Ներկայացնում ենք «Ազատության» TV-ի «Փոդքասթ. Նորագույն պատմություն» հաղորդման՝ Գևորգ Ստամբոլցյանի հեղինակային ծրագրի՝ «Վանո Սիրադեղյան. Նախարարից՝ տարագիր» էպիզոդի սղագրությունը:
Ուղիղ 22 տարի առաջ՝ 1999-ի հունվարին, սկիզբ դրվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի քրեական հետապնդմանը։ Ձմեռային այդ օրերին սկիզբ առած իրադարձություններն ի վերջո հանգեցրին երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկի փաստացի հեռացմանը երկրից․ «Քավության նոխազ են փնտրում, ես չեմ ուզում դառնալ այդ քավությանը նոխազը»։
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, Ազգային ժողով մտավ 1999-ի հունվարի 25-ին, երբ պատգամավորները պատրաստվում էին քվեարկել ընտրական օրենսգրքի նորացված տարբերակի օգտին։ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վանո Սմբատի Սիրադեղյանը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, անձնական շահագրգռվածությունից ելնելով 1993 թվականի դեկտեմբերին ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել և Մոսկվա քաղաքում իրականացնել Հայկական միջազգային ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը»։
Գլխավոր դատախազի պնդմամբ Մոսկվայում բնակվող Սերժ Ջիլավյանից բացի Սիրադեղյանը նախարար աշխատած շրջանում փորձել էր կազմակերպել ևս երկու հոգու՝ Հայաստանի վերջին գումարման Գերագույն խորհրդի դաշնակցական պատգամավոր Կիմ Բալայանի և ազգային անվտանգության պետական վարչության նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանի սպանությունները։ Հետաքրքրականը, սակայն, այն էր, որ ներքին գործերի նախարարի պատվիրած երեք սպանություններից և ոչ մեկը ավարտին չէր հասցվել։ Դատախազի բնորոշմամբ՝ Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով։
Սիրադեղյանի գործում, սակայն, ըստ նախաքննական մարմնի, դիակներ կային։ Աղվան Հովսեփյանը պնդում էր, որ Ջիլավյանի չկայացած «քիլլերները»՝ Արթուր Հովհաննիսյանն ու Կարեն Ռաֆայելյանը, մոսկովյան տապալումից հետո վերադարձել էին Երևան՝ հաշվեհարդարի զոհ դառնալով։ «Արթուր Հովհաննիսյանն ու Կարեն Ռաֆայելյանը Երևանի Երիտասարդական պալատի մոտակայքից անհայտացել են։ Ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ Սերժ Ջիլավյանի սպանությունը ձախողելու համար, ինչպես նաև այդ հանցագործությունը թաքցնելու միտումով, Վանո Սիրադեղյանը, պաշտոնական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի առևանգումը, ապօրինի ազատազրկումը և սպանությունը»։
Առաջին հայացքից կարող էր թվալ, թե Աղվան Հովսեփյանի ներկայացրած ապացույցներն ավելի քան ծանրակշիռ են, իրականում, սակայն, որքան ձգվում էր դատախազի ելույթն, այնքան հարցերը պատգամավորների մոտ շատանում էին։ Նախ՝ օրենսդիրները դատախազի ելույթից հասկացան, որ Սիրադեղյանին ներկայացվող մեղադրանքները հիմնված են բացառապես մեկ մարդու՝ ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանի ցուցմունքների վրա, բացի այդ խիստ ուշագրավ էր չկայացած զոհերից առանցքայինի՝ Սերժ Ջիլավյանի անձը. «это человека о котором американцы говорят «self-made man»»:
Ստեփանավանի շրջանի գյուղերից մեկում ծնված Ջիլավյանն իր առաջին ընդհատակյա միլիոնը վաստակել էր դեռ 80-ականներին՝ Ուզբեկստանում։ 90-ականների կեսերին արդեն քրեական և կիսաքրեական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող Ջիլավյանը Մոսկվայում էր, որտեղ հայկական կազմակերպությունների ցանց ստեղծելով, ակտիվորեն զբաղված էր ինքնափիառով: Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում պարբերաբար Ջիլավյանին գովերգող, ըստ ամենայնի, պատվիրված հաղորդումներ էին հեռարձակվում, որոնցում հայ միլիոնատերն առանց ավելորդ համեստության խոստանում էր ժողովրդի փրկիչը դառնալ․ «[это] уже касается спасения нации․ Я уже не имею право другого выбора․․․»։
Բայց, եթե Ջիլավյանի ով լինելու հետ ամն ինչ պարզ էր դեռ 90-ականների կեսերին, ապա Սիրադեղյանի հանրային ընկալումն այնքան էլ միանշանակ չէր։ 80-ականների կեսերին նա իրավամբ համարվում էր խոստումնալից ու տաղանդավոր հայ արձակագիրներից մեկը, 88-ից հետո Սիրադեղյանը «Ղարաբաղ» կոմիտեի ամենա աչքի ընկնող 3-4 անդամներից մեկն էր։ Սիրադեղյանի անձի հետ կապված հիմնական դժգոհությունները վերաբերում էին նրա ներքին գործերի նախարար աշխատած ժամանակահատվածին՝ էքսցենտրիկ պահվածքից մինչև կենդանաբանական այգու հարևանությամբ կառուցված նրա առանձնատունը։ Մի բան, սակայն, որևէ մեկը ժխտել չէր կարող․ Սիրադեղյանի օրոք ոստիկանությունը կարողացավ շեշտակիորեն նվազեցնել թե՛ փողոցային, թե՛ կազմակերպված հանցավորության ծավալները երկրում․ «92-93 թվականին փողոց դուրս գալ հնարավոր չէր, կատարվում էր ամեն տեսակ սպանություններ, հանցագործություններ․ ինքը լրիվ մաքրեց փողոցները դրանցից»։
