Հակոբ Հակոբյան | Վերլուծություններ և հոդվածներ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, «Ինլայթ»-ի վերլուծաբան, Խորհրդի անդամ,  44-օրյա պատերազմի հերոս, մասնագիտությամբ տնտեսագետ Հակոբ Հակոբյանի 29-ամյա տարեդարձն է: Հակոբի լույս հիշատակին նվիրված՝ լույս է տեսել նրա «Վերլուծություններ և հոդվածներ» երկլեզու ժողովածուն՝ հայերեն և անգլերեն:

Հրատարակության մեջ զետեղված են Հակոբի տնտեսագիտական վերլուծությունները, մասնագիտական թարգմանություններն ու հոդվածները՝ հրապարակված «Ինլայթ»-ի կայքէջում 2017-2020 թթ. ժամանակահատվածում: 

***

Հակոբը համակարգում էր «Ինլայթ»-ի տնտեսագիտական բաժինը, պրակտիկայի և մենթորության ծրագրերը, հեղինակում, թարգմանում և խմբագրում մասնագիտական տարաբնույթ հոդվածներ:   

2013 թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի Բիզնեսի կազմակերպման բաժինը՝ ստանալով կոմերցիայի բակալավրի կոչում:

2013-2015 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 

2015 թ.-ին ՀՊՏՀ-ի մագիստրոսական ծրագրի շրջանակում համալսարանական ErasmusPlus փոխանակման ծրագրով սովորել է Էստոնիայի Տարտուի համալսարանի Հանրային կառավարման ֆակուլտետում: 2017 թ.-ին ավարտել է ՀՊՏՀ-ի Պետական և մունիցիպալ կառավարման մագիստրատուրան` ստանալով կառավարման մագիստրոսի կոչում:  

2017 թ.-ից աշխատել է  ՀՀ Կենտրոնական բանկի Դրամաշրջանառության վարչության Արժույթի թողարկման բաժնում՝ որպես վերլուծաբան: 

Տվյալագետ դառնալու հավակնոտ նկրտումներով 2018 թ.-ին ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան, որտեղ սովորում էր տնտեսագիտության մագիստրոսական ծրագրով՝ նախքան ռազմի դաշտում հերոսաբար զոհվելը:

***

Հակոբը զոհվել է Կուբաթլուի շրջանում 2020 թ. հոկտեմբերի 26-ին: Հուղարկավորվել է հայրենի Սայաթ-Նովա գյուղում` Արարատի մարզում:

Համաձայն ՀՀ նախագահի 2020թ.-ի նոյեմբերի 11-ի «Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին» ՆՀ-296-Ա հրամանագրի` հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

***

Հակոբի մասին ջերմ հիշողություններն ու նրա լույս հիշատակը մեր հոգում և սրտում են ~  

Նա բոլորիս անասելի կարոտ է թողել՝ պարկեշտության, նվիրվածության, վճռականության և հայրենասիրության մարմնացում և օրինակ լինելով մեզ համար: Իր հերոսությամբ սթափեցրել ու պարտավորեցրել է բոլորիս:

Հավերժ  ~


Գիրքը ձեռք բերելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ +374 43 097051  հեռախոսահամարով կամ info@enlightngo.org էլ. հասցեով, ինչպես նաև՝ գրելով մեր ֆեյսբուքյան էջին:


Գրքի թվանշային տարբերակը կարող եք բեռնել հղմամբ:


EconoMix նախագիծ՝ նվիրված Հակոբի հիշատակին: