Լիզա Ճաղարյան. Ընկ․ Բ․ Փանջունի ի Երեւան
Ե․ Օտյանի բոլորին հայտնի հերոս, հավերժ հեղափոխական ընկ․ Բ․ Փանջունին այս արգասավոր յոթանասուն տարվա ընթացքում մոռացավ իր մայրենի լեզուն։ Մեծ հայրենասերը այս նամակը կուսակցական ընկերներին գրել է «խորհրդային քաղաքակիրթ մարդուն եւ խորհրդային քաղաքական գործչին վայել» ռուսաց լեզվով։ Նամակը թարգմանել եւ խմբագրությանն է ներկայացրել Լիզա Ճաղարյանը։
Մարտ, 1990 թ․
Սիրելի ընկերներ, միանգամից ասեմ, որ այդչափ անհանգստության հիմքեր չունեք, պայքարը Երեւան քաղաքում իր բնական զարգացումն է ապրում։ Սա Ծապլվարը չէ, ընկերներ, որ Խեւ Ավոյի հույսին մնանք։ Անհատի պաշտամունքի, լճացման եւ ճահճացման բովով անցած ու նշածս նվիրական բովում թրծված մի մեծ բանակ ունենք մեր թիկունքին։
Զբաղված էի մեզ հայտնի կուսակցական գործերով։ Պատասխանը ուշացնելու միակ պատճառը սա է, ոչ թե մեր թշնամիների տարածած զրպարտությունները, որ իբր ես ծախու եմ, դավաճան եւ ըստ քամու հոսանքի փոխում եմ իմ պլատֆորմը։ Իմ պլատֆորմը ձեր պլատֆորմն է, ձերը՝ իմը։ Կեցցե՛ մեր պլատֆորմը։
Սկսեմ այնտեղից, թե ինչպես հրաժեշտ տվեցինք 1989-ին։ Այն ժամանակ, երբ գիտակից, նրբաքիմք, սեփական ստամոքսի նկատմամբ հարգանքը չկորցրած մեր համախոհներն զբաղված էին Ամանորի սեղանների համար խոզի ազդր (բուդ) եւ հնդկահավ հայթայթելու դժվարին, բայց սուրբ գործով, մեր թշնամիները օգտվելով նրանց ժամանակավոր զինադադարից, հերթական չարտոնված միտինգին կոչ արեցին բողոքի երթ կազմակերպել դեպ «Նաիրիտ»։ «Փա-կել, փա-կել» վանկարկելով նրանք դուրս եկան, այսպես կոչված, Ազատության հրապարակից, եւ ես էլ, ըստ տրված հրահանգի, միացա նրանց։ Ես բոլորից բարձր էի բղավում, բայց այդ հանգամանքը ամենեւին չշեղեց իմ ուշադրությունը հիմնական նպատակից։ Գոհունակությամբ նկատեցի, որ շարքերը նոսր են․ «Հայեր, միացեք» հաճախ կրկնվող կոչը ինձ նման երկաթյա տրամաբանության տեր մարդուն հուշեց, որ այդ սադրիչները հույս ունեն դեռեւս, թե իրենց միացողներ կլինեն։ Չարաչար սխալվում էին։ Արեւածաղկի սերմ չրթող ու ծամոն ծամող մեր ոսկե երիտասարդությունը արհամարհանքով ոտքից գլուխ չափում էր այդ խելապակասներին, իսկ անձնազոհաբար խոզի ազդրի (բուդ) տեր դարձած երջանիկները թանկագին բեռան տակ կքած շտապում էին իրենց օջախները։ Երախտամոռ թող կոչվեմ, եթե մոռանամ մեր տիտղոսավոր մտավորականներին, գրողներին, գիտնականներին։ Հայացքով երկար փնտրելուց հետո ընդամենը երկու-երեք հոգու գտա։ Այո, մեր նշանավոր սերուցքը միշտ իր բարձության վրա է։ Փա՜ռք նրանց։ Իհարկե ձեռքերս ծալած չեմ նստել․ ստույգ աղբյուրներից գիտեմ, որ նրանք երկու պատրաստի ելույթ ունեն դարակներում խնամքով պահած։ Ով գիտե, զգուշությունը լավ բան է։ Եթե հանկարծ սրանք հաղթեն, նրանք փութով մեջտեղ կհանեն այն ելույթը, որտեղ «Նաիրիտը» յոթգլխանի հրեշ է ներկայացված, եթե պարտվեն, խնդրեմ՝ ահա ձեզ ծանրակշիռ ապացույցներ «Նաիրիտի» անփոխարինելիության։ Մեր հակառակորդները մտավորականության եւ գիտնականների նմանօրինակ պահվածքը անվանում են քամելեոնություն, երեսպաշտություն, ստրկամտություն, ծախվածություն եւ սրանց նման այլեւայլ որակումներով, իսկ մենք գիտենք, ընկերներ, որ դա պարզապես քաղաքական ճկունության փայլուն օրինակ է։ Չեմ կարող հպարտությամբ չնշել, որ դա մեր ազգին շատ բնորոշ է։ Եթե կողքիս լինեիք (ոնց եմ կարոտել ձեզ), երեւի կասեիք՝ բայց չէ՞ որ, այնուամենայնիվ, «Նաիրիտը» չի գործում, չէ՞ որ հանցագործ տարրերը փակել են երկաթգծի ճանապարհը։ Չհուսահատվեք։ Մեր ժողովուրդը երբեք չի մոռանում իր բարերարներին։ Ո՞վ կմոռանա, որ Ռիժկովը երկրաշարժի օրերին ոչ թե մատ թափ տվեց մեզ վրա, ոչ թե հրամայեց հրաշքով ողջ մնացածների հարցն էլ տանկերի միջոցով լուծել, այլ․․․ հուզվեց։ Ո՞վ կմոռանա նրա հուզմունքից թաց աչքերը ու կմերժի նրա հրամանը։ Ով մոռանա, զույգ աչքով թող կուրանա։ Ցավդ տանեմ, Ռիժկով ջան, էլի հիշեցի, սիրտս փլվեց։ Մի բաժակ կոնյակ ըմպեմ, ուղեղս թարմանա։
Այո, սիրելի ընկերներ, այդ էքստրեմիստները դեռ շարունակում են «Նաիրիտի», ես կասեի, շրջափակումը, բայց դե մենք էլ, պատկերավոր ասած, խոտ չենք ուտում։ Մի թարմ օրինակ։ Մեր բարեկամ «Լրաբեր» ծրագիրը վերջերս անմեղ ժպիտով մի ջախջախիչ հարց տվեց «Նաիրիտի» մոլեռանդ հակառակորդներից մեկին, որով ողջ Հայաստանին տեղեկացրեց, որ «Նաիրիտի» շրջափակումը կազմակերպողների մեջ կան մարդիկ, ովքեր դեմ են փակմանը։ Առաջին հայացքից անհեթեթ թվացող այս հարցը անպայման ցանկալի արձագանք կունենա, մանավանդ որ այդ էքստրեմիստի խոսքը բերանում մնաց։ Այս առիթով չեմ կարող չխմել փրկարար մոնտաժի կենացը։