Այս ամենը հաշվի առնելով, որո՞նք էին այն պատճառները, որ կարող էին դրդել երկրի ամենաազդեցիկ իրավապահ կառույցի ղեկավարին պատվիրել Սերժ Ջիլավյանի, ինչպես նաև Կիմ Բալայանի և Գուրգեն Եղիազարյանի սպանությունները։ Աղվան Հովսեփյանի պատասխանը զարմացրեց Ազգային ժողովի դահլիճում գտնվողներից շատերին․ «Ենթադրում եմ, որ, երևի թե, պարոն Սիրադեղյանը ելույթ կունենա և ինքն էլ այդ հարցի պատասխանը կտա»։
Մի հարցում Աղվան Հովսեփյանը չէր սխալվում, Վանո Սիրադեղյանը այդ օրը, իրոք, մոտեցավ ամբիոնին, նա, սակայն դատախազի սպասելիքները չարդարացրեց և իրավական թեմաներով բանավեճերի դաշտ մտնելու փոխարեն հանդես եկավ իր ողջ քաղաքական կարիերիայի ամենահիշվող ելույթներից մեկով։ Նախկին ներքին գործերի նախարարն այդ ելույթով փորձում էր բացահայտել իր անձի շուրջ ծավալված զարգացումների պատճառահետևանքային կապը՝ համոզմունք հայտնելով, որ ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ, իր բնորոշմամբ, Ղարաբաղի քաղաքական էլիտան սկսեց տեղափոխվել Հայաստան․ «Ինչո՞ւ էր պետք իշխանությունը զավթել Հայաստանում, պետք էր, որովետև իրենք չեն հավատում Ղարաբաղի հարցի կարգավորմանը, ավելին, իրենց հարկավոր չէր խաղաղ կարգավորումը, որովհետև Ղարաբաղի քաղաքական էլիտան բնականաբար պիտի տեղ չունենար խաղաղ միջոցներով կարգավորված Ղարաբաղում»։
Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած այդ ելույթում Սիրադեղյանը պնդում էր, որ իշխանության, այսպես կոչված, ղարաբաղյան թևն արդեն 98-ի փետրվարյան հեղաշրջման ժամանակ միջոցների առջև որևէ խտրականություն չէր դնում․ «Նախագահին և պաշտպանության նախարարին սպառնացին, որ պատանդ կպահեն մեր զորակոչիկներին Ղարաբաղում, և նախագահը հրաժարական տվեց։ Հերթը հասավ Դեմիրճյանին։ Դեմիրճյանը՝ իրեն անհասկանալի ուժի առաջ, իր տեղը զիջեց Քոչարյանին, ամրապնդվեց՝ փորձելով եղած-չեղած քաղաքական դաշտը Հայաստանում, ամեն քայլով փորձելով նսեմացնել Հայաստանի գործիչների, կառույցների դերը այս պատերազմում։ Մոնթեի և Արթուր Մկրտչյանի սպանություններից հետո, մեր նորակոչիկ երեխաների խոշտանգումներից և խաղաղ ժամանակ գնդակահարություններից հետո, ինչպիսի անխոցելի լկտիություն պիտի ունենալ՝ Հայաստանում դատավորի դեր ստանձնելու, օրենքի անունից խոսելու համար։ Այդպես չեն գնում ո՛չ դեպի խաղաղություն, ո՛չ դեպի պատերազմ․ այսպես գնում են դեպի ոչինչ»։
Պատգամավորների մի մասի մոտ, սակայն, այս ամենից հետո տրամաբանական հարց ծագեց․ եթե ամեն ինչ այդքան վատ էր, ինչո՞ւ էր Սիրադեղյանի ղեկավարած ՀՀՇ-ն 98-ի նախագահական ընտրությունների ժամանակ իր գործողություններով աջակցում Քոչարյանի ընտրությանը․ «Մեծ ղալլաթ եմ արել, շատ մեծ ղալլաթ, ճակատագրական սխալ էր․․․»։
Սիրադեղյանի այս ելույթը պայթող ռումբի էֆեկտ ունեցավ, որևէ մեկը դեռ երբեք այդքան բացահայտորեն չէր խոսել ո՛չ 98-ի իշխանափոխությանն ուղեկցած ստվերային պրոցեսների, ո՛չ Ստեփանակերտից Երևան տեղափոխված գործիչների դերակատարության, և ինչը թերևս ամենակարևորն է, իշխանության ներսում առկա փաստացի երկփեղկվածության մասին, իսկ 99-ի հունվարին այդ պառակտումը Հայաստանի քաղաքական դաշտին բնորոշ ամենավառ առանձնահատկությունն էր։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից ուղիղ մեկ տարի անց իշխանությունը Հայաստանում բաժանված էր առաջին նախագահին հրաժարական պարտադրած երկու, գրեթե, հավասարազոր ազդեցություն ունեցող ուժերի միջև՝ մի կողմում նախագահ Քոչարյանն էր և նրա շուրջ կենտրոնացած ուժերը՝ նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած գործիչները, իրավապահ համակարգն, ինչպես նաև մի շարք կուսակցություններ, որոնցից ամենաազդեցիկը Դաշնակցությունն էր։ Իշխանական մյուս թևի առաջնորդը Վազգեն Սարգսյանն էր, որի գլխավոր հենարաններն էին բանակը և խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող «Երկրապահ» պատգամավորական խումբը։ Եվ հենց «Երկրապահն» էր, որ գործնականում պետք է որոշեր կալանավորվելու է Վանո Սիրադեղյանը, թե ոչ։
Ընտրությունը, որին առերեսվում էին երկրապահները, բացարձակապես նախանձելի չէր․ քվեարկելով Սիրադեղյանի կալանավորման օգտին՝ երկրապահներն անուղղակիորեն կընդունեին, որ, տեսականորեն, մի օր նույն ճակատագրին կարող է արժանանալ նաև Վազգեն Սարգսյանը․ նա, ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին երկրում առնվազն նույն ազդեցությունն ու դիրքն ուներ ինչ Վանո Սիրադեղյանը, ըստ այդմ՝ որևէ մեկը չէր կարող երաշխավորել, որ մի օր էլ Քոչարյանի թիմակից, ծնունդով ապարանցի, բայց երկար տարիներ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Դատախազությունում աշխատած Աղվան Հովսեփյանը նույնատիպ քրեական մի գործ չի հարուցի պաշտպանության նախարարի դեմ։ Դե, իսկ Սիրադեղյանի կալանավորմանը դեմ արտահայտվելու դեպքում «Երկրապահները» մեկ այլ՝ առաջին հերթին քարոզչական հարվածի տակ էին հայտնվում՝ հնարավորություն տալով խորհրդարանական ընտրություններից ընդամենը 4 ամիս առաջ իշխանության նախագահական թևին մեղադրել իրենց հանցագործներին հովանավորելու մեջ։
Սիրադեղյանի հարցով քվեարկությունից առաջ «Երկրապահ» պատգամավորներին գոնե հրապարակայնորեն որևէ հստակ հրահանգ չտրվեց․ «Յուրաքանչյուր մարդ պիտի քվեարկի իր խղճի մտոք»։ Բայց որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ քվեարկությանը նախորդած ժամերին Դատախազությունը կամ Նախագահի աշխատակազմը պատգամավորների խղճի վրա ազդելու լծակներ չեն գտնի։ Այդ անորոշությունն ու փոխադարձ անվստահությունն էին պատճառը, որ Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությունը, որը նշանակված էր 99-ի հունվարի 26-ին, ընթանում էր մի մթնոլորտում, որն Ազգային ժողովի համար կարելի էր առանց չափազանցության աննախադեպ համարել․ «Ազգային ժողովը՝ փակ գաղտնի քվեարկությամբ, դահլիճում նկարահանող որևէ սարքի արգելման և լրացուցիչ լուսավորությունն անջատելու պայմաններում, 56 կողմ, 65 դեմ ձայնով մերժեց Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությունը՝ համաձայնություն տալ Ազգային ժողովի պատգամավոր Վանո Սիրադեղյանին դատական կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու և նրան կալանավորելու համար («Ազատության» 1999-հունվարի 26-ի եթերում Ազգային ժողովում կայացած քվեարկության մասին պատմում էր Ռուզան Խաչատրյանը)»։
Նշեմ, ի դեպ, որ քվեարկությունից առաջ էլ բուռն քննարկումները խորհրդարանում շարունակվում էին, Վանո Սիրադեղյանն այդ օրը մեկ անգամ ևս մոտեցավ ամբիոնին, սակայն այս անգամ գերադասեց զերծ մնալ քաղաքական գնահատականներից, խոսելով արդեն խնդրի իրավական կողմից, մասնավորաբար, իր դեմ ցուցմունքներով հանդես եկած միակ մարդու՝ Վահան Հարությունյանի մասին․ «Շատ մոտիկ, ընկերական հարաբերությունների մեջ էր սովետական պետական անվտանգության, կարծեմ, բաժնի կամ վարչության պետ, գնդապետ Հրաչի հետ՝ Կրակեմ Հրաչ մականունով։ Նաև գնդապետ Հրաչը մորաքրոջ որդին էր Սերժ Ջիլավյանի, «որը նրա ծանուցմամբ Սերժ Սարգսյանի (լրագրող Ռուզան Խաչատրյան)» Կիպրոս-Հայաստան-Մոսկվա կասկածելի ելք ու դարձի մշտական ուղեկիցն է․․․»։
Ընդհանրապես մեկ մարդու ցուցմունքի վրա հիմնված մեղադրանքի հրապարակումն այդ օրերին շատերին էր զարմացրել։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս բացառություն չէր․ 99-ի հունվարին նա խախտեց հրաժարականից հետո մեկ տարի պահպանած լռությունը՝ իր աներկբա աջակցությունը հայտնելով Սիրադեղյանին։ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին երևանյան թերթերը գրեցին խորհրդարանում կայացած քվեարկության հաջորդ օրը՝ հունվարի 27-ին։ Այդ օրը մամուլի տեսությունը «Ազատության» եթերում ներկայացնում էր Վաչե Սարգսյանը. «Դատախազական միջնորդությունը մեկնաբանելու խնդրաքին ի պատասխան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակն էլ «Առավոտ» և «Օրագիր» թերթերին է տրամադրել նախկին նախագահի հետևյալ գրավոր հայտարարությունը․ «Հունվարի 25-ին մենք ականատես եղանք մի իրադարձության, որն իր ցինիզմով և վտանգավորությամբ դեռևս նախադեպ չի ունեցել որևէ քաղաքակիրթ երկրի կյանքում։ Հանրապետության դատախազը խորհրդարանի բարձր ամբիոնից հանդես եկավ ծանրագույն քրեական մեղադրանքով՝ հիմնված ընդամենը մեկ մարդու ցուցմունքների վրա։ Նման դեպք չի արձանագրվել անգամ Վիշինսկու դատական պրակտիակայում»։ Նույն կապակցությամբ գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյանը ասել է․ «Վանոյին կկալանեն կամ չեն կալանի, կդատապարտեն կամ չեն դատապարտի՝ միևնույն է, միջակություններս ասպարեզից հսկա ենք հեռացնում՝ և ինչ դիպուկ հարվածներով, և ազգը ծվատելու եղանակի ինչ եզակի ընտրությամբ, թշնամին անգամ այսքան դիպուկ չէր լինի։ Վա՛տ է պարոնայք, շատ վա՛տ է»»։
Հրանտ Մաթևոսյանի այս հարցազրույցից բացի գրողների միությունը հանդես եկավ նաև բաց նամակով՝ կոչ անելով երկրի բարձրագույն իշխանությանը հրաժարվել Վանո Սիրադեղյանին կալանավորելու մտադրությունից, բայց նամակի հրապարակման հաջորդ օրը պարզ դարձավ՝ գրողների միության անդամներից առնվազն մեկը Սիրադեղյանին պաշտպանելու ցանկություն չունի։ «Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը խորապես վրդովված է գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյանի և «միության համարյա բոլոր անդամների» բաց նամակով՝ ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանին։ «Ես անհրաժեշտ չեմ համարում այս համառոտ հայտարարության մեջ անդրադառնալ Սիրադեղյանի անձին, քանի որ այս 10 տարի գրում եմ նրա դեմ և հիմա ավելացնելու ոչինչ չունեմ, բացի նրանից, որ Ազգային ժողովում ունեցած նրա վերջին ելույթը նողկալի մի փորձ էր իրար դեմ հանելու մեր ժողովրդի երկու՝ հայաստանյան և ղարաբաղյան հատվածներին»,-նշում է Տիկին Կապուտիկյանը՝ ի վերջո հայտարարելով, որ հրաժարվում է Հայաստանի գրողների միության անդամությունից և կվերադառնա այնտեղ միայն այն ժամանակ, երբ այդ միությունը կունենա թեկուզ պակաս տաղանդավոր, բայց արդարամիտ, ժողովրդանվեր, գրողի բարձր կոչմանն արժանի ղեկավար։ «Սովետական շրջանում գրողների միությունից դուրս էին գալիս մարդկանց դեմ գործ հարուցելու պատճառով, ինքը, փաստորեն, դուրս է գալիս գործ չհարուցելու պատճառով»,-սրան արձագանքել է Վանո Սիրադեղյանը, որի հետ «Առավոտի» թղթակիցը հանդիպել է երեկ՝ ՀՀՇ վարչության նիստից հետո»։
Եվ մինչ Հրանտ Մաթևոսյանն ու Սիլվա Կապուտիկյանը վիճում էին՝ արդյոք Վանո Սիրադեղյանը արժանի է պաշտպանության, թե ոչ, նախկին նախարարի ճակատագիրը մեկ այլ գրողի՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ձեռքում էր․ «Վանոն իմ ընկերն է, ինչպես, որ իմ ընկերն է Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Սամվելը, Վազգենը, մյուսները»։ Վազգեն Սարգսյանն իր ընկերների այս ցանկը հրապարակեց 1999-ի հունվարի 30-ին հանրապետական կուսակցության համագումարի ամբիոնից։ Պաշտպանության նախարարի ելույթի պահին, սակայն, Վանո Սիրադեղյանն արդեն Հայաստանում չէր։ Համառորն պտտվող լուրերի համաձայն համագումարի մեկնարկից հաշված ժամեր առաջ երկրից հեռանալ նրան օգնել է հենց Վազգեն Սարգսյանը։ «Ամբողջ քաղաքը խոսում է այն մասին, որ երեկ երեկոյան Վանո Սիրադեղյանը Հայաստանից մեկնել է։ Լուրերը սկսեցին տարածվել առավոտից, «Հայլուրով» հայտնեցին, որ սահմանապահ ծառայությունների ղեկավարների հետ զրույցում պարզվել է, որ Վանո Սիրադեղյանի անունը մեկնողների ցուցակում վերջինն է և ավելացված է ձեռագրով։ Օդանավակայանից ինձ էլ հայտնեցին, որ Երևան-Դուբայ հայկական ավիաուղիների հունվարի 29-ի չվերթով, ժամը 19-ի սահմաններում՝ Վանո Սիրադեղյանը՝ մենակ, առանց ընտանիքի անդամների, մեկնել է Դուբայ»։ Վանո Սիրադեղյանի երիկիրը լքելու մասին «Ազատության» 1999 թ․ հունվարի 30-ի եթերում պատմում էր Հրաչ Մելքումյանը։
Հաջորդ օրերին իշխանության նախագահական թևը, նաև դաշնակցական և ռուսալեզու մամուլը միմյանց հերթ չտալով նույն թեզն էին կրկնում՝ եթե Սիրադեղյանը փախել է երկրից, ուրեմն մեղավոր է։ ՀՀՇ առաջնորդի մերձավոր շրջապատը խոսում էր Սիրադեղյանի մոտ վերջին իրադարձությունների ֆոնին ծագած առողջական խնդիրների և արտերկրում բուժվելու անհրաժեշտության մասին։ ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյան․ «Ամբողջ պետական մեքենան աշխատացնում են էդ մարդուն ուղղակի ինֆարկտի հասցնելու համար»։
Հետադարձ հայացքով, սակայն, Սիրադեղյանի այս քայլն օրինաչափ էր․ հունվարի վերջին օրերին Վանո Սիրադեղյանը հասկացել էր՝ Քոչարյանն ու նրա թիմակիցները, կոպիտ ասած, իրենից ձեռք քաշել չեն պատրաստվում։ Դա ամենայն հստակությամբ երևաց Սիրադեղյանի Դուբայ մեկնելուց հաշված ժամեր առաջ, երբ Երևանում մեծ ասուլիս հրավիրեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Նա այս ասուլիսի ընթացքում, ի դեպ, իրեն անհամեմատ ավելի վստահ էր զգում, քան խորհրդարանում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին նա խոստացավ, որ արդեն առաջիկա օրերին կգնա Ազգային ժողով՝ Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու նոր միջնորդությամբ։ «Ոնց որ էն հաղթանակին նվիրված երգ կա, ասում ա «этот день мы приближали как могли»»։ Լրագրողների հարցերի մի զգալի մասն, ի դեպ, վերաբերում էր դատախազի միջնորդության ամենաթույլ կետին՝ Սիրադեղյանին ներկայացվող մեղադրանքները մեկ մարդու ցուցմունքների հիման վրա կառուցված լինելուն։ Այս մի հարցը գլխավոր դատախազին ակնհայտորեն հունից հանում էր՝ ստիպելով նրան դեպքեր հիշել սեփական քննչական պրակտիկայից․ «Ասենք բռնաբարության գործերով, եթե կա, բնական է էնտեղ մի քանի հոգի չեն եղել, հիմականում երկու հոգի են, կա աղջկա ցուցմունքը բռնաբարողի վերաբերյալ, ինչ է, ասում ենք մի ցուցմունք է չպետք է դատե՞նք։ Էդ քանի՞ հոգի պիտի տանենք էնտեղ կողքը կանգնեցնենք»։
Ակնկալվում էր, որ գլխավոր դատախազը նոր միջնորդությամբ խորհրդարան կգա արդեն փետրվարի սկզբին։ Աղվան Հովսեփյանի ասուլիսից հաշված օրեր անց, սակայն, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կտրուկ կերպով սրեց առանց այդ էլ լարված ներիշխանական հակասությունները՝ մի պահ Սիրադեղյանի գործը մղելով երկրորդ պլան։ 1999թ․ փետրվարի 9-ին տեղի ունեցավ ամենաառեղծվածային մահափորձերից մեկը, որի զոհը դարձավ Վազգեն Սարգսյանի մերձավոր թիմակիցներից մեկը․ «Արդեն մեկ օր է անցել, ինչ Նոր Հաճնի ճանապարհին հարող ամայի տարածքում հայտնաբերվեց ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դիակը։ Սպանություն բառը մտածված չեմ օգտագործում, որովհետև Դատախազությունում չեն բացառում նաև ինքնասպանության վարկածը․
«Գ․Ա․-Գնդակը դոշին ա կպել, կրծքավանդակին ա խփած, մյուսը՝ գլխին։ Սպանվե՞լ ա, ինքնասպա՞ն ա էղել՝ դա նախաքննությունը կպարզի։
Հ․Մ․(լրագրող) -Բայց ինչպե՞ս կարող էր երկու կրակոցից ինքնասպան լիներ։
Գ․Ա․-Իսկ ինչպե՞ս չէր կարող»»։ «Ազատության» 1999-ի փետրվարի 10-ի եթերում գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանի հետ զրուցել է Հրաչ Մելքումյանը։
Բանակային հրամանատարությունը ղարաբաղյան պատերազմն անցած մարտական գեներալի երկու կրակոցով ինքնասպանության վարկածն ընկալեց որպես բացահայտ ծաղր։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ուժային մի կառույցը՝ բանակը, վերջնագիր էր ներկայացնում մեկ այլ ուժային կառույցի՝ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը՝ պահանջելով թե՛ Արծրուն Մարգարյանի, և թե՛ դրանից երկու ամիս առաջ սպանված պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու գործերի շուտափույթ և, ինչն ամենակարևորն է, ողջամիտ հետաքննություն իրականացնել։ Նման նյարդային իրավիճակում, երբ Վազգեն Սարգսյանի մերձավորների շարքերն աչքի առաջ նոսրանում էին, ոմանք համոզված էին՝ Աղվան Հովսեփյանը կգերադասի Սիրադեղյանի հարցով մեկ անգամ ևս Ազգային ժողով չգալ, առավել ևս, որ աղմկահարույց սպանության հաջորդ օրը տեղեկություններ ի հայտ եկան, որոնց համաձայն ուղղակի կապ էր նշմարվում Արծրուն Մարգարյանի և դատախազության կողմից Սիրադեղյանի դատական գործով իրականացվող քննչական գործողությունների միջև․ ««Օրագրի» լրատվությամբ նախկին փոխնախարար Վահան Հարությունյանը, որի ցուցմունքների հիման վրա գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրեց Ազգային ժողովին, ասել է, թե Վանո Սիրադեղյանի դեմ այդ ցուցմունքները կարող է հաստատել Արծրուն Մարգարյանը։ Այս կապակցությամբ վերջինս մի քանի անգամ Դատախազություն է կանչվել, նրան առաջարկվել է հաստատել Վահան Հարությունյանի ցուցմունքները։ Արծրուն Մարգարյանը ծանոթացել է այդ ցուցմունքներին և հրաժարվել է հաստատել դրանք՝ պատճառաբանելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում»։
Մամուլում հայտնված այս տեղեկությունն էլ ավելի թեժացրեց մթնոլորտը։ Չնայած դրան՝ Արծրուն Մարգարյանի սպանությունից ընդամենը մի քանի օր անց Ռոբերտ Քոչարյանը գերադասեց էլ ավելի սրել իրավիճակը։ Փետրվարի կեսերին երկրի նախագահը Ազգային ժողովին փաստացի վերջնագիր ներկայացրեց՝ կա՛մ պատգամավորները կողմ են քվեարկում դատախազի երկրորդ միջնորդությանը, կա՛մ էլ Ազգային ժողովը լուծարվում է։ Քոչարյանի այս հայտարարությունից մոտ 48 ժամ անց՝ փետրվարի 17-ին, արդեն Աղվան Հովսեփյանը խորհրդարանում էր։ Այդ օրը Ազգային ժողովում աշխատում էր Ռուզան Խաչատրյանը․ «Ի տարբերություն Հանրապետության գլխավոր դատախազի առաջին մուտքի՝ այսօր խորհրդարանի դահլիճում և միջանցքներում մարդկանց դեմքերը ձգված չէին, կամ ժամանակն էր իր գործն արել, կամ էլ Վանո Սիրադեղյանի բացակայությունն էր պատճառը։ Չնայած տեղեկություններ կային, որ գլխավոր դատախազն այս անգամ նոր բացահայտումներ է ավելացնելու միջնորդությանը․ այդպիսիք չկան։ Հպանցիկ հայացքով ընթերցելիս երկու միջնորդությունների միջև տարբերությունը ոճական է»։
Չնայած Սիրադեղյանի բացակայությանն՝ այս անգամ էլ միջնորդության շուրջ ծավալված քննարկումները բավական բուռն էին, և երևի բնական էր, որ Արծրուն Մարգարյանի անունն այդ օրը խորհրդարանում հիշատակվում էր գրեթե նույնքան հաճախ, որքան Սիրադեղյանինը․ «Անկախ պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը, տեղեկացնելով, որ որպես Արծրուն Մարգարյանի մտերիմ ընկեր՝ ներկա է եղել նրա դիազննմանն ու սպանության վայրի տեղազննմանը, ինքնասպանության վարկածը հաստատելու մեծ ոգևորություն է նկատել, որով շատ այլ հանգամանքներ աչքաթող են արվել, ուստի գլխավոր դատախազին առաջարկեց․ «Լքել այս դահլիճը՝ այլևս այստեղ չվերադառնալու պայմանով»»։ Գլխավոր դատախազը, սակայն, Դավիթ Մաթևոսյանի այս խորհրդին հետևելու մտադրություն չուներ նախևառաջ այն պատճառով, որ զգացել էր՝ հաջողությունը մոտ։ Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ պատգամավորներին ներկայացրած վերջնագրից հետո Ազգային ժողովի դահլիճում տիրող մթնոլորտը զգալիորեն փոխվել էր, եթե առաջին միջնորդության քննարկման ժամանակ Սիրադեղյանին նաև երկրապահներից ոմանք էին պաշտպանում, ապա այս անգամ խորհրդարանական ընդդիմությունը «Հանրապետություն» բլոկն ու «Շամիրամը» միայնակ էին։ Քվեարկության գրեթե կանխորոշված արդյունքի վրա ազդելու վերջին հուսահատ փորձն արեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ և Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը․ «Եկե՛ք ընդունենք Պարոն Ռոբերտ Քոչարյանի վերջնագիրը, քվեարկե՛նք դեմ այս միջնորդությանը, թո՛ղ խորհրդարանը լուծարվի, բոլորս զրկվենք այս պատգամավորական անձեռմխելիության իրավունքից, մեզանից մի մասը կկալանավորվի, անմիջապեսս կձերբակալվի և այլն, մենք կգնանք մեզ համար մեր բանտերը, մյուսները 40 օրվա ընթացքում կնշանակվեն պատգամավոր կամ այլ պաշտոնների․․․»։
Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությունը կայացավ 1999 թվականի փետրվարի 17-ի ուշ երեկոյան՝ դատախազի միջնորդության օգտին քվեարկեցին 190 հոգանոց խորհրդարանի անդամների կեսից քիչ ավելին՝ 102-ը, տասնյակ պատգամավորներ գերադասեցին կա՛մ չմասնակցել քվեարկությանը, կա՛մ էլ ընդհանրապես այդ օրը խորհրդարան չգալ։ Ու չնայած քվեարկության ոչ այնքան տպավորիչ արդյունքներին՝ Քոչարյանի և գլխավոր դատախազի համար սա հաղթանակ էր՝ ոչ միայն Վանո Սիրադեղյանի, այլև Վազգեն Սարգսյանի նկատմամբ․ ««Առավոտ» թերթի որակմամբ երեկ Ազգային ժողովում Դատախազի միջնորդությունը բավարարողները անցան նախագահի թրի տակով, եթե պատգամավորները չբավարարեին դատախազի հերթական միջնորդությունը, փաստորեն, դրանով իրենք իրենց լուծարած կլինեին, կամ առավել ժամանակակից լեզվով ասած, ինքնասպան եղած․ դա տեղի չունեցավ, քանզի մեր պատգամավորները գերադասեցին բնական մահը»։
