Ալեքսանդր Թամանյան. Քաղաք-պարտեզ
Հարց կարող եք տալ՝ ի՞նչ կապ ունի Թամանյանը մեր կայքի թեմաների հետ: Առաջին հայացքից դրանց միջեւ կապ չկա: Իրականում չպետք է մոռանանք ա՛յն, որ Ղարաբաղյան շարժումը ծավալվել է Թամանյանի նախագծած Երեւանում՝ դրա հրապարակներում, պողոտաներում եւ պուրակներում: Ճարտարապետության կապը քաղաքականության հետ նորություն չէ. ճարտարապետությունը պատմականորեն եղել է քաղաքականության՝ քաղաքական գաղափարների, քաղաքական ծրագրերի, քաղաքական հավակնությունների, եթե ոչ մշտապես անմիջական մասը, ապա շարունակությունը, հետեւանքը կամ գոնե արտացոլումը: Թամանյանի նախագծի մեխն էր՝ նո՛ր, ըստ էության, անկախ Հայաստանի կենտրոնի կառուցումը: Թեեւ նախագիծն իրականացվեց սովետական՝ փաստացի ոչ անկախ Հայաստանում, սակայն, նրա մեջ ներդրված անկախության, ինքնակենտրոնության, «նոր Անիի» գաղափարը բավականին ակնհայտ է: Եւ ա՛յն, որ անկախ Հայաստանի գաղափարը վերածնվեց թամանյանական Երեւանի հրապարակներում՝ ժողովրդական զանգվածային շարժման ծավալմամբ, պետք է ընկալենք որպես ճարտարապետի քաղաքաշինական մտահղացման եւ քաղաքական իրականության ոչ այնքան էլ պատահական կապ: Թամանյանական Երեւանի նախագծի հղացքում միահյուսված են ազգային, ժողովրդական եւ սոցիալական գաղափարները: Եթե մի կողմից, ինչպես ասացինք, նրա նպատակն անկախ Հայաստանի նոր մայրաքաղաքի ստեղծումն էր, ապա մյուս կողմից նախագծի հրապարակների եւ լայն պողոտաների ցանցը հնարավորություն էր ստեղծում եւ ենթադրում էր հրապարակային զանգվածային քաղաքականություն: Պատահակա՞ն համարենք, որ Ղարաբաղյան շարժման, ինչպես նաեւ անկախ Հայաստանի հետագա տարիների քաղաքական պատմության սիրտը դարձավ Թամանյանի կողմից որպես Ժողովրդական տուն նախագծած եւ ժողովրդական հավաքների համար նախատեսված «Օպերային» կից Ազատության հրապարակը: Թամանյանի նախագծում համատեղված դասականությունն ու ազգային ճարտարապետության ժառանգության տարերը ճարտարապետական լեզվով լավագույնս պետք է արտահայտեին քաղաքական անկախության գաղափարը: Եթե Երեւանի դերը որպես հայության իրական, այլ ոչ միայն զուտ իրավականորեն հռչակված կենտրոն ստեղծվեց Սարդարապատի ճակատամարտի օրերին, ապա այդ դերը ճարտարապետական ձեւավորում ստացավ սովետական շրջանում՝ Թամանյանի նախագծի թեկուզ մասնակի եւ աղճատված իրականացմամբ, եւ վերջապես քաղաքական իրականություն դարձավ Թամանյանական հրապարակներում եւ փողոցներում ծավալված նոր ժողովրդական շարժմամբ:
Թամանյանի նախագծով ստեղծված նոր Երեւանի եւ քաղաքականության կապի մասին ավելի մանրամասն խոսելու առիթ, հուսով ենք, դեռ կունենանք, իսկ այդ խոսակցությունն ավելի նյութական դարձնելու համար հրապարակելու ենք Թամանյանի նախագծին առնչվող մի քանի փաստաթուղթ, որոնցում երեւում են ճարտարապետի մտահղացման կարեւոր տարերը՝ Այգի-Քաղաքի գաղափարը, քաղաքաշինության հետ առնչվող սոցիալական, գեղագիտական, բնապահպանական, աշխարհագրական խնդիրները: Առաջին փաստաթուղթը Թամանյանի պատասխանն է իր նախագիծը քննադատող ճարտարապետների ժողովի որոշմանը, իսկ երկրորդն ուղղված է Հայաստանի վարչապետ Տեր-Գաբրիելյանին՝ նախագծի ընդհանուր հիմնավորմամբ եւ մանրամասներով:
Hambardzum.am
* * *
Տարրերք
Դասական ոճ եւ ազգային ոճ: Դասական՝ ինքնակենտրոն, ինքը փոխառված ազգայինը՝ դասական ոչ թե ազգագրական, եւ անկախության վերջին շրջանին վերաբերող ազգայինն է: Դասականը հունական ագորան է, հռոմեական ֆորումը: Տիգրանակերտի գաղափարն է: Հետեւաբար ազգային անկախության գաղափարն է:
Զանգվածների քաղաք: Ժողովրդական ազգային: Ժողովրդական ազգային շարժման գաղափարն է:
Սոցիալական ենթատեքստ: Նոր ժամանակների գաղափարն է:
Կառուցումը չգոյությունից: Երեւանը դառնում է կենտրոն՝ արեւմտահայ փախստականներով, Սարդարապատի ճակատամարտով, ապա՝ Թամանյանի նախագծով եւ Ղարաբաղյան շարժմամբ:
* * *
Երեւան քաղաքի վերաշինության հատուկ հանձնաժողովի նախագահ Ա․ Թամանյանի զեկուցագիրը հանձնաժողովին՝ քաղաքի վերաշինության առանձնահատկությունների մասին։
30 հունվարի 1928թ․
Երեւան
Նոր քաղաքների շինարարության եւ բարեկարգման գործում առաջնակարգ տեղ են բռնում քաղաքի առողջապահական պայմանները։
Քաղաքների շինարարության վերջին 50 տարվա փորձառությունը ցույց է տալիս, որ տեխնիկական վերջին պահանջների հիման վրա Եվրոպայում նոր շինված քաղաք-պարտեզները տալիս են մահացություն՝ յուրաքանչյուր 1000 մարդուց 7-8 մարդ։ Իսկ մեր միության խոշոր քաղաքները՝ մեծ տներով եւ խիտ բնակությամբ, ինչպիսիք են Մոսկվան եւ Լենինգրադը, տալիս են մահացություն՝ 1000 բնակչին 30-35 հոգի՝ ուրեմն չորս անգամ ավելի։
Այդ ի նկատի ունենալով եւ ձգտելով բավարարել առողջապահական իդեալին, պետք էր շինել քաղաքներ՝ բաղկացած մի հարկանի առանձնացած տներից, շրջապատված խոշոր պարտեզներով։ Բայց այդ շինված քաղաքները ունենալով մեծ բնակչություն, կզբաղեցնեն չափազանց մեծ տարածություն, դժվարացնելով քաղաքի հաղորդակցությունը եւ բարեկարգության գործը, առաջ բերելով մեծ ծախսեր փողոցների մաքրության, սալահատակման, մայթերի, ջրմուղու, լուսավորության եւ այլն։ Այս ծախսերը չափազանց մեծ լինելով՝ տների բնակիչները չէին կարող ծածկել, եւ քաղաքը աստիճանաբար կմատնվեր քայքայման։ Բայց, քանի որ քաղաքը պետք է ընդունակ լինի ապահովել յուր մշտական բարեկարգությունը, անհրաժեշտ է անել որոշ զիջումներ խտացման վերաբերմամբ՝ խուսափելով չափազանցություններից։
Այդ երկու կողմերը համաձայնեցնելու համար քաղաքի շինարարության տեխնիկան մշակել է որոշ պայմաններ, որոնք անհրաժեշտ է կիրառել եւ մեր քաղաքի շինարարության մեջ։
Քաղաքի առողջապահական պայմանների առաջնակարգ տեղն է բռնում տների արեւոտ լինելը։ Այդ պահանջի համաձայն, տների բարձրությունը կախում ունի փողոցի լայնությունից։ Տան բարձրությունը չպետք է ավելին լինի, քան փողոցի լայնության 50-75%:
Ընդհակառակը, տնտեսական կողմը պահանջում է, որ տները պետք է լինեն որքան կարելի է բարձր։
