Ոսկեղենիկ նախաձեռնության 2021 թ. հոկտեմբերի հրապարակումները
Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:
Բաքոսի երկրպագու
Պարզվեց` երկուսն էլ Բաքոսի մոլեռանդ երկրպագուներ են, իսկ Փարպեցին խոստացավ նրանց միշտ գրկաբաց ընդունել, եթե գան երկուսով:
Բաքոսը հռոմեական դիցաբանությունում գինու և գինեգործության աստվածն էր: Նա հակադրությունների յուրահատուկ համակցություն էր. մերթ դիտարկվում էր որպես մարդկանց արվեստին, անձնական կատարսիսին ու կրոնական նվիրումին մոտեցնող գլխավոր ռահվիրա, մերթ ասոցացվում էր կյանքի ամենաանզուսպ ու հանկարծահաս ճոխությունների, խրախճանքների հետ:
Բաքոսի երկրպագու են կոչում գինեմոլներին, հարբեցողներին կամ շվայտ կյանքով ապրող մարդկանց:
Աղբյուրը`
- Ա. Սուքիասյան, Ս. Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան
Բաղդատել և բաժանել
Դպրոցում, երբ մեզնից պահանջվում էր բաղդատել թվերը, արդյո՞ք մենք դրանք բաժանում էինք:
Ոչ իհարկե, որովհետև բաղդատել նշանակում է համեմատել:
Օրինակ՝ «Տեսությունները բաղդատելու արդյունքում կարելի է գալ վերջնական եզրահանգման»։
Բանն այն է, որ վերջերս «բաղդատել» բառը սխալմամբ գործածվում է «բաժանել» կամ «առանձնացնել» իմաստներով:
Օրինակ՝ «Որոշեցի տեսանյութից մի հատված բաղդատել ու ներկայացնել ձեզ»։
Մինչդեռ պետք է լինի՝
«Որոշեցի տեսանյութից մի հատված առանձնացնել ու ներկայացնել ձեզ»։
Աղբյուրը՝
- Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան
Կոլումբոսի ձու
Կարդինալ Գոնսալես դե Մենդոսի կազմակերպած գինարբուքի ժամանակ, երբ Քրիստափոր Կոլումբոսը պատմում էր իր կողմից Ամերիկան հայտնաբերելու մասին, ներկաներից մեկը, փորձելով նսեմացնել Կոլումբոսի սխրանքը, ասում է. «Ի՞նչը կարող է ավելի հեշտ լինել, քան նոր երկիր բացահայտելը»։
Ի պատասխան` Կոլումբոսը «անհնարին» մի մարտահրավեր է նետում ներկաներին` ձուն ուղղահայաց կանգնեցնելու։ Ավաղ ոչ ոք չի կարողանում պատվով հաղթահարել այդ մարտահրավերը, և Կոլումբոսը, վերցնելով ձուն, կոտրում է այն մի ծայրից և դնում սեղանի վրա, ապա բացականչում. «Այո, դա իրոք որ ծայրահեղ հեշտ մի բան էր, սակայն էականն այն է, որ թեպետ դուք բոլորդ կարող էիք դա անել, այնուամենայնիվ արեցի դա միայն ԵՍ»։
«Կոլումբոսյան ձու» արտահայտությունը նշանակում է փայլուն գաղափար կամ հայտնագործություն, որը ռեալիզացումից հետո պարզունակ և հեշտ է թվում:
Աղբյուրը`
- Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ
Մոտովորապես թե՞ մոտավորապես
Հաճախ ենք կարդում կամ լսում «մոտովորապես»֊ը «մոտավորապես»֊ի փոխարեն։ Դա իհարկե սխալ գործածություն է, որովհետև «մոտավորապես»֊ը պարզ ածանցավոր բառ է, որի արմատը «մոտ»֊ն է, իսկ ֊ավոր֊ը ածանց է, որը նաև հանդես է գալիս «լուսավոր», «գիսավոր» և շատ այլ բառերում։
️«Մոտ» արմատը նույնպես գործածվում է ինչպես ինքնուրույն (օրինակ` Ճանապարհը մոտ 10 կմ է), այնպես էլ «մոտիկ», «մոտենալ» և շատ այլ կազմություններում։
Ու քանի որ այս բառը ոչ մոտոների, ոչ էլ մոտոավորների հետ ոչ մի կապ չունի, ուստի պետք է լինի մոտավորապես, ոչ թե մոտովորապես:
Աղբյուրը`
- Ս. Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան
Տրոյական ձի
Սիրելի՜ս, համակերպվի՜ր վերջապես. քո ուղարկած տրոյական ձիերը երբևէ չեն հաջողեցնի նվաճել նրա անառիկ սիրտը:
️Հոմերոսն իր «Ոդիսական»-ում պատմում է, թե ինչպես Պոնտոսի ափին Իլիոնի կառուցած Տրոյա քաղաքի պաշարման ժամանակ դանայացիները հսկայական փայտե ձի կառուցեցին ու այն թողնելով Տրոյայի պարիսպների մոտ` որպես չարաբաստիկ նվեր` հեռացան: Տրոյացիները առանց տատամսելու ձին քաղաք մտցրին: Մինչդեռ երբ քաղաքը կուլ գնաց գիշերային մթին, ձիու միջից դուրս եկան թաքնված դանայացիները ու բացելով քաղաքի դարպասները` ապահովեցին զորքի անարգել մուտքը քաղաք, և Տրոյան նվաճվեց խորամանկությամբ:
️Ի նշանավորումն այս իրադարձության` «Տրոյական ձի»-ն դարձավ թևավոր խոսք` իր մեջ պարփակելով «խարդավանք», «խորամանկ որոգայթ», «գաղտնի, քողարկված միջոց, որի օգնությամբ հասնում են իրենց նպատակին» իմաստները:
Աղբյուրը`
- Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