Կտրիճ Սարդարյան. Հայաստանի վերջին բաժանումը
1921թ․ մարտի 16-ին Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետության տարածքները բաժանվեցին Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Այդ պայմանագրով վավերացվեց քեմալականների ու բոլշեւիկների միջեւ հաստատված բարեկամությունը, որի զոհը դարձավ Հայաստանի անկախ պետությունը։
Հայաստանի մահավճիռը կայացվեց 1920թ․ սեպտեմբերի 1-7ը Բաքվում կայացած Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարում։ Այդ խառնաժողովը Կոմինտերնի գործադիր կոմիտեի նախագահ Գ․ Զինովեւի ղեկավարությամբ բանաձեւեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը «միջազգային իմպերիալիզմի գործակալն է», «հայ ժողովրդի դահիճն է»։ Այս եւ նման անհեթեթ ձեւակերպումներով ձգտում էին արդարացնել իրենց նախապատրաստվող ագրեսիան Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ։ Արեւելքի ժողովուրդների համագումարին մասնակցող քեմալական պատվիրակությունը համագումարի ավարտից հետո հայտնեց Անկարա, որ «ճանապարհն ազատ է»։ Համագումարը համաշխարհային հեղափոխական ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ոչնչացման ծրագրի կազմումը եւ իրագործումը հանձնարարեց արեւելքի ժողովուրդների պրոպագանդայի ու գործողության խորհրդի նախագահությանը։
Վերջինիս կողմից մի քանի օրվա ընթացքում կազմվեց եւ Մոսկվա ուղարկվեց «Մերձավոր Արեւելքի քաղաքական ներկա կացության մասին» փաստաթուղթը։
Փաստաթղթի հեղինակների կարծիքով Արեւելքում հեղափոխական շարժումներին մեծ վտանգ է սպառնում, որովհետեւ Հայաստանի կառավարությունը Անգլիայի ու Պարսկաստանի հետ դաշնակցած նախապատրաստվում է հարձակման հեղափոխական Ադրբեջանի ու Թուրքիայի վրա։ Եվ որպեսզի կանխվի «համաշխարհային հեղափոխության գլխին կախված այդ մահացու վտանգը», առաջարկում են նախահարձակ լինել եւ ջախջախել Հայաստանի ուժերը։
Ընդհանրապես այս փաստաթուղթն իր պարունակած մտքերով եզակի անբարոյականություն է, նույնիսկ այդ քուրայում թրծված բոլշեւիկ գործիչների համար։ Այն հետապնդում է մի նպատակ՝ արդարացնել իրենց նվաճողական պլանները Հայաստանի հանդեպ։ Այդքանից հետո գալիս է Հայաստանի վրա հարձակվելու ծրագրային մասը։ Ծրագրվում է Հայաստանի վրա հարձակումն իրագործել քեմալական զորքերի միջոցով, որոնք արդեն կենտրոնացված էին Հայաստանի սահմաններում։ Այնուհետեւ, երբ քեմալական զորքերը պարտության մատնեն հայկական ուժերին, բոլշեւիկները պետք է աղմկելով եւ հայ ժողովրդին թուրքական ջարդերից փրկելու լոզունգներով իրենց զորքերը մտցնեն Հայաստան եւ խորհրդայնացնեն այն։ Հետագայում ամեն ինչ կատարվեց համաձայն այս ծրագրի։ Սկզբից թուրքական զորքերը բոլշեւիկյան լոզունգներով հարձակվեցին, պարտության մատնեցին ու օկուպացրին Հայաստանի տարածքների կեսը, իսկ հետո եկավ Կարմիր բանակը։ Բոլշեւիկները Հայաստանի կառավարությանը կանգնեցրին կատարված փաստի առաջ եւ ստիպեցին, որ նա հեռանա իշխանությունից։
1920թ․ դեկտեմբերից Հայաստանը գրավված էր քեմալական եւ բոլշեւիկյան զորքերի կողմից։ Մնում էր կատարվածին իրավական ձեւակերպում տալը։ Այդ փուլը եւս ունի իրադարձությունների նույն «տրամաբանությունը»։ Քանի որ Հայաստանի մի մասում հռչակվել էր խորհրդային իշխանություն եւ բոլշեւիկները համառորեն պնդում էին, որ եկել են Հայաստանը թուրքերից փրկելու առաքելությամբ, ուստի հայ բոլշեւիկները հույսեր էին կապում Մոսկվայում գումարվելիք խորհրդա-թուրքական բանակցությունների հետ։
1921թ․ հունվարի 18-ին, Մոսկվայում սկսվելիք բանակցություններին մասնակցելու համար, Մոսկվա մեկնեց Խորհրդային Հայաստանի պատվիրակությունը։ Մինչեւ բանակցությունների սկսվելը պատվիրակության ղեկավար Ալ․ Բեկզադյանը Չիչերինին ու Կարախանին ծանոթացնում է այն փաստաթղթերին, որոնք պետք է ներկայացվեին կոնֆերանսին։ Տեսնելով, որ Բեկզադյանի դիրքորոշումը եւ նրա կողմից կոնֆերանսին ներկայացվելիք փաստաթղթերը խառնելու են իրենց պլանները, կոնֆերանսը հայտարարվեց ռուս-թուրքական։ Ոչ միայն հայ բանագնացները մնացին «պատերի տակ», բացարձակապես տեղեկություն չունենալով կոնֆերանսի աշխատանքների մասին, այլեւ հայազգի Լ․ Կարախանը կոնֆերանսի բացման նախօրեին խաբեությամբ Բեկզադյանից վերցնում է բոլոր փաստաթղթերը։ Այս քայլը կատարվել էր, որպեսզի հանկարծ Բեկզադյանն այդ փաստաթղթերը որեւէ տեղ չհրապարակի։ Այդ էր պատճառը, որ չնայած Կարախանը փաստաթղթերը վերցրել էր հաջորդ օրը վերադարձնելու պայմանով, սակայն դրանք վերադարձնում է միայն պայմանագիրը ստորագրելուց 25 օր հետո, այն էլ Բեկզադյանի բազմաթիվ բողոքներից հետո։
Կոնֆերանսը խախտելով Խորհրդային Հայաստանի իրավասուբյեկտային կարգավիճակը, քննարկեց եւ մարտի 16-ի պայմանագրով վավերացրեց Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերը։ Չնայած այն բանին, որ պայմանագրի հիմանական հարցը Հայաստանի տարածքներին էր վերաբերում, բայց եւ այնպես Հայաստանն անունն իսկ հիշատակված չէր պայմանագրում։ Կա Թուրքիա, կա Ռուսաստան եւ նրանց միջեւ գծված ռուս-թուրքական սահմանը։
Միջազգային իրավունքի տեսանկյունից այս ամենը հենց նշանակում է Հայաստանի տարածքների բաժանում պայմանագիրն ստորագրող պետությունների միջեւ։
Անշուշտ ընթերցողը կզարմանա ու կզայրանա քաղաքական նման բազմաշերտ անբարոյականության համար։ Սակայն դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը հենց այդ նպատակով էր պարտության մատնվել։ Այդ նպատակով էր ձեւավորվել քեմալա-բոլշեւիկյան բարեկամությունը իպերիալիզմի դեմ պայքարելու անվան տակ։
Ասածներիս լավագույն վկայությունն է մարտի 16-ի պայմանագրի սկզբնամասի հետեւյալ միտքը․ «․․․ Կառավարությունները, բաժանելով ազգերի եղբայրության ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, նշելով իրենց միջեւ գոյություն ունեցող համերաշխությունը իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում ․․․ եւ ամբողջովին խանդավառված միմիյանց միջեւ մշտական սրտագին փոխհարաբերություններ եւ երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխզելի բարեկամություն հաստատելու ցանկությամբ որոշեցին կնքել բարեկամության ու եղբայրության պայմանագիր․․․»։ Այնպես որ, ամեն բան սկզբից մինչեւ վերջ հաշված էր եւ ելնում էր երկու երկրների փոխադարձ շահերից։ Այդ շահերի շրջանակում էր նաեւ ինչպես այս պայմանագրով Նախիջեւանի (Շարուրն էլ հետը) գավառը, այնպես էլ հետագայում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին միացնելը։ Այս հարցերում քաղաքական առանձին գործիչների հակահայ դիրքորոշումը շեփորելը կամ թե թույլ տրված ինչ-որ սխալի մասին խոսելը պարզապես մոլորություն է եւ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու ձգտում։
Երկու տարի շարունակ մեր մտավորականությունը Ղարաբաղյան շարժումը սնեց այն ճշմարտանման գաղափարով, որ Ղարաբաղը Ադրբեջանին միացնելու հարցում Ստալինն է մեղավոր։ Եթե մենք շարունակենք կայսրության պետական քաղաքականությունը առանձին անհատների կամեցողությամբ բացատրել, չենք ձերբազատվի գայթակղությունից ու հերթական սխալներից։
1921թ․ ռուս-թուրքական ստրկացնող պայմանագրի դեմ մեր այսօրվա պայքարը առաջին հերթին պետք է անցնի ինքնուրույն պետության ստեղծման համազգային ջանքերի միջով։ Միայն այս ճանապարհը մեզ կտա հզորացման եւ պատմական իրավունքների վերականգնման հնարավորություն։ Որքան էլ որ հակասական լինի, միեւնույնն է, եթե մենք մեր հարեւանների հետ նորմալ, միջպետական հարաբերություններ չհաստատենք, ոչնչի հասնել չենք կարող։ Սա քաղաքական սթափության ճանապարհն է։ Մյուս բոլոր ճանապարհները մեր ժողովուրդը փորձել է եւ միշտ էլ դուրս է եկել պարտված ու ծանր կորուստներով։ Ուրեմն այսօր մենք պետք է ձեռք մեկնենք այնպիսի հարցերի, որոնց լուծման ուժն ու կարողությունը ունենք։
Եթե 1918-20թթ․ մեր քաղաքական գործիչները զերծ մնային անիրականանալի հեռանկարի գայթակղությունից եւ հույսը դնեին սեփական ուժերի վրա, այլ ճանապարհով կընթանար մեր պատմությունը։
1921թ․ մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը նախատիպն էր 1939թ․ օգոստոսի 23-ին նույն Մոսկվայում խորհրդա-գերմանական բարեկամության պայմանագրի։ Երկու դեպքում էլ բռնաբարվում էր ազգերի ինքնորոշման իրավունքը։ Երկու դեպքում էլ մութ ուժերի ձգողականության առանցքում խորտակվում էին փոքրաթիվ ժողովուրդների ազգային պետությունները։
ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N6, Մարտ 1990
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