Համաձայնեցնելով այդ երկու պահանջները՝ մենք պետք է աշխատենք, որ տների բարձրությունը չլինի ցածր, քան թույլատրում է առողջապահական նորման՝ օգտագործելով նրա մաքսիմումը։ Ուրիշ խոսքով, ի նկատի ունենալով լայն փողոցների խոշոր վրադիր ծախսերը, ինչպիսիք են՝ լայն մայթեր, լայն սալահատակ, լուսավորություն, խոշոր խողովակներ ջրմուղու եւ կոյուղու համար եւ այլն։ Մենք պետք է աշխատենք լայն փողոցներում կառուցել այնպիսի տներ, որոնք ընդունակ լինեն ծածկել համապատասխան վերադիր ծախսերը։
Երբեմն, քաղաքացիներից ոմանք անծանոթ լինելով այդ սկզբունքներին, անտեղի դժգոհում են քաղխորհրդի տեխնիկական բաժնից, որը մերժում է տալ դիմողին իր ցանկացած հողամասը։ Մերժելու պատճառն այն է լինելու, որ կառուցվելիք տները, փոքր լինելով, չեն համապատասխանում փողոցի լայնությանը կամ տնատեղի տարածությանը։
Ինչպես հայտնի է, Երեւանի հաստատված հատակագծով նախատեսվում են երկու տեսակի փողոցներ․
ա․ Երկար եւ լայն փողոցներ մեծ երթեւեկության համար եւ
բ․ Նեղ եւ ոչ երկար փողոցներ բնակելի թաղամասերում, որտեղ մեծ եւ տրանզիտային երթեւեկություններ չպետք է թույլատրվեն։
Մեծ փողոցների լայնությունը պետք է լինի 10-20 սաժեն, իսկ փոքր փողոցներինը՝ 6-9 սաժեն։ Բացի դրանից կան եւ պուրակներ, պրոսպեկտներ, որոնք ավելի լայն են, բայց դրանց մեծ մասը բռնված է ծառուղիներով։
Ի նկատի ունենալով մեր ընդունած վերոհիշյալ սկզբունքները՝ մենք շենքերը պետք է բաժանենք երեք կատեգորիայի եւ դասավորենք համապատասխան ռայոններում։
Առաջին կատեգորիային պետք է պատկանեն երեք փողոցներ․
ա․ Գլխավոր պրոսպեկտը, որ ստացվում է Սպանդարյան եւ Ռուբենի* փողոցների միացմամբ, եւ որն անցնում է ամբողջ քաղաքով՝ ուղղվելով հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-արեւելք։
բ․ Շրջանաձեւ բուլվարը**, որը շրջապատում է քաղաքի կենտրոնը։
գ․ Շրջանաձեւ փողոցը***, որը կապում է քաղաքի բոլոր ռայոնները։
Այս երեք փողոցների վրա պետք է կառուցվեն ամենաբարձր տները, երեք հարկից ոչ պակաս, ի նկատի ունենալով, որ առաջին հարկում մեծ մասամբ կլինեն առեւտրական հիմնարկներ։ Այդ երեք փողոցների լայնությունը միանգամայն ապահովում են տների արեւոտ լինելը, համաձայն առողջապահական պահանջներին։
Բացի այդ կան մի շարք փողոցներ, որոնք ծառայելու են մեծ երթեւեկության համար եւ լինելու են քաղաքի գլխավոր փողոցները, (Աբովյան, Նալբանդյան, 26-ի, Տերյան, Սունդուկյան, Նոր փողոց Զոհրաբյանի**** ուղղությամբ, Ալավերդյան, Գնունի, Հյուսիսային պրոսպեկտ*****, Հարավային պրոսպեկտ****** Մասիսի եւ Հրազդանի********)։ Այդ փողոցների վրա պետք է կառուցվեն տներ բարձրությամբ երկու հարկից ոչ պակաս)։
Իբրեւ բացառություն Հարավային պրոսպեկտի վրա պետք է թույլատրել ժամանակավորապես (առաջիկա հինգ տարվա ընթացքում) մի հարկանի տների կառուցումը, ի նկատի ունենալով, որ մի հարկանի տների համար ուրիշ տեղ առայժմ պատրաստի հողմասեր չունենք։
Պարտադրելով բազմահարկ տների կառուցումը որոշ ռայոններում, մենք պետք է խուսափենք չափազանցությունից այդ ուղղությամբ, ի նկատի ունենալով՝ մի կողմից առողջապահական տեսակետը, մյուս կողմից՝ մեր երկրի սեյսմական դրությունը։ Այդ ի նկատի ունենալով՝ ցանկալի է բնակելի տների բարձրությունը սահմանել չորս հարկով, արգելել կառուցել չորս հարկից բարձր։ Այս պահանջին չեն ենթարկվում պետական խոշոր հիմնարկությունները, որոնք կարող են լինել ավելի բարձր եւ զանազան հատուկ տեխնիկական շենքերը (հրդեհաշեջների աշտարակ, դիտարան, ջրմուղու աշտարակ եւ այլն)։
Ցանկալի է նաեւ արգելել մեծ տների բակի ներսում շենքերի կառուցումը, խուսափելով չորս կողմից շենքերով շրջափակված բակերից։
Հողաբաշխության գործում տեխնիկական բաժինը հանդիպում է որոշ դժվարությունների, որովհետեւ տնատեղ պահանջող հիմնարկությունները եւ մասնավոր անհատները ձգտում են ստանալ որքան կարելի է մեծ հողամաս։
Ի նկատի ունենալով, որ առողջապահական տեսակետից չպետք է թույլատրվի չափազանց մեծ տների կառուցումը, որովհետեւ բնակիչների մեծ թվի կուտակումը նպաստում է վարակիչ հիվանդությունների տարածմանը, իսկ չափազանց մեծ բակեր փոքր տների համար թույլատրել չենք կարող, որովհետեւ քաղաքի հողային ֆոնդը սահմանափակ է։
Այդ աննորմալ դրությանը վերջ տալու համար անհրաժեշտ է սահմանափակել տնատեղերի տարածությունը մինչեւ 100-500 քառ․ սաժեն եւ բաշխումը համակերպել տնատեղի տարածությանը (կառուցվող տան մեծության)։
Միաժամանակ մենք պետք է հետեւենք, որ չափազանցություն չլինի հակառակ ուղղությամբ, այսինքն, որ փոքր տնատեղերի վրա չկառուցվեն մեծ տներ՝ ոչնչացնելով բակը։ Որովհետեւ առողջապահական տեսակետից անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր տնատեղի վրա պետք է մնա որոշ ազատ տարածություն։
Այդ նպատակով ցանկալի է նշանակել տոկոսային հարաբերություն շենքերով զբաղեցրած եւ ազատ տարածությունների վերաբերմամբ։
Ցանկալի է պարտադրել, որ մեծ տնատեղերի վրա շենքերի զբաղեցրած տարածությունը կազմի ամբողջ տնատեղի ոչ ավելի քան 50%-ը, իսկ փոքր տների համար՝ ոչ ավելի քան 30%-ը։
Հանձնաժողովի նախագահ Ա․ Թամանյան
* * *
Ժողկոմխորհի նախագահ Ս․ Տեր-Գաբրիելյանին Ա․ Թամանյանի ներկայացրած բացատրագիրը՝ Երեւանի հատակագծի համար կառուցողների միության ճարտարապետ-տեխնիկների կատարած դիտողությունների վերաբերյալ
12 հունվարի 1929 թ․,
Երեւան
Կառուցողների միության ճարտարապետ-տեխնիկների սեկցիայի 26-ը դեկտեմբերի 1928թ. ընդհանուր ժողովի արձանագրության կետերի վերաբերյալ ներկայացնում եմ իմ հետեւյալ առարկությունները։
Արձանագրության կետերը
- Երեւանի նոր հատակագծի հիմքում դրված «Քաղաք-պարտեզ» սկզբունքը առաջադրում է մեր հետագա շինարարության առաջ խոշոր դժվարություններ։ «Քաղաք-պարտեզը» իր ամբողջ կազմությամբ բխում է կապիտալիստական հասարակարգի սիստեմից (առանձնակի մեկուսացած բնակարաններ իրենց սեփական տնտեսությամբ, բակով, բանջարանոցով, մանր շինարարություն, իրարից անկախ մեշչանական կենցաղ եւ այլն) եւ անհամապատասխան ու անհասկանալի է մեր երկրի սոցիալիստական բնույթին եւ կոլեկտիվ պահանջներին։
- Հատակագծային հիմնական շառավղային պրիոմը պետք է համարել անհաջող, եթե ի նկատի ունենանք տեղի՝ քաղաքի ուժեղ ռելիեֆը։
- Հատակագծի հիմնական մասերը (բնակելի վայրեր, ադմինիստրատիվ կենտրոն, արդյունաբերական շրջան, կուլտուրական կենտրոն եւ այլն) դասավորությունը եւ ներքին կապը պետք է համարեք անհաջող։
