Ոգու վերադարձը

Տիգրան Պասկեւիչյան. Ոգու վերադարձը

1989 թուականի սեպտեմբերի 27-ին վախճանուեց Ազգային միացեալ կուսակցութեան հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրեանը։ Համազգային շարժման ամէն օր բարձրացող անունների կողքին չկար նրա անունը։ Այս անունը չէր հանդիպում ոչ արտասահմանեան «ազատ ձայների» հաղորդումներում, ոչ էլ ռուսական մամուլի հակահայ յերիւրանքներում։ Վերջին կալանքից յետոյ Հ․ Խաչատրյանը ստիպուած էր պայքարել բանտերի ու ճամբարների արդիւնք հիւանդութիւնների դէմ։ Այս էր պատճառը, որ գրեթէ միշտ նա փակուած էր իր արուեստանոց-բնակարանում։

Թւում էր, թե ռուսական բազմազգ կայսրութեան սահմաններում նմանը չունեցող ազգային կուսակցութեան հիմանդրի յուղարկաւորութեանը պէտք է ողջ Երեւանը մասնակցեր, եթէ ոչ ողջ Հայաստանը, բայց հանգուցեալին ուղեկցում էին հարազատները, ընկերները եւ երկու-երեք կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։ Ինչ արած, մեր ժողովուրդը պատմութեան իր իմացութեամբ մի հարիւրամեակ ետ է մնում իր ներկայից։ Այսօր նոր-նոր Քրիստափորի, Զաւարեանի ու Ռոստոմի անուններն ենք լսում ու սերտում։ Հայկազ Խաչատրեանը վաղուայ հասարակութեան հերոսն է ու վաղուայ հասարակութիւնը կգտնի նրա տեղը հայոց մեծերի պատմութեան մէջ։

Ո՞վ է Հայկազ Խաչատրեանը։

Հայկազ Կարոյի Խաչատրեանը ծնուել է 1919 թ․ դեկտեմբերի 11-ին, Երեւանում։ 1925-ին ընդունուել է Երեւանի Ա․ Մռաւեանի անուան դպրոցը։ Յոթնամեակն աւարտելուց յետոյ ուսումը շարունակել է Երեւանի գեղարւեստի /յետագայում Փանոս Թեռլեմեզեանի անուան/ ուսումնարանում։

1939-ին նշանակուել է նկարչութեան ուսուցիչ Աշտարակում։ Նոյն թուականին զօրակոչուել է պարտադիր զինուորական ծառայութեան։ Մասնակցել է երկրորդ աշխարհամարտին։ 1945-ին ընդունուել է Երեւանում բացուած գեղարուեստական /յետագայում գեղարուեստաթատերական/ հաստատութիւնը։ 1951-ին աշխատանքի է անցել գեղարուեստական կոմբինատում։ 1953-ին հրաւիրուել է Մօսկուա ԺՏՆՑ գիւղատնտեսական ցուցահանդէսը ձեւավորելու։ 1951-ին վերջնականապէս վերադարձել է Հայաստան։

1965-ի յայտնի դէպքերի ժամանակ նա ելոյթ է ունենում՝ ցանկութիւն յայտնելով, որ ապրիլի 24-ը ամբողջ աշխարհում նշուի որպէս սգոյ օր։ 1965-ի ապրիլին նա նոյնպէս սգոյ հանձնաժողովի կազմակերպիչների շարքում էր։ Այդ օրը նա ձերբակալւում է եւ ստանում 15 օր։ Նոյն օրը նրա հետ ձերբակալւում են 42 տղամարդ եւ 4 կին։ Բանտախցում տեղի է ունենում Հ․ Խաչատրեանի, Ստեփան Զատիկյանի եւ Շահէն Յարութիւնեանի հանդիպումը։ Ժամկետը լրանալուց յետոյ Հայկազ Խաչատրեանն ազատւում է։ Մէկ շաբաթ անց նրա բնակարանն են գալիս Ստեփան Զատիկեանը եւ Շահէն Յարութիւնեանը ու ստեղծում խորհրդառուսական կայսրութեան սահմաններում առաջին կուսակցութիւնը՝ իր ծրագրով ու կանոնադրութեամբ։ Յունիսին տպագրական եղանակով լոյս է տեսնում մի ծաւալուն թռուցիկ, ապա նաեւ Ազգային միացեալ կուսակցութեան /ԱՄԿ/ տպագիր մարմին «Փարոս» թերթը։ 1968-ին յուլիսի 11-ին ձերբակալում են Հայկազ Խաչատրեանին, իսկ մի քանի օր անց Ստեփան Զատիկեանին եւ Շահէն Յարութիւնեանին։ Նոյն թուականին ԱՄԿ-ի մէջ մտնելու ցանկութիւն է յայտնում «Շանթ» խումբը, որը ղեկաւարում էր տակաւին երիտասարդ Պարոյր Հայրիկեանը։

Դատարանը Խաչատրեանին դատապարտում է 5 տարուա ազատազրկման, Զատիկեանին՝ 4, Յարութիւնեանին՝ 3 եւ ուղարկում Մոլդովիայի քաղաքական ճամբարները։ 1973-ին Հայկազ Խաչատրեանն ազատւում է կալանքից եւ վերադառնում Երեւան, որտեղ նա, ինչպէս նաեւ իր ընկերները դրւում են հսկողութեան տակ։

1978-ին Խաչատրեանը սադրանքի զոհ է դառնում։ Դատապարտւում է մէկուկէս տարի ժամկէտով, եւ ժամկէտն անցկացնում քրէական բանտերում։ 1980-ին Հայկազ Խաչատրեանն ազատւում է կալանքից։ Խիստ հսկողութեան եւ հիւանդ լինելու պատճառով դադարեցնում է գործունէութիւնը։

Վերը շարադրուած կենսագրութիւնը, որքան էլ հարուստ ու հետաքրքիր է, ամբողջական պատկերացում չի տալիս Հայկազ Խաչատրեանի մասին իբրեւ ազգային-քաղաքական գործչի։ Եւ դարձեալ առաջ է գալիս նոյն հարցը՝ ով է Հայկազ Խաչատրեանը։ Չգիտեմ, որտեղից սկսել այս երկրորդ «ով»-ի պատասխանը։ Պատմութեան թելերն անընդհատ ետ են ձգում, ետ, դեպի հեռու եւ ճակատագրական Իսրայէլ Օրու ժամանակները, երբ հայոց ազատատենչ ոգին մարմին-յանգրուան չգտնելով, շփոթուած ժամանակի քաղաքական ցնորամտութիւնից, լուաց ձեռքերը եւ հեռու քաշուեց հայոց խնդիրներից։ Թէ սկսեմ 1828 թուականից, երբ ոգու քաղցը նուաճող-փրկարարի անմեռ գոյութեամբ յագեցաւ։ Հայ ազատատենչ ոգու զուր պրպտումները, հեռացումն ու պատմական վերոյիշեալ իրադարձութիւնները լուրջ քննարկում ու գնահատական են պահանջում, յատկապէս, երբ փորձ է արւում պատմութեան մէջ տեղաւորել Հայկազ Խաչատրեան քաղաքական գործչին։ Չծաւալուելու համար սկսենք մեր վերջին պետութեան՝ Հայաստանի Հանրապետութեան անկումից։

1920 թ․ դեկտեմբերի 2-ին պարտուած հանրապետութեան կառաւարութեան հետ Հայաստան բզկտուած եւ յետագայում էլ աւելի բզկտուելիք երկրից չքացաւ հայկեան ազատատենչ ոգին։ Չէ, չչքացաւ, հեռացաւ մի անգամ էլ 1921-ի փետրուարին ճախրեց՝ թափահարելով հուժկու թեւերը։ Ճախրեց ու հեռացաւ, չքացաւ, գաղթեց, գնաց ծառայելու «աշխարհակալ» սփիւռքի «համազգային» ակումբների տրտում կարօտ-հառաչանքներում։

Եւ Հայաստանում սկիզբ առաւ «սոցիալիստական շինարարութիւնը», որտեղ շինանիւթը մեր մարմինն էր, որտեղ շաղախը ընտիր արիւնն էր հայոց։ Հայաստանը վերածուել էր ոգեզուրկ մի շինհրապարակի, ուր ռուսական սուինն էր ճարտարապետը եւ աշղեկ էր չէկայի ատրճանակը։ Մեր խորհրդային սոցիալիստական հայրենիքն ընդունել էր չէկայի խաղի կանոնները։ Բանտեր ու աքսորներ էին քշւում հազարաւոր մարդիկ: Ինչի համար, ինչ  մեղադրանքով: Ոչնչի, միանգամայն անմեղ, եթէ չհաշուենք, որ ռուսական կայսրութիւնում հայ լինելն ինքնին մեղադրանք էր եւ է մինչեւ այս պահը։ Սա էր իրականութիւնը եւ այս պայմաններում աւելի շուտ քարից մարդ կծնուեր, քան հայ մարդու ուղեղում որեւէ ազատ եւ յանդուգն միտք։

