Ժիլ Դըլյոզի այբբենարանը | Զրույց Կլեր Պառնեի հետ
Ներկայացնում ենք ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դըլյոզի զրույցը լրագրող Կլեր Պառնեի հետ 1988–1989 թվականներին թողարկվող «Ժիլ Դըլյոզի այբբենարանը» (“Gilles Deleuze’s alphabet book”) ծրագրի շրջանակում։
Ժիլ Դըլյոզ — Դու ընտրել ես այբբենարան, ինձ հայտնել ես թեմաների մասին։ Չգիտեմ՝ ինչ հարցեր են լինելու և, ուրեմն, կարողացել եմ միայն մի քիչ մտածել թեմաների մասին։ Պատասխանել հարցի՝ առանց մի փոքր մտածելու, ինձ համար աներևակայելի բան է։ Ուրեմն մեզ փրկողը, ինձ փրկողը նախապայմանն է։ Նախապայմանն այն է, որ այս ամենը կօգտագործվի (եթե օգտագործելի լինի) միայն իմ մահից հետո։ Եվ ուրեմն, հասկանո՞ւմ ես, ես ինձ արդեն զգում եմ Պիեր-Անրի Բուտանգի զուտ արխիվի վիճակում, թղթի կտորի վիճակում, և դա ինձ շատ քաջալերում է, շատ մխիթարում է։ Եվ գրեթե զուտ ոգու վիճակ է։ Ես խոսում եմ իմ մահվանից հետոյի մասին։ Եվ շատ լավ գիտենք, որ զուտ ոգին, բավական է՝ սեղաններ շրջած լինի, որ իմանանք, որ զուտ ոգին շատ խոր, շատ խելացի պատասխաններ տվող մեկը չէ, մի փոքր մակերեսային է։ Ուրեմն, ամեն ինչ ինձ հարմար է, այս ամենն ինձ հարմար է։ Սկսենք, A, B, C, D, որը կուզես։
Կլեր Պառնե — Լավ, ուրեմն սկսում ենք A-ից։ A-ն կենդանին է (Animal)։ Կարող ենք քեզ վերագրել Ու․Կ․ Ֆիլդսի արտահայտությունը․ «Այն մարդը, որը չի սիրում ո՛չ երեխաներին, ո՛չ կենդանիներին, չի կարող միանգամայն վատը լինել»։ Առայժմ մի կողմ դնենք երեխաներին, իսկ ինչ վերաբերում է ընտանի կենդանիներին, գիտենք, որ դու դրանց այնքան էլ չես սիրում, ավելի ճիշտ՝ ոչ թե գիտենք, այլ ես գիտեմ, որ դու դրանց այնքան էլ չես սիրում։ Դու նույնիսկ Բոդլերի կամ Կոկտոյի տարբերակումը չես ընդունում․ քեզ համար կատուներն ավելի լավը չեն, քան շները։ Փոխարենը՝ քո ստեղծագործության մեջ կենդանիների շարք ունես, որն ավելի շուտ զազրելի է։ Այսինքն՝ բացի գիշատիչներից, որ ազնվական կենդանիներ են, մեծապես խոսում ես տիզից, ոջիլից, մի շարք փոքրիկ զզվելի կենդանիներից։ Եվ կուզեի ավելացնել, որ բացի այդ, հակաէդիպից սկսած՝ կենդանիները քեզ շատ են ծառայել քո ստեղծագործության մեջ՝ գլխավոր դարձած մի հասկացության համար, որ «կենդանական դառնալիքն» է։ Այսպիսով, կուզեի ավելի պարզորոշ կերպով իմանալ, թե ինչ հարաբերություն ունես կենդանիների հետ։
Ժ․ Դ․ — Կենդանիները․․․ Չգիտեմ․․․ Այն, ինչ ասացիր ընտանի կենդանիների հետ իմ հարաբերությունների մասին․․․ Կենդանին ընտանի է, ընտելացված, թե վայրի, սա չէ, որ մտահոգում է ինձ․․․ Շները և կատուները․․․ Խնդիրը ընտանեկան և տնային կենդանիներն են։ Եվ ճիշտ է, որ ընտանեկան կամ տնային կենդանիներին՝ ընտելացված, տնայնացված, ես չեմ սիրում։ Հակառակ դրան՝ ես սիրում եմ տնայնացված կենդանիներին, որոնք ընտանեկան, տնային