Ի նկատի չի առնված բանվորական ավանների խնդիրը եւ նրանց կապը մյուս մասերի հետ։
- Հատակագծի հողամասերը (квартал) նորմաներից շատ փոքր են (50-100մ․), որոնք առաջացնում են դժվարին պայմաններ տնտեսական-տեխնիկական տեսակետից եւ խոչընդոտ են հանդիսանում շինարարության խոշորացման գործում, մի բան, որ առաջնակարգ նշանակություն ունի շինարարության ռացիոնալիզացիայի եւ էժանացման համար։
- Հատակագծի փողոցների քանակն ու լայնությունը (150, 95, 50 մետր) միանգամայն անհամապատասխան են եղել նորմաների տեսակետից։ Շրջանային երեք փողոցները անգործնական են, աննպատակ եւ կապված են խոշորագույն ծախսերի հետ։ Այդ լայն փողոցներն ու մեծ քանակն առաջացնում են մի շարք բարդություններ տնտեսական տեսակետից (ջրմուղ-կոյուղի, լուսավորություն, սալահատակում եւ այլն)։ Նորմայից ավելի է նաեւ քաղաքի բուսականության մակարդակը։
- Անհրաժեշտ է նաեւ արձանագրել, որ նախագիծը կազմվել է ակադեմիական ձեւով, առանց ի նկատի ունենալու տեղի ռելիեֆը, երկրաչափական տվյալները։
- Ժողովը արձանագրում է, որ շինարարությունը ունեցել է անսիստեմ, անարխիկ ձեւ, առանց կենտրոնացումի, հողամասերի լրիվ կազմակերպման եւ կրել է մեծ մասամբ պատահական բնույթ։
Իմ առարկությունները
- «Քաղաք-պարտեզ» գաղափարը ստեղծեց սոցիալիստ Հովարդն իբրեւ պայքար մեծ քաղաքների դեմ իրենց բնակչության կուտակվածությամբ եւ հակաառողջապահական պայմաններով։
Առաջին քաղաք-պարտեզները՝ Պորտ-Սենլայտ, Բորնվիլլ, Իրսվիկ շինվել են իբրեւ զուտ բանվորական քաղաքներ խոշոր գործարաններին կից բանվորության կյանքը բավարարելու նպատակով, նաեւ Լեչվորտ, Հեմստեդ եւ ուրիշներ, որոնք շինված են Լոնդոնին կից խառն բնակչության համար՝ իրենց արդյունաբերական մասերով։
Ստատիստիկայով հաստատված է, որ այդ քաղաքներում մահացությունն իջեցված է մինչեւ 6-8 մարդու՝ մի հազար բնակչության, այնինչ Եվրոպայի խոշոր քաղաքներում (Բեռլին, Լոնդոն, Փարիզ) նա հասնում է 17-20-ի, իսկ ռուսական քաղաքներում 33-35 մարդու՝ հազարին։ Կնշանակի մահացությունը հինգ անգամ ավելի պակաս է, քան մեր մեծ քաղաքներում։
Երեւանի պլանը մշակելիս իմ նպատակն է եղել մեր Խորհրդային Հայաստանի կենտրոնն ստեղծել այն ձեւով, որ նա համապատասխաներ մեր կյանքի պահանջներին բոլոր ասպարեզներում․ վարչական, արդյունաբերական, առեւտրական, կուլտուրական եւ միաժամանակ լիներ իբրեւ առողջ, հարմար եւ գեղեցիկ մի բնակավայր՝ 150.000 բնակչության համար։
Իմ նախագծի մեջ ես օգտագործել եմ քաղաք-պարտեզի ե՛ւ սկզբունքը, ե՛ւ ձեւերն՝ իբրեւ լավագույն օրինակը եւ ամենահաջող պրիոմը քաղաքների նոր շինարարության մեջ։ Ես գտնում եմ, որ քաղաք-պարտեզի սկզբունքը ոչ մի կերպ չի հակասում մեր երկրի սոցիալիստական բնույթին եւ կոլեկտիվ պահանջներին եւ ոչ մի դժվարություն չի առաջացնում մեր շինարարության համար։ Գտնում եմ միանգամայն անտեղի, որ իմ պլանին վերագրում են՝ «առանձնակի, մեկուսացած, բնակարաններ իրենց սեփական տնտեսությամբ, բակով, բանջարանոցով, մանր շինարարություն, իրարից անկախ մեշչանական կենցաղ եւ այլն», քանի որ այս նկատողությունները չեն վերաբերում քաղաքի պլանին, որը որոշում է միմիայն փողոցների, պարտեզների, հրապարակների եւ թաղերի դասավորությունները, այլ վերաբերում է շինարարության ձեւին, որին կարելի է տալ ցանկացած բնույթ՝ ղեկավարվելով նույն պլանով։
