Հայաստան և Թուրքիա։ Առևտրային կախվածությու՞ն, թե՞ ընտրություն

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ 6 ամիս ժամկետով արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից [1]: Այնուհետև, հունիս ամսին որոշումը երկարաձգվել է  ևս վեց ամսով։ Որոշումը, ունենալով գերազանցապես քաղաքական ենթատեքստ, նախևառաջ կապված է տնտեսության հետ և կարող է հանգեցնել տնտեսական մեծ փոփոխությունների։

Հայաստանի տնտեսությունը թուրքական շուկայի հետ կապված է դեռևս 1991թ․ պետականության հաստատման տարիներից, և ժամանակի ընթացքում այդ կապն ավելի է սերտաճել։ Եթե հետևենք Թուրքիայից ՀՀ ներմուծման դինամիկային (Գծապատկեր 1) [2], կտեսնենք, որ որոշակի վայրիվերումներով 2001թ․-ի 44,014 հզ ԱՄՆ դոլարի ներմուծման ծավալը 20 տարիների ընթացքում  աճել է հնգակի՝ 2020թ․-ին հասնելով 227,337.10 հզ ԱՄՆ դոլարի։ Աճը հատկապես մեծ թափ է առել 2004թ․-ից սկսած, մի ժամանակաշրջան, երբ հայ-թուրքական քաղաքական հարաբերությունները նոր թափ էին ստացել և ակտիվ հանդիպումներ էին տեղի ունենում պետական մակարդակով։ Ավելին, 2008թ․-ին, երբ ներմուծման ծավալները կտրուկ աճ էին գրանցում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով: Սրանով մեկնարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման նոր փուլը, որին տրվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը: 2008թ-ից Թուրքիան եղել է Հայաստանի առևտրային գործընկերների առաջին տասնյակում՝ տատանվելով 5-8-րդ հորիզոնականներում [3]։ 

Գծապատկեր 1 Թուրքիայից ներմուծման ծավալները 2001-2020թթ․

Սակայն եզրահանգումներ վաղ է անել, քանի որ պատկերն ամբողջական չէ։ Ուսումնասիրելով Թուրքիայից ապրանքների ներմուծման ծավալը ընդհանուրի մեջ (Գծապատկեր 2)՝ կտեսնենք, որ  Թուրքիան միակ երկիրը չէ, որից հայկական շուկան կախվածություն ունի։ Ավելին, այն համամասնորեն զիջում է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին։

