում: Վերջինիս, ինչպես և զույգի հորը օգտագործում էին փորձարկումների համար. նպատակը, ըստ էության, կատարյալ երեխաներ ստեղծելն էր: Իսկ երբ նրանք որոշում են փախչել այդ ամենից, նրանց բաժանում են: Ենթադրվում է, որ զույգի հորը սպանում են, իսկ Վյերային և նրա երեխաներին՝ շարունակում օգտագործել փորձարկումների համար.
Վյերա. Ես սիրում էի ամուսնուս, բայց այդ մարդը սպանեց նրան: Դա նրա փորձարկումն էր, և ես դա երբեք նրան չեմ ների: Անգամ եթե մեռնեմ, երեխաները, որոնք մեծանում են իմ ներսում, կպատժեն նրան: Ոչ, բաց մի՛ թող, մի՛ թող: Ո՞վ է իրական հրեշը… Ես հենց նոր հիշեցի և միգուցե էլ երբեք չհիշեմ, բայց Ձեզ պետք է ասեմ, որ ես նրանց անուններ եմ տվել: Նրանց անուններն են…
Հենց այսպես է սկսվում պատմության վերջին գլուխը՝ «Իրական հրեշը»: Այն, թե ինչպես է Վյերան վարվել երեխաների հետ, և ինչն է Յոհանին վերածել Հրեշի, պարզ է դառնում Տենմայի և Յոհանի վերջին զրույցի ժամանակ.
Տենմա. Քո մայրը քեզ շատ է սիրում: Եվ ես լսել եմ քո իրական անունը: Դու անուն ունես:
Յոհան. Բժի՛շկ Տենմա, ես ցանկանում եմ Ձեզ մի բան հարցնել, և միայն Ձեզ: Այն ժամանակ, երբ հրեշը մեզ մոտ եկավ: Իմ մայրը փորձում էր պաշտպանել ինձ, թե՞ շփոթել էր ինձ քրոջս հետ: Ո՞ր մեկը: Ո՞ր մեկն էր անպետք երեխան…
Ամենասարսափելի տեսարանը Յոհանի համար թերևս հենց այս դրվագն է, երբ տղան հանդիպում է մոր անզգայության հետ: Այդ տեսարանը կուլմինացիան է. երեխայի հոգին՝ աշխարհի կենտրոնը, չի դիմանում մոր սառնությանն ու դաժանությանը: Եվ հենց մոր այս արարքն է խորհրդանշում անցումը կատարելությունից երկակիության՝ չարի և բարու երկակիության գիտակցման:
- Բոլոր հերոսները
Հրեշ կարելի է համարել նաև բոլոր հերոսներին: Դժվար չէ նկատել դժբախտությունը մարդկային ճակատագրերում և դրանցից ծնվող հրեշավորությունը: Ընդհանուր առմամբ, հերոսներից յուրաքանչյուրն ունի իր աշխարհայացքը, աշխարհի մասին իր պատկերացումները, որի հիման վրա էլ նրանք բևեռացվում են, ձգում կամ հետ մղվում միմյանց: Իզուր չէ, որ Ուրասավան պարբերաբար մանգայի առանձին գլուխներում ներկայացնում է հերոսների կապը միմյանց և անհատապես Տենմայի և Յոհանի հետ՝ իբրև հակադիր բևեռներ: Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակի դառնությունը քննադատողն էլ հենց նույն մարդիկ են: Ինչպես օրինակ, բժիշկ Տենմայի ձերբակալության ժամանակ հասարակության այն ներկայացուցիչները, որոնք առնչվել են նրան՝ Ֆրանց Կիֆերը, Ռուդոլֆ Հյուբերը, Գիլլենը, Քրամպը, Հեսսը և բազմաթիվ այլ մարդիկ չէին հավատում, որ Տենման ընդունակ է մարդասպանության և համատեղ նամակով խնդրել էին փաստաբաններին պաշտպանել նրա շահերը դատարանում: Սա կարծես՝ վկայությունն է նրա, որ մարդիկ կարողանում են տարբերակել իրենց շրջապատող աշխարհում ստեղծված անհեթեթությունը և չարն ու բարին:
Բացի այդ, Հրեշին բացահայտելու այս շփոթությամբ թվում է, թե հեղինակը ինքը չարի և բարու միջև որևէ սահման չի գծում, սակայն այնուամենայնիվ, սահման կա և այն արտահայտված է Յոհանի գլխին Վիմի հարբեցող հոր կրակոցով: Վերջինս տեսնելով, թե ինչպես է Յոհանը ատրճանակը պահել իր որդու գլխին, սեղմում է ձգանը: Այն, որ Յոհանին ի վերջո կրակում է ոչ թե Տենման, այլ իր երեխային փրկել ցանկացող ճարահատյալ հայրը, որն ինքը խմած ժամանակ մեկ անգամ չէ, որ ձեռք է բարձրացրել որդու վրա, խիստ հատկանշական է. ի վերջո հենց հոր և զավակի մոտիվն է խորհրդանշում Ուրասավայի «թույլատրելիի սահմանը»: Ընդհանուր առմամբ, հերոսների համար այս ճանապարհորդությունը հիշեցնում է կատարսիս՝ հուզական փորձառության և սարսափի միջոցով նրանց մաքրագործում և վերածնունդ:
−−−
Ամփոփելով «Հրեշի» վերլուծությունը տեսանք, թե ինչպես է Ուրասավան պատմության զարգացման ընթացքում կյանքի և մահվան երկընտրանքի թեմայից անցում կատարում չարի և բարու երկակիությանը: Թեև իր հարցազրույցում հեղինակը շատ կարճ և հստակ է ձևակերպում, թե ինչ է ցանկացել ցույց տալ իր պատմության մեջ. այն է՝ բոլոր մարդկանց մեջ էլ կա լավը և վատը, այդուհանդերձ, կարծում եմ, կերպարների և թեմատիկ հակադրությունների մեծ թիվը ինչ-որ չափով ուղիղ համեմատական է այդ հարցի շուրջ հեղինակի մտորումներին: Դրա մասին է վկայում նաև այդ թեմատիկ հակադրությունների առանցքում հրեշի կերպարի ներկայացումը Ուրասավայի կողմից, ինչպես նաև մանգայի վերջին գլխի անվանումը, որն ընդգծում է անորոշությունը Վյերայի՝ թվում է այդքան պարզ հարցում. «Ո՞վ է իրական հրեշը»:
Ընդհանուր առմամբ, «Հրեշը» մանգայի թեմատիկ վերլուծությունը իբրև գրական ստեղծագործություն՝ իր ոչ պակաս կարևոր պատկերային բաղադրիչից զատ, անկախ ձևաչափի զվարճագեղ տարրից, որը ներկայիս սպառողական մշակույթում դուրս է թողնում հաճույքից բացի այլ՝ «անհարմար» զգացողություններ ու մտքեր, կատարեց իր հայելային դերը: Այն թույլ տվեց հերոսների շնորհիվ տեսնել ոչ թե մարդկային ձախողումները կամ գերմարդկային հաջողությունները, այլ անցնել դրանից այն կողմ և այդ ամենի հետևում տեսնել մարդկայինի սահմանը:
Գրականություն
Ծանոթագրություն
Հեղինակ՝ Հեղինե Ալեքսանյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են: