Սիմոն Զավարյան. Հայերի ռուսացման քաղաքականությունը 1880-ականներին
Շարունակում ենք Ղարաբաղյան շարժմանը նախորդող հայկական քաղաքական շարժումներին վերաբերող նյութերի հրապարակումը: Այս անգամ ընտրել ենք ՀՅԴ հիմնադիրներից Սիմոն Զավարյանի «Հիշողություններ ութսունական թվականներից» գրվածքից մի հատված, որտեղ ներկայացվում է հայերի ռուսացման քաղաքականությունը 1880-ականներին եւ հայ աշակերտների դիմադրությունն այդ քաղաքականությանը:
«Յիշողութիւններ ութսունական թուականներից»
1881 թուի Մարտի 1-ից յետոյ, սկսուեց յեղափոխական ալիքի տեղատւութիւնը։ ….
Այդ շրջանի իրար յաջորդող լուսաւորութեան նախարարներ՝ ռուսազգի Տոլստոյ եւ հայազգի Դելեանովը մրցում էին իրար հետ, մէկը միւսին գերազանցելով յետամնաց գաղափարներով եւ օտարատեաց հակումներով։ …
Ութսունական թուականների յետադիմական քայլերից տուժում էին կեանքի բոլոր կողմերը, բոլոր ազգութիւնները։ Տուժում էինք նաեւ մենք՝ պետական դպրոցներում սովորող հայ պատանիներս։
Ըստ կանոնի, տեղական լեզուները ― հայերէնը, վրացերէնը, թուրքերէնը ― պիտի աւանդուէին ամէն մի ազգութեան տղաների համար շաբաթական երկու դաս․ բացի այդ՝ երկու լեզուի դասերից մենք՝ հայերս ունէինք նաեւ կրօնի երկու դաս, որ աւանդում էր մի հայ քահանայ։ Բարեհաճ վերաբերմունքի եւ բարեխիղճ ուսուցիչներ ունենալու դէպքում՝ 2 կրօնի եւ 2 լեզուի դասերով եւս կարելի էր գէթ մի քիչ հայերէն սովորել։ Սակայն, դպրոցի վարչութիւնը դիտաւորեալ կերպով հայերէնը հայերի համար դարձրել էր ոչ-պարտաւորիչ։ Ծոյլերը, կիսառուսացած ընտանիքի զաւակները բնաւ չէին յաճախում հայ լեզուի եւ կրօնի ոչ-պարտաւորեցուցիչ դասերին։ Մնացածներն էլ տեսնելով, որ հայոց լեզուի չգիտնալը ոչ մի զրկանքի չի ենթարկում իրանց, մինչդեռ գերմաներէնից, նկարչութիւնից, ցած նիշ ստանալը անդրադառնում էր վկայականի վրայ, հայոց լեզուի դասերին վերաբերւում էին ձեւականօրէն, հազիւ գրել-կարդալ էին սովորում։ Եւ որպէսզի տեղական լեզուների ռուսացման այս քաղաքականութիւնը ցանկալի արդիւնք տար, դպրոցի վարչութիւնը հայերէնի եւ կրօնի դասաւանդութեան համար հրաւիրում էր կարելի եղածին չափ տգէտ, անբարեխիղճ եւ քծնող անձնաւորութիւններ։
Մեր դպրոցի հայոց լեզուի ուսուցիչը զբաղուած էր գլխաւորապէս վերակացուի պաշտօնով, իսկ քահանան երկար տարիների ընթացքում բաւականանում էր «հաւատոյ հանգանակը» սերտել տալով։ «Հայր մեր»-ը անգիր արտասանողները ստանում էին «լաւ» կամ 4 նիշ, իսկ երկու խօսք հայերէն իրար հետ շաղկապողներն որակւում էին «լաւագոյն» (5) յատկանիշով։ Այսպիսով օտարազգիներին ռուսացնելու քաղաքականութիւնը շատ յաջող կերպով առաջ էր տարւում մեր դպրոցի մէջ եւ հայ ստրկամոլ «կրթուած» «ազգայինները» եւ տէրհայրները մեծապէս օժանդակում էին այդ քաղաքականութեան։