Այս գերլարուած, դաժանօրեն անյոյս վիճակը թուլացաւ երկրորդ աշխարհամարտի առաջին կրակոցներից։ Աշխարհամարտ էր սկսուել եւ ենթադրւում էր, որ անպայման կլինի տարածքային վերաբաժանում։ Հայ ռազմիկներից շատերը, այդ թւում նաեւ Հայկազ Խաչատրեանը արիաբար կռւում էին յանուն ԽՍՀՄ-ի յաղթանակի եւ միամտաբար կարծում, որ յաղթանակած ռուսական պետութիւնը կլուծի հայկական հարցը։

«Մենք պատերազմին մասնակցել ենք նրա համար, որ յաղթեինք։ Եւ գուցէ իմ պատանի եղած ժամանակ ես ուրիշ բան էի մտածում յաղթանակի մասին։ Մտածում էի, որ եթէ յաղթեն, ապա կպարտաւորեցնեն բոլորին իրենց պարտքը վճարել հայ ժողովրդին։ Մեր ժողովուրդը դարերի ժողովուրդ է, եւ չի կարելի անտեսել էն ամէնը, որ նա դրել է աշխարհի զարգացման համար։ Բայց նրանք այդ բանը չարեցին»։

Ոչ միայն չլուծեցին հայկական հարցը, այլեւ նախագծուեց ծրագիր այդ հարցը ներկայացնող ժողովրդին Սիբիրում վերաբնակեցնելու, ինչը մասամբ միայն իրագործուեց։ Պատերազմը լուրջ փորձութիւն էր Հայկազ Խաչատրեանի համար։ Նա ապրել էր բոլոր զգացումներից, թերեւս, ամենանողկալին՝ հիասթափութիւն-յուսախաբութիւնը։ Եւ դա էր պատճառը, որ 1965-ի յայտնի դէպքերի ժամանակ, երբ ողջ հայութիւնը հողային պահանջ էր ներկայացնում Հայկազ Խաչատրեանը հրաժարուեց այդ պահանջից։

«Իմ նպատակն էր, որ Հայաստանը ազատ լինի, ազատագրուենք բռնութիւնից։ Կանտն ասում է․ «Եթէ մարդը կեանքի գնով ձեռք չի բերում ազատութիւնը, նշանակում է նա արժանի է լինել ստրուկ»։ Էդ վիճակն ինձ չի կարող ոգեւորել կամ թողնել, որ լուռ մնամ։ Էդ պատճառով հայրենիքի եւ նրա մշակոյթի ազատութեան համար սկսեցի պայքարել։ Մինչեւ իմ պայքարը ազատութեան եւ անկախութեան մասին խօսք չկար։ Ըստ երեւոյթին, վախի շրջանակի մէջ եղած հասարակութիւնը չէր կարող յոյս ունենալ, այնուամենայնիւ պէտք է յոյս ունենալ։ Պայքարի համար անհրաժեշտ է զոհաբերել, եւ տանջուել, եւ տառապել»։

1965-ի դէպքերի կանչով ետ էր եկել հայկյան ազատատենչ ոգին։ Նա սաւառնում էր մեր երկնքում, նա փնտրում էր նրան, ում մարմինը պիտի հագներ ու մարդացած, մտներ «վախի շրջանակի մէջ եղած հասարակութեան» շարքերը։ Եւ գտաւ նրան, ռուսական կայսրութիւնից հիասթափուած եւ հիասթափութիւնը քաղաքականութիւն դարձրած այդ մարդուն։ Գտաւ ու հանգրուանեց նրա մէջ, որովհետեւ հայկեան ազատատենչ ոգին արժանի է նրան, ով պատրաստ է թէկուզ մէկ քառակուսի կիլոմետրի վրայ անկախ պահել Հայաստանը, ով պատրաստ է մեռնել, բայց չտեսնել, թէ ինչպէս «աղխ մեր ի ծառայութիւն Բելայ կացցէ»։ 


Մաշտոց, դեկտեմբերի 6, 1989

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