Ռաֆայել Պապայան. Ժողովրդավարություն եւ կայսրություն
Չգիտեմ, որքանով է ճիշտ, Ա․ Լուկյանովը Հայաստան կատարած իր այցի ժամանակ ասել է, թե հայերի կազմակերպվածությունն ավելի սարսափելի է, քան ադրբեջանցիների վայրագությունները։ Տվյալ դեպքում կարեւոր չէ՝ իրոք ասվե՞լ է, քանի որ Մոսկվայի հետագա կողմնորոշումն ակնհայտ է՝ լրջորեն կազմակերպված դեմոկրատական շարժումը կենտրոնական իշխանություններն ընկալում են որպես հիմնական թշնամի։
Եվ ուրեմն, սա կարեւոր դրույթ է՝ բանաձեւ, որն, ըստ իս, կարող է մատչելի դարձնել իշխանությունների հաճախ տարօրինակ թվացող դիրքորոշումն ու վարքագիծն այլ հարցերում։ Այդ հարցերից առաջնահերթն այն է, թե ինչո՞ւ է երկրում աճում բռնությունը՝ հիմնականում ազգամիջյան հարցերի ոլորտում, եւ ինչո՞ւ ժողովրդավարություն հռչակող պետությունը գոհ է դրանից եւ հաճախ ինքն է սադրիչի դեր ստանձնում։ Մենք սովորաբար վերագրում ենք դա կայսրության հայտնի «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքին, կամ՝ մեր հանդեպ իշխանության ունեցած դիրքը փորձում ենք բացատրել միջազգային ասպարեզում նրա իբր մահմեդական կողմնորոշմամբ, ի վերջո՝ պնդում ենք, թե պատճառը մեր հանդեպ մշտական ատելությունը կամ թշնամանքն է, այսինքն՝ գերադասում ենք բացատրություն չտալ իրադարձություններին, քանի որ ատելությունն ու թշնամանքը միայն հետեւանք են, ոչ թե պատճառ։
Սակայն ինքնին հասկանալի է, պիտի գոյություն ունենան որոշակի գաղափարական հիմքեր, որոնց վրա հիմնված են իշխանությունների գործողություններն ու որոնց հակասում է Հայկական շարժումը։ Անշուշտ, այդ մասին էլ է խոսվել ու պարզ է, ինքնորոշման գաղափարն ինքնըստինքյան հակասում է կայսերական միտումներին, մեր միտինգների ակնհայտ եւ անողոք քննադատական ոգին խախտում էր «հրապարակայնության» համար նախատեսված սահմանները եւ այլն։ Սակայն սրանք էլ ընդամենը մանրամասներ են, որոնց հետեւում թաքնված է ընդհանուր գաղափար։ Իհարկե, նախատեսում ենք առարկություն, այն է՝ ոչ մի կուռ եւ ամբողջական գաղափար երկրի ներկայիս (ինչպես նաեւ նախորդ տասնամյակների) «տերերը» չունեն ու չեն ունեցել։ Համաձայնելով այդ պնդմանը, պիտի զարգացնենք միտքը, ավելացնելով, որ այդ «անգաղափար» վիճակն սկսվել է հենց դարասկզբից՝ Խորհրդային երկրի հիմնադիր առաջնորդի աշխատություններից։ Նկատե՞լ եք, որ ամեն մի հաջորդ իշխանավոր իսկույն հռչակվում է միակ ճշմարիտ լենինյան։ Զարմանալին այն է, որ տվյալ մակդիրը հավասարապես ճիշտ է բնութագրում այդ իրարամերժ եւ միմյանց հակադրվող առաջնորդներից յուրաքանչյուրին, սկսած հենց Ստալինից, քանի որ ինքը՝ Լենինը, հեղինակ է բազմաթիվ հակասական գաղափարների, որոնց հռչակումը կախված է տվյալ պահի գործնական շահերից։ Նյութապաշտ փիլիսոփայության վրա հիմնված գաղափարները եւս, անշուշտ, նյութական են եւ վերջիններիս կյանքը չափվում է տվյալ պահի տեւողությամբ։ Հենց այս հանգամանքն էլ թույլ է տալիս պնդել, որ ոչ մի գերագույն համընդհանուր գաղափար, որով պիտի ղեկավարվեին սոցիալիստական կայսրության կառուցողները, չկա ու չի եղել։
Սակայն իր պատմության բոլոր փուլերում այս քաղաքական համակարգին հատուկ էր մի գերնպատակ, այն է՝ ոչ միայն հոգեւոր երեւույթները համարել ինչ-որ երկրորդական ու աննշան տարր, այլ նաեւ իսպառ ոչնչացնել։