Այս առիթով կարեւոր եմ համարում ասել, որ ուղիղ մի տարի առաջ (1928թ․ հունվարի 19-ին) քաղխորհուրդը հաստատել է իմ ներկայացրած ծրագիրը այն մասին, թե ինչպիսի տներ են կառուցվելու քաղաքի գլխավոր փողոցների վրա, այդ տները լինելու են 2-3 եւ 4 հարկանի՝ ոչ պակաս 2 հարկից, որոնք իրենց մեծությամբ հնարավորություն են տալիս բավարարելու կոլեկտիվիզմի պահանջները։ Ըստ վերոհիշյալ ծրագրի՝ միայն որոշ թաղամասերում, նեղ ու փոքր փողոցների վրա թույլատրվում է կառուցել միհարկանի տներ՝ առանձնակ բնակարաններով։
Ճիշտ է, որ քաղաք-պարտեզի սկզբունքը ծնվել է կապիտալիստական երկրներում, բայց չէ՞ որ մենք այդ միեւնույն աղբյուրից ենք ստանում շինարարության վերաբերյալ բոլոր նորությունները մինչեւ վերջին կոնստրուկտիվիզմը։ Իմ ամենավերջին տեղեկությամբ, այսօր Գերմանիայում (Բեռլին, Դրեզդեն, Լայպցիգ, Հաննովեր) բանվորական բնակարանային շինարարությունը տարվում է ամենաեռուն թափով եւ կոոպերացիայի հիմունքներով, այդ շինարարությունը կատարվում է քաղաք-պարտեզի ձեւով՝ փողոցներով, բուլվարներով եւ ոչ խոշոր տներով։
- Ուղիղ ընդհակառակը։
Քաղաքը, շնորհիվ իրեն շրջապատող լեռնաշղթայի, ստանում է կլոր ձեւ, եւ եթե քաղաքի նոր պլանով կենտրոնը միացվում է շրջակայքի զանազան կետերի հետ՝ բնականորեն ստացվում են մի քանի շառավղային փողոցներ, որոնց մի մասը ներկա քաղաքում արդեն գոյություն ունեցող փողոցներն են, իսկ մյուսները նոր են։ Այս փողոցներն ամեն տեղ ունեն միատեսակ եւ շատ մեղմ թեքություն (2-4.5%), եւ ռելիեֆը ոչ մի խոչընդոտ չի առաջացնում այդ փողոցների համար։ Գոյություն ունեցող փողոցներից են՝ Աբովյան, Սպանդարյան, Ռուբենի, իսկ նոր փողոցները, որոնց թեքությունն ավելի մեղմ է, քան Աբովյան փողոցինը, հետեւյալն են՝ Հյուսիսային, Հարավային, Մասիս, Հրազդանի։
Սա ցույց է տալիս, որ քննադատները ծանոթ չեն քաղաքի ռելիեֆին։
- Իսկ ինչո՞վ է անհաջող, բացատրություն չկա․ ես գտնում եմ ընդհակառակը, քանի որ նրանք դասավորությամբ եւ ներքին կապով միանգամայն համապատասխան են իրենց նշանակությանը։
Բանվորական ավանների սկզբունքը բխում է զուտ կապիտալիստական ձգտումներից, նպատակ ունենալով մշտապես կապել բանվորներին գործարանների հետ, նրանք շահագործելու նպատակով։ Եթե այդ ավանները, մոտ լինելով գործարաններին, տալիս են հաղորդակցության հարմարություններ՝ նրանք միեւնույն ժամանակ ունեն բացասական կողմեր առողջապահական տեսակետից, որովհետեւ բանվորները եւ իրենց ընտանիքները ստիպված են 24 ժամ շարունակ շնչել գործարանների վատառողջ, փոշոտ ու ծխոտ օդը։ Բանվորը գործարանում 8 ժամ աշխատելով՝ մնացած ժամանակը պետք է հանգստանա եւ մաքրի իր թոքերը սանիտարական ամենալավ պայմաններում։ Ուստի զուտ բանվորական ավանների գաղափարը ես գտնում եմ միանգամայն անընդունելի մեր սոցիալիստական իրականության մեջ, եւ ես իմ պլանով բանվորությանն եմ տրամադրում ամբողջ քաղաքը իր լավագույն թաղամասերով՝ բուլվարներով, պուրակներով եւ այլ նման առողջապահական հարմարություններով։ Այդ դեպքում անհրաժեշտ է ստեղծել միայն հարմար փոխադրական միջոցներ, որը դժվար չէ, ի նկատի ունենալով մեր քաղաքի մեծությունը (տրամագիծը ընդամենը 2 կիլոմետր)։