Հետեւանքը եղաւ այն, որ 7 ամսուայ ուսումնաշրջանին մէջ ոչ միայն որեւէ հայ պատանի հայերէն չսովորեց, այլ ինձ նման բուն հայկական շրջաններից դուրս եկած եւ հայոց դպրոցներից ելածներն անգամ մեծ չափով մոռացան իրենց մայրենի լեզուն։ Դժբախտաբար, վտանգ հայերէն չգիտնալով չէր սահմանափակւում։ Չարիքի արմատը աւելի խորն էր։ Հայոց լեզուն, համեմատած միւս առարկաների եւ լեզուների հետ, դրուած լինելով ստոր եւ արհամարհուած վիճակում, հայ ուսուցիչը, հայ քահանան բարոյական-մտաւոր պակասութիւնների պատճառով լինելով ուսուցիչների եւ աշակերտների ծաղրի առարկայ, ակամայից արհամարհանքի զգացում էին յարուցանում հայ մանուկներ մէջ անգամ։ Եւ այդ արհամարհանքը, այդ ծաղրը ուսուցչից ու քահանայից տարածւում էին հայ քաղաքացիի, հայ ժողովրդի, հայ գրականութեան, հայ լեզուի վրայ, մի խօսքով՝ այն ամէնի վրայ, ինչ որ «հայ» կնիքն էր կրում։ Գաղափար տալու համար այդ ազգային այլասերման մասին (որին ենթակայ են այսօր Ռուսիայի պետական դպրոցներում բոլոր սովորողները), բաւական է բերել իմ օրինակը։
Ես որ բուն հայկական շրջանի ծնունդ եմ, կապուած մայր հայրենիքի հետ սերտ ու անխզելի կապերով եւ հինգ տարի շարունակ սովորած Ներսիսեան դպրոցում, ես անգամ հայերէն չէի խօսում ամենամտերիմ հայ ընկերակից-դասարանակիցներիս հետ իսկ, վարւում էի ատելութեամբ դէպի «չէրչի» «վաշխառու», «վախկոտ», «ստրկամիտ» հայութիւնը․․․
1884 թուին, ընկերներիցս մէկը ամառուայ արձակուրդին գնացել էր իր հայրենի քաղաքը՝ Ախալքալաք։ Նրան մի անմեղ անձնական գաղտնիք յայտնելու համար հայերէն նամակ գրեցի։ Չնայելով որ անուն-ազգանունս էլ ստորագրել էի նամակիս տակ, այնուամենայնիւ ընկեր (Վ․Ք․)* չէր հասկացել թէ ո՞վ է իրեն նամակ գրողը, որովհետեւ չէր հաւատում, որ ես կարող էի հայերէն նամակ գրել, քանի որ իրա հետ մի հայերէն խօսք չէի արտասանած։ Ահա թէ ո՛ւր էր հասցրել Տոլստոյի եւ Դելեանողի ստեղծած ռուսացման քաղաքականութիւնը․․․
Այնուամենայնիւ, դիւրին բան չէ սպանել գաղափարը, ոչնչացնել ազգութիւնները։ Հայ պատանիներից մի քանիսը ― անշուշտ, գաւառացիներ, հայոց դպրոցներում կարդացածներ ― տեսնում, զգում էին այս ամօթալի կացութիւնը։ Նրանց մէջ վիրաւորուած էր ամենից աւելի ազգային արժանապատուութեան զգացումը։ Չեմ յիշում, ում նախաձեռնութեամբ ― կարծեմ Հ․ Տ․ Մ․ քահանայի թոյլ տուած մի ստորնացուցիչ քայլից յետոյ ― մի քանի հոգի որոշեցինք տիրապետող չարիքի մասին հաղորդել Թիֆլիսի առաջնորդ Արիստակէս Եպ․ Սեդրակեանին։ Վերջինիս ներկայացանք յատուկ պատգամաւորութեամբ եւ, իբրեւ վերջաբան, խնդրեցինք ջանալ աւելի բարեխիղճ կրօնուսոյց նշանակել։
Առաջնորդը խոստացաւ, բայց իր խօսքը լոկ խոստում էլ մնաց․․․ Մեր «տէր-հայրը» դեռ երկար ժամանակ շարունակեց իր պաշտօնը եւ վերջն էլ «Կամիլաւկայի» արժանացաւ իր բազմամեայ «աստուածահաճոյ» ծառայութեան համար․․․