Հանուն արդարության, սակայն, պետք է նշել, որ Վազգեն Սարգսյանի և երկրապահների համար քաղաքական ինքնասպանություն կլիներ դատախազի միջնորդությանը մեկ անգամ ևս դեմ քվեարկելը։ Ազգային ժողովի վաղաժամ լուծարումն առաջին հերթին հենց Վազգեն Սարգսյանին կհարվածեր՝ խառնելով նրա բոլոր քաղաքական պլանները, եթե Ազգային ժողովը լուծարվեր և խորհրդարանական ընտրությունները կայանային նախատեսվածից 2 ամիս շուտ, Վազգեն Սարգսյանը ժամանակ չէր ունենա ո՛չ իր ձեռքի տակ եղած վարչական ռեսուրսն ի մի բերելու, ո՛չ էլ Կարեն Դեմիրճյանի հետ «Միասնություն» դաշինքի ստեղծումն ավարտին հասցնելու համար։ Այս ամենը հաշվի առնելով էր, որ Վանո Սիրադեղյանին և իր քաղաքական հավակնությունների միջև Վազգեն Սարգսյանը ընտրեց վերջինը։ Այլ հարց է, սակայն, որ Վանո Սիրադեղյանն ինքն էլ առաջիկա ընտրությունների հետ կապված հստակ պլաններ ուներ, և հենց այդ պատճառով էր, որ 94-օրյա բացակայությունից հետո մայիսի սկզբին նա վերադարձավ Հայաստան։ «Ազատության» 1999 թ․ մայիսի 3-ի եթերում այդ մասին պատմում էր Արմեն Դուլյանը․ «Այսօր, մոտավորապես, ժամը 3-ին՝ Սոֆիայից Երևան ժամանած ինքնաթիռով եռամսյա բացակայությունից հետո Հայաստան վերադարձավ ՀՀՇ-ի առաջնորդ Վանո Սիրադեղյանը։ Երևանի օդակայանում ինքնաթիռը կանգնեցրել են ոչ այն տեղում որտեղ նախատեսված էր և որոշ ժամանակ ուղևորներին թույլ չեն տվել իջնել, այնուհետև մոտեցրել են աստիճանը և, երբ Վանո Սիրադեղյանը իջել է, նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ներկայացել են որպես ազգային անվտանգության աշխատակիցներ, և քաղաքավարի խնդրել են գնալ իրենց հետ»։
Հաջորդ 96 ժամերը Սիրադեղյանը անցկացրեց սկզբում գլխավոր դատախազությունում, ապա ազգային անվտանգության մեկուսարանում։ Այդ ժամանակ գործող օրենքներով դրանից ավելի երկար Սիրադեղյանին ճաղերի հետևում պահելու իրավունք իրավապահները պարզապես չունեին։ Բանն այն է, որ ՀՀՇ առաջնորդը մինջև Հայաստան վերադառնալը դիմել էր հմուտ իրավաբանական, ինչու չէ նաև, քաղաքական հնարքի․ ապրիլի վերջին՝ Հայաստան վերադառնալուց մի քանի օր առաջ, Սիրադեղյանի կողմնակիցները նրան առաջադրել և գրանցել էին որպես մեծամասնական թեկնածու։ Պատգամավորական մանդատի համար Սիրադեղյանը պետք է պայքարեր իր հայրենի Նոյեմբերյանն ընդգրկող թիվ 75 ընտրատարածքում, իսկ այն 4 օրերը, որոնք Սիրադեղյանն անցկացրեց մեկուսարանում ուղեկցվում էին նրա կողմնակիցների՝ Երևանի կենտրոնում կազմակերպված աղմկոտ բողոքի ակցիաներով։ Ամիսներ շարունակ պաշտոնական մամուլի թիրախում գտնվող Սիրադեղյանին ցուցաբերված նման ջերմ ընդունելությունն իշխանությունների համար բավական անսպասելի էր։ Մայիսի 6-ին, երբ Սիրադեղյանը դեռ բանտում էր, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը խոսեց այդ ակցիաների մասին՝ իրեն ոչ այնքան բնորոշ աստվածաշնչյան համեմատությունների օգնությանը դիմելով․ «Ոնց որ Քրիստոսին են դիմավորում»։
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի հաջորդ օրն արդեն Սիրադեղյանն ազատության մեջ էր։ Խանջյան փողոցի վրա գտնվող ՀՀՇ գրասենյակում նրան ցուցաբերած ընդունելությունն իրոք շատ ջերմ էր․ «4 օր պահած խորովածի փայտերը նորից հանեցին, «Լիբեր» օղի բերեցին, սեղանները գցեցին, սասողներն էլ աստիճանաբար ավելանում էին՝ մոտ 100 մարդ էր հավաքվել։ Վանո Սիրադեղյանը եկավ իր ջիպով, մեքենան ինքն էր վարում, մի քիչ նիհարած էր, բայց լավ տեսք ուներ։ Առաջինը նա համբուրեց Արարատ Զուրաբյանի փոքր տղային՝ հայրն էլ ինչ-որ բան էր հուշում․ «Մի հատ էն բառն ասա՛, մի հատ ասա՛, Ռոբերտ, ի՞նչը․․․» արդեն հնչեցին շենքի մոտ 4 օր սպասված ծափահարությունները։ Վանո Սիրադեղյանին անընդհատ մոտենում էին, շնորհավորում, մենք էլ հետևից ընկած փորձում էինք մի քանի հարց տալ, բայց նա ոչ մեկին չէր պատասխանում, առանձնասենյակում նստեց աթոռին՝ ոնց որ հարմար չէր՝ «ջարդվելա»»։
Խանջյան 26-ում կազմակերպված այս հավաքից մի քանի օր անց էլ Վանո Սիրադեղյանն ակտիվորեն ներգրավվեց քարոզարշավում, մեծամասնական ընտրատարածքը, որում նա պայքարում էր պատգամավորական մանդատի համար, տարբերվում էր մյուս 74 տարածքներից։ Նոյեմբերյանի և Իջևանի շուրջ 3 տասնայակ գյուղերը ներառող և ավելի քան 30․000 ընտրող ունեցող թիվ 75 ընտրատարածքը միակն էր, որտեղ թեկնածուների նախընտրական շտաբերից բացի նաև մեկ հակաշտաբ էր գործում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ իշխանության քոչարյանական թևը Սերժ Սարգսյանի տեղակալ Հովհաննես Հունանյանին գործուղել էր Տավուշ՝ Վանո Սիրադեղյանի ընտրությունը կանխելու համար։ «Ազատության» 1999թ․ մայիսի 24-ի եթերում Սիրադեղյանի հայրենիք Կոթի գյուղից հաղորդում