չեն, քանի որ նրանց մոտ ինչ-որ բան կա, որի նկատմամբ ես զգայուն եմ։ Ուրեմն, ինձ հետ տեղի ունեցավ այն, ինչ տեղի է ունենում շատ ընտանիքներում։ Ես ո՛չ կատու ունեի, ո՛չ էլ շուն, և, ահա, մեր՝ իմ ու Ֆաննիի երեխաներից մեկը, իր ձեռքերի վրա բերում է մի կատու, որն ավելի մեծ չէր, քան փոքրիկ ձեռքը։ Գյուղում էր գտել նրան, զամբյուղի, թե ինչի մեջ՝ չգիտեմ։ Եվ այդ ճակատագրական պահից սկսած՝ ես միշտ տանը կատու եմ ունեցել։ Ուրեմն, ի՞նչն է ինձ տհաճ այս գազանների մոտ։ Իհարկե, տանջանք չի եղել, տանելի է ինձ համար։ Ի՞նչն է ինձ տհաճ․․․ նախ քսմսվողներին չեմ սիրում։ Կատուն անդադար զբաղված է ձեզ քսմսվելով։ Ես դա չեմ սիրում։ Շունը ուրիշ է։ Այն, ինչ ես հիմնարար կերպով հանդիմանում եմ շանը, հաչելն է։ Հաչելն ինձ համար ամենահիմար ճիչն է, որ կա բնության մեջ։ Ի սեր Աստծո, բնության մեջ ինչքա՜ն ճիչեր կան, ճիչերի տարատեսակություն կա։ Հաչելն իսկապես կենդանական աշխարհի ամոթն է։ Հակառակ դրան՝ ինձ համար տանելի է, ավելի լավ եմ տանում, պայմանով, որ շատ երկար չտևի, ճիչը, չգիտեմ ինչպես են ասում․․․ լուսնահաչը։ Լուսնի վրա ոռնացող շունն ինձ համար ավելի տանելի է, քան․․․
Կ․ Պ․ — Մահվան վրա ոռնոցը․․․
Ժ․ Դ․ — Մահվան վրա, թե չգիտեմ ինչ․․․ Ավելի լավ եմ տանում, քան հաչոցը։ Եվ հետո, երբ վերջերս իմացա շների ու կատուների սոցիալական ապահովագրության խարդախությունների մասին, իմ հակակրանքն ավելացավ։ Ուզում եմ ասել, որ․․․ Շատ կարևոր է․․․ Միևնույն ժամանակ իմ ասածը ամբողջովին հիմարություն է, որովհետև մարդիկ, որոնք իսկապես սիրում են շներին ու կատուներին, ակնհայտորեն շների ու կատուների հետ ունեն հարաբերություն, որը մարդկային չէ։ Նրանք շների և կատուների հետ ունեն․․․ Օրինակ՝ երեխաները, շատ լավ տեսնում ենք, որ նրանք կատվի հետ ունեն հարաբերություն, որը կատվի հետ մարդկային հարաբերություն չէ, ինչ-որ երեխայական հարաբերություն է կամ ինչ-որ․․․ Կարևորը կենդանու հետ կենդանական հարաբերություն ունենալն է։ Ուրեմն, ի՞նչ է նշանակում կենդանու հետ կենդանական հարաբերություն ունենալ։ Դա չի ենթադրում նրա հետ խոսել։ Ամեն դեպքում ես տանել չեմ կարողանում կենդանու հետ մարդկային հարաբերությունը։ Գիտեմ՝ ինչ եմ ասում, որովհետև ա՛յ այնտեղ մի փողոցի վրա եմ ապրում, որը փոքր-ինչ ամայի փողոց է, և որտեղ մարդիկ զբոսանքի են հանում իրենց շներին։ Այն, ինչ լսում եմ պատուհանից, պարզապես զարհուրելի է, զարհուրելի է, թե ինչ ձևով են մարդիկ խոսում իրենց գազանների հետ։ Նույնիսկ հոգեվերլուծությունը, նկատենք․․․ Հոգեվերլուծությունն այնքան սևեռված է ընտանեկան և տնային կենդանիների վրա, ընտանիքի կենդանիների վրա, որ երազում ամեն ինչ կենդանական է, օրինակ՝ երազներում հոգեվերլուծությունն այն մեկնաբանում է որպես մոր, հոր կամ երեխայի կերպար, այսինքն՝ կենդանին՝ որպես ընտանիքի անդամ։ Սա ինձ զարմացնում է, ես դա տանել չեմ կարող։ Պետք է հիշել Մաքսավոր Ռուսոյի (Անրի Ռուսո) երկու գլուխգործոցների մասին․ մեկը՝ շունը սայլակառքում, որը իսկապես պապն է, պապը որպես այդպիսին, և պատերազմական ձին, պատերազմի ձին, որն իրական կենդանի է։ Հարցն այն է, թե ինչ հարաբերություն ունեք կենդանու հետ։ Եթե դուք կենդանու հետ մարդկային հարաբերություն ունեք, սա․․․ Բայց ընդհանրապես, ևս մեկ անգամ, մարդիկ, որոնք սիրում են կենդանիներին, մարդկային հարաբերություն չունեն նրանց հետ, կենդանական հարաբերություն ունեն կենդանու հետ, և դա շատ գեղեցիկ է։ Նույնիսկ որսորդները, չնայած, որ ես չեմ սիրում որսորդներին, բայց նույնիսկ նրանք զարմանալի հարաբերություն ունեն կենդանիների հետ։
Այո․․․ Ուրեմն կարծես ինձ նաև հարցնում էիր ուրիշ կենդանիների մասին․․․ Դե, ճիշտ է, որ ես հիացած եմ այնպիսի գազաններով, ինչպիսիք են սարդերը, տիզերը, ոջիլները․․․ Այդ բոլորը նույնքան կարևոր են, որքան և շունն ու կատուն։ Սրանք նույնպես կենդանիների հետ հարաբերություններ են, երբ ինչ-որ մեկը տիզեր կամ ոջիլներ ունի, ինչ է դա նշանակում․․․ Սրանք կենդանինիների հետ շատ ակտիվ հարաբերություններ են։ Ուրեմն կենդանու մեջ ի՞նչն է ինձ հիացնում, որովհետև, իսկապես, որոշ կենդանիների նկատմամբ իմ ատելությունը սնվում է շատ կենդանիների նկատմամբ ունեցած իմ հիացմուքից։ Այստեղ փորձեմ աղոտ կերպով կարևորը վեր հանել, ասենք, ինչն է ինձ տպավորում կենդանու մոտ։ Առաջին բանը, որ ինձ տպավորում է, այն փաստն է, որ յուրաքանչյուր կենդանի աշխարհ ունի։ Հետաքրքրական է, քանի որ շատ մարդիկ կան, շատ մարդկային արարածներ, որոնք աշխարհ չունեն։ Նրանք ապրում են բոլորի կյանքը, այսինքն՝ ում ասես, ինչի ասես։ Կենդանիները աշխարհներ ունեն։ Կենդանու աշխարհն ի՞նչ է․․․ Երբեմն այն զարմանալիորեն շատ սահմանափակ է։ Եվ հենց դա է, որ հուզիչ է ինձ համար։ Կենդանիները ի վերջո շատ քիչ բաների են հակադարձում, շատ տարբեր բաներ կան, որ․․․ Ընդհատիր ինձ, եթե տեսնես, որ․․․
Ժիլ Դըլյոզ, ժապավեն 2 (ծափ)։
Ժ․ Դ․ — Այո, ուրեմն, այդ պատմությունը․․․ Կենդանու առաջին բնորոշ գիծն իսկապես կենդանական յուրահատուկ, առանձնահատուկ աշխարհների գոյությունն է։ Եվ, միգուցե, երբեմն այդ աշխարհների աղքատությունը, կրճատությունը, կրճատ բնույթն է, որ ինձ շատ տպավորում է։ Օրինակ, քիչ առաջ խոսում էինք մի կենդանու մասին, որ տիզն է։ Տիզը արձագանքում է կամ հակազդում է երեք բանի, երեք գրգռիչների միայն։ Մի բնության մեջ, որն անծայրածիր է, երեք գրգռիչ և վերջ։ Այսինքն՝ այն ձգվում է դեպի ծառի ճյուղի ծայրը, որը դեպի լույսն է գնում, այդ ճյուղի ծայրին այն կարող է սպասել տարիներ շարունակ առանց ուտելու, առանց որևէ բանի, լիովին ամորֆ վիճակում։ Սպասում է, որ որևիցե որոճող, խոտակեր, գազան անցնի իր ճյուղի տակով և ընկնում է։ Այստեղ, ուրեմն, հոտառական գրգռիչ է․ տիզը իր ճյուղի տակով անցնող գազանի հոտն է առնում։ Սա երկրորդ գրգռիչն է, ուրեմն, լույսը, հոտը։ Եվ հետո, երբ այն ընկնում է խեղճ գազանի մեջքին, սկսում է փնտրել ամենանոսր մազածածկույթ ունեցող հատվածը, ուրեմն, սա էլ շոշափական գրգռիչն է, և մխրճվում է մաշկի տակ։ Մնացածը դրան բացարձակապես չի հետաքրքրում, այսինքն՝ վխտացող բնությունից այն վերցնում է, ընտրում է երեք բան։
Կ․ Պ․ — Սա՞ է քո կյանքի երազը։ Սա՞ է, որ հետաքրքրում է քեզ կենդանիների մեջ։
Ժ․Դ․ — Սա է, որ աշխարհ է․․․ Սա է, որ աշխարհ է։
Կ․ Պ․ — Այստեղից էլ քո «կենդանի-գիր» հարաբերությունը, այսինքն՝ գրողը քեզ համար նույնպես մեկն է, ով աշխարհ ունի։
Ժ․Դ․ — Ավելի բարդ է, քան․․․ Այո․․․ Չգիտեմ, որովհետև ուրիշ կողմեր էլ կան, բավարար չէ աշխարհ ունենալ՝ կենդանի լինելու համար։ Այն, ինչ ինձ ամբողջովին ապշեցնում է, տարածքների հարցերն են։ Եվ Ֆելիքսի հետ իսկապես ստեղծել ենք հասկացություն, գրեթե փիլիսոփայական հասկացություն՝ տարածքների գաղափարի միջոցով։ Տարածք ունեցող կենդանիները, իհարկե, կան կենդանիներ, որ չունեն տարածք, բայց տարածք ունեցող կենդանիները զարմանահրաշ են։ Քանի որ տարածք կազմելը ինձ համար գրեթե արվեստի ծնունդն է։ Երբ տեսնում ենք, թե կենդանին ինչպես է նշում իր տարածքը, բոլորը գիտեն, բոլորը վկայակոչում են հետանցքային գեղձերի, մեզի այդ պատմությունը, որի միջոցով այն նշում է իր տարածքի սահմանները։ Բայց դա ավելին է։ Տարածքի նշման մեջ տեղի է ունենում նաև կեցվածքների մի շարք․ օրինակ՝ կռանալ-վեր կենալ․ գույների շարք․ դրիլները (շնագլուխ կապիկ՝ թարգմանչի կողմից), օրինակ, նրանց նստատեղի գույները, որ ցուցադրում են իրենց տարածքի սահմանին։ Գույն, երգ, կեցվածք․ սրանք արվեստի երեք սահմանումներն են։ Ուզում եմ ասել՝ գույնը, սահմանագծերը, կենդանական կեցվածքները երբեմն իսկական սահմանագծեր են։ Գույն, սահմանագծեր, երգ։ Սա արվեստն է՝ մաքուր վիճակում։ Եվ ուրեմն հարց է առաջանում․ երբ դրանք դուրս են գալիս իրենց տարածքից, երբ վերադառնում են իրենց տարածք․․․ Դրանց տարածքային վարքը ունեցվածքի բնագավառն է։ Հետաքրքրական է, որ հենց ունեցվածքում, այսինքն՝ իմ սեփականություններում, «իմ սեփականություններում»՝ ըստ Բեքեթի կամ Միշոյի։ Ուրեմն տարածքը կենդանու սեփականություններն են, և տարածքից դուրս գալը վտանգի ենթարկվելն է։ Գազաններ կան, որ տարածքի մեջ ճանաչում են իրենց ամուսնուն, իսկ տարածքից դուրս՝ ոչ։
Կ․ Պ․ — Որո՞նք։
Ժ․ Դ․ — Սրանք հրաշալիքներ են։ Չեմ հիշում՝ որ թռչունը, արդեն չեմ հիշում․․․ Հավատա՛ ինձ․․․ Եվ հետո․․․ Ուրեմն Ֆելիքսի հետ, այստեղ արդեն կենդանու թեմայից դուրս եմ գալիս, անմիջապես փիլիսոփայական հարց եմ առաջ քաշում․․․ Քանի որ այբբենարանում ամեն ինչից մի քիչ խառնում ենք։ Ասում եմ, երբեմն փիլիսոփաներին հանդիմանում են բարբարոս բառեր ստեղծելու համար։ Բայց ես, քեզ իմ տեղը դի՛ր, որոշակի պատճառներով կարևորում եմ տարածքի այս հասկացության մասին մտորումը։ Եվ, ասում եմ, տարածքն այդպիսին է միայն այն շարժման հարաբերությամբ, որով դրանից դուրս ես գալիս։ Ուրեմն պետք է միավորել սա։ Արտաքինից բարբարոս բառի կարիք ունեմ։ Այդ պահից սկսած՝ Ֆելիքսի հետ կառուցել ենք մի հասկացություն, որ ես շատ եմ սիրում, այն է՝ ապատարածքայնացումը։ Մեզ ասում են, որ դժվար արտասանելի բառ է։ Կամ էլ՝ ինչ է դա նշանակում, ինչ կարիք կար․․․ Շատ գեղեցիկ դեպք է, երբ փիլիսոփայական հասկացությունը կարող է մատնանշվել միայն մեկ բառով, որը դեռ գոյություն չունի։ Անգամ եթե հետո բացահայտում ենք, որ դրա համարժեքը կա ուրիշ լեզուներում։ Օրինակ՝ հետո նկատեցի, որ Մելվիլում անդադար հանդիպում էր «outlandish» բառը։ Եվ «Outlandish», իհարկե, ես լավ չեմ արտասանում, ինքդ ինձ ուղղի՛ր, «outlandish»-ը հենց ապատարածքայնացածն է, բառացի։ Ուրեմն, մտածում եմ, նկատի ունեմ փիլիսոփայությունը՝ մինչ կվերադառնանք կենդանիներին, փիլիսոփայության համար սա ցնցող է։ Սա ցնցող է, երբեմն կարիք կա հորինելու բարբարոս մի բառ՝ նոր հավակնություն ունեցող հասկացությունը հասանելի դարձնելու համար։ Նոր հավակնության հասկացությունը այն է, որ չկա տարածք՝ առանց տարածքից դուրս գալու վեկտորի, չկա տարածքից դուրս գալ, այսինքն՝ ապատարածքայանացում՝ առանց միևնույն ժամանակ այլ տեղում վերատարածքայնացման համար ջանքի։ Ուրեմն, այս ամենը ես գտնում եմ կենդանիների մոտ։ Սա է ինձ հիացնում։ Այն, ինչ ինձ հիացնում է, ընդհանրական կերպով ասած, նշանների բնագավառն է։ Կենդանիները նշաններ են արձակում, դրանք չեն դադարում նշաններ արձակել, նշաններ են առաջացնում, այսինքն՝ երկու իմաստով, հակադարձում են նշանների, օրինակ սարդը հակադարձում է այն ամենին ինչ վերաբերում է իր ոստայնին, ամեն ինչի չէ, որ․․․ հակադարձում է նշանների և թողնում է նշաններ, առաջացնում է նշաններ, օրինակ՝ հայտնի նշանները, արդյոք սա գայլի՞ նշան է, սա գա՞յլ է, թե այլ բան։ Մեծապես հիանում եմ մարդկանցով, որոնք գիտեն ճանաչել, օրինակ՝ որսորդները, իսկական որսորդները, ոչ թե որսորդական ընկերությունների որսորդները, այլ իսկական որսորդները, որոնք ճանաչում են, թե ինչ կենդանի է այդտեղով անցել։ Այդ դեպքում նրանք կենդանիներ են, կենդանու հետ ունեն կենդանական հարաբերություն։ Սա է կենդանու հետ կենդանական հարաբերություն ունենալը։ Սա հրաշալի է։
Կ․ Պ․ — Ուրեմն այս նշաններ արձակե՞լը, նշաններ ստանա՞լն է, որ մոտեցնում է կենդանուն գրին և գրողին։
Ժ․ Դ․ — Այո, եթե ինձ հարց տային, թե ինչ է ինձ համար կենդանին, ես կպատասխանեի՝ դարան մտած էակն է։ Հիմնարար կերպով դարանակալած էակն է։
Կ․ Պ․ — Ինչպես գրո՞ղը։