Գծապատկեր 2․   Հայաստան ներմուծման ծավալները ըստ երկրների 2001 ” 2020թթ․

Գաղտնիք չէ նաև, որ թուրքական արտահանման ընդհանուր կառուցվածքում ՀՀ մասնաբաժինը չափազանց փոքր է այլ երկրների համեմատ՝ մոտ 0,00000514% [4]: Կարող ենք ասել, որ հայ-թուրքական առևտրատնտեսական կապեր ասելով՝ պետք է հասկանալ գերազանցապես թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան: Այնուամենայնիվ, այլ երկրներից Հայաստան ներմուծումների միջինում 4.8%-ն է կատարվել Թուրքիայից և այդ ցուցանիշը չի գերազանցել 7․24%-ը (Գծապատկեր 2)․ վերջինս գրանցվել է 2005թ․, երբ տնտեսական աճը հասել էր 13,9%-ի։ Մինչդեռ ՌԴ-ին բաժին է ընկնում ՀՀ ներմուծումների 36,02%-ը՝ զբաղեցնելով շուկայի 1/3-ը, որին հաջորդում է Չինաստանը՝ 12,52%-ով, Գերմանիան և Իրանը՝ համապատասխանաբար՝ 6,81%-ով և 5.84%-ով։ Այստեղ, սակայն, պետք է անդրադառնալ ներմուծվող ապրանքների ծագման երկրին։ Թուրքիայից ներմուծվող ապրանքների և թուրքական ծագման ապրանքների ծավալներում նշանակալի տարբերություն կա, մասնավորապես, 2020թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է ներմուծվել  178130.7 հազար դոլարի թուրքական ծագման ապրանք [5], մինչդեռ միայն 80249.9 հազար դոլարինն է անմիջապես Թուրքիայից ներմուծվել։ Ավելին, 2004-2020թթ․ ընկած ժամանակահատվածում թուրքական ծագման ապրանքների ներմուծումը մշտապես գերազանցել է Թուրքիայից ապրանքների ներմուծմանը՝ միջինում 1,5 անգամ․ ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է 2013թ․, երբ այդ ապրանքների ներմուծման ծավալը մոտ 4 անգամ ավելի էր, որից հետո ամենաբարձրը գրանցվել է 2020թ․՝ 2,6 անգամ [6] ։ Վերջինս պայմանավորված է տվյալ ժամանակահատվածում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով, երբ արտահանումն ու ներմուծումը դարձել էին խնդրահարույց, և ապրանքների ներմուծումը կատարվում էր մեծապես երրորդ երկրի միջոցով, ինչպես նաև երկու երկրների միջև քաղաքական անկայուն իրավիճակով։ Այս պահին Կառավարության որոշմամբ արգելք է դրվել թուրքական ծագման ապրանքների ՀՀ մուտքին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի կամ այլ երկրի միջոցով հնարավոր չէ ՀՀ տարածք ներմուծել որևէ թուրքական ծագման ապրանք։ Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ չնայած արգելքին՝ խախտումներ գրանցվում են տարբեր եղանակներով․ մասնավորապես, պիտակների փոփոխման և երրորդ երկրի միջոցով ՀՀ են ներմուծվում որոշակի քանակի թուրքական ծագման ապրանքներ։ Բնականաբար, միայն պետական վերահսկողությունը բավարար չէ խնդիրը լուծելու համար, անհրաժեշտ է նաև տնտեսավարող սուբյեկտների պատրաստակամությունը և աջակցությունը, սակայն անհրաժեշտ խիստ վերահսկողական միջոցառումների շնորհիվ խախտումները հնարավոր է նվազագույնի հասցնել։

Հետաքրքրական է, որ 2020թ․ հոկտեմբեր ամսից հետո ԱՎԾ-ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ հաշվետվության մեջ Թուրքիային ընդգրկել է ԱՅԼ երկրների շարքում, և առանձին տվյալներ ներկայացված չեն [6]։ Ենթադրաբար, սա պայմանավորված է ներմուծման ծավալի կտրուկ նվազմամբ մինչև որոշման ընդունումը։ Սակայն ուշագրավ է, որ Թուրքիայի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2021թ․ ՀՀ արտահանված ապրանքների ծավալները 2,5 անգամ ավելի են 2020թ․-ի տվյալներից [7]։ Սա առաջ է քաշում մի շարք կարևոր հարցեր, սակայն դրանց հնարավոր կլինի պատասխանել դեկտեմբերին ԱՎԾ-ի կողմից տվյալների հրապարակումից հետո։

Գծապատկեր 3․ ՀՀ ներմուծման ծավալները՝ ըստ տոկոսային հարաբերակցության 2001 -2020թթ․

Անդրադառնալով ապրանքներին՝ պետք է նշել, որ Թուրքիայից ՀՀ մեծապես ներմուծվում են վերջնական սպառման՝ պատրաստի ապրանքներ, որոնք կազմում են ներմուծման մոտ 80%֊ը, մասնավորապես՝ hագուստ, տրիկոտաժ և բամբակյա գործվածքներ, լվացող և քիմիական այլ միջոցներ, ցիտրուսային մրգեր, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան), նավթ և նավթամթերք  և այլն, իսկ մնացած 20%֊ը միջանկյալ սպառման ապրանքներն են՝ հումքը(Գծապատկեր 4)։ Այստեղ պետք է նկատել, որ կառավարության որոշմամբ հումքի ներմուծման վրա սահմանափակում չկա։ Վերջինիս նպատակն է չխոչընդոտել Հայաստանում արտադրության կազմակերպումը։

Գծապատկեր 4․  Հայաստան ներմուծվող ու Թուրքիա արտահանվող հիմնական ապրանքախմբերը

Թուրքական ծագման ապրանքների կշիռը մեծ է «այլ տրիկոտաժե պաստառներ» ապրանքախմբում՝ 83%, տրիկոտաժե հագուստի՝ 66%, ցիտրուսային պտուղների՝ 56%, ալյումինե ձողերի և տրամատների՝ 64% և այլն։[8] Վերոնշյալ ապրանքատեսակները այլ երկրների արտադրանքի համեմատ ավելի էժան են և դրա շնորհիվ Հայաստանում բավականին մրցունակ են։ Թուրքական ապրանքները Հայաստանում գնային առումով մրցունակ են նաև տրանսպորտային ծախսերի շնորհիվ, ինչը պայմանավորված է աշխարհագրական դիրքով, և այլ տարածաշրջանում գտնվող երկրներից ներմուծումը դառնում է համեմատաբար ոչ շահավետ։ Հետաքրքիր է, որ 2020թ․ տրիկոտաժե հագուստ ապրանքախմբի ներմուծման ծավալները մոտ 10 անգամ գերազանցում են 2011թ․ ծավալներին։ Վերջինս նաև տոկոսային հարաբերակցությամբ առաջնային դիրք չէր զբաղեցնում այլ երկրների համեմատ՝ իր դիրքը զիջելով ինչպես Չինաստանին և Ռուսաստանին, այնպես էլ եվրոպական մի շարք երկրների, ինչից կարելի է եզրակացնել, որ ներկայումս ևս հնարավոր է հրաժարվել այդ ապրանքներից և այլընտրանքներ գտնել։  

Խոսելով այլընտրանքներից՝ պետք է նշել, որ դրանք երկուսն են՝ տեղական արտադրության կազմակերպում և այլ երկրներից ներմուծում, ընդ որում, մեկը մյուսին ոչ թե բացառում, այլ փոխլրացնում են։ Գնի և որակի չափանիշներով թուրքականի հետ մրցակցում են հիմնականում չինականը և ռուսականը, սակայն պետք չէ նաև անտեսել իրանական և եվրոպական շուկաները, որոնք ներմուծման ծավալների համատեքստում գերակշիռ դիրք ունեն։ Եթե դիտարկենք տրիկոտաժե հագուստի ներմուծման շուկան, ապա հիմնական փոխարինող երկիրը Չինաստանն է, որը առաջնային դիրք է գրավում հագուստի շուկայում և 2019թ․ 9 անգամ գերազանցում էր թուրքական հագուստի ներմուծմանը, իսկ 2020թ․՝ 3 անգամ։ Այնուհետև, փոխարինող երկիր կարող ենք դիտարկել Ռուսաստանը, որը, սակայն, ներմուծման ծավալներով 2 անգամ զիջում է Թուրքիային և 6,5 անգամ Չինաստանին։ Հետևյալ փոփոխությունները, պայմանավորված լինելով համավարակով, հաստատում են, որ հայկական շուկան ճկուն է և անհրաժեշտության դեպքում կարճ ժամանակահատվածում կարող է իրացման այլ շուկաներ գտնել։ Այնուամենայնիվ, փոփոխություն կատարելիս հիմնական ազդող գործոնները գնային, ծախսային, ինչպես նաև որակական չափանիշներն են, որոնց բարձր ցուցանիշների ապահովման դեպքում միայն սպառողը կգնա փոխարինման։ Բացի այդ, պետք է նաև հաշվի առնել, որ ներմուծման բավական խոշոր տնտեսական գործընկերոջ փոխարինումը պետք է ընթանա այդ երկրից ներմուծվող ապրանքատեսակների նկատմամբ խոշոր ծավալի պահանջարկի ներկայացմամբ այլ երկրների շուկաներում, ինչն էլ կարող է հանգեցնել ապրանքների գների բարձրացման։