Անյաջողութիւնը, սակայն, չյուսահատեցրեց «ազգասէրներին»։ Ոմանք այն կարծիքի էին, որ մեր դժուար կացութիւնից դուրս գալու համար անհրաժեշտ է դիմել ձեռնհաս հայերի հեղինակաւոր խորհուրդներին։ Այդպես էլ արինք։ Մի քանի ընկերների հետ ինձ էլ վիճակուեց դիմել Րաֆֆիին, որի վէպերը ― «Դաւիթ Բէկ», «Կայծեր», «Խենթը» եւ այլն ― հայ դպրոցում սովորելիս, խորը տպաւորութիւն էին թողել մեզ վրայ։
Եթէ չեմ սխալւում, իրիկուան մթնշաղին, ժամը 6-7 էր, երբ երեք-չորս պատանիներս՝ վախվխելով մտանք տունը (Լերմոնտովսկայա եւ Գուդովիչի փողոցների անկիւնում), ուր բակի տնակի երկրորդ յարկում՝ երեք համեստ սենեակ էր վարձած տաղանդաւոր գրողը։ Րաֆֆին նստած էր գրասեղանի առաջ, կապոյտ մեծ ակնոցները ծածկում էին մեզանից նրա դէմքի մտածկոտ արտայայտութիւնը։ Ընդարձակ սենեակի կարասիներն էին մի քանի աթոռներ ու բազկաթոռներ եւ գրքերի մի պահարան։
Բացատրեցինք մեր գալու նպատակը, խորհուրդ հարցրինք մեր անելիքների մասին։ Լաւ չեմ մտաբերում, թէ ի՛նչ հարցեր ու պատասխաններ տեղի ունեցան մեր մէջ, սակայն Րաֆֆիի պատասխանի էութիւնը չեմ մոռացել։ Նրա ասածները ամփոփւում էին այն բանի մէջ, որ մենք ոչ դրսի, ոչ առաջնորդի եւ ոչ որեւէ մէկ ուրիշի վրայ յոյս չդնենք, այլ ջանանք մեր սեփական ուժերով դարման գտնել մեր ներքին ցաւին, ամաչեցնենք անտարբեր աշակերտներին, պարապենք ցանկացողների հետ հայերէն, խնդրենք ուսուցիչներից բարեխիղճ վերաբերմունք դէպի մայրենի լեզուի դասաւանդութիւնը։
Ինքնագործունէութեան եւ ինքնօգնութեան գաղափարն էր, որ ներշնչում էր մեզ Րաֆֆին։ Շատ հաւանական է, որ ուրիշ ձեռնհաս անձեր եւս խօսել ու խորհուրդներ էին տուել այդ ուղղութեամբ, քանի որ շատ չանցած այդ խորհուրդները, թերեւս եւ կեանքի անհրաժեշտ պահանջը առաջ բերին մեր մէջ նոր ձեռնարկներ։
Առաջին քայլն էր հայերէն խմորատիպ թերթի հրատարակութիւնը գրական, պատմական բովանդակութեամբ։ Թերթի խմբագիրները գաղտնի էին, թէեւ անպաշտօն կերպով շատերը գիտէին գլխաւոր խմբագիր Հ․Տ․Մ․-ի անունը, որ մեր դպրոցի ամենալաւ հայերէն գիտցողն էր։ Քիչ յետոյ, միտք յղացաւ աշակերտական գրադարանի մէջ ունենալ նաեւ հայերէն գրքեր։ Նախաձեռնողները նուիրեցին իրանց ունեցած հայերէն գրքերից, իսկ նոր գրքեր ունենալու համար դիմեցին հայ հեղինակներին, գրավաճառներին եւ մասնաւոր ծանօթներին։ Սակայն, այդքանը բաւական չէր։