Ժ․ Դ․ — Գրողը, դե այո, գրողը դարան է մտած, փիլիսոփան դարան է մտած։ Ակնհայտորեն դարանակալած է։ Ինձ համար կենդանին․․․ գիտես, կենդանու ականջները։ Այն ոչինչ չի անում առանց դարանակալելու, երբեք հանգիստ չի մնում, կենդանին երբեք հանգիստ չի մնում։ Ուտելիս պետք է ուշադիր լինի, որ հետևից ինչ-որ բան չկա, որ կողքից ինչ-որ բան չկա, և այլն։ Սարսափելի է այդ դարան մտած լինելու գոյությունը։ Ուրեմն, դու կապ ես տեսնում գրողի հետ և, թե ինչ կապ կա կենդանու և գրողի միջև․․․
Կ․ Պ․ — Բայց դու դա ինձնից առաջ ես արել․․․
Ժ․ Դ․ — Ճիշտ է․․․ Ծայրահեղ դեպքում պետք է ասել․․․ Լավ, ինչ է գրողը․․․ Անշուշտ գրողը գրում է ընթերցողների համար։ Բայց ի՞նչ է նշանակում «համար»։ Սա նշանակում է «հանուն»։ Գրողը գրում է հանուն ընթերցողների, այս իմաստով՝ նա գրում է ընթերցողների համար։ Բայց պետք է ասել նաև, որ գրողը գրում է ոչ-ընթերցողների համար, այսինքն՝ ոչ թե «հանուն», այլ «փոխարեն»։ «Համար» երկու բան է նշանակում․ նշանակում է «հանուն» և «փոխարեն»։ Ուրեմն․․․ Արտոն էջեր է գրել, որ բոլորը գիտեն՝ «ես գրում եմ անտառաճանաչների համար», «ես գրում եմ հիմարների համար»։ Ֆոլկները գրում է հիմարների համար։ Սա չի նշանակում, որ հիմարները կարդան, որ անտառաճանաչները կարդան, սա նշանակում է հիմարների փոխարեն։ Այսինքն՝ գրում եմ վայրենիների փոխարեն, գրում եմ գազանների փոխարեն։ Եվ ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ կարելի է համարձակվել այդպիսի բան ասել․ գրում եմ անտառաճանաչների, հիմարների, գազանների փոխարեն։ Որովհետև տառացիորեն հենց դա ենք անում, երբ գրում ենք։ Երբ գրում ենք, անձնական փոքր գործ չէ, որ անում ենք։ Իսկապես ապուշներն են, որ․․․ Իսկապես գրական նողկանքն է, միջակությունն է, որ, բոլոր ժամանակների, բայց հատկապես ներկա իրականության, որ մարդկանց ստիպում է կարծել, թե վեպ գրելու համար բավական է, օրինակ, փոքրիկ անձնական մի պատմություն ունենալ, իր սեփական պատմությունը․ իր տատիկը, որ քաղցկեղից է մահացել կամ իր սեփական սիրային պատմությունը և, ահա, կարելի է վեպ գրել։ Բայց ամոթ է, ամոթ է այսպիսի բաներ մտածել։ Գրելը ինչ-որ մեկի անձնական գործը չէ, այլ իսկապես ունիվերսալ մի գործի մեջ ներգրավվելն է, լինի դա վեպ, թե փիլիսոփայություն։ Ուրեմն ի՞նչ է սա նշանակում։
Ժիլ Դըլյոզ, ժապավեն 3 (ծափ)։
Կ․ Պ․ — Ուրեմն սա գրել «համար»-ն է, այսինքն՝ «հանուն» և «փոխարեն»։ Սա այն է, ինչ դու ասում էիր Հազար սարահարթներում Շանդոսի և Հոֆմանսթալի մասին այս գեղեցիկ նախադասությամբ․ «Գրողը կախարդ է, քանի որ ընկալում է կենդանուն որպես միակ պոպուլյացիան, որի համար նա պատասխանատու է»։