Խնդրում եմ, հաջորդ անգամ, մեր ճկուն մտավորականությանը մրցանակ, տիտղոս, կոչում ուղարկելիս մտահան չանեք նաեւ «Լրաբերի» մի քանի գիտակից լրագրողների (եւ նրանց ծրագրավորողներին), որոնք առողջ քննադատության համար լայնորեն բացել են դռները այն ոչ պաշտոնական կազմակերպությունների առաջ (առայժմ չեմ կարող ստույգ թիվը գրել այդ կազմակերպությունների, որովհետեւ այս պահին գուցե արդեն ծնվում են եւս տասը-տասնհինգ կազմակերպություն), որոնք քաջաբար չեն թաքցնում իրենց համակրանքը մեր հակառակորդների նկատմամբ։ Օրինակ՝ հենց մեր հակառակորդները «Ղարաբաղ» են կանչում, նրանք անկախություն են ուզում, մեր թշնամիները անկախություն են կանչում, նրանք ծովից ծով Հայաստան են ուզում։ Նրանք թուրքերին են մեղադրում, սրանք՝ ռուսներին։ Նրանք ռուսներին են մեղադրում, սրանք՝ հրեաներին։ Թե դրանցից ով ինչ է ուզում, ինչու է ուզում, դա մեր գործը չէ։ Որ այս 45-ից 65-ի մեջ տատանվող խմբերն իրենցից բացի ոչ ոք չեն ճանաչում, դա էլ մեր գործը չէ։ Կարեւորն այն չէ, որ ամիսը երկու անգամ միանում են ու ցնցող անուն դնում իրենց կազմակերպությանը եւ սրեր ճոճում․․․ Ո՞ւմ դեմ։ Նրանց դեմ, ովքեր մեզ այսքան գլխացավանքներ պատճառեցին ու շարունակում են պատճառել։ Սա էլ է պառակտման միջոց, եւ «Լրաբերի» այս գովելի նախաձեռնությունը չի կարելի անուշադրության մատնել։ Չպետք է մոռանալ, որ առջեւում ընտրություններ են, եւ նրանց հակամարտությունից մենք ենք շահելու։
Վերադառնանք «Նաիրիտին», սիրելի ընկերներ։ Ուզում եմ այն ավարտել լավատեսական նոտայով։ Ձեր կարծիքով զրահագնացքն ինչո՞ւ է ժամանել Հայաստան։ Բացատրեմ։ Շրջափակումը շրջափակում է, ինչ տարբերություն, Հայաստանի, թե «Նաիրիտի»։ Այնպես որ․․․ Եթե համը հանեն․․․ Շատ ընդարձակվելու կարիք չկա։ Հազար ու մի թշնամի ունենք։
Գանք Անդրանիկին։ Դուք քաջատեղյակ եք, որ դժվարին կացության մեջ էինք։ Երկար պայքարեցինք, որ յոթանասուն տարվա փակ դռները փակ էլ մնան նրա առաջ, բայց որ զգացինք պարտության եզրին ենք, հնարը գտանք։ Ճարպկորեն մեջտեղ հանեցինք ռուս մեծ ժողովրդի մասին նրա մի-երկու կարծիք ու բոլոր լրագրողներով տպագրեցինք։ Երեւի կհարցնեք՝ ինչո՞ւ։ Ասեմ, ընկերներ։ Որ ապացուցենք Անդրանիկի ռուսական կողմնորոշումը։ Մնացածը մոռանալ ու մոռացնել է պետք, որը եւ անում ենք օր ու գիշեր։ Հաջողությունը ակնհայտ է։ Այժմ աշխատում ենք Հայաստանի բոլոր փողոցները, դպրոցները, հրապարակները կոչել նրա անունով, որ մնացածներին տեղ չմնա, մանավանդ էդ․․․ էդ․․․ Նժդեհին։ Չնայած մեր թափած քափ֊քրտինքին, ոչ մի տեղ չհաջողվեց մի բառ, մի տող գտնել նրա ռուսական կողմնորոշման մասին։ Մի ճար արեք։ Եթե չկա, հնարեք։ Խավարամիտ ամբոխը պահանջում է Նժդեհին վերագնահատել։