Թվում էր, թե նման բազմազգ կայսրության վերակառուցումը պիտի սկսվեր հենց ազգային հարցերի կարգավորումից։ Սակայն դա տեղի չունեցավ ու չէր կարող տեղի ունենալ։
Բանն այն է, որ ազգային խնդիրները միշտ էլ հոգեւոր խնդիրներ են։
Հիշենք, որ արցախյան շարժման ամբողջ ընթացքում՝ սկզբից մինչեւ այժմ, ձեռնարկվում էին փորձեր՝ մեր ազգային խնդրի հոգեւոր բովանդակությունը վերացնել ու վերածել զուտ նյութականի։ Այդ փորձերի ենթատեքստում էլ պիտի գնահատվեն գումարների հատկացումները, սոցիալ-տնտեսական հարցերի քննարկումները եւ այլն։ Հիշենք նաեւ, որ գործադուլներն ընդհանրապես, եւ Հայաստանի ու Արցախի գործադուլները մասնավորապես, մինչեւ հիմա որակվել են ապօրինի, վնասակար, կամ, գոնե, անհեթեթ քայլ։ Սակայն հանքափորների անցյալ տարվա գործադուլն առաջինն էր, որն ընկալվեց որպես արդարացված որոշում։ Բանն այն է, որ, ի տարբերություն մեզ հուզող հարցերի, հանքափորների պահանջները զուտ (կամ առավելապես) նյութական էին։ Նկատենք՝ ԽՍՀՄ սահմանադրության մեջ հրաշքով պահպանված հենց հոգեւոր կետերն են ամենահետեւողական կերպով ոտնահարվել կամ անուշադրության մատնվել։ Այդ իսկ պատճառով մարդու իրավունքների ու ժողովրդավարության շուրջ Արեւմուտքի հետ բռնկված վեճերում հարցը կրկին ու կրկին տեղափոխվում էր զուտ նյութական ոլորտ, ու երկիրը հպարտությամբ հայտնում էր, թե «ապահովել է» մարդու ուտելու, աշխատելու, թոշակ ստանալու եւ այլ զուտ սոցիալ-նյութական իրավունքներն ու այլեւս անելիք չունի այս՝ իր էությամբ հոգեւոր բնագավառում։
Ղարաբաղյան խնդրի նենգափոխումը նույն բնույթի է։ Նույն սահմանադրության մեջ իրար են հակադրվել երկու կետեր, մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, մյուսը՝ հանրապետությունների սահմանները փոփոխելու պայմանների վերաբերյալ։ Անտարակույս, սրանցից անտեսվողն ու ոտնահարվողը պիտի լինի առաջինը, քանի որ այն իր մեջ պարունակում է հոգեւոր հարց, մինչդեռ երկրորդը, վերաբերելով տարածքային խնդիրների, էությամբ նյութական է։
Եթե այս տեսանկյունով մոտենանք ժողովրդավարության հարցին, կպարզվի ոչ միայն այն, որ բռնապետությունն ու դեմոկրատիան անհամատեղելի են, քանզի դեմոկրատիան վերացնում է տոտալիտարիզմը, ըստ որում, շնորհիվ հոգեւոր ազատության, որը դեմոկրատիայի հիմնական բովանդակությունն է: Ուրեմն, եթե տոտալիտար իշխանությունը հռչակում է դեմոկրատիա, նա նախ եւ առաջ պիտի հոգա, թե ինչպես այդ հասկացության հետ համատեղի իր հակահոգեւոր դիրքն ու էությունը: Անշուշտ, նա պիտի այդ հասկացությունը զրկի հոգեւոր լիցքից եւ հռչակի այն մերթ «սոցիալիստական դեմոկրատիա» (նկատո՞ւմ եք՝ սոցիալ-նյութականը կրկին է ընդգծվում), մերթ, պարզապես, աննկատ դեֆորմացիայի ենթարկի դրա բովանդակությունը: Ուրեմն, փորձենք հասկանալ, թե ի՛նչ ի նկատի ունի իշխանությունը «դեմոկրատիա» ասելով:
Այսպես կոչված «ճահճացման» տարիներին դեմոկրատիայի ձերբակալված ջատագովներին իշխանությունները (ի դեմս, օրինակ, ՊԱԿ-ի քննիչների) զարմանքով հարց էին տալիս. «Ինչպե՞ս թե դեմոկրատիա – ուրեմն, ով ինչ ուզի՝ կարող է անե՞լ. մարդ սպանի, մետրո պայթեցնի»: Ամենահետաքրքիրն այն է, որ հարց տվողների զարմանքն անկեղծ էր: Այս պարզունակ մտածելակերպը, անշուշտ, սնվում է նույն ակունքներից. կրկին նենգափոխվում է գաղափարը, մտքի ազատության հոգեւոր ոլորտից տեղափոխելով այն գործողությունների նյութական ոլորտ, ընդ որում, այնպիսի գործողությունների, որոնք առավելապես մոտ են իշխանությունների գործելակերպին՝ տեռոր, բռնություն: Քանի որ բռնությունն այս համակարգի գոյության միակ հնարավոր միջոցն ու պաշտպանն է, ուստի երկրում որքան էլ հռչակվի դեմոկրատիա (այն միշտ էլ հռչակվել է), իշխանությունները նկատի կունենան այն, ինչ իրենք են ներդրել ու ներդնում այս հասկացության մեջ, տվյալ դեպքում՝ տեռորիստական գործողությունների ազատություն: Իշխանությունների տեռորն իր ժողովրդի հանդեպ վաղուց էր դարձել միջազգային քննադատության նյութ, որի հետեւանքով խորհրդային կայսրությունը բազմաթիվ կորուստներ էր կրում: Նա ստիպված էր հռչակել դեմոկրատիա ու վերացնել պետական տեռորը, սակայն՝ փոխարինելով այն մեկ այլ տեռորով, որը կիրագործի արդեն ոչ թե ինքը՝ պետությունը, դրանով իսկ ապահովելով իր «ալիբին» Արեւմուտքի առջեւ, այլ երկրի այն խավերը, հասարակական խմբերն ու ազգային տարրերը, որոնք իրենց հակահոգեւոր բնույթով առավելապես մոտ են իշխանություններին: Արցախյան հանգույցում այդպիսին եղավ «ադրբեջանական գործոնը», ուստի, ծածուկ թե ակնհայտ, իշխանությունների համակրանքն ու աջակցությունը նրանց կողմն է:
Ավելին, կարելի է ասել, Մոսկվան բազմաթիվ փորձեր կատարեց հայկական շարժումը եւս ուղղել նույն՝ տեռորի ու բռնության հունով, որպեսզի ինքներս խեղդենք մեր մեջ ծնունդ առած, հզորացած հոգեւոր վերելքն ու մեր բոլոր դեմոկրատական ուժերը, որոնք այնժամ կարող էին խոչընդոտ դառնալ բռնությունների իրագործման միտումներին: Եւ երբ դա, փառք Աստծո, չհաջողվեց, իշխանությունն ստիպված էր ցույց տալ իր անփոփոխ դեմքը, մոռանալ անգամ «ալիբի»-ի մասին ու անցնել սեփական ձեռքերով տեռորն իրականացնելու գործին՝ պարետային ժամին ու համազգային շարժման գործիչների ձերբակալմանը (նկատենք, ձերբակալում էին հենց տեռորին հակադրվող ուժերը):
Այս ենթատեքստում, անշուշտ, հասկանալի է դառնում, թե ինչու է հայերի կազմակերպվածությունն ավելի վտանգավոր իշխանությունների համար, քան Ադրբեջանում կատարվող բարբարոսությունները, ինչու է Մոսկվան փաստորեն հովանավորում Սումգայիթի եւ այժմ արդեն Բաքվի, ջարդարարներին, ինչու խորհրդային զինված ուժերը մերթ «ուշանում են» արյունահեղությունը կանխել, մերթ հենց մարդասպանների կողքին լինելով, չեն միջամտում, երբեմն նույնիսկ համագործակցում են նրանց հետ, եւ թե ինչ են նշանակում «դա մեր երեխաներն են» քնքուշ բառերը, որոնցով Մ. Գորբաչովը բնութագրեց «Զվարթնոց» օդանավակայանում բարբարոսություններն իրագործողներին եւ ի՞նչ իմաստ կա այն բուռն ծափահարություններում, որոնցով դիմավորեց մարդասպան – գեներալ Ռոդիոնովին դեպուտատների համագումարի՝ Գորբաչովին հնազանդ մեծամասնությունը։
Վերջին օրերի իրադարձություններն ու խորհրդային բանակի արյունոտ ակցիան Բաքվում չեն հակասում տվյալ դրույթին: Ադրբեջանը Մոսկվայի զինակիցն էր մինչեւ այն պահը, երբ ինքն էր կատարում ահաբեկման ֆունկցիան, որն ուղղված էր մյուս հանրապետության դեմոկրատական շարժման դեմ: Սակայն, երբ դա դուրս եկավ Մոսկվայի հսկողությունից եւ ուղղվեց քաղաքական կառուցվածքների դեմ, Մոսկվան կրկին մոռացավ իր «ալիբի»-ի մասին ու ինքն անցավ ահաբեկչության:
Գաղտնիք չէ, որ դեմոկրատիան հռչակվել է Արեւմուտքի ճնշմամբ, բայց իշխանությունը գիտակցում է, որ իր իշխող դիրքը եւ կայսրությունը չեն կարող պահպանվել, եթե երկրում վերացվի բռնությունը: Այդ իսկ պառճառով սկզբից ստեղծում է հենց վերեւում իբր գոյություն ունեցող դեմոկրատական հզոր ուժերի եւ օպոզիցիայի (Գորբաչով ” Լիգաչով) միֆը, որը, այնուամենայնիվ, թույլ «ալիբի» էր: Այդ միֆի մերկացումից հետո իշխանությունն ինքը անցնում է իրոք դեմոկրատական վարքագծի, միեւնույն ժամանակ աջակցելով բոլոր այն ուժերին, որոնք կարող են իրենց վրա վերցնել պետության կողմից «մերժված» տեռորի ֆունկցիան: Դա ակնհայտ երեւում է նաեւ անդրկովկասյան իրադարձությունների շրջանականերից դուրս: Մերձբալթիկայում մոսկովյան իշխանությունների համար անհանդուրժելի են ազգային ճակատները, սակայն աներկբա աջակցություն են ստանում հենց իրենց կազմակերպած «ինտերնացիոնալ» ճակատները: Ռուսաստանում իշխանությունը հետապնդում ու հալածում է «Դեմոկրատական միություն» կազմակերպության գործունեությունը, սակայն խրախուսում է «Պամյատ» շովինիստական կազմակերպությանը, որը պատշաճության համար երբեմն ենթարկվում է ընկերական քննադատության:
Ուրեմն՝ իշխանությունը ճիշտ է կողմնորոշվել, թե ում հանձնի դեմոկրատիան ճնշելու իր ֆունկցիան:
Այստեղ միանգամայն տեղին է համեմատել խրուշչովյան «դեմոկրատիայի» օրոք ստեղծված կոմերիտական օպերատիվ շտաբները, որոնք իրագործում էին տեռորը, ի վերջո համագործակցում ՊԱԿ-ի հետ (ՊԱԿ-ի այժմյան կադրերը հիմնականում այդ շտաբների սաներն են), եւ մեր օրերում կազմվող «բանվորական ջոկատները»:
Տեռորն է յուրաքանչյուր, մանավանդ այս կայսրության ամենահուսալի պահապանը: Եւ, ուրեմն, քանի կան բռնությունը սնող ուժեր, կայսրությունը կպահպանվի, շարունակելով իր հանցագործություններն անհատների, ժողովուրդների ու մարդկության դեմ, պահպանելով ու փայփայելով այդ հակամարդկային ու հակահոգեւոր ուժերը, գրգռելով լարվածությունն այն օջախներում, որտեղ հնարավոր է բռնության պոռթկումը: Արցախն ու Հայաստանն առաջինը դուրս եկան բռնության այդ դաժան խաղից: Այդ իսկ պատճառով, մենք չենք կարող Մոսկվայի այժմյան իշխանությունների համակրանքի հույսն ունենալ:
Իշխանությունը չափազանց զգույշ է ձեւակերպում իր մտահղացումները. չլինի հանկարծ այդ ձեւակերպումների մեջ սողոսկի որեւէ հոգեւոր ակնարկ: Այս առումով շատ հարմար է «վերակառուցում» բառը, որի ամեն մի հնչյունից ծորում է նյութականը: Միայն թե ոչ «վերածնունդ», որը, իհարկե, հոգեւոր գաղափար է: Բայց հայ ժողովուրդն անցել է վերակառուցումից դեպի վերածնունդ: Եւ հենց դա է մեր հետագա հաղթանակների ու անպարտելիության միակ երաշխիքը՝ անկախ հնարավոր զուտ ֆիզիկական պարտություններից, որոնք առայժմ, վնասելով մեր մարմինը, միայն կոփել են մեր հոգին:
ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N 3, Փետրվար 1990
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