Աջակցելով համապարփակ և առավել արդյունքամետ մոտեցմանը՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցություն է ձեռնարկում StrategEast-ի հետ՝ վերջիններիս նոր ծրագրի շրջանակներում․ «Տեղեկագրում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների (այսուհետև ԱլԳ) երկկողմ օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ»: Տեղեկագիրը ձևավորված է որպես օգտակար գործիք հանրային կառույցների և որոշում ընդունողների համար, որոնց հետաքրքրության ոլորտը ընգրկում է ԱլԳ տարածաշրջանը, և տարածվելու է ԵՄ և ԱլԳ ավելի քան 1000 բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ճանաչված փորձագետների շրջանում։
Վերջերս Եվրախորհուրդը և Եվրոպական միությունը հատուկ ստեղծված «Առաջարկությունների արկղի» միջոցով առաջարկներ ներկայացրին Արևելյան գործընկերության վեց երկրներում ապագա համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ:
«Առաջարկությունների արկղի» միջոցով առաջադրված գաղափարներն առաջ է քաշել մասնակիցների լայն շրջանակ՝ ներառյալ պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, հասարակական կազմակերպությունների անդամներ կամ անհատներ։ Հիմնական ուղղվածությունը միտված էտնտեսական հանցավորության դեմ պայքարին. դատական համակարգում կոռուպցիայի հաղթահարմանը, հակակոռուպցիոն մարմինների կարողությունների ամրացմանն ու հակակոռուպցիոն քաղաքականության և գործողությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
StrategEast-ը հարցում է անցկացրել ԱլԳ երկրների ավագ փորձագետների շրջանում։ Ահա, հայաստանյան փորձագետի պատասխանը:
Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ն կարո՞ղ է կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքներ բերել ձեր երկրում: ԵՄ ո՞ր ծրագրերն ու գործողությունները կարող են օգնել հաղթահարել կոռուպցիան:
Երկար տարիներ ԵՄ աջակցությամբ ԱլԳ երկրներում, այդ թվում և Հայաստանում, բազմաթիվ ոլորտային բարեփոխումների իրականացմանը միտված հարյուրավոր ծրագրեր են իրականացվել:
Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը շոշափելի արդյունքներ են տվել պետական կառավարման համակարգերի բարեփոխումների, համայնքների հավասար զարգացման, սկսնակ բիզնեսների աջակցության, ՀԿ-ների կարողությունների զարգացման և շատ այլ ոլորտներում: Այսպիսով, Եվրոպական խորհրդի աջակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել ենթակառուցվածքներ ստեղծելու, բժշկական սարքավորումներ ձեռք բերելու և շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ: ԵՄ աջակցությամբ դատական համակարգում իրականացվում է մասնագետների վերապատրաստում: 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ Կառավարությունը հայտարարեց դատական համակարգում լայնածավալ բարեփոխումների, կոռուպցիան կանխող մարմնի ստեղծման և հակակոռուպցիոն այլ ծրագրերի մասին, որոնց ի պատասխան Եվրամիությունը պատրաստակամություն հայտնեց լիովին աջակցել գործընթացին: 2019 թվականից այս գործընթացներն ակտիվ փուլ մտան, բայց համավարակի պատճառով այժմ պասիվ փուլում են:
Այնուամենայնիվ, Եվրամիությունը կոռուպցիայի դեմ պայքարում զգալի առաջընթաց է գրանցել շատ երկրներում, նույնիսկ եթե այդ երկրների կառավարությունները չեն աջակցել կամ մասամբ են աջակցել նման ծրագրերին:
Կարծում ենք, որ եթե Եվրամիությունը կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների կանխարգելման բնագավառներում տրամադրի ոչ միայն ֆինանսական, այլ նաև մասնագիտական, փորձագիտական օժանդակություն, Հայաստանում արդյունքները ևս շոշափելի կլինեն:
Հատկապես կարևորում ենք փորձագիտական աջակցությունը՝ ուղղված պետական կառավարման համակարգին, խորհրդատվությունը, օրենսդրական դաշտի բարեփոխումներին աջակցելը, ինչպես նաև բնակչության շրջանում կոռուպցիայի վերաբերյալ իրավագիտակցության և իրազեկվածության բարձրացումը:
Մարինե Ավետիսյան, «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի վերլուծաբան
Սկզբնաղբյուր՝ այստեղ
Թարգմանիչ՝ Մարիամ Սահակյան (Mariam Sahakyan)