Հայ թերթի, կարծեմ վերահրատարակուող «Մշակ»-ի մէջ, ռէալական դպրոցի հայ աշակերտութեան անունից կոչ հրատարակուեց, որով դրսեցիներից խնդրւում էր հայերէն գրքերով օգնել ռէալական դպրոցի աշակերտական գրադարանին։ Դպրոցի վարչութիւնը չգիտէր այդ կոչի մասին եւ տեղաւորում էր փոստով ստացուող հայերէն գրքերը ընդհանուր գրադարանի մէջ։ Վերջը, չգիտեմ ինչպէս եղաւ, որ հայերէնը գրքերը տեղաւորուեցին առանձին պահարանի մէջ եւ նրանց ղեկավարութիւնը (գրադարանապետութիւնը) յանձնուեց հայ աշակերտներից մի քանիսին։ Սակայն, քիչ յետոյ, դպրոցի վարչութիւնը հասկացաւ իր արած «սխալը» եւ զանազան բծախնդիր պատճառաբանութիւններ բերելով՝ առաջարկեց հայ աշակերտութեան հայերէն գրքերը դուրս տանել դպրոցի գրադարանից՝ յուսալով, որ այդպիսով գրքերը կը ցրուին, կը կորսուին եւ նպատակի չեն ծառայի։ Մանրամասնութիւնները չեմ յիշում․ գիտեմ միայն, որ շուտով մեր աշակերտական գրադարանը դրուեց գաղտնի վիճակի մէջ։ Ինչպէս միւս ազատական-խմբական գրադարանները, մերն եւս պահւում էր աշակերտներից մէկի մօտ, իբրեւ մասնաւոր սեփականութիւն, բայց այդ պարագան չէր խանգարում, որ գրադարանից օգտուէին բոլոր նրանք, որոնք բաժանորդ էին գրուել։ Հետաքրքիր է այն, որ այդ առաջին հայ գրադարանի նախաձեռնողները, միջնակարգ դպրոցից փոխադրուելով համալսարան, չմոռացան իրենց բարոյական զաւակը եւ կողմնակի միջոցներով խրախուսում էին Թիֆլիս մնացած իրենց երիտասարդ ժառանգորդներին։
Աւելորդ չէ այստեղ յիշատակել, որ այդ նոյն աշակերտական գրադարանն է, որ տարբեր փուլերից անցնելով՝ դարձել է այսօրուայ Թիֆլիսի ամենամէծ «էժանագին» անունը կրող գրադարանը․․․ օրինակ հանդիսանալով նման տասնեակ հաստատութիւնների․․․ Թուեր չունիմ ձեռքիս տակ, բայց սխալուած չեմ լինի եթէ ասեմ, որ նոյն գրադարանի շնորհիւ տարիների ընթացքում տասնեակ հազարաւոր մարդիկ կրթուել, զարգացել եւ գիտակցութեան են եկել։
* * *
Ազգային հալածանքը՝ Տոլստոյ-Դելեանովի քաղաքականութիւնը, սակայն, շարունակւում էր՝ առաջ բերելով նոր-նոր երեւոյթներ։ Վերն արդէն յիշել եմ, որ 80-ական թուականներին մեծ ծաւալ էին ստացել ինքնազարգացման գաղտնի խմբակներն ու շրջանակները։ Այդ շրջանակները կազմուած էին 5-10 անձերից, շատ անգամ տարբեր դպրոցների տարբեր ազգութիւնների երկսեռ աշակերտներից։ Խմբերի նպատակն էր լրացնել դպրոցական ծրագրի բացերը՝ աւելի լաւ կերպով իւրացնել տալով բնագիտութիւնը, պատմութիւնը, ծանօթանալ քաղաքատնտեսութեան եւ, մանաւանդ, կարդալ ու քննել ազատական-յեղափոխական գրականութիւնը։ Սովորաբար, խմբակը ունէր իր ղեկավարը աւելի փորձուած ու զարգացած ընկերներից, որոնք, ըստ մեծի մասին, նշանակւում էին «մայր» խմբից կամ քաղաքի «պրոպագանդայ»-ի մարմնից։
Վերջինիս անդամները արդէն հասունցած, զարգացած երիտասարդներ էին՝ մեծ մասը համակիր կամ ուղղակի անդամ ժամանակուայ յեղափոխական կուսակցութեան։
Այդ պայմանների մէջ հասկանալի է ինքնըստինքեան, որ խմբերի մէջ գործածական լեզուն բացառապէս ռուսերէնն էր, ընթերցանութեան ― ուսումնասիրութեան, քննադատութեան նիւթերը բացառապէս վերցուած ռուս գրականութիւնից, ընդհանուր պետական կեանքի վերաբերող հարցերից։ Հայերէնն ու վրացերէնը մոռացուած էին․ յատուկ մեր ազգային կեանքին վերաբերեալ խնդիրներ գոյութիւն չունէին։