Ժ․ Դ․ — Այո, այդպես է։ Հենց դա է, որ կա։ Եվ մի պարզ պատճառով, որ․․․ Կարծում եմ, որ այս ամենը բնավ գրական հայտարարություններ չեն, այն, ինչ դու կարդացիր Հոֆմանսթալի մասին։ Այլ բան է։ Բանն այն է, որ գրելը անպայմանորեն խոսքը մղելն է, և շարահյուսությունը մղելն է, քանի որ խոսքը շարահյուսություն է։ Շարահյուսությունը մղելն է մինչև մի որոշակի սահման։ Սահման, որն ի՞նչ է։ Կարելի է մի քանի ձևով բացատրել․ սահմանն է, որն անջատում է խոսքը լռությունից, սահմանը, որն անջատում է խոսքը երաժշտությունից, սահմանը, որն անջատում է խոսքը ինչ-որ բանից, որ ի՞նչն է․․․ Ենթադրենք, եթե ասեմ, ցավոտ ծվծվոցը․․․ Անմիջապես տեսնում ենք, որ․․․
Կ․ Պ․ — Բայց հատկապես ոչ հաչոցը․․․
Ժ․ Դ․ — Օ՜, ոչ, ոչ հաչոցը։ Եվ ուրիշ, ո՞վ գիտի․․․ Պետք է, որ որևէ գրող լինի, որը հաջողում է դա։ Ցավոտ ծվծվոցը․․․ Դե, այո, Կաֆկան։ Կաֆկան Կերպարանափոխությունն է։ Կառավարիչը, որ բացականչում է․ «Լսեցի՞ք, ասես կենդանի լինի»։ Գրեգորիի ցավոտ ճիչը կամ մկների ժողովուրդը։ Գրում են մկների ժողովրդի համար․․․
Կ․ Պ․ — Ժոզեֆինը։
Ժ․ Դ․ — ․․․ առնետների մեռնող ժողովրդի համար։ Քանի որ հակառակ նրա, ինչ ասում են, մարդիկ չէ, որ մեռնել գիտեն, այլ գազանները։ Եվ մարդիկ, երբ մեռնում են, մեռնում են ինչպես գազաններ։ Այստեղ վերադառնում ենք կատուներին, և ամենայն հարգանքով․․․ Հենց այստեղ իրար հաջորդած մի քանի կատուների մեջ մի փոքրիկ կատու կար, որ շուտ մահացավ։ Այսինքն՝ տեսել եմ այն, ինչ շատ ուրիշ մարդիկ են տեսել, թե ինչպես է գազանը մեռնելու համար անկյուն փնտրում։ Կա նաև մեռնելու համար տարածք։ Մահվան տարածքի որոնում կա, տարածքի, որտեղ կարելի է մեռնել։ Եվ այդ փոքրիկ կատուն, որ փորձում էր խցկվել մի որմնանկյան, մի անկյան մեջ և այլն, ասես դա նրա համար մեռնելու տեղ էր։ Այո, այս իմաստով․․․ Եթե գրողն իսկապես նա է, ով մղում է խոսքը մինչև ինչ-որ սահման, սահման, որն անջատում է խոսքը կենդանականությունից, որն անջատում է խոսքը ճիչից, որն անջատում է խոսքը երգից, ապա այդ ժամանակ պետք է ասել, այո, գրողը պատասխանատու է մեռնող կենդանիների համար։ Եվ լինել պատասխանատու մեռնող կենդանիների համար, նշանակում է պատասխանել մեռնող կենդանիների համար։ Գրել տառացիորեն ոչ թե նրանց համար, ևս մեկ անգամ՝ չեմ գրելու իմ կատվի, իմ շան համար, այլ գրել մեռնող կենդանիների փոխարեն, և այլն։ Սա խոսքը այս սահմանին տանելն է։ Եվ չկա գրականություն, որը չի տանում խոսքը և շարահյուսությունը այդ սահմանին, որ անջատում է մարդուն կենդանուց։ Պետք է լինել հենց այդ սահմանի վրա։ Իմ կարծիքով․․․ նույնիսկ երբ փիլիսոփայությամբ ենք զբաղվում, նույնն է։ Միտքը ոչ-մտքից անջատող սահմանի վրա ենք։ Միշտ պետք է լինել սահմանին, որը ձեզ բաժանում է կենդանականությունից, բայց հենց այնպես, որ դրանից այլևս անջատված չլինեք։ Մարդկային մարմնին հատուկ անմարդկայնություն կա, նաև մարդկային ոգուն հատուկ։ Կենդանու հետ կան կենդանական հարաբերություններ։ Ուրեմն, եթե ավարտեինք A-ն, լավ կլիներ։
Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։