Հայք 24 | Անկախությունը նախ և առաջ ազգային արժանապատվություն է

Կիրականանա՞ն արդյոք ժողովրդի հույսերը

1990թ․ հուլիսի 20-ին կայացավ նորընտիր Խորհրդարանի առաջին նիստը։ Ներկայացնում ենք «Հայք» թերթի 1990թ․ հուլիսի 22-ի համարում հրապարակված մի քանի հարցազրույց Գերագույն խորհրդի նստաշրջանից։

***

Հայաստանի Խորհրդարանն այսօր ի՞նչ առաքելություն պիտի ունենա: 

Աշոտ Ոսկանյան. – Քաղաքական նմանօրինակ «բացառիկ» իրադրության մեջ, ըստ իս, պետք է հնարավորին չափ հստակ կողմնորոշիչ քայլեր արվեն: Հայտնի է, որ Հայաստանն ապրում է քաղաքական, սոցիալ-տնտեսական բարդ մի գործընթաց: Բազում հիմնահարցեր կան, որոնց լուծումը ազգային-ազատագրական պայքարի մեր օրերում այսօր ավելի քան հրատապ է: Մասնավորելով խոսքս, ասեմ, որ որպես այդպիսիք ես երկու առանցքային-ուղենշային հիմնահարց եմ տեսնում: Ներկայիս «անիշխանական» Հայաստանում հաստատուն, իր ձևով և բովանդակությամբ ազգային իշխանության շուտափույթ հաստատումը, որը ձևավորվելով-կերպավորվելով Խորհրդարանում, ինչ-ինչ առումներով կբարվոքի հանրապետությունում տիրող քաոսային վիճակը: Խորհրդարանը պետք է ինքն իրեն ձևավորի, ասել թե՝ պառակտումից ու «ոչնչից ծնվող» անհանդուրժողականությունից պետք է իսպառ զերծ լինենք: Խորհրդարանը «բանավեճերի ակումբ» չէ, դեպուտատները պետք է և պարտավոր են զբաղվել միայն և միայն այսպես կոչված ֆորմալ խնիդրներով: Միակ և ամենակարևոր խնդիրը Խորհրդարանի ձևավորումն է, որն ուղղակիորեն կդրսևորվի մեր հետագա պառլամենտական գործունեության մեջ: Այժմ շատ է անհրաժեշտ, որ ժողովուրդը հասկանա մեկ ճշմարտություն. եթե Խորհրդարանը ձևավորվեց որպես գործադիր իշխանություն, ապա ազգային, եթե կուզեք համահայկական բազում խնդիրներ կլուծվեն: Չմոռանանք, որ արևմտյան երկրներում «առաջին ջութակի» դեր ստանձնած գործադիր իշխանությունները ոչ միայն ժողովրդանպաստ գործունեություն են ծավալում, այլև բազում քաղաքական, սոցիալական կնճռոտ հարցեր են լուծում: Հետևաբար ամեն ինչ, բնական է՝ նաև հայոց շուրջ երեք տարվա պայքարը կմնա օդն ի կախ, եթե, նորից եմ կրկնում, չձևավորվի ազգային գործադիր իշխանությունը: Եվ ես ապրում եմ այս ակնկալությամբ… Հակառակ դեպքում արդեն «զարգացումի վերընթաց ուղով» ընթացող խորհրդային կայսրությունը ոչ թե չի մտահոգվի փրկելու տնտեսապես հյուծված, օրավուր կազմաքանդվող «կախյալներին», այլև ժամանակ չի ունենա: Միայն ազգային ինքնուրունության, անկախության պայմաններում կարելի է հավասարի իրավունքով դաշնակցել, մնացյալ դեպքերում մշտապես կապրենք կախյալի անպատվաբեր հոգնած ու տհաճ կյանքով: Անկախությունը նախ և առաջ ազգային արժանապատվություն է: 

***

Իբրև նախկին քաղբանտարկյալ, այսօր արդեն Հայաստանի խորհրդարանի անդամ, այս պահին ի՞նչ եք մտածում …

Ռաֆայել Պապայան. – Նախ՝ ես գոհ եմ, որ նախկին քաղբանտարկյալից, ԳՈւԼԱԳԻ-ի բնակիչներից միայն ես չեմ, որ ժողովրդի վստահության քվե եմ ստացել: Ուզում եմ ընդգծել որ նախկին «քաղաքականների» ընդգրկումը ազգային խորհրդարանի մեջ գոնե ինձ մեծ սպասելիքներ է ներշնչում: Բացատրեմ. քաղբանտարկյալ հասկացությունը իմ մեջ ներառում է անկախ մտածելակերպի տեր մարդու գաղափարը և վճռականությունը: Նշանակում է՝ խոհրդարանում զգալիորեն բացառվում է թելադրանքի հնարավորությունը, որը կոմունիստական գաղափարաբանության, ավելի ճիշտ՝ սին քարոզչության «կենսունակությունը» պայմանավորող գործոններից է: Իրոք, երաշխավորվում է այն բանը, որ խորհրդարանը շահագրգռված կլինի իսկապես և որոշակիորեն լուծելու ազգի առջև ծառացած խնդիրները, որովհետև այդ մարդիկ՝ «անձինք նվիրյալք», վերակառուցողական և ժողովրդավարական աչքակապությունների ժամանակներից դեռ շատ առաջ են զբաղվել ազգային-քաղաքական գոծունեությամբ՝ արհամարհելով բռնություններն ու հալածանքները: Համոզված եմ և ամենքին էլ կարող եմ վստահեցնել, որ նրանք, ովքեր արժանացել են ժողովրդի վստահությանը, Խորհրդարանում իսկապես կզբաղվեն այն մեխանիզմների ստեղծումով ու մշակումով, որոնք Հայկական Հանրապետության տարածքում կբացառեն քաղաքական ամենատարբեր հայացքների ու համոզմունքների տեր անձանց «անլեգալ գործունեությունը», էլ չեմ խոսում հետապնդումների և այլնի մասին: 