Անդրադառնալով ներմուծման ծավալներում հաջորդ մեծ կշիռ ունեցող ապրանքատեսակին՝ ցիտրուսային պտուղներին՝ կարող ենք փաստել, որ 2019թ․ Թուրքիան առաջատար է եղել մյուս երկրների նկատմամբ, սակայն 2020թ․ 1,5 անգամով  անկում է գրանցվել։ Ի հակադրություն վերջինիս՝ 2019թ․-ի համեմատ 2020թ․-ին Իրանից մրգերի ներմուծումը աճել է 2,6 անգամ և առաջատար դիրք զբաղեցրել տվյալ շուկայում․ այստեղ պետք է նկատել, որ գնային փոփոխությունն է նպաստել աճին։ Մյուս կողմից, Ռուսաստանը այս շուկայում զգալիորեն զիջում է իր դիրքերը վերջին երկու երկրներին և մրցակցային դիրք չի զբաղեցնում, չնայած որ 2019թ․ համեմատ 3 անգամ աճ է ունեցել։ Այս ոլորտում մրցակցային չէ նաև Գերմանիան, որին բաժին է ընկնում ներմուծման 6,8%-ը, և ավելի մրցակցային է սարքավորումների ոլորտում։

Թուրքիայից մեծապես ներմուծվող ապրանքների դեմ պայքարում որպես այլընտրանք ընդունելով տեղական արտադրությունը՝ կարող ենք անդրադառնալ հիմնական խումբ ապրանքներից հագուստի արտադրությանը։ Այսպես՝ վերջինիս արտադրությունը ՀՀ-ում 2020թ․ կազմել է 31316.8 մլն. դրամ [9], որը գրեթե հավասար է Չինաստանից ներկրված հագուստի ծավալներին, իսկ Թուրքիայից ներմուծման ծավալներին գերազանցում է 3 անգամ։ Այս ոլորտում առկա հիմնական խնդիրները, որոնք էլ ձևավորում են վերջիններիս մրցունակությունը, հետևյալն են՝ հումքի ձեռքբերում, որակյալ արտադրանքի թողարկում, ինքնարժեքը ձևավորող որոշ բաղկացուցիչների օպտիմալացում։ Հետաքրքիր է, որ  տեղական արտադրանքի պահանջարկի վրա ազդում է նաև չինական հագուստը՝ ցածր գնի հաշվին։ Սակայն, պետք է փաստենք, որ տարիների ընթացքում հայկական արտադրության հագուստի ծավալները աճել են և նկատելիորեն բարվոք դիրք գրավել Չինաստանից ներմուծվող հագուստի կողքին։

Ամփոփելով, կարող ենք նշել, որ Թուրքիան, լինելով Հայաստան ներմուծման ծավալների առաջին հինգ երկրների ցանկում, մեծ տեսակարար կշիռ ունի վերջնական սպառման ապրանքների կազմում։ Մասնավորապես, գերիշխող դիրք է զբաղեցնում հագուստի, մրգերի, սարքավորումների, նավթամթերքի ներմուծման ծավալներում։ Այնուամենայնիվ, վերոնշյալ ապրանքատեսակները գնի և որակի, ինչպես նաև ներմուծման ծավալների առումով մրցակցային են նաև այլ երկրներում և ժամանակի ընթացքում կարող են ամբողջովին փոխարինել թուրքական ծագման ապրանքներին, եթե հաշվի առնենք, որ 15 տարի առաջ թուրքական ապրանքները նշանակալի տեղ չէին զբաղեցնում հայկական շուկայում։ Ինչպես նաև պետք է շեշտը դնել տեղական արտադրության վրա այն ոլորտներում, որտեղ հնարավոր է՝ նկատի ունենալով դրանց մրցակցային դառնալու հնարավորությունները։ Հատկապես անհրաժեշտ է կարևորություն տալ հայ-ռուսական, հայ-իրանական, հայ-եվրոպական տնտեսական հարաբերություններին թուրքական ապրանքների՝ հայկական շուկայից հեռացնելու ճանապարհին։ Այս պահին կարևոր է, որ ՀՀ կառավարությունը շարունակի վեց ամսով թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի երկարաձգումը՝ սակայն, տվյալ ապրանքատեսակների ձեռքբերման այլընտրանքային հնարավորություններ ապահովելով, որպեսզի այդ երկրից ներմուծման ծավալների անկման դինամիկան շարունակական բնույթ կրի։ 


Հեղինակ՝ Հերմինե Ֆանյան (Hermine Fanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։