Ղեկավար կուսակցութեան ծայրայեղ անտարբերութիւնը դէպի մանր, ճնշուած ազգութինները մի կողմից, կառավարութեան օտարատեաց քաղաքականութիւնը միւյս [կողմից], բնականաբար, առաջ բերին բնազդական որոշ ընդդիմութիւն։ Վերջինս կենդանի երեւոյթի վերածուեց այն ժամանակ, երբ Ալեքսանդր Երրորդի ճերմակ տեռորը, 1881-83, յաղթել ու խեղդել էր կենդանի յեղափոխական շարժումը։
Շրջանակները, մանաւանդ, խմբերի հասունացած ու փորձառու անդամները այլեւս օրուայ քաղաքական անցքերի հետ առընչութիւն ունեցող այրող խնդիրներ չունէին։ Բնական է, որ նրանք որոնէին նոր ուղիներ, խմբերը հետաքրքրելու եւ շահագրգռելու նոր նիւթեր։
Ահա այդ նոր ուղիներն ու նոր նիւթները հանդիսացան ազգային, տեղական խնդիրները․․․
Որքան ինձ յայտնի է, պրոպագանդայի կենտրոնական մարմնի մէջ առաջին անգամ ազգային պատմութեան, տեղական լեզուների եւ տեղական կարիքների անհրաժեշտութիւնը շեշտած էին վաղարշապատցի երկու եղբայրներ՝ (Ս․ ” Սր․ Տ․-Գր․)** «Միխայիվոյի» (Քրիստափոր Միքայէլեանի), Թամարա Ադամեանի եւ ուրիշների հետ։
Նոր ուղղութեան յաջողութեան մեծապէս նպաստեց այս անմոռանալի անձերի պատանիներիս շրջանում վայելած սէրը եւ համակրութիւնը․ փորձառութեան ու զարգացման հետ միասին նրանք մեզ հմայում էին աւելի իրենց ծայր-աստիճան համակրելի բնաւորութեամբ։
Եռանդուն, ուրախ, մաքուր ու շիտակ եւ, որ գլխաւորն է, վերին աստիճանի սիրալիր ու ընկերասէր ― յատկութիւններ, որոնք ըստինքեան հանդիսանում էին պրոպագանդայի շաղկապող օղակը։ Առաջին անգամ, երբ պատահաբար մտայ եղբայրներ Ս․―Սր․-ի սենեակը (ինչ որ գիրք խնդրելու համար), զարմանքի եւ ուրախութեան խառն զգացմունքով նկատեցի, որ նրանք ներկայ եղողների հետ խօսում էին հայ լեզուով։ Կրկնում էին յաճախ Րաֆֆու, Արծրունու անունները, վիճում էին Մ․ Նալբանդեանի «Երկրագործութեան» մասին։
Մի ուրիշ անգամ, երեկոյեան նրանց սենեակում լսեցի «Ձայն տուր, ո՜վ ծովակ»-ը խմբովին երգելիս, որ թողեց վրաս ուժեղ տպաւորութիւն, եւ ես երբեք չեմ մոռանայ այդ տպաւորութիւնը, մինչեւ կեանքիս վերջը։ Այդ նոյն օրերի մէջ էր, երբ ինձանից տարիքով մեծ ու ղեկավար ընկերներիցս մէկը առաջարկեց ինձ մտնել մի նոր խմբի մէջ՝ աւելացնելով, որ ղեկավար մարմինը որոշել է վերակազմել շրջանակները՝ ստեղծելով զուտ ազգային խմբակներ։
Ես ընդունեցի առաջարկը, առանց դադարելու, սակայն, միջազգային խմբի մէջ մնալուց։ Մեր նոր խումբը կազմուած էր բացառապէս հայերից, խմբի մէջ որոշ նպատակով մտցրել էին երկու հոգի Ներսիսեան Դպրանոցից։ Ղեկավարները նպատակ ունէին ներսիսեանցիների միջոցով մեզ հայերէն սովորեցնել, ծանօթացնել հայոց պատմութեան, իսկ նրանց էլ, որ զարգացմամբ աւելի ցած էին մեզանից, առաջ քշել մեր օժանդակութեամբ։