էր Անուշ Դաշտենցը․ «Քարոզարշավի ողջ ընթացքը ցույց է տվել, որ մերօրյա քաղաքական գործչի իմիջը կարծես թե լրջորեն շահում է ոտքերի տակ մորթվող անասունների գլխաքանակից։ Այս առումով բացառություն չէր Վանո Սիրադեղյանը ևս։ Կոթիում, Կողբում, Բագրատաշենում և այլուր զուռնան ու դհոլը ուղեկցվում էր ոչխարների մորթով։ Սրան հաջորդում էին ընտրաելույթները։ Եթե Վանո Սիրադեղյանի ելույթները իսպառ քաղաքականացված չէին, ապա նույն բանը չէր ասվի նրա համախոհների ու նախընտրական շտաբի որոշ անդամների ելույթների առումով։ Վանո Սիրադեղյանի երևանաբնակ համագյուղացի Էռնեստ Խանումյան․ «Մենք՝ և՛ նոյեմբերյանցիներս, և՛ հատկապես Կոթի գյուղացիներս մեր ճուտը երբեք ձերուն չենք տա, ով էլ ուզում ա լինի էդ մարդը, ինչքան էլ ուզում ա հերոս լինի, հեռվից թամաշա անող, կռվի ղրկող, մարդիկ շատ հավաքագրի, փողեր տան, չգիտեմ ինչեր անեն, ու իրանք էլ էստեղ ուտել խմելով ման գան, նրանք մեր պետությունը, մեր ժողովրդի ճակատագիրը որոշելու դեռևս իրավունք չեն վաստակել»։ Ըստ Էռնեստ Խանումյանի՝ այդ իրավունքը վաստակել են այն մարդիկ «որոնք այսօր մեր ժողովրդին վերջնականապես ուզում են պատերազմի խաղից դուրս բերել»»։
Ի դեպ Հայաստանի առջև ծառացած գլխավոր այդ հարցին՝ պատերազմից խուսափելուն և խաղաղության հաստատմանը՝ ընտրություններին մասնակցող կուսակցություները՝ առավել ևս մեծամասնական թեկնածուները, 99-ին գրեթե չէին անդրադառնում, միակ բացառությունը կրկին Սիրադեղյանն էր․ «Ոչ ոք չի խոսում բուն հարցի մասին՝ Արցախի հարցի մասին, կարծես մահամերձի սնարի մոտ լինենք։ Այն ինչ գլխավոր հարցը նույնն է՝ պատերազմի և խաղաղության հարցն է, այն ինչ նախընտրական էս ամբողջ շրջանում հիմնական լոզունգը բոլոր կուսակցությունների կարծես մեկն է՝ մահ կամ ազատություն։ «Մահ կամ ազատություն»-ը կարող է անհատի լոզունգ լինել, բայց չի կարելի, որ ժողովուրդն այդպիսի լոզունգ ունենա։ Սովորաբար են ժողովուրդեները, որոնք գնում են այդ լոզունգով, մեր ժողովրդի պատմական փորձը ցույց է տալիս՝ ստանում են միայն մահ, ազատությունը բաժին է հասնում սովորաբար կարգախոսի հեղինակներին»։
Մայիսի 30-ին կայացած քվեարկության արդյունքները եկան վկայելու՝ կայացած քարոզարշավի ընթացքում Վանո Սիրադեղյանի հնչեցրած ուղերձները տեղ են հասել։ Ներքին գործերի նախկին նախարարը Տավուշում համոզիչ հաղթանակ տարավ՝ մուտք գործելով նաև երկրորդ գումարման Ազգային ժողով։ Վանո Սիրադեղյանի հաղթանակին չխանգարեց անգամ Դատախազության կողմից նրա դեմ բացված իրավական երկրորդ ճակատը։ Ընտրություններից ընդամենը 6 օր առաջ՝ մայիսի 24-ին, Երևանի առաջին ատյանի դատարանում ընթերցվեց Արմեն Տեր-Սահակյանի հանցախմբի գործով մեղադրական եզրակացությունը, որում Դատախազությունը կրկին առանցքային դերակատարություն էր վերապահել Վանո Սիրադեղյանին։ Մեղադրողները պնդում էին, թե նախկին ներքին գործերի նախարարը առնչություն ունի նաև երկաթուղիների վարչության ղեկավար Համբարձում Ղանդիլյանի, Աշտարակի գործկոմի ղեկավարի, մի քանի այլ անձանց 90-ականների կեսերին տեղի ունեցած սպանություններին։ Արմեն Տեր-Սահակյանի փաստաբանը, սակայն լրատվամիջոցներին տեղեկցրել էր, որ իր պաշտպանյալից Վանո Սիրադեղյանի մասին հիշատակումները Դատախազությանը հաջողվել էր կորզել ամիսներ շարունակված հարցաքննություններերից հետո՝ այն ժամանակ, երբ ՀՀՇ առաջնորդը արդեն Հայաստանում չէր։
Նախաքննությունը շարունակվում էր նաև ամռան ամիսներին, իսկ սեպտեմբերի 9-ին Վանո Սիրադեղյանը վերջապես կանգնեց դատարանի առջև։ Սիրադեղյանի գործով դատական առաջին նիստին ներկա էր Աննա Սաղաբալյանը․ «Կալանքի տակ գտնվող 11 ամբաստանյալները, այդ թվում և Վահան Հարությունյանը, ճաղերի հետևում նստեցին, տասներկուերորդը Վանո Սիրադեղյանն էր, որը դահլիճ մտավ իր փաստաբանների հետ ու, քանի որ կալանքի տակ չէ, նստեց հենց նրանց կողքին։ Նախ՝ ամբաստանյալներից յուրաքանչյուրը պատասխանեց իր կենսագրությանը վերաբերող հարցերին․ Վանո Սիրադեղյանը, գոնե, առաջին տպավորությամբ հանգիստ էր, հավասարակշռված։ Ծննդյան վայրի, տարեթվի և այլ կարգի մի քանի հարցերի՝ օրենքի պահանջով ոտքի կանգնած պատասխանեց, դատված եղել եք, թե ոչ հարցին ի պատասպան ասաց, թե կալանքի տակ է եղել՝ 1988-89-ին՝ Մոսկվայում, բայց դատված չէ, ֆիզիկապես առողջ էք հարցին՝ մի փոքր մտածելուց հետ պատասխանեց՝ նորմալ»։
99-ի աշնանը դատավարությունն աստիճանաբար մտնում էր հունի մեջ, իշխանական ուժերի դասավորությունը, երբ Ռոբերտ Քոչարյանի լիազորությունները հավասարակշռված էին Վազգեն Սարգսյանի վարչապետությամբ, նախապայմաններ էր ստեղծում Սիրադեղյանի գործի քիչ թե շատ անաչառ քննության համար։ Հոկտեմբերի 27-ին, սակայն, այդ փխրուն հավասարակշռությունը խախտվեց։ Իշխանական երկու թևերից մեկի փաստացի գլխատումը գրեթե ակնթարթորեն ազդեց նաև Վանո Սիրադեղյանի դատավարության ընթացքի վրա։ Դատախազության ներկայացրած մեղադրանքի իսկությունը քննելու փոխարեն դատարանն ավելի ու ավելի հաճախ էր ստիպված կենտրոնանալ Սիրադեղյանին կալանավորելու հարցի վրա։ Ընդամենը մի քանի ամսում մեղադրող կողմը Սիրադեղյանի կալանավորման պահանջով 3 միջնորդություն ներկայացրեց, որոնք, սակայն մեկը մյուսի հետևից դատավորի կողմից մերժվեցին։ Բնական է, որ Քոչարյանն ու նրա թիմակիցները դա հանդուրժել չէին կարող, ուստի զարմանալի չէր, որ 2000թ․ փետրվարին երևանյան մամուլում տեղեկություններ ի հայտ եկան, որոնց համաձայն Բաղրամյան 26-ում Սիրադեղյանին կալանավորելու քաղաքական որոշումը արդեն իսկ կայացվել է։