- Քննադատները ցույց չեն տալիս, թե ո՞ր նորմային են հետեւում իրենք եւ ի՞նչ տեսակետից են պլանի թաղերի չափերը խանգարում ռացիոնալիզացմանը եւ էժանացմանը։
Իմ կազմած թաղերի չափերը մեծ մասամբ հետեւյալն են՝ 100մx160մ, 80մx100մ, 150մx160մ, 50մx100մ, կան եւ ավելի խոշորները։ Այս թաղամասերը միանգամայն նորմալ են եւ համապատասխան են սանիտարական պահանջներին․ միաժամանակ նրանք հնարավորություն են տալիս կառուցումը տանել ոչ միայն առանձնացած բակերով, այլեւ՝ խմբավորված տներով՝ միացնելով զբոսավայրեր, ծաղկանոցներ եւ հասարակական այլ հարմարություններ։ Ես հակառակ եմ չափազանց մեծ թաղերի, որովհետեւ նրանք առաջացնում են բնակիչների խոշոր կուտակումներ․ մեծ թաղերն ստիպում են ունենալ խոր բակեր։ Տները, կառուցվելով բակի խորությամբ՝ մի քանի շարք, զրկվում են վենտիլյացիայի հարմարություններից, ստեղծելով հակասանիտարական անկյուններ, խորշեր։ Ստատիստիկայով հաստատված է, որ նման տներում մահացությունն անհամեմատ ավելի մեծ է, քան առանձնացած փոքր տներում, եւ ինչքան շատանում են տների հարկերը ու ներքին բակերը՝ այնքան ավելանում է մահացությունը։․․
Տարօրինակ է ինձ թվում եւ զարմանալի, թե ինչո՞ւ է առարկվում բուսականության չափի դեմ, քանի որ մեր շոգ կլիմայում բուսականության առատությունը դրական կողմ է եւ ոչ բացասական։ Պետք է ասեմ, որ նոր պլանով Երեւանի բուսականությունն ավելի մեծ չէ վերցրած, քան պահանջվում է քաղաք-պարտեզի նորմայով (10%-ի դիմաց մեր բուսականությունը 9%-ի միայն հասնում)։․․․
Տալով այս բացատրությունները՝ գտնում եմ, որ այն առարկությունները, որ արված են էսքիզային պլանի վերաբերյալ, լուրջ չեն եւ անհիմն են, եւ համարում եմ միանգամայն սխալ ժողովի եզրակացությունը, որով նա «անթույլատրելի է համարում շարունակել քաղաքի շինարարությունը այդ հատակագծով»։ Այսպիսի որոշման դեմ բողոքում եմ։
Զեկուցելով Ձեզ այս մասին՝ խնդրում եմ ապահովել իմ տարիների աշխատանքը անհիմն հարձակումներից։ Նման աշխատանքները չեն կարող քննվել պլենար ժողովներում՝ պատահական կազմով, այլ պետք է լուրջ ուսումնասիրության առարկա դառնան համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ուստի խնդրում եմ տալ ինձ հնարավորություն ավարտել վերջնական պլանի մշակումը, որից հետո նշանակել մի հեղինակավոր մարմին՝ մասնակցությամբ քաղաքների շինարարության մասնագետների՝ քննելու համար իմ աշխատանքը։
Ակադեմիկոս Ա․ Թամանյան
Ալեքսանդր Թամանյան «1878-1936, Փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երեւան, 2000թ․
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