Չգիտեմ ինչու, սակայն մեր այդ «ազգային» առաջին խմբակը կենսունակ չեղաւ։ Գուցէ պատճառը հայ գրականութեան աղքատութիւնն էր, կամ գուցէ «ներսիսեանցիների» չափից դուրս անտաշ, տափակ, «տիրացու» լինելը։ Կարծեմ դեր էր խաղում ե՛ւ օրիորդների բացակայութիւնը։ Վերջինները ամէն տեղ էլ զգաստացնում էին մեզ՝ տղաներիս, առանձին հետաքրքրութիւն էին ներշնչում խառը ժողովների իրենց ներկայութեամբ։ Թէեւ մեր ղեկավարները վաղուց նկատել էին, որ օրիորդների ներկայութիւնը պակասեցնում է ժողովների «լրջութիւնը» «ճոռոմաբան» ու «փայլելու» տենչով տարուած վիճաբանութիւնները աւելի եւս փքուն էին դառնում «ընկերուհիների» ներկայութեամբ, բայց եւ այնպէս միմիայն տղաներից կամ աղջիկներից կազմւած խմբերը մատնւում էին անյաջողութեան։ Այդպիսի ելքի յանգաւ եւ մեր ազգայնական առաջին խումբը։
Ուղղութիւնն ու սկզբունքը, սակայն, դրանից չտուժեց, ազգայնական խմբերը աճում էին, օրէցօր հետաքրքիր դառնում․ շնորհիւ ազգայնական բաժանման, 80-ական թուականների պատանիների մէջ, ռուս լեզուի, ռուս գրականութեան, ընդհանուր պետական հարցերի հետ միասին սկսեցին հաշուի առնուել նաեւ հայոց լեզուն, հայ գրականութիւնը, հայ պահանջները․․․
Աւելորդ է ասել, որ հայ գրականութեան մէջ Գամառ-Քաթիպայի հետ միասին առաջին պատուաւոր տեղն էր բռնում Րաֆֆին․․․ մեր մտքի, մեր հոգու խորքում, Չերնիշեւսկու, Նեկրասովի, Պերովսկայի կողքին, քայլ առ քայլ սկսեցին տեղ գրաւել նաեւ Նալբանդեանը, Րաֆֆին, Կարօն ու Ասլանը․․․
Այս շաղախը, աւելի ճիշտ, այս պատուաստը ռուսացած, ռուսական ոգիով զարգացած ու սնուած երիտասարդներին կամաց-կամաց հայացրեց, իսկ հայ «ազգասէրներին» մի քիչ յեղափոխականացրեց։
Հետեւանքը եղաւ այն, որ երբ 1885 թուին կառավարութիւնը առաջին անգամ փակեց հայ ծխական դպրոցները հայ ազգայինների ու տիրացուների աւանդ թողած լացի եւ խնդրանքի հետ միասին, Թիֆլիսի պատերի վրայ երեւաց յեղափոխական բնաւորութիւն ունեցող առաջին հայերէն թռուցիկը՝ ուղղուած ռուս կառավարութեան դէմ, որտեղ հայերը հրաւիրում էին կռուի, դիմադրութեան։ Այդ թռուցիկների հեղինակները, նրանց շարող, տպագրող ու տարածողները, ինչպէս այդ պարզուեց ինձ համար մի քանի տարի յետոյ, ռուս յեղափոխական շրջանում մկրտուած մի քանի երիտասարդներ էին, որոնց մէջ առաջին տեղն էին բռնում Քրիստափոր Միքայէլեանն ու Գաբրիէլ Միրզայեանը։
Արժէ, որ այս փոքրիկ պատմական փաստը արձանագրուի։
«Հայրենիք», Բացառիկ թիւ, թիւ 2, 1914
* ― Վարդգես Քաջազնունի, Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ վարչապետ Յ․ Քաջազնունիի եղբայրը, հետագային Հայաստանի լաւագոյն գիւղատնտեսներից մէկը։ ԽՄԲ․
** ― Սիմէոն եւ Սրապիոն Տէր Գրիգորեաններ։ ԽՄԲ․
«Սիմոն Զաւարեան․ Մահուան եօթանասունամեակի առթիւ», Հատոր Բ, Բեյրութ, 1992
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