Անշուշտ, խորհրդարանում պիտի գործի մարդու իրավունքների մշտական հանձնաժողով, որը մարդու իրավունքների ապահովման իրական լծակներ ստեղծելուց զատ, պիտի հետևի, որ Խորհրդարանի կողմից ընդունված յուրաքանչյուր որոշում և օրենք համապատասխանի միջազգային իրավական չափանիշներին: Նշանակում է՝ Խորհրդարանը պիտի յուրաքանչյուր օրենսդրական ակտ ընդունի այս հանձնաժողովում քննարկելուց հետո, պիտի անպայման հաշվի առնվի այդ հանձնաժողովի կարևորությունը… Իսկ ամենակարևոր և ամենաառաջին քայլը անկախության հռչակումն է, որովհետև եթե մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար չդառնա գոծունեության ուղենիշ և մենք այս բնագավառում որոշակի ձեռքբերումներ չունենանք, ապա, թող զարմանալի չթվա՝ ինչքան էլ տնտեսապես և քաղաքականապես անկախ լինենք, մեր իսկ հռչակած Անկախ Հայաստանում կմնանք ստրուկներ: Այսպիսի հսկայական նշանակություն ունի Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը, որի ամենօրյա գոծունեությունը միայն և միայն պիտի լինի նպատակային ու ազգանպաստ, իսպառ կտրված միութենականից, իսպառ զերծ վարչահրամայականությունից: 

***

Կարծո՞ւմ եք, որ պետք է նստաշրջանը ինքնիշխանության հասնի…

Սարգիս Մուրադյան. – Ճիշտն ասած, ձևակերպումը պետք է տարբերակներով արվի, հավատւմ եմ, որ ինքնիշխանության նախաշեմին ենք: Եվ անչափ կարևոր է, որ մենք նմանօրինակ փորձերի ականատես եղել ենք: Մենք պիտի ելնենք մեր ազգային բնավորությունից և հոգեբանությունից, մեր անկախության տարբերակը մենք պետք է մշակենք: Նախ պետք է ընտրությունների հնարավորություն լինի, բազմաթիվ կարծիքներ, տեսակետներ կան, դրանցից ամենաշահեկանի ու օգտավետի մշակմամբ զբաղվենք, որպեսզի իրականացնենք ԱՄԵՆԱՌԵԱԼԸ: Էլի եմ կրկնում, բոլոր դեպքերում պիտի գնանք… «անկախությունը մեր դուռը բախում է», բայց ոչ ուշացած: Մտածենք նաև քաղաքական-տնտեսական հարաբերությունների հետ պիտի քաղաքագիտորեն հարաբերվենք: Կան Լիտվայի, Ուկրաինայի, Ռուսաստանի տարբերակները, մերը՝ ազգայինը ունենալու համար նախադրյալներ կան: Խոհեմորեն ու սթափ ազգային պետականության կառուցվածք է հարկավոր մշակել…

***

Եթե այսօր Հայաստանի խորհրդարանը անկախություն հռչակի…

Դավիթ Վարդանյան. – Բնական է, որ մեր խորհրդարանը կազմավորման գործընթաց է ապրում: Կարգավորելիք բազում խնդիրներ կան մինչ անկախության հռչակումը… Եթե հոգածություն չդրսևորվի, ապա Հայաստանն իր զարգացումով հետընթաց կապրի, կտուժի ժողովուրդը և առանց այդ էլ վատթար քաղաքական-տնտեսական պայմաններում նորանոր «փլվածքներ» կառաջանան: Միութենական հանրապետություններից որը զարգացման շրջահայաց ուղով ընթացավ, ա՛յդ հետընթացը չի ապրի: Ավելին՝ ամենատարբեր բնույթի հարաբերություններ կստեղծի ազատագրված Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Արևմտյան աշխարհի միջև: Հիմա՝ Հայաստանի օրինակով, եթե առաջընթացն արգելակող հանգամանքներ կան, պետք է վնասազերծվեն: Գոնե պետք է հետ չմնանք, միշտ ենք չէ՞ մեր ուշացածության համար թանկ վճարել: Խորհրդարանը պետք է կազմավորվի լիարժեքորեն՝ ակնկալիք ունենալով անկախ ժողովրդավարական պետության ստեղծում: Մեր առաջին խնդիրը պետության ստեղծումն է: Մնացած բոլոր քաղաքական «հաշվարկների» դեպքում տանուլ կտանք, ազգովի կմտնենք փակուղի: Այս գործընթացի հետագան կախված է այն բանից, թե ինչպիսի քաղաքական տեղաշարժեր կնկատվեն Միությունում: 


ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N24, 22 հուլիսի, 1990


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