Հերսոտեցի։ Մի բաժակ էլ գցեմ։
Չեմ թաքցնում, շատ եմ հոգնում։ Օրեր ու գիշերներ եմ անցկացնում խորովածի, սնկի, քյուֆթայի սեղանների շուրջ։ Եվ ուր գնում եմ, մեր քարտեզը իր խոսուն սահմաններով միշտ հետս է։ Ցույց եմ տալիս, բացատրում եմ, հիշեցնում եմ, եթե պետք է, բամբասում եմ, չարախոսում եմ։ Եվ այդ ամենը միայն ու միայն հանուն հայրենիքի։ Վերջերս էլ, հիշում եմ, խմեցինք-կերանք ու պայծառացավ ուղեղս գտավ փրկարար ելքը։ «Ով մեզ հետ չէ, նրանց հետ է», ― ճչացի ես ու բոլորը հոտնկայս ծափահարեցին։ «Վերջ, ― շատ ազդեցիկ ծղրտացի ես, ― կամ ռուսական կողմնորշում, կամ թուրքական։ Միայն կողմնորոշում, անընդհատ կողմնորոշում, հավերժ կողմնորոշում»։ Տպավորությունը ցնցող էր։ Աշխույժ բանավեճ սկսվեց։ Ես մասնավորապես նշեցի, որ մեր հարեւանների կատարած վայրագությունները հեռուստատեսությամբ եւ մամուլում պետք է լուսաբանել առավելագույնս մանրամասնությամբ։ «Զուգահեռաբար, ― այդտեղ ես ոտքս գետնին խփեցի, ― զուգահեռաբար հիշեցնել աղետի օրերին մեր բարերարների ցույց տված օգնությունը եւ անպայման երկրաշարժի օրերի սահմռկեցուցիչ տեսարանների ուղեկցությամբ»։
Երկար խոսեցի։ Բոլորը ուտում էին, խմում եւ արտասվում։
Արդյո՞ւնքը։ Խնդրեմ։ Եկեք Երեւան եւ վայելեք մեր փայլուն քաղաքականության պտուղները։ Որ կողմը նայում ես՝ արցունքից կամրած աչք ու քիթ, վշտից խենթացած հայացք, զայրույթից ու երախտագիտությունից դողացող ձեռքեր, սրտի կաթված։ Տղամարդիկ կանանց նայում են եղբոր խանդաղատալից հայացքով, կանայք տղամարդկանց՝ քրոջ կամ մոր հայացքով։ Ճիշտը որ ասեմ, նկարագրածս արտաքինով կանանց եղբոր հայացքով չնայես, ոնց նայես։ Հիմա կհարցնեք՝ նպատա՞կը։ Մի՞թե պարզ չէ։ Որ մեզ խղճան, ցավակցեն, օգնեն, խնայեն։ Որ երբեք չմոռանանք, թե ովքեր են մեր թշնամիները եւ ովքեր մեր բարեկամները։
Անցնենք առաջ, սիրելի ընկերներ։ Գիտեմ, որ ուսանողների հարցը նույնպես հուզում է ձեզ։ Վստահ ու կարճ հայտարարում եմ՝ իզուր եք անհանգստանում։ Մատների վրա կարող եք հաշվել մի քանի կարճամիտ տաք-գլուխների։ Նստացույցի ժամանակ, գիշերվա գայթակղիչ հովանու տակ մեր ուսանողության մեծ մասը գտավ իր կյանքի ուղեկցին։ Եվ հիմա նրանք շարունակում են նստել, բայց ոչ թե, այսպես կոչված, Ազատության հրապարակում, այլ սրճարաններում, այգիներում, կինոթատրոններում։ Ձանձրանո՞ւմ եք դասախոսություններից, հանուն հայրենիքի դասադուլը պատրաստ է, բայց, իհարկե, փառք աստծո (ներողություն, փառք կուսակցությանը), այս երկու տարում այնքան են իմաստնացել, հասունացել, որ գերադասում են այդ ժամերն անցկացնել այնտեղ, որտեղ իրենց է հաճելի։ Նրանցից ամեն մեկը մի պատրաստի առաջնորդ է, ո՞վ իրավունք ունի նրանց ուղի ցույց տալու։ Այս մի բաժակն էլ խմում եմ մեր փիլիսոփա ուսանողների կենացը։
Հիմա երեւի կասեք՝ շատ եմ խմում։ Չասեք։ Ես իմ հաճույքի համար չեմ խմում։ Ես կատարում եմ հեղափոխական արդի վիճակի թելադրանքը։ Ամեն մի սեղանը մի հաղթություն է։ Մի պահ փակեք աչքներդ ու պատկերացրեք՝ քյուֆթա․․․ ոսկեգույն․․․ հալած յուղով օծված․․․ Գոլորշին բարձրանում է․․․ Կոնյակ․․․ Կեր ու խոսիր, խմիր ու խոսիր։ Աստված տվել չի խնայել, պարապ մարդիկ ունենք, անհաջողակներ ունենք, մեծամիտներ ունենք, ստրկամիտներ ունենք ու ունենք։ Տակն ի՞նչ մնաց։ Մնացին մի խումբ ծայրահեղականներ, որ գիշերվա մի մասը «Նաիրիտի» երկաթգծի վրա են լուսացնում, մի մասը՝ սահմանների վրա, ցերեկը վազում են հիվանդանոցները, Գետաշեն, Ղարաբաղ։ Իրենց տներում էլ տեղավորել են անօթեւաններին ու փախստականներին, մի անկյուն չունեն, որ գլուխները դնեն, մի ժամ հանգստանան։ Ո՞ր մեկն ասեմ։ Ձեզ չեմ հարցնում, նրանց մեջ էլ ո՞ւժ կմնա քաղաքական պայքարի համար։ Ոչ, ընկերներ, չի մնա։ Այնպես որ հանգիստ վայելեք ձեր քյուֆթան ու կոնյակը։ Միանում եմ ձեզ։
Հա, մի քանի օր առաջ ավտոմեքենա կանգնեցրի, շտապում էի, այսպես կոչված, Ազատության հրապարակ, որ միտինգի ընթացքում գլուխ գլխի հավաքված խմբերի մեջ շարունակեմ իմ դաստիարակչական աշխատանքը։ Մի օրիորդ էլ միացավ մեզ։ Կրծքանշանից ու դեմքի գույնից գլխի ընկա, որ «ցավագարներից է»։ Երեւի վարորդն էլ էր (նրա նման գործունյա մարդկանց այստեղ «գրդոնչի» են ասում) հասկացավ։ Նունյությամբ ներկայացնում եմ նրանց հարց ու պատասխանը։
ՎԱՐՈՐԴ ― (հեգնանքով) էդ Ղարաբաղը տվի՞ն։
ԱՂՋԻԿ ― (խեթ-խեթ նայելով) Չէ։
ՎԱՐՈՐԴ ― (զարմացած) Յա՜, բա երեկ մեկն ասեց՝ տվել են։
ԱՂՋԻԿ ― (ոչնչացնող հայացք) ․․․
ՎԱՐՈՐԴ ― (մի քիչ սուլելուց հետո) էդ կոմիտեն լավ դզեց իրեն, չէ՞։ Շեֆս ասում էր՝ ամեն մեկը մի «Մերսեդես» է առել, քաղաքի կենտրոնում էլ մի շենք են տվել, որ իրարից մոտիկ լինեն։ Ամեն մեկին 4-5 սենյակ։
ԱՂՋԻԿ ― (հուսահատ) Չէ, Մոսկվայում էին տվել, 6 ամիս ապրեցին, հետո չուզեցին, ետ եկան։
ՎԱՐՈՐԴ ― (անկեղծ ու անմեղ զարմանքով) Յա՜, մարդ էլ Մոսկվայում տուն ունենա, թողնի գա էդ ավերականո՞ցը։ Գիժ են, արա։
ԱՂՋԻԿ ― (անտարբեր) Հա, գիժ են։
Ցավոք, շուտ տեղ հասանք։ Երեքանոցը մեկնեց վարորդին, նա էլ վերցրեց, դրեց գրպանը ու շարունակեց սուլել։ Մի քիչ կանգնեց, հասկացավ, որ երկու ռուբլին ետ չի ստանալու, սուսուփուս գնաց։ Դա էքսպրոպրիացիայի փայլուն օրինակ էր, որ ինձ մեծ հաճույք պատճառեց։ Ես թփթփացրի վարորդի ուսը ու ասի՝ քշիր շեֆիդ մոտ։ Հիմա կասեք՝ բա դու միտինգ չէի՞ր գնում։ Այո, բայց ինչպե՞ս այդ փայլուն հնարավորությունը ձեռքիցս բաց թողնեի։ Ավելի շատ տեղեկություններ էր հարկավոր տալ մեր «գրդոնչի» եղբորը։ Օրվա ընթացքում տասը ուղեւորի հետ էլ որ «աշխատանք» տաներ, հաջողությունը հսկայական կլիներ։ Եվ հետո ուզում էի ծանոթանալ նրա շեֆի հետ, որը եւ արեցի նույն օրը։ Ճոխ սեղան բացեց։ Խմեցինք։ Հոյակապ բաժակաճառ ասացի։ «Թույլ չենք տա, որ այդ սադրիչները հասնեն իրենց սեւ նպատակին։ Երդվել ենք հավատարմորեն ծառայել մեծ ազգին, պիտի ծառայենք մինչեւ մեր արյան վերջին կաթիլը։ Իսկ այս մի բուռ հողի համար, ― դղրդաց խրոխտ ձայնս, ― ավելի ճիշտ, այս սեյսմիկ գոտու համար, մենք ավելորդ արյուն չունենք թափելու»։
Մեր նոր բարեկամը խոր ըմբռնումով ընդունեց իմ բաժակաճառը, նույնիսկ ոգեւորեց ինձ։ Ասաց, որ մեր ժողովուրդը բարի է, միամիտ է, մոռացկոտ է։ Ասաց՝ կարեւոր չէ ինչ ես արել, ինչպես ես արել մինչեւ հիմա, եւ ինչպես անում եւ ինչպես ես ապրում այժմ։ «Կարեւորն, ― ասաց, ― այն է, որ դառնաս հեռուստաաստղ եւ շաբաթվա մեջ երկու անգամ ցնցող ճառ ասես»։ Եվ մի քանի հայտնի ճառ տվեց, որ կողմնորոշվեմ։ Հիմնականը ըմբռնեցի։ Սկիզբը՝ իմ բազմաչարչար ժողովուրդ, վերջը՝ օրհնվի էն սհաթը։
Գնամ մի բաժակ էլ լակ․․․ խմեմ ու ավարտեմ նամակս։
Կորչի՛ հետամնաց հայոց լեզուն։
Կեցցե՛ քաղաքակիրթ ռուսաց լեզուն։
Կորչի՛ նեղ ազգային ինքնագիտակցությունը։
Կեցցե՛ ԽՍՀՄ ժողովուրդների անխախտ բարեկամությունը։
Կորչի՛ ինքնորոշումը։
Կեցցե՛ կողմնորոշումը։
Մի քիչ փող ուղարկեցեք փութով։ Մոսկվայում բնակարանի տեղ եմ արել։ Հայրենասիրությունը հայրենասիրություն, բայց մարդ մի քիչ էլ իր մասին պիտի մտածի։
Հ․Գ․ Մի սպանիչ հոդված հաջողացրեք կենտրոնական թերթերում։ Թող այդ սադրիչները հասկանան, որ եթե շարունակեն իրենց թշնամական գործողությունները, այս անգամ ոչ թե Մոսկվայում «6 ամսով բնակարան կտան», այլ Սիբիրում՝ ցմահ։ Ցը՜․․․
ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N 7, 25 մարտի 1990
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