Վազգեն Սարգսյանի բացակայության, նրա եղբոր՝ Արամ Սարգսյանի կառավարության անփորձության և քաղաքական թուլության պայմաններում հստակ էր՝ Վանո Սիրադեղյանի կալանավորումը զուտ ժամանակի խնդիր է։ Դատավոր Ռազմիկ Թովմասյանը 2000թ․ ապրիլի 3-ին ներկայացված 4-րդ միջնորդությունը, որը նախորդներից գրեթե չէր տարբերվում, այլևս մերժել չէր կարող։ «Դատարանը որոշեց հետևյալը․ «Վանո Սիրադեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ անձնական երաշխավորությունը, փոխել, որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Որոշումը ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին»»։ Սիրադեղյանն այդ օրը դատարանում չէր, նաև խորհրդարանում չէր հաջորդ օրը, երբ օրենսդիրները հաշված րոպեների ընթացքում իրեն զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նախկին նախարարի բացակայությունը ոմանք բացատրում էին նրա՝ արդեն իսկ ձերբակալված լինելու փաստով։ 2000թ․ ապրիլի սկզբին Երևանում համառ լուրեր էին պտտվում, թե հատուկ ծառայությունները փորձելով բացառել մեկ տարի առաջ տեղի ունեցածի կրկնությունը, Սիրադեղյանին կանխավ ձերբակալել են։ Այս լուրերը Ազգային ժողովի ամբիոնից ստիպված եղավ հերքել Բորիս Նազարյանը հետհոկտեմբերքսանյոթյան Հայաստանի այսօր արդեն գրեթե մոռացված գլխավոր դատախազը․ «Վանո Սիրադեղյանը ձերբակալված չի, թե ինչու ներկա չի, ես չեմ կարող ասել»։ Դատախազի այս հայտարարության պահին Սիրադեղյանն արդեն Երևանում չէր, ինչպեսև 99-ին, 2000թ․ ևս նրան հաջողվեց լքել երկիրն՝ այս անգամ, սակայն ոչ թե օդային, այլ ցամաքային ճանապարհով․ «Որտե՞ղ է հիմա Սիրադեղյանը հարցին «Ազգի» տվյալներով՝ նրան վերջին անգամ նկատել ու ճանաչել են ապրիլի 3-ի գիշերը Տավուշի ճանապարհին գտնվող մի շուկայի մոտ»։
Ու թեև ՀՀՇ առաջնորդին կալանավորել չհաջողվեց, միևնույն է Քոչարյանի թիմը հերթական հաղթանակն էր տոնում։ Սիրադեղյանը, իսկ ավելի լայն իմաստով, նաև 99-ականներին երկիրը ղեկավարած ուժը երկարաժամկետ կտրվածքով՝ որպես քաղաքական գործոն չեզոքացված էին։ Հայաստանից հեռանալուց հետո Սիրադեղյանի լռությունը շարունակվեց տարիներով, ճիշտ է այդ ընթացքում լույս տեսավ նրա՝ Ավետիս Հարությունյան կեղծանվան տակ հրապարակված գրված հայտնի հոդվածաշարը՝ «Գյադաների ժամանակը», բայց Սիրադեղյանի պարտադրված տարագրության ընթացքում իր անունից տրված առաջին և վերջին հարցազրույցը հրապարակվեց Հայաստանը լքելուց ուղիղ 6 տարի անց՝ 2006-ի գարնանը։ Հասկանալու համար, թե հանրային ինչ հետաքրքրություն կար այդ հարցազրույցի հանդեպ, միան մեկ փաստ նշեմ․ այդ օրը՝ 2006թ․ մարտի 25-ին, «Հայկական ժամանակի» տպաքանակը հասավ 10․000 օրինակի։ Ավելորդ է ասել, որ թերթի այդ օրվա համարը սպառվեց ընդամենը մի քանի րոպեում։ «Պարո՛ն Սիրադեղյան, և այնուամենայնիվ, որտե՞ղ եք գտնվում՝ «եթե Հայաստանում չեմ, ի՞նչ տարբերություն որտեղ եմ, համենայն դեպս կարող եմ ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող 3 երկրներից և ոչ մեկում․ գիտակցաբար՝ մեր մեջ ասած»,- «Հայկական ժամանակի» հարցին պատասխանում է Վանո Սիրադեղյանը»։
Արդեն 15 տարի է, ինչ Վանո Սիրադեղյանը լուռ է և նրա գտնվելու վայրի մասին հստակ որևէ տեղեկություն չկա։ Ինչ վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործի առանցքային դերակատարներին, ապա նրանց ճակատագրերը շատ տարբեր կերպ են դասավորվել։ Սերժ Ջիլավյանը, օրինակ, մահացել է 2 տարի առաջ, կյանքի վերջին տարիներին բոլորի կողմից մոռացված նախկին միլիոնատերն ապրում էր Ստեփանավանի գյուղերից մեկում, նրա եկամտի միակ աղբյուրը Ռուսաստանի կողմից վճարվող թոշակն էր։ Աղվան Հովսեփյանը Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրորդ անգամ գլխավոր դատախազ նշանակվեց 2004-ին՝ պաշտոնավարելով շուրջ 10 տարի։ Դե, իսկ Վահան Հարությունյանը, որի ցուցմունքների հիման վրա էր կառուցված Սիրադեղյանին ներկայացված ծանրագույն մեղադրանքը, բանտում անցկացրեց ընդամենը 4 տարի։ 2002թ․ ամռանը նա լքեց Ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանը, դրանից կես տարի անց՝ 2003-ին, Վահրամ Հարությունյանն արդեն Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանում գործող նախընտրական ենթաշտաբերից մեկի ղեկավարն էր։
Սղագրությունը՝ Մարիամ Մանուկյանի
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, շարժման ասպետ, մեծանուն գրող, հրապարակախոս և պետական գործիչ Վանո Սիրադեղյանը մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին՝ տարագրության մեջ: